Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

I փուլ – 09։00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակի առաջապահը հետ մղեց Սահակ Մամիկոնյանի գլխավորությամբ Բաշ-Քեյ կիրճում (Դերջանի դաշտավայրի արևմուտքում) ամրացած և ժամանակ շահել փորձող Տարոնի իշխանության բանակին, որով էլ հնարավորություն տվեց իր հիմնական բանակին հաջողությամբ դուրս գալ կիրճից ու մտնել Դերջանի դաշտավայր։ Դրանից հետո Օսմանյան սուլթանության բանակը, առաջխաղացման ճանապարհից նահանջելով հյուսիս-արևմտյան ուղղությամբ և դաշտային ամրություններով ամրապնդելով սեփական դիրքերը, մարտակարգ ընդունեց ու պատրաստվեց պաշտպանողական մարտ վարել` հրետանին տեղավորելով սեփական մարտակարգի առաջին գծում։ Օսմանյան սուլթանության բանակի աջ թևում դիրքեր գրավեցին երկրի եվրոպական մասից հավաքված ուժերն ու ենիչերիները, իսկ ձախ թևում` փոքրասիական զորքերը։
II փուլ – 11։00-ի մոտակայքում մինչ այդ իր հերթին մարտակարգ ընդունած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը աջ թևում և կենտրոնում անցավ վճռական հարձակման ու մի քանի ժամ շարունակ հզոր հարվածներ հասցրեց հակառակորդի բանակին։ Նախկինից որոշ ուշացումով, սակայն հետագայում հարված հասցվեց հակառակորդի արդեն նաև աջ թևին: Արդյունքում, սակայն, արդեն օրվա երկրորդ կեսի վիճակով Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը, ծանր կորուստներ կրելով հակառակորդի հատկապես հրետանու և արկեբուզավորների կրակից, սեղմվեց ելման դիրքերին։
III փուլ – 17։00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակը անցավ հզոր հակահարձակման և ծանր պարտության մատնեց Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին։
IV փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մինչև օրվա վերջ հետապնդեց Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան։
Հայերը կորցրին մոտ 300, դաշնակիցը` մոտ 60.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր։

Հենց նոր ավարտված ճակատամարտը ծանր հարված հասցրեց Աղ-Ղոյունլուների էմիրության ռազմական հնարավորութուններին, ըստ էության, վճռական դերակատարություն ունենալով Օսմանյան սուլթանության դեմ Ուզուն-Հասանի մղած պայքարում, որն, ի դեպ, դեռևս չէր ավարտվել: 1473 թվականի սեպտեմբերին Բաբերդի ճ-մ-ում Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) հաղթեցին առանց մարտերի քաղաք մտած ու շրջակայքն ասպատակող Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 150.000) առաջապահին (մոտ 3.000), խլելով ավարն ու ազատելով գերիներին, բայց հետո, տեղեկանալով թշնամու հիմնական բանակի արշավանքի մասին, ցրվեցին1: 1473 թվականի սեպտեմբերի սկզբին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 120.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 400) պաշարեց Շապին-Գարահիսարը, ուժեղ հրետակոծությամբ սեպտեմբերի կեսին ստիպեց հանձնվել, որից հետո, առանց մարտերի մտնելով Ղոյունլու-Հիսար ու Նեոկեսարիա, ի վերջո հասավ Սեբաստիա2: Դրանից հետո 1473 թվականի հոկտեմբերին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 20.000) Խոզաթ ցեղի քրդերից (մոտ 1.000) պաշարեց Անի-Կեմախ ամրոցը, սակայն չկարողացավ գրավել այն3: Իրենց հերթին 1473 թվականի հոկտեմբերին նույն Խոզաթ ցեղի քրդերը (մոտ 10.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) գրավեցին Չմշկածագ ամրոցը4:
Այսպիսով, չնայած քաղաքական որոշակիորեն սահմանափակ հետևանքներին, վերջին իրադարձություններում Ուզուն-Հասանի ռազմական մեքենան ծանր հարված ստացավ, ինչը, խիստ բացասաբար անդրադառնալով վերջինիս մարտունակության վրա, լրջորեն սահմանափակեց նաև Աղ-Ղոյունլուների էմիրի հարձակողական հնարավորությունները: Ստեղծված պայմաններում, սակայն, պահանջկոտ չեղավ նաև Մեհմեդ II-ը, որը լուրջ խնդիրներ ուներ ամենից առաջ հենց Ղահրամանյանների էմիրությունում ամրապնդվելու հետ և չէր
_________________________
1 Կատերինո Զենո «Ուղեգրություն», գիրք 1; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 8; Մարտիրոս Ստամբուլցի «Հիշատակարան 1480 թվականի»:
2 Կատերինո Զենո «Ուղեգրություն», գիրք 1; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 8; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 258:
3 Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 3, բաժին 1, գլուխ 1:
4 Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 3, բաժին 1, գլուխ 1:
391
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ցանկանում իր դեռևս վտանգավոր հակառակորդին հուսահատ դիմադրության մղել: Այս իրադարձությունները վերջնականապես փլեցին նաև Օսմանյան սուլթանության հետ հավասարը հավասարի նման պայքար մղելու Փիր-Ահմեդի հույսերը, որը արդյունքում կարծես գլուխը կախ վիճակում վերադարձավ սեփական էմիրություն և փորձեց կարգավորել հարաբերությունները Մեհմեդ II-ի հետ:
1474 թվականի գարնանը, սակայն, Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000) Փիր-Ահմեդի գլխավորած Ղահրամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 50) գրավեց մինչ այդ վերջինիս զիջված Սելևկիան1, որից հետո վերջնականապես ամեն ինչ կորցրած Փիր-Ահմեդը դիմեց փախուստի, կրկին ապաստանեց Աղ-Ղոյունլուների էմիրությունում, սակայն կարճ ժամանակ անց հենց այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Փիր-Ահմեդի հեռանալուց հետո Ղահրամանյանների էմիրության էմիր հռչակվեց նրա եղբայր Կասիմ-բեկը (1474-1493), որը, սակայն, արդեն լիովին ենթակա էր Օսմանյան սուլթանությանը:
Ուզուն-Հասանի կրած ծանր պարտությունը թուլության մի իսկական ալիքով անցավ նրա ողջ էմիրությունով մեկ և այստեղ շատերն իրենց ազատ զգացին։ Արդյունքում՝ արդեն 1474 թվականի գարնանը Շամբոյանների էմիրության և Մամլուքյան սուլթանության միացյալ բանակը (մոտ 100) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 500, այդ թվում քրդեր) անակնկալ հարձակումով գրավեց Դիզ ամրոցը2, որից հետո մինչ այդ մահացած Փիր-բեկին Շամբոյանների էմիրության գահին փոխարինեց նրա տոհմակից Ասադ-էդ-Դինը (1474-1480): Իր հերթին ամեն ինչ հարթ չէր նաև Ուզուն-Հասանի ընտանիքում և արդյունքում 1475 թվականի գարնանը գահակալական պայքար սկսած նրա որդի, Մեհմեդ II-ի մոտ ապաստանած Ուղուրլու-Մուհամմեդի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Բասենը և Կարինի շրջակայքը, սակայն ի վերջո նահանջեց3: Այսպիսով՝ Աղ-Ղոյունլու-Օսմանյան II պատերազմը ավարտվեց Աղ-Ղոյունլուների էմիրության ծանր պարտությամբ, ինչն էլ հենց նշանավորեց պետական այս միավորման հզորության գագաթնակետի ավարտը: Արդյունքում Օսմանյան սուլթանության տիրապետության տակ ընկան Փոքր Հայքը, Անդրեփրատյան Ծոփքը, Բարձր Հայքի Աղին, Դարանաղի, Եկեղյաց, Մուզուր, ինչպես նաև Մինչեփրատյան Ծոփքի Դեգիք, Շահունի, Գավրեք և Անձիտ գավառները։ Ինչ վերաբերում է Մեհմեդ II-ին, ապա նա, կարգավորելով արևելյան գործերը, անդրադարձ կատարեց արդեն նաև հյուսիսային սահմանին, ընդ որում, ինչպես մի ժամանակ Իկոնիայի սուլթանության սուլթան Քեյ-Կուվատն էր արել, նա ձեռք մեկնեց արդեն նաև Մերձսևծովյան տափաստաններին, որտեղ ևս ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել:

Գլուխ 47
Ղրիմի խանության առաջացումը

Իրոք, այդպես էլ ուշքի չգալով Թեմուրի կողմից ստացված հարվածներից, սկսած արդեն 1420-ական թվականների սկզբից Ոսկե Հորդան սկսեց քայքայվել, երբ աստիճանաբար նրա կազմից առանձնացան Սիբիրի, Ուզբեկական, Կազանի և Ղազախական խանությունները, ինչպես նաև Նողայական Հորդան։ Արդյունքում՝ սկսած արդեն 1459 թվականից, երբ մահացավ Ոսկե Հորդայի վերջին խան Կիչի-Մուհամմեդը (1432-1459), ուշագրավ այս պետական միավորը փաստորեն դադարեց իր գոյությունը, թեև վերջինիս կորիզը կազմող ուժերը դրանից հետո չորս տասնամյակ ևս պահպանեցին իրենց գոյությունը այսպես կոչված Մեծ Հորդայում: Ոսկե Հորդայի անկումով պայմանավորված՝ անկախության ուղին բռնեց նաև Ղրիմում գտնվող վերջինիս հատվածը, երբ 1441 թվականին հիմնադրվեց Ղրիմի խանությունը:
XV դարի վերջին Ոսկե Հորդայի վերջնական ոչնչացումից հետո նրա փլատակների վրա ստեղծվեցին իրենց բնույթով մոնղոլ-թաթարական մի շարք պետական միավորներ, ընդ որում, քանի որ երբեմնի Ոսկե Հորդայի արևելյան տարածքներում սկսեց գերակշռել թյուրքական
_________________________
1 Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
2 Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 2, գլուխ 2:
3 Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 9; Կատերինո Զենո «Ուղեգրություն», գիրք 1:
392
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

տարրն, ի դեմս ամենից առաջ թուրքմենների, ապա մոնղոլ-թաթարական տարրը հետ քաշվեց և կենտրոնացավ Ղրիմի խանության տարածքում: Ուշագրավ պետական այս միավորում տիրում էր Գիրեյների տոհմը, որն իրեն սերած էր համարում Չինգիզ-խանից, և արդյունքում Մերձսևծովյան ու Նախակովկասյան տափաստաններում մոնղոլական երբեմնի փառքի վերականգման բեռը իրենց վրա վերցրին հենց Ղրիմի տիրակալները, ընդ որում նրանց լրացուցիչ լավատեսություն էր հաղորդում այն հանգամանքը, որ, ինչպես արդեն ասվեց, թեև թուլացած և որոշակիորեն սահմանափակված, սակայն Ոսկե Հորդայի ուժերն, ըստ էության, բյուրեղացել էին հենց իրենց ձեռքի տակ:
Աշխարհաքաղաքական առումով Ղրիմի խանության հիմնական հակառակորդը, ինչպես նաև հարվածային հիմնական թիրախը քրիստոնյա պետական միավորներն էին, ի դեմս Ռուսական իշխանությունների, ինչպես նաև Լեհական թագավորության: Այս առումով լիովին սպասելի էր նաև, այն, որ Ղրիմի խանությունը սերտորեն դաշնակցում էր Օսմանյան սուլթանության հետ՝ ամենից առաջ բնականաբար հենց հյուսիսային կամ բալկանյան սահմանում վերջինիս մղած մարտական գործողություններում:
Արդյունքում՝ Մերձսևծովյան տափաստանի հարավային մասում հայտնվեց մի գիշատիչ պետական միավոր, որն այդուհետ երեք երկար հարյուրամյակ շարունակ, բյուրեղացնելով նաև հարակից տարածքների քոչվորների ռազմական հնարավորությունները, մի իսկական պատուհաս էր դառնալու շրջակա քրիստոնյաների համար: Ղրիմի նորաստեղծ խանության հենց այս հեռանկարն էլ ամենից առաջ և ամենից լավ նկատեց քննախույզ Մեհմեդ II-ը, որը, խնդիր ունենալով նաև Ջենովայի հանրապետության հետ, որոշեց տեղում իր ձեռքը վերցնել ամեն ինչ։ Արդյունքում՝ 1475 թվականի հունիսին Օսմանյան սուլթանության բանակը (70.000, 300 նավ) Ջենովայի հանրապետության բանակից (մոտ 2.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց Կաֆան1, որից հետո արդեն 1475 թվականի հունիսին Մանկոպի ճ-մ-ում քաղաքը պաշարած և կեղծ նահանջ իրականացրած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) անակնկալ հարձակումով գրավեց այն ուժերը ցրած Ջենովայի հանրապետության բանակից (մոտ 200) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 50)2: Վերջին իրադարձությունները ծանր հարված հասցրին նաև սևծովյան ավազանում Ջենովայի հանրապետության դիրքերին՝ հիմքեր ստեղծելով Ոսկե Հորդայի փլատակների վրա ոտքի կանգնած Ղրիմի խանության առաջընթացի, ինչպես նաև վերջինիս և Օսմանյան սուլթանության համագործակցության համար:
Այսպիսով, եթե դեպի Սև ծով մուտք ապահովող նեղուցներում օսմանյան իշխանության հաստատումն իտալական առևտրականներին արդեն իսկ զրկում էր սևծովյան ավազանում հաջող գործունեության ծավալելու հեռանկարից, ապա սպառնալիքների ուժեղացումն էլ տեղում վերջնականապես բերեց առևտրական նույն այդ գաղութների անկմանը: Մերձավոր Արևելքում հեռուն գնացող իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն նույն այս ժամանակ Քարթլիի թագավորությունը շարունակվում էր տապակվել իր ներքին զարգացումներում:

Գլուխ 48
Քարթլիի թագավորության մասնատման վերջնական ամրագրումը

1473 թվականի գարնանը Օդիշիի ճ-մ-ում Բագրատ I-ի գլխավորած Իմերեթիայի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) հաղթեցին Մեգրելիայի իշխանության իշխան Վամիկ Դադիանու (1473-1482) գլխավորած Մեգրելիայի, Գուրիայի ու Աբխազիայի իշխանությունների միացյալ բանակին (մոտ 7.000), որից հետո առանց մարտերի մտան քաղաք3: Արդյունքում՝ Մեգրելիայի իշխանությունը կրկին ընդունեց
_________________________
1 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 260; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; Անանուն «Ղրիմի Կաֆայի անեցի գաղթականների մասին»; Անանուն Կաֆայեցի «Հիշատակարան 1476 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Խաչատուր Կաֆայեցի «Հիշատակարան 1483 թվականի»; Հովհաննես Երեցի Շարունակող «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1532 թվականի»; Անդրեաս Եվդոկացու Շարունակող «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 51; Հակոբ Կամենացի «Վենետիկյան ժամանակագրություն»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 7; Անանուն Թավրիզեցի «Ժամանակագրություն»; Անանուն «Մասնավոր ժամանակագրություն»; Գրիգոր Վարագեցի «Ժամանակագրություն»:
2 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 261:
3 Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»:
393
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Իմերեթիայի թագավորության գերիշխանությունը։ Շուտով, սակայն, ներքին խնդիրներին ավելացան նաև արտաքին խնդիրները, քանզի, հույսը կտրած հզոր հակառակորդի դեմ առավելության հասնելու գաղափարից, Ուզուն-Հասանը, ինչպես մի ժամանակ վարվել էին Ղարա-Ղոյունլուները, պատերազմ սկսեց Քարթլիի թագավորության դեմ:
1475 թվականի աշնանը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 110.000) ասպատակեց Գուգարքը և Իմերեթիայի թագավորության այլ տարածքները1, իսկ 1476 թվականի աշնանն էլ կրկնեց հարվածը2: 1477 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր հակառակորդը ևս մեկ անգամ հարված հասցրեց Գուգարքին և Իմերեթիայի թագավորության այլ տարածքներին3, սակայն այս անգամ ավելի լուրջ ընդհարումներ տեղի ունեցան:
1477 թվականի սեպտեմբերին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (100.000) Իմերեթիայի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) պաշարեց Օրբեթ ամրոցը, բայց չկարողացավ գրավել այն4: 1477 թվականի հոկտեմբերին, սակայն, Ուզուն-Հասանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 95.000) Իմերեթիայի թագավորության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) այնուհանդերձ գրավեց Տփղիսը5՝ դրանով իսկ կարծես վերադարձնելով թեմուրյան դարաշրջանի ծանր պատկերները: Այս անգամ բարեբախտաբար, սակայն, ասպատակելով շրջակայքը, բայց բավարար ուժեր չունենալով ամրապնդվելու գրաված տարածքներում, 1478 թվականի գարնանը խոշոր փրկագին ստացած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը նահանջեց։
Աղ-Ղոյունլուների էմիրության ռազմական մեքենայի հետ քաշվելու հետ գրեթե նույն ժամանակ էլ մահացավ Իմերեթիայի թագավորության արքա Բագրատ I-ը, որից էլ օգտվելով, Ալեքսանդր II Մեծի որդի Դեմետրե արքայազնի տղա Կոնստանդինը` Կոնստանդին IV-ը (1477-1505), հռչակվեց Քարթլիի վերահռչակված թագավորության արքա՝ ըստ էության, փաստորեն վերջ դնելով անձնական ունիայի հաշվին Իմերեթիայի և Քարթլիի թագավորությունների միավորմանը, բայց նաև ամրագրելով Վրաստանի քաղաքական բաժանման վերջնական պատկերը։ Քարթլիի թագավորության նոր արքան մի բավականին ուժեղ և ձեռներեց անձնավորություն էր, որը հետագա տասնամյակներում բոլոր ջանքերը ներդրեց իր թագավորության հինավուրց փառքն ու հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Իմերեթիայի թագավորությանը, ապա այստեղ արքա հռչակվեց Բագրատ I-ի որդի Ալեքսանդր I-ը (1478-1510), որը մեծ հաշվով ևս բավականին ունակ մի անձնավորություն էր: Հարկ է նշել, սակայն, որ Կոնստանդին IV-ի և Իմերեթիայի թագավորության արքա Ալեքսանդր I-ի միջև այնուհանդերձ առկա փոխադարձ մրցակցությունը, գումարված Գեորգի I-ի մահից հետո Կախեթիից նույն այս ժամանակ այս ամենին հետևող վերջինիս որդի, Կախեթիի թագավորության նոր արքա Ալեքսանդր I-ի (1478-1511) դժգոհությանը, վրացական պետական միավորների համար ի վերջո դրական արդյունք որևէ կերպ չապահովեցին, երբ առկա քաղաքական մասնատվածությունը, փաստորեն, ի չիք դարձրեց բավականին ունակ երկու գահակալների եռանդը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Կախեթիի թագավորության արքա Ալեքսանդր I-ը,
_________________________
1 Անանուն «Հիշատակարան 1478 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
2 Հովսեփ Գրիչ «Հիշատակարան 1476 թվականի»; Գաբրիել Հովնանվանեցի «Հիշատակարան 1477 թվականի»; Անանուն «Թաթարների դուրս գալը»; Հակոբ Հիսուսցի «Ժամանակագրություն»:
3 Ժոզեֆետ Բարբարո «Ուղեգրություն»; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 10; Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատի թագավորության պատմությունը»; «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»; Ստեփանոս Չմշկածագեցի «Հիշատակարան 1477 թվականի»; Մելիքսեթ Բասենցի «Հիշատակարան 1477 թվականի»; Ալեքսիոս Քթիշեցի «Հիշատակարան 1477 թվականի»; Մկրտիչ Տփղիսցի «Հիշատակարան 1477 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1477 թվականի»; Ստեփանոս Առինջեցի «Հիշատակարան 1477 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1478 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
4 «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
5 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 10; Ժոզեֆետ Բարբարո «Ուղեգրություն»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 114; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատի թագավորության պատմությունը»; «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»; Թադեոս Սեբաստացի «Ռումաց ժամանակագրություն»; Ստեփանոս Չմշկածագեցի «Հիշատակարան 1477 թվականի»; Մկրտիչ Տփղիսցի «Հիշատակարան 1477 թվականի»; Մելիքսեթ Բասենցի «Հիշատակարան 1477 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1477 թվականի»; Անանուն «Թաթարների դուրս գալը»:
394
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ի տարբերություն Կոնստանդին IV-ի և մյուս Ալեքսանդր I-ի, նույն այս ժամանակ բավականին լայն համագործակցություն էր ապահովում Աղ-Ղոյունլուների էմիրության հետ:
Այսպես թե այնպես, սակայն 1479 թվականի ամռանը Քարթլիի թագավորությունն ի վերջո այնուհանդերձ միավորելու նպատակ հետապնդող Կոնստանդին IV-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000) Իմերեթիայի թագավորության բանակից (մոտ 500) գրավեցին Գորին1, իսկ 1480 թվականի ամռանն էլ Կոնստանդին IV-ի ռազմական մեքենան, դաշնակցած Մեգրելիայի ու Գուրիայի իշխանությունների բանակների հետ, տիրեց նույնիսկ Քութայիսիին2, սակայն զարգացնել այդ հաջողությունն այդպես էլ չստացվեց:

Գլուխ 49
Աղ-Ղոյունլուների էմիրությունում Յաղուբի գահակալման սկիզբը

Դեպի Վրաստան տեղի ունեցած վերջին արշավանքի ժամանակ Ուզուն-Հասանը սրի պատահական մի հարված էր ստացել, ընդ որում վերքը հետագայում բարդացավ, Ուզուն-Հասանի առողջական վիճակը անկում ապրեց և արդյունքում 1478 թվականի հունվարի 8-ին նա կնքեց իր մահկանացուն՝ սեփական հետնորդներին թողնելով սկզբունքորեն ուժեղ, սակայն ոչ այն ուժի մի պետություն, որը նախատեսել էր ինքը: Հանգուցյալին հաջորդեց նրա որդի Խալիլը (1478), որը, զգուշանալով գահակալական պայքարից, իր եղբայրներից անմիջապես էլ սպանել տվեց Մախսուդին, իսկ մյուս եղբայր Յաղուբին էլ ձերբակալեց: Նոր էմիրը ճնշեց նաև հորեղբոր գահակալական նկրտումները: Շուտով պարզվեց, սակայն, որ էմիրության բարձրագույն ղեկավար կազմն այնուհանդերձ խիստ դժգոհ է Խալիլի կենտրոնաձիգ քաղաքականությունից, ինչն էլ ի վերջո բերեց նրան, որ խռովարարների ընտրությունը կանգ առավ նույն Յաղուբի վրա։ Արդյունքում՝ ապստամբները բանտարկությունից ազատեցին Յաղուբին և արագորեն համալրեցին նրա բանակը, որից հետո կողմերն իրար եկան վճռական ընդհարումում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1478 հուլիսի 15 – Հերի ճ-մ3

Գահակալական պայքար սկսած Ուզուն-Հասանի որդի Յաղուբի գլխավորած բանակը (մոտ 50.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500), Ամիդից առաջանալով դեպի Հեր, ճամբար զարկեցին քաղաքի մոտակայքում, որտեղ, ստանալով համալրումներ այդ թվում նաև Արցախի ու Սյունիքի հայերից (մոտ 500), սկսեցին պատրաստվել Խալիլի գլխավորությամբ Թավրիզից առաջխաղացող Աղ-Ղոյունլուների էմիրության կառավարական բանակի (մոտ 50.000) հետ ընդհարմանը: Կողմերն իրար մոտեցան և հաջորդ օրը վաղ առավոտյան մարտակարգ ընդունեցին, ընդ որում Խալիլի բանակի առաջին շարքում տեղաբաշխվեցին հրանոթները` ուժեղացված արկեբուզավորներով։
I փուլ – Յաղուբի բանակի առաջապահը կազմող թեթև հեծելազորը ողջ ճակատով անցավ հարձակման, սակայն արդյունքում, հատկապես ծանր կորուստներ կրելով հակառակորդի հրետանու և արկեբուզավորների կրակից, շպրտվեց ելման դիրքեր։
II փուլ – Զարգացնելով հաջողությունը՝ Խալիլի բանակը անցավ հակահարձակման և պարտության մատնեց հակառակորդի բանակի նաև երկրորդ շարքին։ Դրանից հետո, վերախմբավորելով ուժերը, Խալիլի բանակը պատրաստվեց հարձակումը շարունակել, հարվածելով հակառակորդի բանակի աջ թևի և կենտրոնի ուղղությամբ՝ միաժամանակ
_________________________
1 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
2 Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
3 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 3; Մելիքսեթ Առեստեցի «Հիշատակարան 1479 թվականի»; Անանուն «Թաթարների դուրս գալը»; Հակոբ Հիսուսցի «Ժամանակագրություն»:
395
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

նաև հույս ունենալով, որ թշնամու ձախ թևում նյութվող դավաճանական ելույթը հաջողությունը կապահովի նաև այստեղ։
III փուլ – Խալիլի բանակը հարձակման անցավ հակառակորդի աջի թևի և կենտրոնի ուղղությամբ, ընդ որում միաժամանակ դավաճանական ելույթ սկսվեց նաև Յաղուբի բանակի ձախ թևում։ Արդյունքում՝ Խալիլի բանակին հաջողվեց ծանր պարտության մատնել հակառակորդի բանակի աջ թևին, սակայն կենտրոնում որևէ հաջողության հասնել այդպես էլ չհաջողվեց, իսկ Յաղուբի բանակի ձախ թևում սկսված դավաճանական ելույթն էլ ճնշվեց։
IV փուլ – Վերախմբավորելով ուժերը` Խալիլի բանակը վճռական հարձակման անցավ հակառակորդի կենտրոնի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում, ընկնելով հակառակորդի աջ և, հատկապես, ձախ թևերի թևանցիկ-թիկունքային հակահարվածների տակ, հայտնվեց շրջապատման մեջ ու համառ մարտից հետո ծանր պարտություն կրեց։
V փուլ – Յաղուբի բանակը ոչնչացրեց կամ փախուստի մատնեց Խալիլի բանակի մնացորդներին։
Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 25.000 զինվոր։ Խալիլը սպանվեց, նրա բանակի մնացորդները անցան Յաղուբի կողմը։

Այսպիսով` Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվեց տասնչորսամյա Յաղուբը (1478-1490), որը, չնայած պատանեկան տարիքին, ուժեղ և խելամիտ մի անձնավորություն էր: Նոր էմիրն, ըստ էության, կարողացավ պահել իրեն բաժին հասած էմիրության նախկին հզորությունը, թեև նոր զարգացումների կամ արտաքին ձեռքբերումների մասին խոսել արդեն, ըստ էության, չէր կարելի, իսկ Աղ-Ղոյունլուների էմիրությունն էլ արդեն մուտք էր գործել «գուլյամական դարաշրջան»: Իրոք, Յաղուբի օրոք խոշոր պատերազմներ և նվաճումներ, ինչպես արդեն ասվեց, ըստ էության, արդեն չկային, իսկ դա էլ իր հերթին ինքնին նշանակում էր, որ շուտով այնպիսի մի տիպի պետական միավոր, ինչպիսին Աղ-Ղոյունլուների էմիրությունն է, սկսելու է ինքն իրեն քայքայել ներսից: Արդյունքում, չնայած մեծ հաշվով խաղաղ և հաջող կառավարմանը, հենց Յաղուբի օրոք էլ աստիճանաբար սրվեցին էմիրությունում սկիզբ առած սոցիալ-քաղաքական բացասական զարգացումները, որոնք հետագայում կործանարար հետևանքներ էին ունենալու, երբ Յաղուբն ու նրա կառավարման շրջանն էլ, սոցիալ-քաղաքական իմաստով, փաստորեն կրկնեցին Աբու-Սայիդին և Էլխանությանը:
Հարկ է նշել, որ Աղ-Ղոյունլուների էմիրության կառավարման ղեկին Յաղուբի հաստատվելը Արցախի և Սյունիքի հայերի համար մի պահ այնուհանդերձ բավականին բացասական հետևանք ունեցավ, քանի որ այստեղի իշխանական տոհմերը վերջին իրադարձություններում աջակցել էին Խալիլին և փաստորեն ստեղծվեց նույն այն իրավիճակը, որն առաջացել էր 1410 թվականին Ղարա-Յուսուֆի, Ահմեդի և Սմբատ Օրբելյանի պարագայում։ Արդյունքում՝ 1478 թվականի օգոստոսին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) ասպատակեց Սյունիքը և Արցախի հարավը, սակայն, ենթարկվելով Վելիջան Հասան-Ջալալյանի ու Սայտոն Դոփյանի գլխավորած Հասան-Ջալալյանների և Դոփյանների միացյալ բանակի (մոտ 5.000) անկանոն հարվածներին, նահանջեց1:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1478 օգոստոսի սկիզբ - սեպտեմբերի սկիզբ – Ցոր ամրոցի գրավումը (Արցախ, Սիսական-ի-Կոտակ գավառ)2

Վելիջան Հասան-Ջալալյանի և Սայտոն Դոփյանի գլխավորած Հասան-Ջալալյանների ու Դոփյանների միացյալ բանակի (մոտ 5.000) անկանոն հարվածներին ենթարկվող Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) պաշարեց ամրոցը Վելիջան Հասան-Ջալալյանի գլխավորած Հայկական բանակից (մոտ 700):
_________________________
1 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում։ Տես՝ Ամիրջանյան Ս. «Դիզակ», Երևան 2006, էջ 81-83։
2 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Արցախի բանավոր ավանդույթներում։ Տես՝ Ամիրջանյան Ս. «Դիզակ», Երևան 2006, էջ 81-83։
396
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

I փուլ – Օգոստոսի սկզբին թշնամին մի շարք գրոհներ ձեռնարկեց, սակայն Հայկական բանակը հետ մղեց դրանք։
II փուլ – Օգոստոսի վերջին խոշոր համալրում (մոտ 20.000) ստացած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը կրկին հարձակման անցավ, սակայն մի քանի օր տևած մարտերից հետո հետ շպրտվեց ելման դիրքեր։
III փուլ – Սեպտեմբերի սկզբին թշնամին գտավ դեպի ամրոց տանող գաղտնի ջրագիծը և աղտոտեց այն նավթով։ Ստեղծված ջրի պակասը Հայ ռազմիկների մեծ մասին ստիպեց գաղտնուղիներով դուրս գալ ամրոցից և հեռանալ։ Ստացվեց այնպես, սակայն, որ այս ամենի մասին տեղեկացած թշնամին անհապաղ անցավ գրոհի և, գրավելով ամրոցի արտաքին պարիսպը, իրական վտանգ ստեղծեց ամրոցից հեռանալ փորձող Հայ ռազմիկների համար։
IV փուլ – Ցանկանալով ժամանակ շահել և ապահովել յուրայինների նահանջը` Հայ ռազմիկների մի փոքրիկ ջոկատ ամրացավ թշնամու առաջխաղացման ուղու վրա գտնվող աշտարակներից մեկում և, համառորեն դիմադրելով վերջինիս, թույլ տվեց նահանջողներին հաջողությամբ հեռանալ։
V փուլ – Թշնամին շրջապատեց աշտարակում պաշտպանվող Հայ ռազմիկներին, որոնք, դիմադրելով մինչև վերջ, ողջ կազմով ընկան անհավասար մարտում։
Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` մոտ 1.000 զինվոր։

Գլուխ 50
Մերձավոր Արևելքը ուժեղ խաղացողների ակտիվացման ֆոնին

Օսմանյան սուլթանության արևելյան քաղաքականության հաղթահանդեսից և Ղահրամանյանների էմիրության հնազանդեցումից հետո տեղում կայունցանելով իրավիճակը՝ Մեհմեդ II-ը քաղաքական օրակարգ մտցրեց արդեն նաև Զուլքադարյանների էմիրության խնդիրը, որն, իր թուլությամբ հանդերձ, դեպի անկման գնացող Ղահրամանյանների, ինչպես նաև անչափ թուլացած Ռամադանյանների էմիրությունների ֆոնին տարածաշրջանի այնուհանդերձ, ըստ էության, ամենաուժեղ թուրքմենական էմիրությունն էր, եթե, իհարկե, չհաշվենք Աղ-Ղոյունլուների էմիրությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Զուլքադարյանների մոտ նույնիսկ սեփական իշխանությունը հաստատելուց հետո էլ Կայիտ-բեկն այնուհանդերձ շարունակում էր դժգոհ մնալ Շահ-Բուդաղից և արդյունքում բանն ի վերջո հասավ նրան, որ, երբ 1480 թվականին Շահ-Բուդաղի դեմ պայքար սկսեց նրա եղբայր, Մեհմեդ II-ի քրոջ ամուսին Բոզգուրդը, պաշտոնական Կահիրեն Շահ-Բուդաղին որևէ աջակցություն այդպես էլ ցույց չտվեց: Այսպես թե այնպես, սակայն 1480 թվականի գարնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Զուլքադարյանների էմիրության տարածքը և Լեռնային Կիլիկիան` գահընկեց անելով Զուլքադարյանների էմիրության էմիր Շահ-Բուդաղին ու գահ բարձրացնելով նոր էմիր, վերջինիս եղբայր Բոզգուրդին (1480-1515), որն իր հերթին ընդունեց Օսմանյան սուլթանության գերիշխանությունը1:
Զուլքադարյանների էմիրության հիսունհինգամյա նոր էմիրը, երկար տարիների ապրած և գործած լինելով Օսմանյան սուլթանությունում, մեծ փորձի, եռանդի, խելքի ու կամային հատկանիշների տեր խոհեմ մի անձնավորություն էր, որը, չնայած գահին էր հասել պաշտոնական Ստամբուլի աջակցությամբ, սակայն իր երկարատև կառավարման ողջ շրջանում այնուհանդերձ հաջող խուսանավում իրականացրեց տարածաշրջանի առաջատար բոլոր ուժերի միջև՝ փորձ կատարելով պահպանել սեփական ինքնիշխանության հնարավորինս բարձր մակարդակը: Իհարկե, պայմանավորված սոցիալ-քաղաքական և նույնիսկ ժողովրդագրական գործոններով, Զուլքադարյանների էմիրության տիպի պետական միավորների ժամանակն արդեն անվերադարձ կերպով անցնում էր, սակայն նույնիսկ այս պայմաններում էլ, ի պատիվ Բոզգուրդի պետք է ասել, որ ստեղծված իրավիճակից նա քամեց հնարավորինս առավելագույնը՝ դրականորեն առանձնանալով նույն Ղահրամանյանների և Ռամադանյանների էմիրությունների իր ժամանակակից դժգույն առաջնորդների ֆոնին: Ինչ վերաբերում է Շահ-Բուդաղին, ապա նա
_________________________
1 Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; Մարտիրոս Ստամբուլցի «Հիշատակարան 1480 թվականի»:
397
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

սկզբում ապաստան գտավ Մամլուքյան սուլթանությունում, սակայն հետագայում աննկատ լքեց այն և անցավ Օսմանյան սուլթանություն:
Վերջին տարիներին Աղ-Ղոյունլուների էմիրությունում ընթացած գահակալական կարճատև պայքարը, ինչպես նաև էմիրության ղեկին պատանի էմիրի հայտնվելը, ըստ էության, սխալ ընկալվեցին Կայիտ-բեկի կողմից, որը արդյունքում հետևության եկավ, որ, ինչպես Էլխանության պարագայում էր եղել, հնարավոր է հյուսիս-արևելյան հարևանի ուղղությամբ հաջող մարտական գործողություններ մղել՝ վերականգնելով հին դիրքերը Եփրատ գետի վերին հոսանքում: Պաշտոնական Կահիրեն, սակայն, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ Ուզուն-Հասանի թողած ռազմավարչական համակարգը դեռևս բավականին գործուն էր: 1472 թվականին Կայիտ-բեկին հաջողվել էր բավականին հեշտությամբ տիրել Եդեսիային, սակայն այս անգամ իրավիճակն այլ էր և, դատելով ըստ ամենայնի, այս ուղղությամբ անհրաժեշտ հետևություններ արդեն վաղուց արվել էին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1480 դեկտեմբերի վերջ – Եդեսիայի ճ-մ1

Մամլուքյան սուլթանության բանակի գլխավոր հրամանատար, վեզիր Յաշ-բեկի գլխավորությամբ Հալեպից դեպի հյուսիս-արևելք առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակը (100.000 2), Աղ-Ղոյունլուների էմիրության (մոտ 1.000) կայազորից և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) ուժերի մի մասով (40.000) պաշարելով քաղաքը, ուժերի մնացած մասը ասպատակության նպատակով ցրեց շրջակայքում։ Տեղեկանալով այս մասին` Բայանդուր-բեկի, Սուլեյման-բեկի և Սուֆի-Խալիլի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության (մոտ 80.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը շարժվեց քաղաքի ուղղությամբ:
I փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, հրետակոծության և կրականետության ենթարկելով քաղաքը, մի շարք գրոհներ ձեռնարկեց, սակայն որևէ հաջողության չհասավ։ Շուտով իր հերթին, տեղեկանալով քաղաքին մոտեցող հակառակորդի հիմնական բանակի մասին, Մամլուքյան սուլթանության բանակը, որոշակի ուժեր թողնելով քաղաքը շրջափակված պահելու համար, իրար բերեց ցրված ուժերը և շարժվեց վերջինիս ընդառաջ։ Մոտենալով միմյանց՝ հաջորդ օրն առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին։
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը վճռական հարձակման անցավ հակառակորդի կենտրոնի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում, ընկնելով վերջինիս բանակի թևերի թևանցիկ-թիկունքային հարվածների տակ, հայտնվեց շրջապատման մեջ և համառ մարտից հետո ծանր պարտություն կրեց ու ցրվեց։
Հայերը կորցրին մոտ 700, դաշնակիցը` մոտ 7.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր։ Յաշ-բեկը մի շարք այլ բարձրաստիճան հրամանատարների հետ միասին գերի ընկավ և մահապատժի ենթարկվեց։

1481 թվականին մայիսի 3-ին դեպի արևելք նախապատրաստվող խոշոր արշավանքի սկզբի հենց ամենաեռուն պահին էլ Մեհմեդ II-ը կնքեց իր մահկանացուն, ինչից հետո սուլթան հռչակվեց վերջինիս որդի Բայազետ II-ը (1481-1512), իսկ արշավանքն էլ բնականաբար չեղյալ համարվեց: Նոր սուլթանին բաժին էր հասել փայլուն և վերելքի մեջ գտնվող մի ժառանգություն, սակայն, ի տարբերություն հոր, լինելով ավելի հանգիստ ու ոչ ռազմունակ մի անձնավորություն, Բայազետ II-ը մեծ հաշվով սահմանափակվեց միայն խաղաղ կառավարմամբ՝ պատերազմելով միայն դրան հարկադրված լինելու պարագայում: Ավելին, ի սկզբանե Բայազետ II-ը գահակալական նույնիսկ որոշակի խնդիրներ ուներ, որոնք ավելի իջեցրին նրա ակտիվությունը:
_________________________
1 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 10; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»: Մովսես Արծկեցի «Հիշատակարան 1481 թվականի»; Անանուն «Թաթարների դուրս գալը»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
2 Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ է տալիս իբն Այասը, որը հայտնում է նաև Մամլուքյան սուլթանության բանակի թվաքանակի մասին: Ըստ Ֆեյզալլահ Խունջիի` Մամլուքյան սուլթանության բանակը կազմել է 100.000 ռազմիկ:
398
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Արդյունքում, նոր պայմաններում զգալով պաշտոնական Ստամբուլի որոշակի թուլությունը, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման բացառիկ մի հոտառություն ունեցող Բոզգուրդն անմիջապես էլ կապեր հաստատեց Կայիտ-բեկի հետ և անցավ նրա կողմը: Այս առումով հատկանշական էր, որ, թեև Բայազետ II-ի պահանջով Բոզգուրդն այնուհանդերձ իր մասնակցությունը բերեց գործող սուլթանի դեմ գահակալական պայքար սկսած վերջինիս եղբայր Ջեմի դեմ պայքարին, սակայն նույն Ջեմն ի վերջո հնարավորություն ստացավ պատսպարվել Կահիրեում: Այս ժամանակաշրջանում Բայազետ II-ի և Բոզգուրդի հարաբերություններին որոշակի լարվածություն էր հաղորդում նաև Ղահրամանյանների արդեն իսկ գրեթե ոչնչացված էմիրությունից Զուլքադարյանների մոտ տեղափոխվող անձանց հետ կապված խնդիրները, որոնք ի սկզբանե համարվում էին սուլթանի հպատակներ, սակայն Զուլքադարյանների էմիրը սրանց իր հերթին հաշվում էր հենց սեփական հպատակների շարքերում՝ դրանից բնականաբար բխող ֆինանսահարկային հետևանքներով:
Քիչ թե շատ կարգի գցելով հարաբերությունները Իմերեթիայի թագավորության հետ, Կոնստանդին IV-ը նույն այս ժամանակ անդրադարձ կատարեց Սամցխեի աթաբեկությանը, որտեղ 1466 թվականին Ղվարղվարե Ջակելիի մահից հետո վերջինիս հաջորդել էր նրա որդի Բահադուրը (1466-1475), իսկ այժմ էլ իշխում էր վերջինիս եղբայր Մանուչար Ջակելին (1475-1487): 1481 թվականի ամռանը Ջավախքի ճ-մ-ում Կոնստանդին IV-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000, այդ թվում հյուսիս-կովկասյան լեռնականներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000), ինչպես նաև Մեգրելիայի ու Գուրիայի իշխանությունների միացյալ բանակը (մոտ 10.000) հաղթեցին Մանուչար Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակին (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000)1, ինչի արդյունքում Սամցխեի աթաբեկությունը ընդունեց Քարթլիի թագավորության գերիշխանությունը։ Միաժամանակ իր հերթին, օգտվելով հյուսիսային քրիստոնյաների մոտ առկա խառը դրությունից, 1482 թվականի աշնանը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) ասպատակեց Գուգարքի արևելքը և նահանջեց1:
1483 թվականի օգոստոսի 16-ին, սակայն, Արադետիի ճ-մ-ում (Կենտրոնական Վրաստան, Գորիից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք) Մանուչար Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակը (մոտ 15.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Կոնստանդին IV-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակին (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000)3, ինչն, ըստ էության, զրոյին հավասարեցրեց մինչ այդ Կոնստանդին IV-ի արձանագրած բոլոր ձեռքբերումները։ Արդյունքում՝ Սամցխեի աթաբեկությունը փաստացի թոթափեց Քարթլիի թագավորության գերագահությունը, իսկ Իմերեթիայի և Կախեթիի թագավորությունների անկախությունն էլ վերջնականապես ամրապնդվեց։ Օգտվելով այս ամենից՝ 1483 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբեր Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) կրկին ասպատակեց Գուգարքի արևելքը և նահանջեց4: Նմանատիպ ընթացքով և արդյունքով ևս մեկ հարված հյուսիսի քրիստոնյաներին եկավ արդեն 1485 թվականին5: Նույն այս ժամանակ, սակայն, սկիզբ առավ Օսմանա-Մամլուքյան I պատերազմը (1483-1491):
_________________________
1 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
2 Այս մասին հայտնում է Ահմեդ իբն Մուհամմեդ ալ-Կաֆարի ալ-Ղազվինին։
3 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
4 Այս մասին հայտնում է Հասան Ռումլուն։
5 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»:
399
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գլուխ 51
Օսմանա-Մամլուքյան I պատերազմը

Սկսած արդեն 1480 թվականից մինչ այդ որոշակիորեն մրցակցային, սակայն մեծ հաշվով գործնական բնույթ կրող Օսմանյան և Մամլուքյան սուլթանությունների հարաբերությունները սկսեցին աստիճանաբար սրվել: Իրոք, դեռևս Մեհմեդ II-ն էր նախատեսել Մամլուքյան սուլթանության դեմ մի մեծ արշավանք իրականացնել ու, թեև մահը ռազմաշունչ այս տիրակալին խանգարեց կյանքի կոչել այդ ծրագիրը, սակայն այն մեծ հաշվով գոյություն ուներ՝ նամանավանդ սահմանային վեճերի մշտական առկայության պարագայում: Տարածաշրջանի երկու հզոր ուժերի միջև սկիզբ էր առնում հերթական մեծ պատերազմը և այս պարագայում այնուհանդերձ ստիպված էր լինելու ընտրություն կատարել նաև Զուլքադարյանների էմիրության էմիրը:
1483 թվականի հուլիսին առայժմ չկողմնորոշվող Բոզգուրդի գլխավորած Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 20.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Մելիտեն, սակայն, այդպես էլ չկարողանալով գրավել այն, նահանջեց1: Հերթական հարվածի հերթը Կայիտ-բեկինն էր, սակայն 1484 թվականի փետրվարին Պլասթայի ճ-մ-ում Բոզգուրդի գլխավորած Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 30.000) հաղթեց Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000)2:
1484 թվականի մայիսին Հալեպից առաջխաղացած և նոր հարված հասցրած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) Զուլքադարյանների էմիրության բանակից (ընդհանուր՝ մոտ 1.500) ու քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր՝ մոտ 150) այնուհանդերձ գրավեց Մարաշը և Պլասթան3, սակայն 1484 թվականի սեպտեմբերի 23-ին նույն Պլասթայի մոտ տեղի ունեցած նոր ճակատամարտում Բոզգուրդի գլխավորած Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 70.000) կրկին հաղթեց ու հետ շպրտեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 60.000)4: Դրանից հետո դաշնակիցները փորձեցին շարժվել Մելիտեի ուղղությամբ, սակայն այդպես էլ չհասցրեցին ընդհարվել այս քաղաքում գտնվող Աղ-Ղոյունլուների կայազորի հետ, քանի որ 1484 թվականի հոկտեմբերի սկզբի Մելիտեի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) անակնկալ հարձակումով հաղթեց Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 40.000)5, որից հետո ռազմական գործողություններն այդ տարի հենց սրանով էլ սահմանափակվեցին:
1485 թվականի սկզբին Ռամադանյանների էմիրության էմիր Օմարը գահընկեց արվեց, գերվեց և ուղարկվեց Ստամբուլ, որից հետո էմիրության գլուխ կանգնեց Արսլան-Դաուդի որդի Խալիլ-բեկը (1485-1510), որը մեծապես ենթակա էր Օսմանյան սուլթանությանը: Ռամադանյանների էմիրության թուլացման ֆոնին Դաշտային Կիլիկիայում, ինչպես արդեն ասվեց, նույն այս ժամանակ սկսել էին իրենց բավականին ուժեղ զգալ Վարշակները և արդյունքում 1485 թվականի մարտի սկզբին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 70.000) Վարշակներից (մոտ 1.000) ու քաղաքների Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Կուկլակ ամրոցը, ինչպես նաև Ադանան և Տարսոնը6: 1485 թվականի մարտի 15-ին, սակայն, Ադանայի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) հաղթանակ տարավ Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 70.000) նկատմամբ7: Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, 1485 թվականի նոյեմբերին Ադանայի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) ևս մեկ անգամ հաղթեց Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 70.000)՝ ըստ էության փաստորեն զրոյացնելով վերջինիս բոլոր հաջողությունները8:
_________________________
1 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»: Այս մասին հայտնող հիմնական աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
2 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
3 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
4 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
5 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
6 Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
7 Մխիթար Սեբաստացի «Հիշատակարան 1488 թվականի»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8:
8 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
400
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Հաջորդ տարին կրկին բացվեց Կայիտ-բեկի ռազմական մեքենայի հաջողություններով, երբ 1486 թվականի փետրվարի 9-ին Ադանայի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) հաղթեց Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 70.000)1, իսկ 1486 թվականի ամռանն էլ նույն Ադանայի մոտ կրկին հերթական հաղթանակը շահեց2: Այսպիսով՝ տարին ամփոփվեց այն իրողությամբ, որ պաշտոնական Կահիրեն հաստատվեց Դաշտային Կիլիկիայում, սակայն Լեռնային Կիլիկիայում և դրանից հյուսիս տարածվող տարածքներում որևէ հաջողություն այդպես էլ չունեցավ: Իրար հետևից կրած մի քանի զգալի անհաջողությունները պաշտոնական Ստամբուլին իրենց հերթին, սակայն, լուրջ հետևություններ անելու առիթ տվեցին:
Արդյունքում՝ արդեն 1487 թվականին խոշոր ուժեր կենտրոնացնելով Կիլիկիայի ուղղությամբ, վերջինս, սակայն, այստեղ այնուհանդերձ գոնե առժամանակ զերծ մնաց վճռական գործողություններից՝ գերադասելով վերջնականապես հնազանդեցնել ամենից առաջ հենց Ռամադանյանների, Վարշակներին, ինչպես նաև երկրամասի այլ քոչվոր տարրերին՝ ապագա ռազմական գործողությունների պարագայում նախատեսելով չունենալ սրանց իր թիկունքում գործող թշնամական ուժի կարգավիճակում: Արդյունքում՝ առանց ռազմական խոշոր ընդհարումների այս խնդիրը կյանքի կոչվեց, ինչից հետո պաշտոնական Ստամբուլը պատրաստվեց վճռական գործողությունների:
1488 թվականի գարնան Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 150.000) Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեց Այնթապը, Այասը, Սիսը, ինչպես նաև Գաստոն, Սարվանդիքար, Հռոմկլա, Կովառայ և Պաղրաս ամրոցները3: Նույն այս ժամանակ պատասխան քայլեր ձեռնարկեց, սակայն, նաև սեփական ռազմական մեքենան իր հերթին հյուսիսում կենտրոնացրած Կայիտ-բեկը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1488 օգոստոսի 26 – Ադանայի ճ-մ4

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) մոտեցավ Օսմանյան սուլթանության և Բոզգուրդի գլխավորած Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 120.000): Կողմերը մարտակարգ ընդունեցին, ընդ որում Զուլքադարյանների էմիրության բանակը տեղավորվեց միացյալ բանակի աջ թևում, այն դեպքում, երբ կենտրոնը ու ձախ թևը զբաղեցրեց Օսմանյան սուլթանության բանակը։
I փուլ – Օսմանյան սուլթանության բանակը սեփական ձախ թևում անցավ հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի աջ թևին, ստիպեց վերջինիս նահանջել։ Միաժամանակ, սակայն, անհաջողությամբ ավարտված հարձակումից հետո թշնամու կողմն անցած Զուլքադարյանների էմիրության բանակը աջ թևում լքեց մարտադաշտը և դիմեց փախուստի։
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակի ձախ թևը անցավ վճռական հարձակման և վերջնական պարտության մատնեց թշնամու բանակի աջ թևի մնացորդներին։
III փուլ – Հաջողությունը զարգացրած Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման և, ծանր կորուստներ պատճառելով, փախուստի մատնեց թշնամու բանակին։
Հաղթողները կորցրին մոտ 20.000, պարտվողները` մոտ 60.000 զինվոր։

Այսպիսով՝ Մամլուքյան սուլթանության ուղղությամբ վերջինը և վճռականը լինելուն կոչված Բայազետ II-ի այս հարձակումն ավարտվեց խոշոր անհաջողությամբ, ընդ որում պաշտոնական Ստամբուլի համար առավել վիրավորականն այն էր, որ, վստահելով Բոզգուրդին և նրա օգտին
_________________________
1 Մխիթար Սեբաստացի «Հիշատակարան 1488 թվականի»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8:
2 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
3 Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8; Ֆիլիպ Սեբաստացի «Հիշատակարան 1488 թվականի»:
4 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Անանուն Սուրբ Կարապետցի «Հիշատակարան 1488 թվականի»; Մխիթար Սեբաստացի «Հիշատակարան 1488 թվականի»; Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8:
401
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ճնշելով մյուս թուրքմեններին, վճռական պահին օսմանյան ռազմական մեքենան մահացու հարված ստացավ այնուհանդերձ հենց նույն այդ ծեր ու խորամանկ «Գորշ գայլի» կողմից: Ավելին, արդեն 1488 թվականի օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Սեբաստիայի շրջակայքը և նահանջեց1, իսկ 1488 թվականի սեպտեմբերին էլ արդեն Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Կիլիկիան` Մառի կիրճն անցնելիս այնուհանդերձ որոշակի կորուստներ կրելով Հայոց ծոցում գործող օսմանյան նավատորմի հրետանային կրակից2:
Նախորդ տարվա ծանր պարտությունից հետո քիչ թե շատ վերականգնելով ուժերը՝ 1489 թվականի ամռանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Զուլքադարյանների էմիրության տարածքը ու Լեռնային Կիլիկիան և նահանջեց3: Միաժամանակ, այդպես էլ չկարողանալով ներել Բոզգուրդին, նույն այս ժամանակ Բայազետ II-ը մեջտեղ բերեց նաև մինչ այդ իր ծառայության տակ անցած Շահ-Բուդաղին և պատրաստվեց հենց նրան նշանակել Զուլքադարյանների էմիրության էմիր: 1489 թվականի ամռանը, սակայն Պլասթայի ճ-մ-ում Բոզգուրդի գլխավորած Զուլքադարյանների էմիրության կառավարական բանակը (մոտ 20.000) հաղթեց գահակալական պայքար սկսած Շահ-Բուդաղի բանակին (մոտ 10.000)4, որից հետո անհաջողության մատնված Շահ-Բուդաղը հերթական անգամ պատսպարվեց Օսմանյան սուլթանությունում, իսկ Բոզգուրդն էլ, ըստ էության, պահեց իր դիրքերը: Նույն 1489 թվականի աշունից մինչև 1490 թվականի գարուն Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Կիլիկիան՝ այդ ընթացքում պաշարելով Կեսարիան, սակայն ի վերջո նահանջելով5:
Չնայած վերջին ռազմական գործողություններին, 1490 թվականի արդեն ամռան վիճակով, ըստ էության, ստեղծվել էր մի դրություն, երբ պատերազմի հետագա շարունակումը պետք չէր երկու սուլթանություններից և ոչ մեկին: Իրոք, մամլուքները պատերազմը վարում էին ուժերի ծայրահեղ լարումով և նրանց տնտեսությունը դրան արդեն չէր դիմանում: Սրանից զատ ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Կայիտ-բեկը լավ էր հասկանում, որ ձեռք բերած հաջողությունները հիմնականում պայմանավորված էին իր ուժերի արագությամբ, օսմանյան բանակների վատ կառավարմամբ, քաղաքական բնույթ ունեցող ինտրիգներով, ինչպես նաև նրանով, որ Օսմանյան սուլթանությունը չի կարողանում իր բոլոր ուժերը կենտրոնացնել արևելյան ուղղությամբ:
Իրոք, եթե Կայիտ-բեկը կռվում էր իր երկրի բոլոր ուժերով, ապա օսմանների մոտ իրավիճակն այդ տեսքը չուներ և պարզ էր, որ եթե հանկարծ Բայազետ II-ը կենտրոնացնի իր բոլոր ուժերը ու հարձակման անցնի, Մամլուքյան սուլթանության պարտության հավանականությունը անչափ կմեծանա: Իր հերթին թեթև չէր, սակայն, նաև Օսմանյան սուլթանության դրությունը, որը ոչ միայն մի քանի լուրջ պարտություններ էր կրել և կորցրել էր իր դիրքերի զգալի մասը Արևելքում, այլև սկսել էր լուրջ սպառնալիք զգալ նաև Բալկանյան ճակատից` ի դեմս հերթական խաչակրաց արշավանքի նախապատրաստական աշխատանքների մասին ստացվող լուրերի: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ նույն այս ժամանակ Կայիտ-բեկի հետ հակաօսմանյան ուղղվածության դաշինք էր կնքել նաև Իսպանական, ըստ էության, արդեն Պիրենյան ողջ թերակղզին միավորած թագավորության հզոր արքա Ֆերդինանդ II-ը (1479-1516), որը ոչ միայն զգալի քանակի պարենամթերք ուղարկեց Եգիպտոս, այլև Միջերկրական ծովի արևելյան մաս ուղղեց 50 նավերից բաղկացած մի ուժեղ նավատորմ: Եվ վերջապես կարևոր էր նաև այն հանգամանքը, որ հենց այս ժամանակ կայծակի ճակատագրական հարվածը հրդեհի և հզոր պայթյունի տեսքով դղրդացել էր բուն Կոստանդնուպոլսում գտնվող սուլթանական կենտրոնական զինապահեստում՝ ոչնչացնելով վառոդի, հրազենի ու հրանոթների պետական ռազմավարական պաշարների զգալի մասը: Այս պայմաններում կողմերը բանակցություններ սկսեցին և 1491 թվականի մայիսին հաշտություն կնքեցին: Այսպիսով Օսմանա-Մամլուքյան I պատերազմն ավարտվեց, ընդ որում Կայիտ-բեկը իրոք որ կարող էր լիովին գոհ լինել, քանի որ հաշտությունը պահպանեց մամլուքների բոլոր
_________________________
1 Ֆիլիպ Սեբաստացի «Հիշատակարան 1488 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
2 Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8; իբն Այաս:
3 Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8:
4 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
5 Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն», գլուխ 8:
402
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հիմնական մինչպատերազմական ձեռքբերումները, թեև նոր ձեռքբերումներ այնուհանդերձ այդպես էլ չեղան:
Այս առումով Կայիտ-բեկի գոհունակությունը մթագնվում էր, թերևս, միայն այն հանգամանքով, որ դեռևս պաշտոնական Կահիրեի դեմ մղվող ռազմական գործողությունների լարված պահին՝ 1489 թվականի մայիսին, Կիպրոսի թագավորության վերջին թագուհի Կատերինա Կորնարոն, ըստ էության գործելով որպես Վենետիկի հանրապետության ազդեցության սովորական մի գործակալ, Կիպրոսի թագավորությունը հանձնեց Սուրբ Մարկոսի հանրապետությանը: Այսպիսով՝ պաշտոնական Կահիրեն, ըստ էության, փաստորեն լիովին կորցրեց Կիպրոսում մինչ այդ առկա իր մեծ ազդեցությունը, սակայն Կայիտ-բեկն էլ արդյունքում կարող էր իրեն այնուհանդերձ մխիթարել այն բանով, որ ընկել էր Մերձավոր Արևելքում խաչակիրների առաջատար ուժերից ևս մեկը և նույն Մերձավոր Արևելքում խաչակիրներն այդուհետ ներկայացված էին լինելու բացառապես միայն դեռևս Հռոդոսն իրենց իշխանության տակ պահող Հիվանդախնամների օրդենով, իսկ Վենետիկի հանրապետությունն էլ ոչ միայն չէր կարող որևէ լուրջ սպառնալիք ներկայացնել Մամլուքյան սուլթանությանը, այլև մեծապես խորթ էր խաչակրաց ողջ գործին:
Ինչ վերաբերում է Օսմանյան սուլթանությանը, ապա արդեն 1493 թվականին Բայազետ II-ը գահընկեց հայտարարեց Կասիմ-բեկին և ոչնչացրեց Ղահրամանյանների էմիրությունը: Թուրքմենների խնդիրը, սակայն, դրանից հետո որևէ կերպ լուծված համարվել չէր կարող, քանզի թուրքմենների զգալի խմբեր այստեղ այդուհետ դեռևս երկար շարունակեցին իրենց սովորական կենսաձևը:

Գլուխ 52
Աղ-Ղոյունլուների էմիրության և Քարթլիի թագավորության հարաբերությունները, ինչպես նաև
Սեֆյանների շեյխության առաջին քայլերը

Օսմանյան սուլթանության հետ հենց նոր ավարտված պատերազմից հետո Կայիտ-բեկն իր հերթին վերջնական միջոցներ ձեռնարկեց թուրքմենների դեմ և նրանց հիմնականում վտարեց Կիլիկիայից՝ արդյունքում խիստ խարխլելով նաև Ռամադանյանների էմիրության դիրքերը, ընդ որում խիստ թուլացան նաև Վարշակները: Դիրքերն առժամանակ քիչ թե շատ կարողացավ պահպանել, թերևս, միայն Զուլքադարյանների գլուխ կանգնած Բոզգուրդը, որը, սակայն, այժմ արդեն նույնիսկ երազել իսկ չէին կարող նախկին հզորության մասին: Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ Կիլիկիայից հեռացած թուրքմենների հիմնական մասը հաստատվեց Փոքր Ասիայում և, միանալով տեղի թուրքմեններին, այստեղ Օսմանյան սուլթանության համար հետագայում լուրջ գլխացավանք դարձավ՝ լրջորեն ապակայունացնելով իրավիճակը տեղում: Այս առումով ամենևին էլ պատահական չէր, որ արդեն 1495 թվականին Օսմանյան սուլթանության կառավարական բանակը (մոտ 10.000) ստիպված եղավ ասպատակել Սեբաստիայի շրջակայքը` ճնշելով տեղում տիրող ապստամբական տրամադրությունները1:
Տարածաշրջանի երկու առաջատար ուժերի միջև մղվող պայքարին Աղ-Ղոյունլուների էմիրությունը որևէ կերպ չմասնակցեց, քանի որ այս ժամանակ Յաղուբի ռազմական մեքենան զբաղված էր Քարթլիի թագավորության դեմ մղվող պայքարով, որն աստիճանաբար ավելի մեծ թափ էր հավաքում: Իրոք, շուտով պարզվեց, որ նախորդ տարիների ավազակային և հետախուզական հարվածներից հետո առաջիկա տարում Յաղուբն այս ուղղությամբ ավելի խոշոր մի հարված է նախապատրաստում՝ հետագայում նախատեսելով միայն ուժեղացնել նույն այդ հարվածի թափը:
1486 թվականի օգոստոսի սկզբին ասպատակելով արշաված Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 70.000) Սամցխեի աթաբեկության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (մոտ 500) պաշարեց Ախալքալաքը ու Ախալցխան և սեպտեմբերի կեսին գրավեց այդ քաղաքները, որից հետո պաշարեց ու արդեն սեպտեմբերի 25-ին առանց դիմադրության մտավ Ածղուր, իսկ այնուհետև էլ ասպատակեց Դմանիսի, Քվեշ ամրոցի և
_________________________
1 Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 7:
403
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Տփղիսի շրջակայքը1: 1486 թվականի նույն սեպտեմբերի 25-ին, սակայն, Ալգետիի ճ-մ-ում (Կախեթիի արևմուտք, Կրցիանիսից հյուսիս) Սուլխան Բարատաշվիլու գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 20.000)2, ինչի արդյունքում հակառակորդի հարվածը հետ մղվեց: Օգտվելով դադարից՝ աննկուն Կոնստանդին IV-ը երկիրը միավորելու ուղղությամբ ևս մեկ փորձ կատարեց:
Արդյունքում՝ 1487 թվականի ամռանը Կոնստանդին IV-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000, այդ թվում հյուսիս-կովկասյան լեռնականներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000), ինչպես նաև Մեգրելիայի իշխանության բանակը (մոտ 5.000) Ալեքսանդր I-ի գլխավորած Իմերեթիայի թագավորության բանակից (մոտ 500) գրավեցին Քութայիսին3: Յաղուբից եկող սպառնալիքը, սակայն, Քարթլիի արքային հերթական անգամ ստիպեց շեղվել արևմտյան հոգսերից և արդյունքում Ալեքսանդր I-ը կարողացավ վերականգնել դիրքերը:
1488 թվականի ապրիլին Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000) ասպատակեցին Աղ-Ղալա ամրոցի շրջակայքը և նահանջեցին` փորձելով խոչընդոտել իրականացվող ամրոցաշինական աշխատանքներին4: Այս հանգամանքը, սակայն, հարավային հարևանի հետ նոր պատերազմաշրջանի մի դուռ բացեց, թեև մինչ այդ տեղի ունեցավ ուշագրավ, շատերի կողմից չնկատված, բայց հեռուն գնացող մեկ այլ իրադարձություն:
1456 թվականին Ատրպատականում վերջնականապես հաստատվելուց արդեն մի քանի տարի անց Սեֆյանների շեյխության առաջնորդ, արժանահիշատակ Ջունեյդի ձեռքի տակ առկա էին անվերապահորեն իրեն ենթակա մյուրիդների զգալի ուժեր, որոնք էլ հենց նա գործի դրեց արտաքին ռազմական ձեռնարկումների համար։ Արդյունքում՝ Սեֆյանների շեյխությունը պատերազմ սկսեց Շիրվանշահերի էմիրության դեմ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ռազմական փորձառությունը մյուրիդներին այնուհանդերձ դեռևս չէր հերիքում, ինչի արդյունքում էլ 1460 թվականին Ջահան-Շահի լայն աջակցությամբ գործող Շիրվանշահերի էմիրության էմիր Խալիլի բանակին հաջողվեց ոչ միայն շրջապատել և գլխովին ոչնչացնել Ջունեյդի բանակին, այլև սպանել նաև հենց իրեն՝ Սեֆյանների հեղինակավոր շեյխին: Ջունեյդին հաջորդեց նրա որդի Հեյդարը (1460-1488), որը, չնայած հոր կրած ծանր պարտությանը, հաջողությամբ շարունակեց վերջինիս գործը և ավելի մեծացրեց Սեֆյանների շեյխության ուժն ու հեղինակությունը: Հենց այս ժամանակներից սկսած էլ Սեֆյանների շեյխությունում սկիզբ դրվեց շիիզմի վրա հիմնվող յուրօրինակ կրոնական մի գաղափարախոսության քարոզ, որը անչափ ընկալելի եղավ մինչ այդ հոգևոր-կրոնական որոշակի դատարկության վիճակում հայտնված թուրքմենների համար, որոնք, հակվելով Սեֆյանների գաղափարախոսությանը, ստանում էին մյուրիդի՝ այսինքն, ամենալայն իմաստով, Սեֆյանների գաղափարախոսության հետևորդի, կարգավիճակ: Միաժամանակ հարկ է նշել, որ հորը բաժին հասած դառը ճակատագրի և հատկապես Ուզուն-Հասանի հզորության ֆոնին Հեյդարը Շիրվանշահերի հետ իրեն որոշակիորեն զգույշ էր պահում և սեփական ռազմական համակարգի եռանդն ուղղում էր հիմնականում Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածի համեմատականորեն թույլ լեռնականների ուղղությամբ: Այս անգամ ևս, սակայն, աղետից խուսափել այնուհանդերձ չհաջողվեց:
1488 թվականի մայիսին Հեյդարի գլխավորությամբ Արդեբիլից առաջխաղացած և Արաքսը գետանցած Սեֆյանների շեյխության բանակը (մոտ 15.000) ասպատակեց Արցախը,
_________________________
1 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատի թագավորության պատմությունը»; Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»:
2 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 114:
3 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 114:
4 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»: Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 114:
404
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

որից հետո, գետանցելով արդեն Կուրը, ներխուժեց Շիրվանշահերի էմիրության տարածք1: Շուտով, սակայն, թեկուզ և Շիրվանշահերի էմիրության հերթական էմիր Ֆառուխ-Յասարի (1464-1500) համաձայնությամբ դեպի հյուսիս իրականացված արշավանքի ընթացքում մյուրիդները չդիմացան ու դաժան թալանի ենթարկեցին Շամախիի շրջակայքը: Այս ամենից խոցված Ֆառուխ-Յասարն իր հերթին դիմեց սեփական փեսա և այդ ժամանակ Աղ-Ղոյունլուների գործող էմիր Յաղուբին, ինչի արդյունքում Հեյդարը զարմանալի կերպով կիսեց հոր ճակատագիրը՝ գրեթե նույն վայրում, որտեղ 1460 թվականին ջախջախվել էր հոր զորքը և ընկել էր ինքը, ջախջախվելով արդեն 1488 թվականի հունիսի վերջին ու ինքն էլ ընկնելով մարտի դաշտում: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ, ի տարբերություն նախորդ դեպքի, հաղթողներն այս անգամ չբավարարվեցին զուտ այդ հաղթանակով և, անցնելով հակահարձակման, գրավեցին Սեֆյանների շեյխության բոլոր կարևոր ամրությունները:
Խաղաղեցնելով Սեֆյանների տիրույթները՝ Յաղուբը հյուսիսային ուղղությամբ կրկին հարձակման նետեց սեփական ռազմական մեքենան, սակայն 1488 թվականի դեկտեմբերի կեսին Չանդարի ճ-մ-ում (Տփղիսի մոտ) Սուլխան Բարատաշվիլու, Քայխոսրո Ցիցիաշվիլու և Ջավախ Ջավախաշվիլու գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000) հաղթեցին Տփղիսը պաշարած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 60.000) առանձնացած և իրենց դեմ շարժված ուժերին (մոտ 20.000)2, ինչից հետո անհեռանկար դարձավ նաև Քարթլիի թագավորության մայրաքաղաքի պաշարումը ու հակառակորդի բանակը սկսեց հետ քաշվել:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1489 հունվարի սկիզբ – Օրբեթ ամրոցի ճ-մ3

Սուլխան Բարատաշվիլու, Քայխոսրո Ցիցիաշվիլու և Ջավախ Ջավախաշվիլու գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000), հետապնդելով Տփղիսից նահանջող Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 30.000), ամրոցի մոտ հասան նրան։
I փուլ – Քարթլիի թագավորության բանակը անցավ հարձակման և պարտության մատնեց հակառակորդին, որից հետո ձեռք բերած ավարով սկսեց նահանջել։
II փուլ – Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը սկսեց հետապնդել Քարթլիի թագավորության բանակին և շրջապատեց ու մասնակի փախուստի մատնեց նրա վերջապահ ուժերին։
III փուլ – Քարթլիի թագավորության բանակը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր և, վերականգնելով հավասարակշռությունը, աստիճանաբար սկսեց հաղթանակ տանել` հետապնդելով հակառակորդին մինչև Օրբեթ ամրոցի մատույցները։
IV փուլ – Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը մարտի մեջ մտցրեց պահեստազորը և զգալի կորուստներ պատճառեց քրիստոնյաներին։
V փուլ – Մարտի մեջ մտավ Սուլխանի գլխավորած պահեստազորը և, հուժկու հարված հասցնելով հակառակորդին, Քարթլիի թագավորության բանակին վերջնական հաղթանակ ապահովեց։
Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 4.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր։

Հենց նոր կրած պարտությունն իր համար համարելով ուղղակի ստորացուցիչ՝ դրանից անմիջապես հետո Յաղուբը Քարթլիի թագավորության դեմ գործող սեփական ռազմական մեքենան համալրեց նոր ուժերով և վերջինիս կրկին հարձակման ուղարկեց։ Արդյունքում՝ արդեն 1489 թվականի հունվարի կեսին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500)
_________________________
1 Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»: Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 114:
2 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»:
3 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; Ֆեյզալլահ Խունջի «Պատմություն»:
405
Приходите в мой дом...
Закрыто