1503 թ-ի դեկտեմբերի 29-ին Գարիլյանոյի ճ-մ-ում իսպանացիներին հաջողվեց անակնկալի բերել ֆրանսիացիներին և հետ շպրտել։ Արդյունքում՝ կարևորվեց նեղ, բայց խորը գետի վրայով ձգվող մի նեղ կամուրջ, որով իսպանացիները ձգտում էին անցնել մյուս ափ և շարունակել հետապնդումը, իսկ ֆրանսիացիներին էլ, բնականաբար, պետք էր դա թույլ չտալ։ Ստեղծված պայմաններում իր ժամանակի ասպետության մի իսկական հայելի համարվող ֆրանսիացի ռազմիկ Պիեռ Բայարդը՝ զորական հսկայական խիզախության և մեծ ուժի տեր մի ասպետ, հաջողությամբ օգտագործելով կամրջի նեղությունը, իր ու սեփական ասպետական նժույգի զրահավորումը և այն հանգամանքը, որ իսպանացիներն ի սկզբանե ուղղակի չհավատացին նման խելագարության, մի քանի ժամ շարունակ ՄԻԱՅՆԱԿ պաշտպանեց այդ նեղ կամուրջը թշնամու 200 զինվորներից, մինչև յուրայինները օգնության հասան...
... Տարեգիրքս ես, երբեմն, կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ «մոռացված ռազմիկների Հուշամատյան»։ Այն պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը:
«
Հեռանալով այնտեղից»,- 1066 թ-ի գարնանը Եդեսիայի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին պատմում է Մատթեոս Ուռհայեցին,- «
Սլար-Խորասանը եկավ և բանակեց Քսոս կոչվող վայրում: Ուռհա քաղաքում գտնվող հոռոմոց 4.000 հոգանոց հետևակ և ձիավոր զորքը գնաց թուրքերի վրա ու հասավ Քսոսի մոտ գտնվող Թլակը: Սլար-Խորասանը, տեսնելով նրանց, ձայն տվեց իր զինվորներին և դիմեց մարտի: Մարտը չսկսված՝ հոռոմոց զինվորները փախուստի դիմեցին: ՀԱՅ ՀԵՏԵՎԱԿՆԵՐԻՑ ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐ, ՍԱԿԱՅՆ, ԲՌՆԵՑԻՆ ԿԱՄՈՒՐՋԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՈՂՋ ԶՈՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵՑԻՆ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԸՆԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏՈՒՄ: Հոռոմոց զորքը փախուստի դիմեց, իսկ թուրքերն էլ սկսեցին սրերով հալածել: Այն ժամանակ ՄԻ ՖՐԱՆԿ շուռ եկավ և հարձակվեց թուրքերի վրա: Նա, առյուծի նման մռնչալով, շատերին սրախողխող արեց, թշնամու ճամփան կտրեց ու պահեց այնքան ժամանակ, մինչև որ փախստականները հեռացան: Նրա ձին բազում վերքեր ստացավ, ինքն էլ տեղում քաջի մահով ընկավ: Թուրքերը, մեծ ջարդ տալով, հալածեցին հոռոմներին մինչև քաղաքի խրամը, դաշտն արյամբ ողողվեց, բազմաթիվ իշխաններ սպանվեցին» (Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 2):

- 1.jpg (70.55 КБ) 13 просмотров
Ովքե՞ր էին այդ հերոս եղբայրները, որոնք իրենց կյանքի գնով թույլ տվեցին կայսերական վախկոտ զինվորներին փախչել, և ո՞վ էր այն քաջարի ֆրանկը, որը միացավ քաջության այս գործին, մենք երևի այդպես էլ երբեք չենք իմանա, սակայն այս պատմության մասին գոնե այսքանը, որ հաստատ գիտենք։ Այս մարդկանց բախտը չբերեց այնքան, ինչքան իրոք արժանի Բայարդինը, որի սխրագործության մասին գիտի ողջ աշխարհը, այն դեպքում, երբ նմանատիպ մի հերոսական արարք գործած այս երեքի... նույնիսկ անունները չգիտենք՝ գիտենք միայն ընդամենը այսքանը։
Այնուհանդերձ՝ փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով Տարեգրքիս ամենամեծ առաքելություններից մեկն էլ հենց սա է:
2023 թ-ի սեպտեմբերի 19-ին Հայ ռազմիկները, լքված Մայր Հայաստանի կողմից և լինելով փոքրամասնություն, ինչպես նաև զիջելով թշնամուն տեխնիկական ու կազմակերպչական մակարդակներում, երկու ամբողջ օր քաջի մարտ տվեցին: Ցավոք... Արցախը հայաթափվեց և ցավոք՝ այդ քաջերից շատերը զոհվեցին:
Հարգանքներս բոլոր քաջարի ռազմիկներին։ Կգա ժամանակը և 23-ի սեպտեմբերը կարժեվորվի, իսկ այժմ... ցավում ու լռում ենք: