Գևորգ Մարզպետունու մասին բոլորս գիտենք՝ գոնե դպրոցական դասագրքերից և գոնե հայտնի վեպի մոտիվներով: Ավելի քչերը գիտեն, սակայն, որ սիրելի այս հերոսի մասին միակ տեղեկության աղբյուրը Հովհաննես Դրասխանակերտցին է, ընդ որում հերոսական այս անձնավորության մասին վերջինս շատ քիչ տեղեկատվություն է հայտնում՝ չճշտելով Գևորգի նույնիսկ տոհմանունը: Վեպից բոլորս գիտենք նաև այդ հիանալի երիտասարդի՝ Գևորգ Մարզպետունու որդի
Գոռի մասին:
Ախ Գոռ, Գոռ, ես քեզ կամ, ավելի ճիշտ... քո մասին հիշատակությունն
ախր երկար տարիներ եմ փնտրել: Առավելագույնը, որ գտել էի, դա ՀԽՍՀ հանրագիտարանի համապատասխան հոդվածն էր, որը հղում էր անում Միքայել Չամչյանի վրա՝ չտալով որևէ պարզաբանում: Եվ ահա երկար տարիներ ինձ թվում էր, թե վաստակավոր մխիթարիստն ուղղակի օգտվել է մեզ չհասած մի ինչ որ աղբյուրից:
Եվ ահա վերջերս,
լուսամփոփի թարթող լույսի տակ, ինչպես կասեր դասականը, ես գտա այդ աղբյուրը՝ սկզբնաղբյուրն, ի դեմս Սամվել Անեցու: «
Աշոտն ուժեղացավ իշխանությամբ և նրա ձեռքին 90.000 հոգանոց բանակ կար, որի գլուխ կանգնած էր զորավար Գոռը»,- հայտնում է մեր այս ուշագրավ պատմիչը, ընդ որում վերջինիս խոսքը մեզ է հասել Սամվել Անեցու լատիներեն հրատարակություններից մեկի միջոցով, ինչից էլ, ակնհայտորեն, օգտվել է Միքայել Չամչյանը:
Ավելին, ես կարողացա գտնել նաև
Գոռի որդուն, որը ամենայն հավանականությամբ վարել է Հայոց սպարապետի պաշտոնը իր հայր Գոռի մահից հետո և մինչև այն պահը, երբ սպարապետության պաշտոնն 990-ական թվականների վերջին անցավ Պահլավունիներին: «
Նրանք հանդիպեցին իրար և սիրով ողջունեցին, որից հետո Աշոտը Չմշիկին օգնական զորք տվեց` 80.000 հեծյալ և 20.000 հետևակային (թվերը 10 անգամ փոքրացնում ենք, առանձին թեմա է - Մ.Հ.), որոնց հրամանատարությունը հանձնեց քաջարի Գևորգին, ինչպես նաև առանձնացրեց պարենամթերք և մեծ ռոճիկ: Աշոտը նրանց հետ ուղարկեց եպիսկոպոս Տեր-Սարգսին, վարդապետ Ղևոնդին և իշխան Իվանեին, իսկ ինքը վերադարձավ իր երկիր»,- հայտնում է Սմբատ Սպարապետը:
Եվ այսպես,
Գևորգը սպարապետ էր 920-930-ական թվականներին, նրա որդի
Գոռը՝ 940-970-ական թվականներին, իսկ նրա որդի
Գևորգն էլ զբաղեցրել է այդ պաշտոնը 970-990-ական թվականներին:
Գիտեմ, գիժ եմ... չասեք, գիտեմ - էդա...