«Իդեալական քաղաքականության» և «իրական քաղաքականության» մասին։
Խաչակրաց I արշավանքից հետո ուժերի հերթական այն դասավորությունը, որն առաջացավ Մերձավոր Արևելքում, իր հետ բերեց նաև շահերի բախման ու համընկման յուրօրինակ մի դրություն, որը, չնայած առանձին տարրերի առկայությանը, ըստ էության, առկա չէր մինչ այդ և առկա չէր լինելու նաև հետագա հարյուրամյակներում: Խնդիրը XII դարի Մերձավոր Արևելքի կոնկրետ ժամանակատարածային հարթությունում «իդեալական քաղաքականություն» և «իրական քաղաքականություն» հասկացությունների կիրառման նրբությունների մեջ էր, երբ, քրիստոնյա կամ մահմեդական պետական միավորները, իդեալում կոչված լինելով պայքար մղել կրոնական իրենց հակառակորդների դեմ, կենցաղային մակարդակում ընդդեմ յուրայինների հաճախ ոչ միայն դաշնակցում էին վերջիններիս հետ, այլև նույնիսկ դուրս էին գալիս կենտրոնական իշխանության դեմ՝ ըստ էության մեծապես դժվարացնելով իրենց հակառակորդ խմբավորմանը հարված հասցնելու վերջինիս գործողությունները: Այսպես, Դամասկոսի և Հալեպի էմիրությունները, իդեալում կոչված լինելով պայքարելու ամենից առաջ խաչակրաց իշխանությունների դեմ, միաժամանակ նաև զգուշանում էին ինչպես իրարից, այնպես էլ Ֆաթիմյանների խալիֆությունից և հատկապես Սելջուկյան սուլթանությունից: Որպես հետևանք այս ամենի՝ հիշատակված երկու պետական միավորները, իդեալում հռչակելով քրիստոնյաների դեմ համաիսլամական պայքարի գաղափարները, կենցաղային մակարդակում հաճախ ձգտում էին այն բանին, որ կենտրոնական իշխանությունն այս ոլորտում որևէ հաջողություն չունենա:

- 1.jpg (31.06 КБ) 8 просмотров
Սկզբունքորեն նույնն էր դրությունը, սակայն, նաև քրիստոնյաների մոտ, որոնք, իդեալում հռչակելով պայքարը խաչի հաղթարշավի համար, կենցաղային մակարդակում հանդիպում էին հայերի ու խաչակիրների մրցակցությանը, ասորիների և հույների թշնամանքին, իսկ առաջին երեք խմբերն էլ իրենց հերթին չէին ցանկանում Բյուզանդական կայսրության ուժեղացումը տեղում: Խնդիրներ կային նույնիսկ վերոհիշյալ առանձին խմբերի ներսում, երբ հայերի մոտ, օրինակ, մրցակցում էին Հեթումյաններն ու Ռուբինյանները, Եդեսիայի կոմսությունում և Անտիոքի դքսությունում ևս փոխադարձաբար առնվազն սառն էին վերաբերվում միմյանց, իսկ երկու այս պետական միավորներն էլ չէին ցանկանում իրենց վրա ունենալ Երուսաղեմի թագավորության չափից դուրս մեծ իշխանությունը:
Ասվածի ամենացայտուն օրինակը 1108 թվականի հոկտեմբերի Թլպաշար ամրոցի ճակատամարտն էր, երբ իրար դեմ դուրս եկան, ուշադիր, ՄԻ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ Անտիոքի դքսությունն ու Հալեպի էմիրությունը, իսկ
ՄՅՈՒՍ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ էԼ... Եդեսիայի կոմսությունն և Սելջուկյան սուլթանությունը...
Իդեալական և իրական քաղաքականության շահերի այս բախումն էլ հենց որոշելու էր Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացների ընդհանուր ուղղվածությունը մոտակա ավելի քան մեկ հարյուրամյակում, մինչև այն պահը, երբ կրկին ի հայտ կգար կենտրոնական արժանահիշատակ մի ուժ: