Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 8
Հանուն Արշակունյաց պատերազմի հետագա ընթացքը և ավարտը

249 թվականի սեպտեմբերի վերջին Ֆիլիպ I Արաբը սպանվեց, ինչից հետո Հռոմեական կայսրությունը արդեն երկար ժամանակով սուզվեց գահակալական արյունոտ պայքարի հորձանուտում, իսկ «զինվորական կայսրերն» էլ սկսեցին «փայլել» իրենց ողջ ուժով։ Նույն այս ժամանակ1 Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների (մոտ 120.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000, այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) հերթական անգամ իջավ Միջագետք ու Տիզբոնի ճ-մ-ում հաղթանակ տարավ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակի (մոտ 130.000) նկատմամբ2։ Դրանից հետո, փորձելով զարգացնել հաջողությունը արդեն 250 թվականին, Հայոց արքան մի նոր հարված հասցրեց Ատրպատականի և Էկբատանի ուղղությամբ՝ այս անգամ նպատակ ունենալով միավորվել Վասուդևա II-ի (մոտ 220 - ուղ. 250) գլխավորությամբ արևելքից ի վերջո առաջխաղացող և, կարծես թե, Արշակունիների դատի պաշտպանության գործին լծված Քուշանական թագավորության բանակի (մոտ 80.000) հետ։ Արդյունքում, սակայն, ստացվեց այնպես, որ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակն ինքն առաջինը հասավ Վասուդևա II-ի բանակին և անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց վերջինիս, ընդ որում մարտում զոհվեց նաև քուշանների արքան։ Ստեղծված պայմաններում, փաստորեն մնալով առանց հիմնական դաշնակից ուժերի, Հայոց արքան իր ուժերով հետ քաշվեց դեպի սեփական լեռներ3, ընդ որում հատկանշական է, որ Շապուհ I-ը ևս, խուսափելով ընդհարումից, հեռացավ Պարսք։ Փաստորեն, թեև երկու կողմերն էլ մարտնչում էին ուժերի ծայրահեղ լարման պայմաններում, բայց հաջողությունը առժամանակ մնաց հայերի կողմում և Հայկական Վեցերորդ գերիշխանության սահմանները արևելքում հասան մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման։
251 թվականը Շապուհ I-ի համար ամենևին էլ հեշտ չէր։ Ընթանում էր նոր արքայի ինքնուրույն գահակալության արդեն 8-րդ տարին, սակայն վերջինիս ոչ մի կերպ չէր հաջողվում իր իշխանությունը ամրապնդել, այն ամբողջովին տարածել Իրանական լեռնաշխարհի վրա և պոկվել իր համառ հակառակորդից՝ Հայոց արքա Խոսրով I Քաջից։ Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արդեն պարզ էր, որ առաջիկա տարիներին զուտ ռազմական միջոցառումներով ոչ մի լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այս պայմաններում Շապուհ I-ը դիմեց քաղաքական սպանության հինավուրց և փորձված մեթոդին՝ որոշվեց Հայոց արքային սպանել։
Հայոց արքայի դեմ նյութված դավադրության հանգամանքները բավականին հայտնի են՝ Սուրենյան տոհմին պատկանող Անակը, իբր ապստամբած լինելով Շապուհ I-ի դեմ, 252 թվականի սկզբին իր ընտանիքով և տոհմով տեղափոխվեց Հայոց թագավորության տարածք և այստեղ Սասանյանների դեմ պայքարում դաշնակիցների աջակցության մեծ կարիք ունեցող Խոսրով I Քաջի կողմից լավ ընդունելության արժանացավ։ Այնուհետև, արդեն 253 թվականի ապրիլին, օգտվելով հարմար առիթից, Անակը, եղբոր հետ միասին միայնակ մնալով Հայոց արքայի մոտ, սրի հատու հարվածով ծանր վերք հասցրեց վերջինիս։ Դրանից հետո դեռևս կենդանի Խոսրով I Քաջի հրամանով սպանվեց ինչպես փախուստի դիմած Անակը, այնպես էլ կոտորվեցին նրա տոհմն և ընտանիքի անդամները, բացառությամբ մանկահասակ որդի
_________________________
1 Այս ճակատամարտի ժամանակը պարզել մեզ օգնում է Մովսես Խորենացու (գիրք 2, գլուխ 72) այն հաղորդումը, որ այն տեղի է ունեցել կայսր Ֆիլիպ I Արաբի (244-249) դեմ բռնկված մեծ ապստամբության ժամանակ: Այս դեպքում ակնհայտորեն նկատի է ունեցվում Մեզիայում տեղաբաշխված լեգեոնների ապստամբությունը, որոնց դեմ 249 թ-ի սեպտեմբերին տրված Վերոնայի ճակատամարտում էլ Ֆիլիպ I Արաբը զոհվեց:
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 71, 72; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46, 50; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»:
3 Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 72, 73; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 51; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Զոնորաս «Պատմություն»; Փարսադան Գորգիջանիձե «Հայոց դարձի պատմությունը»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:

481
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գրիգորի1, սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չերկարացրեց Հայոց հզոր այս արքայի կյանքը, որը այս դեպքերից կարճ ժամանակ անց էլ հենց մահացավ:
Այսպիսով՝ Պարսից թագավորության դեմ գրեթե երեք տասնամյակ մղված Մեծ Հայքի թագավորության պայքարը, կարծես թե, գտնվելով հաջողության փուլում, իր անակնկալ ավարտը ունեցավ, քանզի Խոսրով I Քաջի սպանությունից հետո Հայկական Վեցերորդ գերիշխանությունը, ըստ էության, վերջացավ, ավարտվեց նաև Հանուն Արշակունյաց կամ Հայ-Պարսկական II պատերազմը և Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները։ Մեծ Հայքի թագավորության կազմում մնացին Հայաստանի 14 նահանգ և Մինչեփրատյան Ծոփքը, իսկ Տրդատ արքայազնի մանկահասակության պայմաններում էլ թագավորության խնամակալ-արքա հռչակվեց Խոսրով I Քաջի եղբայր Խոսրովը` Խոսրով II-ը (253, 293-298` մի մասում)։ Երկիրը կանգնեց բարդ մարտահրավերների առջև։

Գլուխ 9
Մեծ Հայքի թագավորության թուլացումը և
Սասանյան հաղթահանդեսի սկիզբը

Խնդիրը կայանում էր նրանում, որ Խոսրով I Քաջի ստեղծած տերությունն իրենից ներկայացնում էր ներքնապես թույլ և ընդամենը միայն պատերազմական կոնկրետ հետաքրքրությունների վրա հիմնված ռազմական մի համադաշնություն, որտեղ ամեն ինչ, ըստ էության, հիմնված էր անձնական կապերի վրա: Տերության սիրտը կազմում էր Մեծ Հայքի թագավորությունը, սակայն այլք հայերի հետ ընդհանուր ռազմաքաղաքական հարթության մեջ գործելու տվյալ պահին քիչ հիմքեր ունեին և արդյունքում հայերը, ինչպես արդեն ասվեց, մնացին միայնակ: Խոսրով I Քաջի սպանությունը վերջ դրեց Հայկական Վեցերորդ գերիշխանությանը, բայց այն քայքայեց մինչ այդ Մեծ Հայքի թագավորության գլխավորությամբ գործող նաև տեղական համադաշնությանը, որի սիրտն ու ոգին Հայոց հենց այս քաջարի տիրակալն էր։ Իր հերթին նոր արքա Խոսրով II-ը, տարված գահակալական միանձնյա իշխանության հասնելու ցնորքներով, ոչ մի կերպ չկարողացավ արժանի լինել եղբորը, մանավանդ որ հենց այդ ժամանակ Շապուհ I-ը անցավ ակտիվ գործողությունների։
253 թվականի ամռանը Պարսից թագավորության բանակը (մոտ 130.000) մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք։ Ստեղծված պայմաններում, փոխանակ միասնական դիմադրություն կազմակերպելու, Խոսրով II-ը ոչնչացրեց եղբոր` Խոսրով I Քաջի, ընտանիքի բոլոր անդամներին և, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տեղում, ընդունեց Պարսից թագավորության գերիշխանությունը։ Խոսրով I Քաջի ընտանիքից փրկվեց միայն մանկահասակ արքայազն Տրդատը, որին նրա դայակ Արտավազդ Մանդակունին կարողացավ անցկացնել Հռոմ։
Տիրելով Մեծ Հայքի թագավորությանը՝ Շապուհ I-ը իր, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության միացյալ ռազմական մեքենան շարժեց Իբերիայի թագավորության դեմ: Ստեղծված պայմաններում Իբերիայի թագավորության արքա և տեղական Արշակունյաց գահատոհմի վերջին ներկայացուցիչ, Ռևի որդի Վաչե Արդարադատի (216-234) տղա Բակուր I-ի (մոտ 234-249) որդի Միհրդատ IV-ի (249-250) տղա Վարազ-Բակուր I-ը (250-253) հետագա դիմադրությունը կազմակերպելու և օժանդակ ուժեր ստանալու մտայնությամբ ետ քաշվեց դեպի Կովկասյան լեռներ, սակայն շուտով կնքեց իր մահկանացուն: Դրանից հետո միայնակ մնացած և, ըստ էության, ամեն մի աջակցությունից զրկված վրաց իշխանները սեփական սպարապետ Մաժանի գլխավորությամբ խորհրդակցության հավաքվեցին ու որոշեցին արյաց արքային հաշտություն առաջարկել՝ ամուսնացնելով Վարազ-Բակուր I-ի միակ աղջկան արյաց արքայի ազգականներից մեկի հետ և պայման դնելով, որ դրանից հետո տեղական գործերում ոչ մի էական փոփոխություն չպետք է տեղի ունենա: Շապուհ I-ը ընդունեց արված առաջարկը և
_________________________
1 Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 24-34; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 53-55; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:
482
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արդյունքում Իբերիայի թագավորության արքա հռչակվեց Շապուհ I-ի փոքրահասակ եղբայր Միհրանը՝ Միհրան III Մեծը (253-335)։ Իրավիճակն իր զարգացումն ունեցավ, սակայն, նաև Մեծ Հայքի թագավորության տարածքում:
Իրոք, նույն 253 թ-ին, գահին բռնատիրելու պատճառով իր դեմ ողջ թագավորությունում առկա դժգոհության արդյունքում գահընկեց արվեց արդեն նաև, ըստ էության, Շապուհ I-ի խամաճիկի վերածված Խոսրով II-ը, որից հետո թագավորության խնամակալ-արքա հռչակվեց երկիր վերադարձած Արտավազդ Մանդակունին` Արտավազդ VI-ը (253-261)1։ Հայոց նոր արքան, սակայն, ելնելով ուժերի իրական հարաբերակցության ստեղծված վիճակից, որևէ կերպ չսրեց հարաբերությունները Պարսից թագավորության հետ՝ արդյունքում, ըստ էության, հայտնվելով Շապուհ I-ի յուրօրինակ ենթակայի դերում: Միաժամանակ, ցանկանալով վերջնականապես ամրապնդվել նաև իր թագավորության արևելյան սահմաններում, արդեն Շապուհ I-ը գահընկեց արեց Արտաշիրին հաջորդած նրա որդի Պերոզ I-ին (245-253) և Քուշանշահերի թագավորության արքա հռչակեց սեփական ավագ որդի Որմիզդին՝ Որմիզդ I-ին (253-261): Արդյունքում՝ իր ցանկացած լավագույն ձևով կարգավորելով գործերը Մեծ Հայքի թագավորությունում և նրա հարակից երկրներում, ինչպես նաև կարգի գցելով գործերը սեփական թագավորության արևելյան սահմաններին՝ Շապուհ I-ը ի վերջո ձեռնամուխ եղավ Հռոմեական կայսրությանը երկար սպասված պատասխան հարված հասցնելուն։
Որպես հետևանք՝ 254 թվականի ամռանը, օգտվելով «զինվորական կայսրերի» առաջացրած լիակատար խառնաշփոթի հետևանքով Հռոմեական կայսրությունում իշխանության կաթվածահար վիճակից, Պարսից թագավորության բանակը (մոտ 100.000) Աբգար X-ի գլխավորած Հռոմեական կայսրության (մոտ 1.000) և Հայոց Միջագետքի թագավորության (մոտ 2.000) միացյալ բանակից գրավեց Մծբինը, ընդ որում Աբգար X-ը զոհվեց, Հայոց Միջագետքի թագավորությունը ոչնչացավ, իսկ Մծբինը, ինչպես նաև Ծավդեք ու Արվաստան գավառները անցան Պարսից թագավորությանը2։ Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը և ելնելով պաշտոնական Հռոմի արևելյան արդեն դաշտային բանակի դեմ, Մծբինից առաջխաղացած Պարսից թագավորության բանակը Բարբալիսոս բերդի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում հաղթեց Հռոմեական կայսրության բանակին (մոտ 60.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000)3։ Դրանից հետո թշնամին պաշարեց Եդեսիան, սակայն, թեև չկարողացավ գրավել այն4, սակայն, վերջ, փաստորեն Հայոց Միջագետքում վերջնականապես դուրս գալով Եփրատի ձախ ափ, Շապուհ I-ը կարողացավ վերացնել երկար տասնամյակներ Արշակունիների և Սասանյանների պետությունների գլխին կախված հյուսիսմիջագետքյան սեպը՝ իր ու հռոմեացիների տերության միջև սահման հաստատելով Եփրատ գետը և ապագայում պատրաստվելով նոր նվաճումների։ Այս կապակցությամբ պետք է ասել, սակայն, որ Սասանյանների հաջողությունների հիմքում ընկած Հռոմեական կայսրության կաթվածահար պետական համակարգի առկայությունը ոտքի էր հանել տարածաշրջանային նաև այլ ուժերի, որոնք փորձում էին Հռոմեական կայսրությունում շարունակվող խառնաշփոթից օգտվել արդեն իրենց ձևով և իրենց պատկերացրած տեսակով։
Խոսքը ամենից առաջ հենց այս ժամանակ Սև ծովի հյուսիսային ափերին հաստատված ու ծագումով գերմանացիներ հանդիսացող օսթգոթերի կողմից ստեղծված հզոր թագավորության մասին է, որը, ծովային կոմունիկացիաների կիրառմամբ գործելով պատերազմական գործողությունների լայն թատերաբեմում, մշտական հարվածի տակ էր պահում Հռոմեական կայսրության սահմանները՝ սկսած Դանուբից ու Փոքր Ասիայից և վերջացրած Սև ծովի արևելյան ափերով։ Արդյունքում՝ Հռոմեական կայսրության ռազմական մեքենան, որն առանց այդ էլ չէր կարողանում արդյունավետ պայքարել պարսկական վտանգի դեմ, հենց քննարկվող ժամանակաշրջանում ստացավ մի նոր և ոչ պակաս վտանգավոր ախոյանի, ի դեմս Օսթգոթական
_________________________
1 Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 35-37; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 54, 55; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Զոնորաս «Պատմություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5:
2 Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39:
3 Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:
4 Զոնորաս «Պատմություն»:

483
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

թագավորության1։ Այս կապակցությամբ, ի դեպ ասած, հետաքրքիր է հաղորդումը Հռոմեական կայսրության բանակում ծառայող Սուքեսյան Հայի մասին, որը 255 թվականի ամռանը Պիցունդայի ճ-մ-ում (Սև ծովի հյուսիս-արևելյան ափին), գլխավորելով Հռոմեական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000), հաղթեց ու հետ շպրտեց Ղրիմից ծովով արշաված Օսթգոթական թագավորության բանակին (մոտ 15.000)2։
250-ական թվականների երկրորդ կեսին օսթգոթերի և նրանց դաշնակից ցեղերի հարձակումներն ավելի ուժեղացան ու ստացան առավել համակարգված բնույթ։ 256 թվականի աշնանը Ղրիմից ծովով արշաված Օսթգոթական թագավորության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Փոքր Ասիայի, ինչպես նաև Փոքր Հայքի ծովափնյա գավառները3 և նահանջեց4, իսկ արդեն 257 թվականի ամռանն էլ գրանցեց իր ամենամեծ հաջողություններից մեկը5՝ տիրելով Տրապիզոնին6։ Հենց այս ժամանակ էր, ի դեպ ասած, որ քաղաքի բնակիչների մի մեծ քանակություն գերի տարվեց և այս գերյալների մեջ եղած քրիստոնյաներից էլ օսթգոթերը հետագայում աստիճանաբար ընդունեցին քրիստոնեությունը։

Գլուխ 10
Վալերիանոս I-ի Արևելյան արշավանքը

Իրար հաջորդած զինվորական կայսրերի շարանից հետո 253 թվականի հոկտեմբերի 22-ին ի վերջո Հռոմեական կայսրության կայսր հռչակվեց Վալերիանոս I-ը (253-260)՝ Հռոմեական կայսրության դասական տիպի մի սենատոր, որը, սակայն, իր իշխանության սկզբնական տարիներին հռենոսյան ու դանուբյան սահմաններում խեղդված մնաց գոթերի և այլ գերմանական ցեղերի հարուցած հոգսերի մեջ: Արդյունքում, կայսրության վիճակը կարողանալով հարաբերականորեն կայունացնել միայն 250-ական թվականների ամենավերջին, այս տիրակալը այդ ժամանակ էլ հենց պատրաստվեց վճռական հարձակման անցնել Շապուհ I-ի ուղղությամբ, որին, ի դեպ ասած, նույն այդ ժամանակ որոշակիորեն դաշնակցում էին նաև Արտավազդ VI-ի գլխավորած Մեծ Հայքի, ինչպես նաև, բնականաբար, Իբերիայի թագավորությունները։
260 թվականի գարնանը Վալերիանոս I-ը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք, որից հետո Շապուհ I-ի արագաշարժ ջոկատները, որոնք մինչ այդ անընդհատ ոտնատակ էին տալիս Հյուսիսային Ասորիքը, հետ մղվեցին Եփրատի ձախ ափ։ Դրանից հետո, ի մի բերելով բոլոր ուժերը, Վալերիանոս I-ի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (70.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000) նույն տարվա սեպտեմբերին Զևգմայի գետանցով անցան Եփրատը և սկսեցին շարժվել դեպի արևելք։ Իր հերթին Պարսից (մոտ 100.000) և Մեծ Հայքի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը, որն առժամանակ, կարծես թե, չէր երևում, կրկնօրինակելով Մարկոս Կրասոսին ջախջախած Սուրենի բանակի լավագույն մարտավարությունը, այս դեպքերից կարճ ժամանակ անց հակառակորդի համար լիովին անակնկալ կերպով հեծելազորի հսկայական ու շարժունակ ուժերով սրընթաց առաջխաղացում իրականացրեց և Եդեսիայի մոտ շրջապատեց կայսերական բանակին։ Արդյունքում՝ հակառակորդի մասնակի, սակայն բազմաթիվ գրոհներից, հզոր նետահարությունից, ինչպես նաև պարենի ու ջրի պակասից և բռնկված հիվանդություններից Հռոմեական կայսրության բանակը սկսեց ծանր կորուստներ կրել, որից հետո, ստեղծված պայմաններում չգտնելով այլ ելք, ի վերջո
_________________________
1 Տես՝ Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 2, Երևան 1978, էջ 96։
2 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 32:
3 Հռոմեական կայսրության պատմիչ Զոսիմայի մոտ հիշատակված այս իրադարձությունները սովետահայ պատմագիտությունը ընդհանրապես ուշադրության չի արժանացրել։
4 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 32, 33; Զոնորաս «Պատմություն»:
5 Զոսիմայի մոտ հիշատակված այս իրադարձությունները ևս լիովին անտեսված են մնացել սովետահայ պատմագիտության կողմից, հավանաբար մեծապես այն պատճառով, որ համաշխարհային և հայկական պատմագիտության մեջ Փոքր Հայքի ծովափնյա գավառները համառորեն համարվում են հունական տարածք ու կոչվում են «Պոնտոս», այն դեպքում, երբ վերջինս ընդամենը արհեստականորեն ստեղծված մի անվանում է, որը կապվում է այդ տարածքներին կարճատև տիրած և վաղուց իր գոյությունը դադարեցրած Պոնտոսի թագավորության հետ։ Այս մոտեցումը ոչ պատմական և ոչ էլ էթնիկ տեսանկյունից ճիշտ չէ ու մեծապես պայմանավորված է վերևում արդեն հիշատակված համաշխարհային պատմագիտության չարաբաստիկ «եվրոպակենտրոնությամբ», երբ եվրոպական պատմիչների և պատմաբանների հաճախ ազգայնամոլական դիրքերից գրված աշխատությունները ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն ու դրանց հիման վրա մեծապես թերագնահատվում են այլ ազգերը։
6 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 33; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 8:

484
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

իր ողջ կազմով անձնատուր եղավ1։ Վալերիանոս I-ը գերվեց, ինչը բացառիկ մի բան էր Հռոմեական կայսրության ողջ պատմության ընթացքում, փոխադրվեց Պարսից թագավորություն և այստեղ, բազում ստորացումներից հետո, հետագայում սպանվեց։ Դժբախտ այդ միապետի գլխին եկած անձնական ողբերգությունը, սակայն, թերևս, խամրում էր այն բանի հանդեպ, ինչը նույն այս ժամանակ պայթեց Հռոմեական կայսրության ողջ Արևելքի գլխին։

Գլուխ 11
Շապուհ I-ի Արևմտյան թռիչքը

Իրոք, գերված կայսրն իր հետ Եփրատն անցկացրել և արդյունքում փաստորեն կործանել էր կայսրության ոչ միայն արևելյան, այլև, ըստ էության, նաև լավագույն ուժերը, իսկ այդ պարագայում Ասորիքն ու Փոքր Ասիան մնում էին լիովին անպաշտպան, ընդ որում կայսեր գերման հետ միաժամանակ գործնականում առանց դիմադրության կորսվել էին նաև Եդեսիան ու Խառանը։ Իր հերթին Շապուհ I-ը, ի վերջո ցանկանալով կյանքի կոչել Սասանյանների կողմից երկար տարիներ փայփայած երազանքը՝ դուրս մղել պաշտոնական Հռոմին Արևելքից, տիրել Ասորիքին ու Փոքր Ասիային և վերականգնել Աքեմենյանների տերության երբեմնի սահմանները Արևմուտքում, չհապաղեց անմիջապես էլ խոշոր ուժերով Եփրատի աջ ափ անցնել։ Միաժամանակ, սեփական դիրքերի աննախադեպ ամրացման պայմաններում իրեն զգալով բավականին ազատ նաև հարակից այլ երկրների պարագայում, նույն 261 թվականի ամենասկզբին Սասանյանների հզոր տիրակալը Մեծ Հայքի թագավորության գահից հեռացրեց Արտավազդ VI-ին, որը, չունենալով այլ ելք, կրկին ապաստանեց Հռոմեական կայսրության սահմաններում, որից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց իր ավագ որդի և Քուշանշահերի թագավորության նախկին արքա Որմիզդ I-ին` Որմիզդին (261-273)։ Փաստորեն, ինչպես Իբերիայի թագավորության և Միհրան III Մեծի պարագայում եղավ, այս անգամ արդեն, ի դեմս Որմիզդի, Սասանյանների տերության ռազմաքաղաքական հետաքրքրությունների ոլորտում սկսեց ուղղակիորեն գործել նաև Մեծ Հայքի թագավորությունը, իսկ այս հանգամանքը Շապուհ I-ի հարվածային ուժն ավելի մեծացրեց։ Ինչ վերաբերում է Քուշանշահերի թագավորությանը, ապա այստեղ արքա նշանակվեց Շապուհ I-ի մյուս որդի Ներսեսը (261-276):
Արդյունքում՝ 261 թվականի գարնանը Պարսից (մոտ 100.000) և Մեծ Հայքի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը անցավ Եփրատը ու Հռոմեական կայսրության բանակից (մոտ 6.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից2 (մոտ 1.000) հանկարծակի հարձակումով գրավեց Անտիոքը3, ընդ որում քաղաքի անկումն այն աստիճան անակնկալ եղավ, որ, երբ հակառակորդի ուժերն արդեն քաղաքում էին, այստեղ քաղաքացիները դեռևս ոչնչից տեղյակ չէին ու թատրոն էին վայելում։ Դրանից հետո դաշնակից ուժերը, ինչպես մ.թ.ա. 41 թվականին, բաժանվեցին երկու մասին, որոնցից առաջինը, դաժանորեն ասպատակելով Ասորիքն և Պաղեստինը, հսկայական ավար ձեռք բերեց4։ Ոչ պակաս հաջող գործեց, սակայն, նաև դաշնակից ուժերի երկրորդ մասը, որը, ասպատակելով առաջանալով Անտիոք-Կիլիկիա երթուղով, կարճ
_________________________
1 Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, Երկու Վալերիանոսներ», մաս 3; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 32; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ Հռոմեական կայսրության կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 32; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 8; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 36, գիրք 3, գլուխ 32; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 7; Լակտացիոս «Հալածողների մահվան մասին», գլուխ 5, մաս 2; Զոնորաս «Պատմություն»; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 8; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8; Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից:
2 Սկսած մոտ 255 թվականից Փոքր Հայքում և Անդրեփրատյան Ծոփքում Հռոմը կազմավորեց և տեղաբաշխեց 2 նոր լեգեոն` պսևդոկոմիտատեսներ I Armeniaca-ն և II Armeniaca-ն, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկում էր 3.000-ական լեգեոներ։ Այս լեգեոնները համալրվում էին բացառապես տեղական բնակչության հաշվին, բնականաբար ճնշող մեծամասնությամբ կազմված էին հայերից և մինչև 360-ական թվականները իրենց գործուն մասնակցությունն են բերել կայսրության կողմից արևելքում մղած բոլոր խոշոր ռազմական օպերացիաներին։
3 Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 18, գլուխ 6, գիրք 20, գլուխ 11, գիրք 23, գլուխ 5; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 27, գիրք 3, գլուխ 32; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 8; Զոնորաս «Պատմություն»; Յակուբի «Պատմություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
4 Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5, գիրք 6, գլուխ 8:

485
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ժամանակ անց գրավեց Տարսոնը1՝ միաժամանակ ոտքի տակ տալով նաև Կապադովկիան և դավաճանության շնորհիվ տիրելով մինչ այդ համառ դիմադրություն ցույց տված Կեսարիային: Դրանից հետո, ծանրաբեռնված ավարով, Պարսից թագավորության բանակը սկսեց հետ քաշվել Կիլիկիայից և Ասորիքից։
261 թվականի նույն ամռանը, սակայն, Սոլեի ճ-մ-ում Բալլիստայի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 20.000) անակնկալ հարձակումով հաղթեց նահանջող Պարսից (մոտ 30.000) և Մեծ Հայքի (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակին, խլեց տարվող ավարը ու ազատեց գերիներին2: Վերջին պարտությունը սկիզբ հանդիսացավ Շապուհ I-ի հետագա անկմանը:

Գլուխ 12
Պալմիրայի թագավորությունը և պարսից բազեի ընդհատված թռիչքը

Իրոք, հռոմեական աղետը ու կենտրոնական իշխանության լիակատար կաթվածահար վիճակը այլ ելք չէր թողնում տեղական ուժերին, քան գործելն էր, և ահա հենց այս պայմաններում էլ ռազմաքաղաքական թատերաբեմ մտավ հերթական, բայց յուրօրինակ զինվորական մի կայսր, ի դեմս Պալմիրայի կառավարիչ Օդենատոսի (260-267), որն արագորեն կարողացավ կարգավորել տեղական ուժերին ու նախկին հողագործների, ինչպես նաև քոչվոր արաբ բեդվինների հաշվին բավականին մարտունակ զգալի ուժեր ստեղծել։ Արդյունքում՝ արդեն 261 թվականի ամռանը3, երբ թշնամին, հարստացած խոշոր ավարով ու, կարծես թե, գտնվելով ապահովության, մեջ նահանջում էր, Պալմիրայի կառավարիչ Օդենատոսի գլխավորած պալմիրա-հռոմեական բանակը (մոտ 90.000) Խառանի ճ-մ-ում անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց Շապուհ I-ի ուժերին, ընդ որում Օդենատոսը ոչ միայն հետ խլեց տարվող ավարի զգալի մասը, այլև դրանից հետո առանց լուրջ մարտերի մտավ Եդեսիա, Խառան և Մծբին4։
Օդենատոսի անակնկալ հաջողությունը հիմնիվեր տապալեց անդրեփրատյան տարածքներին ի վերջո տիրելու Շապուհ I-ի հույսերը, ընդ որում արդեն 262 թվականին, քանի որ սկիզբ առած գահակալական պայքարում աջակցել էր Վալերիանոս I-ի որդի ու Հռոմեական կայսրության հերթական կայսր Գալլիենոսին (260-268), Օդենատոսը հռչակվեց կրտսեր համակայսր և այդ կարգավիճակում տիրեց կայսրության փոքրասիական ու մերձավորարևելյան բոլոր տիրույթներին։ Միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ Գալլիենոսը, առանց այդ էլ անփույթ, նվիրված իր հաճույքներին և մազաչափ իսկ չհոգացող ստորացուցիչ գերության մեջ հայտնված սեփական հոր մասին, դրա հետ միաժամանակ նաև գլխովին խրված էր ոչ միայն գահակալական մշտական մրցակցության, այլև դանուբյան ու հռենոսյան սահմաններում արտաքին թշնամիների դեմ մղվող պատերազմական գործողությունների մեջ, իսկ այս պարագայում Արևելքի ողջ պաշտպանությունը մնում էր Օդենատոսի վրա:
Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ տաղանդավոր կազմակերպիչ Օդենատոսը, հրաժարվելով, ըստ էության, վերացած և առայժմ վերստեղծման ամեն մի հնարավորություն բացառող Հռոմեական կայսրության ռազմական մեքենայից, իր բանակը կազմակերպեց, ինչպես արդեն ասվեց, լիովին նոր սկզբունքներով՝ շեշտը դնելով ամենից առաջ տեղական ուժերի վրա, որոնց սիրտը բեդվին արաբներն էին5։ Արդյունքում՝ փաստորեն ստեղծվեց
_________________________
1 Շապուհ I-ին վերագրվող Քաաբ ի-Զարադուշտի արձանագրությունից; Զոնորաս «Պատմություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 10, գլուխ 5, գիրք 6, գլուխ 8; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8:
2 Զոնորաս «Պատմություն»:
3 Այս ճակատամարտի թվականի մասին Սեբեոսը հայտնում է իրար խիստ հակասող տեղեկություններ (մաս 2)։ Ըստ նրա այն եղել է Հռոմի Գալլիենոս կայսեր և պարսկական Արտաշիր I-ի որդի Շապուհ II-ի օրոք, այն դեպքում, երբ վերջինս Արտաշիրի որդին չէր, այլ` թոռան թոռը, և գահ էր բարձրացել Գալլիենոսի մահից մոտ 40 տարի հետո։ Կարելի է կարծել որ Սեբեոսը նկատի է ունեցել Շապուհ I-ին, որը իրոք Արտաշիրի որդին էր և Գալլիենոսի ժամանակակիցը։
4 Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, Երկու Վալերիանոսներ», մաս 4; Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 10; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39; Զոնորաս «Պատմություն»; Օրուջ-բեկ Բայաթ «Պատմություն», գիրք 1, գլուխ 8: Այս մասին հայտնում է նաև Սինկելլոսը։
5 Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, 30 բռնատիրողներ», մաս 10, 15, 30; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39:

486
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

մի իրավիճակ, երբ վաղուց ի վեր Հռոմեական կայսրության տիպի բանակի դեմ պայքարելուն սովոր սասանյան ռազմական մեքենան պետք է ընդհարվեր նոր տիպի մի ռազմական մեքենայի հետ, ընդ որում կյանքը ցույց տվեց, որ տեղի ունեցած կտրուկ փոփոխությանը վերջինս ամենևին էլ պատրաստ չէր։
Իրոք, բեդվին արաբները հիանալի էին կողմնորոշվում տեղանքում և ավելի լավ էին տանում անապատային պայմանները, նրանք արագաշարժ էին ու դրանով չեզոքացնում էին Սասանյանների ռազմական մեքենայի հիմնական հաղթաթղթերից մեկը հանդիսացող արագությունը, և, բացի այդ, գործում էին ձիերի ու ուղտերի վրա, որոնք, ի համեմատ իրենց հակառակորդների ունեցած նույն կենդանիների, ավելի էին պատրաստ Ասորիքի և Միջագետքի անապատային շրջաններում մարտեր վարելուն։ Այս ամենն էլ հենց իր համակցության մեջ առժամանակ զգալի առավելություն ապահովեց զարմանալի ճակատագիր ունեցող Օդենատոսին և նրա բանակին՝ ստիպելով, թվում է, թե վաղուց ի վեր փայփայած իր երազանքների կատարման ամենաշեմին գտնվող Շապուհ I-ին այնուհանդերձ նահանջել։
262 թվականին Օդենատոսը վերջնականապես ամրացրեց ասորիքյան սահմանը, 263 թվականին կենտրոնացրեց և կարգի բերեց իր ուժերը, իսկ արդեն 264 թվականին էլ ծանր հարված հասցրեց Կենտրոնական Միջագետքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դատելով ըստ ամենայնի, տաղանդավոր այս զորավարը, լիովին օգտագործելով սեփական բեդվինների շարժունակությունը անապատում, հարձակումը իրականացրել է ասորիքյան անապատի միջով՝ դրանով օպերատիվ լիակատար անակնկալ ապահովելով Շապուհ I-ին։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

264 – Տիզբոնի ճ-մ1

Պալմիրայի կառավարիչ, համակայսր Օդենատոսի գլխավորությամբ ասորիքյան անապատն անակնկալ անցած և Եփրատը գետանցած պալմիրա-հռոմեական բանակը (մոտ 90.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) սկսեցին աննկատ մոտենալ Շապուհ I-ի գլխավորությամբ քաղաքում գտնվող Պարսից թագավորության բանակին (մոտ 10.000)։
I փուլ – Օդենատոսի բանակը անցավ հարձակման և պարտության ու փախուստի մատնեց թշնամու բանակին, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։
II փուլ – Հետապնդելով թշնամուն՝ Օդենատոսի բանակը ներխուժեց քաղաք, սակայն, չկարողանալով ամրանալ այնտեղ, ավարով հետ նահանջեց։
III փուլ – Օդենատոսի բանակը պաշարեց քաղաքը, սակայն իրականացված համառ գրոհները որևէ արդյունք չտվեցին։
IV փուլ – Արևելքից սկսեցին քաղաքին մոտենալ Պարսից թագավորության բանակի խոշոր ուժեր, այդ թվում նաև Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններից (մոտ 100.000)։ Ստեղծված պայմաններում այլևս անհնարին համարելով քաղաքի գրավումը՝ Օդենատոսի բանակը մարտերով նահանջեց։
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 15.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր։

Այսպիսով՝ Օդենատոսին, չնայած օպերատիվ անակնկալին, այնուհանդերձ չհաջողվեց գրավել Սասանյանների մայրաքաղաքը, թեև հարձակման հանդգնությունն իսկ վկայում էր այն մասին, որ Շապուհ I-ի դրությունն այնքան էլ կայուն չէր, իսկ հռոմեացիների դեմ ձեռք բերված հաջողություններն էլ մեծապես պայմանավորված են եղել վերջիններիս մոտ տիրող խառնաշփոթով և վատ կառավարմամբ։ Իրոք, կյանքը ցույց տվեց, որ Հռոմեական կայսրության միայն արևելյան մասի դեմ կռվելն իսկ Շապուհ I-ի տերության համար բավականին դժվարին մի գործ է։
_________________________
1 Տրեբելիոս Պոլիոն «Օգոստոսների կենսագրություններ, 30 բռնատիրողներ», մաս 10, 15, 30; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 22; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 10; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 39; Զոնորաս «Պատմություն»:
487
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 13
Լուցիոս Ավրելիանոսի Արևելյան արշավանքը

267 թվականին Օդենատոսը և իր որդին զոհ գնացին Օդենատոսի հորեղբորորդու կողմից հղացած դավադրությանը, ինչից հետո տաղանդավոր այս տիրակալին հաջորդեց նրա մեկամյա մյուս որդի Վաբելլատոսը (267-271), սակայն վերջինս բնականաբար որևէ իրական իշխանություն չուներ և փաստացի կառավարում էր իր մայր Զենոբիան՝ կնոջ իշխանության բացառիկ մի դեպք իր ժամանակի պատմության մեջ։ Զենոբիան, ցանկանալով Հռոմեական կայսրության արևելքում վերջնականապես միանձնյա անկախ իշխանության հասնել, փոխեց հակասասանյան քաղաքականության մինչ այդ վարվող գիծը և, սկսելով դաշնակցել պաշտոնական Տիզբոնի հետ, դուրս եկավ արդեն պաշտոնական Հռոմի դեմ։ Գալլիենոսը, սակայն, 268 թվականի օգոստոսին իր հերթին սպանվեց՝ մինչ այդ այդպես էլ ոչ ցանկություն և ոչ էլ հնարավորություն չունենալով միջոցներ ձեռնարկել պարսիկների կամ Զենոբիայի դեմ։ Արդյունքում՝ միակ բանը, որ մարդկային և պետական գործչի առանց այդ էլ բարձր հատկանիշներ չունեցող այս կայսրը թողեց իրենից հետո, դա ծանր հեծելազորային ստորաբաժանումների ստեղծումն էր, որը հետագայում շատ էր պետք գալու նրա հետնորդներին՝ հատկապես արևելքում մղվող պատերազմներում։ Գալլիենոսից հետո կայսրության գահին իրար հաջորդեցին ևս երկու «զինվորական կայսրեր» և 270 թվականի ապրիլին ի վերջո կայսր հռչակվեց Լուցիոս Ավրելիանոսը (270-275)։
Տաղանդավոր այս տիրակալը, որն իր կյանքի ուղին սկսել էր որպես հասարակ մի լեգեոներ և անցել էր կայսրության ռազմական մեքենայի բոլոր աստիճաններով, բացառիկ մի դեպք էր «զինվորական կայսրերի» մռայլ երթաշարքում, մարդ, որն իր պայծառ խելքով ու կազմակերպչական մեծ շնորհքով մի պահ, կարծես թե, կարողացավ երկիրը դուրս հանել անվերջ թվացող քաոսից: Նոր կայսեր կարելի էր թերևս, այն էլ զգալի պայմանականությամբ, մեղադրել միայն չափն անցնող խստության և նույնիսկ դաժանության մեջ, սակայն այն բարդ պայմաններում, որում ստիպված էր գործել Լուցիոս Ավրելիանոսը, դա, թերևս, բացատրելի կամ նույնիսկ ընդունելի էր: Միաժամանակ նոր կայսեր կերպարում, անկասկած, դրականը նաև այն էր, որ վերջինս որոշակիորեն լայնախոհ և նույնիսկ փիլիսոփայական մտածողության հակված մի անձնավորություն էր:
Եվ այսպես, մի քանի կտրուկ քայլերով ամրացնելով իր իշխանությունը գահի վրա, հրաժարվելով պաշտպանության համար անչափ շատ ջանքեր պահանջող Մարկոս Տրայանոսի նվաճած Դակիայից, սակայն փոխարենն ամուր պաշտպանության անցնելով Դանուբ գետի աջ ափով, Լուցիոս Ավրելիանոսը 271 թվականին պատրաստվեց վերականգնել Հռոմեական կայսրության ամբողջությունը նաև Արևելքում՝ պատերազմ սկսելով Զենոբիայի դեմ։ Իր հերթին, զգալով իր վրա կախված վտանգը, Շապուհ I-ի հետ վերջնական համաձայնության հասավ նաև Զենոբիան, թեև օժանդակ ուժեր արյաց արքան այդպես էլ չկարողացավ կամ չհասցրեց ուղարկել։
271 թվականի գարնանը Լուցիոս Ավրելիանոս կայսեր գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 180.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000), իրենց կազմում ունենալով նաև կայսեր կողմից նոր զարգացում ստացած հեծելազորային զգալի ուժեր, պալմիրա-հռոմեական կայազորից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200) դավաճանության շնորհիվ գրավեցին Տիանան (Հյուսիս-արևմտյան Կիլիկիա)1: Դրանից հետո Լուցիոս Ավրելիանոսի բանակը մտավ Հյուսիսային Ասորիք։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.

271 ամառ – Անտիոքի ճ-մ2

Լուցիոս Ավրելիանոս կայսեր գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 170.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.900) մոտեցան պալմիրա-հռոմեական բանակին (մոտ 100.000)։ Կողմերը մարտակարգ ընդունեցին։
_________________________
1 Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 22-24; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 50:
2 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 50-52; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 25:

488
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

I փուլ – Հմուտ մանևրելով հյուծելով հակառակորդին` Հռոմեական կայսրության բանակը անցավ հարձակման և հետևակի ու հեծելազորի համակցված հարվածով ծանր պարտության մատնեց վերջինիս բանակին, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։
II փուլ – Հաջորդ օրը հաջողությունը զարգացրած Հռոմեական կայսրության բանակը առանց լուրջ մարտերի մտավ քաղաք։
III փուլ – Մի քանի օր անց, պատրաստվելով զարգացնել հաջողությունը ու շարժվել Հեմսի ուղղությամբ, Հռոմեական կայսրության բանակը Դափնեի մոտ հարձակվեց ամուր դիրքեր գրաված հակառակորդի բանակի վրա և վերջնական պարտության մատնեց վերջինիս։
Հայերը կորցրին մոտ 150, դաշնակիցը` մոտ 5.000, թշնամին` մոտ 30.000 զինվոր։

271 աշուն – Հեմսի ճ-մ1

Լուցիոս Ավրելիանոս կայսեր գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 160.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.500) մոտեցան քաղաքի մոտ մարտակարգ ընդունած պալմիրա-հռոմեական բանակին (70.000)։ Կողմերը մարտակարգ ընդունեցին։
I փուլ – Հակառակորդի հեծելազորը կենտրոնում անցավ հուժկու հարձակման և հզոր հարվածով ճեղքեց Լուցիոս Ավրելիանոսի բանակի առաջին շարքը` ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին, սակայն միաժամանակ նաև խախտելով՝ սեփական դասավորվածությունը։
II փուլ – Օգտվելով ունեցած թվական գերակշռությունից` Լուցիոս Ավրելիանոսի բանակի հեծելազորը թևերից շրջապատեց առաջ եկած հակառակորդին և համառ մարտից հետո ծանր պարտության մատնեց վերջինիս, որի մնացորդները պատսպարվեցին քաղաքում։
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր։

Այսպիսով՝ Լուցիոս Ավրելիանոս կայսեր երկաթյա ձեռքով կառավարվող Հռոմեական կայսրության կարգի գցված ռազմական ահեղ մեքենայի դեմ տրված երկու բաց ճակատամարտերի արդյունքում Զենոբիան, ըստ էության, մնաց առանց բանակի, որ արդյունքում էլ նույն թվականի աշնանը առանց լուրջ դիմադրության ընկավ արդեն նաև Պալմիրան։ Դրանից հետո Զենոբիան փորձ կատարեց շարժվել դեպի ասորիքյան անապատ և գոնե այնտեղ հանդիպել Շապուհ I-ի ուղարկած ուժերին, սակայն անհաջողության մատնվեց ու որդու հետ միասին գերվեց2։ Պալմիրա քաղաքի հետ ռազմունակ կայսրը սկզբում շատ մեղմ վարվեց, բայց հետո, երբ 272 թվականի գարնանը այս քաղաքը ապստամբության դրոշ բարձրացրեց, Լուցիոս Ավրելիանոսը կրկին վերադարձավ նրա պարիսպների տակ և, այս անգամ արդեն համառ մարտերով գրավելով այն, հիմնովին ավերեց3։ Ինչ վերաբերում է Զենոբիայի և Վաբելլատոսին, ապա նրանք հաստատվեցին Հռոմում ու հենց այնտեղ էլ ավարտեցին իրենց օրերը:
Այսպիսով՝ Լուցիոս Ավրելիանոսի ամուր ձեռքի տակ Հռոմեական կայսրությունը փաստորեն միավորվեց և վերագտավ իր հինավուրց հզորությունը, իսկ այս պայմաններում էլ իր կյանքի արդեն յոթերորդ տասնամյակը մտնող Շապուհ I-ն արդեն ոչ միայն չէր կարող մտածել նոր հարձակման մասին, այլև ինքը պետք է ձեռնարկեր պաշտպանական զգալի միջոցառումներ։ Շուտով պարզվեց, սակայն, որ Լուցիոս Ավրելիանոսն ինքն էլ, որի տերությունն այդ պահին
_________________________
1 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 52-53; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 25; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 24:
2 Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 26-28; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 54; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 35; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 13; Զոնորաս «Պատմություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
3 Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Աստվածային Ավրելիանոսը», մաս 31; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 59, 61:

489
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հարձակման վտանգի տակ էր հայտնվել հռենոսյան և դանուբյան սահմաններում գործող գերմանացիների կողմից, զերծ է մնում պարսիկների դեմ նոր պատերազմ հրահրելուց՝ վերադառնալով Բալկանյան թերակղզի։
273 թվականի ամենասկզբում Շապուհ I-ը մահացավ, որից հետո Պարսից թագավորության նոր արքա հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա Որմիզդը՝ Որմիզդ I-ը (273)՝ իր հերթին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով սեփական որդուն՝ Որմզդակին (273-276)։ 273 թվականի ամենավերջում, սակայն, Որմիզդ I-ը կիսեց հոր ճակատագիրը, որից հետո գահն անցավ ամենայն հավանականությամբ մինչ այդ սեփական եղբոր մահը կազմակերպած Վահրամ I-ին (273-276)։ Իր հերթին, տեղեկանալով ահեղ Շապուհ I-ի մահվան մասին և որոշելով սրան հաջորդած որդիների օրոք ի վերջո հաշիվ տեսնել Պարսից թագավորության հետ, արդեն 275 թվականի սկզբին Լուցիոս Ավրելիանոսը, բոլոր կողմերից բանակային խոշոր ուժեր հավաքելով Փոքր Ասիայում, ինքը ևս իր շքախմբով սկսեց աստիճանաբար շարժվել արևելյան ուղղությամբ, սակայն նույն 275 թվականի սեպտեմբերի 25-ին էլ զոհ գնաց իր իսկ մտերիմների հղացած դավադրությանը։ Ռազմունակ կայսեր սպանվելը ծանր հարված հասցրեց Հռոմեական կայսրությանը և այստեղ կրկին գահակալական ճգնաժամ առաջացավ, ինչի պայմաններում Պարսից թագավորության դեմ նոր պատերազմի մասին խոսք գնալ որևէ կերպ արդեն չէր կարող։

Գլուխ 14
Սասանյանների ներքին քաոսը

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ, ի տարբերություն առաջին երկու Սասանյանների ամուր կառավարմանը, քննարկվող ժամանակաշրջանում ամուր չէին նաև Սասանյանների գահին հայտնված չորրորդ գահակալ Վահրամ I-ի դիրքերը, որին, կարծես թե, հետևում էր մահացած եղբոր ստվերը։ Իր հերթին հարկ է նշել, որ, ի տարբերություն իր հզոր պապի, ռազմունակ հոր և հավասարակշիռ եղբոր, Վահրամ I-ը, մի կողմ թողած պետական կառավարման հարցերը, իր հիմնական ժամանակը նվիրում էր խնջույքներին, ռազմական վարժություններին ու բանակային խաղերին։ Միաժամանակ, արյաց նոր արքան հետ քաշվեց նաև իր նախորդների օրոք գոյություն ունեցող կրոնական հանդուրժողականության հեռատես քաղաքականությունից՝ արդյունքում հրամայելով մահապատժի ենթարկել նաև մանիքեականության հիմնադիր համարվող ոչ անհայտ Մանիին, իսկ այս ամենն էլ, իր համակցության մեջ, որոշակի խառնաշփոթ առաջացրեց երկրում։ Այս պայմաններում ոտքի ելան նաև արյաց արքայի հորեղբայր, Իբերիայի թագավորության արքա Միհրան III Մեծն, ինչպես նաև սեփական հոր մահվան մեջ համառորեն հենց հորեղբորը կասկածող Մեծ Հայքի թագավորության արքա Որմզդակը։ Արդյունքում՝ 276 թվականի գարնանը Որմզդակ արքայի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 60.000) և Միհրան III Մեծի գլխավորած Իբերիայի (մոտ 60.000, որից ուղիղ 40.000 պարսիկ հեծյալ) թագավորությունների միացյալ բանակը, նպատակ ունենալով գահընկեց անել Վահրամ I-ին ու արքա հռչակել Միհրան III Մեծին, մոտեցավ Մծբինին։ Տրամադրված լինելով վճռականորեն՝ հորեղբոր և եղբորորդու դեմ խոշոր ուժերով շարժվեց, սակայն, նաև Վահրամ I-ը, բայց սկսված բանակցությունների արդյունքում ռազմական բախումից հնարավոր եղավ այնուհանդերձ զերծ մնալ, ընդ որում, թեև նոր փոփոխություններ սկզբունքորեն չեղան, սակայն փոխարենը Միհրան III Մեծը Աղվանքում ու Ատրպատականում նոր տիրույթներ ստացավ1։
Այս կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ հյուսիսում ձեռք բերած հաջողության պտուղները Վահրամ I-ը վայելել այդպես էլ չհասցրեց, քանի որ մայրաքաղաք վերադառնալուց կարճ ժամանակ անց նա մահացավ, որից հետո գահը զբաղեցրեց իր երիտասարդ որդին՝ Վահրամ II-ը (276-293)։ Նոր արքան, ակնհայտորեն գահին հասած լինելով ավագ սերնդի համաձայնությամբ, ստիպված եղավ անել մեկ էական զիջում, թեև այնքան էլ ոչ իր հաշվին՝ Որմզդակի փոխարեն Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով իր հորեղբայր, մինչ այդ «Հնդկաստանի, Սակաստանի և Թուրանի արքա» հռչակված Քուշանշահերի թագավորության
_________________________
1 «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 62:
490
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

արքա Ներսեսին (276-287, 287-293` մի մասում), որն ինքն էլ հավակնում էր Սասանյանների գահին։ Ինչ վերաբերում է Քուշանշահերի թագավորությանը, ապա այստեղ արքա նշանակվեց Որմիզդ I-ի որդի Որմիզդ II-ը (276-302):
Փաստորեն Սասանյանների տերության հյուսիսային հատվածում շարունակում էր խիստ ազդեցիկ մնալ արյաց արքայի ավագ սերնդի ազգականների իշխանությունը, ինչը Տիզբոնում իշխող գահակալին զգալիորեն զրկում էր ամրության հիմքերից։ Քննարկվող ժամանակահատվածում խաղաղ չէր, սակայն, նաև հռոմեացիների մոտ։

Գլուխ 15
Անորոշ տարիները. Տակիտոսից Մարկոս Պրոբոս

Տաղանդավոր Լուցիոս Ավրելիանոսը, ծրագրելով Սասանյանների տերությանը հարված հասցնել, այդ թվում նաև օսթգոթերի միջոցով և նախատեսելով, որ Կովկասյան լեռներից հարավ թափանցած գերմանական ռազմատենչ այդ ցեղն ու նրանց դաշնակիցները, մինչ ինքը ուղղակի կհարձակվի Տիզբոնի վրա, առնվազն գոնե կկաշկանդեն Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորություններին, իր կառավարման վերջին ամիսներին մեծ խոստումներով ոտքի էր հանել Օսթգոթական թագավորությանը, սակայն այժմ, այն բանից հետո, երբ Լուցիոս Ավրելիանոսը սպանվեց, իսկ նրա Արևելյան նախատեսվող նոր արշավանքն էլ չեղյալ համարվեց, պաշտոնական Հռոմի այդ չկայացած դաշնակիցները իրենց մեծապես խաբված համարեցին ու թշնամական դիրք գրավեցին հաջորդ կայսր Տակիտոսի (275-276) նկատմամբ։ Իր հերթին, Հռոմեական կայսրության նորահռչակ այս կայսրը, պետության առաջ ծառացած բոլոր խնդիրների շարքում ամենակարևորը համարելով այնուհանդերձ հենց արևելյան սահմանի անվտանգությունը, 275 թվականի ամենավերջում սեփական եղբայր Ֆլորիանոսի հետ միասին ժամանեց Արևելք՝ թերևս, ցանկանալով և օգտվել Սասանյանների տոհմում առաջացած վեճերից, և սաստել հյուսիսային վայրենիներին։ Սասանյանները, սակայն, ինչպես արդեն ասվեց, իրենց գործերը առանց բացահայտ ռազմական բախման կարգավորեցին, ընդ որում նրանք Տակիտոսին ոչ միայն գործելու հնարավորություն չտվեցին, այլև նաև Օսթգոթական թագավորության բանակին չխանգարեցին հարված հասցնել Փոքր Ասիային։
276 թվականի հունիսին Տակիտոսը, չիմանալով թշնամիների հարվածի ուղղությունը և Ֆլորիանոսին խոշոր ուժերով, համենայն դեպս, թողնելով Կիլիկիայում, ինքը Խոսրով I Քաջի երիտասարդ, սակայն իր հսկայական ուժով ու զորական մեծ խիզախությամբ մարտերում արդեն իսկ աչքի ընկնող որդի Տրդատի հետ միասին գտնվում էր Տրապիզոնի մոտակայքում։ Հենց այդ ժամանակ էր, ահա, որ նա լուր ստացավ իրենից դեպի ավելի արևմուտք՝ ինչ-որ տեղ Սինոպի մոտակայքում, օսթգոթերի հասցրած ծովային հզոր հարվածի մասին, սակայն, մինչ կշարժվեր սրանց դեմ, մի նոր վտանգ ծագեց։
Իրոք, Միհրան III Մեծն ու Ներսեսը, կարգի գցած իրենց գործերը հարավում, նույն այս ժամանակ շարժվեցին Տրապիզոնի ուղղությամբ։ Արդյունքում՝ 276 թ-ի հունիսի վերջին Պարսից (մոտ 40.000), Մեծ Հայքի (մոտ 40.000) և Իբերիայի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը Խաղկտիքի լեռներում ծանր պարտության մատնեց1 Տակիտոս կայսեր ու Տրդատ արքայազնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակին (մոտ 34.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 6.000), ընդ որում սպանվածների թվում էր նաև Հռոմեական կայսրության դժբախտ կայսրը2։ Փաստորեն, ինչպես 16 տարի առաջ եղավ, Արևելքում ընթացած
_________________________
1 Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Տակիտոս», մաս 13; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ Հռոմեական կայսրության կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 36; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 16; Զոնորաս «Պատմություն»; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
2 Այս ճակատամարտի վրա ուշադրություն չի դարձվել Մովսես Խորենացուն թերագնահատելու պատճառով, ինչը սխալ է: Նախ՝ նշենք, որ, ըստ Պատմահոր, այս ճակատամարտում սպանվել է կայսր Տակիտոսը, այսինքն՝ կասկածից վեր է վերջինիս թվականը, իսկ այդ դեպքում այլևս որևէ հիմք չի մնում թերահավատորեն մոտենալ Խորենացու հաղորդմանը: Բացի այդ հետաքրքիր է, որ հռոմեական աղբյուրները խիստ հակասական տեղեկություններ են տալիս Տակիտոսի մահվան հանգամանքների մասին: Ըստ Ֆլավիոս Վոպիսկոսի («Տակիտոս») կայսրը կյանքից հեռացել է ծովափն ասպատակող օսթգոթերի դեմ արշավանքի ժամանակ, ընդ որում ըստ հեղինակի նրան կամ լեգեոներներն են սպանել, կամ նա մահացել է հիվանդությունից: Զոսիման, սակայն, ուղղակիորեն նշում է, որ Տակիտոսը սպանվել է լեգեոներների կողմից, այն դեպքում, երբ, ըստ Ավրելիանոս Վիկտորի և Եվտրոպիոսի, վերջինս մահացել է տենդից Տիանայում կամ Տարսոնում այն բանից հետո, երբ արշավի է ելած եղել Փոքր Ասիան ասպատակող գոթերի դեմ: Այս ամենի ֆոնի վրա բավականին տրամաբանական է թվում Մովսես Խորենացու հաղորդումը, որը լրացնում է

491
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

պատերազմը Հռոմեական կայսրության կայսեր այս անգամ ևս կյանք արժեցավ, ընդ որում, կարծես թե, վերադառնում էին 260-ական թվականների սկզբի աղետալի ժամանակները։ Այս անգամ, սակայն, ամեն ինչ, բարեբախտաբար, ավելի թեթև ընթացք ունեցավ։
Իրոք, շուտով պարզվեց, որ Միհրան III Մեծն և Ներսեսը, որոնք ոչ մի կերպ չէին ցանկանում Հռոմեական կայսրության դեմ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել ու, առավել ևս, այդ ծանր գործի մեջ ներքաշել Պարսից թագավորությանը, որի մեծամասշտաբ աջակցության վրա, ի դեպ ասած, ամեն դեպքում հույս դնել չէին կարող, արդյունքում իրենց բավարարված զգացին ձեռք գցած հսկայական ավարով և հետ քաշեցին ուժերը Հռոմեական կայսրության սահմաններից։ Ինչ վերաբերում է օսթգոթերին, ապա սրանք, խուսափելով նոր կայսր հռչակված Ֆլորիանոսի (276) ուժերից և իրենց հերթին գոհացած ավարով, նստեցին սեփական նավերը ու ծովով հեռացան դեպի հյուսիս։ Ֆլորիանոսն իր հերթին, սակայն, որ, կարծես թե, ազատվել էր բոլոր թշնամիներից, այնուհանդերձ չխուսափեց իր համար նախապատրաստված ողբերգական ճակատագրից և 276 թվականի սեպտեմբերի 9-ին զոհ գնաց ներքաղաքական հերթական ապստամբությանը1, որից հետո Հռոմեական կայսրության կայսր հռչակվեց Լուցիոս Ավրելիանոս կայսեր բավականին նման ու վերջինիս սկզբունքորեն կրկնող, բայց ինչ-որ տեղ նրանից գուցե ավելի կոպիտ, պարզունակ և տաղանդներից մեծապես զուրկ Մարկոս Պրոբոսը (276-282)։
Մարկոս Պրոբոսը լի էր Լուցիոս Ավրելիանոսի ծրագրերը կյանքի կոչելու վճռականությամբ, սակայն մինչ այդ նա պետք է անվտանգ դարձնել հռենոսյան և դանուբյան սահմանները։ Այս հոգսերի վրա կայսրը ծախսեց առաջիկա երկու տարին և միայն 279 թվականին էր, որ վերջինս ի վիճակի եղավ ուժերն աստիճանաբար կենտրոնացնել Արևելքում։ Այստեղ, սակայն, պարզվեց, որ տեղում ևս կան ներքին որոշակի հոգսեր, ի դեմս ամենից առաջ վերջին տասնամյակների փաստացի անիշխանությունից հետո ավազակների մի իսկական բնի վերածված Իսավրիայի լեռնային շրջանի և Կիլիկիայի արևմտյան հատվածի։ Արդյունքում՝ 279 թվականի աշնանը Մարկոս Պրոբոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 120.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) ինքնահռչակ կայսր Մարկիանոսի բանակից (մոտ 1.000) գրավեցին Կրեմնան (Անթալիայից 68 կմ հյուսիս) որից հետո, ասպատակելով Իսավրիան, վերացրին տեղում տիրող ապստամբական տրամադրությունները2։
280 թվականը ծախսելով Արևելքում իր իշխանությունը ամրապնդելու վրա, իսկ 281 թվականին էլ կենտրոնացնելով ուժերը՝ Մարկոս Պրոբոսը նախատեսել էր արդեն հաջորդ տարի ի վերջո կյանքի կոչել այնքան երկար սպասված արշավանքը Սասանյանների դեմ, մանավանդ որ նույն 280-ական թվականների սկզբին Վահրամ II-ի իշխանությունն ամենևին էլ ամուր համարվել չէր կարող: Իրոք, նույն այս ժամանակ երկրի ներսում այս ու այնտեղ բռնկվում և ճնշվում էին տեղական իշխանների ապստամբությունները, լայն տարածում էր ստանում մանիքեականությունն ու փոթորկվում էին դրա դեմ ծավալվող հալածանքները, Սասանյան գահակալի ավագ սերնդի հզոր ներկայացուցիչները գործնականում ինքնիշխան իշխում էին հյուսիսում, արևելքում իրեն շատ ազատ էր զգում Քուշանշահերի թագավորության արքա Որմիզդ II-ը, իսկ նույն արևելքից էլ արդեն աստիճանաբար սկսվում էր այն հայտնի ճնշումը, որը զգալիորեն ուժեղանալու էր հաջորդ տասնամյակներում և մյուս հարյուրամյակում՝ խոսքը հետագայում «Ժողովուրդների մեծ գաղթ» կոչված երևույթի մասին է։ Իրոք, նույն այս ժամանակ շարունակվում էր երկրագնդի միջին ջերմաստիճանի անշեղ անկումը և Մեծ տափաստանի Փոքր ակտիվությունը աստիճանաբար թափ էր հավաքում՝ իր քաղաքական արտահայտությունը գտնելով ամենից առաջ հենց Հոնական տերության ակտիվության բարձրացման մեջ։
_________________________
հռոմեական աղբյուրներին և որի լույսի տակ, կարծես թե, պարզ է դառնում, որ Տակիտոսը սպանվել է Պարսից թագավորության բանակի համար հաղթական հանդիսացած ճակատամարտի վերջում, ընդ որում՝ սեփական լեգեոներների կողմից: Կարելի է ենթադրել, որ հենց դրանից հետո է հաջողությունը զարգացրած Պարսից թագավորության բանակը գրավել Անդրեփրատյան Ծոփքը, որի գրավումը 276 թվականին անկասկած ընդունվում է խորհրդահայ պատմագիտության կողմից:
1 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Զոնորաս «Պատմություն»; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 6; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
2 Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 69, 70; Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ,Պռոբոս», մաս 13; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 17; Եվնապիոս «Դեկսիպյան պատմության շարունակությունը», գիրք 1, հատված 3:

492
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 16
Մարկոս Կարոսի Արևելյան արշավանքը

Մարկոս Պրոբոսին, սակայն, այնուհանդերձ վիճակված չէր կյանքի կոչել արևելյան երկար սպասված արշավանքը, քանզի 282 թվականի հոկտեմբերի սկզբին ռազմունակ այս կայսրը զոհ գնաց հերթական դավադրությանը, որի գլխին կանգնած էր պրետորյանների պրեֆեկտ Մարկոս Կարոսը։ Ինչպես և սպասելի էր, Մարկոս Պրոբոսի մահից հետո կայսր հռչակվեց նույն Մարկոս Կարոսը (282-283), որը, չունենալով իր նախորդի ոչ ռազմական ունակություններն և ոչ էլ հեղինակությունը, այնուհանդերձ որոշեց ի վերջո կյանքի կոչել արևելյան արշավանքը՝ հույս ունենալով ամենից առաջ օգտվել Պարսից թագավորության ներքաղաքական անկայուն վիճակից: Իրոք, նույն այս ժամանակ վերջնականապես ապստամբել էր Քուշանական թագավորությունից զգալի աջակցություն ստացած Քուշանշահերի թագավորության արքա Որմիզդ II-ը և Վահրամ II-ը նույն այդ ժամանակ խոշոր ռազմական ուժերով գտնվում էր իր տերության արևելքում։
Եվ այսպես, ամրապնդելով սեփական դիրքերը գահի վրա և վայելելով, ըստ էության, Մարկոս Պրոբոսի իրականացրած ռազմական ձեռնարկումների պտուղները, 283 թվականի մայիսին Մարկոս Կարոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 120.0001) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000), առաջանալով Մելիտե-Եդեսիա2-Նիկեփորիոն-Կիրկեսիոն-Դուր-Եվրոպոս-Սելևկիա երթուղով, նույն թվականի օգոստոսի սկզբին մոտեցան Սասանյանների մայրաքաղաք Տիզբոնին, որի մոտակայքում էլ անորոշ ելքով ընդհարվեցին Վահրամ II-ի գլխավորությամբ արևելքից վերադարձած Պարսից թագավորության բանակի (մոտ 120.000, մոտ 50 փիղ) հետ3: Հենց այս մարտերում էր, ի դեպ ասած, որ աչքի ընկավ Տրդատ արքայազնը, որը հետևակ նիզակամարտով պաշտպանեց վիրավորներին, սակայն նույն այդ մարտերում էր նաև, որ ծանր վերք ստացավ կայսր Մարկոս Կարոսը։ Տիզբոնի համար մղվող ճակատամարտը անորոշ ելք ունեցավ և կայսերական ուժերը դեռ չէին որոշել իրենց անելիքը, երբ շուտով՝ արդեն օգոստոսի սկզբին, վերքերից տառապող Մարկոս Կարոս կայսրը կնքեց իր մահկանացուն, որից հետո սկիզբ առած խառնաշփոթի պայմաններում Հռոմեական կայսրության բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները կայսր հռչակված հանգուցյալի որդի Մարկոս Նումերիանոսի (283-284) ու Տրդատ արքայազնի գլխավորությամբ սկսեցին Սելևկիա-Դուր-Եվրոպոս-Կիրկեսիոն-Նիկեփորիոն երթուղով նահանջ իրականացնել։ Սասանյանները, սակայն, ամենևին էլ չէին ցանկանում հենց այդպես, ուղղակի թույլ տալ հեռանալ իրենց սահմանը ներխուժած թշնամիներին:
Արդյունքում՝ 283 թվականի սեպտեմբերին դեռևս Խոսրով I Քաջի օրոք սպարապետի պաշտոնը զբաղեցրած և այժմ արդեն ծերունազարդ Կոռնակ Մամիկոնյանի գլխավորած Պարսից (մոտ 90.000, մոտ 40 փիղ), Մեծ Հայքի (մոտ 70.000) և Իբերիայի (մոտ 40.000) թագավորությունների միացյալ բանակը ինչ-որ տեղ Եդեսիայի ու Խառանի միջակայքում հասավ նահանջող հակառակորդին և ծանր պարտության մատնեց վերջինիս։ Այս անգամ ևս մարտում աչքի ընկավ Տրդատ արքայազնը, որը, այն բանից հետո, երբ հակառակորդի նետաձիգները Հայոց ապագա արքայի տակ սպանեցին ձիուն ու նա վերջինիս հետ միասին գետին տապալվեց, այնուհանդերձ իրեն չկորցնելով արագորեն ոտքի կանգնեց և, մարտնչելով արդեն հետևակ վիճակում, ցրեց իրեն հարվածել փորձող նետաձիգներին, իսկ հետո էլ հարձակվեց մարտական մի փղի վրա՝ փախուստի մատնելով վերջինիս ու նրա վրա գտնվող ռազմիկներին։ Իր հերթին, հետապնդելով հակառակորդին մինչև Եփրատի աջ ափ, հաղթողների միացյալ բանակը կոտորեց
_________________________
1 Սկզբնաղբյուրներում չկան տվյալներ 282 թվականի Արևելյան արշավանքում Հռոմեական կայսրության բանակի թվաքանակի մասին։ Կարելի է ենթադրել միայն, որ այս անգամ Հռոմեական կայսրության բանակը եղել է մոտավորապես այնքան, ինչքան եղել է Լուցիոս Ավրելիանոսի բանակը 271 թ-ի Արևելյան արշավանքում։
2 Արշավանքի սկիզբը և ընթացքը Հայաստանով ընթանալու մասին հայտնում է Սիդոնիոս Ապոլինարիոսը («Բանաստեղծություններ», 23, 91-96:
3 Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Կարոս, Կարինոս և Նումերիանոս», մաս 8; Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 38; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ Հռոմեական կայսրության կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 38; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 18; Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 24; Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 24, գլուխ 5; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 23; Զոնորաս «Պատմություն»; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 79, 82; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 6; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8)։ Այս մասին հայտնում է նաև Հովհաննես Մալալան («Ժամանակագրություն» գիրք 12, գլուխ 34, ինչպես նաև Զոնորասը։

493
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

և գերեց հակառակորդի ռազմիկներին։ Այս պայմաններում հետապնդողներից պոկվելու նպատակով Տրդատ արքայազնը իր զենքերով և ողջ հանդերձանքով ստիպված եղավ վիրավոր ձիու սանձը բռնած լողալով անցնել Եփրատի աջ ափ1։ Տրդատ արքայազնն, անկասկած, խիզախություն և անձնական մեծ քաջություն էր դրսևորել, սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չէր կարող փոխհատուցել արշավանքի ընդհանուր անհաջող ելքը, ինչպես նաև նահանջելիս Խառանի մոտակայքում՝ արդեն Հռոմեական կայսրության սահմաններում, կրած ծանր պարտությունը։
Մարկոս Կարոսը թողել էր երկու որդիներ՝ բանակի կողմից կայսր հռչակված Մարկոս Նումերիանոսին և կայսրության արևմուտքում իշխանության հավակնություններ դրսևորող Մարկոս Կարինոսին։ Արևելյան անհաջող արշավանքից հետո, սակայն, 284 թվականի սեպտեմբերի 17-ին Մարկոս Նումերիանոսը ինքը ևս զոհ գնաց դավադրությանը, որից հետո գահին բազմեց տաղանդավոր Դիոկլետիանոսը (284-305), ընդ որում վերջինս, լի վճռականությամբ, հենց զինվորների աչքի առաջ էլ մահով պատժեց Մարկոս Նումերիանոսի կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացրածներին։ Նոր այս տիրակալը, սակայն, նույնքան վճռականորեն էլ շարունակեց գահակալական պայքարը և արդեն 285 թվականի հուլիսին Մեզիայում տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության մատնեց նաև Մարկոս Կարինոսին, որին դրանից հետո սպանեցին հենց յուրայինները։

Գլուխ 17
Զարմանալի Դիոկլետիանոսը

Դիոկլետիանոսը՝ վերջինը «զինվորական կայսրերից» կամ առաջինը նոր սերնդի տիրակալներից, լայն մտահորիզոնի և մեծ արարքների ընդունակ, բայց նաև բնավորության հակասական գծերով լի զարմանալի մի անձնավորություն էր: Դիոկլետիանոսի ներքաղաքական գործունեության մեջ դրականն այն էր, որ նա ամուր և վերջնական կայսերական իշխանություն հաստատեց ու վերջ տվեց նախկին ձևականությանը, երբ, ըստ էության, բացարձակ իշխանության տեր կայսրը համարվում և ընկալվում էր միայն որպես «առաջինը սենատորներից»: Այժմ, ինչպես արդեն ասվեց, կայսրության բարձրագույն իշխանության կրողի կարգավիճակը ծայրահեղորեն հստակեցվեց և մեծապես ստացավ բացարձակ միապետի կարգավիճակը կրկնող կարգավիճակ արդեն նաև իրավաբանորեն:
Սրանով հանդերձ, սակայն, մի կողմ թողնելով նոր կայսեր ներքաղաքական այլ և հիմնականում դրական տեսք ունեցող ձեռնարկումները, Դիոկլետիանոսը կյանքի կոչեց նաև համակայսրեր նշանակելու բավականին վիճելի մի գործունեություն, որը նա ինքը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ կայսրությունը մեծ էր ու մեկ կայսրն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէր դեմ կանգնելու կայսրության բոլոր սահմաններում անվերջ ծագող մարտահրավերներին: Գաղափարը, կարծես թե, իդեալում լավն էր, սակայն գործնականում այն սկիզբ դրեց գահակալական խոշոր ընդհարումների և վերջին հաշվով, ըստ էության, արժեզրկեց նաև կայսեր իշխանության այն բացարձակ բնույթը, որի ընդգծումը փորձ էր կատարում իրականացնել նույն Դիոկլետիանոսը:
Այսպես թե այնպես, սակայն 285 թվականին Դիոկլետիանոսը իր մտերիմ զորավար Մաքսիմիանոսին նշանակեց կրտսեր համակայսր կամ կեսար, իսկ 286 թվականին էլ նրան շնորհեց իրեն հավասար օգոստոսի կոչում, որը սա կրեց մինչև 305 թվականը, ընդ որում նախատեսվում էր, որ Դիոկլետիանոսը պետք է կառավարի կայսրության արևելյան, իսկ Մաքսիմիանոսը՝ արևմտյան մասը: Իր հերթին 293 թվականին Դիոկլետիանոսը, Մաքսիմիանոսի համաձայնությամբ իրեն որպես կեսար կամ կրտսեր համակայսր նշանակելով արդեն մեկ այլ զորավար Գալերիոսին, որն այս պաշտոնը վարեց մինչև 305 թվականը, Մաքսիմիանոսի կեսար կամ կրտսեր համակայսր էլ նշանակել տվեց Կոնստանդիոս I-ին, որը ևս այս պաշտոնը վարեց մինչև նույն 305 թվականը: Դիոկլետիանոսը, որպես բոլորից հեղինակությամբ բարձրը, պետք է հսկողության տակ պահեր Արևելքը, Գալերիոսը՝ դանուբյան սահմանը, Մաքսիմիանոսը՝
_________________________
1 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 79; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Անանիա Շիրակացի «Պատմություն»; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 1; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Զոնորաս «Պատմություն»:
494
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հռենոսյան սահմանը, իսկ Կոնստանդիոս I-ն էլ՝ Գալլիան և Բրիտանիան: Միաժամանակ ենթադրվում էր, որ, հաշված 285 թվականից, 20 տարի հետո օգոստոսները պետք է հրաժարվեին իրենց իշխանություններից, իսկ կեսարները պետք է դառնային օգոստոսներ և իրենց հերթին նշանակեին նոր կեսարներ: Արդյունքում, թեև արդեն իսկ ակնհայտ էր, որ անորոշ լիազորություններով օժտված ավագ և կրտսեր համակայսրերի այդ տարօրինակ նշանակումները լավ բանի չէին հանգեցնելու, սակայն Դիոկլետիանոսը, առայժմ անառարկելի հեղինակություն ունենալով բանակում ու պետության մեջ, դրա շնորհիվ ամեն ինչ գոնե առժամանակ կարգի գցեց: Այս կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ տարօրինակ այս կայսրն այդպես էլ չըմբռնեց, որ համակարգը գործում է ոչ թե ինքնաբավ, այլ, ըստ էության՝ կառավարվելով մեկի, կոնկրետ դեպքում հենց իր կողմից և, հենց որ նույն այդ կենտրոնական կառավարումը, ի դեմս իրեն, վերանա, համակայսրերից յուրաքանչուրն, ի հաշիվ մյուսների, ձգտելու է հասնել բացարձակ իշխանության, իսկ դա իր հերթին բերելու է գահակալական դաժան մի ընդհարման:

Գլուխ 18
Տրդատ II Մեծի գահակալումը

285 թվականի ամռանը, օգտվելով այն բանից, որ կայսրության հարվածային ուժերը Արևելքից դեպի Բալկանյան թերակղզի են տեղափոխվել, Սավրոմատ IV-ի (մոտ 275 - ուղ. 286) գլխավորությամբ ծովով արշաված Բոսպորի, ինչպես նաև Օսթգոթական թագավորության միացյալ բանակը (մոտ 80.000, այդ թվում գոթեր և ալաններ) հարված հասցրեց Կապադովկիային ու Փոքր Հայքին1, սակայն, այն բանից հետո, երբ Դիոկլետիանոսը վճռականորեն շարժվեց նորահայտ այս թշնամիների դեմ, սրանք, ինչպես և սպասելի էր, նստեցին իրենց նավերը ու վերադարձան Ղրիմի թերակղզի։ Մի նոր հարձակում ևս, սակայն, Սավրոմատ IV-ը ձեռնարկեց արդեն հաջորդ տարի, բայց 286 թվականի գարնանը ինչ-որ տեղ Փոքր Հայքում տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Դիոկլետիանոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 60.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 6.000) ծանր պարտության մատնեցին հակառակորդին, ընդ որում մարտից առաջ Տրդատը, փոխարինելով Հռոմեական կայսրության կայսեր, մենամարտեց վերջինիս մարտահրավեր ուղարկած անպարտելի և հզոր ռազմիկի համբավ ունեցող Սավրոմատ IV-ի հետ ու գերեց նրան2։ Դիոկլետիանոսի և Տրդատի ձեռք բերած հաղթանակը խոշոր նշանակություն ունեցավ, քանի որ դրանից հետո Հռոմեական կայսրությանը պատկանող սևծովյան հարավային ափերի վրա հյուսիսից հարձակում այլևս չեղավ, ինչը կարևոր դեր ունեցավ հետագա գործողությունների հաջողության համար։
Նույն 286 թվականին էլ, երբ սաստվեց կայսրության սևծովյան հարևանը, Դիոկլետիանոսը պատրաստվեց հերթական հարվածը հասցնել Սասանյանների տերությանը, ընդ որում տաղանդավոր այս զորավարը, լիովին ըմբռնելով Մարկոս Կարոսի ձեռնարկած գործողության թույլ կողմը, այս անգամ նախատեսել էր, զերծ մնալով ուղղակի հարվածից, Վահրամ II-ին ամենից առաջ զրկել ավագ սերնդի աջակցությունից՝ հետ գրավելով Մեծ Հայքի թագավորությունը և, այնտեղ հաստատելով Խոսրով I Քաջի որդի Տրդատի իշխանությունը, այս թագավորությունը կրկին ընդգրկել Հռոմեական կայսրության շահերի տիրույթ: Այս կապակցությամբ իրավացիորեն ենթադրվում էր նաև, որ այդ պարագայում մեծապես կլուծվեր արդեն նաև Իբերիայի թագավորության դաշնակցության հարցը։
Արդյունքում՝ 287 թվականի գարնանը, ուժերը կենտրոնացնելով Անտիոքում և, կարծես թե, պատրաստվելով կրկնել 283 թվականի արշավանքի երթուղին, Տրդատ արքայազնի ու սպարապետ Արտավազդ Մանդակունու գլխավորությամբ արշաված Հռոմեական կայսրության բանակը (մոտ 70.000, որից 50.000 հեծյալ), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000), ինչպես նաև հետագայում արշավողներին միացած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 40.000), անակնկալ փոխելով ուղղությունը և մտնելով Մեծ Հայքի թագավորության տարածք,
_________________________
1 Կոնստանդին Ծիրանածին «Կայսրության կառավարման մասին», գլուխ 51:
2 Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», գլուխ 39-41, 44-46; Անանուն Եթովպացի «Պատմություն»; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 58; Սեբեոս «Պատմություն», գլուխ 5; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17; «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:

495
Приходите в мой дом...
Закрыто