Մուշի հայերի թիւն այսօր տատանւում է 13,000-ից 15,000-ի միջեւ: Ինչպէ՞ս կարելի է տարբերակել նրանց Մուշի միւս բնակիչներից, ի՞նչ լեզուով են նրանք շփւում, Մուշի ո՞ր հատուածներում են բնակւում եւ ինչո՞վ են առանձնանում միւս իսլամացած հայերից:
Ցեղասպանութեան տարիներին Մշոյ դաշտի հայութեան գերակշիռ մասը կոտորուել կամ արտագաղթել է: Հայաթափումից անմիջապէս յետոյ հայկական գիւղերում, քրտերից բացի, տեղաւորուեցին նաեւ թուրքմէնական որոշ ցեղեր: Սակայն 1930-ականներից սկսած Մշոյ դաշտ սկսեցին տեղափոխուել Սասունի անառիկ լեռներում պատսպարուած հայկական ընտանիքներ, որոնք զբաղեցրին Մուշի մերձակայ մի քանի գիւղեր: Սասունից Մուշ հայերի գաղթը, որոշ ընդմիջումներով, շարունակուեց մինչ 1990-ականները: Նրանք Մշոյ դաշտ եկան աւելի բարեկեցիկ կեանք գտնելու, լեռներում քրտական աշիրեթների հետ անվերջ հակամարտութիւններից փրկուելու նպատակով: Հիմնականում տեղափոխուել են Սասունի Կելիեկուզան, Սեմալ, Շենիկ, Քաղքիկ գիւղերից: Այսպիսի իսլամացած հայեր ապրում են Մուշի Մոնկոկ, Նորշէն, Հաւատորիկ, Խաս եւ մի քանի այլ գիւղերում:
Ճանապարհը դէպի Մուշ անցնում է Խաս գիւղի միջով, որն ունի, ոչ աւել ոչ պակաս, 24,000 բնակչութիւն, նրանցից առնուազն 30 առ հարիւրը հայեր են: Գիւղն աւելի շատ յիշեցնում է քաղաքատիպ աւանի, ունի մեծ մզկիթ, մի քանի խանութ եւ սրճարան: Կեանքն այստեղ եռում է:
Քաղաքին շատ մօտ է գտնւում նաեւ Մոնկոկ գիւղը, որտեղ բնակւում 50 տուն հայ:
Շատերն արտագաղթել են Պոլիս, սակայն Մուշի բնակչութեան մեծ մասը չի շտապում հեռանալ գիւղերից, ինչպէս Սասունում, եւ դա ինչ-որ տեղ բնական է. ի տարբերութիւն Սասունի` այստեղ հողը շատ աւելի բերրի է, գիւղատնտեսութեամբ զբաղուելու պայմանները յարմար են, ճանապարհների եւ փոխադրամիջոցի խնդիր չկայ: Սակայն մէկ բան ակնյայտ է. լեռնային Սասունում հայերը թէեւ ունեն բազմաթիւ ընկերային խնդիրներ, սակայն ազգային տեսակէտից աւելի ապահով ու քիչ թէ շատ ազատ են, մինչդեռ Մուշում հայերն ստիպուած են վարել զգուշաւոր ու փակ կեանք: Եւս մէկ տարբերութիւն. Մուշում հայերը հարեւան են հիմնականում քրտերի, իսկ Սասունում` աւելի շատ արաբների հետ: Փաստերը ցոյց են տալիս, որ թէեւ երկուսի դէպքում էլ ազգային ու կրօնական խնդիրները մշտապէս հետեւում են հայերին, սակայն քրտական աշիրեթների հարեւանութեամբ հայերն աւելի մեկուսացած են:
Ի տարբերութիւն Սասունի` Մուշում բացարձակապէս չեն մնացել քրիստոնեայ ընտանիքներ: Մուշի հայութիւնն ամբողջովին իսլամացուած է, նրանց մի հատուածը ձեւականօրէն է ներկայանում որպէս մահմետական եւ վերջին տարիներին մշակոյթի միջոցով ջանում է վերագտնել իր հայկական ինքնութիւնը, շփումներ ունենալ միւս հայերի հետ: Սակայն Մուշի հայերի մէջ կայ նաեւ մէկ այլ` մոլեռանդ մահմետականների վերածուած հատուած: Սովորաբար սրանք աւելի շատ են կառչում կրօնից, քան քիւրտ կամ թուրք մահմետականները: Սա յատուկ է շատ կրօնափոխների, ովքեր, շատ լաւ գիտակցելով իրենց հայ լինելը, այս կերպ փորձում են մահմետականից աւելի մահմետական երեւալ եւ կասկածի տեղիք չտալ, թէ երբեւէ կը հեռանայ իսլամից:
Արժէ նշել մի կարեւոր հանգամանք. անկախ ամէն ինչից` այս երկու խմբերն էլ խստօրէն շարունակում են փրկուած սասունցիների մէջ ձեւաւորուած ներհամայնքային ամուսնութիւնների աւանդոյթը. հազուադէպ են քրտերի հետ ամուսնութիւնները:
Եւս մէկ հետաքրքիր իրողութիւն. Մուշի հայերը գրեթէ բոլորն էլ արաբախօս են, ինչպէս եւ Սասունի բնակիչների մեծ մասը: Նրանցից ոմանք թէեւ գիտեն նաեւ քրտերէն, սակայն շարունակում են խօսել արաբերէն, ինչպէս մինչ Սասունից Մուշ իջնելը: Սա նրանց առանձնացնում է Մուշում մեծամասնութիւն կազմող քրտախօս բնակչութիւնից ու ինչ-որ տեղ հեռու պահում քիւրտ հասարակութիւնից: Սասունի արաբերէնի այս բարբառը բաւականին տարբեր է. այն հասկանում են միայն սասունցիները եւ կէս կատակ կէս լուրջ` «սասուներէն» են անուանում: Լեզուական այս տարբերութեան պատճառով տեղի քրտերը Մուշի հայերին անուանում են «սասունցիներ»:
«Հայի Այստեղ Լինելը Պիտի Արտասովոր Չհնչի»
Մուշի կենտրոնում մեզ դիմաւորում է մեր հայ բարեկամներից մէկը, եւ միանգամից ուղեւորւում ենք դէպի Մուշի հայկական առաջին կազմակերպութեան` Տարօն հայրենակցական միութեան գրասենեակ: Միութեան անդամ հայերի 99 տոկոսը սասունցիներ են, թէեւ այդ սերունդն արդէն Մուշում է ծնուել: Տարանջատումներ դնել չեն ուզում. ե՜ւ մշեցի, ե՜ւ սասունցի են, այլ կերպ ասած` տարոնցի, դրա համար էլ միութեան անունը Տարօն է:
Այստեղ մեզ մեծ ոգեւորութեամբ ծանօթացնում են իրենց առաջիկայ ծրագրերի հետ. Մուշի հին հայկական թաղամասի դիմացի բարձունքի վրայ գտնուող աւերուած հայկական գերեզմանատունը վերականգնելու են, կազմակերպելու են ոգեկոչման արարողութիւններ, իսկ հայոց լեզուի դասերը միութիւնում արդէն մեկնարկել են:
Միութեան նախագահ Հայրետտին Արսլանը Մուշը լքելու ծրագրեր չունի, հէնց այստեղ խոստումնալից ապագայ կառուցելու մեծ ծրագրեր ունեն, նպատակները շատ են: Դեռեւս մի քանի տարի առաջ իսլամացած հայերի վերաբերեալ գրուած գրքերից մէկում իր անունը թաքցնող Հայրետտինը գրքի հեղինակի հետ զրոյցում մի միտք էր յայտնել, թէ «10 տարի անց պատմական Հայաստանի կենտրոն Մուշում հայ մնացած չի լինի: Ի՞նչ հայկական միութեան մասին կարող է խօսք լինել. եթէ իմանան, որ մզկիթ չեմ գնում, դիակս էլ անտէր կը թողնեն»:
4-5 տարի առաջ չէր հաւատում, որ Մուշում հնարաւոր է հայկական միութիւն հիմնել, իսկ այսօր այդ նոյն անձը միութեան ղեկավարն է եւ երջանկութեամբ փաստում է.
– Մեր երիտասարդները շատ լաւն են, ափսոս են, այսպէս չթողենք, ապագայ ունեն:
Խոչընդոտներ, անշուշտ, կան: Սակայն նոր սերնդի մէջ արդէն հասունանում է այն գաղափարը, որ Մուշի միւս բնակիչները պիտի ուզած-չուզած ընդունեն իրենց` բոլոր լաւ ու վատ կողմերով եւ իրենց իսկ ինքնութեամբ: Հէնց այդպէս արտայայտեց իր միտքը Մուշի յայտնի հայկական հացի փռում աշխատող հայ տղան.
«Պիտի սովորեն, համակերպուեն այն մտքի հետ, որ մենք կանք: Չեն կարող հէնց այնպէս ջնջել մի ազգի գոյութիւնը: Տարիներ շարունակ փորձել ենք երեւալ քիւրտ, փորձել երեւալ արաբ, բայց ո՛չ քիւրտ դարձանք, ո՛չ արաբ, ո՛չ թուրք: Ես սա եմ, Սագոյի թոռն եմ, ինչքան էլ ուզենաս Սագոյին կոչել Սուլեյման, դրանից Սագոն Սուլեյման չի դառնայ: Մեծերը վախենում են, մենք նրանց վերապրածները չենք տեսել, գուցէ հեշտ ենք նայում ամէն ինչին: Բայց հաւատում եմ, որ պարտաւոր ենք սովորեցնել այստեղի մարդկանց մեր ներկայութեանը, թող սովորեն: Հայի այստեղ լինելը պիտի արտասովոր չհնչի»:
Միութեան գրասենեակից ուղեւորւում ենք Մուշի հին հայկական թաղամաս. այն սկսել են քանդել դեռ 2 տարի առաջ, արդէն կառուցուել է նոր մզկիթի զգալի մասը, տարածքը պարսպապատուած է: Տեղի հայերը զգուշացնում են.
– Զգո՜ւշ եղէք, շատ մօտիկից մի նկարէք, դատավարութիւններ են գնում, աղմուկ հանած տարածք է:
Տեղի գնչուները, թուրքմէնները եւ քրտերը, աչքները չորս արած, զննում են անծանօթ դէմքերը, երեխաները վազում ու հարց ու փորձ են անում` ովքե՞ր են: Մեր հայ ընկերը վրդովուած ասում է.
– Տեսնում ես, չէ՞, մի մատ երեխայ է, բայց ոնց է ամէն ինչ հասկանում:
