Հոլիվուդը պատմական ֆիլմերում Հայաստանին հաճախ չի հիշում, իսկ երբ հիշում էլ է՝ դա անում է անցողիկ կամ ակնարկի մակարդակում։ Այդ իսկ պատճառով էլ ուրախալի է, որ նկարահանվել է մի ամբողջ հոլիվուդյան պատմական ֆիլմ, որը կապված է Հայաստանի հետ և որտեղ Հայաստանը հիշատակվում է ավելի շատ, քան Հոլիվուդի ցանկացած այլ ֆիլմում՝ բացառությամբ, թերևս միայն, հանրահայտ «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմի։ Սա մեր կողմից դիտարկվող ֆիլմի առավելություններից է, առնվազն՝ ինձ համար։ Բացի այդ, շատ գեղեցիկ է օպերատորական աշխատանքը, ինչպես նաև կան հիանալի բնապատկերային տեսարաններ: Գրեթե ամբողջ ֆիլմը կարծես հիասքանչ բնության միջով կատարվող մի մեծ ճանապարհորդություն է։
Ֆիլմի սցենարը, սակայն, հարթ է, ինչպես սովորական մի տախտակ՝ սուրհանդակը պետք է հաղորդագրություն հասցնի Կորբուլոնին և օգնի Պետոսի բանակին, որը շրջափակման մեջ է Հռանդեայի մոտ։ Ինչպես և սպասելի էր ժանրի կանոններից, սուրհանդակի երթը համեմված է թշնամիների հետապնդմամբ, որոնք փորձում են բռնել գլխավոր հերոսին՝ իսպանական ծագմամբ հռոմեացի Նորենոյին։ Սա, ի դեպ, սիրալիություն է լատինաամերիկյան հանդիսատեսի ուղղությամբ։ Եվ ահա հերոսը, անցնելով տառապանքների ու փորձությունների միջով ու հաղթահարելով մի շարք փորձություններ, հաջողությամբ ավարտում է իր առաքելությունը, ինչից հետո դառնում է իր ժամանակի աղանդներից մեկի հետևորդ՝ նա դառնում է ՔՐԻՍՏՈՆՅԱ և գնում է իր կյանքի մնացյալ օրերը ապրելու Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ ոչ ինտրիգ կա, ոչ էլ լարված հակադրություն, ոչինչ չկա։ Նույնիսկ մարտական տեսարաններ չկան, իսկ ողջ «պատերազմական մասը» ներկայացված է շատ պարզունակ համակարգչային մի գրաֆիկայով՝ հռոմեական մեկ լեգեոնի ճամբար, ինչն առանձնապես չի ոգևորում։
Հիմա անցնենք ֆիլմի պատմական ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻՆ, որոնք, դժբախտաբար, քիչ չեն։ Ֆիլմում ասվում է, որ շրջապատված հռոմեացիները չեն կարողանում օգնություն ստանալ... «ՍԿՅՈՒԹՆԵՐԻ» պատճառով։ Ի՞նչ սկյութներ, սակայն, կարող էին լինել Հայաստանի արևմտյան նահանգներում, որտեղ Պետոսի բանակն էր, լիովին անհասկանալի է։ Եթե սցենարիստը նկատի ունեի սարմատներին, ապա նրանք գտնվում էին Կովկասյան լեռնաշղթայի այն կողմում և որևէ կերպ չէին օգնում պարթևներին։ Իր հերթին, եթե նկատի են ունեցվում հենց պարթևները, որոնց երբեմն կոչվում էին սակեր, ապա պետք էր հենց այդպես էլ ասել՝ սակեր, կամ ավելի պարզ՝ ուղղակի նշել պարթևների մասին։ Վերջիններիս, ի դեպ, ֆիլմում լրիվ անտեսել են։ Նրանց շփոթում են սկյութների հետ, իսկ հետո մի քանի անգամ էլ անվանում են պարսիկներ։ Իհարկե, տվյալ ժամանակահատվածում՝ Վաղարշ I-ի (51-79) զրադաշտական բարեփոխումներից հետո, պարսկական ազդեցությունը կարող էր ուժեղանալ, բայց այնուամենայնիվ I դարում պարթևներին պարսիկ անվանելն ուղղակի սխալ է։
ԼԵԳԵՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ։ Ֆիլմի սկզբում խոսվում է մեկ լեգեոնի մասին, հետո՝ երկուսի, իսկ վերջում հիշատակվում են երեքը։ Ճիշտ տարբերակը վերջինն է՝ Պետոսի հետ էին IV Scythica, V Macedonica և XII Fulminata լեգեոնները։ Այդ դեպքում, սակայն, բաց է մնում հարցը, թե ֆիլմի սկզբում ինչու՞ է ցույց տրված միայն մեկ լեգեոնի ճամբար։
Պատմական այլ վրիպումներ ևս կան, թեև կա նաև պինդ պատմական մեկ պահ՝ 56-րդ րոպեին Կորբուլոնը պատմում է «ԳԼԽԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ», որը նույնությամբ ներկայացված է Ֆրոնտինի մոտ և կապված 59 թ-ի աշնան Տիգրանակերտի պաշարման հետ։ «Դոմիցիան Կորբուլոնը պաշարել էր Տիգրանակերտը»,- գրում է Ֆրոնտինը,- «և թվում էր, թե հայերը պատրաստվում են համառ պաշտպանության: Եվ ահա նա մահապատժի ենթարկեց Վադանդին՝ նրանց գերված առաջնորդներից մեկին, ու նրա գլուխը բալիստի միջոցով նետեց պարսպից ներս: Գլուխը պատահաբար ընկավ հավաքույթի հենց կենտրոնը, որը տեղի էր ունենում բարբարոսների մոտ: Այդ ամենի տպավորության տակ, դրանում կարծես տեսնելով նախանշան, այդ ամենից ազդված բարբարոսները որոշեցին հանձնվել» (Ֆրոնտին, «Ստրատեգեմներ», գիրք II, գլուխ 9, մաս 5)։
Այլ պահեր՝ բացթողումների պահով: 59-րդ րոպեին ասվում է, թե գլխավոր հերոսը «կտրել է ողջ լեռնաշխարհը՝ Պետոսի ճամբարից սկսած», մինչդեռ պետք է ասվեր՝ «ԼԵՌՆԱՇՂԹԱՆ», քանի որ Պետոսի ճամբարը գտնվում էր պատմական Հայաստանի արևմուտքում և Նորենոյին ոչ մի կարիք չկար անցնելու ողջ Հայկական լեռնաշխարհը։ Ընդհակառակը, նա պետք է հատեր Տավոսյան լեռնաշղթան՝ հասնելու համար Ասորիքի դաշտավայրերին։
Նույն այդ րոպեին նշվում է, թե ապագա կայսր Վեսպասիանոսը ճնշել է «ՀՐԵԱՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ»։ Նորից անախրոնիզմ է, քանզի ֆիլմում խոսքը 62 թվականի մասին է, մինչդեռ հրեաների ապստամբությունը սկսվել է ամենավաղը 66 թ-ին, իսկ դրա ճնշումը՝ այսինքն Երուսաղեմի գրավումը, տեղի է ունեցել արդեն 70 թ-ին, երբ Վեսպասիանոսն (69-79) արդեն կայսր էր։ Եվ վերջապես ամենակարևոր հակապատմականության մասին՝ Պետոսի խնդիրն այն չէր, որ Կորբուլոնը, իբր, չգիտեր, թե իրեն շրջապատել են, Պետոսի խնդիրը հենց շրջապատման մեջ էր և նաև այն բանում, որ Կորբուլոնը հնարավորություն չուներ անմիջապես գալ նրա օգնությանը, թեկուզ ցանկանար, թեև ցանկություն նույնպես առանձնապե չկար։ Այսինքն՝ ֆիլմի գլխավոր հերոսի ողջ գործողությունն էր անիմաստ: Եվ ահա այստեղ մենք հասնում ենք ֆիլմի գլխավոր պատմական բացասական կողմին։
Եվ վերջապես՝ ՖԻԼՄՈՒՄ ՉԿԱՆ Ո՛Չ ՊԱՐԹԵՎՆԵՐ, Ո՛Չ ԷԼ ՀԱՅԵՐ։ Նորենոյին հետապնդող մի քանի կերպարները ոչ արտաքինով, ոչ հանդերձանքով և ոչ էլ մարտավարությամբ չեն հիշեցնում ո՛չ մեկին, ո՛չ՝ մյուսին։ Աղեղների կամ հեծելազորի պատկերներ չկան, հայի արտաքին ունեցող դերասաններ չկան։ Այս առումով ֆիլմը շատ է հիշեցնում «Ցենտուրիոն»-ը՝ տարբերություն գրեթե չկա։
Ընդհանրապես, ֆիլմը բացի արդեն իսկ ԱԿՆԱՐԿՎԱԾ ՓՈՔՐ ԲՅՈՒՋԵԻՑ և թույլ բեմադրությունից, տառապում է չափազանց դանդաղ ու թույլ տեմպից։ Ֆիլմին պակասում են գործողությունները։ Զարմանալիորեն անշարժ երկխոսությունների ընթացքում լարվածություն ընդհանրապես չի զգացվում։ Դինամիկան նույնպես թույլ է, հատկապես՝ հանգիստ տեսարաններում։
Դերասանական խաղի մասին խոսելն ավելորդ է։ Երբեմնի լավ դերասանները պարզապես արտասանում են տեքստերը, ջանում են, բայց նրանցից պակասում է թե՛ ներդնումը, թե՛ զգացմունքային ընդգրկույթը։ Շատ դեպքերում երկխոսություններն անգամ անպետք են նույնիսկ զգացմունքները փոխանցելու համար։ Նույնիսկ լուռ կամ լարված պահերն են վատ բեմադրված, ինչի հետևանքով դերասաններն էլ են թույլ երևում։ Միայն Միքի Ռուրկն ու Բայ Լին են փորձում ինչ-որ բան անե, բայց նույնիսկ այստեղ խնդիր կա՝ նույն Միքի Ռուրկը կարծես իր տեղում չէ, առնվազն մեր սերունդը նրան այդպես չի ճանաչում։
Ամփոփելով՝ հաճելի է, որ Հոլիվուդի պատմական կինոն ՀԻՇԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ, բայց հուսամ, որ ապագայում կտեսնենք ավելի որակյալ աշխատանք։