առաջացան Անտիոք-Կոմագենե-Մելիտե-Եփրատի հովտով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Սինորա-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Զարեհավան-Մասյացոտն-Արմավիր-Արտաշատ երթուղով՝ մանր մարտերում հաղթելով ու երկրից դուրս մղելով այդ ամենին բացարձակապես անպատրաստ գտնված Մեծ Հայքի թագավորության արքա Ներսեսի գլխավորած Պարսից թագավորության բանակին1։ Արդյունքում՝ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակված Տրդատ արքայազնի՝ Տրդատ II Մեծի (287-330), իշխանության տակ անցան Մեծ Հայքի բոլոր նահանգները, բացառությամբ Փայտակարանի և Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի արևելքի, որտեղ շարունակեց թագավորել իր նախկին տիրույթների մեծ մասից զրկված Ներսեսը։ Այս գործողություններում հատկապես աչքի ընկավ Օտա Ամատունին, որը կարողացավ հասնել նրան, որ արքայական գանձարանը չհեռացվեց երկրից և Հայոց նոր արքան ապագա ֆինանսական խնդիրներից զերծ մնաց: Տրդատ II Մեծը նույնիսկ տաղանդավոր գահակալներից ամենևին էլ ոչ զուրկ իր ժամանակի քաղաքական երկնակամարում աչքի էր ընկնում սեփական արտառոց ունակություններով: Հսկայական ուժի, զորավարական և զորական հմտության, խիզախության ու անձնական մեծ քաջության տեր այս արքան դրա հետ միաժամանակ աչքի էր ընկնում նաև կենդանի խելքով, խորաթափանցությամբ և քաղաքական բացառիկ հեռատեսությամբ, այս արքան կարծես վերջինն էր ու հենց իրենով էլ փակում էր մինչմիջնադարյան Հայոց մեծագույն արքաների շարքը, որոնք մեծ բարձունքների էին հասցրել Հայոց պետականությունը: Տրդատ II Մեծի հաստատվելը մեծ Հայքի թագավորության գահին և Ներսեսի հեռացվելը նույն այդ գահից անմիջապես բարդացրեց Հայոց արքայի հարաբերությունները Իբերիայի թագավորության ու Միհրան III Մեծի հետ, ընդ որում, եթե Վահրամ II-ը ինչ-որ տեղ, թերևս, կարող էր մխիթարվել այն բանով, որ, չնայած ռազմաքաղաքական դրության ընդհանուր վատթարացմանը, իր հզոր և ինքնիշխան ավագ ազգականներից գոնե մեկն է թուլացել, ապա Միհրան III Մեծի պարագայում վերջինս հիանալի ըմբռնեց սեփական շահերի միանշանակ ոտնահարումը ու անմիջապես էլ սպառնալից դիրք գրավեց Մեծ Հայքի թագավորության նկատմամբ։ 288 թվականի գարնանը Միհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 50.000) ու Պարսից (մոտ 70.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Գուգարքը և նահանջեց2, որին ի պատասխան էլ, արդեն 289 թվականի գարնանը, Իբերիայի թագավորության հարավը ասպատակեց ու իր հերթին նահանջեց արդեն Տրդատ II Մեծի և սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության (մոտ 60.000) ու Հռոմեական կայսրության (մոտ 70.000) միացյալ բանակը3։ 290 թվականի գարնանը Միհրան III Մեծը ու Ներսեսը կրկնեցին հարվածն և նահանջեցին4, սակայն արդեն 291 թվականի գարնանը Հայոց արքան ու Հռոմեական կայսրության ռազմական մեքենան իրենց հերթին պատասխան հարված հասցրին հակառակորդի տարածքին և հերթական անգամ սաստեցին Միհրան III Մեծին5։ Իբերիայի թագավորության հետ մխացող պատերազմը, թերևս, կշարունակվեր նաև հաջորդ տարիներին, սակայն հենց այդ ժամանակ տեղի ունեցան նոր զարգացումներ, որոնք, կարծես, ինքնըստինքյան հանգեցրին Տրդատ II Մեծի ու Միհրան III Մեծի պայքարը։ 293 թվականի գարնանը Վահրամ II-ը կնքեց իր մահկանացուն, որից հետո տեղական ուժերը գահ բարձրացրին նրա փոքրահասակ որդի Վահրամին՝ Վահրամ III-ին (293)։ Ներսեսը, սակայն, որ, մանավանդ Մեծ Հայքի թագավորության գահից զրկված լինելու հանգամանքով պայմանավորված, նեղված էր և, բացի այդ նաև, չափազանց երկար էր սպասել Սասանյան գահին _________________________ 1 Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», գլուխ 123; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 82; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 58, 63, 67; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 10; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Անանուն «Հայոց թագավորների պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1: 2 «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 63: 3 «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1: 4 «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»: 5 «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1:
բազմելու սեփական հերթին, իր փոխարեն սեփական տիրույթների արքա հռչակեց մոռացությունից հանված Մեծ Հայքի թագավորության երբեմնի արքա Խոսրով II-ին, որից հետո առկա բոլոր ուժերով շարժվեց Վահրամ III-ի դեմ։ Պարսից թագավորության գահի նոր թեկնածուն գործում էր ամենայն վճռականությամբ և արդյունքում արդեն ամռան կեսերին Սասանյանների գահի հարցը լուծված էր հօգուտ իրեն՝ Պարսից թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի որդի Ներսեսը (293-302), իսկ դժբախտ Վահրամ III-ը սպանվեց։ Արդյունքում՝ կայսր Դիոկլետիանոսը, առժամանակ գոհ լինելով Արևելքում ընթացող զարգացումներից, բարեկամական մի դեսպանություն ուղարկեց արյաց նորընծա արքայի մոտ և շնորհավորեց վերջինիս՝ Պարսից թագավորության գահի նկատմամբ, ըստ էության, ճանաչելով Ներսեսի իրավունքները։ Առժամանակ, կարծես թե, բարեկամաբար էր տրամադրված նաև Ներսեսը, որին մի կողմից պետք էր ամրանալ գահին, իսկ մյուս կողմից էլ՝ զսպել Որմիզդ II-ին և վերացնել սեփական տերության արևելյան սահմաններին ավելի ու ավելի շատ ճնշում գործադրող հոների վտանգը։ Այս պայմաններում Տրդատ II Մեծի հետ հաշտվելուց զատ այլ բան անել չէր մնում անել նաև Միհրան III Մեծին, ընդ որում վերջինս հիանալի հասկանում էր, որ սեղմված է հայերի ու հռոմեացիների միջակայքում, հյուսիսից անվերջ սպառնում է Բասիլական թագավորությունը, իսկ հեռավոր Տիզբոնում Սասանյանների գերագույն իշխանությանը հասած սեփական եղբորորդին էլ հազիվ է թե այրվում իրեն օգնելու մարմաջից։ Այս կապակցությամբ, որպես հաշտության պայման, Իբերիայի թագավորության արքային արվեց, թերևս, միայն մեկ զիջում՝ Միհրան III Մեծը հռչակվեց Գուգարքի բդեշխ, սակայն փոխարենն ինչպես Գուգարք նահանգը, այնպես էլ նույն նահանգի բդեշխն ընդհանրապես և Միհրան III Մեծը, մասնավորապես, սկսեցին ենթարկվել Մեծ Հայքի թագավորությանն ու նրա տիրակալին: Այսպիսով՝ Միհրան III Մեծը կարող էր իրեն մխիթարել նոր տիտղոսով կամ պաշտոնով, սակայն հայերն էլ շահեցին այն առումով, որ հյուսիսում մշտական խաղաղություն հաստատվեց, իսկ որպես Գուգարքի բդեշխ էլ հանդես եկավ Միհրան III Մեծը՝ դրանով իսկ, որպես Տրդատ II Մեծի ենթակա, ինչ-որ տեղ նույնիսկ Իբերիայի թագավորությունը ենթարկեցնելով Մեծ Հայքի թագավորությանը։ Այս առումով հատկանշական է, որ հետագա Հայոց ողջ պաշտոնական գրագրության մեջ Միհրան III Մեծը հանդես է գալիս որպես ընդամենը միայն Հայոց տիրակալին ենթակա Մեծ Հայքի թագավորության բդեշխ, այն դեպքում, երբ բուն Իբերիայի թագավորությունում վերջինս արքայի տիտղոս էր կրում։
Գլուխ 19 Պարսից թագավորության Մեծ աղետը և Քառասնամյա հաշտությունը
295 թվականին, կարգավորելով գործերը սեփական թագավորության արևելյան սահմաններում, զսպելով Որմիզդ II-ին և նույնիսկ որոշակի օժանդակություն ստանալով հոներից, Ներսեսը խոշոր ուժեր տեղափոխեց իր տերության արևմտյան սահմաններ ու պատրաստվեց հարված հասցնել, կարծես թե, խաղաղորեն տրամադրված հռոմեացիներին և հայերին։ Պատերազմը պայթեց 296 թվականի աշնանը, երբ Պարսից թագավորության բանակը (մոտ 80.000) Խառանի մոտ տարածվող հարթավայրում մի խոշոր հաղթանակ տարավ՝ հերթականությամբ պարտության մատնելով ուժերն աստիճանաբար մարտի մեջ մտցնող Գալերիոս համակայսեր գլխավորած Հռոմեական կայսրության բանակի (մոտ 35.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 6.000) սկզբում առաջապահին, հետո հիմնական բանակին, իսկ վերջում էլ` վերջապահին1։ Գալերիոսի բանակի մնացորդները շպրտվեցին Եփրատի աջ ափ, իսկ ողջ Հյուսիսային և Հայոց Միջագետքները ոտնատակ տված ու այնտեղ իր իշխանությունը, կարծես թե, հաստատած Ներսեսն էլ հենց հաջորդ տարի պատրաստվեց լուծել արդեն նաև Մեծ Հայքի թագավորության հարցերը։ Վճռական էր տրամադրված, սակայն, նաև Դիոկլետիանոսը, որը, Գալերիոսին ինչպես հարկն է հանդիմանելուց հետո, վերջինիս բանակը նոր _________________________ 1 Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ Հռոմեական կայսրության կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 39; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 25; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9, մաս 25.1; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 25; Զոնորաս «Պատմություն»; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5:
ուժերով համալրեց և, տեղյակ լինելով թշնամու հարվածի հիմնական ուղղության մասին, շարժեց դրանք Հայաստանի ուղղությամբ։ Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
297 գարուն – Ոսխայի ճ-մ (Արարատ, Բասեն գավառ, Կարինից մոտ 20 կմ արևելք)1
Ներսես արքայի գլխավորած Պարսից թագավորության բանակը (մոտ 100.000, մոտ 50 փիղ) Տրպատունիք-Թավրիզ-Գաբիթյան-Մարանդ-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Արտաշատ-Մասյացոտն-Զարեհավան-Բագրևանդ երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով Տրդատ II Մեծի ու սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորությամբ նահանջող Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 70.000) անկանոն հարվածներին, ճամբարեց Բասենում` Ոսխա գյուղի մոտակայքում։ Այս ընթացքում Գալերիոս համակայսեր գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (25.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000), արշավելով Սատաղ-Եկեղիք-Դերջան-Կարին երթուղով, Բասենում միացան Մեծ Հայքի թագավորության բանակին։ Մարտի նախորդ օրը Գալերիոսը, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը, ծպտվելով որպես կաղամբավաճառներ, անձամբ մտան թշնամու ճամբար ու հետախուզեցին այն։ I փուլ – Հաջորդ օրը լուսաբացին Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը անակնկալ հարձակվեց թշնամու ճամբարի վրա։ Անակնկալ համակցված հարվածի արդյունքում թշնամու բանակը, նույնիսկ չհասցնելով էլ մարտակարգ ընդունել, գլխովին ջախջախվեց։ II փուլ – Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը հետապնդեց թշնամուն ու ծանր կորուստներ պատճառեց նրան։ Ներսեսը վիրավորվեց և հազիվ փրկվեց գերվելուց: Հայերը կորցրին մոտ 6.000, դաշնակիցը` մոտ 6.000 զինվոր, թշնամին` մոտ 50.000 սպանված և վիրավոր, մոտ 30.000 գերի: Գերվեցին պարսից արքայի ընտանիքը և կանանոցը, հաղթողների ձեռքն ընկավ նաև պարսից արքայի արքայական գանձարանը, ինչպես նաև Պարսից թագավորության բանակի սրբազան խորհրդանիշը` Դիրյաիշ-ի-Կավյանի դրոշը:
Այնպիսի պարտություն, ինչպիսին կրել էր Սասանյանների ռազմական մեքենան հենց նոր ավարտված ճակատամարտում, վերջինս մինչ այդ երբեք չէր կրել։ Ըստ էության, առանց լուրջ դաշտային դիմադրության, ընկել էին տասնյակ հազարավոր ռազմիկներ, կորսվել էր սրբազան դրոշը, գերության մեջ էին հայտնվել արյաց արքայի ընտանիքն ու հարեմը, ինչպես նաև հարյուրավոր բարձրաստիճան իշխաններ և զինվորականներ, դե իսկ Ներսեսն ինքն էլ, տանջվելով մարտում ստացած վերքից ու ինքնասիրությանը հասցված լրջագույն հարվածից, հազիվ միայն փրկվել էր փախուստով։ Փաստորեն Պարսից թագավորության բանակը ոչ միայն ջախջախիչ պարտություն էր կրել, այլև կրել էր նաև իսկական խայտառակ մի պարտություն, որը, կարծես, ամոքում էր նախորդ բոլոր տասնամյակներում Հռոմեական կայսրության ռազմական մեքենայի կրած անհաջողությունները և, ընդհակառակը, նսեմացնում էր Պարսից թագավորության ձեռքբերումները։ Ավելին` հենց նոր ավարտված ճակատամարտից հետո Ներսես արքայի անկումային տրամադրությունը, իսկ գուցե նաև պետության ռազմական մեքենայի քայքայումն այնքան խորը բնույթ էին ստացել, որ արդյունքում մեկ տարուց էլ քիչ տևած բանակցություններից հետո արյաց արքան, որպեսզի ազատի գերիներին, հետ բերի դրոշը և վերջացնի պատերազմը, համաձայնեց _________________________ 1 Փավստոս Բյուզանդ «Հայոց պատմություն», գիրք 3, գլուխ 21; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 39; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 25; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9, մաս 25.1; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 25; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 13; Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 9; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 17, գլուխ 5, , գիրք 22, գլուխ 4, գիրք 23, գլուխ 5; Լիբանիոս «Ճառեր, Գովեստի խոսք, ուղղված արքաներ Կոնստանդիոսին և Կոնստանդին», 63; Զոնորաս «Պատմություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Յոշվա Ստիլիտ «Ժամանակագրություն», գլուխ 7։ Այս մասին հայտնում է նաև Սինեսիոսը։
հռոմեա-հայկական կողմի համար ամենաձեռնտու ու իր պետության համար ամենևին էլ ոչ ձեռնտու պայմաններով հաշտություն կնքելուն։ Արդյունքում՝ 298 թվականի գարնանը կնքվեց Մծբինի հաշտության պայմանագիրը, երբ կողմերը պարտավորվեցին դրանից հետո 40 տարի շարունակ խաղաղություն պահպանել, Մեծ Հայքի թագավորությունը պահպանեց իր լիակատար անկախությունը ու վերականգնեց տարածքային ամբողջականությունը, Խոսրով II-ի իշխանությունը իր վերջը գտավ, նրա տիրույթները անցան Տրդատ II Մեծին, իսկ Հռոմեական կայսրությանն էլ անցան ողջ Հայոց և Հյուսիսային Միջագետքները, երբ, ըստ էության, վերականգնվեց Հռոմեական կայսրության ու դեռևս Պարթևական թագավորության միջև հաստատված սահմանը 217 թվականի վիճակով։ Փաստորեն նախորդ բուռն տասնամյակներից հետո տարածաշրջանում սկիզբ առան համեմատական անդորրի և խաղաղության երկարատև տարիներ, որոնք էլ իրենց հետ բերելու էին մեծամեծ հետևանքներ։
Գլուխ 20 Քրիստոնեության ընդունում որպես Մեծ Հայքի թագավորության պետական կրոն
301 թվականին Տրդատ II Մեծը, իր ժամանակի համար զարմանալի հեռատեսությամբ ընկալելով քրիստոնեության, որպես կրոնի, դերն ու նշանակությունը նախորդ հարյուրամյակում սկիզբ առած և այժմ արդեն բուռն զարգացում ապրող հասարակական նոր հարաբերությունների համատեքստում, իր թագավորության համար առաջինը պատմության մեջ այն հռչակեց որպես պետական կրոն։ Դատելով ըստ ամենայնի՝ Տրդատ II Մեծն իրոք զարմանալի քաղաքական մի հոտառությամբ գիտակցել էր, որ հին կրոնը, մանավանդ թուլացած վերջին տասնամյակներում Մեծ Հայքի թագավորության գահին հաստատված Սասանյան գահակալների բարեփոխումներով և արդյունքում առավել նմանված զրադաշտականությանը, արդեն ոչ միայն մեծապես անընդունելի ու անհասկանալի էր դարձել հայ ժողովրդի մեծ մասի համար, այլև չէր համապատասխանում նաև իր ժամանակի հայերի հոգևոր պահանջմունքներին ամենից առաջ հենց սոցիալական մակարդակում: Երկիրը մուտք էր գործում ֆեոդալական հասարակական հարաբերությունների դարաշրջան, իսկ Հայոց հին հավատքը, ըստ էության, դրա համար չէր: Նույն այս խնդիրն, ի դեպ ասած, հետաձգված հարյուրամյակներով և այդպես էլ չլուծված, սրանից 350 տարի հետո կործանելու էր զրադաշտական պարսկական քաղաքակրթությանը ու բերելու էր նրան, որ այդ քաղաքակրթության ներկայացուցիչները մասսայականորեն ընդունեն իսլամ: Հին աստվածներն այլևս չէին համապատասխանում նոր մարդկանց պահանջներին ու եկավ… նոր մի աստված: «301 թվականի, երբեմնի Արամ-Րամը, հազարամյակներ շրջագայելուց ու բյուր վերափոխություններից հետո Քրիստոսի կերպարանքով կվերադառնա և պաշտոնապես կհաստատվի Հայաստանում: Նոր կրոնում հայ-արիները՝ հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի, կճանաչեն հարազատ սկզբունքները»1,-՝ հարյուրամյակներ անց այս մասին կասի Ալեքսանդր Վարպետյանը՝ զարմանալիորեն ճշտորեն բնութագրելով ինչպես քրիստոնեության էությունը, այնպես էլ նրա դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, ապա Տրդատ II Մեծի կողմից քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն անակնկալ էր նաև Դիոկլետիանոսի համար: Մի կողմից, սակայն, իրեն բնորոշ լայնախոհության պատճառով, իսկ մյուս կողմից էլ մեծ հաշվով դա Մեծ Հայքի ներքին գործը համարելուն հակված կայսրը հարաբերություններն այդպես էլ չսրեց, մանավանդ որ առաջին քրիստոնյա միապետը ամուր էր պահում հռոմեացիների հետ կնքած դաշինքը և հավատարիմ էր դրան։ Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ նոր կրոնի հաստատումը, չնայած երկրում հանդիպեց որոշակի դիմադրության, բայց գործընթացը մեծ հաշվով անցավ առանց լուրջ ցնցումների։ Բանակային ուժերի կիրառման կարիք եղավ, ըստ էության, միայն Տարոնում։ Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով. _________________________ 1 Ալեքսանդր Վարպետյան, «Ովքե՞ր են ի վերջոյ արիացիները», Մարսել 1990, էջ 98:
301 թվականին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Երկրի որոշ մասերում, սակայն, նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության։ Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000 հոգին սրերով զինված հետևակայիններ, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն։ Ի պատասխան դրա` Արձան քրմապետի և նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության, ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան ու սպասելով Աշտիշատից եկող օգնությանը։ Այս ընթացքում տեղում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք և շրջակա գավառներ, իսկ ինքը Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մնացած բանակով (300 հեծյալ) մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր։ I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ։ Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին։ II փուլ – Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք), սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից։ III փուլ – Պաշարվածներին ստեղծված իրավիճակի մասին հաջողվեց տեղեկացնել Անգեղյաց իշխանին։ Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը։ IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր ու, թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել։ V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին` Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր և հարձակվեց քրմական բանակի վրա։ Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին։ Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում, թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին։ VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա։ Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից, ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից։ _________________________ 1 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ` կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը` ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ։ Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան։ Իր հերթին գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում (700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային)։ VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել։ IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը և նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը ու կողքից հարվածեցին կառավարական բանակին։ Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող և իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ։ Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց։ Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին։ Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուի իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա։ Արդյունքում՝ վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց։ Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ, սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց նրան։ Ի վերջո, արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը։ Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր:
Գլուխ 21 Դիոկլետիանոսի Մեծ քաոսը
298 թվականին կնքված Մծբինի հաշտության պայմանագիրը ընդամենը հետաձգեց, բայց ոչ մի կերպ չվերացրեց այն խորը հակասությունները, որ կային երկարատև քաղաքական ցնցումներից հետո մեջքն արդեն ուղղած Հռոմեական կայսրության, ինչպես նաև Պարսից թագավորության միջև, ընդ որում, եթե հռոմեա-հայկական կողմը, մեծապես գոհ մնալով հաշտության պայմաններից, ձգտում էր հնարավորինս երկար պահպանել ստեղծված վիճակը, ապա պարտված ու ստորացված, սակայն չընկճված պարսկական կողմը այրվում էր կորցրածը հետ բերելու մարմաջից։ Ինչ վերաբերում է հնարավորությանը, ապա այն իրեն երկար սպասեցնել չտվեց, քանզի անորոշ լիազորություններով ավագ ու կրտսեր համակայսրերի տարօրինակ այն համակարգը, որը ստեղծել էր Դիոկլետիանոսը, շուտով ուղղակի դադարեց գործել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 305 թվականի մայիսի 1-ին Դիոկլետիանոսը կամավոր, իսկ Մաքսիմիանոսը՝ Դիոկլետիանոսի ճնշման արդյունքում, հրաժարվեցին օգոստոսների կոչումից և դրանք փոխանցեցին իրենց կեսարներին՝ Դիոկլետիանոսը՝ Գալերիոսին, իսկ Մաքսիմիանոսը՝ Կոնստանդիոս I-ին։ Դրանից հետո օգոստոսի կոչումին արժանացած Գալերիոսը իր կեսար նշանակեց Մաքսիմինոս II Դազային (305-313), իսկ Կոնստանդիոս I-ն էլ՝ Վալերիոս Սևերոսին
(305-307): 306 թվականի հուլիսի 25-ին, սակայն, օգոստոս Կոնստանդիոս I-ը մահացավ և դրանից հետո էլ հենց ամեն ինչ իրար խառնվեց: Ենթադրվում էր, որ Կոնստանդիոս I-ին պետք է հաջորդի նրա կեսար Վալերիոս Սևերոսը և սկզբում հենց այդպես էլ եղավ, սակայն, չէր հասցրել դեռ օգոստոս Վալերիոս Սևերոսը իրեն կեսար նշանակել, երբ ապստամբեց ու իրեն կայսր հռչակեց Կոնստանդիոս I-ի որդի Կոնստանդինը՝ Կոնստանդին I Մեծը (306-337): Վերջինս մինչ այդ Արևելքում ծառայել էր Դիոկլետիանոսի հրամանատարության տակ և, գտնվելով այդ արտառոց մարդու կողքին, նրանից, ի բարեբախտություն իրեն, պետական կառավարման հարցերում վերցրել էր միայն դրականը: Միաժամանակ Կոնստանդին I Մեծի օգտին էր նաև այն հանգամանքը, որ իր հանգուցյալ հայրը սեփական լավ կառավարման արդյունքում բանակում ու ժողովրդի մեջ և հատկապես կայսրության արևմտյան հատվածում հսկայական հեղինակություն ուներ, իսկ դրան հակառակ էլ՝ անգույն Վալերիոս Սևերոսը որևէ հեղինակություն չուներ: Ավելին, նույն 306 թվականի երկրորդ կեսին, երբ դեռ չէր պարզվել, թե Արևմուտքում իշխող տիրակալներից ո՞րն է առաջնայինը՝ Վալերիոս Սևերոսը թե՞ Կոնստանդին I Մեծը, այդպես էլ իշխանությունից հրաժարվել չկարողացած Մաքսիմիանոսի դրդումներով Ապենինյան թերակղզում ոտքի կանգնեց վերջինիս որդի Մաքսենցիոսը (306-312), ինչի արդյունքում Գալլիայում գտնվող Վալերիոս Սևերոսը հայտնվեց Բրիտանիայում գործող Կոնստանդին I Մեծի և Ապենինյան թերակղզում գտնվող Մաքսենցիոսի մեջտեղում: Ահա լարված հենց այս պահին էր, որ 306 թվականի աշնանը Պարսից թագավորության նոր արքա և Քուշանշահերի թագավորության նախկին արքա Որմիզդ II-ը (302-309), որը, փոխարինելով կրած ծանր պարտությունից հետո այդպես էլ ուշքի չեկած Ներսեսին ու Քուշանշահերի թագավորության արքա հռչակելով իր որդի Պերոզ II-ին (302-330), ձգտում էր փոփոխել իրերի ստեղծված դրությունը, խոշոր մի բանակով ասպատակեց Հայոց Միջագետքը և Հյուսիսային Ասորիքը ու նահանջեց1՝ կարծես ցանկանալով ցույց տալ, որ պարսիկները ամենևին էլ չեն հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ 306 թվականի վերջինս Կոնստանդին I Մեծը Մաքսենցիոսի հետ համաձայնության եկավ ընդդեմ Վալերիոս Սևերոսի, ընդ որում Վալերիոս Սևերոսի հարվածը Հռոմում ամրացած Մաքսենցիոսին էլ իր հերթին որևէ արդյունք չտվեց: Ավելին, Ռավեննա նահանջած Վալերիոս Սևերոսը, ենթարկվելով սեփական խաղը սկսած Մաքսիմիանոսի դրդումներին, ի վերջո հանձնվեց Մաքսենցիոսի ողորմածությանը և արդեն 307 թվականի սեպտեմբերի 30-ին Հռոմում սպանվեց: Նույն տարում էլ իրենց օգոստոսներ հռչակեցին ինչպես Մաքսիմիանոսը, այնպես էլ Մաքսենցիոսը, ընդ որում որպես օգոստոսներ գործում էին նաև Գալերիոսն ու Կոնստանդին I Մեծը: Կեսարի դերում առժամանակ մնաց միայն Մաքսիմինոս II Դազան: 308 թվականին, ցանկանալով այնուհանդերձ կարգի գցել սեփական համակարգը, բոլոր պաշտոններից հրաժարված, սակայն դեռևս մեծ հեղինակություն վայելող Դիոկլետիանոսը, ինչպես նաև սեփական խաղը խաղալ փորձող Մաքսիմիանոսը իրար բերեցին բոլոր տիրակալներին և ի վերջո համաձայնության եկան իշխանության նոր բաժանման շուրջ։ Արդյունքում որոշվեց, որ Արևմուտքում օգոստոս կլինի Հայոց արքա Տրդատ II Մեծի լավ բարեկամ Լիցինիոսը (308-324), որի կեսար կնշանակվի Կոնստանդին I Մեծը, Արևելքում էլ օգոստոս կլինի Գալերիոսը, իսկ նրա կեսար էլ՝ Մաքսիմինոս II Դազան: Որոշվեց նաև, որ, ինչպես և առաջ, Մաքսիմիանոսը պետք է հեռանա գործերից, իսկ Մաքսենցիոսն էլ հայտարարվեց բռնատիրող: Ձեռք բերված համաձայնությունը, սակայն, ըստ էության, միայն ձևական բնույթ ուներ, քանի որ Ապենինյան թերակղզուն և Հյուսիսային Աֆրիկային փաստացի տիրող Մաքսենցիոսը որևէ կերպ չէր պատրաստվում զիջել դիրքերը, նրա հայր Մաքսիմիանոսն իր հերթին որևէ ցանկություն չուներ դուրս մնալ խաղից, Կոնստանդին I Մեծը որևէ հիմք չէր տեսնում ստորադասվել Լիցինիոսին, իսկ Մաքսիմինոս II Դազան էլ, ցանկանալով դառնալ օգոստոս, իր հերթին իրեն համարում էր անարժանիորեն զրկված։ Արդյունքում՝ փոխադարձ կասկածներն և դժգոհություններն ի վերջո բերեցին նրան, որ 309 թվականին Կոնստանդին I Մեծին և Մաքսիմինոս II Դազային տրվեցին օգոստոսի տիտղոսներ: Հետագա մի քանի տարում, սակայն, գերառատ համակայսրերը պակասեցին: Այսպես, որդու հետ անհարթ հարաբերություններ _________________________ 1 Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»։
ունեցող Մաքսիմիանոսն ի վերջո անցավ Կոնստանդին I Մեծի տիրապետության տակ գտնվող տարածքներ և 310 թ-ի հուլիսին վերջինիս կողմից հենց այստեղ էլ սպանվեց, Գալերիոսը բնական մահով մահացավ 311 թվականի մայիսի 5-ին, իսկ 312 թվականի հոկտեմբերի 28-ին էլ նույն Կոնստանդին I Մեծը Հռոմի մոտ գտնվող և Տիբեր գետի վրա ձգվող Մալվինյան կամրջի մոտակայքում տեղի ունեցած վճռական ճակատամարտում հաղթեց Մաքսենցիոսին, որը դիմեց փախուստի, սակայն կամրջից ընկավ գետը ու խեղդվեց: Կորցրածը հետ բերելու հետ կապված գաղափարները, որոնք Պարսից թագավորությունում արտացոլվեցին դեռևս 306 թվականին, հատկապես բուռն զարգացում ապրեցին Որմիզդ II-ի որդի և հաջորդ, Սասանյանների գահատոհմի ամենաակնառու գահակալներից մեկը հանդիսացող Շապուհ II-ի (309-379) օրոք։ Շապուհ II-ի հայրը զոհ էր գնացել սեփական իշխանների հղացած դավադրությանը դեռ այն ժամանակ, երբ ապագա այս տիրակալը գտնվում էր մոր արգանդում, սակայն դա չխանգարեց նրան, որ Պարսից թագավորության ռազմաքաղաքական ավագանու ազդեցիկ խմբավորումներից մեկը, այն բանից հետո, երբ իր ժամանակի բժշկական գիտելիքների կիրառմամբ պարզվեց, որ դեռևս չծնված մանկիկը արական սեռի է, գահից հեռացնելով և սպանելով Պարսից հերթական արքա, Որմիզդ II-ի որդի Ատրներսեհին (309), կուրացնելով վերջինիս փոքր եղբորն ու մյուս եղբորն էլ ստիպելով ապաստանել հռոմեացիների մոտ, «արյաց արքա» հռչակի հենց դեռևս մոր արգանդում գտնվող քուշանուհու այդ որդուն, իսկ Շապուհ կոչված նորածնի լույս աշխարհ գալն էլ, որը տեղի ունեցավ այս դեպքից մի քանի ամիս հետո, արդեն գործնականում արդարացրեց հիշատակված խմբավորման սպասելիքները։ Մինչ Շապուհ կոչված նորածինը կաներ իր կյանքի առաջին քայլերը կամ նույնիսկ խոսել կսովորեր, սակայն, տարածաշրջանում սկսեցին զարգանալ նորանոր իրադարձություններ։ Խոսքն ամենից առաջ կրկին վերաբերում էր Հռոմեական կայսրությանը: Շապուհ II-ի ծննդյան և իշխելու առաջին տարիներին Հռոմեական կայսրությունում դեռևս շարունակվում էր 305 թվականից սկիզբ առած գահակալական դաժան ներքաղաքական պայքարը, երբ իշխանության տենչով բռնկված մեծաքանակ կեսարներն ու օգոստոսները փորձում էին հաստատել իրենց միահեծան իշխանությունը և այդ ընթացքում դաժանորեն ոչնչացնում էին մեկը մյուսին։ Արդյունքում, «զինվորական կայսրերի» «լավագույն» ավանդույթների ոգով, Դիոկլետիանոսի հրաժարականից հետո ևս գրեթե երկու տասնամյակ Հռոմեական կայսրությունը մնաց գահակալական պայքարի քաոսի մեջ, իսկ այդ հանգամանքն էլ ոչ միայն կյանք արժեցավ իր այդքան ձգտած հանգիստը այդպես էլ վայելել չհասցրած Դիոկլետիանոսին, որին 311 թ-ի դեկտեմբերի 11-ին ուղղակի սպանեցին, այլև հնարավորություն տվեց պարսիկներին ուղղել մեջքը։ 312 թվականի վիճակով Հռոմեական կայսրության տարածքում, ըստ էության, մնացել էին երեք օգոստոսներ՝ Կոնստանդին I Մեծը, որը իշխում էր Արևմուտքում, Լիցինիոսը, որն իր իշխանության տակ ուներ Բալկանյան թերակղզին, ինչպես նաև Մաքսիմինոս II Դազան, որը տիրում էր Փոքր Ասիային: Այսպիսով՝ Մաքսիմինոս II Դազան վարում էր կայսրության արևելյան գործերը, սակայն դրա հետ միաժամանակ վերջինս նաև անձնական շատ վատ հարաբերություններ ուներ Հայոց արքայի հետ, իսկ այն հանգամանքն էլ, որ Տրդատ II Մեծը ժամանակին պատկանելիս էր եղել Դիոկլետիանոս կայսեր շրջապատին, որի մեջ էին նաև այդ ժամանակ արդեն մահացած Գալերիոս համակայսրը, ինչպես նաև այժմ Բալկանյան թերակղզում իշխող Մաքսիմինոս II Դազայի հակառակորդ Լիցինիոսը, ավելի էր սրում հարաբերությունները։ 312 թվականի ամռանը Մաքսիմինոս II Դազան, պատրվակ բռնելով Փոքր Ասիայի արևմուտքում գործող ավազակախմբերի առկայությունը, Տրդատ II Մեծից պահանջեց վերջիններիս դեմ պայքարում օժանդակել իրեն։ Արդյունքում՝ Սարգիս զորավարի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (40 հեծյալ), հասնելով դեպքի վայր, մանր մարտերում ոչնչացրեց իրենց իրոք բավականին ազատ զգացող տեղում գործող ավազակախմբերին (ընդհանուր` մոտ 1.000)` վերացնելով դրանց գործունեության արդյունքում ստեղծված պարենային ճգնաժամը1։ Հայերի փայլուն գործողությունները, սակայն, Մաքսիմինոս II Դազայի միայն զայրույթն ու նախանձը առաջացրին և արդյունքում վերջինս, հրավիրելով մի խնջույքի, նենգորեն ոչնչացրեց Հայկական օժանդակ հեծելագնդի անդամներին, որոնցից փրկվեց միայն մեծ _________________________ 1 Անանուն Եթովպացի «Պատմություն»:
դժվարությամբ Մեծ Հայքի թագավորություն վերադարձած Սարգիսը, որը ճակատագրական հրավերքից կարողացավ խուսափել միայն իր սիրուհու կողմից ժամանակին իրեն փոխանցված տեղեկատվության շնորհիվ։ Փաստորեն Հռոմեական կայսրության համակայսրը կոպտորեն և աննախադեպ ձևով խախտել էր հայ-հռոմեական դաշինքի պայմանները, սակայն, չբավարարվելով դրանով, վերջինս շուտով իրար բերեց իր բոլոր ուժերը և պատրաստվեց ներխուժել արդեն բուն Մեծ Հայքի թագավորության տարածք։ Ստեղծված պայմաններում այլ բան չէր մնում անել նաև հայերին, քան զենքի դիմելն էր, և ահա արդեն 312 թվականի աշնանը1 Տրդատ II Մեծի ու սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմաններում, հավանաբար Դերջանում, ծանր պարտության մատնեց Մաքսիմինոս II Դազա համակայսեր գլխավորությամբ Սատաղից առաջխաղացած Հռոմեական կայսրության բանակին (մոտ 100.000 2)3։ Հայերի դեմ իրականացված հարձակումը վերջացել էր խայտառակ անհաջողությամբ, սակայն Մաքսիմինոս II Դազան արդեն ոչ ուժ և ոչ էլ ժամանակ չուներ շարունակելու մարտական գործողությունները, քանզի 313 թվականի սկզբին վաղուց ի վեր թաքնված ատելությունը բացահայտ տեսք ընդունեց նաև Լիցինիոսի պարագայում ու պատերազմ բռնկվեց արդեն նաև վերջինիս դեմ։ Ստեղծված պայմաններում Տրդատ II Մեծին իր հերթին այլ բան չէր մնում անելու, քան աջակցել իր հին ընկեր և բարեկամ Լիցինիոսին։ Արդյունքում՝ 313 թվականի գարնանը և ամռանը նույն Սարգսի գլխավորությամբ արշաված Մեծ Հայքի թագավորության հեծելազորը (մոտ 30.000) ասպատակեց Կապադովկիան ու Կիլիկիան4։ Մաքսիմինոս II Դազան, որը ողջ հույսը դրել էր Լիցինիոսին հաղթելու և հետո նոր միայն Հայոց արքայի վրա հարձակվելու վրա, իր 70.000 հոգանոց բանակով ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներով (մոտ 6.000) 313 թվականի մայիսի 1-ին Սիրենյան դաշտի ճ-մ-ում (= Հելեսպոնտոսի ճ-մ) (Թրակիա, Բյուզանդիոնից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք) ծանր պարտություն կրեց Լիցինիոսի բանակից (30.000)5, որից հետո, կորցրած ամեն ինչ, ապաստանեց Կիլիկիայում։ Դրանից հետո, արդեն 313 թվականի հունիսին, Կիլիկիա ներխուժած Լիցինիոսի բանակը (մոտ 100.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000), ինչպես նաև Սարգսի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 30.000) Մաքսիմինոս II Դազայի բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000) պաշարեցին Տարսոնը, ինչի արդյունքում Մաքսիմինոս II Դազան ինքնասպան եղավ, քաղաքի կայազորը հանձնվեց, իսկ Լիցինիոսը դարձավ Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաների միանձնյա տիրակալ6՝ կիսելով _________________________ 1 Այս ճակատամարտի թվականի մասին Եվսեբիոս Կեսարացին ոչինչ չի ասում, սակայն վերջինս տրվել է այն հիմնավորմամբ, որ հենց 312 թվականին Հռոմի արևելյան պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Մաքսիմինոս II Դազան հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ։ Կարելի է կարծել, որ արդեն իսկ չարացած լինելով քրիստոնյաների, հետևաբար նաև Մեծ Հայքի թագավորության վրա, վերջինս մարտական գործողություններ է սկսել Մեծ Հայքի դեմ Սարգսի գլխավորած հեծելագնդի հետ կապված էպիզոդից, ինչպես նաև այն բանից հետո, երբ Տրդատ II Մեծը մերժել է նրա պահանջը ռազմական օգնություն ցույց տալ իրեն Հռոմի կենտրոնական պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Տրդատ II Մեծի երբեմնի ընկեր ու բարեկամ Լիցինիոսի դեմ մղվող պայքարում։ Հայտնի է, որ 311 թվականին Մաքսիմինոս II Դազայի և Լիցինիոսի միջև բանը ընդհարման չհասավ ու նրանք համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում։ Այս ամենի ֆոնի վրա կարելի է կարծել, որ հենց դրանից հետո է Դազան մարտական գործողություններ սկսել Մեծ Հայքի դեմ։ Պետք է նշել նաև, որ Հռոմեական կայսրության բանակի երթուղին կոնկրետ հայտնի չէ, սակայն ես առաջնորդվում եմ այն ենթադրությամբ, որ Հռոմեական կայսրության բանակը սովորաբար այդ երթուղով էր մտնում Մեծ Հայք։ 2 Գրականության մեջ միանշանակ կարծիք չկա 300-337 թվականներին Հռոմեական կայսրության լեգեոնների քանակի մասին։ Սակայն առկա տվյալների վերլուծության արդյունքում կարելի է մոտավորապես ասել, որ քննարկվող ժամանակաշրջանում Հռոմն ուներ. 1. 41 լեգեոն։ Սրանցից 30-ը նախկինում գոյություն ունեցած, իսկ 11-ը` նոր կազմավորված լեգեոններն էին։ Այս լեգեոնները կազմված էին 7.000 լեգեոներներից, որոնցից զգալի թիվ էին կազմում հեծյալները, ունեին «կոմիտատես»-ի կարգավիճակ և հանդիսանում էին բանակի հիմքն ու նրա հիմնական հարվածային ուժը։ 2. 24 լեգեոն։ Սրանք նոր էին կազմավորվել, մեծապես համալրվում էին պրովինցիաների դաշնակից ռազմիկներից, ունեին «պսևդոկոմիտատես»-ի կարգավիճակ և կազմված էին 3.000 լեգեոներներից` իրենց կազմում գրեթե չունենալով հեծյալներ։ Նրանց հիմնական խնդիրն էր կայսրության սահմանների պաշտպանությունը և մինչև հիմնական ուժերի տեղ հասնելը թշնամու առաջխաղացման կասեցումը։ Այսպիսով՝ քննարկվող ժամանակաշրջանում Հռոմեական կայսրության բանակն ուներ 359.000 լեգեոներ։ Սակայն, հաշվի առնելով այն, որ այս ժամանակաշրջանում Հռոմեական կայսրության կայսրությունը, հետևաբար նաև բանակը, բաժանված էր 3 կայսրերի միջև, կարելի է ասել, որ նրանցից յուրաքանչյուրի տրամադրության տակ կար մոտ 120.000 լեգեոներ։ Այս պայմաններում կարելի է ենթադրել, որ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն Մեծ Հայք ներխուժած Մաքսիմինոս II Դազայի բանակը կարող էր կազմել մոտ 100.000 լեգեոներ։ 3 Եվսեբիոս Կեսարացի «Եկեղեցական պատմություն», գիրք 9, գլուխ 8: 4 Անանուն Եթովպացի «Պատմություն»: 5 Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 45, գլուխ 46, մաս 1, 8-12, գլուխ 47; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 41; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2; Հովհաննես Նիկյուացի, «Ժամանակագրություն», գլուխ 77; Սեբեոս «Պատմություն», գլուխ 46: 6 Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 49; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 41; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ Հռոմեական կայսրության կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 40; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7,
իշխանությունը կայսրության արևմտյան մասում միանձնյա իշխող Կոնստանդին I Մեծի հետ։ Մի պահ թվում էր, թե երիտասարդությունը արդեն վաղուց իսկ հետևում թողած Հայոց արքայի տիրույթների սահմաններում խաղաղություն է հաստատվել, սակայն շուտով պարզվեց, որ այդ հույսերին վիճակված չէ կյանքի կոչվել։
Գլուխ 22 Հյուսիսային II պատերազմը
310-ական թվականների սկզբի վիճակով Իբերիայի թագավորության երկարակյաց արքա Միհրան III Մեծը, որն ինքն էլ վաղուց արդեն երիտասարդ չէր, բավականին ժամանակ էր արդեն, որ հաշտվել էր Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ II Մեծի հետ՝ որպես Իբերիայի թագավորության պետական կրոն ընդունելով քրիստոնեությունը և ստանալով Հայոց արքայի աջակցությունը: Ավելին, այս արքան, փոքր որդուն ամուսնացնելով Հայոց արքայի աղջկա հետ և վայելելով վերջինիս աջակցությունը, արդեն երկար տարիներ էր, որ համառ ու փոփոխակի հաջողությամբ պայքար էր մղում հյուսիսից իր թագավորության վրա հարձակվող Բասիլական և Ալանական թագավորությունների դեմ։ III դարի երկրորդ կեսին այդ պայքարում Իբերիայի թագավորությանը զգալի աջակցություն էր ցույց տալիս Պարսից թագավորությունը, սակայն այժմ Միհրան III Մեծը մնացել էր միայնակ, իսկ հյուսիսից եկող հարվածն արդյունավետ հետ մղելու համար էլ նրա թագավորության ուժերը քիչ էին: Սրան հակառակ, ուժեղացել էր Բասիլական թագավորությունը, որը, շարունակելով տիրել Նախակովկասյան տափաստաններին և իրեն ենթակա Ալանական թագավորության միջոցով ազդեցության տակ պահելով նաև Կովկասյան լեռնաշղթայի մարտունակ լեռնականներին, իրենից զգալի ուժ էր ներկայացնում: Այս առումով պետք է ավելացնել նաև, որ բասիլների հզորությունը մեծապես պայմանավորված էր նաև արևելքից եկող Հոնական տերության կազմակերպած ճնշումով, երբ բասիլների ազգակից տարբեր ցեղեր, չհամակերպվելով հոների իշխանության հետ, անցնում էին Վոլգան և հաստատվում Բասիլական թագավորությունում: 310-ական թվականների սկզբի վիճակով Բասիլական թագավորության գլուխ կանգնած էր Գեդռեհոն I-ը (մոտ 300 - ուղ. 314), ընդ որում բացառված չէ, որ սա ոչ թե հատուկ անուն է, այլ՝ տիտղոս, սակայն, այսպես թե այնպես, այս անձնավորությանն այլ կերպ կոչել ուղղակի հնարավոր չէ: 313 թվականի աշնանը1, երբ դեռ նոր էին դադարել Մաքսիմինոս II Դազայի հարուցած հուզումները և բոլորը ձգտում էին խաղաղության, Գեդռեհոն I-ի գլխավորած Բասիլական ու Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 30.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ), Ալանաց դուռ լեռնանցքից ներխուժելով Իբերիայի թագավորության տարածք, Միհրան III Մեծի գլխավորությամբ նահանջող ուժերին հետապնդելով հասավ մինչև Գուգարք, որտեղ ապաստանել էր Իբերիայի թագավորության արքան՝ փաստորեն սկիզբ դնելով Հյուսիսային II պատերազմին (313-315)2։ Այստեղ, սակայն, Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000) հաղթեց և հետ շպրտեց առաջխաղացած հակառակորդին, ընդ որում, հետապնդելով վերջինիս` Հայկական բանակը ազատեց գերիներին ու հետ խլեց ավարի մի մասը։ Ստեղծված պայմաններում, վերականգնելով Միհրան III Մեծի իշխանությունը իր թագավորության վրա, միաժամանակ Տրդատ II Մեծը, _________________________ գլուխ 28; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 2; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 10 գլուխ 4; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 59; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 19: 1 Այս ճակատամարտի թվականը պարզվում է Հովհան Մամիկոնյանի (գիրք 1, գլուխ 4) այն հաղորդման շնորհիվ, ըստ որի. «հենց այդ ժամանակ» Տրդատ II Մեծին լուր հասավ, որ Կոնստանդին I Մեծը մկրտվել է որպես քրիստոնյա։ Հայտնի է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 313 թվականին։ 2 Հյուսիսային II պատերազմը ավանդականորեն համարվել է վիպական և ուսումնասիրության չի ենթարկվել, ինչը սխալ է։ Հովհան Մամիկոնյանի կողմից տրվող այս պատերազմի ճակատամարտերի նկարագրությունը դրանք առասպել ընդունելու իրոք որևէ հիմք չի թողնում, քանի որ նկարագրությունները իրենց բնույթով նման են մեր պատմիչների կողմից նկարագրված այն բազում ճակատամարտերին, որոնք երբևէ առասպելական լինելու կասկած չեն առաջացրել։ Իր հերթին այս իրադարձությունները, որոնց թիվը հնարավոր է ասել խիստ որոշակիությամբ (այս մասին մանրամասն` ստորև) իրենց ճշգրիտ տեղն են գտնում նաև տարածաշրջանային իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա դիտարկելիս։ Ըստ «Քարթլիս Ցխովրեբա»-ի (Լեոնտիոս Մրովելի) Իբերիայի արքա Միհրան III Մեծը III դարի վերջին և IV դարի սկզբին համառ և փոփոխակի հաջողությամբ պայքար էր մղում հյուսիսից կատարվող ներխուժումների դեմ։ Վրացական աղբյուրը ուղղակիորեն չի խոսում Իբերիայի արքայի որևէ խոշոր պարտության մասին, սակայն, ըստ Հովհան Մամիկոնյանի ուղղակի վկայության, Միհրան III Մեծը նահանջել է դեպի Մեծ Հայքի թագավորության տարածք և օգնություն է խնդրել Տրդատ II Մեծից, ինչը վկայում է նրա կրած անհաջողության մասին։ Իր հերթին Իբերիայի արքայի այս արարքի հետևանքը եղավ այն, որ, հետապնդելով վերջինիս, հյուսիսականները հարձակվեցին Մեծ Հայքի թագավորության վրա` սկսելով Հյուսիսային II պատերազմը։
հետագա ներխուժումները կանխելու նպատակով, Աղձնիքի Դրաստամատ իշխանի գլխավորությամբ Գուգարքում թողեց ուժեղ սահմանապահ զորախումբ1։ 314 թվականի գարնանը Գեդռեհոն I-ի գլխավորությամբ Ալանաց դուռ լեռնանցքից կրկին ներխուժած Բասիլական և Ալանական թագավորության միացյալ բանակը (մոտ 30.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) Միհրան III Մեծին հերթական անգամ ստիպեց նահանջել Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ: Թշնամին, սակայն, այս անգամ արդեն կանգ չառավ և մտավ Հայոց թագավորության տարածք, ընդ որում, օգտվելով կաշառված և իր արքային դավաճանած Աղձնիքի Դրաստամատ իշխանի թողտվությունից, Գեդռեհոն I-ի գլխավորած ուժերը հասան Տուրուբերանի նահանգի Տարոն գավառ2։ Նույն այս ժամանակ Տարոնում էր գտնվում նաև Հայոց արքան, որը պատրաստվում էր մեկնել Հռոմեական կայսրություն: Դատելով ըստ ամենայնի, Տրդատ II Մեծն արդեն տեղյակ էր Միլանի էդիկտի մասին և, ինքը լինելով քրիստոնյա միապետ, սակայն դեռևս, ըստ երևույթին, լավ չպատկերացնելով վիճակը կայսրությունում, փորձում էր անձնական այցելությամբ պարզել իրականությունը: Դատելով ըստ ամենայնի՝ Հայոց արքան ցանկանում էր ամենից առաջ տեսակցել իր հին բարեկամ Լիցինիոսի հետ, մանավանդ որ այլ կերպ, ըստ էության, չէր էլ կարող լինել, քանզի Արևելքում տիրում էր հենց այս տիրակալը: Անակնկալ հարձակումը, սակայն, փաստորեն խախտեց Հայոց արքայի ծրագրերը: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.
314 գարուն – Կուառս գյուղի ճ-մ3
Առաջ անցնելով Մեծ Հայքի սահմանապահ բանակից` Գեդռեհոն I-ի գլխավորած Բասիլական և Ալանական թագավորությունների միացյալ բանակը (58.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) սկսեց մոտենալ Տարոնին` նպատակ ունենալով ազատել Ողական ամրոցում պահվող գերիներին։ Կռահելով թշնամու շարժման ուղղությունը` Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000, այդ թվում Մաղխազական գունդը) ևս մտավ Տարոն։ Շուտով պարզվեց, որ Հայկական բանակի հրամանատարությունը իրոք չէր սխալվել, քանի որ կարճ ժամանակ անց Տարոն մտավ նաև թշնամու բանակը և, արդեն գիշերով մոտենալով գյուղին, պաշարեց այն, ընդ որում թշնամու հետևակը պաշարումն իրականացրեց արևմուտքից, իսկ հեծելազորը` հարավից։ Տեղեկանալով թշնամու մոտենալու մասին` հայ իշխանները առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել, սակայն Տրդատ II Մեծը մերժեց այդ առաջարկը` նշելով, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ թշնամու իրական թիվը անհայտ է։ Նույն գիշերն էլ Սյունյաց գնդի ռազմիկները բռնեցին մի քանի գերիների, որոնցից էլ հայտնի դարձավ առաջիկա ճակատամարտում թշնամական բանակի թվական կազմը և մարտական գործողությունների նախատեսած պատկերը։ Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը` Հայոց արքան կատարեց Մեծ Հայքի թագավորության բանակի տեղաբաշխում: Առաջին ջոկատը (6.000) տեղավորվեց դարանում` Արձան լեռան գագաթի այգիներում, երկրորդը (4.000)` գյուղի արևմուտքում, երրորդը (4.000)` անցկացվեց թշնամու թիկունք և տեղաբաշխվեց գյուղից հարավ-արևելք գտնվող բարձունքներում, իսկ չորրորդը (մոտ 1.000 պարսատիկավոր) տեղավորվեց գյուղի հարավում։ Միաժամանակ բոլոր ջոկատների հրամանատարներին խստորեն հրամայվեց չխաբվել թշնամու կեղծ նահանջներից` սկյութական մարտաձև կիրառելու փորձերից, և առանց հրամանի չմտնել մարտի մեջ։ Ըստ նախապես հաստատված մարտական պատկերի՝ Տրդատ II Մեծը մնացած ուժերով (մոտ 15.000) պետք է թշնամուն ցույց տար, թե փորձում է բարձրանալ Արձան լեռն ի վեր, իբր այնտեղ պաշտպանություն կազմակերպելու համար, սակայն իրականում դրանով պետք է վերջինիս իր հետևից քաշեր և գցեր նախապես պատրաստված դարանների` չորս առանձնացված ջոկատների, հարվածների տակ։ _________________________ 1 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1: 2 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1: 3 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
I փուլ – Առավոտյան Տրդատ II Մեծի գլխավորած ուժերը շարժվեցին Արձան լեռն ի վեր։ Տեղեկանալով այդ մասին` Գեդռեհոն I-ի հեծելազորը հարավից շարժվեց դեպի հյուսիս-արևելք։ Թշնամին փակեց Հայկական բանակի ճանապարհը, որի արդյունքում բռնկվեց և բավականին երկար շարունակվեց համառ մարտ։ II փուլ – Թշնամու հետևակը շարժվեց դեպի հարավ և այդ կողմից հարձակվեց գյուղի վրա։ Իր հերթին այս ուղղությամբ տեղավորված Հայկական չորրորդ ջոկատը հզոր հարված հասցրեց թշնամուն և նահանջեց դեպի գյուղի խորքերը` վերջինիս իր հետևից քաշելով դեպի նախապես պատրաստված դարանը։ Արդեն գյուղի խորքում չորրորդ ջոկատը հետ դարձավ և, գյուղի արևմուտքում տեղավորված երկրորդ ջոկատի հետ միասին նախապես պատրաստված դիրքերից սկզբում խոշոր քարերով, իսկ հետո արդեն հեռահար զենքերով հզոր հարվածներ հասցրեց թշնամուն։ Արդյունքում՝ վերջինս, կորցնելով 1.006 զինվոր, դիմեց անկանոն փախուստի ու ցրվեց։ III փուլ – Այս ընթացքում Արձան լեռան գագաթին տեղակայված Հայկական առաջին ջոկատը թիկունքից հզոր հարված հասցրեց Տրդատ II Մեծի ուժերին համառորեն դիմադրող թշնամու բանակին, որը, արդեն չդիմանալով երկկողմանի հարվածներին, դիմեց փախուստի դեպի գյուղի հարավային կողմը` հետապնդվելով Տրդատ II Մեծի հիմնական բանակի և առաջին ջոկատի կողմից։ IV փուլ – Փախուստի դիմած թշնամին մոտեցավ գյուղից դեպի հարավ-արևմուտք գտնվող բարձունքներում տեղավորված երրորդ ջոկատի դիրքերին, որն էլ իր հերթին անմիջապես մտավ մարտի մեջ և ծանր հարված հասցրեց վերջինիս։ V փուլ – Բոլոր կողմերից հալածվելով և կորցնելով 1.700 զինվոր, որոնցից 806-ին ոչնչացրեցին պարսատիկավորները` Գեդռեհոն I-ի բանակը դիմեց խուճապահար փախուստի։ Ընդհանուր հաշվով թշնամին կորցրեց 4.252, հայերը` մոտ 1.000 զինվոր։
314 գարուն – Մուշեղամարգ գյուղի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Հաշտեանք գավառ)1
Նախորդ ճակատամարտում պարտություն կրած և փախուստի դիմած Բասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակը (53.748, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) հասավ Հաշտեանք։ Այստեղ կարգի բերելով իր բանակը` Գեդռեհոն I-ը կրկին մարտի կանչեց Մեծ Հայքի թագավորության բանակին, իսկ Տրդատ II Մեծին էլ, ուղարկելով խիստ վիրավորական մի մարտակոչ, հրավիրեց մենամարտի։ Ի պատասխան դրա` Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու կողմից գլխավորվող ու որոշակիորեն համալրված Մեծ Հայքի թագավորության բանակը (30.000, այդ թվում Մաղխազական գունդը) շարժվեց դեպի Հաշտեանք։ Հայկական բանակը մոտեցավ գյուղին և մարտակարգ ընդունեց` առաջին շարքում տեղավորելով հեծելազորը, իսկ երկրորդում` հետևակը։ Առաջին շարքի ձախ թևը ղեկավարում էր Անգեղյաց իշխանը, աջ թևը` Անդովկ Սյունին, իսկ կենտրոնը` Գարջույլ Խորխոռունին։ Երկրորդ շարքը, որը տեղավորված էր առաջին շարքի աջ թևի և կենտրոնի հետևում, գտնվում էր Սմբատ Բագրատունու հրամանատարության տակ։ Ողջ բանակի ղեկավարումը իր վրա վերցրեց Տրդատ II Մեծը։ Ճակատամարտից առաջ երկու բանակների մարտակարգերի միջատարածքում հանդիպեցին Տրդատ II Մեծը և Գեդռեհոն I-ը, որը ինքն էլ համարվում էր հզոր ու անպարտելի մի ռազմիկ։ Մենամարտը սկսվեց մարտական մուրճերով և տևեց բավականին երկար` առավելություն չբերելով կողմերից ոչ մեկին։ Ընթացքում, սակայն, Գեդռեհոն I-ը աստիճանաբար սկսեց հոգնել և, նպատակ ունենալով փոխել իր համար վտանգավոր դարձած մենամարտի ընթացքը, հանկարծ կտրուկ պոկվեց Հայոց արքայից ու հեռվից նետեց օղապարանը` կաշկանդելով Տրդատ II Մեծի թևերը։ Դրանից հետո Գեդռեհոն I-ը, հույս ունենալով Հայոց արքային տապալել ձիուց, ձգեց օղապարանը, սակայն Տրդատ II Մեծն ինքը ասպանդակեց նժույգը և, մոտենալով հակառակորդին ու _________________________ 1 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
թույլ չտալով վերջնականապես կաշկանդել իր թևերը, ձիու արագ թռիչքներով խճճեց հակառակորդին սեփական օղապարանի մեջ, որից հետո ծանր թրի հզոր հարվածով սպանեց նրան։ I փուլ – Հայկական առաջին շարքի հեծելազորը անցավ հարձակման, որի արդյունքում Հայկական ձախ թևը ձախից շրջանցեց թշնամու աջ թևը և անցավ նրա թիկունք, իսկ համակցված հարված հասցրած հայկական կենտրոնը ու աջ թևն էլ իրենց հերթին, հարվածելով թշնամու կենտրոնին, ճեղքեցին այն և վերջնականապես շրջապատեցին թշնամու աջ թևը։ Այս ընթացքում Անդովկ Սյունին մարտադաշտում հանդիպեց թշնամու աջ թևի հրամանատարին։ Տեղի ունեցած մենամարտի սկզբում հակառակորդը ճարպիկ հարվածով սպանեց Սյունյաց իշխանի ձիուն, սակայն վերջինս չկորցրեց իրեն և, արդեն գետին գլորվելիս, իր հերթին կարողացավ թրի հարված հասցնել հակառակորդի նժույգի ոտքերին ու շարքից հանել վերջինիս։ Դրանից հետո հակառակորդները մարտը շարունակեցին արդեն հետևակ վիճակում, որից հետո Անդովկ Սյունին ցատկեց իր թիկնապահի մատուցած ձիու վրա և ի վերջո գլխատեց իր հակառակորդին։ II փուլ – Մինչ տեղի էր ունենում այս ամենը` Հայկական բանակի երկրորդ շարքը հզոր հարձակում կազմակերպեց թշնամու ձախ թևի վրա, որի արդյունքում ոչ միայն թույլ չտվեց վերջինիս օգնության հասնել սեփական կենտրոնին և աջ թևին, այլև՝ ի վերջո փախուստի մատնեց նաև նրան։ III փուլ – Թշնամու բանակը ծանր պարտություն կրեց և դիմեց խուճապահար փախուստի։ Հայկական բանակը հետապնդեց թշնամուն մինչև երեկո և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս։ Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր։
314 գարուն – Ճապաղջուր գետի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Հաշտեանք գավառ)1
Նախորդ ճակատամարտում պարտություն կրած Բասիլական և Ալանական թագավորությունների միացյալ բանակը (մոտ 43.000, այդ թվում խազարներ, հոներ, լեզգիներ, դուրձուկներ և դիդոներ) մութն ընկնելուն պես կարողացավ պոկվել Հայկական բանակից, որից հետո Գեդռեհոն I-ի զորավարներից մեկը կարգի բերեց այն ու բանակի մնացորդները կենտրոնացրեց Ճապաղջուր գետի ձախ ափին։ Ստացվեց այնպես, սակայն, որ Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու և Գարջույլ Խորխոռունու գլխավորությամբ թշնամուն հետապնդող Հայկական բանակը (մոտ 28.000, այդ թվում Մաղխազական գունդը), իր արագ առաջխաղացման մեջ չնկատելով վերջինիս, առաջ անցավ թշնամուց ու գետանցեց Ճապաղջուրը։ Արդյունքում՝ կորցնելով թշնամուն` Հայկական բանակը ուշ գիշերով բանակեց գետի աջ ափին` թշնամու բանակի հարևանությամբ։ I փուլ – Հետախույզներից իմանալով Հայկական բանակի տեղադրության մասին` թշնամին վաղ առավոտյան անցավ անակնկալ հարձակման։ Արդյունքում՝ հատկապես ծանր վիճակում հայտնվեց Անգեղյաց իշխանի ջոկատը, որին թշնամին շրջապատեց և սկսեց մեծապես նեղել։ Մարտում ծանր վերքեր ստացավ նաև Անգեղյաց իշխանը։ II փուլ – Առանձին տեղակայված ու այդ պատճառով էլ հարձակման չենթարկված Անդովկ Սյունու ջոկատը օգնության հասավ հիմնական բանակին և, հզոր հարված հասցնելով թշնամուն, ցրեց նրան` հնարավորություն տալով Հայկական բանակին լիովին սպառազինվել ու վերականգնել մարտական վիճակը։ III փուլ – Գետի ձախ ափ շպրտված թշնամին վերականգնեց մարտակարգը և կրկին անցավ հարձակման, ընդ որում վերջինս Գեդռեհոն I-ի զորավարի անձնական ղեկավարությամբ հատկապես հզոր հարված հասցրեց մարտակարգ ընդունած Հայկական բանակի աջ թևի առաջին շարքի հեծելազորին, որը գլխավորվում էր անձամբ Տրդատ II Մեծի կողմից, ու սկսեց պարտության մատնել նրան։ _________________________ 1 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1:
IV փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ Հայկական բանակի երկրորդ շարքի հետևակը, որից հետո արդեն Հայկական բանակի ողջ աջ թևը Հայոց արքայի անձնական ղեկավարությամբ անցավ հակահարձակման, գլխովին ջախջախեց թշնամու ձախ թևին և փախուստի մատնեց։ Այս ընթացքում Տրդատ II Մեծը մարտադաշտում հանդիպեց Գեդռեհոն I-ի զորավարին և տեղի ունեցած մենամարտում սպանեց նրան։ V փուլ – Թշնամու բանակը ջախջախիչ պարտություն կրեց և դիմեց խուճապահար փախուստի։ Հայկական բանակը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան։ Հայերը կորցրին 1.080 զինվոր, ընդ որում ստացած վերքերից մահացավ նաև Անգեղյաց իշխանը, իսկ թշնամին` 15.942 զինվոր։
Նախորդ ճակատամարտում փախուստի դիմած թշնամու բանակը բաժանվեց 2 մասի։ Առաջին մասը շարժվեց Կարինի, իսկ երկրորդը` Հարքի ուղղությամբ։ Մանավազյան իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 8.000), սակայն, այն բանից հետո, երբ ջախջախված թշնամու մնացորդները հայտնվեցին Հարքում, թակարդը գցեց դրանց և, հարվածելով վեց կողմից, վերջնականապես ջախջախեց1, իսկ Տրդատ II Մեծի, Անգեղյաց իշխանի, Անդովկ Սյունու, Սմբատ Բագրատունու ու Գարջույլ Խորխոռունու գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000) և Միհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակն էլ, առաջանալով Կարին-Տայք-Գուգարք-Իբերիա երթուղով, հալածեց այդ ուղղությամբ նահանջող թշնամու բանակի մնացորդներին2: Հյուսիսականները ծանր և իրենց համար որոշակիորեն անսպասելի մի պարտություն էին կրել և լի էին կորցրածը հետ բերելու վճռականությամբ, ընդ որում վճռական էր տրամադրված հատկապես իր նախորդին փոխարինած Գեդռեհոն II-ը (314-315): Արդյունքում, նախապատրաստելով վճռական հարված և ի մի բերելով ուժերը, վերջինս արդեն հաջորդ տարի պատրաստվեց մահացու հարված հասցնել Մեծ Հայքի թագավորությանը և այդ անել նոր ուղղությունից, սակայն հայերին անակնկալի բերել այս անգամ ևս չհաջողվեց։ Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
315 գարուն – Գարգարացվոց դաշտի ճ-մ3
Գեդռեհոն II-ի գլխավորությամբ Դերբենդի լեռնանցքից արշաված Բասիլական և Ալանական թագավորությունների միացյալ բանակը (մոտ 100.000, այդ թվում խազարներ, հոներ, բուլղարներ, լեզգիներ, դուրձուկներ, դիդոներ, լփիններ, ճղբեր և կասպեր) մտավ Ուտիքի հարավ՝ տեղակայվելով Կուրի ու Արաքսի միախառնման վայրից ոչ հեռու: Ի պատասխան դրա` Տրդատ II Մեծի, սպարապետ Արտավազդ Մանդակունու, Բագրատ Բագրատունու, Վահան Քաջ Ամատունու4 և Մանաճիհր Ռշտունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին։ I փուլ – Անցնելով խոյընթաց հարձակման` Հայկական բանակը հարվածեց թշնամու բանակի կենտրոնին և խորը մխրճվեց վերջինիս շարքերում։ Թշնամու բանակի թևերը, սակայն, սկսեցին սեղմել Հայկական բանակի առաջ եկած կենտրոնին։ Բռնկված համառ մարտում ընկավ Հայոց սպարապետը և զոհվեցին այլ անվանի նախարարներ։ _________________________ 1 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1: 2 Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 1: 3 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 84, 85; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 1, գլուխ 12; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 67, 68; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1: 4 Այստեղ, որոշակիորեն թեմայից շեղվելով, կուզենայի մասնագետների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ, կարծես թե, սխալ է սկսած Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինը օգտված պատմիչներից մինչ այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Ամատունիները ծագումով հրեաներ են (գիրք 2, գլուխ 57) և եկել են Հայաստան մ.թ.ա. II դարի առաջին կեսում։ Առավել հավանական է թվում այն տեսակետը, որ Ամատունիները սերել են Միտանիի թագավորությունում իշխած ու Հայկազունիների կրտսերը ճյուղը հանդիսացող Հայկազուտներից։
II փուլ – Տրդատ II Մեծը, անձամբ գլխավորելով պահեստազորի հիմնական ուժերը, երկրորդ հարվածը հասցրեց թշնամու բանակին։ Բռնկված ձեռնամարտում շատերն ընկան Հայոց արքայի հարվածից և չգտնվեց մեկը, որ կարողանար դիմադրել նրան։ Տեսնելով Տրդատ II Մեծի անհաղթահարելի ուժը և խիզախությունը` Գեդռեհոն II-ը գերադասեց թիկունքից մոտենալ վերջինիս։ Դրանից հետո վերջինս նետեց օղապարանը, որը փաթաթվեց Հայոց արքային այն պահին, երբ նա ձեռքը բարձրացրել էր հերթական հարվածը հասցնելու համար։ Հույս չունենալով Տրդատ II Մեծին գցել թամբից իր ուժերով՝ հակառակորդը օղապարանի մյուս ծայրը ամրացրեց սեփական ձիու թամբին և շուռ տվեց ձիու գլուխը` նպատակ ունենալով Հայոց արքային տապալելու համար օգտագործել նաև սեփական նժույգի արշավային թափը։ Տրդատ II Մեծը, սակայն, ձախ ձեռքով բռնեց օղապարանը և, կտրուկ ու ուժեղ շարժումով հակառակորդին նժույգի հետ միասին քաշելով իր կողմը, ծանր թրի հարված հասցրեց վերջինիս, որով ոչ միայն կրծքավանդակից կիսեց թշնամուն, այլև թռցրեց նաև Գեդռեհոն II-ի ձիու գլուխը։ III փուլ – Հայկական բանակին հաջողվեց ջախջախել թշնամու մարտակարգի կենտրոնը և փախուստի հարկադրել վերջինիս, որից հետո փախուստի դիմեցին նաև թշնամու բանակի թևերը։ IV փուլ – Հայկական բանակը Ուտիք-Աղվանք-Դերբենդ ամրոց երթուղով հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան։ Հայերը կորցրին մոտ 25.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր։ Հյուսիսային II պատերազմը ավարտվեց։
Այս անգամ հյուսիսականների կրած պարտությունն իրոք ոչ միայն ջախջախիչ էր, այլև վերջնական, ընդ որում, որպես հետևանք այս ամենի, Բասիլական և Ալանական թագավորությունները նույնիսկ ընդունեցին Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը ու հրաժարվեցին վարվող ավարառուական քաղաքականությունից, վերջիններիցս, որպես երաշխիք կնքված հաշտությանը, վերցվեցին պատանդներ, իսկ Տրդատ II Մեծն էլ ամուսնացավ ալանական արքայադուստր Աշխենի հետ1: Հիմա արդեն Մեծ Հայքի թագավորության սահմաններում իրոք որ հաստատվեց անդորր, ընդ որում Սլկունիների խնդիրն էլ, որոնք նախորդ իրադարձությունների ամենաթեժ պահին ապստամբել էին Հայոց արքայի դեմ, հաջողվեց լուծել խորամանկ Արտավազդ Մամիկոնյանին, որը, նույն 315 թվականի գարնանը խաբեությամբ գրավեց մինչ այդ անառիկ համարվող Ողականը, ինչի արդյունքում Սլկունիների տոհմը գրեթե բնաջնջվեց, Տարոնը անցավ Մամիկոնյաններին, իսկ Արտավազդ Մամիկոնյանն էլ դարձավ Մեծ Հայքի թագավորության սպարապետ2: Այս կապակցությամբ կարծում եմ, որ մինչև առաջ անցնելը կարիք կա մի քանի խոսք ասել Մամիկոնյանների ծագման վերաբերյալ:
Գլուխ 23 Մամիկոնյանների հիմնախնդիրը
Խնդիրն, ըստ էության, կայանում է հետևյալում՝ ի վերջո Չինաստանից եկած գաղթականնե՞ր էին արդյոք Մամիկոնյանները, որոնք Մեծ Հայքի թագավորությունում հայտնվում են միայն III դարի վերջում, թե՞ նրանք այնուհանդերձ ունեին հայկական ծագում և ապրել են Հայաստանում դրանից շատ առաջ: Այս առումով միանգամից ասեմ, որ կարծում եմ, որ սխալ է, _________________________ 1 Գրականության մեջ այս ճակատամարտը գրեթե միշտ նույնացվում է 314 թ-ի Մուշեղամարգ գյուղի ճակատամարտի հետ։ Սակայն սրանք տարբեր ճակատամարտեր են իրենց ողջ ընթացքով` չխոսելով արդեն այն մասին, որ այս 2 ճակատամարտերը տեղի են ունեցել Մեծ Հայքի տարբեր և իրարից խիստ հեռու ընկած մասերում։ Շփոթմունքի և նույնացման պատճառը, ըստ երևույթին, եղել է երկու արքաների մենամարտի և օղապարանի էպիզոդը։ Սակայն, ինչպես տեսնում ենք Մովսես Խորենացու և Հովհան Մամիկոնյանի նկարագրությունների ուշադիր վերլուծությունից, էականորեն տարբերվում են և մենամարտի (բացառությամբ օղապարանի էպիզոդի), և ճակատամարտի ընթացքն ու հատկապես արդյունքը։ Այսպես, 314 թ-ի Մուշեղամարգ գյուղի ճակատամարտում մենամարտը եղել ճակատամարտից առաջ, այն կրել է համառ բնույթ, թեև թշնամիների արքան կրկին կիրառել է օղապարան, իսկ 315 թ-ի Գարգարացվոց դաշտի ճակատամարտում մենամարտը տեղի է ունեցել ճակատամարտի ընթացքում, հակառակորդը անակնկալ հետևի կողմից է հարձակվել Հայոց արքայի վրա և սպանվել է Տրդատի միակ հարվածով։ Իր հերթին Մուշեղամարգ գյուղի ճակատամարտը չբերեց պատերազմի ավարտի, իսկ Գարգարացվոց դաշտի ճակատամարտի արդյունքում պատերազմը ավարտվեց։ 2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 84; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»: