«Հայկազունիներ. առասպել և պատմություն» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Գիտաժողովը, առանց չափազանցության, իմ համեստ կարծիքով խոստանում է էպոխալ բնույթ ունենալ, քանի որ դրանից հետո, ես վստահ եմ, Հայկազունիների տոհմի պատմության, իսկ հետևաբար նաև Հայոց հնագույն պատմության ուսումնասիրման լրիվ նոր հեռանկարներ կբացվեն: Հասկանում եք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ. "Միգրացիոն տեսություն"-ը Հայաստանում վաղուց ժխտվել է, իսկ գրեթե բոլոր մասնագետներն էլ այս կամ այն կերպ ուսումնասիրում են Հայոց հնագույն` "մինչմիգրացիոն" պատմությունը ընդհանրապես և Հայկազունիների տոհմի պատմությունը մասնավորապես: Հաշվի առնելով այս ամենը, կրկնում եմ, գիտաժողովը կոչված է լինելու (համենայն դեպս ես շատ մեծ հույս ունեմ առ այդ) ի մի հավաքել վերջին քսան տարում այդ ոլորտում մասնագետների կատարած աշխատանքները` միաժամանակ համակարգելով, սիստեմավորելով ու գիտական գնահատական տալով դրան ու դնելով մի նորի սկիզբը:
Ես անհամբերությամբ եմ սպասել այս գիտաժողովին վերջին երկու տարում և փորձ եմ կատարելու մասնակցել դրան: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, դե իսկ մնացածն էլ, ի դեմս արդեն իսկ պատրաստ հոդվածիս, ընթացքում կերևա: Հոդվածները, թեզիսների տեսքով, ընդունվում են մինչև ս/թ մարտի 10-ը և ես բնականաբար կներկայացնեմ իմ հոդվածը:
Հաջողություն ցանկանանք մեզ բոլորիս այս կարևոր ձեռնարկը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում
«Հայկազունիներ. առասպել և պատմություն» թեմայով նախատեսվող գիտաժողովին, ինչպես և արդեն ասել էի, մասնակցության ցանկություն եմ հայտնել նաև ես: Քիչ ժամանակ առաջ ես գիտաժողովի կազմկոմիտեին ներկայացրեցի գիտաժողովին համար նախատեսված հոդվածիս թեզիսները, կարճ տարբերակը: Ուզում եմ այն ներկայացնել նաև ֆորումցիների ուշադրությանը:
Հայկազունիներ. առասպել և պատմություն
“Հայկազունիներ. առասպել և պատմություն” թեմայով գիտաժողովին մեր կողմից ներկայացվող հոդվածը նվիրված է հետաքրքիր ու մեր պատմության մեջ ժամանակակից գիտական զինանոցի օգնությամբ դժբախտաբար այդպես էլ բավարար վերլուծության չենթարկված հարցին` Հայկազունիների տոհմի ռազմա-քաղաքական պատմության (այսուհետ նաև` ՀՏՊ) վերլուծությանը: Հոդվածը փոքրիկ մի փորձ է վերականգնելու Հայոց հնագուն պատմության կարևորագույն դրվագներից մեկը, ինչպես նաև ցույց տալու Հայկազունիների փառահեղ տոհմի իրական տեղն ու դերը Հայոց հնագույն պատմության համայնապատկերում: Աշխատանքում ցույց է տրվում ոչ միայն այն, որ ի դեմս Հայկազունի արքաների մենք գործ ունենք իրական անձնավորությունների հետ, այլ նաև այն, որ իրականությանը համապատասխանում են նաև Միքայել Չամչյանի կողմից մատնանշված` այս տիրակալների գահակալության տարիները: Հարկ է նշել, որ Հայոց հնագույն պատմությանը համակած “Դյակոնովյան” կամ “Միգրացիոն” ճգնաժամը ամենաանարդարացի ու անհիմն, բայց միաժամանակ դժբախտաբար նաև ամենածանր հարվածներից մեկը հասցրեց Հայկազունիների տոհմի պատմությանը: ՀՏՊ-ն սկզբունքորեն դուրս մղվեց գիտական ակադեմիական շրջանակներից և իր գոյությունը շարունակեց միայն եկեղեցական պատմության համատեքստում, ինչը, հասկանալի կերպով, ոչ միայն այդ ամենին չհաղորդեց լուրջ հակազդման ներուժ, այլև զուտ պատմական տեսանկյունից ավելի վարքաբեկեց նրան` կարծես ավելի հաստատելով վերջինիս “վիպականություն”-ը: Պատահական չէ, որ գործնականում հնարավոր չէ մատնանշել խորհրդային ժամանակաշրջանին վերաբերվող ՀՏՊ-ին նվիրված որևէ լուրջ աշխատություն, իսկ ՀՏՊ-ի ուսումնասիրման ամենալուրջ գիտական աշխատանքները շարունակում են մնալ Միքայել Չամչյանի “Հայոց Պատմություն”-ը, թերություններից ամենևին էլ ոչ զուրկ Մկրտիչ Էմինի հետազոտությունը, ինչպես նաև, որոշակի իմաստով, Ղևոնդ Ալիշանի աշխատանքը: Ընդ որում, եթե վերջին աշխատանքները գրվել են 120-130 տարի առաջ և, մեղմ ասած, այժմ արդեն վաղուց չեն փայլում իրենց արդիականությամբ, ապա Միքայել Չամչյանի ավելի շուտ սկզբնաղբյուրային բնույթ ունեցող երկի տարիքը արդեն մոտենում է երրորդ հարյուրամյակին:
Անկախության ձեռքբերումից հետո ՀՏՊ-ի ուսումնասիրման ուղղությամբ սկսեցին կատարվել որոշակի քայլեր, թեև թույլ տանք մեզ ասելու, որ նույնիսկ հիմա էլ, երբ մեր անկախ պետությունը արդեն իսկ տոնել է իր քսանամյակը, խնդիրը հեռու է բավարար լուծում ստացած լինելուց: ԽՍՀՄ վերջին և անկախության տարիներին տարբեր մասնագետներ այս կամ այն կերպ փորձում էին անդրադառնալ թեմային` առաջարկելով այս կամ այն լուծումը: Ընդ որում, եթե մի շարք մասնագետներ ընկնում էին կույր ծայրահեղության մեջ, իդեալականացնելով ու որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով մատենագիր-գրավոր աղբյուրների հայտնած տեղեկությունները, ապա մի շարք գիտնականներ էլ կանգնած էին ավելի չափավոր դիրքերի վրա: Այսպես, գիտնականների մի խումբ առաջարկում էր Հայկազունիների տոհմում տեսնել հաղորդումներ “ուրարտական” արքայատոհմի մասին, սակայն ավելին, քան բավականին հիմնավորված կերպով Հայկ Նահապետի աստվածային կերպարի նույնացումը այսպես կոչված “Հալդի”-ի հետ, ինչպես նաև Հայկազունիների Արամի ու “ուրարտական” Արամի (Արամեի) մեծապես արհեստական բնույթ ունեցող նմանեցումը, նրանք այդպես էլ չկարողացան անել: Մեկ այլ խումբ գիտնականներ, հրաժարվելով նախորդ ուղղությունից, փորձեցին Հայկազունիների մեջ տեսնել Միտանիի արքաներին: Վերջին տեսությունը շրջանառվում է նաև այսօր ու, թեև վերջինիս կողմնակիցներից են իմ կողմից արժանիորեն մարդկային և գիտական մեծ հարգանքի արժանացած գիտնականներից ոմանք, սակայն թույլ կտանք մեզ չընդունել նաև այս տեսությունը:
“Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատության վրա աշխատելու 15 տարվա ընթացքում տողերիս հեղինակը առիթ ունեցավ ուսումնասիրելու ՀՏՊ-ն և դրա վերաբերյալ ձևավորելու ուրույն և, թող թույլ տրվի մեզ ասել, մեր կարծիքով զգալիորեն հիմնավորված մի համակարգ: Ընդ որում առաջարկվող համակարգի հիմքում դրվում է մինչ այս “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատությունում լայն կիրառություն ստացած մեթոդը, որը կոչել ենք “Համադրման մեթոդ”: ՀՏՊ-ն ուսումնասիրելիս մենք առաջնորդվել ենք օտար և հայ սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով, որի էությունը կայանում է հետևյալում. ի սկզբանե վեր կանգնել ցանկացած տեսակի կանխակալ կարծիքներից և, նախապատվությունը չտալով ոչ մեկին, անկողմնակալ հայացքով ուսումնասիրության ենթարկել բոլոր աղբյուրների հայտնած տվյալները ու դրանց քննարկման և համաշխարհային պատմական իրադարձությունների հետ համադրման արդյունքում հասնել տրամաբանական ու հիմնավորված եզրահանգման: Օրինակ` ինչքան էլ արժեքավոր լինեն Մովսես Խորենացու հայտնած տվյալները, որոշ դեպքերում դրանցում առկա են բացահայտ ու հաճախ Պատմահոր կամքից անկախ տեղ գտած սխալներ և այս դեպքում ամենևին էլ պետք չէ պնդել այդ տեղեկությունները` բացահայտ հակասության մեջ մտնելով հիմնավորված ու համընդհանուր ճանաչում ստացած սխեմաների հետ ու համաշխարհային հանրության աչքում արժեզրկել և ծիծաղելի դարձնել մեր պատմությունը: Դրա փոխարեն անհրաժեշտ է փորձել գտնել նման տեղեկատվության հայտնման պատճառը և վերջինիս իրական տեղը հայոց պատմության մեջ` իր հերթին չընկենելով հակառակ ծայրահեղության մեջ` այդ ամենը համընդհանուր ժխտելով ու հեքիաթային կամ վիպական հռչակելով:
Հայկազունիներին նվիրված գիտաժողովը վերջացավ: Ճիշտն ասած դեռ երեկ էի ուզում գրել տպավորությունների մասին, բայց դրանք այնքան հակասական էին, որ որոշ ժամանակ էր պետք վերջիններս իմաստավորելու համար: Ավելորդ էլ է ասել, որ գիտաժողովի անցկացման երկու օրվա զգալի մասին էլ ես ներկա եմ եղել ակադեմիայի նիստերին, թեև զեկույցս մերժել էին ընդունել, ներկա եմ եղել այնքան ժամանակ, ինչքան ի վիճակի եմ եղել դա անել զուտ ֆիզիկապես` հաշվի առնելով իմ խիստ զբաղված գրաֆիկը:Եվ այսպես, դրականի ու բացասականի մասին:
Դրական.
1. Գիտաժողովի անցկացման ինքնին փաստը: Այս մասին արդեն խոսվել է: Գիտաժողովի անցկացման փաստը առաջին և ամենակարևոր քայլն էր, որ, իր թերություններով հանդերձ, անվերադարձ ուղղություն ցույց տվեց դեպի պատմականություն: Առաջին անգամ պաշտոնական/ակադեմիական մակարդակով, թեև ոչ րիվ, երբեմն կմկմոցներով ու վիճահարույց տեսակետներով, բայց խոսվեց Հայկազունիների պատմականության մասին: Սա գիտաժողովի երևի թե ամենակարևոր նվաճումն էր, 2. Գիտական մտքի հետաքրքրվածությունը թեմայի նկատմամբ: Բնական է, առաջին քայլերն են, կան տարբեր կարծիքներ, տեսակետներ, ամեն մեկը խնդիրը դիտարկում է իր գիտական կոնցեպցիաների, իր իմացածի ու պատկերացրածի չափով ու ձևով, բայց այն, որ հետաքրքրությունը կար, կա և, անկասկած, գիտաժողովից հետո այն ավելի մեծացավ, փաստ է: Կարծում եմ` սառույցը շարժվեց, 3. Զեկուցումներից, այսինքն դրանց այն մասից, որին հաջողվեց ներկա լինել, ամենից առաջ ուզում եմ առանձնացնել Արտակ Մովսիսյանի զեկույցը: Նա փորձում էր հիմնավորել, որ, ի դեմս Հայկազունիների, մենք գործ ունենք Միտանիի արքայատոհմի հետ: Դե պարզ է, Արտակն իմ մոտիկ ընկերն է և ես գործնականում ընդունում եմ նրա գրեթե բոլոր տեսակետները, բայց այս հարցում պետք է ասեմ - ես բացարձակապես համաձայն չեմ նրա հետ: Դե, մենք սա շատ ենք քննարկել, Արտակը գիտի իմ փաստարկները, ես` իրենը: Դրական էր նաև Վրեժ Վարդանյանի զեկույցը, ինչպես նաև Հայկ Հակոբյանինը, թեև վերջինիս մոտ, էլի կրկին համենայն դեպս գոնե ինձ համար, շատ վիճելի կետեր կային, 4. Ֆինանսական էլիտայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ: Գիտաժողովը կազմվել էր բարերար Մսըրլյանների հովանավորությամբ և իրոք ուրախալի է, որ նման մարդիկ ոչ քիչ փող են ներդնում նման գործերի համար, 5. Արտասահմանյան գիտնականների մասնակցությունը: Անչափ կարևոր պահ է, քանի որ Հայկազունիների պատմականության թեման այս միջոցով դուրս է գալիս միջազգային մակարդակ, 6. Անկասկած կային նաև դրական այլ պահեր, բայց հիմնականում այսքանը:
Բացասական
1. Մասնակիցների ընտրության անհասկանալի չափանիշները, դրա անթույլատրելի խստությունը և, ինչպես ցույց տվեց կյանքը, չհիմնավորվածությունը: Գիտաժողովին մասնակցության հայտ էր ներկայացրել 57 գիտնական, բայց նրանցից թույլատրել էին մասնակցել միայն 27-ին: Հարց է ծագում` ինչու? Է թող խոսեին, արտահայտվեին մարդիկ, եթե արդեն դրան է հասել: Եթե մարդիկ հայտ են ներկայացրել, ուրեմն հաստատ ասելու բան ունեն, ինչու եք մերժում նրանց մասնակցությունը: Նույնիսկ կատակով այն միտքն առաջարկվեց, որ կարելի է ևս մեկ, զուգահեռ գիտաժողով անցկացնել, արդեն միայն "մերժվածների" մասնակցությամբ: Անհասկանալի էր նաև, թե ինչ չափանիշով է կատարվել մասնակիցների ընտրությունը: Ինչքան հաջողվեց շփվել կազամկերպիչների և նույնիսկ ընտրությունն իրականացրած խորհրդի անդամների հետ, բոլորն ասում էին, որ. "Մեզնից բան կախված չէր, մենք բոլորին կողմ էինք" - թե այդ դեպքում ինչու 30 հոգի չէին թույլատրվել մասնակցելու և ով է դրա մեղավորը, մնում անհասկանալի, 2. Ելույթների զգալի մասին թույլ մակարդակը: Տպավորություն կար, թե այդ 27 հոգու զգալի մասը ուղղակի զոռով է եկել մասնակցելու գիտաժողովին, քանի որ այլ կերպ չի կարելի բացատրել ասելիքի բացակայության այդքան ակնհայտ փաստը: Անուններ, իհարկե, չեմ տա, բայց դրանցից մի քանիսը կոնկրետ են: Ելույթ կար, որ ուղղակի չես հասկանում, թե ինչ կապ ունի դա Հայկազունիների հետ և ուղղակի ուզում ես այդ մասին հարցնել ելույթ ունեցողին: Մի շարք ելույթներ էլ նվիրված էին Խորենացու աշխատանքի այլ մասերին, որոնք կարծես ուղղակի զոռով, արհեստականորեն, քաշել, բերել և ուզեցել էին կպցնել Հայկազունիներին, 3. Մեր գիտնականների զգալի մասի մոտ հռետորական ձիրքի բացակայությունը: Ահագին մասը կպնում էին թղթերին ու սկսում էին գրեթե իրենք իրենց, մտմտալով, կարդալ իրենց գրածը - ոչ կրակ, ոչ ոգևորություն, ոչ լսարանին գրգռելու, նրան "քո հետ" պահելու տարրական իսկ փորձ: Մի շարք ելույթների ընթացքում մարդիկ ուղղակի ուզում էին դուրս փախչել դահլիճից: Ցավն այն է, որ այսքան ժամանակ մեր գիտնականները չեն հասկացել մի պարզ բան - խոսեք կարճ և հստակ, ելույթի ընթացքում մի կարդացեք ձեր 10 էջանոց հոդվածը աուդիտորիայի համար: Նույնիսկ այն պատրաստված մարդկանց մակարդակով էլ աուդիտորիան, որ այնտեղ կար, երբեմն ուղղակի կորցնում էր մտքի թելը, չէր հասկանում զեկուցողին: Դե իսկ սրանց էլ, բնականաբար, հեչ պետքը չէր - կարդում էին ու կարդում: Մեկ այլ թերություն, կապված հռետորական պահի հետ - լավ, դժվար է տանը, մենակ, ելույթը կարդալ ժամացույցի տակ և ստուգել, թե այն ինչքան է ձգվում? Ելույթի համար տվել էին 15 րոպե, իսկ ելույթ ունեցող անհատը իր դժգույն մտմտոցը շարունակում է, առանց դույզ իսկ մտահոգվելու ժամանակի մասին: Մեկին գրեթե զոռով ամբոինից իջեցիր, ճիշտ եմ ասում: Նախագահողը անընդհատ ասում էր, որ ժամանակը վերջացել է, սա կարդում էր ու կարդում, "հեսա, վերջին էջնա, վերջին տողնա" ու սենց ձգեց մի 10-15 րոպե: Չի կարելի, էլի, դա էթիկային համապատասխանող վարքագիծ չէ: Մեկին էլ, երբ ընդհատեցին, սենց, քաղաքավարի. "Ինչքան է ձեզ մնացել" ձևով, մի տեսակ սենց խնդրողի տեսքով նայեց նախագահողին, թե. "էս մի էջը մնաց կարդամ" ու... շարունակեց իր տաղտուկ և թեմայի հետ կապ չունեցող ելույթը: Մի խոսքով, հռետորներ չեն, էլի, եզակի բացառություններով, 4. Մասնակիցների պասիվությունը: Մասնակիցների մի զգալի մասը ներկա էր միայն իր ելույթին և դրա մոտակայքում գտնվող ելույթներին: Հա բայց չի կարելի, չէ, տենց, հո մենակ դու չես? Ես որ ես եմ, որին չէին թողել, մասնակցել, հազար ճշտով ու սխալով ինձ գցում էի դահլիճ, իսկ որոշ մարդիկ, որոնց հենց գործն էր ներկա լինել այդ գիտաժողովին, ներկա չէին, 5. Էլի մանր-մունր պահեր կային, բայց դե էդ մասին` եթե առիթ լինի:
Իսկ այժմ իմ պահով: Դե գիտեք, ինձ չթույլատրեցին մասնակցել գիտաժողովին, թեև գրեթե ում հետ խոսում էի, ով կապ ուներ այդ գործի հետ, բոլորը չքմեղանում էին, թե. "Ես բոլորին կողմ եմ եղել": Զգալի մասին չհավատացի, մի մասին` հավատացի: Մի խոսքով, չէին թողել, բայց դե ես հո չեմ կարա տենց բանը բաց թողնեմ: Հոդվածս, որ առանց այն էլ հոդվածի համար մի քիչ մեծ էր, 64 էջանոց գիրք սարքեցի, իմ լավ ընկերոջ տպարանում տպեցի ու, հայդա - ձիով քայլ, գիրքս տարա գիտաժողով ու քննարկումների, ինչպես նաև ընդմիջման ժամանակ զգալիորեն ներկայացրեցի այն: Ահագին մարդիկ հետաքրքրվեցին ու ահագին մարդու նվիրեցի, իսկ կազմակերպիչներն էլ, երբ սկսեցին գովել գիրքս, անձնական փոքրիկ վրեժիս զոհը դարձան: Երբ ասում էին լավն է, ապրես, բա էս ոնցա, բա էս ոնց ես հիմնավորել ու ստանում էին պատասխաններ, վերջում հարցնում էի. "Բա էս չարժեր, որ լսվեր գիտաժողովին"? Ու արդյունքը լինում էր շփոթված աչքփախցնոցին:
Բայց լավ լուրեր էլ կան - կազմակերպիչներից մեկը խոստացավ, չգիտեմ, թե նա ինչքանով իր խոսքի տերը կլինի, բայց դե - ուրեմն նա, ծանոթանալով գրքիս, խոստացավ, որ ամեն ինչ կանի գիտաժողովի նյութերի ժողովածի մեջ այն կամ գոնե նրա հիմնական թեզիսների ընդգրկումը: Տեսնենք, թե ինչքանով իրենց խոսքի տերը կլինեն: Մեկ այլ լավ լուր - պարզվեց, որ սա վերջը չէ և տարվա վերջին ևս նախատեսվում է նման մի գիտաժողովի անցկացումը: Տեսնենք, աստված տա լինի: Ու մի բան էլ - մեր հայտնի ակադեմիկոսներից մեկը, որին նվիրել էի գիրքս ու որը իմ կոնցեպտուալ հակառակորդների շարքում է, այսօր առավոտ զանգահարեց ինձ: Ճիշտն ասած չէի սպասում, բայց դե... մի խոսքով, գրեթե մեկժամյա խոակցության արդյունքն այն եղավ, որ գրքիս նկատմամբ չլսեցի որևէ մի լուրջ քննադատություն, քննադատություն, որը էականորեն կժխտեր կամ կոչնչացներ իմ գծագրած սխեմաները կամ դրանցից մեկը: Հիմնական փաստարկն էր. "Այդպես չի կարող պատահել, չի կարող պատահել, որովհետև այդպես չէ": Դիրքերը լրջորեն պահեցի և դա ինձ շատ է ուրախացնում:
Vagr ջան, կարծիքները հիմնականում դրական են: Օրինակ, Արտակ Մովսիսյանին այս ամենը առնվազն չափազանց ուշագրավ է թվում, բաբկեն Հարությունյանի հետ երկար ժամանակ սա քննարկեցինք, որևէ լուրջ հակափաստարկ չլսեցի - լավա, չէ?