Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

տնտեսվարողներին, որոնք բնականաբար ներկայացված էին ամեն առաջ հենց նույն հույների կողմից։ Արդյունքում՝ ազգային և կրոնական մրցակցությունը, ուժեղացած տնտեսական շահերով, իր վերջնական արտահայտությունը գտավ նույն ազգայնականության ուժեղացմամբ, երբ կայսրության հունական խմբակցությունը բացահայտ պայքար սկսեց «Արևմուտքի մարդկանց» դեմ: Մանուիլ I-ը, դեռևս ունենալով նյութական մեծ ռեսուրսներ և հեղինակություն, ինչպես նաև տիրապետելով անձնական ուժեղ հմայքի, մեծապես կարողանում էր հանդարտեցնել կրքերը ու, չնայած իրավիճակի ընդհանուր վատթարացմանը, զսպել կողմերին: Նրա մահից հետո, սակայն, իրավիճակը ավելի ծանրացավ, իսկ զսպող ուժն էլ վերացավ:
Մարիան և Ալեքսեյ Կոմնենոսը հասկանալիորեն ներկայացնում էին ամենից առաջ հենց լատինացիների շահերը, ինչը մեծապես նրանց դեմ տրամադրեց մայրաքաղաքի բնակչությանը և ամենից առաջ հույներին: Իրավիճակին լրացուցիչ սրություն էր հաղորդում նաև այն հանգամանքը, որ հույների խմբակցությունը ևս ուներ ուժեղ առաջնորդներ, որոնց գլխավորում էին Մանուիլ I-ի առաջին ամուսնությունից ծնված դուստր Մարիա Ծիրանածինը և նրա ամուսին Ռեյնալդ Մոնֆերատցին։ Արդյունքում՝ արդեն 1181 թվականի մայիսին իշխող զույգի դեմ մայրաքաղաքում մի մեծածավալ ապստամբություն բռնկվեց, որը մի քանի օր տևած փողոցային մարտերից հետո հնարավոր եղավ ճնշել միայն բանակային խոշոր ուժեր կիրառելուց հետո: Չնայած հաջողությանը, սակայն, իշխող զույգը դրանից հետո ավելի վարկաբեկվեց, իսկ հունական խմբակցությունն էլ սկսեց վերջինիս արդեն բացահայտ մեղադրել կայսրությունը լատինացիներին հանձնելու մեջ:
1182 թվականի գարնանը հունական խմբակցությունը մի նոր ապստամբություն սկսեց և ապստամբներին այս անգամ գլխավորում էր հայերի հին ու լավ ծանոթ Անդրոնիկոս Կոմնենոսը՝ իր ժամանակի այդ հայտնի արկածախնդիրը, ռազմիկն ու կանանց սրտերի նվաճողը: Անդրոնիկոսը Ալեքսեյ I-ի որդի, արդեն իսկ հիշատակված Իսահակի տղան էր և գահի նկատմամբ հավակնություններ դեռևս նրա հայրը ուներ, դե իսկ սերնդային արդեն մյուս աստիճանում էլ իր հավակնությունները Մանուիլ I-ի դեմ առաջ քաշեց նաև Անդրոնիկոսը: Եվ ահա այժմ, ապրած բարդ և վայրիվերումներով լի մի կյանք, արդեն վաթսունչորսամյա Անդրոնիկոսը մի վերջին փորձ կատարեց տիրել կայսրության գահին։ Արդյունքում՝ 1182 թվականի մարտին Խարաքսի ճ-մ-ում (Մենանդրոս գետի ափին) գահակալական պայքար սկսած Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորած բանակը (մոտ 10.000) հաղթեց Անդրոնիկոս Անգեղի գլխավորած կառավարական բանակին (մոտ 10.000), ընդ որում Անդրոնիկոս Անգեղը արդյունքում միացավ Անդրոնիկոս Կոմնենոսի բանակին, որի դիրքերը ավելի ամրապնդվեցին և բոլոր պայմանները ստեղծվեցին նրա` կայսր դառնալու համար1:
Նույն այս ժամանակ կայսրությանը մի վերջին հարված հասցրին արդեն նաև հայերը, երբ 1182 թվականի ապրիլին Ռուբեն ու Լևոն Ռուբինյանների գլխավորած Ռուբինյանների իշխանության (մոտ 30.000) և Իկոնիայի սուլթանության (մոտ 5.000) միացյալ բանակը Իսահակ Կոմնենոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) գրավեց Կոռիկոսը ու Սելևկիան՝ վերջնականապես ազատագրելով Կիլիկիան կայսրության ուժերից, ընդ որում Իսահակը գերվեց և հանձնվեց Անտիոքի դքսությանը2: Իր ժամանակի բուռն իրադարձությունների ընդհանուր ֆոնին մեծ հաշվով աննկատ մնացած այս իրադարձությունը ամեն ինչից զատ նաև որոշակիորեն խորհրդանշական բնույթ ուներ, քանի որ սա հայերի և Բյուզանդական կայսրության ամենավերջին ընդհարումն էր, երբ, փաստորեն, վերջնականապես փակվեց հայերի և հունահռոմեական աշխարհի ռազմական հարաբերությունների երկար այն շարքը, որը տևել էր գրեթե հազարամյակ ու կես:
Այս առումով հատկանշական էր նաև այն, որ 1182 թվականի նույն ապրիլին Ռուբինյանների իշխանության բանակը (մոտ 10.000) Հեթում Հեթումյանի բանակից (մոտ 1.000) պաշարեց Լամբրոն ամրոցը ու, թեև պաշարումը ձգվեց մինչև 1185 թվականի ապրիլ, սակայն Հեթումյանների ռազմական պետությունն արդյունքում ի վերջո ընդունեց Ռուբինյանների ռազմական պետության գերիշխանությունը3: Այսպես թե այնպես, սակայն Կիլիկիայի կորուստը
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Ալեքսեյ Ծիրանածին», մաս 9:
2 Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Անդրոնիկոս Կոմնենոս», գիրք 1, մաս 5:
3 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»:
946
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

Կոստանդնուպոլսում իշխող զույգի կողմից այդ պահին կարծես չնկատվեց, քանի որ նույն այս ժամանակ նրանք իրենց իշխանության վերջին օրերն էին ապրում:
Իրոք, հմայիչ և մարդկանց իր կողմը գրավելուն ունակ Անդրոնիկոս Կոմնենոսը սեփական կողմնակիցների օգնությամբ 1182 թվականի նույն ապրիլին արդեն ոչ միայն կարողացավ հերթական անգամ փաստորեն ոտքի հանել մայրաքաղաքի բնակչությունը, այլև այստեղ ներքին մի իսկական պայթյուն կազմակերպել՝ 1182 թվականի մայիսին առանց լուրջ դիմադրության հանդիպելու ի վերջո մուտք գործելով մայրաքաղաք։ Արդյունքում՝ Մարիան և Ալեքսեյ Կոմնենոսը հեռացվեցին խնամակալությունից և կայսրության կառավարումից, ընդ որում դրանից հետո Ալեքսեյ Կոմնենոսին կուրացրին ու ներքինացրին, վերջին գործողությամբ ակնարկելով կայսրուհու հետ նրա սիրային կապը, իսկ Մարիային էլ վանք աքսորեցին, որտեղ էլ արդեն տարվա վերջին սպանեցին: Իր հերթին, բնականաբար, Ալեքսեյ II-ի խնամակալ հռչակվեց նույն Անդրոնիկոս Կոմնենոսը, սակայն արդեն պարզ էր, որ բարձրագույն իշխանության վերին աստիճանին այդքան մոտեցած փառատենչ այդ խնամակալը վերջին քայլն անելուց ամենևին էլ չի տատանվելու: Մինչ այդ, սակայն, կարիք կար ամրապնդելու դիրքերը տեղում և այս կապակցությամբ նոր տիրակալը գործը սկսեց նրանից, որ դանդաղ ներգործող թույնով թունավորել տվեց Մարիա Ծիրանածինին ու Ռեյնալդ Մոնֆերատցուն, որոնք տանջամահ եղան նույն թվականի հուլիսին:
1182 թվականի մայիսին Կոստանդնուպոլսում և շրջակայքում պայթեց հակալատինական իսկական մի կազմակերպված ջարդ, որին, ամենաընդհանուր հաշվարկով, զոհ գնաց մոտ 80.000 հոգի, ընդ որում հսկայական էին նաև «Արևմուտքի մարդկանց» կրած նյութական վնասները: Այսպիսով՝ Անդրոնիկոս Կոմնենոսը լիուլի բավարարեց սեփական խմբակցության տենչանքերը, սակայն նույն այս հանգամանքը նաև ծայրահեղ սրեց պաշտոնական Կոստանդնուպոլսի հարաբերությունները եվրոպական երկրների հետ, որտեղ Բյուզանդական կայսրությունը դրանից հետո վերջնականապես սկսեց ընկալվել որպես մի օտար, անհասկանալի և թշնամական ուժ: Նույն այս ժամանակ խաղաղ չէր, սակայն, նաև կայսրության ներսում։
Իրոք, արդեն 1182 թվականի հուլիսին Անդրոնիկոս Կոմնենոսի դեմ կազմակերպվեց անհաջողությամբ ավարտված մի դավադրություն, իսկ շուտով էլ սկիզբ առավ զինված ապստամբություն։ Արդյունքում՝ 1182 թվականի օգոստոսին գահակալական պայքար սկսած մեծ դոմեստիկոս Հովհաննես Բատացեսի, ինչպես նաև նրա որդիներ Մանուիլի և Ալեքսեյի գլխավորած բանակը (մոտ 10.000) Ֆիլադելֆիայի ճ-մ-ում հաղթեց Անդրոնիկոս Լապարդիոսի գլխավորած կառավարական բանակին (մոտ 10.000)1, սակայն այս խնդիրը անակնկալ կերպով հեշտ լուծվեց, քանզի Հովհաննես Բատացեսը շուտով հանկարծամահ եղավ ու նրա ապստամբությունը հանգեց:
1182 թվականի երկրորդ կեսին և 1183 թվականի առաջին կեսին Անդրոնիկոս Կոմնենոսը մի շարք կտրուկ բարեփոխումներ իրականացրեց, սակայն դրանց ընդհանուր չհամակարգված ու անկազմակերպ բնույթը մի կողմից էական դրական արդյունք այդպես էլ չապահովեց, իսկ մյուս կողմից էլ փոխարենն աչքի ընկավ ներքին բռնության բազում օրինակներով: Այս ամենն արդյունքում շատ-շատերին դեմ հանեց գործող խնամակալին և առավել ծանրացրեց կայսրության ներքին դրությունը: Նույն այս ժամանակ իր հերթին անշեղորեն ծանրանում էր նաև կայսրության արտաքին դրությունը, ընդ որում օրըստօրե հասունանում էր «Արևմուտքի մարդկանց» պատասխան հարվածը և դա այն պայմաններում, երբ սահմաններն առանց դրա էլ արդեն փլուզվում էին:
Դեռևս 1181 թվականին, օգտվելով պաշտոնական Կոստանդնուպոլսի անգործությունից, Հունգարական թագավորությունն առաջացել էր Բալկանյան թերակղզու հյուսիսում և արդյունքում իրենով էր արել երբեմնի Դալմացիան: Իր հերթին, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում իշխանության սանձերն անցան Հունգարական թագավորության կողմից բացասական ընկալված Անդրոնիկոս Կոմնենոսին, այս թագավորության դրդումներով անհնազանդության ուղին բռնեց նաև Սերբական իշխանությունը, որը մի շարք տարածքային ձեռքբերումներ իրականացրեց Բալկանյան թերակղզու արդեն կենտրոնական հատվածում:
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Ալեքսեյ Ծիրանածին», մաս 16:
947
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

1183 թվականի սեպտեմբերին Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանով գործող մարդասպանները, խեղդելով աղեղի լարով, սպանեցին պատանի Ալեքսեյ II-ին, որից հետո Բյուզանդական կայսրության կայսր հռչակվեց նույն Անդրոնիկոս Կոմնենոսը՝ Անդրոնիկոս I-ը (1183-1185): Ընդհանուր բացասական վիճակը, սակայն, դրանից հետո դեպի դրականը ոչ միայն որևէ կերպ չփոխվեց, այլ՝ ավելի խորացավ:
1184 թվականի գարնանը նորընծա կայսեր դեմ միանգամից երեք ապստամբություններ բռնկվեցին, երբ կայսրության փոքրասիական տիրույթներում ապստամբեց երբեմնի կառավարական զորավար Անդրոնիկոս Լապարդիոսը, Նիկիայում նույնն արեցին Թեոդորոս Կանտակուզենոսը և Իսահակ Անգեղը, իսկ Կիպրոսում էլ իրեն կայսր հռչակեց Անդրոնիկոս I-ի հեռավոր ազգական, Կիլիկիայի վերջին անհաջողակ կառավարիչ Իսահակ Կոմնենոսը: 1184 թվականի գարնանը Ալեքսեյ Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության կառավարական բանակը (մոտ 20.000) Անդրոնիկոս Լապարդիոսի գլխավորած ապստամբներից (մոտ 1.000) գրավեց Լապարդիան (Փոքր Ասիայի արևմուտք)1, ընդ որում Անդրոնիկոս Լապարդիոսը ձերբակալվեց, տեղափոխվեց մայրաքաղաք և կուրացվեց: Անցնելով հաջորդ ապստամբությանը՝ 1184 թվականի գարունից մինչև ամառ Անդրոնիկոս I-ի և Ալեքսեյ Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության կառավարական բանակը (մոտ 50.000) ապստամբած Թեոդորոս Կանտակուզենոսի ու Իսահակ Անգեղի գլխավորած բանակից (մոտ 2.000, այդ թվում սելջուկներ) պաշարեց Նիկիան, սակայն համառ մարտերից հետո կարողացավ գրավել քաղաքը միայն այն բանից հետո, երբ Թեոդորոսը զոհվեց, իսկ բավարար երաշխիքներ ստացած պաշտպանվողներն էլ դադարեցրեցին դիմադրությունը2: Դրանից հետո, արդեն 1184 թվականի ամռանը, Անդրոնիկոս I-ի և Ալեքսեյ Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության կառավարական բանակը (մոտ 50.000) Թեոդորոս Անգեղի և այլոց գլխավորած ապստամբներից (մոտ 1.000) գրավեց նաև Պրուսիան (Նիկայից մոտ 50 կմ արևմուտք)3, ընդ որում գերության մեջ հայտնված Թեոդորոս Անգեղը կուրացվեց:
Չնայած այս հաջողություններին, սակայն, 1185 թվականին իրավիճակը շարունակեց ծանր մնալ, քանզի այս անգամ կայսրությանը արդեն ուղղակի ռազմական հարված հասցրին լատինացիները: Այս պայմաններում միակ բանը, որը կարողացավ անել պաշտոնական Կոստանդնուպոլիսը, դա այն էր, որ կայսեր դեսպանները դաշնակցային հարաբերություններ հաստատեցին նույն այս ժամանակ Հյուսիսային Ասորիքում գտնվող Սալահ-էդ-Դինի հետ և, Իկոնիայի սուլթանության հետ հնարավոր հակամարտության պարագայում, փորձ կատարեցին ապահովել վերջինիս աջակցությունը: Այս դաշինքը, սակայն, գործնական որևէ հետևանքի այդպես էլ չհանգեցրեց:
1185 թվականին հունիսի 24-ին Սիցիլիայի թագավորության բանակը (80.000, 200 նավ) Հովհաննես Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 1.000) առանց լուրջ մարտերի գրավեց արժանահիշատակ Դիրիխիան4, որից հետո, Սիցիլիա ուղարկելով գերված Հովհաննես Բրանասին, պատրաստվեց զարգացնել հաջողությունը։ Արդյունքում՝ 1185 թվականի օգոստոսի 15-ին ընկավ նաև ոչ այնքան համառ դիմադրություն ցույց տված կայսրության երկրորդ քաղաք համարվող Թեսալոնիկեն, ընդ որում քաղաքի բնակչությանը հակառակորդը դաժան բռնությունների և ընդգծված ստորացումների ենթարկեց: Դրանից հետո Անդրոնիկոս I-ը ի մի բերեց կայսրության գործնականում ողջ բանակը և, բաժանելով այն հինգ մասերի, ուղարկեց հակառակորդի դեմ: Սիցիլիայի թագավորության բանակին հարվածելուց, սակայն, կայսրության զորավարները, որոնց թվում էր նաև Ալեքսեյ Բրանասը, առժամանակ զերծ մնացին: Նույն այս ժամանակ Անդրոնիկոս I-ը, կանխատեսելով Կոստանդնուպոլսի պաշարումը, սկսեց տենդորեն ամրացնել քաղաքի պարիսպները, սակայն շուտով նոր և արդեն անհաղթահարելի մեկ այլ խնդիր ծագեց:
1185 թվականի սեպտեմբերի 11-ին կայսրը, կասկածելով Իսահակ Անգեղին կայսերական հավակնությունների մեջ, հրամայեց ձերբակալել վերջինիս, սակայն Իսահակը, որին վտանգը կարծես եռանդ էր տվել, անձամբ սպանեց իրեն ձերբակալելու ժամանած կայսերական
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Անդրոնիկոս Կոմնենոս», գիրք 1, մաս 2:
2 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Անդրոնիկոս Կոմնենոս», գիրք 1, մաս 2, 3:
3 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Անդրոնիկոս Կոմնենոս», գիրք 1, մաս 4:
4 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Անդրոնիկոս Կոմնենոս», գիրք 2, մաս 1:
948
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

պատվիրակին, որից հետո դիմեց փախուստի և պատսպարվեց Սուրբ Սոֆիա տաճարում: Մարդիկ իրոք արդեն ծայրահեղ հոգնել էին Անդրոնիկոս I-ից և արդյունքում արդեն հաջորդ օրը Կոստանդնուպոլսում մի իսկական ապստամբություն բռնկվեց, ընդ որում Անգեղներն ամեն ինչ արեցին դրա չափերի մեծացման համար: Իր հերթին այդ ժամանակ քաղաքից դուրս գտնվող Անդրոնիկոս I-ը, լսելով սկիզբ առած իրադարձությունների մասին, իր կողմնակիցների հետ միասին անմիջապես էլ պալատ վերադարձավ, որից հետո ամենայն եռանդով ձեռնամուխ եղավ պաշտպանությանը, սակայն շուտով պարզվեց, որ ուժերը չափից դուրս անհավասար են։ Արդյունքում՝ ապստամբները գրավեցին կայսերական պալատը, իսկ Անդրոնիկոս I-ն էլ իր վերջին կողմնակիցների հետ միասին դիմեց փախուստի, սակայն վատ եղանակը նրանց ծովից ափ քշեց, որտեղ էլ Իսահակ Անգեղի կողմնակիցները ձերբակալեցին փախստականներին: Գործող կայսեր անմիջապես էլ հասցրին մայրաքաղաք, որտեղ, ենթարկելով վերջինիս ամենատարբեր խոշտանգումների և ստորացումների, հենց նույն օրն էլ ի վերջո սպանեցին, որից հետո կայսր հռչակվեց Իսահակ Անգեղը՝ Իսահակ II-ը (1185-1195, 1203)։ Արդյունքում՝ միայն մոր կողմից հայ համարվող Կոմնենոսների գահատոհմը հեռացվեց կայսրության կառավարման ղեկից և նրան փոխարինեց ծագումով հայ կայսերական չորրորդ գահատոհմն, ի դեմս Անգեղների: Կոմնենոսները հայ էին միայն մորական կողմից և հայազգի հեղինակի համար գայթակղիչ է վերջնական հաջողության չհասնելու նրանց այդ տարօրինակ ճակատագրի բացատրությունը տեսնել հենց դրանում, այն դեպքում, երբ կայսրության գահին մինչ այդ իրար հաջորդած հորական կողմից ծագումով հայկական երեք գահատոհմերը փայլուն արդյունքներ էին գրանցել, սակայն ես իհարկե այդպես չեմ վարվի, թեև այս կապակցությամբ այնուհանդերձ կարտահայտվեմ:

Գլուխ 85
Կոմնենոսների դարաշրջանի հայեցակարգային խնդիրները

Եվ այսպես, չնայած խոսքն իհարկե ազգային սնափառության կամ ինչ-որ անհասկանալի «ճակատագրի» մեջ չէ, սակայն այնուհանդերձ կարելի է ենթադրել, որ միայն մոր կողմից հայ լինելը ու հորական կողմից հունական ազնվական դասին պատկանելը Կոմնենոսների պարագայում ինչ-որ տեղ հոգեբանական ամենախորը ծալքերում ամեն դեպքում իր դերը որոշակիորեն խաղում էր: Իրոք, իրենց սոցիալական վարքագծով լինելով փոքրասիական ռազմաֆեոդալական ավագանու տիպիկ ներկայացուցիչներ՝ դասակարգ, որտեղ միանշանակ տոն էին տալիս հայերը, Կոմնենոսները հայերի լավ տարիներին նույն այս դասակարգում ամենևին էլ առաջին դերերի վրա չէին և, ըստ երևույթին, հենց այս հանգամանքն էր, կարծես տոհմական յուրօրինակ հոգեբանական մի արգելք, որ նրանց ներկայացուցիչներից յուրաքանչյուրին էլ, ամեն անգամ, երբ սա հասնում էր կայսերական գահին, խանգարում էր լիարժեք համագործակցություն հաստատել հայերի հետ, բայց չէ՞ որ Բյուզանդական կայսրության վերջին հարյուրամյակների պատմությունը հստակորեն և աներկբա ցույց էր տվել, որ կայսրությունը հաջողության մեջ էր հայտնվում կառավարմանը միայն հայկական տարրի ակտիվ ներգրավման շնորհիվ, իսկ վերջինիս մերժումն էլ միայն անհաջողություններ էր բերում:
Հոգեբանական արգելակը, որ խանգարեց Կոմնենոսներին կարգավորել հարաբերությունները հայերի հետ, իր հետ, սակայն, նաև անխուսափելի սոցիալական հետևանքներ բերեց, քանզի հենց նույն Կոմնենոսների օրոք էր, որ կայսրության բանակը վերջնականապես հրաժարվեց փայլուն արդյունքներ ապահովված բանակաթեմային նախորդ համակարգից և, ըստ էության, վերադարձավ դրան նախորդող վիճակին՝ Հուստինիանոս I-ի վարձկան ռազմական մեքենայի մոդելին: Ալեքսեյ I-ի ընդհանուր առմամբ հաջող և Հովհաննես II-ի ամուր կառավարումը, գումարված կայսրության համար դրական ընթացք ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին, արդեն Մանուիլ I-ի ձեռքը նյութական զգալի միջոցներ տվեցին, սակայն այս կայսրը ոչ միայն չհոգաց դրանց բազմապատկման մասին, այլև չմտածեց նաև սեփական տերության համար զարգացման սկզբունքային նոր հնարավորության ապահովման ուղղությամբ: Մանուիլ I-ի ողջ կառավարման ընթացքն իրենից, ըստ էության, ներկայացնում էր արտաքինից փայլուն, սակայն ներքնապես սնանկ հաջողությունների կամ
949
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

իրական անհաջողությունների մի երկար շղթա, որի թագապսակն էլ հենց հանդիսացավ 1176 թվականի աղետը: Զորական այս կայսրը, որն իրոք ավելի շատ ասպետ էր, քան նույնիսկ զորավար ու առավել ևս քաղաքական գործիչ, ըստ էության, ընդամենը միայն արեց այն, որ, մսխելով պապից և հորից ժառանգություն ստացած հարուստ նյութական միջոցները, սեփական բավականին երկար կառավարման ընթացքում անվերջ պատերազմեց, ընդ որում կասկածելի տնտեսական ու քաղաքական օգուտ խոստացող այդ պատերազմները վերջինս վարում էր հիմնականում միայն վարձկանների ուժերով, ինչն էլ ի վերջո կործանման հասցրեց կայսրության տնտեսական համակարգը՝ քայքայելով նաև կայսրության ռազմական համակարգը: Տնտեսական աղետը, որը անխուսափելիորեն մոտենում էր, իր հետ բերելու էր նաև կայսրության ռազմական մեքենայի անկում, սակայն ի վնաս կայսրության դասավորվող տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և նույնիսկ մշակութային փոփոխությունների դեմն առնելու կամ, առավել ևս, դրանք օգտագործելու ուղղությամբ Կոմնենոսներից և ոչ ոք ոչինչ, ըստ էության, այդպես էլ չարեց:
Առաջին Կոմնենոսների ժամանակ Բյուզանդական կայսրությունը, այս մասին արդեն խոսվեց, Արևելյան Եվրոպայում դեռևս շարունակում էր վայելել սեփական բարձր հեղինակության պտուղները, երբ պետականությունից զրկված բուլղարները կայսրությունը համարում էին այդ թվում նաև իրենց պետական մի միավորը, սերբերն ու խորվաթներն էլ դեռևս մեծապես ընկած էին վերջինիս հմայքի տակ: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, սակայն, Բյուզանդական կայսրության հմայքը Արևելյան Եվրոպայում արդեն գրեթե վերացել էր, երբ բանը հասել էր նրան, որ վերջին հարյուրամյակում կայսրության նույնիսկ հավատարիմ հպատակներն, ի դեմս բուլղարների, արդեն ուզում էին սեփական ուղով ընթանալ, քանի որ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային և նույնիսկ հոգեբանական առումով նույն այդ կայսրությունից նրանք արդեն այնքան էին վերցրել, որ վերջինիս պակասն արդեն չէին զգում: Ազգերն աճեցին ու զարգացան նաև նրանց պետական միավորները, սակայն Բյուզանդական կայսրությունը մեծ հաշվով մնաց նույնը և, եթե նախկինում եղածը հերիքում էր իրենց զարգացման մակարդակով հետամնաց հարևաններին հիացնելու, դեպի կայսրությունը ձգելու ու դրանով ուժեղանալու համար, ապա այժմ նույն այդ հարևաններն արդեն և ոչ մի հիմք չէին տեսնում ձգվելու դեպի կայսրությունը, դե իսկ հայերին էլ պաշտոնական Կոստանդնուպոլիսը վանել էր այս ամենից արդեն դեռ շատ ու շատ առաջ։
Արդյունքում՝ Կոմնենոսների օրոք կայսրությունը դատապարտվեց մնալու որպես ընդամենը միայն արդեն զուտ հույների ազգային մի պետություն, այն կորցրեց նախկին իր ունիվերսալ, համաքրիստոնեական ու համահարթեցնող բնույթը և սկսեց պատկանել, ըստ էության, միայն հույներին, իսկ ուշագրավ այս ազգի միջնադարյան սոցիալական պասիվությունը, քանակական սակավությունն ու աշխարհագրական դիրքն էլ վասիլևսների երբեմնի հզոր տերությանն իր հերթին արդեն և ոչ մի հնարավորություն չէր տալիս պահպանել կայսրական նախկին մակարդակը: Ահա հենց սա չհասկացան Կոմնենոսները և ահա հենց սա նույնիսկ փորձ էլ չարեցին ուղղել նրանք, ինչի համար կայսրությունը վճարելու շատ շուտով՝ ավելի շուտ, քան ինչ-որ մեկը ժամանակակիցներից ենթադրում էր: Ինչ վերաբերում է Անգեղներին, ապա, իրենցից ներկայացնելով սոցիալական նույն այն դասակարգին, որին պատկանում էր հենց նոր կայսրության կառավարման ղեկից հեռացված գահատոհմը, նոր այս գահատոհմի ներկայացուցիչները առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ևս իրենց հերթին որևէ իրական ծրագիր այդպես էլ չառաջարկեցին՝ ընդամենը միայն տենդագին կերպով հետ մղելով կայսրության վրա տարբեր կողմերից կարկտի նման թափվող հարվածները և, փաստորեն, իրականացնելով, թերևս, միայն իրավիճակային կառավարում:

Գլուխ 86
Իսահակ II-ի կառավարման սկզբնական շրջանը և բուլղարական
խնդրի վերածնունդը

Իսահակ II-ը Անդրոնիկոս I-ից որպես ժառանգություն էր ստացել խնդիրների մի ամբողջ ու չլուծված կույտ, որոնցից առաջնայինը Սիցիլիական թագավորության կողմից առաջացրած
950
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

սպառնալիքն էր, սակայն կարևոր էր նաև Բալկանյան թերակղզում կորսված տարածքների հարցը: Գործելով ամենայն եռանդով՝ նոր կայսրն անմիջապես էլ ի մի բերեց նախկինում հինգ մասերի բաժանված կայսրության բանակը և, հանձնելով այն միասնական ղեկավարության, հրամայեց մարտական գործողություններ սկսեց «Արևմուտքի մարդկանց» դեմ:
1185 թվականի հոկտեմբերի կեսին Ալեքսեյ Բրանասի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 30.000) Մոսինոպոլսի ճ-մ-ում (Հունաստանի հյուսիս-արևելքում, Թեսալոնիկեից մոտ 150 կմ արևելք) հաղթեց Սիցիլիայի թագավորության բանակին (մոտ 30.000), որից հետո, հետապնդելով թշնամուն ու ևս մեկ անգամ փախուստի մատնելով նրան, գրավեց քաղաքը1: Դրանից հետո 1185 թվականի նոյեմբերի սկզբին Ամֆիոպոլսի ճ-մ-ում (= Դիմիտրիցայի ճ-մ, = Ստրիմոնի ճ-մ) (Հունաստանի հյուսիս-արևելքում, Թեսալոնիկեից մոտ 150 կմ արևելք) Ալեքսեյ Բրանասը նոր հաղթանակ տարավ2, իսկ 1185 թվականի նոյեմբերի 7-ին էլ Դիմիտրիցայի ճ-մ-ում (= Ամֆիոպոլսի ճ-մ, = Ստրիմոնի ճ-մ) վերջնականապես ջախջախեց Սիցիլիայի թագավորության բանակին3: Դրանից հետո հակառակորդի դիրքերը անչափ թուլացան նաև Թեսալոնիկեում և, այն բանից հետո, երբ քաղաքում ապստամբություն բռնկվեց, զգալի կորուստներ կրած Սիցիլիայի թագավորության բանակը թողեց նաև այս քաղաքը ու հեռացավ ելման դիրքեր: Այսպիսով՝ կայսրությունը կարողացավ վերացնել անմիջական ռազմական սպառնալիքը սեփական սահմաններին, սակայն Կիպրոսի հետ կապված գործերն այդքան հաջող ընթացք չունեցան, քանզի Իսահակ Կոմնենոսը ոչ միայն պարտության մատնեց իր դեմ ուղարկված կառավարական ուժերին, այլև հետագայում դրանց մի մասին էլ համոզեց ծառայության անցնել իր մոտ՝ շարունակելով սեփական տիրապետության տակ պահել կղզին: Նույն այս ժամանակ, սակայն, կայսրությունը անակնկալ հարված ստացավ հենց այն կողմից, որից որևէ կերպ դա չէր սպասում, սակայն որը, հատկապես վերևում ասվածի ֆոնին, անչափ սպասելի էր:
Իրոք, բուլղարները՝ կայսրության արդեն գրեթե երկդարյա այդ հավատարիմ հպատակները, որոնք նույն այս ժամանակ, սակայն, իրենց արդեն լիովին պատրաստ էին համարում լքել կայսրության ռազմաքաղաքական նավը և սեփական ուղին ընտրել, նույն այս ժամանակ հենց այդպես էլ վարվեցին, ընդ որում թույլ իշխանության առկայությունը Կոստանդնուպոլսում, ինչպես նաև Սիցիլիայի թագավորության դեմ պայքարում կայսրության ռազմական մեքենայի սկզբնական անհաջողությունները միայն ուժեղացրին նրանց այդ ձգտումները։ Արդյունքում՝ բուլղար ազնվական եղբայրներ Պետրոս և Հովհան Ասենները արդեն 1185 թվականի ամենավերջին կայսրության դեմ ապստամբություն բարձրացրին, որից հետո, հաջողությամբ ի մի բերելով բուլղարական ուժերը, վերջին հաշվով իրենց տիրապետությունը հաստատեցին Հյուսիսային Թրակիայի նկատմամբ, որտեղ էլ հռչակեցին Բուլղարական թագավորության ստեղծումը մոտավորապես այն սահմաններով, որն ուներ նույն Բուլղարական թագավորությունն, օրինակ, VII դարի վերջին:
Այսպիսով՝ կայսրությունը զրկվեց մինչ այդ և հատկապես փոքրասիական տիրույթների հիմնական մասի կորստից հետո իր մարդկային ու նյութական ռեսուրսների հիմնական մասը կազմող մի կարևորագույն տարածքից և, հետևաբար նաև՝ այնտեղից ստացվող ռեսուրսներից, ընդ որում վատը նաև այն էր, որ մինչ այդ հանգիստ Բալկանյան սահմանը դրանից հետո պաշտոնական Կոստանդնուպոլսի համար արդյունքում հանդիսանալու էր մշտական պատերազմների աղբյուր մոտավորապես այն վիճակով, ինչի վիճակով, որ դրությունն առկա էր այստեղ VIII դարում: Ավելին, ընդհանուր բացասական այս զարգացումն իր հերթին խորացավ նաև այն բանով, որ Բուլղարական թագավորության հռչակման արդյունքում կայսրությունը վերջնականապես կորցրեց Բալկանյան թերակղզու հյուսիսը հետ բերելու նույնիսկ տեսական հնարավորությունը, իսկ վերջինիս իշխանությունն էլ նույն այդ թերակղզու կենտրոնական հատվածի նկատմամբ մեծապես թուլացավ՝ հայտնվելով լուրջ սպառնալիքի տակ: Եվ վերջապես կայսրության դեմ խաղաց նաև այն հանգամանքը, որ Բուլղարական վերաստեղծ թագավորության առաջին արքա հռչակված Պետրոս II-ը (1185-1196) սերտ կապեր հաստատեց
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 2:
2 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 2:
3 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 2:
951
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

Ղփչախական խանության հետ և սեփական ռազմական ձեռնարկումներում սկսեց լայնորեն օգտագործել վերջինիս ուժերը, ինչպես նաև սկսեց օգտվել նույն այս ժամանակ Դանուբ գետի հովտում հիմնականում արդեն որպես առանձին էթնիկ միավոր առանձնացող վալախների մարտունակ ուժերից:
Արդյունքում՝ ցանկանալով հենց ամենասկզբից էլ լուծել բուլղարական խնդիրը և թույլ չտալ նրա տարածումը, 1186 թվականի փետրվարից մինչև մարտ Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Բուլղարական թագավորության տարածքը, սակայն, այդպես էլ չհասնելով որևէ հաջողության, հետ քաշվեց ելման դիրքեր1: Պաշտոնական Կոստանդնուպոլիսը հենց նոր էր կորցրել Բալկանյան թերակղզու հիմնական մասն ու, դրան գումարած նաև, այստեղ ձեռք էր բերել վտանգավոր մի մրցակից, ի դեմս վերակերտված Բուլղարական թագավորության, սակայն նույն այս ժամանակ հանգիստ չէր տերության նաև ներքաղաքական դրությունը, որտեղ Իսահակ II-ը այդպես էլ չէր կարողանում վերջնականապես կարգի գցել գործերը:
Իրոք, նորընծա կայսեր արտաքին ռազմաքաղաքական խոշոր անհաջողությանն, ի դեմս բուլղարական հարցի, նույն այս ժամանակ հասցրել էր գումարել նաև ներքին դժգոհությունը, որն առաջ էր եկել Անդրոնիկոս I-ի հակալատինական բարեփոխումների վերացման, արևմտյան տնտեսվարողներին դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացի սկսման և, ընդհանրապես, «Արևմուտքի մարդկանց» կայսրությունում կրկին առավելություն տալու ձգտման արդյունքում: Իսահակ II-ն ու նրա կառավարությունը գտնվում էին մայրաքաղաքում և նրանց արդեն լիովին հասու էր ծանր այն վիճակը, որում հայտնվել է կայսրությունը, սակայն այդ հանգամանքը դժվար էր բացատրել հունական ազգայնական խմբավորմանը, որին շուտով սկսեցին ղեկավարել վերջին պատերազմում Սիցիլիայի թագավորության դեմ մեծ հաջողության հասած ու դրանով իսկ հույների կողմից արդյունքում որպես իրական առաջնորդներ լինելու արժանի անձիք ընկալվող զորականները։ Արդյունքում՝ արդեն 1187 թվականի սկզբին կայսրության տրամադրության տակ մնացած բալկանյան տիրույթներում գտնվող բանակն ապստամբեց և շարժվեց մայրաքաղաքի ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1186 մարտի վերջ - ապրիլի սկիզբ – Կոստանդնուպոլսի ճ-մ2

Ապստամբած Ալեքսեյ Բրանասի բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300) պաշարեցին քաղաքը Իսահակ II-ի ու կեսար Կոնրադ Մոնֆերատցու գլխավորած Բյուզանդական կայսրության կառավարական բանակից (մոտ 5.000, այդ թվում իտալացիներ ու գերմանացիներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000): Ապստամբները մարտակարգ ընդունեցին քաղաքի պարիսպների դիմաց, որից հետո Ալեքսեյ Բրանասը կոչ արեց քաղաքացիներին դադարեցնել դիմադրությունը և անցնել իր կողմը: Չհասնելով հաջողության, սակայն, նա պատրաստվեց մարտի:
I փուլ – Մարտի վերջին ապստամբները անցան հարձակման և բավականին երկար տևած մարտում ծանր պարտության մատնեցին կառավարական բանակին` ստիպելով հակառակորդին պատսպարվել քաղաքի պարիսպներից ներս: Ապստամբները, սակայն, չզարգացրին հաջողությունը` հույս ունենալով խուսափել արյունահեղությունից և հետագայում խաղաղորեն մուտք գործել քաղաք:
II փուլ – Հինգ օր անց ապստամբները ծովային գրոհ իրականացրին, սակայն, թեև սկզբում որոշակի հաջողության հասան, բայց հետագայում պարտություն կրեցին և հետ մղվեցին ելման դիրքեր: Դրանից հետո Ալեքսեյ Բրանասը ավելի ուժեղացրեց քաղաքի շրջափակումը` հույս ունենալով հաջողության հասնել սովի միջոցով:
III փուլ – Ապրիլի սկզբին, կենտրոնացնելով ուժերը և պատրաստվելով մարտի, կառավարական բանակը ի վերջո դուրս եկավ քաղաքից ու հարձակման անցնող
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղ», գիրք 1, մաս 5:
2 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 1, մաս 6-8:
952
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

ապստամբների բանակի դիմաց մարտակարգ ընդունեց: Տեսնելով այդ` ապստամբները դադարեցրին առաջխաղացումը և վերականգնեցին մարտակարգը: Սկսվեց հեռամարտ, որը շարունակվեց մինչև կեսօր: Ի վերջո, կառավարական բանակը ողջ ճակատով հարձակման անցավ` հզոր հարված հասցնելով հատկապես կենտրոնում։ Արդյունքում՝ կենտրոնում մարտնչող Բրանասը, մենամարտում հանդիպելով Կոնրադին, պարտություն կրեց, գերվեց ու սպանվեց, իսկ նրա բանակն էլ համընդհանուր փախուստի դիմեց:
Ապստամբներից հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 5.000, հակառակորդից` հայերը` մոտ 50, դաշնակիցը` մոտ 500 զինվոր:

Այսպիսով` Իսահակ II-ին հաջողվեց պահել դիրքերը: Ընդհանուր բացասական զարգացումները, սակայն, շարունակվում էին և դրանք որևէ կերպ չկանխվեցին:
Իրոք, նոր էր ճնշվել Ալեքսեյ Բրանասի ապստամբությունը, երբ ապստամբեց Թեոդորոս Մանկաթոսը, որը, աջակցություն ստանալով Իկոնիայի սուլթանությունից, սկսեց ոտնատակ տալ կայսրության արևելյան տիրույթները: 1186 թվականի ամառից մինչև աշուն, սակայն, Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000, այդ թվում Վասիլ Բատացեսը) ապստամբի բանակից (մոտ 1.000) պաշարեց Ֆիլադելֆիան և ի վերջո աշնանը Թեոդորոսը հրաժարվեց իր տիտղոսից, իսկ հետո էլ ապաստանեց Իկոնիայի սուլթանությունում1։ Արդյունքում՝ այս ապստամբին հաջողվեց հետ ստանալ Խլիճ-Արսլան իբն Մասուդից և ձերբակալել միայն նրան անվտանգության երաշխիքներ տալուց հետո: Սրանից հետո ևս, սակայն, հանգստություն չեղավ, քանզի կայսրության նույն փոքրասիական տարածքներում անմիջապես էլ հայտնվեց իրեն որպես Ալեքսեյ II ներկայացնող մեկը և սկսեց ասպատակել շրջակայքը, ընդ որում տեղում կառավարական ուժերի ընդհանուր թուլության պայմաններում պաշտոնական Կոստանդնուպոլսին այս հոգսից ազատեց միայն այդ ինքնակոչի պատահական մահը:
Նույն այս ժամանակ հակասական էին գործերը նաև արտաքին-քաղաքական ճակատում, երբ 1186 թվականի սեպտեմբերին Հովհաննես Անգեղի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Բուլղարական թագավորության տարածքը, սակայն շուտով Հովհաննեսը հետ կանչվեց և բանակը նահանջեց2: Դրանից հետո Իսահակ II-ն անձամբ, կենտրոնացնելով ուժերը նաև փոքրասիական տարածքներից, որոշեց գործել Բուլղարական թագավորության դեմ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1186 նոյեմբերի 7 – Լարդեայի ճ-մ (Հյուսիսային Բուլղարիա)3

Իսահակ II-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակի (մոտ 20.000, այդ թվում Կոնստանդին Ասպետը) մի մասը (2.000 հեծյալ) հասավ շրջակայքն ասպատակած և ավարով նահանջող Բուլղարական թագավորության բանակին (մոտ 8.000, այդ թվում ղփչախներ և վալախներ) ու մարտակարգ ընդունեց: Ձեռք բերած ավարի հետ առաջ ուղարկելով սեփական ուժերի մի մասը` թշնամու բանակը ևս մարտակարգ ընդունեց:
I փուլ – Կայսերական բանակը անցավ հարձակման, ի պատասխան որի թշնամին սկսեց կեղծ նահանջ իրականացնել և, իր հետևից տանելով հետապնդող հակառակորդին, խառնեց նրա մարտակարգը:
II փուլ – Բուլղարական թագավորության բանակը անցավ հակահարձակման և սկսեց պարտության մատնել կայսերական բանակին:
III փուլ – Իսահակ II-ի գլխավորությամբ մարտի մեջ մտան կայսերական բանակի հիմնական ուժերը և վերջնական պարտության մատնեցին հակառակորդին:
Հաղթողները կորցրին մոտ 700, պարտվողները` մոտ 3.000 զինվոր:
_________________________
1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 2:
2 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 1, մաս 5:
3 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Իսահակ Անգեղոս», գիրք 2, մաս 1, գիրք 3, մաս 2: «Եվստաթիոս Սոլունացի «Պատմություն»:
953
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

1186 թվականի վերջին Բուլղարական թագավորության բանակային հիմնական ուժերը սկսեցին հետ քաշվել դեպի հյուսիս և արդեն 1187 թվականի գարնանը կայսերական բանակը հարձակողական որոշակի գործողություններ իրականացրեց, սակայն, այդպես էլ չհասնելով էական հաջողության, կողմերը հաշտություն կնքեցին: Սրանով Բուլղարական թագավորությունն, ըստ էության, ապացուցեց իր կենսունակությունը:

Գլուխ 87
Թամարա թագուհու կառավարման սկզբնական շրջանը

1184 թվականի մարտի 27-ին իր մահկանացուն կնքեց Քարթլիի թագավորության արքա Գեորգի III-ը, որը Օրբելյանների վերջին ապստամբության ճնշումից հետո մեծ հաշվով զերծ էր մնացել ռազմաքաղաքական խոշոր ձեռնարկումներից և հիմնականում զբաղվել էր երկրի ներքին հոգսերով: Գեորգի III-ի մահը, սակայն, Քարթլիի թագավորությունում գահակալական էական ճգնաժամ առաջացրեց, ընդ որում ավելի խոշոր խնդիրները դեռ առջևում էին, քանի որ հանգուցյալը իրենից հետո չէր թողել արու զավակ, ինչի պարագայում գահն անցավ նրա աղջիկ, տասնութնամյա Թամարային (1184-1213), որը հոր կողմից մասնակից էր դարձվել թագավորության կառավարմանը դեռևս իր կենդանության վերջին տարիներին: Քարթլիի թագավորության նոր տիրուհին խելացի և հեռատես մի անձնավորություն էր, որը, հիանալի կերպով հասկանալով, որ առկա պայմաններում միայն ինքն ի վիճակի չէ իրականացնել սեփական թագավորության կառավարման բարդ գործը, ստեղծեց ու հաջողությամբ սկսեց ղեկավարել տաղանդավոր անձանցից կազմված կառավարման, ըստ էության, արդյունավետ մի խորհուրդ, ինչը վերջին հաշվով հիանալի արդյունքներ ապահովեց: Ի սկզբանե խնամակալական խորհրդի կազմում էին թագուհու հորաքույր Ռուսուդանը և գործող կաթողիկոսը, սակայն հետագայում խորհրդի կազմը փոփոխվեց:
Թամարա թագուհու գահակալման պահին Քարթլիի թագավորությունը գտնվում էր զարգացման ուշագրավ մի փուլում: Հենց նոր էր ճնշվել խոշոր հողատերերի և մեծապես նաև հայերի կողմից հղացած Օրբելյանների ապստամբությունը ու այդ հանգամանքը թագավորության տարածքում մեծապես թուլացրել էր խոշոր ֆեոդալների և հայերի դերը: Միաժամանակ, սակայն, ինչպես Գեորգի III-ը, այնպես էլ Թամարան չէին կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ հիմնականում մանր ազնվականների, առևտրա-արհեստավորական, ինչպես նաև գյուղացիական դասակարգերով ներկայացված հայերը նույն այդ ապստամբության վերջում իրենց հիմնական կազմով անցել էին արքայական իշխանության կողմը և մեծապես նպաստել էին վերջինիս հաջողությանը: Այս ֆոնին հայր և աղջիկ չէին կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ հայերին ներկայացնող այնպիսի խոշոր հողատիրոջ մի ջախջախումը, ինչպիսին Օրբելյաններն էին, իր հետ անխուսափելիորեն բերել էր նաև այն հետևանքը, որ տեղում ուժեղացել էին կրկին խոշոր հողատերերի հավակնություններ ունեցող, սակայն մեծապես արդեն վրացիներին ներկայացնող տեղական մինչ այդ էական դեր չխաղացող այլ ուժեր, որոնց շարքում ամենից առաջ աչքի էին ընկնում արմատներով դեռևս Իվանե Մարուշիձեն գնացող Դադիանիների և Ջակելիների տոհմերը: Եվ վերջապես չէր կարելի հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Քարթլիի թագավորության գահը զբաղեցնող Բագրատունիները հայերի համար ավանդականորեն շարունակում էին ընկալվել որպես յուրայիններ ու սեփական թագավորության երբեմնի արքայատոհմի ներկայացուցիչներ, իսկ, իրենց դասակարգային շահերով առաջնորդվելիս էլ, այժմ արդեն մանր ազնվականների, առևտրա-արհեստավորական, ինչպես նաև գյուղացիական դասակարգերով ներկայացված հայերն իրենք էին շահագրգռված կենտրոնական իշխանության հաջողություններով։ Այսպիսով, չնայած վերջին ապստամբության ընթացքում հայերի խաղացած հակասական դերին, այժմ հենց նրանք էին հանդիսանում Քարթլիի թագավորության սոցիալական կազմի այն առաջնային էլեմենտը, որը կարող էր և շահագրգռված էր աջակից հանդիսանալ արքայական իշխանությանն ու նրա ուժեղացմանը։ Արդյունքում՝ իր թագավորության վերջին տարիներին Գեորգի III-ը, ինչպես նաև իր թագավորության հատկապես ուշ շրջանում՝ Թամարան, սկսեցին հենվել հիմնականում հենց հայերի վրա, այն դեպքում, երբ վրացիներից նույն այս ժամանակ քիչ թե շատ առաջնային դերերի վրա էին միայն Գամրկելիները,
954
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

որոնք, ինչպես և հայերից նույն Զաքարյանները, աճել էին մանր ազնվականներից: Գահը զբաղեցնելուց հետո Քարթլիի թագավորության քաղաքական օրակարգում ամենից առաջ հայտնվեց երիտասարդ թագուհու ամուսնության խնդիրը, ընդ որում ակնհայտ էր, որ սա պարզ մի հարց չէ, մանավանդ որ թագավորությունում նույն այս ժամանակ սեփական շահերի ապահովման համար պայքար մղող երկու հիմնական խմբակցություններն էլ այդ հարցով իրենց տեսակետներն ունեին:
Այսպես, աստիճանաբար խոշոր հողատերերի դիրքերը զբաղեցնող վրացիներն և նրանց սատարող ուժերը ամենից առաջ կողմ էին այն բանին, որ որպես թագուհու ամուսին հանդես գա մի անձնավորություն, որը հնարավորինս հեռու կլինի հայերից, այն դեպքում, երբ զգալի հարված ստացած, սակայն իրենց դիրքերը այնուհանդերձ մեծապես պահպանած հայերը բնականաբար հակառակ կողմնորոշում ունեին։ Արդյունքում՝ բուռն քննարկումներից հետո և հատկապես այն բանի ազդեցության տակ, որ Ռուսուդանն իր ժամանակին ամուսնացած էր եղել Կիևյան Ռուսիայի իշխան Իզյասլավ Մստիսլավովիչի (1146-1149, 1150, 1150-1154) հետ, 1185 թվականի սկզբին որոշվեց որպես Թամարայի ամուսին ընտրել Կիևյան Ռուսիայի ֆեոդալական մասնատումից հետո նրա տարածքում առաջատար դեր ստանձնած Վլադիմիրո-Սուզդալյան իշխանության դավադրության զոհ դարձած երբեմնի իշխան Անդրեյ Բոգոլյուբցու (1157-1174) որդի Յուրիին, որը նույն այս ժամանակ փախստականի կարգավիճակով գտնվում էր Ղփչախական խանությունում: Գեղեցիկ, ֆիզիկապես լավ մարզված և հմայիչ Յուրին, որպես Թամարայի ամուսին, իրոք որ բոլորին հարմար թվաց, սակայն քչերը նկատեցին, որ այդ գեղեցիկ արտաքինի տակ հոգու իսկական գեղեցկություն չկար, իսկ զարգացած մկաններն էլ դեռ չէին խոսում քսանամյա այդ երիտասարդի իրական ուժի մասին:
Այսպես թե այնպես, սակայն Յուրին ժամանեց Տփղիս և հենց նույն 1185 թվականի աշնանն էլ զույգն ամուսնացավ: Այսպիսով՝ Յուրին հռչակվեց Քարթլիի թագավորության արքա, սակայն՝ ընդամենը միայն այսպես կոչված «կոնսորտ» կամ ուղեկից-արքայի կարգավիճակում, այն դեպքում, երբ, չնայած վերջինիս արքայական տիտղոսին, առաջնային դերն, ինչպես նաև բնականաբար հեղինակությունն ու փաստացի իշխանությունը պատկանում էին նրա կին Թամարային: Չնայած այս ամենի՝ սկզբում իրոք ամեն ինչ ավելի քան լավ լույսի տակ էր երևում, իսկ երիտասարդ և, կարծես թե, ռազմունակ արքան էլ հենց այն երազանքն էր, որին ձգտում էին Քարթլիի թագավորության հզորության համար պայքարող ուժերը: 1185 թվականի վերջը նորապսակներն անցկացրին ամուսնական կյանքով և պետական ներքին հոգսերով, սակայն արդեն հաջորդ տարի եկավ գործելու ժամանակ:
1186 թվականի մարտի վերջին, ինչպես արդեն ասվեց, իր մահկանացուն էր կնքել Ջահան-Փահլևանը և նրան հաջորդել էր եղբայրը՝ պետական ու ռազմական գործչի հատկություններից մեծապես զուրկ Ղզիլ-Արսլանը, որի օրոք, ինչպես կրկին ասվեց, Էլտկուզյանների աթաբեկությունն ավելի շատ էր հրաժեշտ տալու արժանահիշատակ Էլտկուզի ժամանակվա իր հզորությանը: Ավելին, քանի որ Ղզիլ-Արսլանը մինչ այդ կառավարում էր աթաբեկության արևելյան շրջաններում, իրեն հենց նոր բաժին հասած պետության արևմտյան գործերին նա ոչ միայն անծանոթ էր, այլև չէր էլ ձգտում այդ ուղղությամբ ինչ որ առանձնակի ակտիվություն դրսևորել: Իր հերթին, այս դեպքերից շատ քիչ առաջ՝ 1186 թվականի մարտի սկզբին, վերջնականապես հրաժարված Զանգյանների աթաբեկությանը հարված հասցնելու մտադրությունից, իր երկաթյա բանակով Հյուսիսային Ասորիքից հեռացել էր նաև Սալահ-էդ-Դինը, որն արդեն պատրաստվում էր մահացու հարված հասցնել Երուսաղեմի թագավորությանը: Այսպիսով տարածաշրջանից խոշոր խաղացողները հեռանում էին և դա ամենից առաջ բերեց տեղական ուժերի ակտիվացմանը:
Իրոք, դեռևս իրադարձություններով գերհագեցած 1185 թվականի օգոստոսի 15-ին էր, որ, օգտվելով պաշտոնական Խլաթի համար առաջացած բարդություններից, Սալդուխյանների էմիրության էմիր, Սալդուխին հաջորդած նրա որդի Մուհամմեդի (1165-1184) տղա Մելիք-Շահը (1184-1194) Բեկ-Թեմուրի ձեռքից խլեց Օլթին1: Մի պահ թեթևացած առաջացած հոգսերից, սակայն, նույն 1185 թվականի հոկտեմբերի 26-ին Շահարմենների էմիրության էմիրը զգալի ուժերով մոտեցավ Կարինին և Մելիք-Շահից պահանջեց հետ տալ իրեն Օլթին: Ստանալով
_________________________
1 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
955
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

սպասելի մերժում, սակայն, Բեկ-Թեմուրը ասպատակեց Կարինն ու նրա շրջակայքը, ինչպես նաև Բասենը և հետ քաշվեց ելման դիրքեր1: Իրոք, Շահարմենների էմիրության նոր էմիրը նույնիսկ տեղերում ամրանալու խնդիրներ ուներ և հենց այդ սահմաններում էր, որ 1186 թվականի ապրիլին Բեկ-Թեմուրի գլխավորած Շահարմենների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Վանը, Ոստանը, Բաղեշը ու նրանց շրջակայքը՝ ամրապնդելով սեփական իշխանությունը տեղերում2: Նույն Օլթիի հարցով, սակայն, Բեկ-Թեմուրն այնուհանդերձ անհաջողություն կրեց, քանզի, խոշոր ուժերով արագորեն քաղաք ժամանած Մելիք-Շահը ճնշեց 1186 թվականի հունվարի 19-ից 23-ը քաղաքում սկիզբ առած տեղի բնակչության ապստամբությունը, որն ուզում էր Օլթին հանձնել Շահարմենների էմիրությանը, ինչից հետո Սալդուխյանների էմիրությունը վերջնականապես ամրացավ քաղաքում3:
Ահա հենց նման հակասական դրության մեջ էր գտնվում Բեկ-Թեմուրը, երբ տեղ հասավ Ջահան-Փահլևանի մահվան լուրը և հենց նույն այս ժամանակ էր նաև, որ վերջինս սկսեց հարավից լուրեր ստանալ այն մասին, որ Սալահ-էդ-Դինը կենտրոնացրել է ուժերը Երուսաղեմի թագավորությանը հարված հասցնելու ծրագրի վրա: Արդյունքում՝ Շահարմենների էմիրության նոր էմիրն ի վերջո կարող էր այնուհանդերձ քիչ թե շատ հանգիստ շունչ քաշել, թեև վերջինիս էմիրության ընդհանուր արտաքին-քաղաքական դրությունն այնուհանդերձ օրեցօր վատթարանում էր:
Այսպիսով՝ Քարթլիի թագավորության մահմեդական հիմնական հակառակորդներից մեկը թուլացել էր և զբաղված էր իր ներքին խնդիրներով, իսկ մյուսն էլ ներքաշվում էր մեկ այլ ու ավելի ծանր պատերազմի մեջ: Ստեղծված պայմաններում էլ հենց, ահա, Տփղիսում որոշեցին, որ եկել է ամենահարմար ժամանակը վերսկսել դեպի հարավ այն առաջխաղացումը, որի վերջին արարը դրվել էր դրանից դեռևս տասը տարի առաջ: Արդյունքում՝ 1186 թվականի ապրիլին Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Բասենը ու Կարինի շրջակայքը և նահանջեցին4: Մելիք-Շահը սաստվեց, որից հետո քրիստոնյաները հարվածը հարավ-արևմուտքից տեղափոխեցին արդեն դեպի հարավ:
Իրոք, Ջահան-Փահլևանի թողած հարատևությունն այստեղ դեռևս առկա էր և, պայմանավորված Քարթլիի թագավորության ակտիվությամբ, ակտիվացավ նաև Էլտկուզյանների աթաբեկությունը, սակայն 1186 թվականի մայիսին Ձաղիձորի ճ-մ-ում (Գուգարք, Տաշիրի հարավ-արևմուտք) Կախաիսձե Գամրկելիի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.500) հաղթեցին Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած ու շրջակայքն ասպատակող բանակին (մոտ 10.000)5: Նույն այս ժամանակ պարզվեց, սակայն, որ արևմուտքում մահմեդականները իրենց դեռևս ամենևին էլ պարտված չեն համարում և այդ կողմից խոշոր ուժերով կրկին առաջանում են Քարթլիի թագավորության ուղղությամբ: Արդյունքում, սակայն, 1186 թվականի հունիսին Կղարջքի ճ-մ-ում Գուզան Աբուլասանիսիձեի և Բոցո Ջակելիի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Սալդուխյանների, Մանկուչակյանների, Շահարմենների, Արտուխյանների և Կարսի էմիրությունների առաջխաղացած ու շրջակայքն ասպատակող միացյալ բանակին (մոտ 20.000)6:
1186 թվականի հունիսից մինչև հուլիս Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 70.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) կրկին ասպատակեցին Բասենը ու Կարինի շրջակայքը և նահանջեցին7: Նույն այս ժամանակ հաջողությունը քրիստոնյաների կողմում եղավ նաև հարավում, երբ 1186 թվականի հուլիսին Գրիգոր Պահլավունու գլխավորած
_________________________
1 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
2 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
3 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
4 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
5 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
6 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
7 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 18:
956
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

Անիի բանակը (մոտ 4.000) Էլտկուզյանների աթաբեկության բանակից (մոտ 800) գրավեց Անիի անկումից հետո Հայոց այս քաղաքի մոտ մահմեդականների կարևոր սահմանային ամրություն հանդիսացող և ավազակների մի իսկական որջի վերածված Ծառաքար ամրոցը, որտեղից հաճախ էին հարվածներ գալիս Անիի ու շրջակա բնակչության ուղղությամբ և որը մինչ այդ վերածվել էր գերիներին պահելու ու նրանց տանջաքննելու մի իսկական դժոխքի1:
Խոշոր այս հաջողությունները, սակայն, որոնք Քարթլիի թագավորությունը շահեց հարավում մահմեդականների դեմ մղվող պատերազմի ավանդական ճակատում, արդեն տարվա վերջին մռայլվեցին արքայական զույգի մոտ ի հայտ եկած տարաձայնություններով, քանզի մեկ տարին բավարար եղավ նորընծա և ընդամենը միայն ուղեկից արքայի կարգավիճակ ունեցող Յուրիի իրական մարդկային դեմքն ու չնչին էությունը վեր հանելու համար: Իրոք, շուտով պարզվեց, որ նոր արքան ընդամենը միայն գոռոզ մի հարբեցող էր, որը բանը հասցնում էր նույնիսկ նրան, որ իրեն անվայելուչ էր պահում սեփական կնոջ և գործող թագուհու նկատմամբ։ Արդյունքում՝ անհաջող այդ ամուսնուց մեծապես հիասթափվող Թամարան սկսեց աստիճանաբար սահմանափակել ինչպես Յուրիի փաստացի իշխանությունը, այնպես էլ ղեկավար դերերից քայլ առ քայլ հեռացնել վերջինիս սատարող խմբակցության ներկայացուցիչներին: Սրան հակառակ, նույն այս ժամանակ թագուհին սկսեց իրեն աստիճանաբար շրջապատել հակառակ խմբակցության ներկայացուցիչներով, որոնց ղեկավարն էր Սարգիս Մեծ Զաքարյանը, իսկ այն բանից հետո, երբ 1187 թվականի սկզբին վերջինս մահացավ, Թամարան անմիջապես էլ առաջին դիրքերի վրա բերեց հանգուցյալի որդի Զաքարե Մեծ Զաքարյանին (1187-1212), որն իր կազմակերպչական և ռազմական տաղանդավոր ու բեղուն գործունեությամբ ապահովեց Քարթլիի թագավորության իրական գագաթնակետը:
Թամարա թագուհու կերպարը պաշտոնական պատմագրական երկերում իդեալականացվել է և այժմ դժվար է նույն այդ պաշտոնական լուսապսակից դուրս մի որևէ այլ բան ասել, սակայն, զուտ հոգեբանորեն վերլուծելով իրավիճակն ու այն դիտարկելով կին-տղամարդ հարաբերությունների համատեքստում, ամենևին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Զաքարե Մեծ Զաքարյանի սրընթաց թռիչքի հիմքում ընկած էր ամենից առաջ հենց անձնական համակրանքի այն խորը զգացումը, որը թագուհին սկսել էր տածել իր այդ վասալի նկատմամբ: Իրոք, Զաքարեն ակնհայտորեն դեռահաս և դեռևս չհասունացած առնականության տարիքում գտնվող Յուրին չէր ու ոչ էլ թագուհու սրտին այդքան հարազատ մշակութային կամ կրոնական մի գործիչ էր՝ Զաքարեն երկաթյա ձեռքի, ամուր վճռականության, զորավարական մեծ տաղանդի և ուժերի ծաղկման տարիքում գտնվող մի իսկական տղամարդ էր, որը հենց դրանով իսկ ակնհայտորեն գերել էր անհաջող ամուսնությունից հետո թագուհու մոտ, թերևս, նոր միայն արթնացող կնոջը:
Եվ մենք կրկին սահմանափակված ենք պաշտոնական պատմագրական լուսապսակով, որն այնքան անուշադիր է մարդկային զգացումների հանդեպ և այնքան է սիրում իդեալականացնել, իսկ իրականում՝ պարզունականացնել, ամեն ինչ, որ դժվար է մի որևէ որոշակի բան ասել Զաքարեի ու Թամարայի փոխհարաբերությունների մասին: Այնուհանդերձ այն, թե ինչքան խորն էին հարաբերությունները այս կնոջ ու տղամարդու միջև, մեզ ցույց է տալիս դեսպանի հետ կապված հայտնի դեպքը՝ զգացմունքայնականությունը բացահայտող և պաշտոնական պատմագրության վարագույրը, կարծես թե, իրոք հրաշքով հաղթահարած բացառիկ այդ դրվագը, երբ Թամարա թագուհուն կամ, այլ խոսքերով ասած, ակնհայտորեն իր անձնական տարածքում գտնվող կնոջը խորը վիրավորանք հասցրած լկտի դեսպանը հենց պաշտոնական ընդունելության ժամանակ էլ բռունցքի ծանր հարված ստացավ և ուշաթափ արվեց այդ ամենը հանգիստ լսել չկարողացած Զաքարեի կողմից: Քարթլիի թագավորությունում երբեք և ոչ-ոք այդքան նվիրվածորեն չէր ծառայել Թամարա թագուհուն, ինչքան այդ քաջարի զորականը, ու ոչ-ոք և երբեք էլ այդքան մանրախնդրորեն ուշադիր չէր եղել սեփական թագուհու նկատմամբ, ինչքան հայազգի այդ սեպուհը, երբ, ով էլ, որ հանկարծ փորձեր վիրավորել նրա թագուհուն, երկաթյա այդ տղամարդը իր ամուր ձեռքով անվարան կերպով կտրորեր վերջինիս:
Անձնական այս գործոնից զատ, սակայն, կար նաև ոչ պակաս մի կարևոր հանգամանք ևս՝ Զաքարեի աջակցությունը ստանալու պարագայում թագուհին ստանում էր նաև նրա մարտունակ
_________________________
1 Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», Հավելված; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 78:
957
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

հայրենակիցների՝ այդ մանր ազնվականների, առևտրականների, արհեստավորների ու գյուղացիական աշխարհազորի, աջակցությունը և դա այն պարագայում, երբ իր անհաջող ամուսնուն աջակցող մյուս խմբակցությունն, ի դեմս խոշոր հողատերերի, արքայական իշխանության ու իր տեսակի հենց բնական իսկ թշնամին էր: Այսպիսով՝ ընտրությունը և անձնական ու նաև և գործնական ոլորտում, ըստ էության, իրեն արդեն լիովին արդարացված էր ու հենց հաջորդ իսկ տարում թագուհու սիրելին սկսեց գործել:
1187 թվականի գարնանը խիստ սրվել էին Էլտկուզյանների աթաբեկության աթաբեկ Ղզիլ-Արսլանի և նրա ենթակա էմիրների հարաբերությունները, ընդ որում նույն այդ հարաբերությունները խորը ճգնաժամ էին ապրում նաև աթաբեկի խնամարկյալ Տուղրիլ իբն Արսլան-Շահի պարագայում, քանզի իրեն ամեն ինչից զրկված համարող տասնութնամյա այս պատանին ոտքի էր ելել սեփական իշխանության պահպանման ու Սելջուկյան սուլթանների երբեմնի իրավունքների վերականգման համար: Էլտկուզյանների աթաբեկությունը մի քանի տարով սուզվում էր քաղաքացիական պատերազմի քաոսը և այս հանգամանքը միայն քրիստոնյաների օգտին էր։ Արդյունքում՝ որոշվեց հերթական հարվածը հասցնել Էլտկուզյանների աթաբեկությանը, ընդ որում սա հիանալի մի առիթ էր ընձեռնում ի ցույց դնելու Զաքարյանների ռազմական հնարավորությունները:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 ապրիլ – Դվինի ճ-մ1

Զաքարե Մեծ Զաքարյանի և նրա եղբայր Իվանեի, ինչպես նաև վերջիններիս հորեղբոր որդիներ Զաքարե Փոքր ու Սարգիս Զաքարյանների գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) շրջակայքն ասպատակելով մոտեցան քաղաքին, սակայն, խուսափելով Էլտկուզյանների աթաբեկության և Սուրմարուի էմիրության միացյալ բանակից (մոտ 40.000) ու հետապնդվելով վերջինիս կողմից, նահանջեցին դեպի հյուսիս ու մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Այսպիսով՝ Զաքարեն և նրա մարտունակ խմբակցությունն առաջին փորձությունը պատվով անցան ու հաջողությամբ ավարտին հասցրին Դվինի ուղղությամբ հասցվող հարվածը: Բանակի գլխավոր հրամանատարը, սակայն, համենայն դեպս գոնե դեռևս ձևական մակարդակում, ուղեկից-արքա Յուրին էր և ահա վերջինս, կամ աստիճանաբար ըմբռնելով իր դերի նվազումը, կամ էլ ուղղակի ցանկանալով հետ չմնալ Զաքարյաններից, իր հերթին հերթական արշավանքը ձեռնարկեց:
Արդյունքում՝ նույն 1187 թվականի հունիսին Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Գագ ամրոցի, Պարտավի ու Բայլականի շրջակայքը, ինչպես նաև Ուտիքը և Փայտակարանի հյուսիսը ու նահանջեցին2: Նույն այս ժամանակ Էլտկուզյանների աթաբեկությունում Ղզիլ-Արսլանի ու Տուղրիլ իբն Արսլան-Շահի հարաբերությունները արդեն հասել էին բացահայտ ռազմական առճակատման մակարդակի և իրոք ժամանակն էր նորանոր հարվածներ հասցնելու դեպի հարավ։ Արդյունքում՝ 1187 թվականի հունիսին Յուրի արքան կրկնեց նախորդին նմանակող իր գործողությունը, թեև այս անգամ դաշտային ընդհարումից խուսափել այնուհանդերձ չհաջողվեց:
_________________________
1 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 19; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 19; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
958
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 օգոստոս – Գեղարքունիքի ճ-մ1

Յուրի արքայի, ինչպես նաև Զաքարե Մեծ Զաքարյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000), ասպատակելով շրջակայքը, սկսեցին նահանջել, սակայն Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած բանակը (մոտ 60.000) հասավ նրանց: Կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Տարվա վերջին, սակայն, որոշվեց հակառակորդին այնուհանդերձ ևս մեկ հարված հասցնել և արդյունքում, ինչպես նախորդ անգամ էր արվել, Յուրի արքայի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 60.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) ասպատակեցին Գագ ամրոցի, Պարտավի և Բայլականի շրջակայքը, ինչպես նաև Ուտիքը ու Փայտակարանի հյուսիսը2: Այս անգամ ևս, սակայն, դաշտային ճակատամարտում քրիստոնյաներին դիմադրելու գայթակղությունից Էլտկուզյանների աթաբեկության սահմանային շրջաններում զերծ չմնացին։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1187 հոկտեմբեր – Նախիջևանի ճ-մ3

Յուրի արքայի գլխավորությամբ Բայլականի շրջակայքը ասպատակած և վերադարձող Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) սկսեցին աստիճանաբար շարժվել դեպի հյուսիս, սակայն Էլտկուզյանների աթաբեկության առաջխաղացած բանակը (մոտ 30.000) հասավ նրանց: Կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը հարձակվեց հակառակորդի վրա և պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Քարթլիի թագավորության բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան, որից հետո ձեռք բերած ավարով հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Իր փառահեղությամբ աննախադեպ տարին ավարտվում էր և Քարթլիի թագավորության արտաքին քաղաքական հաջողությունները հսկայական էին: Նույնը, սակայն, որևէ կերպ հնարավոր չէր ասել Թամարա թագուհու անձնական կյանքի վերաբերյալ, երբ ամուսնությունը Յուրիի հետ նույն այս ժամանակ վերջնականապես փլուզվեց:
Իրոք, մեկ տարուց ավելի տանելով հիասթափությունն իրեն պարտադրված ընտրությունից, արդեն 1187 թվականի վերջում և 1188 թվականի սկզբում թագուհին ի վերջո բացահայտորեն հարց դրեց սեփական ամուսնալուծության վերաբերյալ։ Արդյունքում՝ այլևս իրեն զսպել չկարողացած Թամարան բարձրաձայնեց, որ Յուրին տրվում է հարբեցողությանը, կոպիտ է անձնական կյանքում և նույնիսկ հակված է սեռական անբնական ցանկությունների: Ի պատասխան դրա՝ իրեն մի պահ որպես բացարձակ տիրակալ երևակայած Յուրին իր հերթին
_________________________
1 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
2 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20: Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
3 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 20:
959
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37129
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

անցավ բացահայտ բռնությունների և սկսեց խոշտանգել ու մարմնական պատիժների ենթարկել իրեն այլևս ենթարկվել չցանկացող պալատականներին: Ի վերջո, թագուհին բացահայտորեն հայտարարեց ամուսնալուծության մասին և ինչպես նրա հորաքույր Ռուսուդանը, այնպես էլ երկրի իշխող վերնախավի հիմնական մասը, համենայն դեպս գոնե ձևականորեն, աջակցեցին այդ որոշմանը։
Արդյունքում՝ արդեն 1188 թվականի գարնանը Յուրիին նյութական զգալի միջոցներ հատկացրին, նավ նստեցրին և, ազդեցիկ կերպով խորհուրդ տալով շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ, աքսորեցին Քարթլիի թագավորության տարածքից: Եվ այսպես, քրիստոնեական աշխարհի իր ժամանակի Արևելքի երկու հզոր պետական միավորները բուռն իրադարձություններով էին տարված, սակայն նույն այս ժամանակ հետաքրքիր դեպքեր էին տեղի ունենում նաև քրիստոնեական աշխարհի Արևելքի այլ հատվածներում, որոնք մինչև առաջ անցնելը ևս արժանի են քննարկման:

Գլուխ 88
Մերձավոր Արևելքում մանր պատերազմների նոր փուլը
և թյուրք-քրդական բախումը

1185 թվականի երկրորդ կեսի լարված օրերին, երբ Սալահ-էդ-Դինն իր ռազմական բռունցքը պատրաստ էր պահում Հյուսիսային Ասորիքում և դեռևս պարզ չէր, թե կշարժվի՞ նա այնուհանդերձ Մոսուլի վրա, թե՞ կգա դեպի արևմուտք ու կհարվածի Անտիոքի դքսությանը, Ռուբեն Ռուբինյանը սեփական բանակային զգալի ուժերով ժամանեց Անտիոք և բավականին երկար ժամանակ մնաց այնտեղ: 1186 թվականի մարտյան իրադարձությունները, սակայն, երբ Ջահան-Փահլևանը հեռացավ կյանքից և Էլտկուզյանների աթաբեկությունը սուզվեց քաոսի մեջ, իսկ հյուսիսից հիասթափված Սալահ-էդ-Դինն էլ իր ուշադրությունը կենտրոնացրեց հարավի վրա, մեծապես լիցքաթափեցին իրադրությունը Հյուսիսային Ասորիքում։ Արդյունքում՝ Անտիոքի դուքսը, կարծես ազատված մեծ պատերազմի հոգսերից, որոշեց վերադառնալ մինչ այդ տարածաշրջանի համար բնորոշ մանր պատերազմին՝ անմիջապես էլ հիշելով տարածքային այն հին վեճերը, որ Անտիոքի դքսությունն ուներ Ռուբինյանների իշխանության հետ: Եվ ահա այն բանից հետո, երբ Սալահ-էդ-Դինից սպասվող ռազմական վտանգը վերջնականապես վերացավ, Բոհեմունդ Պուատիեցին, գործելով ինչպես Սալահ-էդ-Դինի, այնպես էլ Հեթումյանների դրդումներով, ձերբակալեց դեռևս իր մոտ՝ Անտիոքում, գտնվող Ռուբինյաց իշխանին, որից հետո արդեն 1186 թվականի ապրիլին Անտիոքի դքսության բանակը (մոտ 10.000) և մեծ մագիստրոս Ռոջեր Դ'Մուլենի գլխավորած Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) ասպատակեցին Սարվանդիքար, Գաստոն, Սատարա ու Դարպսակ ամրոցների շրջակայքը:
Հարկ է նշել, սակայն, որ խաչակիրները ակնհայտորեն հաշվի չէին առել կամ թերագնահատել էին գերված իշխանի եղբոր գործոնը և, այն բանից հետո, երբ նրանց ընդառաջ շարժվեց Լևոն Մեծ Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը (մոտ 25.000), նրանք ստիպված եղան նահանջել: Հաղթաթղթերը, սակայն, գոնե առժամանակ, այնուհանդերձ խաչակիրների ձեռքում էին և արդյունքում Ռուբինյանները Ռուբենի ազատության փոխարեն Անտիոքի դքսությանը զիջեցին Մամեստիան և Ադանան, ինչպես նաև Սարվանդիքար, Ճկեր ու Թիլ-Համտուն ամրոցները1: Այն բանից հետո, սակայն, երբ Ռուբենը ազատություն ձեռք բերեց և հասավ սեփական տիրույթներ, հայերն անմիջապես էլ հետ խլեցին մինչ այդ իրենց կողմից Անտիոքի դքսությանը զիջած Մամեստիան ու Ադանան, ինչպես նաև Սարվանդիքար, Գաստոն, Սատարա և Դարպսակ ամրոցները2: Դրան ի պատասխան՝ 1186 թվականի մայիսին Անտիոքի դքսության բանակը (մոտ 5.000) ասպատակեց Ալեքսանդրեկ գավառը և նահանջեց3: Հետո, սակայն, որպես յուրօրինակ մի փոխզիջում, Սատարա, Դարպսակ և Սարվանդիքար
_________________________
1 Անանուն «Պատմություն Սրբոց»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
2 Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
3 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
960
Приходите в мой дом...
Закрыто