Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

II փուլ – Մարտին միացան Վահրամ Հումուսեցու գլխավորած հիմնական ուժերը, որից հետո Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին մինչև Հերակլիա:
III փուլ – Մարտի մեջ մտավ թշնամու հիմնական բանակը և շրջապատեց Հայկական բանակին: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում թշնամուն հաջողվեց լուրջ կորուստներ պատճառել քաջաբար մարտնչող Հայ ռազմիկներին և շրջապատել խիզախորեն պաշտպանվող Վահրամին ու Լևոնին:
IV փուլ – Մարտադաշտ հասավ Հայկական բանակի վերջապահը և, հզոր հարված հասցնելով հակառակորդին, գլխովին ջախջախեց վերջինիս` փրկելով թշնամու շրջապատման մեջ հայտնված, բայց այդ վիճակում էլ աներեր պաշտպանվող Վահրամին, Լևոնին ու մյուս Հայ ռազմիկներին:
V փուլ – Հայկական բանակը հետապնդեց հակառակորդին մինչև Իկոնիա և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին` մոտ 12.000 զինվոր:

Հենց նոր ավարտված ճակատամարտը վերջնականապես թուլացրեց մինչ այդ առանց այդ էլ կասկածելի դրության մեջ գտնվող Քեյ-Կավուս իբն Քեյ-Խոսրովի իշխանությունը տեղում, ընդ որում, քանի որ Խլիճ-Արսլան իբն Քեյ-Խոսրովն իր իշխանության տակ ուներ Իկոնիայի սուլթանության հիմնականում արևելյան մասը, նույն սուլթանության արևմտյան մասում սկսեցին գլուխ բարձրացնել արդեն նոր ուժեր: Որպես հետևանք, Իկոնիայի սուլթանության կենտրոնական իշխանության անկումից հետո հյուսիս-արևմուտքից Հայոց թագավորության հարևանը դարձավ Ղահրամանյանների էմիրությունը: Ղահրամանյանների էմիրության հիմնադիր հանդիսացավ Ղահրամանը (1256-1261), որի հայր Նուրի-Սոֆին ու վերջինիս հայր Սադ-էդ-Դինը սեփական ընտանիքով Ջալալ-էդ-Դինի բանակային ուժերի հետ միասին Իկոնիայի սուլթանության տարածք էին տեղափոխվել սրանից մոտ երկու տասնամյակ առաջ: Թյուրքական Աֆշար ցեղախմբին Սալուր ցեղին պատկանող Սադ-էդ-Դինը հակված էր հոգևոր գործունեության, սակայն նրա որդի Նուրի-Սոֆին ավելի գործնական հակումների տեր մի անձնավորություն էր և մասնակցել էր դեռևս Բաբա Իսահակի ապստամբությանը: Նուրի-Սոֆիի կյանքի վերջին և նրա որդի Ղահրամանի կյանքի առաջին տարիները համընկան Իկոնիայի սուլթանության քայքայման շրջանի հետ: Արդյունքում, այն բանից հետո, երբ 1256 թվականին Քեյ-Կավուս իբն Քեյ-Խոսրովը և Խլիճ-Արսլան իբն Քեյ-Խոսրովը փոխադարձ պայքարի մեջ լրջորեն թուլացրին Իկոնիայի սուլթանության կենտրոնական իշխանությունը, Ղահրամանը փաստացի իր իշխանությանը ենթարկեց Իսավրիայում գտնվող Արմենակ փոքրիկ լճի շրջակայքն ու հարակից բնակավայրերը, ընդ որում կարելի է կարծել, որ հենց այս հանգամանքն է հիմք տվել ոմանց խոսել Ղահրամանի հայկական ծագման մասին, այն դեպքում, երբ սկզբնաղբյուրները հստակորեն ամրագրում են Ղահրամանի ու նրա նախնիների թյուրքական ծագումը:
Կիսաքոչվոր և ավազակային այս էմիրությունը հենց միանգամից էլ սկզբում Աղաչարիկների կիրառմամբ, իսկ հետո արդեն՝ գործելով սեփական ուժերով, Հայոց թագավորության նկատմամբ խիստ ագրեսիվ վարքագիծ որդեգրեց, թեև, որոշ սկզբնական հաջողություններից հետո հայերին հաջողվեց հետ մղել հարվածը: Հատկանշական է, որ հայերի դեմ պայքարի հետ միաժամանակ Ղահրամանը ձգտում էր սեփական անկախությունը ընդգծել նաև պաշտոնական Իկոնիայից: Այս առումով հետաքրքիր է դեպքերին ժամանակակից Սմբատ Սպարապետի գնահատականը, թե. «Հայոց 712 թվականին, հայտնվեց մի ոմն Խարաման, որը իսմայելցիների քոչվոր ցեղերից մեկից էր: Նրա մոտ իր ցեղից շատերը հավաքվեցին, որից հետո նա սկսեց պահանջել, որ իրեն սուլթան կոչեն: Նա այնքան ուժեղացավ, որ Ռումի սուլթան Ռուքնեդինը չէր համարձակվում նրան դեմ խոսել: Խարամանը իր ձեռքը հավաքեց շրջանների մեծ մասը, տիրեց ամրություններին և սկսեց ուժեղ նեղել Իսավրիան ու Սելևկիան` գերելով բնակչությանը»: Այսպիսով՝ Իկոնիայի սուլթանության անկումը առաջին դերերի վրա բերեց Ղահրամանյանների էմիրությանը, որն էլ Կիլիկիայի թագավորության հյուսիս-արևմտյան սահմաններին աշխարհաքաղաքական դերակատարությամբ, ըստ էության, փոխարինեց Իկոնիայի սուլթանությանը:
141
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1259 թվականի դեկտեմբերի սկզբին Ղահրամանյանների էմիրության բանակը (մոտ 2.000) ասպատակեց Կիլիկիայի արևմուտքը և նահանջեց1: Սա, սակայն, ինչպես պարզվեց, միայն սկիզբն էր:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1259 դեկտեմբերի կես - 1261 հունվար – Մանիոն ամրոցի ճ-մ2

Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) պաշարեց ամրոցը Ղահրամանյանների էմիրության բանակից (1.000): Տեղեկանալով այդ մասին` Ղահրամանի գլխավորած Ղահրամանյանների էմիրության բանակի հիմնական մասը (մոտ 1.000), նպատակ ունենալով կտրել Հայկական բանակի հաղորդակցության ուղիները և մշտական սպառնալիքի տակ պահել վերջինիս, սկսեց գործել ամրոցը պաշարած Հայկական բանակի թիկունքում:
I փուլ – 1260 թ-ի մայիսին Ղահրամանի գլխավորած բանակը անակնկալ հարձակվեց Հալկամ Հեթումյանի գլխավորությամբ դեպի ամրոց շարժվող և պարեն տեղափոխող Հայկական բանակի (500) վրա ու հաղթեց նրան: Հալկամը զոհվեց:
II փուլ – Հունիսին Ղահրամանյանների էմիրության համալրված բանակը (մոտ 10.000) կրկին հարձակվեց ամրոցը պաշարողներին պարեն տանող Հայկական բանակի (1.000) վրա և հաղթանակ տարավ, ընդ որում այս անգամ, զարգացնելով հաջողությունը, թշնամին թիկունքից մոտեցավ ամրոցը պաշարող Հայկական բանակին ու իր հերթին պաշարեց նրան:
III փուլ – 1260 թ-ի հունիսից մինչև 1261 թ-ի հունվարի վերջ Հայկական բանակը, դաշտային ամրություններով ուժեղացնելով սեփական դիրքերը, հետ մղեց թշնամու բազմաթիվ գրոհներ:
IV փուլ – 1261 թ-ի փետրվարին Կիլիկիայի թագավորության մեկ այլ բանակ (մոտ 20.000) սկսեց մոտենալ ամրոցին: Ի պատասխան դրա` ամրոցի մոտ գտնվող Հայկական բանակին պաշարած Ղահրամանյանների էմիրության բանակը նահանջեց և, դարան դնելով ամրոցին օգնության շտապող Կիլիկիայի թագավորության բանակի շարժման ուղղության վրա գտնվող կիրճերից մեկում, պատրաստվեց անակնկալ հարձակում գործել ամրոցին մոտեցող Հայկական բանակի վրա: Տեղեկանալով այդ մասին` ամրոցի մոտ գտնվող Հայկական բանակը դուրս եկավ սեփական դիրքերից և աննկատ շարժվեց հեռացող թշնամու հետևից:
V փուլ – Սմբատ Սպարապետի գլխավորած բանակը անակնկալ հարձակվեց դարանից մոտեցող Հայկական բանակի վրա հարձակվել պատրաստվող թշնամու բանակի վրա և կեղծ նահանջով դուրս քաշեց վերջինիս դեպի բաց դաշտ:
VI փուլ – Մարտի մեջ մտավ ամրոցին օգնության շտապող Հայկական բանակը և, միանալով Սմբատի Սպարապետի գլխավորած բանակին, հուժկու հարվածով գլխովին ջախջախեց թշնամուն: Մարտի ընթացքում Ղահրամանը տապալվեց ձիուց, սակայն գրեթե միանգամից էլ հաջողացրեց կրկին ցատկել ձիու վրա և փոքրաթիվ ուղեկիցների հետ միասին լքել մարտադաշտը:
Հայերը կորցրին մոտ 3.000 զինվոր, որոնց թվում զոհվեցին նաև Հայոց թագավորության պայլը, Կոնստանդին Սոմայեցին, Գրիգոր Մազոտխաչցին և Հալկամ Հեթումյանը, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Ճակատամարտից կարճ ժամանակ անց Ղահրամանը ստացած վերքից մահացավ և նրան փոխարինեց իր որդի Մեհմեդը (1261-1277), որը դրանից հետո ուղիղ 14 տարի զերծ մնաց հայերի հետ ընդհարումից: Այսպիսով՝ Ղահրամանյանների սպառնալիքը զգալի ժամանակով չեզոքացվեց, սակայն հետագայում նրանք կրկին անցնելու էին հարձակման և, դաշնակցելով
_________________________
1 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»:
2 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»:
142
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Մամլուքյան սուլթանության հետ, շատ անգամ էին հարվածելու Հայոց թագավորությանը: Մինչ, սակայն, հայերը իրենց հարաբերություններն էին հստակեցնում սեփական թագավորության հյուսիս-արևմտյան սահմաններում հաստատված մահմեդական նոր այս ուժի հետ, սկիզբ առավ Էլխանության հերթական հարվածը արևմտյան ուղղությամբ:
Մինչ առաջ անցնելը հարկ է նշել, սակայն, որ Առաջավոր Ասիայում ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունից և, մասնավորապես, Իկոնիայի սուլթանությունում ստեղծված ներքաղաքական դրությունից նույն այս ժամանակ այլոց թվում օգտվեցին նաև Բյուզանդական կայսրությունում, երբ, թեև տեղական մակարդակով, բայց այնուհանդերձ զգալի հզորություն ապահոված Հովհաննես III-ը սկսեց օղակն աստիճանաբար սեղմել արդեն բուն Կոստանդնուպոլսի շուրջը: Որպես հետևանք, 1252 թվականի աշնանը Հովհաննես III-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000, այդ թվում Նիկեփոր Տարխանիատեսը) Էպիրոսի դեսպոտության բանակից (ընդհանուր՝ մոտ 1.000) առանց լուրջ մարտերի գրավեց Վոդինան և Ստրումպիցիա լճի շրջակայքը1։ Արդյունքում՝ Էպիրոսի դեսպոտության առաջատար իշխանները ընդունեցին Բյուզանդական կայսրության հպատակությունը, իսկ Էպիրոսի դեսպոտությունն էլ տարածքային զգալի կորուստներ ունեցավ: Այսպիսով՝ ձեռք բերվեց ևս մեկ զգալի հաջողություն, սակայն գործող կայսեր այն զարգացնել արդեն չվիճակվեց, քանի որ 1254 թվականի նոյեմբերի 11-ին նա կնքեց իր մահկանացուն և կայսր հռչակվեց Հովհաննես III-ի որդի Թեոդորոս II-ը (1254-1258):
Հովհաննես III-ը որդուն թողեց թեև տեղական մակարդակ ունեցող, բայց այնուհանդերձ վերելքի ուղին բռնած ամուր մի պետություն, որի միակ թերությունը, թերևս, այն էր, որ այն դեռևս չէր տիրապետում Կոստանդնուպոլսին: Նույն այս ժամանակ, սակայն, Լատինական կայսրությունն ինքն էլ այնքան էր թուլացել ու քայքայվել, որ այս քաղաքին տիրելն արդեն, թերևս, միայն ժամանակի հարց էր, ընդ որում այս հանգամանքը լավ հասկանում և գիտակցում էին նաև խաչակիրները: Ինքը՝ Թեոդորոս II-ը, սակայն, որ մեծ հաշվով չէր հանդիսանում հորը բնորոշ հատկանիշերի կրող, իր հերթին այդուհետ որոշակիորեն թուլացրեց հարվածի թափը, թեև, ընդհանրապես ասած, նա վատ տիրակալ և վատ մարդ չէր: Ավելին, կայսրն ուներ նաև անհրաժեշտ եռանդ, թեև գիտելիքների և կազմակերպչական շնորհքի ընդհանուր պակասն այնուհանդերձ որոշակիորեն արժեզրկում էր այս հանգամանքը: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ նույն այս ժամանակ Բյուզանդական կայսրության հակառակորդը ոչ թե Լատինական կայսրությունն էր, այլ՝ այնուհանդերձ Բուլղարական թագավորությունը, որի լավ ժամանակներն էլ, սակայն, արդեն անցյալում էին:
Իրոք, 1241 թվականի հունիսի 24-ին Ասենի մահից հետո նրան հաջորդած յոթնամյա որդի Կոլոման I-ին (1241-1246) և նրա խնամակալներին բաժին էր հասել բարդ մի ժառանգություն, քանի որ երկիրը հենց անմիջապես էլ ենթարկվեց Արևմտյան արշավանք ավարտող Մոնղոլական տերության բանակի հարվածներին ու, թեև զգալի ավերածություններ չեղան, սակայն Բուլղարական թագավորությունը ընդունեց Մոնղոլական տերության գերիշխանությունը: Այս առումով վիճակը միայն ծանրացրեց այն հանգամանքը, որ ղփչախները, մասսայականորեն լքելով արդեն իսկ ջախջախված և ոչնչացված Ղփչախական խանության տարածքը ու հեռանալով սկզբում Հունգարական թագավորության տարածք, իսկ հետո էլ իրենց հիմնական մասով անցնելով արդեն Եգիպտոս, իրենց հետ տարան նաև Բուլղարական թագավորության ռազմական մեքենայի կարևորագույն բաղադրատարրը կազմող մասը, ինչը զգալի հարված հասցրեց Կոլոման I-ի նույն այդ ռազմական մեքենային: Այս հոգսերի մեջ էլ հենց 1246 թվականի օգոստոսին Կոլոման I-ը զոհ գնաց դավադրությանը և նրա հաջորդեց իր ութնամյա խորթ եղբայր Միքայել I-ը (1246-1256), սակայն վիճակը սկզբունքորեն չփոխվեց:
Այդպես թե այնպես, սակայն 1255 թվականի նոյեմբերին Մարիցա գետի ճ-մ-ում Թեոդորոս II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000, այդ թվում Միքայել-Թոռնիկ Մամիկոնյանը) անակնկալ հարվածով պարտության մատնեց Բուլղարական թագավորության բանակի (մոտ 20.000) առաջապահին, որից հետո փախուստի դիմեց նաև հակառակորդի հիմնական բանակը2: Դրանից հետո կայսերական բանակը առանց որևէ դիմադրության
_________________________
1 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 49:
2 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 55-56:
143
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հանդիպելու զբաղեցրեց Բերիան: Այնուհետև, արդեն 1255 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր, կայսերական բանակը գրավեց Օխրիդը, Պերիստցան, Ստենիմաոսը, Կիրցիմոնինը, ինչպես նաև այլ ամրություններ (Հարավային Թրակիա, Ռոդոպայի լեռնաշղթայում)1:
Շարունակելով պատերազմը՝ 1256 թվականի մարտին Սերա ամրոցի ճ-մ-ում կիրճը փակող պարիսպը թիկունքային և ճակատային գրոհով գրաված Թեոդորոս II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000, այդ թվում Միքայել-Թոռնիկ Մամիկոնյանը) համակցված հարվածներով կրկին հաղթեց Բուլղարական թագավորության բանակին (մոտ 10.000)2, որից հետո 1256 թվականի ամռանը ասպատակեց Պրիլապոն, Մելնիկ, Վելեսա, Նեվեստապոլիս, Ստրումպիցա և Սերա ամրոցների շրջակայքը (ներկայիս Հյուսիսային Մակեդոնիա), ինչից հետո նահանջեց Ադրիանապոլիս3: Նույն այս ժամանակ, սակայն, Միքայել I-ն իր հերթին զոհ գնաց դավադրությանը ու նրան հաջորդեց հորեղբորորդին՝ Կոլոման II-ը (1256), սակայն նա ևս շուտով սպանվեց և Բուլղարական թագավորությունում ստեղծվեց խառն ու անկայուն մի դրություն: Օգտվելով սրանից՝ 1256 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր Թեոդորոս II-ի ռազմական մեքենան պաշարեց Ցեպենա ամրոցը (Հարավային Թրակիա, Ռոդոպայի լեռնաշղթայում) ու, թեև այստեղ հաջողության չհասավ, սակայն հաջողությունն, ընդհանուր առմամբ, զգալի էր4:

Գլուխ 49
Հուլավուի Արևմտյան արշավանքի շարունակությունը և ավարտը

1259 թվականի աշնանն ի վերջո սկիզբ առավ Մոնղոլական տերության պատերազմը հենց նոր հռչակված Մամլուքյան սուլթանության դեմ, երբ սկիզբ առավ Մոնղոլա-Մամլուքյան I պատերազմը (1259-1261): Սկսվում էր պատերազմ՝ վճռական հետևանքներ ունեցող մի պատերազմ, որը զգալի փոփոխություններ էր առաջացնելու ողջ Մերձավոր Արևելքում:
1259 թվականի նոյեմբերի սկզբին Հուլավուի գլխավորած Էլխանության բանակը (մոտ 180.000) Զանգյանների աթաբեկության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Ջազիրան և ավերեց: Կարճ ժամանակ անց ընկավ նաև Բադր-էդ-Դին Լուլուի որդի ու հաջորդ Իսմայիլի (1259) կողմից ղեկավարվող Մոսուլը և Զանգյանների աթաբեկությունը ոչնչացավ5: Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, 1259 թվականի նոյեմբերի կեսից մինչև դեկտեմբեր Արզնի, Մարդինի, Խառանի և Ամիդի շրջակայքը ասպատակած Էլխանության ու Քարթլիի թագավորության (մոտ 170.000), ինչպես նաև Զաքարյանների իշխանության (մոտ 22.000) միացյալ բանակը Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) ու քաղաքների Հայ ռազմիկներից (մոտ 200) գրավեց Մծբինը, Սրուճը, ինչպես նաև Դունայսիր ամրոցը, որից հետո առանց մարտերի մտավ Խառան, Եդեսիա և Ամիդ6։ Արդյունքում՝ Էլխանության գերիշխանությունը ընդունեց նաև Տարոնի իշխանությունը, իսկ Հայոց Միջագետքն էլ ընկավ նույն Էլխանության գերիշխանության տակ: Այսպիսով՝ տարածաշրջանի բոլոր մանր պետական միավորները հոգեվարքի օրեր էին ապրում, իսկ Եգիպտոսում գործող Մամլուքյան սուլթանության իշխանությունն էլ հյուսիսում սրընթաց կերպով սահմանափակվում էր: Չնայած սրընթաց հաջողությանը և լուրջ դիմադրության բացակայությանը, սակայն, երկու կետերում որոշեցին Հուլավուի ռազմական մեքենային այնուհանդերձ դիմադրել, ընդ որում երկու դեպքերում էլ խոսքը վերաբերում էր անչափ ամրացված և իր ժամանակի ու տարածաշրջանի լավագույն ամրացված կետերի համարում ունեցող ամրություններին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 57:
2 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 58:
3 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 59:
4 Գեորգիոս Ակրոպոլցի «Ժամանակագրություն», մաս 59:
5 Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
6 Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 92; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4:
144
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1259 նոյեմբերի կես - 1260 հունիս – Մարդինի գրավումը1

Հուլավուի գլխավորությամբ Կենտրոնական Միջագետքում կենտրոնացած Էլխանության և Քարթլիի թագավորության (մոտ 200.000), ինչպես նաև Զաքարյանների իշխանության (մոտ 30.000) միացյալ բանակը պաշարեց քաղաքը Արտուխ-Արսլանին հաջորդած նրա որդի Նաջմ-էդ-Դինի (1239-1260) ու վերջինիս տղա Ղարա-Արսլանի գլխավորած Արտուխյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 400):
I փուլ – Մի քանի ամիս շարունակ քաղաքը պաշարողները բազմաթիվ գրոհներ ձեռնարկեցին, որոնք, սակայն, հետ մղվեցին: Դրանից հետո պաշարողները դադարեցրեցին գրոհները` նպատակ հետապնդելով քաղաքը գրավել սովի շնորհիվ:
II փուլ – 1260 թ-ի հունիսին քաղաքում սկսված սովը հասավ մարդակերության աստիճանի: Այս պայմաններում հակառակորդի հետ գաղտնի համաձայնության եկած Ղարա-Արսլանը սպանեց հորը և դադարեցրեց դիմադրությունը:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 1.000, պարտվողներից հայերը` մոտ 150, դաշնակիցը` մոտ 400 զինվոր:

1259 նոյեմբերի կես - 1260 սեպտեմբերի սկիզբ – Տիգրանակերտի գրավումը2

Հուլավուի գլխավորությամբ Կենտրոնական Միջագետքում կենտրոնացած Էլխանության և Քարթլիի թագավորության (մոտ 150.000), ինչպես նաև Զաքարյանների իշխանության (մոտ 20.000) միացյալ բանակը, շարունակելով արշավանք դեպի հյուսիս-արևմուտք, պաշարեց քաղաքը Նասր-էդ-Դինի գլխավորած բանակից (մոտ 2.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 400): Հաշվի առնելով, սակայն, որ քաղաքը ուներ հզոր պաշտպանական համակարգ, իսկ նրա կայազորն էլ տրամադրված էր վճռական դիմադրության, որոշվեց քաղաքի պաշարումը հանձնարարել Էլխանության, ինչպես նաև Քարթլիի թագավորության և Զաքարյանների իշխանության բանակի մի մասին (մոտ 30.000), իսկ մնացած ուժերով շարունակել արշավանքը:
I փուլ – 1259 թ-ի նոյեմբերի վերջին քաղաքը պաշարողները ձեռնարկեցին բազմաթիվ գրոհներ, որոնք, սակայն, հետ մղվեցին:
II փուլ – 1259 թ-ի դեկտեմբերից սկսած քաղաքը պաշարողները դադարեցրեցին գրոհները` նպատակ հետապնդելով քաղաքը գրավել սովի շնորհիվ: Ի վերջո, մոտ մեկամյա դիմադրությունից հետո նույնիսկ մարդակերության աստիճանի հասած խիստ դաժան սովը ծայրահեղ թուլացրեց քաղաքի պաշտպաններին, որից էլ օգտվելով պաշարողները անցան վճռական գրոհի ու 1260 թ-ի սեպտեմբերի սկզբին գրավեցին քաղաքը:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000 զինվոր, այդ թվում զոհվեց նաև Սևադա Դոփյանը, դաշնակիցը` մոտ 2.000, պարտվողներից հայերը` մոտ 400, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր: Քաղաքը հիմնովին ավերվեց, որից հետո այլևս երբեք չվերականգնվեց:

Արդյունքում՝ Արտուխյանների էմիրության էմիր հռչակվեց հայրասպան Ղարա-Արսլանը (1260-1292), որը, ընդունելով Էլխանության գերիշխանությունը և պահպանելով իշխանությունը Մարդինում, այնուհանդերձ զրկվեց հորը պատկանող մնացած բոլոր տիրույթներից: Նույն այս ժամանակ արագորեն Էլխանության գերիշխանությունն ընդունեց նաև Հիսն-Քեֆում իշխող Տաքի-էդ-Դինը՝ այդ գնով պահպանելով սեփական իշխանությունը տեղում:
_________________________
1 Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»:
2 Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 61; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 91, 92; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 11; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Ստեփանոս Եպիսկոպոս «Ժամանակագրություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
145
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Այսպիսով` 1259 թվականի վերջի վիճակով Հուլավուի ռազմական մեքենան արդեն գործնականում տիրել էր Եփրատից արևելք ձգվող բոլոր տարածքներին և խնդիր էր դրված ձեռնամուխ լինել Եփրատի արդեն աջափնյակի նվաճմանը նրա միջին ու ստորին հոսանքներում: Իր հերթին, առաջիկա ներխուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու մտայնությամբ, Հուլավուն և նրա ռազմական տեսաբանները բանակային առկա ուժերը բաժանեցին երեք մասի՝ նախատեսելով գետանցել Եփրատը Մելիտեի մոտ հյուսիսում, Պիրի ու Հռոմկլա ամրոցի մոտ ներխուժման ճակատի կենտրոնական հատվածում և Կիրկեսիոնի մոտ՝ հարավում, ընդ որում նախատեսվում էր, որ Եփրատի աջափնյակում նրանց պետք է միանա նաև Կիլիկիայի թագավորության բանակը:
Արդյունքում՝ 1260 թվականի հունվարի սկզբին գետանցումը հաջողությամբ իրականացվեց, որից հետո, առաջ շարժվելով լայն ճակատով, մինչև 1260 թվականի մարտ Հուլավուի գլխավորած Էլխանության, Քարթլիի թագավորության (մոտ 150.000) ու Զաքարյանների իշխանության (մոտ 20.000), ինչպես նաև տեղում Հեթում I-ի և Սմբատ Սպարապետի գլխավորությամբ նրանց միացած Կիլիկիայի թագավորության (72.000, որից 12.000 հեծյալ) մասերի բաժանված միացյալ բանակը Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 5.000) գրավեց Դարպսակ ամրոցը1, Պիրը, Կիլիզան (վերջինը՝ Հյուսիսային Ասորիք, Հալեպից մոտ 60 կմ հյուսիս), Մեմբիջը, Խարիմը, Ջաբարը, Ռաքքան և Քեսունը, ինչպես նաև Չորք-Մարզվան, Ռաբան, Ըռասաս, Ղալաթ-Նաջմ ու Շիհ ալ-Հադիդ ամրոցները, որից հետո առանց մարտերի մտավ Անտիոք, Հեմս, Համմա, Բաալբեկ, Դամասկոս, Երուսաղեմ և Կրակ ամրոց (վերջինը՝ Կենտրոնական Ասորիք, Հեմսից մոտ 40 կմ արևմուտք) : Այսպիսով՝ եղավ ինչպես Եփրատի ձախափնյակի պարագայում՝ Հուլավուի անկասելի հորդան տիրեց գործնականում ամեն ինչի՝ պատկանող ինչպես Էյուբյաններին, այնպես էլ մամլուքների տեղական ուժերին: Բացառություն կազմեց, թերևս, միայն դեռևս դիմադրությունը շարունակող Հալեպը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1260 հունվարի 18 - փետրվարի 25 – Հալեպի գրավումը2

Հուլավուի գլխավորած Էլխանության, Քարթլիի թագավորության (մոտ 50.000) և Զաքարյանների իշխանության (մոտ 5.000), Բոհեմունդ Պուատիեցու գլխավորած Անտիոքի դքսության (մոտ 2.000), ինչպես նաև Հեթում I-ի ու Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 10.000) միացյալ բանակը պաշարեց քաղաքը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 3.000):
_________________________
1 Դարպսակ ամրոցի գրավման մասին տեղեկությունը տրվում է, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 1237 թ-ին այն գտնվում էր Էյուբյանների սուլթանության տիրապետության տակ, սակայն 1267-68 թվականներին ընթացած բանակցությունների ժամանակ Մամլուքյան սուլթանությունը, հիմք ընդունելով Աբուլ-Ֆիդայի տեղեկությունները, այն հետ պահանջեց և ի վերջո ստացավ հայերից: Այս առումով հավանական կարելի է համարել, որ Դարպսակ ամրոցը գրավվել էր հենց այս ժամանակ:
2 Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 92; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 13; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Թորոս Ռոսլին «Հիշատակարան 1260 թվականի»; Տրդատ Գրիչ «Հիշատակարան 1262 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 21; Վասիլ Դպիր «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 1; Էրնուլ «Ժամանակագրություն»; Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4; իբն ալ-Ֆուվատ «Պատմություն»; իբն Վասիլ «Սալիհյան պատմություն»; իբն Քասիր «Պատմություն»; իբն Խալդուն «Օրինակների գիրք»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; իբն Աբդ ալ-Զահիրի «Պատմություն»; իբն Բիբի «Սելջուկ-նամե»:
3 Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 20; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմությունն ըստ Նիկոլաս Ֆալկոնի», գիրք 3, գլուխ 20; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 13; Հովհաննես Դարդել «Ժամանակագրություն Հայոց», գլուխ 16; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Թորոս Ռոսլին «Հիշատակարան 1260 թվականի»; Ներսես Պալիենց «Ժամանակագրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Ստեփանոս Եպիսկոպոս «Ժամանակագրություն»; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Վասիլ Դպիր «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1339 թվականի»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Էրնուլ «Ժամանակագրություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Ժամանակագրություն 1207-1318 թվականների»; Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Իզ-էդ-Դին իբն Շադդադ «Ասորիքի և Ջազիրայի իշխանների մասին»; իբն ալ-Շիհնա «Հնի և նորի պատմություն»; ալ-Մաքին «Պատմություն»; իբն Քասիր «Պատմություն»; ալ-Այնի «Պատմություն»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4:
146
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

I փուլ – Հունվարի 18-ից մինչև 25-ը, պաշարողական միջոցների կիրառմամբ փլելով պարիսպը մի շարք հատվածներում, պաշարողներն ի վերջո անցան վճռական գրոհի և գրավեցին քաղաքը: Մարտում դեմքից վիրավորվեց Սադուն Արծրունին:
II փուլ – Հունվարի 25-ից փետրվարի 25-ը միջնաբերդում ամրացած Մամլուքյան սուլթանության բանակը շարունակեց դիմադրությունը, սակայն ի վերջո հանձնվեց:
Հայերը կորցրին մոտ 500 զինվոր, որոնց թվում վիրավորվեց Սադուն Քաջ Արծրունին, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր, թշնամին` մոտ 1.000 զինվոր:

Ստեղծված ծանր պայմաններում Ասորիքի վերջին Էյուբյանները ան-Նասիրի գլխավորությամբ հետ քաշվեցին Պաղեստինի ուղղությամբ, սակայն նրանք արդեն սեղմված էին երկու մեծ ուժերի միջև, երբ ապահով չէր ոչ Մամլուքյան սուլթանություն անցնելն և ոչ էլ տեղում մնալը կամ, առավել ևս, հետ դառնալը: Արդյունքում՝ 1260 թ-ի ամռանը ան-Նասիրի փոքրաթիվ բանակը Նաբլուսի մոտ վերջնական պարտություն կրեց Հուլովուի հետապնդող բանակից, ինչից հետո ան-Նասիրը փորձեց այնուհանդերձ անցնել Եգիպտոս, սակայն գերվեց և նույն տարվա սեպտեմբերի կեսին հենց գերության մեջ էլ սպանվեց: Այս կապակցությամբ հարկ է նաև նշել, սակայն, որ Ասորիքի անկումը Մամլուքյան սուլթանության համար ամենից առաջ հենց ներպետական հետևանք ունեցավ։ Իրոք, Էյուբյանների հզորությունը ոչնչացված էր, սակայն սկսվել էր նաև պատերազմ, բոլորի գլուխը խառն էր և իսկը ժամանակն էր պատանի սուլթանի խնամակալի փաստացի իշխանությունը վերածելու նաև իրավաբանականի:
Արդյունքում՝ օգտվելով պատերազմական իրավիճակից, փոխ-սուլթան Կուտուզը գահընկեց արեց և սպանել տվեց տասներեքամյա սուլթան Ալիին, ինչից հետո Մամլուքյան սուլթանության երրորդ սուլթան հռչակվեց նույն Կուտուզը (1259-1260): Նոր սուլթանը պատկանում էր բարդ կյանքի ուղի անցած այն անձանց թվին, որոնց ճակատագրի վայրիվերումներն ի վերջո գցել էին Եգիպտոս: Ասում էին, և համենայն դեպս Կուտուզն ինքն էլ չէր հերքում այդ լուրերը, որ նրա մայրը Ջալալ-էդ-Դինի քույրն էր եղել, սակայն այդ ամենը վերջնականապես այդպես էլ չհաստատվեց: Մի բան, սակայն, հստակ էր, որ Կուտուզն ինքը ծագումով Խորեզեմի վաղուց արդեն կործանված սուլթանությունից էր և ճակատագիրը նրան Եգիպտոս էր հասցրել, թերևս, Ջալալ-էդ-Դինի բանակի բեկորների հետ միասին:
Այսպես թե այնպես, սակայն, ի պատիվ իրեն պետք է ասել, որ ստեղծված բացառիկ ծանր իրավիճակում կորցնելու առանց այդ էլ, ըստ էության, արդեն ոչ մի բան չունեցող Կուտուզն իրեն լավ դրսևորեց՝ ներքին հոգեբանական մակարդակում մոնղոլների դեմ ձգտելով ամենից առաջ շարունակել այն պատերազմը, որի մասնակիցն էր եղել տասնամյակներ առաջ, իսկ արտաքին կամ արդեն հասարակական մակարդակում էլ, փաստորեն, կազմակերպելով մահմեդական աշխարհի հետագա դիմադրությունը նույն Մոնղոլական տերության հետագա առաջխաղացման դեմ։ Արդյունքում՝ գրեթե անմիջապես էլ հրամայելով գլխատել իր անձնատվության պահանջով Կահիրե ներկայացած Հուլավուի դեսպաններին, ի ցույց դնելով նրանց գլուխները Կահիրեի Բաբ Զուբան դարպասների վրա և հզոր այդ ժեստով սաստելով բոլոր տատանվողներին, Կուտուզը ոտքի հանեց մամլուքների հիմնական ուժերը և հրաշքով փրկված ու հենց նոր Ասորիքից վերադարձած Բեյբարսի գլխավորությամբ դրանք շարժեց նույն Ասորիքի ուղղությամբ: Բեյբարսի փրկվելու պատմությունն ինքնին անչափ ուշագրավ էր, ընդ որում անձնական բնույթ ունեցող այդ իրադարձությունը հետագայում հասարակական մեծ նշանակություն էր ձեռք բերելու, այնպես որ չի խանգարի այդ մասին ևս մի քանի խոսք ասել:
Իրոք, իր ժամանակին Այբեկի հետ վիճած և արդյունքում Եգիպտոսից հեռացող խռովարարների մշտական ապաստան հանդիսացող Ասորիքում հաստատված Բեյբարսը, արդյունքում չհամակերպվելով արդեն նաև նույն Կուտուզի իշխանության հետ, դեռևս 1258 և 1259 թվականներին Կալաունի գործուն աջակցությամբ երկու անգամ հարձակում գործեց Եգիպտոսի վրա, բայց հաջողության չհասավ: Երկու նախկին զինակիցների միջև պատերազմը հետագա տարիներին, երևի, էլի կշարունակվեր, սակայն արևելքից առաջխաղացող Հուլավուի ահեղ հորդան նույն այս ժամանակ Ասորիքում արդեն սրբում էր ամեն ինչ։ Արդյունքում՝ մինչև վերջ տեղում մնացած և դիրքերը այնուհանդերձ պահել ձգտող Բեյբարսը փորձեց հեռանալ ամենավերջին պահին, սակայն ենթարկվեց հակառակորդի ռազմիկների հետապնդմանը և հազիվ
147
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

փրկվեց: Նույն այդ փրկության համար Բերբարսն արդյունքում պարտական մնաց իր ընկերոջը` մամլուք Սոնկուր ալ-Աշխարհին, որը հայկական աղբյուրներում հայտնի է որպես «Սինգուրաշխարհ»: Իրոք, երբ մոնղոլներն ու հայերը գրավում էին Հալեպը, որտեղ գտնվում էին նաև Բեյբարսն ու Սոնկուր ալ-Աշխարհը, քչերի թվում փրկվել հաջողվեց նաև այս երկուսին, որոնք, գցելով իրենց ձիերի վրա, դիմեցին փախուստի: Ստացվեց այնպես, սակայն, որ Բեյբարսին բաժին հասավ վատ ձի և նա սկսեց հետ մնալ, իսկ վերջում էլ նրա ձին նույնիսկ ընկավ: Տեսնելով դա` Սոնկուր ալ-Աշխարհը Բեյբարսին տվեց իր ձին, ինչի արդյունքում Բեյբարսը փրկվեց, բայց ինքը` Սոնկուր ալ-Աշխարհը, գերի ընկավ:
Այսպես թե այնպես, սակայն, կրկին Եգիպտոսում հայտնված Բեյբարսը ստիպված եղավ հաշտվել նույն Կուտուզի հետ, որն իր հերթին ևս առանձնակիորեն չհամառեց, քանի որ իրեն ևս պետք էր ունակ այս զորավարը: Այս առումով հարկ է նշել, որ, թեև հաշտության առաջարկն այնուհանդերձ ռազմական օժանդակության կարիք ունեցող Կուտուզն էր արել, բայց դա իրականում Բեյբարսին էլ էր ձեռք տալիս, քանի որ հակառակ պարագայում, սեղմված երկու ուժեղ հակառակորդների միջև, նա բառիս անուղղակի, իսկ գուցե նաև ուղղակի իմաստով օդի մեջ կախված կմնար: Բացի այս, սակայն, փառասեր այս անձնավորությունը նաև ինքն էլ իր ծրագրերն ուներ: Եվ այսպես, նախկին զինակիցները կրկին հաշտվեցին և նույնիսկ ավելին՝ Կուտուզը Կահիրե ժամանած Բեյբարսին նշանակեց գործող բանակի հրամանատար, նրա օգնականի դերում հաստատեց Բեյբարսին ուղեկցող Կալաունին և վերջիններիս կրկին ետ ուղարկեց Ասորիքը` թշնամու դեմ:
Մինչ Կահիրեում կարգավորում էին գործերը՝ Հուլավուն վերջնականապես ամրապնդվեց Ասորիքում, սակայն հենց այս ժամանակ էլ տեղ հասավ, կամ, այսպես ասենք, Հուլավուն հանրայնացրեց խիստ կարևոր մի լուր, որը խանգարեց արդեն Եգիպտոսի ուղղությամբ հետագա առաջխաղացմանը: Խնդիրը կայանում էր նրանում, որ դեռևս 1259 թվականի օգոստոսի 11-ին Սունի տերության դեմ մղվող պատերազմական գործողությունների ժամանակ իր մահկանացուն էր կնքել Հուլավուի եղբայր, Մոնղոլական տերության խան Մանգուն, որից հետո առաջ էր եկել գահակալական հերթական ճգնաժամը:
Մանգուի մահից հետո Մոնղոլական տերության ղեկավարի պաշտոնի համար առաջ եկան Հուլավուի երկու եղբայրներն, ի դեմս Սունի տերության դեմ հաջող պատերազմական գործողություններ մղող Հուբիլայի և Ղարա-Ղորումի կառավարչի պաշտոնը վարող Արիք-Բուղայի: Ի սկզբանե որոշվել էր, որ նոր խանի հարցի քննարկումը պետք է հետաձգվի, մինչև Հուլավուն և Հուբիլայը կայունացնեն ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքը ու ամրապնդեն ձեռք բերած հաջողությունները, սակայն արդեն 1259 թվականի վերջին Արիք-Բուղան իրեն այնուհանդերձ սկսեց ներկայացնել որպես խան: Ավելին, իրավիճակն ավելի բարդ տեսք ընդունեց այն բանի լույսի ներքո, որ խանական տիտղոսի նկատմամբ սեփական հավակնություններով առաջ եկավ նաև Բաթուի մահից հետո նրան հաջորդած իր եղբայր Բերկեն (1257-1266), որին հաջողվել էր իշխանական լծակներից հեռացնել հոր մահից հետո վերջինիս հաջորդած Բաթուի ավագ որդի Սարտակին (1255-1256) և նրա տղա Ուլաղչիին (1256-1257): Այսպիսով՝ Բերկեն, որը չէ մոռացել եղբոր գործն և քաղաքական իմաստով, ըստ էության, նրա շարունակությունն էր, շարունակեց Բաթուի թողած գահակալական հավակնությունները, իսկ այժմ էլ արդեն պատրաստվում էր օգտվել ստեղծված իրավիճակից, ընդ որում այս ամենին լրացուցիչ սրություն հաղորդեց նաև այն հանգամանքը, որ Բերկեն լիակատար աջակցություն ստացավ Չաղաթայական ուլուսում: Այսպիսով՝ Հուլավուն և նրա եղբայր Հուբիլայն, ըստ էության, գործում էին Մոնղոլական տերության երկու ծայրերում, իսկ նրանց միջև էլ գտնվում էին Բերկեն, Չաղաթայական ուլուսը և Արիք-Բուղան, ընդ որում առաջին երկուսը անորոշ հեռանկարներով սպառնում էին ինչպես Արիք-Բուղային, այնպես էլ Հուբիլային ու Հուլավուին: Եվ վերջապես Հուլավուի դեմ գործեց նաև այն հանգամանքը, որ Բերկեն նույն այս ժամանակ արդեն իսլամ էր ընդունել և արդյունքում, անչափ դժգոհ մնալով մահմեդականներին հասցրած վիրավորանքից, ի դեմս Բաղդադի ավերման և խալիֆի սպանության, առաջիկա գահակալական պայքարում մեջտեղ բերեց նաև այդ փաստարկը:
Դեպքերը դանդաղ էին զարգանում և դրանք հիմնականում սահմանափակվեցին Արիք-Բուղայի ու Հուբիլայի հակամարտությամբ, սակայն Բերկեն և Չաղաթայական ուլուսը նույն այս
148
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ժամանակ աջակցում էին Արիք-Բուղային ու սպառնում էին Հուբիլային, ինչն էլ հաշվի առնելով Հուլավուն ուղղակի չէր կարող ուժերը չկենտրոնացնել սեփական տիրույթների հյուսիսային կամ հյուսիս-արևելյան սահմաններում, այսինքն՝ վերջ դնել մարտական գործողություններին Մամլուքյան սուլթանության դեմ: Այս առումով մինչև առաջ անցնելը նշենք նաև, որ իսլամ ընդունած և Հուլավուի հակառակորդի դերի մեջ մտած Բերկեն նույն այս ժամանակ ակտիվ դիվանագիտական շփումներ սկսեց ինչպես Մամլուքյան սուլթանության տիրակալների, այնպես էլ Իկոնիայի սուլթանությունում գտնվող Քեյ-Կավուս իբն Քեյ-Խոսրովի հետ: Ահա այս ամենն էր, որ ստիպեց Հուլավուին կասեցնել հետագա առաջխաղացումը Եգիպտոսի ուղղությամբ, իսկ Կուտուզին էլ հաջող հակահարված հասցնելու հնարավորություն տվեց:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1260 սեպտեմբերի 2-3 – Այն Ջալուդ ամրոցի ճ-մ (Պաղեստին, Թաբորական լեռների ստորոտում)1

1260 թ-ի գարնան սկզբին, տեղեկանալով Մանգուի մահվան մասին, Հուլավուն իր բանակով ընդհատեց առաջխաղացումը դեպի Եգիպտոս և հետ քաշվեց, իսկ Կիլիկիայի ու Քարթլիի թագավորությունների, ինչպես նաև Զաքարյանների իշխանության բանակներն էլ իրենց հերթին վերադարձան ելման դիրքեր: Միաժամանակ ձեռք բերած հաջողությունը ամրապնդելու և Մամլուքյան սուլթանության բանակի հնարավոր առաջխաղացումը կանխելու նպատակով Էլխանության բանակի մի մասը (20.000) ու Կիլիկիայի թագավորության բանակի մի ջոկատ (500) Քիթ-Բուղայի գլխավորությամբ թողնվեց Պաղեստինում: Իր հերթին, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, Կուտուզի հրամանով Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000, որից 12.000 հեծյալ) ուղղություն վերցրեց դեպի Պաղեստին: Թշնամու բանակի տեղաշարժի մասին հետախույզներից իմացած Քիթ-Բուղան, չիմանալով թշնամու թվական հսկայական գերակշռության մասին, առկա ուժերով շարժվեց վերջինիս ընդառաջ:
I փուլ – Սեպտեմբերի 2-ին Մամլուքյան սուլթանության բանակը շրջապատեց և լիովին ոչնչացրեց հակառակորդի առաջապահը, որի ճակատագրի մասին որևէ տեղեկություն չունեցող Քիթ-Բուղայի հիմնական բանակը շարունակեց առաջխաղացումը թշնամու բանակին ընդառաջ:
II փուլ – Սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը, հիմնական ուժերը տեղավորելով դարանում, Բեյբարսի գլխավորած սակավաթիվ ուժերով մարտակարգ ընդունեց թշնամու շարժման ուղղության վրա: Տեղյակ չլինելով այդ մասին` Քիթ-Բուղայի բանակը մոտեցավ մարտակարգ ընդունած հակառակորդի ռազմիկներին ու աղեղների հարվածների տակ առավ վերջիններիս: Արդյունքում, կարճ ժամանակ անց, Մամլուքյան սուլթանության բանակի առաջապահը, իբր չդիմանալով հակառակորդի հարվածներին, դիմեց կանխամտածված փախուստի:
III փուլ – Ոգևորված ձեռք բերված կեղծ հաջողությունից` Քիթ-Բուղայի բանակը սկսեց հետապնդել հակառակորդի բանակին, սակայն կարճ ժամանակ անց ընկավ նախապես պատրաստված դարանը և հայտնվեց լիակատար շրջապատման մեջ: Առավոտից մինչև կեսօր տևած համառ ձեռնամարտում Մամլուքյան սուլթանության բանակը ի վերջո հաղթանակ տարավ: Քիթ-Բուղայի բանակից շատ քչերին հաջողվեց ճեղքել հակառակորդի շարքերը և հետագայում ապաստանել Կիլիկիայի թագավորությունում:
_________________________
1 Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 3, գիրք 2, մաս 2; իբն Թաղրի Բիրդի «Պատմություն»; Խոնդեմիր «Ավանդույթների էությունը», մաս 4; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 92; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 62; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 13; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 22, 24, 25, գիրք 4, գլուխ 6; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Գրիգոր Կամախեցի «Ժամանակագրություն»; Ամիրաս Երզնկացի «Տարեգրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10, գիրք 11:
149
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Հայերը կորցրին մոտ 480, դաշնակիցը` մոտ 19.500 զինվոր, որոնց թվում գերվեց ու սպանվեց նաև Քիթ-Բուղան, թշնամին` մոտ 5.000 զինվոր:

Նախորդ ճակատամարտից հետո զարգացնելով հաջողությունը` Մամլուքյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի մտավ Կրակ ամրոց, Երուսաղեմ, Դամասկոս, Բաալբեկ, Համմա, Հեմս, Հալեպ, Խարիմ, Մեմբիջ, Պիր և Այնթապ: Այսպիսով՝ Մամլուքյան սուլթանությանը ոչ միայն հաջողվեց կասեցնել թշնամու հետագա առաջխաղացումը դեպի սեփական տարածքի խորքը, այլև հետ բերել Ասորիքը, ընդ որում ձեռք բերված հաջողության մեջ հիմնական դերակատարությունն ունեցել էր Բեյբարսը, ինչը վերջինիս մեծ փառք ու հեղինակություն ապահովեց: Սուլթանությունում հասունացել էր իշխանափոխության հերթական պահը, բայց, ի դժբախտություն իրեն, Կուտուզը այդ մասին այդպես էլ գլխի չընկավ:
1260 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ Հուլավուի հերթական առաջխաղացման վտանգը դեռևս իրական էր, Կուտուզը և իր շքախումբը, որի մեջ էր նաև Բեյբարսը, մեկնեցին որսի, ընդ որում որսի ժամանակ Բեյբարսին հաջողվեց այնպես անել, որ ինքն ու Կուտուզը մենակ մնան, ինչից հետո Բեյբարսը սպանեց Կուտուզին և, սպանվածի հանդերձանքով վերադառնալով սուլթանի շքախմբի անդամների մոտ, ստիպեց վերջիններիս իրեն սուլթան ճանաչել։ Արդյունքում՝ Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց Բեյբարսը (1260-1277)` մամլուքյան բոլոր սուլթաններից ամենահզորը, ամենաընդունակն ու տաղանդավորը, որը, որպես զորավար, աչքի էր ընկել դեռևս նախորդ տասնամյակներում: Իրոք, նոր սուլթանը, գահին հասած լինելով հասարակության ամենաստորին շերտերից, աչքի էր ընկնում իր ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակություններով, ինչպես նաև ռազմաքաղաքական գործչին բնորոշ ամենադրական հատկություններով: Այս առումով Բեյբարսը ինչ-որ տեղ գերազանցեց նույնիսկ Սալահ-էդ-Դինին, թեև վերջին հաշվով իրոք դժվար է ասել, թե հակախաչակրաց պայքարի դաշտում նրանցից ո՞րն էր ավելի ուժեղն ու առաջնայինը, քանզի, եթե Սալահ-էդ-Դինը կոտրեց խաչակիրների իշխանությունների մեջքը, ապա Բեյբարսն էլ իր հերթին փաստորեն ավարտին հասցրեց հակախաչակրաց պայքարը:
Միաժամանակ այնուհանդերձ հարկ է նշել, որ, եթե մամլուքների գայլային ոհմակում գոնե մեկ քիչ թե շատ համեմատաբար կարգին մարդ կար, ապա դա հենց Բեյբարսն էր, որի մեջ մարդկային գծերը դեռևս վերջնականապես չէին մահացել: Այսպես, երբ Էյուբյանների գործերը Եգիպտոսում վատացան, հենց Բեյբարսն էր, որ ամենավերջինը լքեց իր նախկին անհեռատես տերերին: Ավելին, երբ Բեյբարսը սուլթան հռչակվեց, նա միանգամից էլ հիշեց իր նախկին տիրոջը` Բունդուկտուրին, որին մեծ պատիվների արժանացրեց ու նշանակեց Դամասկոսի և ողջ Հարավային Ասորիքի կառավարիչ: Բեյբարսը դաժան չվարվեց նաև իր մյուս ծառայակցի` իր երբեմնի մարտական ընկեր Շնջարի հետ: Հերթական այս փառասերը, որը նշանակվել էր Էյուբյանների վերջին պատանի սուլթան Ալիի խնամակալ և սուլթանական գահին տիրելու առումով իր ծրագրերն ուներ, սեփական սանի սպանությունից հետո Կուտուզի հրամանով ձերբակալվել էր, բայց հետո ազատ էր արձակվել և 1260 թվականի սկզբներին նշանակվել էր Դամասկոսի կառավարիչ: Եվ ահա նույն այդ Կուտուզի սպանությունից հետո Շնջարը ապստամբության դրոշ պարզեց և, ամրանալով Դամասկոսում, պատրաստվեց Բեյբարսի հետ վիճարկել սուլթանական գահը: Ինչպես արդեն ասվեց, այս պայքարը Շնջարին հաջողություն չբերեց և Դամասկոսի նոր կառավարիչ դարձավ Բունդուկտուրը, բայց, հանուն հին ընկերության, Բեյբարսը ոչ միայն խիստ չվարվեց Շնջարի հետ, այլև, գնահատելով վերջինիս ունակությունները, նրան նշանակեց իր զորավարների թվում և դարձրեց Հալեպի ու ողջ Հյուսիսային Ասորիքի կառավարիչ: Մի խոսքով, Բեյբարսի մոտ մարդկային զգացումները, համեմատած մյուս մամլուքների հետ, ամենաշատն էին զարգացած և այս մասին մենք դեռ էլի կխոսենք: Այժմ միայն ավելացնենք, որ, թեև այս սուլթանի մոտ երախտիքի և ընկերության զգացումները դեռևս վերջնականապես չէին մեռել, բայց դա ամենևին էլ չէր նշանակում, թե նա թույլ սուլթան էր՝ պետք եղած դեպքում Բեյբարսը գործում էր շատ վճռական, կտրուկ և հարվածային մեծ ուժով: Արդյունքում, լայն դիվանագիտական կապեր հաստատելով Էլխանության հակառակորդների հետ, դրա հետ միաժամանակ էլ Բեյբարսը ձեռնամուխ եղավ նաև Արևելքում խաչակիրների իշխանության վերջնական ոչնչացմանը:
150
Ответить