(1260-1262)
Թումանական Հայաստանի II ապստամբությունը (1260-1262) մոնղոլական վայրագ տիրապետությանը վերջ տալու հերթական փորձն էր և իր արմատներում ուներ Մոնղոլական կայսրությունում հայ ու վրաց ժողովուրդների քաղաքական և տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ և արդյունքում Թումանական Հայաստանում հայ ժողովուրդի վիճակը չփոխվեց:
Հիմնական իրադարձություններ
1260 նոյեմբեր – Տփղիսի ճակատամարտ
1261 գարուն – Սվանեթիայի ճակատամարտ
1261 գարուն – Գորիի ճակատամարտ
1262 – ապստամբության ավարտ
Ապստամբության ընթացքը
Ասորիքում Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմին մասնակցությունը, ինչպես նաև մոնղոլական բիրտ իշխանությունը Վրաստանում և Հայաստանում խորը դժգոհություններ առաջացրեցին, իսկ Ասորիքում Իլխանության կրած անհաջողությունն էլ հույսեր առաջացրեց, որ ապստամբությունը կարող է հաջող ավարտ ունենալ: Սակայն այս անգամ ևս ապստամբները գործեցին ծայրահեղ չհամակարգված և անկազմակերպ:
1260 թ-ի նոյեմբերին Քարթլիի թագավորության արևմուտքում իշխող և ապստամբած համիշխան արքա Դավիթ IV Նարինի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200 զինվոր) Տփղիսի ճակատամարտում անակնկալ հարձակումով հաղթեցին Իլխանության բանակին (մոտ 2.000 զինվոր), սակայն, չկարողանալով ամրապնդել ձեռք բերած հաջողությունը, ապաստանեցին Աբխազիայում: 1261 թ-ի գարնանը Քարթլիի թագավորության արևելյան և կենտրոնական մասում իշխող և ապստամբած Դավիթ V Վահրամուլի գլխավորությամբ դեպի հյուսիս-արևմուտք նահանջած Քարթլիի թագավորության բանակը (400 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100 զինվոր, այդ թվում Սարգիս Թմբկաբերդցին) Սվանեթիայի ճակատամարտում անակնկալ հարձակումով հաղթեցին հետապնդող Իլխանության բանակին (2.000 զինվոր): Շուտով, սակայն, Իլխանությունը քրիստոնյաների դեմ ուղղեց նոր ուժեր:
Կարճ ժամանակ անց Իլխանության (մոտ 50.000 զինվոր), ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորած Զաքարյանների իշխանության (մոտ 10.000 զինվոր), ինչպես նաև Հասան-Ջալալ արքայի գլխավորած Խաչենի թագավորության (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը Գորիի ճակատամարտում հաղթեց Դավիթ V Վահրամուլի գլխավորած Քարթլիի թագավորության բանակին (8.000 զինվոր, որից 1.500 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր, այդ թվում Սարգիս Թմբկաբերդցին): Գրեթե անմիջապես էլ, սակայն, Զաքարեն և Հասան-Ջալալը, անհիմն մեղադրվելով ապստամբների հետ կապեր պաշտպանելու մեջ, ձերբակալվեցին ու քառատվեցին, որի հետևանքով Զաքարյանների իշխանությունը և Խաչենի թագավորությունը ոչնչացան: Դավիթ V Վահրամուլը իր բանակի մնացորդներով նահանջեց դեպի Աբխազիա և միացավ Դավիթ IV Նարինին, սակայն հետագա պայքարը արդեն կորցրել էր որևէ հեռանկար:
Հաջորդ տարի սկսվեցին բանակցություններ, Թումանական Հայաստանի II ապստամբությունը վերջացավ և Քարթլիի թագավորությունը ու Հայաստանը կրկին ընդունեցին Իլխանության գերիշխանությունը: