Երևանի պաշտպանության և գրավման վերաբերյալ հայագիտության մեջ արտահայտվել են բազմաթիվ և հակասական տեսակետներ:
Ղ. Ալիշանը և, նրանից օգտվելով, Ե. Շահազիզը, առանց ժամանակագրական հստակեցումների, պարզապես վերապատմում են Աբրահամ Երևանցու տեղեկությունները Երևանի ինքնապաշտպանության մասին[32]:
Լեոն, Ա. Միրզոյանը և Ա. Սիմոնյանը, հիմնվելով Աբրահամ Երևանցու տեղեկությունների վրա, օսմանյան բանակի կողմից Երևանի գրավումը թվագրում են 1724 թ. հունիսի 7-ին[33]:
Ս. Պողոսյանը և Թ. Հակոբյանը Երևանի ինքնապաշտպանության 60 օրը թվագրում են ապրիլի 7-ից հունիսի 7-ը[34]:
Ա. Հովհաննիսյանը Երևանի 1724 թ. կռիվներին վերաբերող փաստաթղթերում առկա «պարսիկներ» էթնանունը առաջարկում է կարդալ «Անդրկովկասի շիաներ» կամ «ադրբեջանցիներ»[35], որից հետո պնդում է, թե քաղաքի հայերը կազմում էին բնակչության չորրորդ մասը, իսկ մեծամասնությունն ադրբեջանցիներ էին[36]: Նրա կարծիքն իր ուսումնասիրության մեջ օգտագործում է ադրբեջանական հեղինակ Ս. Մամեդովը՝ ընդգծելով, որ մնացած բնակիչները եղել են թաթարներ, այն է՝ ադրբեջանցիներ[37]: Մ. Կարապետյանը ապացուցել է, որ Ա. Հովհաննիսյանի օգտագործած սկզբնաղբյուրի՝ Մամի-Կլերակի տեղեկությունը հայերի քանակի մասին վերաբերում է ոչ թե քաղաքին, այլ բերդին, ուստի ուսումնասիրողի՝ դրա վրա հիմնված տեսակետը Երևան քաղաքում հայերի և այսպես կոչված ադրբեջանցիների թվաքանակների հարաբերակցության մասին հիմնազուրկ է[38]: Ա. Հովհաննիսյանը համոզված է, որ հայերը, պարսիկները և ադրբեջանցիները Երևանում միասնական ճակատով կռվել են թուրքական զորքի դեմ[39]: Նա գրում է, որ թուրքերի հարձակումը Երևանի վրա սկսվել է հունիսին և շարունակվել երեք ամիս[40]: Աբրահամ Երևանցու տեղեկություններն Ա. Հովհաննիսյանը ժամանակագրորեն տեղավորում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ Երևանի բերդի հանձնումը, հենվելով մի թուրք հեղինակի կարծիքի վրա, թվագրում 1724 թ. սեպտեմբերի 28-ով[41]:
Վ. Մարտիրոսյանը Երևանի 1724 թ. ինքնապաշտպանության ուսումնասիրության մեջ օգտագործել է նոր սկզբնաղբյուրներ, որոնցից հատկապես կարևորվում են Կոստանդնուպոլսի ռուսական դիվանագիտական ներկայացուցիչ Ի. Նեպլյուևի զեկուցագրերը՝ ուղղված ցարական արքունիքին: Ուսումնասիրողը փորձում է հիմնավորել այն, որ Աբրահամ Երևանցու տեղեկությունը, թե Երևանը գրավվել է հունիսի 7-ին, ճիշտ չէ, իսկ իրականում Երևանն ընկել է 1724 թ. սեպտեմբերի 22-ին, ինչպես նշված է Ի. Նեպլյուևի զեկուցագրում[42]: Նա հավելում է, թե իբր Երևանի 1724 թ. ինքնապաշտպանության ժամանակ «կողք-կողքի համատեղ պայքարել են հայերը, ադրբեջանցիները և վրացիները»[43], թեև Երևանի պաշտպանությանն այսպես կոչված ադրբեջանցիների[44] մասնակցության մասին որևէ փաստ այդպես էլ չի բերում:
Ճիշտ նույն կերպ է Երևանի գրավման ժամանակագրությունն ու բովանդակությունը ներկայացնում Զ. Արզումանյանը[45]:
Մ. Կարապետյանը գտնում է, որ Երևանի հայերը, ստանալով քաղաքի մահմեդականների աջակցությունը, շուրջ երկու ամիս պաշտպանվել են: Իսկ «թուրք», ինչպես նաև «տաճիգ» տերմինները, ըստ նրա, պատմիչն օգտագործել է դավանանքային նշանակությամբ՝ նկատի ունենալով մահմեդականներին[46]: Նա կարծում է, որ թուրքերը սկզբում գրավել են քաղաքը, իսկ հետո՝ մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 22-ին, բերդը[47]:
Հաշվի առնելով օսմանյան բանակի՝ Երևանի գրավմանն առնչվող գիտական գրականության մեջ առկա տարաձայնությունները՝ Վ. Հակոբյանը հարկ է համարել թեզերի ու հակաթեզերի այդ «բանավեճում» հանդես գալ յուրահատուկ սինթեզի դիրքերից: Նա Երևանի գրավման վերաբերյալ տեսակետները համադրում ու եզրակացնում է, որ սկզբնաղբյուրների տեղեկությունները վերաբերում են երկու իրողության՝ Երևան քաղաքի և Երևանի բերդի գրավմանը, որոնցից առաջինը տեղի է ունեցել հունիսի 7-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին[48]:
Հրապարակի վրա եղած սկզբնաղբյուրների և հետազոտությունների ամփոփմամբ Երևանի գրավման ժամանակագրությունը ճշտելու փորձ է կատարել Ա. Այվազյանը: Նա Աբրահամ Երևանցու ժամանակագրական տեղեկությունները հավաստի չի համարում, քանի որ ըստ պատմիչի՝ մարտի 6-ից սկսած, երբ օսմանյան բանակը Արարատյան երկրում սկսեց իր առաջխաղացումը, մինչև Երևանի պաշտպանության մեկնարկը տեղի են ունեցել 60 օր տևած իրադարձություններ, մասնավորապես Կարբիի 40-օրյա ինքնապաշտպանությունը: Երևանի պաշարումն էլ, ըստ Աբրահամ Երևանցու, տևել է երկու ամիս: Ա. Այվազյանը իր այս հաշվարկից ելնելով՝ նշում է, որ նման ժամանակագրությամբ Երևանի պաշարումը մայիսի 5-ից շուտ սկսվել չէր կարող, իսկ այդ պարագայում քաղաքի պաշարումը հունիսի 7-ին ավարտվել չէր կարող[49]:
Փոխարենը Ա. Այվազյանը հավաստի է համարում իբրև թե օսմանյան պաշտոնական փաստաթղթերից օգտված թուրք հեղինակ Չելեբի-Զադեի ժամանակագրական տվյալները՝ կատարելով նաև հիջրայի ամսաթվերի վերծանումը, ըստ որոնց՝ Ախուրյան գետի ափից օսմանյան բանակը հունիսի 13-ին շարժվել է դեպի Երևան, որի մատույցներում բանակել է հունիսի 24-ին՝ սկսելով քաղաքի պաշարումը: Հունիսի 26-ին օսմանյան բանակը գրավել է Երևանի՝ բերդից դուրս գտնվող հատվածը՝ վարոշը: Երևանի բերդը հանձնվել է սեպտեմբերի 23-ին[50]: Ա. Այվազյանը կարծում է, որ Չելեբի-Զադեի տեղեկությունը վարոշը գրավելու մասին վերաբերում է ոչ թե ամբողջ քաղաքի, այլ նրա որոշ թաղամասերի գրավմանը, քանզի Աբրահամ Երևանցին ևս նկարագրում է Ձորագյուղի և Կոնդի շրջանում ընթացող մարտերը[51]:
Համադրելով Աբրահամ Երևանցու և Չելեբի-Զադեի տեղեկությունները՝ Ա. Այվազյանը փորձում է ճշգրտել Երևանի պաշարման ժամանակագրությունը: Նա որպես հիմք է ընդունում «եգիպտական զինվորների» մասնակցությունը Երևանի պաշարմանը: Նրա հաշվարկներով նրանք ժամանել են օգոստոսի 13-ին և մասնակցել Երևանի մատույցներում տեղի ունեցած հնգօրյա ճակատամարտին՝ 1724 թ. օգոստոսի 14-18-ը: Մահմեդականները, որ մինչ այդ Երևանի խանի հրամանով հայերի հետ մասնակցում էին քաղաքի պաշտպանությանը, բերդում են պատսպարվել ու հայերին մենակ թողել օգոստոսի 14-ին: Ի վերջո հեղինակը կատարում է հետևյալ ամփոփումը. օսմանյան բանակը Երևանը պաշարել է 1724 թ. հունիսի 24-ին, Ձորագյուղը ընկել է սեպտեմբերի 8-ին՝ Էրզրումի Սարի Մուստաֆա փաշայի զորքի ժամանելու հաջորդ օրը, իսկ բերդը՝ սեպտեմբերի 23-ին[52]: Փաստորեն, Ա. Այվազյանը, մերժելով Աբրահամ Երևանցու ժամանակագրական տեղեկությունները, փաստում է, որ վարոշի ինքնապաշտպանությունը տեղի է ունեցել հունիսի 24-26-ին, երբ օսմանյան զորքերը գրավել էին որոշ թաղամասեր, այնուհետև քաղաքի մյուս թաղամասերի հայերի պաշտպանությունը քաղաքի մահմեդականների հետ տեղադրում է հունիսի 26-օգոստոսի 14-ին, որից հետո վերջիններս լքել են հայերին՝ ամրանալով բերդում: Սեպտեմբերի 16-ին կռիվները դադարում են, և սկսվում են բերդը հանձնելու բանակցությունները[53]:
Թեև Ա. Այվազյանը ժամանակագրական առումով նա լիովին անտեսում է Աբրահամ Երևանցու տվյալները, իրականում վերջինիս ժամանակագրության մեջ առկա են այնպիսի տվյալներ, որոնք ճշգրիտ են: Մասնավորապես, անդրադառնալով 1724 թ. հունիսի 7-ին օսմանյան բանակի վճռական գրոհին, նա նշում է, որ այն տեղի է ունեցել ուրբաթ օրը, ինչը ճշգրիտ է: Նմանապես քաղաքի պաշտպանության մասին հեղինակի մանրամասն տեղեկությունները՝ հաճախ շաբաթվա օրերի, մարտիկների քանակի և այլնի վերաբերյալ նշումներով, որևէ հնարավորություն չեն ընձեռում կասկածի ենթարկելու նրա ներկայացրած ժամանակագրական տեղեկությունները, քանի որ իրավիճակի վերաբերյալ նման խորքային տեղեկությունների տիրապետող հեղինակը անհնար է, որ չտիրապետեր դեպքերի ժամանակագրությանը:
Տեսակետների նման բազմազանության պայմաններում, երբ «բանավեճը» կարծես այն բանի օգտին է, որ 1724 թ. Երևանում տեղի ունեցած կռիվներում պետք է առանձնացնել քաղաքի հայերի ինքնապաշտպանությունը բերդի դիմադրությունից, զարմանալի է, որ 2010 թ. հրատարակված՝ «Հայոց պատմության» նոր ակադեմիական հրատարակության համապատասխան հատվածի հեղինակ Վ. Դիլոյանը հենվում է միմիայն Վ. Մարտիրոսյանի և Ա. Այվազյանի վերոբերյալ տեսակետների վրա՝ դրանք ենթարկելով ժամանակային վերաձևումների: Ըստ նրա՝ Երևանի՝ հունիսի 7-ին սկսված պաշտպանությունը տևել է երեքուկես ամիս, իսկ սեպտեմբերի 22/23-ին Երևանի խանը հանձնել է բերդը[54]:
Օսմանյան թուրքերի կողմից Երևանի գրավմանն անդրադաձել են նաև ադրբեջանցի հեղինակները: Վերջիններս հակված են Երևանի 1724 թ. կռվում լիովին անտեսելու քաղաքի հայերի ինքնապաշտպանության իրողությունը և ներկայացնելու միայն բերդի հետ կապված զարգացումները: Ն. Գյոզալովան, բոլորովին չանդրադառնալով հայկական սկզբնաղբյուրներին և ներկայացնելով սահմանափակ թվով եվրոպական սկզբնաղբյուրների տեղեկություններ, կարծիք է հայտնում, որ կռիվը կենտրոնացված է եղել հիմնականում Երևանի բերդի շուրջ, որը սկսվել է 1724 թ. հունիսին և ավարտվել սեպտեմբերի 28-ին[55]:
Երևանի խանության պատմության վերաբերյալ կոլեկտիվ մենագրության մեջ ադրբեջանական հեղինակները 1724 թ. Երևանի ինքնապաշտպանությունը ներկայացնում են որպես ադրբեջանցիների կողմից հայրենի հողի պաշտպանության կռիվ, քանի որ, ըստ նրանց, «Իրևանի (Երևան – Ա. Ե.) պաշտպանության ժամանակ քաղաքի բնակչությունն ամբողջությամբ կազմում էին ադրբեջանցիները»[56]: Փորձ է կատարվում նաև ներկայացնելու, թե իբր օսմանյան թուրքերը հովանավորում էին հայերին[57]: Ակնհայտ է, որ ադրբեջանցի հեղինակների ներկայացրած տեսակետները պատմական իրականության հետ որևէ կապ չունեն, ինչն ի հայտ է գալիս ոչ միայն հայկական և օտար սկզբնաղբյուրների տեղեկություններին ծանոթանալիս, այլև երկու ադրբեջանական վերոնշյալ մենագրություններում ներկայացված՝ Երևանի կռիվների նկարագրություններից, որոնք միմյանցից ամբողջությամբ տարբերվում են: Պատճառն այն է, որ առաջին հեղինակը փորձել է խնդիրը ներկայացնել եվրոպական սկզբնաղբյուրների և պատմագրության հիման վրա, ուստի ստացվել է երկրորդ մենագրության՝ հակահայկականությամբ տոգորված հեղինակների գրածից լիովին տարբերվող տեքստ. խոսք չկա այսպես կոչված ադրբեջանցիների կողմից Երևանը պաշտպանելու և Երևանի բնակչության այսպես կոչված ադրբեջանական լինելու մասին:
Հետազոտողների կարծիքներից պարզ է, որ Երևանի 1724 թ. կռիվների վերաբերյալ չկա միասնական և հստակ տեսակետ, ուստի անհրաժեշտ է սկզբնաղբյուրային նոր քննություն՝ հայոց պատմության այդ կարևոր դրվագի խորքային լուսաբանման և պատկերի ամբողջական բացահայտման նպատակով:
