Հեղինեի սևամորթ դերասանուհու մասին երեկվա կիսահումորային գրվածքիս կապակցությամբ...
...Հարգելիներս, ամեն ինչ պետք է իր տեղին և ձևով լինի, ոչ թե ուղղակի արվի անելու համար: Օրինակ, Մորգան Ֆրիմանի կերտած սևամորթ Ազիմի կերպարը 1991 թ-ի «Ռոբին Հուդ. գողերի արքայազնը» ֆիլմից, որը կարծես հենց ինքը Հոլիվուդում այս երևույթի սկիզբը դրեց, պատմական ֆիլմերում կերտված ոչ իրական, «պոլիտկոռեկտ» սևամորթների կերպարներից ինձ համար լավագույններից է:
Այստեղ ամեն ինչ տեղը տեղին է, իսկ սևամորթ հերոսի հայտնվելն էլ ֆիլմում հիանալի կերպով հիմնավորվում է, քանզի Խաչակրաց III արշավանքից (1189-1192) վերադարձող Ռոբինին իրոք պետք էր արևելյան ինչ որ մի բնորոշ հատկանիշ տալ և Ազիմն այդ դերը ուղղակի հիանալի է տանում: Նույնիսկ ինձ համար, որը մեծացել է դեռևս «խորհրդային Ռոբին Հուդերի» ավանդույթներով, Ազիմի կերպարը դրանից հետո ամեն դեպքում անբաժանելի դարձավ Ռոբին Հուդի կերպարից:
Ավելին, կերպարին տրվում է խորություն և ֆիլմում պատմվում է Ազիմի նախորդ կյանքի և նույնիսկ այն մասին, որ նա ողբերգական սեր է ունեցել՝ եղել է հայտնի ռազմիկ կամ գուցե նույնիսկ իշխան և, զոհ գնալով սիրային կրքին, հանուն կնոջ հայտնվել է բանտարկության մեջ: Հիշո՞ւմ եք, երբ Ռոբինը կարծես իմիջայլոց հարցնում է Ազիմին նրա բանտարկության պատճառի մասին, Ազիմն ասում է, թե պատճառը կին էր, Ռոբինը կիսակատակ հարցնում է, թե արժե՞ր արդյոք այդ կինը դրան, ինչին ի պատասխան Ազիմը, մտքերով գնալով դեպի անցյալ, լռում է: Հետագայում երբ արդեն Ռոբինն է սկսում պայքարել իր սիրելի կնոջ համար, Ազիմը խոսքի տակ չի մնում և նույն հարցն է տալիս Ռոբինին՝ արժե՞ այդ կինն այդ ամենին, երբ նոր միայն Ռոբինը կարծես հասկանում է Ազիմի անցյալի սիրային կրքի ողջ խորությունը...

- 1.jpg (41.37 КБ) 32 просмотра
...Համաձայնեք, հիանալի սցենարային և ռեժիսյորային լուծում է, որը և խորություն ունի, և մտածելի տեղիք է տալիս, և Ազիմի կերպարին հանում է «թղթային հարթ» տեսքից՝ տալով նրան կարծես «եռաչափ խորություն»:
Դե իսկ Հեղինեի պահով... չէ, չի անցնում, չեմ կարող ընդունել: Այս դեպքում տպավորություն կա, թե Նոլանն ուղղակի ուզում է մի անսովոր քայլով ֆիլմին «կասսա ապահովել», քանզի Տրոյական Հեղինեին որպես սևամորթ ներկայացնելն ուղղակի ծաղր է սկզբնաղբյուրի՝ Հոմերոսի Իլիականի և Ոդիսականի, նկատմամբ: Սևամորթ Հեղինեն ողջ այս պատմության մեջ արհեստական է և անտեղի, նա այստեղ ուղղակի մարքեթինգային, ընդ որում կարծում եմ՝ վերջնարդյունքում ԱՆՀԱՋՈՂ, քայլի արդյունք է: