«/26/ Եվ ահա, երբ գործերն արդեն այսպես հաջող էին ընթանում, Լուկուլլոսը թողեց ճամբարը, շարժվեց Տիգրանակերտի վրա և, դիրքավորվելով քաղաքի պարիսպների մոտ, սկսեց այն պաշարել: Տիգրանակերտում ապրում էին մեծ թվով հույներ, որոնք բռնագաղթեցվել էին Կիլիկիայից, ինչպես նաև բարբարոսներ՝ ադիաբենացիներ, գորդիեններ և կապադովկիացիներ, որոնց նույն բախտն էր վիճարկվել։ Տիգրանը ավերել էր նրանց քաղաքները, իսկ մարդկանց էլ բռնի քշել և ստիպել էր բնակվել այստեղ: Տիգրանակերտում կային առատ գանձեր և աստվածներին նվիրված թանկարժեք ընծայաբերումներ, քանզի ամեն մի հասարակ մարդ և իշխանավոր, արքայի հանդեպ ունեցած հարգանքի ելնելով, մեկը մյուսի հետ մրցում էին քաղաքի ընդարձակման և բարեկարգման համար: Այդ պատճառով էլ Լուկուլլոսն ուժեղացրեց պաշարումը, այն հույսով, որ Տիգրանը չի համբերի, այլ տուրք կտա զայրույթին և, ի հեճուկս իր իսկ մտադրության, կգա վճռական ճակատամարտ տալու։ Պետք է ասել, որ Լուկուլլոսի այդ հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Ճիշտ է, բազմիցս, և սուրհանդակների միջոցով, և նամակներով, Միհրդատը (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը – Մ.Հ.) խորհուրդ էր տալիս խուսափել ճակատամարտից ու հեծելազորի օգնությամբ խափանել թշնամու մատակարարումը, սակայն նա որևէ հաջողության չհասավ։ Նույնպիսի համառությամբ արքային փորձում էր համոզել զգույշ լինել և խուսափել, ինչպես ինքն էր ասում, անպարտելի հռոմեական զենքի հետ հանդիպելուց նաև Միհրդատի կողմից ուղարկված Տաքսիլեսը, որը նույնպես մասնակցում էր արշավանքին: Սկզբում Տիգրանը հանգիստ լսում էր նման խորհուրդները, բայց երբ իրենց համայն զորքով նրա մոտ միավորվեցին հայերն և գորդիենները, իրենց զորքերի գլուխն անցած հայտնվեցին մար ու ադիաբենացի արքայիկները, երբ Բաբելոնյան ծովից ժամանեցին արաբական մեծաթիվ զորքերը, իսկ Կասպից ծովից էլ՝ աղվանից և նրանց սահմանակից իբերների ամբոխները, և երբ արդեն նրանց միացան նաև, նույնպես ոչ փոքրաթիվ չափով, Արաքսի ափերի ազատ ցեղերը, որոնց Տիգրանը համոզել էր գալ սիրալիրությամբ ու ընծաներով, այնժամ արդեն և արքայական խնջույքներում, և թագավորական խորհրդում լսվում էին միայն բարբարոսներին հատուկ ինքնավստահ գովասանքներ ու սպառնալիքներ: Տաքսիլեսին մահապատիժ էր սպառնում այն բանի համար, որ նա հանդես էր գալիս ճակատամարտ տալու դեմ։ Տիգրանը սկսեց անգամ Միհրդատին կասկածել, թե, նախանձից դրդված չէ՞ արդյոք նա փորձում իրեն հետ պահել մեծ սխրանքից: Հենց այդ պատճառով էլ Տիգրանը չսպասեց Միհրդատին, որպեսզի չկիսի փառքը նրա հետ, այլ ողջ զորքով դուրս եկավ, ընդ որում, պատմում են, թե նա գանգատվում էր ընկերներին և ափսոսում, որ ինքը պետք է չափվի միայն Լուկուլլոսի, այլ ոչ թե Հռոմի բոլոր զորավարների հետ միանգամից: Նրա անձնավստահությունը, սակայն, ամենևին էլ չէր կարելի անբանական և անմիտ համարել, չէ՞ որ նա իր զորքերում տեսնում էր այսքան ցեղեր ու արքաներ, ծանրազեն հետևակի այսքան մարտաշարքեր և հեծյալների այսքան բազմություն: Հիրավի, նա ուներ 20.000 աղեղնավոր և պարսատիկավոր, 55.000 հեծյալ, որոնցից 17.000-ը զրահապատ էին, այս թիվն է նշված սենատին հղած Լուկուլլոսի զեկույցներում, ինչպես նաև 150.000 ծանրազեն հետևակ՝ թվական տարբեր կազմ ունեցող զորամիավորներում: Ճանապարհաշինարարների, կամուրջ կապողների, գետերը մաքրողների, անտառահատների և այլ աշխատանքներով զբաղվողների թիվը 35.000 էր, սրանք դասավորված էին մարտիկների հետևում ու զորքին հաղորդում էին առավել պատկառազդու տեսք՝ միաժամանակ մեծացնելով նրա հզորությունը: /27/ Երբ Տիգրանը Տավրոսն անցնելով իր զորքով հայտնվեց և տեսավ Տիգրանակերտի առաջ բանակած հռոմեական զորքը, պաշարված բարբարոսները նրա հայտնվելը դիմավորեցին ծափահարություններով ու խլացուցիչ ճիչերով և պարիսպների վրայից սկսեցին հռոմեացիներին մատնացույց անել հայկական զորքը: Լուկուլլոսի հրավիրած ռազմական խորհրդում ոմանք առաջարկում էին, պաշարումը վերացնելով, գնալ Տիգրանի դեմ, իսկ մյուսներն ասում էին, թե չի կարելի հետևում թողնել այսքան թշնամիների, ինչպես և չի կարելի դադարեցնել պաշարումը: Լուկուլլոսը հայտարարեց, թե երկու կողմերն էլ, առանձին վերցրած, իրավացի չեն, բայց, միասին վերցրած, լավ խորհուրդ են տալիս, և նա զորքը բաժանեց երկու մասի: Եվ ահա նա Մուրենային 6.000 հետևակով թողեց պաշարումը շարունակելու, իսկ ինքը իր հետ վերցրեց 24 կահորտ, որը կազմում էր ոչ ավելի քան 10.000 ծանրազեն հետևակ, ինչպես նաև՝ ողջ հեծելազորը և շուրջ 1.000 պարսատիկավոր ու աղեղնավոր, և նրանց հետ շարժվեց թշնամու դեմ: Երբ նա ճամբարեց գետի մոտ՝ ընդարձակ դաշտում, նրա զորքը Տիգրանին թվաց խիստ աննշան: Արքային քծնողներին սա առիթ տվեց սրամտելու: Ոմանք հմտորեն ծանակում էին, մյուսները զվարճանալու ձեռք բերվելիք ավարի շուրջ համար վիճակ էին գցում, և չկար մի զորապետ կամ արքայիկ, որը չդիմեր Տիգրանին, ողջ գործը միայն իրեն հանձնարարելու խնդրանքով, երբ ինքը պետք է նստեր և մնար հանդիսատես: Տիգրանն ինքը ևս ուզում էր նուրբ սրամտող թվալ և ահա նա ասաց բոլորին հայտնի իր հետևյալ խոսքը. «Որպես դեսպանություն սրանք շատ են, իսկ որպես զորք՝ քիչ»: Այդ օրն այդպես էլ անցավ կատակներով և զվարճանքով: Հաջորդ օր վաղ լուսաբացին Լուկուլլոսն յուրայիններին լիազեն դուրս բերեց: Թշնամու զորքը կանգնած էր գետից արևելք։ Ի դեպ, գետն այնտեղ թեքվում է արևմուտք և այդ ուղղությամբ է գտնվում գետն անցման առավել հարմար վայրը: Եվ, երբ Լուկուլլոսը շտապեց իր զորքին այնտեղ տանել, Տիգրանը կարծեց, թե նա նահանջում է: Արքան իր մոտ կանչեց Տաքսիլեսին և ծիծաղելով ասաց. «Տեսնո՞ւմ ես, ինչպես է փախչում քո «անպարտելի» հռոմեական հետևակը»: Ի պատասխան Տաքսիլեսն ասաց. «Ես կուզենայի, տեր արքա, որ հանուն քո բարեբախտության կատարվեր անկարելին: Չէ՞ որ այս մարդիկ ճանապարհին չեն հագնում իրենց լավագույն զգեստը, չեն մաքրում իրենց վահանները և չեն մերկացնում սաղավարտները, ինչպես հիմա, երբ նրանք իրենց զենքերը հանել են կաշվե պատյաններից: Այս փայլը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են կռվելու և արդեն հիմա գնում են թշնամու դեմ»»
«Նա դեռևս չէր վերջացրել իր խոսքը, երբ Լուկուլլոսը հետ շրջեց իր զորքը, հայտնվեց առաջին արծիվը, և կահորտներն սկսեցին գետն անցման համար շարվել ըստ ցենտուրիաների: Տիգրանը դժվարությամբ ուշքի եկավ, ասես գինարբուքից հետը, և երկու-երեք անգամ բացականչեց. «Այդ մե՞զ վրա են գալիս»: Խառնաշփոթի մեջ նրա հրոսակները սկսեցին դասավորվել մարտակարգով: Ինքը՝ արքան, վերցրեց կենտրոնը, ձախ թևը վստահեց Ադիաբենեի թագավորին, իսկ աջ թևը, որի առաջին շարքերում գտնվում էր նաև զրահապատ հեծելազորի մեծագույն մասը, հանձնարարեց մարերի թագավորին: Երբ Լուկուլլոսը դեռ նոր էր պատրաստվում գետն անցնել, զորագլուխներից ոմանք նրան համոզում էին զգուշանալ, քանզի այդ օրն այն «սև» կոչված դժբախտ օրերից էր: Իրոք, անցյալում այդ օրը կոտորվել էին կիմվրների դեմ ճակատամարտում Ցիպիոնի գլխավորած հռոմեական զորքերը, բայց Լուկուլլոսը նրանց պատասխանեց հետևյալ հիշարժան խոսքով. «Իսկ ես հռոմեացիների համար այդ օրն էլ կդարձնեմ երջանիկ»: Դա հոկտեմբերյան տոների նախօրեին էր: /28/ Այս ասելուց հետո, նա պատվիրեց զինվորներին աչալուրջ լինել, իսկ ինքը գետն անցավ և առաջինը շարժվեց թշնամու դեմ: Նա հագել էր երկա թեթեփուկապատ պսպղուն զրահ և ծոպավոր թիկնոց: Արագորեն անցնելով նետընկեց տարածությանը՝ նա իսկույն մերկացրեց թուրը, քանի որ հեռվից նետերով հարվածող հակառակորդի դեմ կռվելիս պետք էր անհապաղ ձեռնամարտի բռնվել: Այնտեղ նա նկատեց, որ զրահապատ հեծելազորը, որի վրա թշնամին մեծ հույսեր էր դրել, դասավորված է հարթ և լայն գագաթ ունեցող մի բլրի ստորոտում, իսկ բլրի գագաթը տանող չորս ասպարեզ երկարությամբ ճանապարհը ոչ թեք էր, ոչ էլ՝ դժվարամատչելի: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նա հրամայեց իր մոտ եղած թրակիացի և գալաթացի հեծելազորայիններին թշնամու հեծելազորին հարվածել կողքից ու սրերով հետ մղել նրանց նիզակները, քանզի այդ զրահապատ հեծյալների ողջ ուժը հենց այդ նիզակներն էին, որից բացի նրանք իրենց պաշտպանելու և կամ թշնամուն հարվածելու համար ոչինչ չունեին, ասես նրանք փակված էին իրենց ծանր, չծալվող զրահների մեջ: Ինքը՝ Լուկուլլոսը, երկու կահորտի գլուխն անցած, նետվեց դեպի բլուրը: Զինվորները մեծ ոգևորությամբ հետևեցին նրան, քանի որ տեսան, որ իրենց զորավարը զենքը ձեռքին և հետիոտն, առաջինն ինքն է գնում թշնամու վրա՝ իրենց հետ բաժանելով դժվարություններն և վտանգները: Բլուրը բարձրանալով՝ Լուկուլլոսը կանգնեց բլրի համար տեսանելի տեղում և գոռաց. «Մերն է հաղթանակը, մերն է, մարտիկներ»: Այս խոսքերով նա զինվորներին առաջնորդեց զրահապատ հեծելագնդի դեմ և հրամայեց այլևս տեգերը չգործադրել, այլ ընդհուպ մոտենալ թշնամուն ու սրերով հարվածել թշնամու ազդրերին և անպաշտպան մասերին: Ասենք, թերևս, սակայն, որ այս ամենի կարիքը չկար, քանի որ զրահապատ հեծյալները չդիմացան հռոմեացիների հարձակմանը, այլ, աղաղակելով, ամոթալի փախուստի դիմեցին և զրահներով ծանրացած իրենց ձիերով մխրճվեցին իրենց իսկ հետևակի շարքերի մեջ՝ նախքան սրանք կռվի կբռնվեին: Այսպիսով, առանց արյուն հեղելու, հսկայական այդ բանակը պարտության մատնվեց: Տիգրանի զինվորները փախան, ավելի ճիշտ, փորձեցին փախչել, բայց, իրենց շարքերի խտության և խորության պատճառով, իրենք իսկ փակում էին իրենց ճանապարհը, որի պատճառով էլ մեծ կոտորած սկսվեց: Տիգրանը փոքրաթիվ ուղեկիցների հետ ճակատամարտի հենց սկզբում դիմեց փախուստի: Տեսնելով, որ իր որդին ևս դժբախտության մեջ է, նա վերցրեց խույրն իր գլխից և, արտասվելով, այն հանձնեց նրան ու հրամայեց, որ ինքն իրեն բոլոր հնարավոր միջոցներով փրկի, բայց պատանին չհամարձակվեց խույրը դնել գլխին, այլ այն տվեց պահելու իր ամենահավատարիմ ծառային: Հետ այնպես ստացվեց, սակայն, որ այս ծառան դիպվածով գերի ընկավ և, այսպիսով, Տիգրանի խույրը ևս ավելացավ մյուս ավարին: Ասում են, թե թշնամու հետևակից կոտորվեց 100.000 հոգուց ավելի մարդ, իսկ հեծելազորից էլ շատ քչերն էին փրկվել: Հռոմեացիներից վիրավորվել էր 100 մարդ և սպանվել 5-ը: Փիլիսոփա Անտիոքոսը, «Աստվածների մասին» գրքում, խոսելով այս ճակատամարտի մասին, պնդում է, թե արևը դեռևս սրա նմանը չի տեսել, իսկ մեկ այլ փիլիսոփա՝ Ստրաբոնը, իր «Պատմական հիշատակարաններ» գրքում պատմում է, թե իրենք՝ հռոմեացիները, ամոթ էին զգում և ծիծաղում էին իրենց վրա այն պատճառով, որ զենք են բարձրացրել այսպիսի խառնամբոխի դեմ: Լիվիոսի պատմելով՝ հռոմեացիները երբեք չեն կռվելով իրենց այսքան գերազանցող թշնամու դեմ։ Իրոք, հաղթողները հազիվ թե կազմեին պարտվողների քսաներորդ մասը: Ինչ վերաբերում է ռազմական գործում առավել ճարտար և հմուտ հռոմեացի զորականներին, ապա նրանք Լուկուլլոսին գովում էին առավելապես այն բանի համար, որ նա հաղթել էր երկու ամենափառաբանված և ամենահզոր արքաների երկու հակադիր միջոցներով՝ սրընթացությամբ ու անշտապությամբ։ Իրոք, Եթե Միհրդատին, որն այն ժամանակ գտնվում էր իր հզորության գագաթնակետին, նա ի վերջո հյուծեց, պատերազմը ձգձգելով, ապա Տիգրանին ջախջախեց կայծակնային հարվածով: Բոլոր ժամանակներում շատ չեն եղել նրա նման զորավարները, որոնք սպասողականությամբ ճանապարհ հարթեն իրենց գործողությունների համար, իսկ հետո էլ համարձակ ճնշումով ապահովեն իրենց անվտանգությունը: /29/ Ահա այս իսկ պատճառով Միհրդատը չէր շտապում, ենթադրելով, թե Լուկուլլոսը պատերազմը կվարի իրեն հատուկ զգուշությամբ՝ ճակատամարտերից խուսափելով: Նա անշտապ գնում էր միանալու Տիգրանին, երբ հանկարծ նրան պատահեցին մի քանի հայեր, որոնք՝ շփոթված և ահաբեկված, նահանջում էին նույն ճանապարհով: Նա կռահեց, որ վատ բան է կատարվել: Այնուհետև նրան պատահեցին արդեն ավելի մեծ թվով անզեն և վիրավոր փախչողներ, որոնցից նա լսեց պարտության մասին, որից հետո սկսեց փնտրել Տիգրանին: Երբ նրան գտավ բոլորից լքված և խեղճացած՝ Միհրդատը չուզեց նրան հիշեցնել եղած վիրավորանքները, ընդհակառակը, նա իջավ ձիուց ու նրա հետ սկսեց ողբալ ընդհանուր աղետի համար, այնուհետև նրան իր շքախմբից ծառաներ տրամադրեց և քաջալերեց ապագայի հույսերով: Սրանից հետո նրանք սկսեցին նորից զորք հավաքելով։ Այդ ժամանակ Տիգրանակերտում հելլեններն ապստամբել էին բարբարոսների դեմ քաղաքը Լուկուլլոսին հանձնելու նպատակով, ուստիև սա հարձակվեց և գրավեց այն: Վերցնելով Տիգրանակերտում գտնված գանձերը՝ նա քաղաքը թողեց զինվորների թալանին, որոնք, բացի, այլ բարիքներից, այնտեղ գտան նաև 8.000 տաղանդ դրամ: Այս ամենից բացի նա ռազմավարից նրանց յուրաքանչյուրին տվեց 800 դրաքմե: Տեղեկանալով, որ քաղաքում գտնվում էին մեծ թվով դերասաններ, որոնց Տիգրանը ամեն կողմից հրավիրել էր իր կառուցած թատրոնի հանդիսավոր բացմանը, Լուկուլլոսը օգտագործեց նրանց ի պատիվ իր հաղթանակի կազմակերպված խաղերում ու հանդիսություններում: Լուկուլլոսը հելլեններին ուղարկեց իրենց հայրենիքը՝ տալով նրանց ճանապարհածախս: Նա նույնպես վարվեց նաև Տիգրանակերտում բռնի բնակեցված բարբարոսների հետ: Այսպիսով, մի քաղաքի ավերումը բազմաթիվ քաղաքների վերածնվելու հնարավորություն տվեց՝ վերադարձնելով նրանց նախկին բնակիչներին: Այդ քաղաքներն այժմ մեծարում էին Լուկուլլոսին իբրև իրենց բարեգործի և վերահաստատողի: Լուկուլլոսի մյուս գործերը ևս հաջող էին ընթանում և նա արժանի էր դրան, քանզի նա առավելապես ձգտում էր այնպիսի գովեստների, որոնք արդյունք են հենց արդարադատության ու մարդասիրության, այլ ոչ թե՝ ռազմական սխրանքների: Վերջիններիս համար նա մեծ չափով պարտական էր զորքին, բայց առավել մեծ չափով՝ բախտին, իսկ առաջինների մեջ դրսևորվում էին նրա հոգու հեզությունը և գերազանց դաստիարակությունը: Այս հատկություններով էլ Լուկուլլոսը առանց զենքի նվաճում էր այլերկրյա ժողովուրդներին: Այսպես, նրան էին ներկայացել արաբների թագավորներ՝ հանձնելով իրենց տիրույթները, նրան էր հարել նաև ծոփաց ցեղը» (Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Լուկուլլոս», գլուխ 26-29):
«Հոկտեմբերյան տոների ժամանակներն էր, այն օրը, երբ Սցիպիոնի հռոմեական զորքը պարտվել էր կիմվրներից: Ինչ որ մեկը հիշեցրեց, որ այդ օրը ռոմեացիները վատ և վտանգավոր են համարում, սակայն Լուկուլլոսն ասաց. «Դե ինչ, եկեք արիաբար մարտնչենք, որպեսզի վատի ու սևից Հռոմի համար այս օրը լուսավոր և ուրախ դարձնենք»: Հարկ է նշել, որ ռազմիկները ամենից շատ վախենում էին զրահավոր հեծյալներից: «Մի վախեցեք»,- ասաց նրանց Լուկուլլոսը,- «նրանցից հաղթանակը խլելն ավելի հեշտ է, քան՝ զրահները»: Եվ ահա, մոտենալով բլրին և շարժ տեսնելով թշնամիների շարքերում, նա գոչեց. «Զինակիցներ, հաղթանակը մերն է», ինչից հետո նրանք, առանց որևէ դիմադրության հանդիպելու, այնտեղից քշեցին թշնամիներին, այնպես որ հռոմեացիներից զոհվեց միայն 5 հոգի, իսկ թշնամիները կորցրին ավելի քան 10.000 հոգի» (Պլուտարքոս «Զրույցներ արքաներից ու զորավարներից», «Լուկուլլոս», գլուխ 87):
«/84/ Միաժամանակ Տիգրանը Մանկայոսին հանձնարարեց պաշտպանել Տիգրանակերտը: Այն քաղաքը, որը, ինչպես նախապես ասել եմ, թագավորն իր պատվին կառուցել էր այդ վայրում և լավագույններին կանչում էր այնտեղ, սպառնալով, որ այն ինչ չեն բերի իրենց հետ, կբռնագրավվի: Նա քաղաքը շրջափակեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ: Քաղաքի արվարձանում նա ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով պալատ կառուցեց: Մերձակայքում նա նաև հզոր մի բերդ բարձրացրեց: Այս ամենը Մանկայոսին հանձնելով՝ ինքը շրջում էր երկիրը՝ զորք հավաքելու նպատակով...: Իր հերթին Սեքստիլիոսը, Մանկայոսին Տիգրանակերտում փակելուց հետո, կողոպտեց արքունի պալատը, որը պարսպապատ չէր, քաղաքի և բերդի շուրջ խանդակ փորեց, պաշարողական մեքենաներ պատրաստեց ու պարսպի տակ թունելներ փորեց...: /85/ Մինչ Սեքստիլիոսը զբաղված էր այս գործերով, Տիգրանը, հավաքելով մոտ 250.000 հետևակ և 50.000 հեծյալ, նախ նրանցից մոտ 6000-ին ուղարկեց Տիգրանակերտ և սրանք, հռոմեացիների միջով մտնելով բերդ, այնտեղից խլեցին ու դուրս բերեցին թագավորի հարճերին, իսկ զորքի մնացած մասով էլ հենց ինքը՝ Տիգրանը, շարժվեց Լուկուլլոսի վրա: Այնժամ Միհրդատը (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը – Մ.Հ.) առաջին անգամ գալով նրան տեսության, խորհուրդ տվեց կռվի չբռնվել հռոմեացիների հետ, այլ միայն հեծելազորով արշավել նրանց շուրջը և, ավերելով երկիրը, եթե հնարավոր է, նրանց սովի մատնել, ինչպես ինքն էր Կիզիկոսի մոտ Լուկուլլոսի կողմից առանց կռվի ուժասպառ եղել ու կորցրել իր զորքը, սակայն Տիգրանը, ծաղրելով Միհրդատի այդ ռազմավարությունը, առաջ շարժվեց՝ պատրաստ կռվելու: Տեսնելով, որ հռոմեացիները սակավաթիվ են, նա այսպես հեգնեց. «Եթե սրանք դեսպաններ են, շատ են, իսկ եթե թշնամի՝ հույժ սակավ»: Լուկուլլոսը, Տիգրանի թիկունքում հարմար մի բլուր նկատելով, իր հեծյալներին հրամայեց թշնամուն անհանգստացնել ճակատից, նրան քաշել իրենց կողմը և կամովին հետ նահանջել, որպեսզի հետապնդող բարբարոսների շարքերը քայքայվեն, իսկ ինքը, հետևակի հետ անցնելով թշնամու թիկունքը, աննկատ բարձրացավ բլուրը: Եվ ահա, երբ նա տեսավ, որ թշնամին հալածելիս իբր թե հաղթած լինելով, շատ էր ցրվել, իսկ նրա ողջ գումակը գտնվում էր ներքևում, գոչեց. «Զինվորներ, մենք հաղթում ենք» և առաջինը ինքը վազելով հարձակվեց գումակի վրա: Գումակն իսկույն աղմկալից փախչելով, ընկավ հետևակի վրա, իսկ հետևակը՝ հեծելազորի: Շուտով պարտությունը եղավ լիակատար, որովհետև արդեն նաև հռոմեացի հեծյալները հետ դարձան և կոտորեցին նրանց, որոնք հետապնդելիս ցրվել էին հեռուները, իսկ գումակը, խուճապի մատնված, ընկնում էր մյուսների վրա: Եվ ահա այդ ամբոխի մեջ իրար էին կոտորում՝ առանց ճշգրիտ իմանալու, թե որ տեղի՞ց էր սկսվել նրանց համար այդ արհավիրքը: Մեծ եղավ կոտորածը, քանի որ ոչ ոք կողոպուտով չէր զբաղվում, Լուկուլլոս սպառնալով արգելել էր այս, ուստի և, ապարանջաններն ու մանյակներն իսկ թողնելով, նրանք շարունակում էին սպանել մոտ 120 ասպարեզի վրա՝ մինչև գիշերը վրա հասնելը: Եվ ահա միայն դրանից հետո նրանք վերադարձան ու սկսեցին կողոպտել, քանի որ Լուկուլլոսը այդ արդեն թույլ էր տվել /86/ Մանկայոսը, որը Տիգրանակերտից տեսել էր տեղի ունեցած պարտությունը, կասկածելով հելլենների վրա, որոնք վարձով ծառայում էին իր մոտ, բոլորին զինաթափ արեց: Սրանք, սակայն, վախենալով որ իրենց կկալանավորվեն, բրերով զինված բոլորը միասին գնացին և բանակ դրին բացօթյակում, իսկ երբ Մանկայոսը նրանց դեմ զինված բարբարոսներ ուղարկեց, նրանք, վերնազգեստները վահանների փոխարեն կապկպելով ձախ ձեռքերին, խիզախաբար հարձակվեցին դրանց վրա: Եվ ահա, ում որ նրանք սպանում էին, իսկույն նրա զենքը բաժանում էին իրար մեջ, իսկ երբ նրանք իրենց, որքան կարող էին, բավարարեցին, գրավեցին երկու աշտարակների միջև եղող պարսպի տարածությանը, դրսից կանչեցին հռոմեացիներին և ներս թողին վեր եկողներին: Այսպես առնվեց Տիգրանակերտը և նրա մեծ հարստությունները մատնվեցին կողոպուտի» (Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ», գլուխ 84-86):
«/56/ Երբ Հայաստանը շատ կողմերից այսպես պաշարված էր՝ Տիգրանը մարդ ուղարկեց և իր մոտ հրավիրեց Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորի – Մ.Հ.): Նա նույնպես զորք ուղարկեց Տիգրանակերտ քաղաքը, որի մեջ գտնվում էր նրա կանանոցը: Սրանք, գալով այնտեղ և նետաձգությամբ կտրելով հռոմեական ճամբարից դուրս գալու ճանապարհը, գիշերով նախապես դուրս բերին Տիգրանի կանանոցն ու թանկագին ամենաարժեքավոր իրերը։ Լուսաբացին հռոմեացիները և նրանց հետ նաև թրակիացիները արիաբար կռվեցին, հայերից շատերին սպանեցին ու կենդանի բռնվածներից շատերին էլ գերի վերցրին, սակայն այն, ինչ-որ նախապես ուղարկված էր, փրկվեց ու հանձնվեց Տիգրանին։ /57/ Եվ ահա Տիգրանը, հավաքելով 80.000 հոգի, ցած իջավ, որպեսզի հարստահարիչների ձեռքից փրկի Տիգրանակերտը և թշնամիներին հեռացնի: Կամենալով այդ շուտ վերջացնել և տեսնելով, որ հռոմեացիների զորաբանակը սակավաթիվ է՝ նա ասաց. «Եթե նրանք ուզում են որպես դեսպաններ ներկայանալ՝ մեծ բազմությամբ են եկել, իսկ եթե որպես թշնամիներ են եկել՝ չափազանց քիչ են»: Այդ ասելուց հետո նա բանակ դրեց, իսկ Լուկուլլոսը վարպետությամբ ու հոգացողությամբ ճակատամարտի համար մարտակարգ կազմեց և, քաջալերելով իր զորքը, իսկույն փախուստի մատնեց հակառակորդի աջ թևը, հետո սրա միջոցով հետ մղեց հարևան զորքը և ապա հերթով՝ ողջ զորքը: Հայերն ահաբեկված և անզուսպ կերպով դիմեցին փախուստի ու մարդկանց թվի համեմատ էր նաև նրանց կոտորածը․ Այդ ժամանակ Տիգրանն իր արքայական խույրը և ապարոշը տվեց որդուն ու ինքը փախավ իր ամրոցներից մեկը։ Իր հերթին Լուկուլլոսը, վերադառնալով Տիգրանակերտ, պաշարեց քաղաքն ավելի համարձակորեն, իսկ քաղաքում գտնվող Միհրդատի զորավարներն էլ, որ բոլորովին հուսահատվել էին, իրենց փրկելու համար քաղաքը հանձնեցին Լուկուլլոսին» (Մեմնոն Հերակլեացի «Պոնտական Հերակլեայի պատմությունը», մաս 56, 57):
«/1/ Այդ ժամանակ Լուցիոս Լուկուլլոսը, պատերազմում հաղթելով Ասիայի տիրակալներ Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորին – Մ.Հ.) և Տիգրան Հային ու ստիպելով նրանց խուսափել ճակատամարտից, պաշարեց Տիգրանակերտը, բայց բարբարոսները նետաձգությամբ և պաշարողական մեքենաների վրա թափած նավթով մեծապես վնասեցին նրան: Այս դեղանյութը կուպրաշատ էր և բոցավառվող, այնպես, որ հրկիզում էր այն ամենը, ինչի կպչում էր, և ոչ մի հեղուկով հեշտ չէր այն հանգցնել: Այս բանից Տիգրանը նորից սրտապնդվելով՝ այնքան մեծ զորքով առաջ եկավ, որ նույնիսկ ծիծաղեց այնտեղ գտնվող հռոմեացիների վրա։ Պատմում են, ուրեմն, թե նա իբր ասել է. «Եթե եկել են պատերազմելու, քիչ են, իսկ եթե եկել են դեսպանության՝ շատ են եկել»: Նրա հրճվանքը, սակայն, երկար չտևեց, այլ շուտով նրան պարզ դարձավ, թե որքան են քաջությունն և արվեստը գերազանցում են ամեն մի թվի: Նրա փախուստից հետո զինվորները, գտնելով նրա խույրը և մոտիկ ընկած ապարոշը, հանձնեցին այն Լուկուլլոսին, քանզի, վախենալով նրանց կողմից ճանաչվելով բռնվելուց, Տիգրանը պոկել էր դրանք ու դեն էր շպրտել։ /2/ Մինչդեռ Լուկուլլոսը Տիգրանակերտը գրավեց այնտեղ բնակեցված օտարների ապստամբության հետևանքով, քանզի նրանց մեծ մասը կիլիկիացիներ էին, որոնք մի ժամանակ տեղահանվել էին իրենց երկրից, և այժմ գիշերով հռոմեացիներին ներս թողեցին: Այնուհետև մնացած ամեն ինչը հափշտակվեց, բացի կիլիկիացիների ունեցվածքից, ընդ որում Լուկուլլոսը բռնությունից փրկեց շատ ազդեցիկ մարդկանց կանանց, երբ սրանք գերի էին ընկել, և իր այդ վարքագծով շահեց նրանց ամուսինների սրտերը: Բացի դրանից նա ընդունեց Կոմագենեի արքա Անտիոքին, սա իշխում էր Եփրատին և Տավրոսին հարող Ասորիքի մասին, Ալքավդոնիոս անունով արաբների առաջնորդին, ինչպես նաև այլոց, որոնք փորձեցին նրա հետ բարեկամություն հաստատել» (Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 36, գլուխ 1b, 2):
«/2.1.14/ Թեև Մեծ Հայաստանում՝ Տիգրանակերտի մոտ, Տիգրանի և Միհրդատի (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորին – Մ.Հ.) դեմ ինքը Լուկուլլոսն ուներ ոչ ավելի քան 15.000 զինվոր, իսկ թշնամին անթիվ բազմություն ուներ, որը նույն այդ պատճառով դժվարաշարժ էր, նա թշնամու այս անհարմարությունից օգտվեց, հարձակվեց նրա դեռևս չկարգավորված մարտաշարքերի վրա և իսկույնևեթ այնպես ցրիվ տվեց, որ նույնիսկ իրենք՝ թագավորները, դեն գցելով պատվանշանները, փախան...: /3.2.4/ Լուկուլլոսը, որը Տիգրանակերտի մոտ Մեծ Հայաստանում մարտնչելու էր Տիգրանի ու Միհրդատի դեմ, իսկույն իր զորքի մի մասով գրավեց մոտակա բլրի հարթ գագաթը, ապա սլացավ ցածում գտնվող թշնամիների վրա և կողքից հարձակ¬վեց նրանց հեծելազորի վրա: Թիկունքից անմիջապես հետամուտ լինելով նաև նրանց խանգարված հեծելազորին` նա փայլուն հաղթություն տարավ» (Ֆրոնտին «Ստրատեգամներ» գիրք 2, գլուխ 1, մաս 14, գիրք 3, գլուխ 2, մաս 4):
«/11.14.15/ Նա, այդքան հզորանալով, Օլիբերիայի մոտ՝ նրա և Եփրատի վրա գտնվող Զևգմայի մոտակայքում, մի քաղաք կառուցեց, որն անվանեց Տիգրանակերտ և, իր ավերած 12 հելլենական քաղաքների մարդկանց այնտեղ հավաքելով, բնակեցրեց: Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորի – Մ.Հ.) հաղթած Լուկուլլոսը արշավելով հասավ և վերաբնակիչներին արձակեց յուրաքանչյուրին իր երկիրը, իսկ քաղաքը, որ դեռ կիսավարտ էր, հարձակմամբ կործանեց և փոքր գյուղ թողեց, իրեն էլ դուրս քշեց Ասորիքից և Փյունիկեից...: /12.2.9/ Նա, այդքան հզորանալով, Օլիբերիայի մոտ, ինչպես նաև նրա և Եփրատի վրա գտնվող Զևգմայի մոտ քաղաք կառուցեց, որն անվանեց Տիգրանակերտ, որից հետո, իր կողմից ավերած 12 հելլենական քաղաքների մարդկանց այնտեղ հավաքելով, նրանց այնտեղ բնակեցրեց...: Տիգրան Հայը, երբ նա արշավել էր Կապադովկիա, վատ վարվեց մաժաքցիների հետ: Նա ողջ բնակչությունը քշեց և տարավ Միջագետք ու նրանց մեծ մասամբ բնակեցրեց Տիգրանակերտում: Հետագայում, սակայն՝ Տիգրանակերտի նվաճումից հետո, ով որ կարող էր, վերադարձավ հայրենիք» (Ստրաբոն «Աշխարհագրություն», գիրք 11, գլուխ 14, մաս 15, գիրք 12, գլուխ 2, մաս 9):
«Սամոսատում, որը գտնվում է Կոմագենայում, կա մի լճակ, որից այրվող տիղմ է ելնում՝ այսպես կոչված «մալթա»: Ընկնելով որևէ մի ամուր բանի վրա, այն կպում է դրան, իսկ եթե մարդը դրան ձեռք տա, ապա այրվածք կստանա, ընդ որում չի փրկի նաև փախչելը, քանզի այն ցանկացած դեպքում նրա հետ կլինի: Հենց սրա միջոցով էին իրենց պարիսպները պաշտպանում այն քաղաքի բնակիչները, որը պաշարվել էր Լուկուլլոսի կողմից, Լուկուլլոսի, որի ռազմիկները այրվում էին իրենց զենքերի հետ միասին: Հարկ է նշել, որ ջուրը միայն ավելի է բորբոքում այս հուրը և փորձը ցույց է տալիս, որ այն հանգցնել հնարավոր է միայն հողով» (Պլինոս Ավագ «Բնական պատմություն», գիրք 2, գլուխ 92):
«Լուկուլլոսը Արիոբարզանեսի (Կապադովկիայի թագավորության արքա Արիոբարզանես I-ի – Մ.Հ.) թագավորության միջով հնարավորինս մեծ անցումներով ուղղվեց դեպի Եփրատ գետ՝ այն վայրը, որտեղ Կապադովկիան առանձնանում է Հայաստանից և, չնայած հետն ուներ գաղտնորեն պատրաստված նավակներ...: Այնպես, որ թվաց, թե նման անակնկալ փոփոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց աստվածային միջամտության...: Նավթը իր բնույթով կոկոսի յուղի պես մի բան է, որը նյութ է տալիս կրակին: (նախադասությունը պատկանում է այլ հեղինակի – Մ.Հ.) Սալյուստիոսը իր «Պատմություններ»-ում գրում է, որ նավթը պարսիկների հրավառ նյութերից է, որը սնուցում է կրակը...: Մերկ ու պաշտպանված մարմինների դեմ...: Նա ավերեց ատամնաշարերը, քանդեց ամրությունները և տիրեց այդ վայրի ամենաբարձր կետին...։ Այնուհետև գալիս էին երկաթյա զրահով պատված հեծյալները...: Ձիերի վրա նույն տիպի ծածկոցներ կային, որոնց վրա թեփուկների նման երկաթի կտորներ էին ամրացված...: Առջևից գալիս էին երկաթյա զրահ հագած հեծյալները...: Այդ մեծ պարտության ընթացքում ռազմիկների մի մասը ընկավ սեփական, կամ էլ շրջապատողների զենքից, մյուսներն էլ կոտորվեցին անասունների պես...: Նրա հոգին անհանգիստ էր և պատված անվստահությամբ...: (Հեղինակը մեջբերում է անում Հրահատ III-ին ուղղված Միհրդատ VI Եվպատորի նամակից – Մ.Հ.)... Հռոմեացիներն ուղղվեցին Հայաստան, բայց ոչ թե իմ հետևից, այլ` ըստ թագավորություններն ավերելու իրենց սովորության և, քանի որ փոքր տարածության պատճառով Տիգրանի հիմնական ուժերին չթողեցին մարտի մեջ մտնել, նրա չկշառադատված այդ քայլը ներկայացնում են որպես իրենց հաղթանակ» (Սալյուստիոս «Պատմություն», գիրք 4, մաս 4):
«Հետ մղվելով Լուցիոս Լիկինիոս Լուկուլլոսի՝ քաջարի այրի և իմպերատորի կողմից, նա իր զորքերի մնացորդներով պահպանեց թե իր թշնամական ոգին մեր հանդեպ, թե իր նախկին մտադրությունները» (Ցիցերոն «Ի պաշտպանություն Պուբլիոս Սեստիոսի»):
«Ինչ վերաբերում է մեր զինվորներին, ապա նրանց հաջողվել էր վերցնել մեկ քաղաք, որը գտնվում էր Տիգրանի թագավորության մեջ...» (Ցիցերոն «Պոմպեոսի հրամանատարության մասին», գլուխ 9, մաս 23):
«Օլիմպիադայից 4 տարի անց Տիգրանն և Միհրդատը (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորին – Մ.Հ.) հավաքեցին 40.000 հետևակային ու 30.000 հեծյալ և, կազմակերպելով դրանք իտալական ձևով, պատերազմ սկսեցին Լուկուլլոսի դեմ: Վերջինս, սակայն, հաղթող մնաց: Տիգրանի 5.000 ռազմիկներ զոհվեցին, իսկ ավելի մեծ քանակություն էլ գերի վերցվեց» (Ֆլեգոն Տրալացի «Օլիմպիադաներ»):
«Գիրք 98. Լուցիոս Լուկուլլոսը Հայաստանում մի քանի ճակատամարտերում ջարդում է Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորին – Մ.Հ.), Տիգրանին և այդ արքաների հսկայական զորքերը» (Տիտոս Լիվիոս «Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած», ցանկ):
«Լուկուլլոսը Հայաստանում հաղթեց Տիգրանին՝ թագավորներից այդ մեծագույնին» (Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 33):
«Երբ նա (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը – Մ.Հ.), դաշնակցած Հայաստանի արքա Տիգրանի հետ, կրկին Լուկուլլոսը դեմ պայքարի մեջ մտավ, վերջինս իր համար մեծ հաջողությամբ Տիգրանի նկատմամբ ևս հաղթանակ տարավ» (Ավրելիանոս Վիկտոր «Հայտնի մարդկանց մասին», գլուխ 74):
«Բացի այդ Լուկուլլոսը, երբ անցավ Եփրատն և Տիգրիսը, Տիգրանակերտ քաղաքի մոտակայքում մարտի մեջ մտավ Միհրդատի ու Տիգրանի դեմ` բավականին փոքր ջոկատի ուժերով ոչնչացնելով հսկայական քանակության թշնամիների։ Իրոք, հայտնում են, թե այդ ճակատամարտում սպանվել է 20.000 հոգի: Ինչ վերաբերվում է Տիգրանին, ապա նա հազիվ 150 հեծյալների գլուխն անցած դիմեց փախուստի, ընդ որում, որպեսզի չճանաչվի, այդ արեց՝ վրայից նետելով արքայական խույրն և ապարոշը: Այդ ժամանակ Լուկուլլոսի մոտ աղաչանքներով ժամանեցին դեսպաններ գրեթե ողջ Արևելքից» (Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 6, գլուխ 3):
«Լուցիոս Լուկուլլոսը Հայաստանում հետապնդեց Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորին – Մ.Հ.), որը մինչ այդ զրկվել էր Պոնտոսի իշխանությունից: Նույն այս այրը 18.000 հռոմեացիներով հնազանդեցրեց հայերի արքա Տիգրանին՝ ունենալով նաև 7.000 զրահակիր հեծյալ և 2.000 նետաձիգներ։ Լուկուլլոսը նվաճեց Տիգրանակերտը, որը Հայաստանի մի մեծ քաղաք է» (Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14):
«Լուկիոս Լուկուլլոսը ջախջախեց Տիգրանին և Միհրդատին (Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը – Մ.Հ.) ու առաջինն էր, որ մինչև կենտրոնական Հայաստան և Նիսիբին ամրություններ կառուցեց` այդ հողերն ընդգրկելով հռոմեական տերության կազմում» (Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 32):
«Իր հերթին Լուկուլլոսը, հետապնդելով փախչող թշնամուն, մտավ Տիգրանի տիրույթներ: Նա գրավեց Տիգրանակերտը, սա մի անչափ հայտնի քաղաք է Արզանեայում, իսկ իրեն էլ` արքային, որը Լուկուլլոսի դեմ էր ելել 7.500 հետևազորով և 100.000 նետաձիգներով, վերջինս, ունենալով միայն 18.000 ռազմիկներ, այնպես ջախջախեց, որ հայերի մեծ մասը զոհվեց» (Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 6, գլուխ 9):
69 մայիսի կես - հոկտեմբերի կես – Տիգրանակերտի ճ-մ (Աղձնիք, Նփռետ գավառ, Արևմտյան Տիգրիսի ձախ վտակ Քաղիրթի միջին հոսանքից մոտ 12 կմ արևմուտք)
Շարունակելով արշավանքը` Լուցիոս Լուկուլլոսի գլխավորած Հռոմեական հանրապետության բանակը (մոտ 130.000, այդ թվում Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալլական, թրակիական և բյութանիական հեծյալներ) մոտեցավ Տիգրանակերտին, որտեղ Մամիկոնյան իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 2.000, այդ թվում հույներ) անցավ համառ պաշտպանության:
I փուլ – Մայիսի կեսին Հռոմեական հանրապետության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց քաղաքի ուղղությամբ, սակայն, մատնվելով անհաջողության, դրանից հետո բավարարվեց միայն քաղաքի պասիվ օղակումով։ II փուլ – Մայիսի վերջին Հայկական Մաղխազական (մոտ 6.000) և Մարդպետական (մոտ 10.000) հեծելազորը խիզախ հարձակում գործեց քաղաքը պաշարողների վրա, որի ընթացքում մաղխազ հեծյալները ճեղքեցին պաշարման օղակը ու ստիպեցին թշնամու ռազմիկներին ապաստանել սեփական ճամբարում, իսկ մարդպետ հեծյալներն էլ հուժկու նետաձգությամբ փակեցին վերջինիս մուտքը: Այնուհետև մաղխազ հեծյալները, կազմելով հզոր վահանափակ, քաղաքից արագորեն դուրս բերեցին արքայական ընտանիքի անդամներին և պետական գանձարանը: Ամռանը, երբ սեփական մայրաքաղաքը դեռ պաշարված էր, Տիգրան II Մեծը սկսեց արագորեն հակամիջոցներ ձեռնարկել, սակայն իրավիճակը բարդանում էր նրանով, որ հենց նոր հպատակեցված և դեռևս անհանգիստ Հուդայի ու Նաբաթեական թագավորություններից, ինչպես նաև Ասորիքից վերջինս չէր կարող արագորեն դուրս հանել Մեծ Հայքի թագավորության բանակը` առանց վերջնականապես կորցնելու այդ տարածքները: Մյուս կողմից էլ, սակայն նաև, ճակատամարտը հետաձգելը ևս բավարար ելք չէր, քանի որ թշնամին փաստացի գրավել էր Մեծ Հայքի թագավորության մի մասը և աստիճանաբար ուժեղանում էր, որին հակառակ էլ Հայոց տերությունը աստիճանաբար թուլանում էր ու փլուզվում: Հաշվի առնելով այս ամենը` Տիգրան II Մեծը, մի կողմից այդ տարածքները պահպանելու, մյուս կողմից էլ Հայկական բանակը խնայելու մտայնությամբ, Մեծ Հայքի թագավորության բանակի հուսալի համարվող` Հայկական, մասը հիմնականում թողեց գրաված տարածքներում, որից հետո Մեծ Հայքի թագավորության բանակի մի մասով (մոտ 40.000), ինչպես նաև Իբերիայի, Աղվանքի, Ադիաբենեի, Ատրպատականի, Քարակենեի և Քուշանական թագավորությունների դաշնակից միացյալ բանակով (մոտ 60.000) շարժվեց թշնամու ուղղությամբ: Միաժամանակ Բագրատ Բագրատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության հիմնական բանակը (100.000) սկսեց Ասորիքից աստիճանաբար նահանջել հյուսիս-արևելյան ուղղությամբ և կենտրոնանալ Հայոց Միջագետքում: Ի վերջո, հոկտեմբերի սկզբին Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի և դաշնակից թագավորությունների միացյալ բանակը սկսեց մոտենալ Տիգրանակերտը պաշարած Հռոմեական հանրապետության բանակին՝ արդյունքում ճամբար դնելով Քաղիրթ գետի աջ ափին տարածվող հարթավայրում: Տեղեկանալով այս մասին՝ հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Լուցիոս Լուկուլլոսը, Լուցիոս Մուրենայի գլխավորած ջոկատին (6.000 հետևակային) թողնելով քաղաքի օղակումը շարունակելու, հիմնական ուժերով շարժվեց դեպի արևելք և իր հերթին մարտակարգ ընդունեց Քաղիրթ գետի արևմտյան՝ աջ, ափին։ Հռոմեական հանրապետության բանակի առաջին շարքում տեղակայվեց հեծելազորը, իսկ երկրորդ շարքում՝ հետևակը։ Միաժամանակ երկու լեգեոններ, հյուսիսից շրջանցելով հյուսիսում տարածվող բլուրները, աննկատ թևանցեցին Մեծ Հայքի թագավորության բանակի մարտակարգը՝ նախատեսելով մարտի վճռական պահին թևային հարված հասցնել թշնամու բանակի աջ թևին։ Նույն այս ժամանակ Քաղիրթ գետի արևելյան՝ ձախ, ափից զգալի տարածություն դեպի արևելք մարտակարգ ընդունեց նաև Մեծ Հայքի թագավորության բանակը, որի առաջին շարքում տեղավորվեց թեթև հեծելազորը, երկրորդ շարքի ձախ թևում տեղակայվեց Ադիաբենեի արքայի գլխավորած Ադիաբենեի, Իբերիայի և Աղվանքի թագավորությունների հետևազորը, երկրորդ շարքի աջ թևում դիրքեր զբաղեցրեց Միհրդատ արքայի գլխավորած Ատրպատականի թագավորության հետևազորը, երկրորդ շարքի կենտրոնում մնաց Տիգրան II Մեծի գլխավորած Հայկական հետևազորը, երրորդ շարքի կենտրոնում տեղակայվեց գումակը, որից էլ աջ, որպես ընդհանուր պահեստազոր, դիրքեր զբաղեցրեց Հայկական ծանր հեծելազորը: III փուլ – Օրվա առաջին կեսին Հռոմեական հանրապետության բանակը անցավ գետը և մարտակարգ ընդունեց գետի ձախ ափին, ինչից հետո ողջ ճակատով համառ հանդիպակաց մարտ բռնկվեց: IV փուլ – Կեսօրին Հռոմեական հանրապետության հեծելազորը անցավ հարձակման, սակայն ի վերջո դիմեց կեղծ փախուստի: Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքը սկսեց հետապնդել թշնամու հեծելազորին: V փուլ – Հռոմեական հանրապետության բանակի ձախ թևը ճակատային, իսկ թևանցումն ավարտած 2 լեգեոններն էլ թևային հարված հասցրին Մեծ Հայքի թագավորության բանակի աջ թևին, որը խուճապի մատնվեց և սկսեց քայքայվել: Միաժամանակ կեղծ փախուստը դադարեցրած թշնամու հեծելազորը սեփական հետևակի հետ միասին ճակատից հարված հասցրեց կենտրոնում, ինչպես նաև մյուս թևում: VI փուլ – Մարտի մեջ մտավ Հայկական ծանր հեծելազորը և, ծանր հարվածով շփոթի մատնելով հակառակորդի բանակին, հնարավորություն ընձեռնեց Մեծ Հայքի թագավորության բանակին վերականգնել շարքերը և դուրս գալ մարտից: VII փուլ – Մեծ Հայքի թագավորության բանակը պոկվեց թշնամու բանակից և հեռացավ դեպի արևելք: VIII փուլ – Հոկտեմբերի կեսերից սկսած Հռոմեական հանրապետության բանակը ուժեղացրեց քաղաքի պաշարումը, սակայն քաղաքի կայազորը համառորեն հետ մղեց թշնամու բանակի բոլոր գրոհները: Շուտով, սակայն, թշնամուն հաջողվեց իր կողմը գրավել քաղաքի պաշտպանությանը մասնակցող հույներին, ինչի արդյունքում, վերջիններս գրոհներից մեկի ժամանակ ապստամբեցին և գրավեցին 2 աշտարակների միջև ընկած պարսպի մի տարածություն, որով էլ Հռոմեական հանրապետության բանակը ի վերջո ներխուժեց քաղաք ու գրավեց այն: Մամիկոնյան իշխանը Հայկական կայազորի հետ միասին ճեղքեց պաշարումը և հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 5.000, դաշնակիցները` մոտ 5.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: