Пленник вечности: Сага о вечном путнике...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Մոտ մեկ ամսից ես արդեն Պուրուշխանդայում էի: Իմ վերջին այցելությունից հետո քաղաքը կարծես չէր փոխվել: Նույն առևտրական աշխուժությունն էր և նույն անհոգությունը: Քաղաքացիներից իրենց տեսքով միայն տարբերվում էին մռայլադեմ լուլլուբեյցիները, որոնք մորթե հանդերձները հագներին անխռով տեսքով տանում էին իրենց ծառայությունը: Դրանից ու իրենց ստանալիք ոսկուց բացի այս մարդկանց կարծես թե այլ բան չէր էլ հետաքրքրում: Ես հարմարավետ կերպով տեղավորվեցի առաջ էլ ինձ դուր եկած թաղամասում գտնվող մի մեծ տանը, որտեղ տեղավորվեցին նաև “Աղվես”-ի իմ սուրհանդակները: Տեղավորվեցի որպես զուտ իր առևտրական գործունեությամբ հետաքրքրվող մի մարդ: Սակայն պարզվեց, որ Անուբանին մեկնել է հեռավոր ճանափարհորդության` ստուգելու համար ծովափնյա տարածքներում գտնվող իր հեռավոր կայազորերը: Ես մի որոշ ժամանակ փորձեցի հասնել նրան ճանապարհին, սակայն նա այնքան արագ ու աննկատ էր տեղաշարժվում, որ ես էլ, ավելորդ կասկածներ չհարուցելու համար, ստիպված եղա կրկին վերադառնալ Պուրուշխանդա և այստեղ սպասել նրան:

Ի վերջո ձմռան վերջերին Անուբանին վերադարձավ: Սկսեցի աստիճանաբար հող նախապատրաստել նրա հետ հանդիպելու համար: Շուտով իմ ջանքներն արդյունք տվեցին: Մի քանի թռուցիկ հանդիպումներից հետո Անուբանին հիշեց մեր հին բարեկամությունը և մենք սկսեցինք ավելի ու ավելի հաճախ հանդիպել:

Ի վերջո մի օր ես մի կարգին սեղան պատրաստեցի, որից հետո մոտս հրավիրեցի Անուբանիին` մի լավ քեֆ անելու համար: Մենք երկուսով տեղավորվեցինք լիքը սեղանի առաջ, որից հետո ակտիվորեն անցանք դրա վրա շարված խորտիկներին: Ես հյուրիս հյուրասիրում էի նաև հետս բերած հայկական ընտիր գինով: Շուտով մթնոլորտն արդեն շատ էր ջերմացել: Ես դարձա Անուբանին.
- Տեր արքա, բայց ինչ ուզում է թող ասեն, էլի, մեր պես վաճառականները ձեր պես ռազմիկներին երբեք չեն հասնի: Մի՜ ասա…, մի ասա,- ձեռքերս թափ տվեցի ես` զգալով, թե ինչպես է զրուցակիցս լիքը բերանով փորձում առարկել,- այ դու ու քո որդիները դրա օրինակ: Ես ինքս վերջերս տեսա, թե առաջին որդի Մեմանդախդ [1] ինչպես հրապարակավ ընթացող խառը ձեռնամարտում հաղթեց հինգ հակառակորդների: Չէ՜…, աժդահա մարդիկ ուրիշ են, էլի, մենք նրանց չե՜նք հասնի, չե՜նք հասնի, լցրու, լցրու՜…
- Դե ձերոնք էլ պակաս չեն, մի ասա,- մի կերպ բերանը դատարկելով` պատասխանեց ամեն դեպքում շոյված Անուբանին,- դուք հայերդ էլ երբեմն վատ չեք կռվում:
- Դե իհարկե, կռվում ենք, հարգելի արքա, կռվում ենք ինչպես կարողանում ենք,- ծիծաղեցի ես ու կրկին լցրեցի զրուցակցիս բաժակը,- բայց դե դուք ախր շատ արհեստավարժ եք: Տես, երկրոդ որդիդ` Միդուդուդ [2]…, բա նիզակամարտում նրանից ուժեղ արարտացի կգնտվի՞: Դժվար թե, հա՜…
- Հա՜ա՜, էդ մեկը կարծես թե ճիշտ ես…,- ծիծաղեց Անուբանին,- անիծյալը շատ ճարպիկ է:
- Դե մյուսներն էլ հետ չեն մնում: Գիտե՞ս, տեր արքա,- խոսքս առաջ տարա ես,- ձերոնք զենքին լավ են տիրապետում: Երրորդ որդիդ` Կիկուպիշդ [3] էլ թրամարտում իր հակառակորդը չունի…
- Բա մյուսը` Բալդախդախը [4],- խոսքս կտրեց արդեն ոգևորված հայրը,- գիտե՞ս ինչպես է տիրապետում աղեղին: Թարթադադան [5] էլ ոչինչ, սրան տապարներով մարտում նույնիսկ ես չեմ դիմանում: Իսկ Աբուդանդիխս [6] վարժ է մարտը ղեկավարելու գործում: Այ միայն յոթերորդ որդիս` Խարշակիդուս [7] է, որ առայժմ առանձնապես աչքի չի ընկնում, բայց դե սա էլ շա՜տ խելոք է…
- Աչքի չի՜ ընկնում,- ծիծաղեցի ես ու կրկին լցրեցի գավերը,- ձեր աչքի չընկնելը հավասար է ուրիշ ազգի մի քանի ռազմիկի առանց նայելու տապալելուն, չէ՞: Ես առաջարկում եմ այս գավերով խմել լուլլուբեյցի իսկական ռազմիկների կենացը: Թող ուժը երբեք չլքի ձեզ` ով փառահեղ ռազմիկներ,- ես մինչև հատակը դատարկեցի գավը:
Նույնն էլ արեց բաժակակիցս, որը դրանից հետո անցավ ընտիր կերպով ապխտած խոզի ազդրին.
- Ասում եմ, ախր հզոր ռազմիկներ եք…: Չէ, չէ, մի՜ ասա…,- զրուցակցիս, որը լիքը բերանով փորձեց մի բան ասել, կրկին կանխեցի ես,- մի ասա: Ես շատ երկրներում եմ եղել ու գիտեմ: Լուլլուբեյցի ռազմիկներից լավ ոչ մի ռազմիկ չկա: Ես երրորդ կողմն եմ, չէ՞, ոչ մի շահ չունեմ, դրա համար էլ ես դա կարող եմ ասել:
- Իրոք,- մի կերպ խոզի ազդրի հարցերը լուծելով ի վերջո արձագանքեց Անուբանին,- ախր իմ անիծվածները շատ կատաղի են կռվի մեջ ու ճարպիկ:
- Ըհը, տե՞ս, դու էլ ես իմ կարծիքին,- ես ազդրի նոր կտոր դրեցի զրուցակցիս ափսեի մեջ,- տես թե ինչ կասեմ: Ես շատ եմ ճանփորդել Միջագետքում, դիտել եմ Նարամ-Սուենի Անապատի որդիներին,- ձեռքս թափ տվեցի,- դրանք հե՜չ…, անասունի պես մի բան են: Քոնոնք հաստատ դրանցից լավը կլինեն, Աղեղնավորը վկա,- երկյուղածորեն հայացքս հառեցի երկինք ու հերթական գավը դատարկեցի:

________________
[1] Մենամդախ: Անուբանիի առաջին որդին:
[2] Միդուդու: Անուբանիի երկրորդ որդին:
[3] Կիկուպիշ: Անուբանիի երրորդ որդին:
[4] Բալդադախդախ: Անուբանիի չորրորդ որդին:
[5] Թարթադադա: Անուբանիի հինգերորդ որդին:
[6] Աբուդանդիխ: Անուբանիի վեցերորդ որդին:
[7] Խարշակիդու: Անուբանիի յոթերորդ որդին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

- Հարգելի իմ ընկեր,- ինքն էլ իր հերթին իմ ափսեն լցնելով ինչով պատահի` ինձ դարձավ Լուլլուբումի արքան,- լսիր թե ես քեզ ինչ կասեմ,- նա ձայնը ցածրացրեց ու դարձավ ինձ,- մեր մեջ ասած ես էլ եմ քո կարծիքին ու իմ ձեռքերն էլ են վաղուց քոր գալիս Անապատի այդ դուրսպրծուկին մի լավ քոթակելու համար: Ախր ես արդեն ա՜յ այսքան,- Անուբանին մատները քսեց ծնոտին,- կուշտ եմ այս ապուշ Պամբայից: Դե իսկ որդինե՜րս…: Ես որ նրանց չարգելեմ, չէ՞, հենց հիմա կհեռանան: Բայց դե ի՞նչ անեմ, առայժմ նա ոսկով է վճարում, իսկ իմոնց ուրիշ բան կարծես թե պետք էլ չէ:
- Պա՜հ, ոսկո՜վ, ասեցիր, է՜լի,- դիտավորյալ ուժեղ փռթկացրեցի, որից հետո ընտիր խուրմայի մի կտոր դնելով զրուցակցիս ափսեի մեջ` կռթնեցի նրա ուսին,- ձեզ պես ազնվազարմ ու փառահեղ ռազմիկների համար ոսկին ի՞նչ է: Ես նույնիսկ վստահ եմ, որ ձեր համար դա չէ գլխավորը: Ուղղակի դուք պաշտպանում եք թույլ ազգերին, այսքան մի բան: Կեր, կեր, սա հատուկ քեզ համար եմ բերել տվել,- խուրմայի ևս մի լավ կտոր էլ դրեցի զրուցակցիս ափսեի մեջ,- այ կարող է մի ուրիշ ազգ էլ ձեզ որպես նվեր ոսկի տալ և դուք…

Կարծես թե գինովցածությունցի այլևս չկարողանալով խոսել, մի պահ հետ ընկա աթոռին ու լռեցի:
- Ուրիշ ա՜զգ,- ձգեց Անուբանին,- ի՞նչ ուրիշ ազգ:
- Արի մոտ, արի մոտիկ ասեմ,- կռթնեցի զրուցակցիս թևին,- ախր ի՞նչ եք դուք կորցրել այստեղ, հ՞ը…: Պամբայի ժլատությունն ու դաժանությո՞ւնը, չէ, Լուլլուբումի ձեր հարազատ երկից հեռու գտնվե՞լը, չէ, բա էլ ի՞նչ…
- Լավ, բա ի՞նչ անենք:

Ես մի լավ կտոր հալվա դրեցի Անուբանիի ափսեի մեջ, նրա գավը լցրեցի գինով ու, կարծես թե իմիջայլոց, շարունակեցի.
- Դուք ուժեղ ժողովուրդ եք: Մենք թույլ ենք, բայց մեր երկիրը, հաստատ, ոչ Խաթթիից է աղքատ, ոչ էլ մենք նրանից քիչ ոսկի ունենք, բա՜: Մենակ ձեր պես մեկն է պակասում, որ այդ անիծյալ Նարամ-Սուենի քթին հասցնի, որից հետո ոսկով, ավարով ու ձեռք բերած փառքով կամ վերադառնա իր երկիր, կամ էլ շարունակի մեզ պաշտպանել: Իսկ այս ապուշ Պամբան թող նստի իր Խաթթիում…
- Այո՜ո՜, լա՜վ կլիներ, լա՜վ կլիներ,- ձգեց արդեն բավականին հարբած զրուցակիցս,- ոսկին վատ բան չի՜…
- Իհարկե,- տեղն ու տեղը նրան հաստատեցի ես,- մանավանդ, որ Արարտայի ոսկին ձեզ կհասնի ավելի շատ քանակությամբ և գլխավորը` միանգամից ու ամենասկզբում, ոչ թե ժլատ Պամբայի պես` ամեն ամիս ու մաս-մաս…
- Դու լավ մարդ ես,- օձիքիցս կախվեց Անուբանին,- տղաներիս արևը վկա, լավն ես: Քո կենացը, վաճառական եղբայր, քո կենացը…

Մենք չրխկացրեցինք գավերը, որից հետո շարունակեցինք քեֆը: Մի քանի ժամ անց ծառաները Անուբանիին տուն տարան: Ես սովոր էի մեր գինուն ու բացի այդ էլ ուժեղ մարմին ունեի, դրա համար էլ միայն գլուխս էր ուրախ զրնգում: “Լա՜վ է”,- ծիծաղեցի ես մտքումս,- “եթե ես թեկուզ մի քիչ ճանաչում եմ քեզ, Լուլլուբումի արքա Անուբանի, դու հենց վաղը կրկին այս տանը կլինես”…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

Հաջորդ օրը առավոտ շուտ Անուբանին կրկին իմ տանն էր: Այս անգամ նա մտահոգ, սակայն վճռական տեսք ուներ:
- Երեկ մենք կարծես թե լավ քեֆ արեցինք,- սկսեց նա,- ինչ ասես որ չխոսեցինք…: Օֆ՜ֆ՜ֆ, գլուխս ոնց է ցավում:
Անմիջապես մի մեծ գավ գարեջուր դրեցի սեղանին ու առաջարկեցի մանր կումերով աստիճանաբար խմել այն:
- Ինչ ենք խոսե՞լ, որ,- զգուշորեն երեկվա թեմային վերադարձա ես,- կարգին չեմ էլ հիշում…
- Իսկ ես հիշում եմ…, ինչ էլ համով բան է,- շրթունքները սրբեց Անուբանին,- դու ինչ-որ ոսկու մասին էիր ասում…
- Հա՜ա՜,- հիշեցի ես,- աղոտ հիշում եմ…: Գիտե՜ս, մեր մոտ շատ կուզենային, որ լուլլուբեյցի ռազմիկները մեզ պաշտպանեն: Ախր այդ անիծյալ Նարամ-Սուենը եթե մեր երկիրը գրավեց, չէ՞, ամեն ինչ կտանի, իսկ այսպես գոնե մեր ոսկու մի մասը ձեզ տալով, մենք մնացածն ու երկիրը կփրկենք: Դրա համար մեր Մեծ քուրմն արդեն աղոթում է տաճարներում…
- Եթե դուք տաք տարվա համար Պամբայի տված ոսկուց կրկնակի անգամ ավել, մենք համաձայն ենք,- ռազմիկին վայել ուղղամտությամբ գործի անցավ Անուբանին:
- Դա շա՜տ է,- ես մի պահ տատանվեցի:
- Լավ, այնքան, որքան Պամբան ու մի հատ էլ դրա կեսը:
- Գիտե՞ս, հարգարժան իշխան, ես դեռ պետք է հայտնեմ Արարտա ու այնտեղից համաձայնություն ստանամ: Այ եթե դու ուզեիր Պամբայի տված ոսկու չափով ու մեկ էլ դրա կեսի կեսը, ես միանգամից կհամաձայնվեի: Հենց հիմա էլ Անիում [1] այդքան ոսկի կա ու այն միանգամից ձերը կլինի…
- Ես համաձայն եմ,- մի պահ ընդմիջումից հետո վճռականորեն ձեռքը մեկնեց Անուբանին,- դուք այդ ոսկին պատրաստ պահում եք, իսկ ես իմ բոլոր ռազմիկներով գալիս եմ ձեզ մոտ: Մեկ տարի հետո արդեն նորից կպայմանավորվենք:
- Համաձայն եմ,- Լուլլուբումի արքայի ձեռքը սեղմեցի ես, որից հետո զրուցակցիս տվեցի դաշույնս,- դու հավաքիր քո ռազմիկներին և պատրաստ եղիր: Եթե ես էլ չեկա, ապա այս դաշույնի նման դաշույն ստանալուն պես անմիջապես շարժվիր Արարտա:
- Ես մինչև հեռավոր ծովերի ափերը ցրված ռազմիկներ ունեմ,- Անուբանին մի տեսակ մտահոգ նայեց վրաս,- դրանից այն կողմ էլ մարդիկ կան, որ կուզենան մեզ միանալ… օ՜ֆ՜ֆ՜ֆ՜, գլխացավս կարծես թե թողեց, ինչ լավ բան էր…, ասում եմ, ես երևի մոտ քսանչորս բյուր ռազմիկ կհավաքեմ` լուլլուբեյցի ու մեզ միացած տեղացի, որոնք, ես վստահ եմ դրանում, կուզենան մեզ հետ գալ: Դուք այդքան ոսկի կունենա՞ք:

Ես անմիջապես կանչեցի ծառաներիս, որոնք արագորեն մի միջին մեծության գարեջրի տակառ գլորեցին սենյակ:
- Սա քեզ, հարգարժան իշխան,- ժպտացի ես,- թող քո ողջ խմածդ գինին այսուհետ քեզ անուշ լինի ու քո գլուխը երբեք չցավի: Իսկ ոսկին հաստատ կհերիքի:

Անուբանին անկեղծորեն ժպտաց: Ակնհայտորեն նրան դուր եկավ այս ամենը:
- Տեր արքա, դու աստիճանաբար հավաքիր քո ռազմիկներին: Դրա համար քեզ ինչքա՞ն ժամանակ է պետք:
- Երևի մեկ տարի,- մտախոհ ճակատը քորեց զրուցակիցս,- ես հենց հիմա որդիներիս կուղարկեմ, սակայն մինչև սրանք տեղ հասնեն, մինչև ռազմիկներս աննկատ տեղաշարժերով մոտենան ու կենտրոնանան Պուրուշխանդայի շրջակայքում…: Ահա թե ինչ, հարգարժան վաճառական, ես պատրաստ կլինեմ մյուս տարի աշնանը: Դրանից հետո մենք մի լավ թափ կտանք այս ժլատ Պամբային ու կշարժվենք Արարտա:
- Լավ, տեր արքա: Հանգիստ եղիր, այդ ընթացքում քո ոսկին Արարտայում քեզ կսպասի,- ժպտացի ես,- ես ու դու էլ իրար հետ սուրհանդակներով կապ կպահպանենք: Իսկ որ դու լրիվ հանգիստ լինես, ես ինձ հետ բերած ոսկիները կթողնեմ քեզ, որպես կանխավճար: Այստեղ այն կեսի ուղիղ կեսն է,- ծիծաղեցի ես,- իսկ մնացածը` Արարտայում…

Մենք ծիծաղեցնք ու կրկին իրար ձեռք սեղմեցինք: Անուբանին հրաժեշտ տվեց ինձ ու գնաց: Նրա ծառաներն անմիջապես տարան նաև գարեջրի տակառը…

Կարծես թե ամեն ինչ լավ էր: Ես ճանաչում էի ռազմիկի պատվի կանոններին հավատարիմ Անուբանիի բնավորությունը: Սա հաստատ կպահի իր խոսքը, մանավանդ, որ մեջն էլ ոսկի կա, իսկ ինքն ու իր որդիները էլ կուշտ ու կուռ զզված են Պամբայից: Մնում է մի բան, հասնել նրան, որ Նարամ-Սուենն ինչքան հնարավոր է ձգձգի իր արշավանքը Արարտայի դեմ: Դե այս տարվա համար կարելի է հանգիստ լինել, քանի որ այն դեռևս պետք կգա Նարամ-Սուենին Էբլայի տարածքին վերջնականապես տիրելու համար, իսկ մյո՜ւս տարի…: “Դեհ լավ”,- մտովի ձեռքս թափ տվեցի ես,- “մյուս տարի էլ մի բան կմտածենք”…

____________________
[1] Ամրոց Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում: Արարտայի խոշոր հոգևոր կենտրոններից մեկը: Չշփոթել Բագրատունյաց թագավորության Անիի հետ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Անուբանիի գնալուց հետո ես մի պահ փորձեցի կենտրոնանալ ու պատկերացնել հետագա անելիքներս: Դե, կարելի է ասել Պուրուշխանդայում ես արդեն գործ չունեմ: Ժամանակն է արդեն հավաքել իրերն ու կամաց-կամաց շարժվել Արարտայի ուղղությամբ: Կանչեցի ծառաներիս ու այդ գործով էի զբաղված, երբ ինձ հայտնեցին, որ մի մարդ շատ շտապ ուզում է ինձ տեսնել: Բարձրացա իմ սենյակը ու հրամայեցի մոտս ուղեկցել այդ մարդուն: Տանջահար ու հոգնած տեսքով ներս մտավ “Աղվես”-ի իմ սուրհանդակներից մեկը, որին ես ճանաչում էի դեմքով:
- Տեր իշխան,- արագ-արագ հայտնեց նա,- ինձ իշխան Վահագնը ուղարկեց: Տագնապալի լուրեր Արարտայում: Մեծ քուրմը պատերազմ է հայտարարել Նարամ-Սուենին ու արդեն շարժվում է դեպի Հայոց Միջագետք:

Ես գլուխս բռնեցի: Ի՞նչ պատերազմ, սա՞ ինչ բան է, որտեղի՞ց լույս ընկավ: Ախր մենք դեռ հույս ունեինք ժամանակ ձգձգել, լուլլուբեյցիներին պատրաստել, ինքներս պատրաստվել, իսկ Մեծ Քո՜ւրմը…: Հետո՞ ինչ, որ այժմ Նարամ-Սուենը զբաղված է Էբլան հնազանդեցնելով: Ախր մենք ինքներս ընդհանրապես պատրաստ չենք ոչնչի, իսկ Էբլայի տարածքում գտնվող թշնամու ուժերը բավականին շատ են…

Հենց հաջորդ առավոտյան ես, մի վերջին անգամ տեսնվելով Անուբանիի հետ ու նրան փոխանցելով ոսկին, բոլոր գործերս վերջացրած արդեն սուրում էի դեպի Հայոց Միջագետք: Ճանապարհին կողքիցս իր էշի վրա ընթանում էր սուրհանդակս, որը հավելյալ մանրամասներ հայտնեց.
- Ասում են, տեր իշխան, որ Մեծ քուրմը աստղերի ինչ-որ դասավորությունից հետևության է հանգել, որ այս տարի Նարամ-Սուենը անպայման իր ձեռքով կպարտվի ու կտապալվի: Դրանից հետո նա հատուկ հրամանով ոտքի է հանել Սպարապետական ու Մաղխազական գնդերը և շարժվել է դեպի Հայոց Միջագետք` իր դեսպանի միջոցով էլ որպես մարտակոչ Նարամ-Սուենին ուղարկելով մի ընտիր թուր: Սպարապետ Արամը այժմ զբաղված է բանակը կենտրոնացնելով ու աշխարհազորի զորակոչով, բայց ի՜նչ,- ձեռքը թափ տվեց սուրհանդակս,- ախր նա ռազմական գործին գիտակ մարդ է ու մինչև իր ուժերը բավարար չգտնի, չի շարժվի Նարամ-Սուենի դեմ, իսկ Մեծ քուրմը իրենն էր պնդում ու պնդում: Դե սպարապետն էլ, որ համ նրա անվտագությունն ապահովվի, համ էլ ցանկությունը կատարի, ստիպված է եղել Սպարապետական գնդի մեկ հազարյակով ու Մաղխազական գնդով Մեծ քրմին առաջ թողնել…

Դե իհարկե, սպարապետ Արամը հո չի՞ կարող ողջ բանակով հետևել Ռիշիադադին: Ախր նույնիսկ ծայրահեղ կենտրոնացման դեպքում էլ, որն ինքնին ժամանակի հարց է, այժմ Արարտայի բանակը հազիվ կազմի վեց բյուր: Ճիշտ է կա նաև աշխարհազորը, բայց դե այն դեռ պիտի հավաքվի՜, դեռ պիտի շարժվի՜ թշնամու դեմ: Այժմ մեզ պետք է ժամանակ շահել…: Կատաղած խթանեցի էշս…: Ախր չի՜ կարելի, էլի: Այսքան տանջվում ենք, այսքան կանխատեսում ու բանակցում ենք առաջիկա տարիների համար, իսկ սեփական տիրակալը մեր ծրագրերը տրորում է առանց նույնիսկ մեզ նայելու: Դե հիմա արի, սպարապետ Արամ, ու այս էշը հանիր ցեխից, դե արի ու այժմ կռվիր Նարամ-Սուենի գերակշռող ուժերի դեմ…: Կրկին դարձա սուրհանդակիս.
- Կորճայքո՞ւմ ինչ կա:
- Մեր համար էլ էր այս լուրն անակնկալ, տեր իշխան: Իշխան Վահագնը այժմ Կուտիների գնդով Տիգրիսի հունով շարժվում է դեպի արևմուտք: Երևի կամ կմիանա Արարտայի հիմնական բանակին, կամ էլ ինքնուրույն կգործի: Ողջ նահանգում հրամայված է հավաքել աշխարհազորը, որը Կուտիների գնդին կմիանա մի քիչ ուշ…

Մենք հողմի պես սլանում էինք դեպի արևելք: Երկու օրից արդեն Կոմանայում [1] էինք, իսկ ևս չորս օրից` Մարաշում [2]: Այստեղ ես մի պահ կանգ առա: Կենդանիներն արդեն ի վիճակի չէին առաջ գնալ, դե իմ մարդիկ ևս հոգնածությունից վայր էին ընկնում: Կեսօրյա հանգստից հետո մենք շարունակեցինք մեր ընթացքը դեպի արևելք: Մի քանի օրվա լարված երթից հետո սկսեցինք մոտենալ Կումուխային [3]:

Ճանապարհորդության ողջ ընթացքում մենք առաջ էինք անցնում աշխարհազորայինների մանր ջոկատներից, որոնք իրենք էլ ուղղություն էին բռնել դեպի Կումուխա: Ամենայն հավանականությամբ, ցանկանալով հարվածի տակ չդնել բանակը, բայց դե գոնե որևէ կերպ օժանդակել անխոհեմ Ռիշիադադին, սպարապետ Արամը բանակի հավաքման վայր էր հռչակել Կումուխան:

… - Ողջ եղիր, տեր սպարապետ,- Կումուխա հասնելուն պես անմիջապես սպարապետի նստավայրը գցեցի ինձ,- ես վերադարձել եմ ու լավ լուրեր ունեմ:
- Իսկ ես չունեմ,- մռայլված ինձ նայեց սպարապետ Արամը,- պատերազմը քթներիս տակ, է, իսկ մեր բանակը նույնիսկ համալրված ու կենտրոնացված էլ չէ:
- Տեր սպարապետ, մի քանի օրից հայրս այստեղ կլինի` Կուտիների գնդով:
- Դա լավ է, բայց…

Այդ պահին գլխավոր Հետախույզ Հայակզունի Վիրաբը ներս մտավ ու սպարապետի ականջին ինչ-որ բան ասաց: Վերջինս մտահոգված տեսքով անմիջապես դուրս եկավ: Կարճ ժամանակ անց սպարապետ Արամը կրկին ներս եկավ: Նա շատ տխուր էր.
- Ահա և եղավ այն, ինչից վախենում էի,- սպարապետը նստեց իր երթային գահվորակին ու շարունակեց,- ախր ասում էի ես Մեծ քրմին, չի կարելի այսպես, չի՜ կարելի…, իսկ նա իրենն էր քշում: Կպել հա կպել էր իր աստղերին: Ահա և արդյունքը: Նա չլսեց ինձ ու ցանկացավ շարժվել դեպի հարավ: Այդ ժամանակ իմ ձեռքի տակ քիչ ուժեր կային, դրա համար էլ ես ի վիճակի եղա նրա հետ դնել միայն իմ գնդի մեկ հազարյակ ու մեկ էլ Մաղխազական գունդը: Տեսե՜ք, տեսեք, դա Ռիշիադադին բավարար էր, քանի որ նա պատասխան էր ստացել Նարամ-Սուենից, որը հայտնում էր, որ Աքքադի արքան ընդունում է մեր քրմի մարտահրավերը և հանդիպման վայր է նշանակում Եփրատի աջ ափին գտնվող Ափիշալ սահմանային քաղաքը [4]: Դե ի՞նչ, այդ մերոնց համար է տված խոսքը պահելը պարտադիր պայման, իսկ Անապատի որդիների՜ համար…,- սպարապետը ձեռքը թափ տվեց ու շարունակեց,- փոխանակ նախապես պայմանավորված վայրում միայն իր ուղեկիցների հետ ժամանելու ու մեր քրմի հետ մենամարտելու, Նարամ-Սուենը վարվել է ստոր, բայց միանգամայն խելոք ձևով: Նա անմիջապես հավաքել է իր ձեռքի տակ եղած ուժերը ու վեց բյուրի կազմով շարժվել է մեր Մեծ քրմի վրա: Այդ պայմաններում իմոնց այլ բան չի մնացել անելու, քան արագորեն նահանջել Հայոց Միջագետք ներխուժած թշնամու հսկայական ուժերի առաջ: Այլ ելք չունենալով` իմոնք Մեծ քրմի հետ միասին պատսպարվել են Ափիշալում, բայց Նարամ-Սուենը շրջապատել է քաղաքը և, պարսպի մեջ ճեղք բացելով, համառ գրոհներից հետո ի վերջո գրավել է այն: Ափսո՜ո՜ս, ինչպիսի՜ տղերք կորցրի…: Կորցրի լրի՜վ անիմաստ տեղը…

________________
[1] Քաղաք Կիլիկիայի հյուսիսում:
[2] Քաղաք Կիլիկիայի արևելքում, Մարաշ գավառում, Ջահան գետի ձախ ափին:
[3] Քաղաք Անդրեփրատյան Ծոփքում, Կոմագենե գավառում, Եփրատի աջ ափին: Հետագա Սամոսատը:
[4] Քաղաք Հայոց Միջագետքի հարավ-արևմուտքում, Եփրատի աջ ափին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

- Իսկ Մեծ Քո՞ւրմը,- չկարողացա անհանգստությունս սանձել ու չընդհատել սպարապետին:
- Է՜է՜է…,- կրկին ձեռքը թափ տվեց սպարապետը,- Մեծ քուրմն ի՞նչ…, ախր չի կարելի, չէ՞, այդպես: Մեծ քուրմը, նրա հետ էլ տեղի իշխանը գերվել են: Հենց նոր գլխավոր Հետախույզը հայտնեց: Իմ հազարյակը և Մաղխազական գունդը գրեթե ոչնչացված են, չնայած դա Նարամ-Սուենի վրա էժան չի նստել: Հայտնում են նաև, թե իբր Նարամ-Սուենը հենց Ափիշալի պալատի առջև, իր ռազմիկների ներկայությամբ, թրամարտել է Ռիշիադադի հետ ու հաղթել նրան:
- Այո՜ո՜, մենամարտ այնուհանդերձ ստացվեց, սակայն ոչ այն կերպ, ինչ մեր Մեծ քուրմն էր ուզում: Ի՞նչ պիտի անենք հիմա:
- Ամենից առաջ ես անմիջապես բանակցությունների համար մարդիկ կուղարկեմ, որ փորձենք փրկագնով ազատել մեր Մեծ քրմին: Տեսնենք ինչ կստացվի: Հետո երկրի իշխանությունը կհանձնեմ Ռիշիադադի եղբորը` Թախիշաթալին, ու կհետևեմ, որ այս պարագան հանկարծ ապստամբական կամ էլ գահակալական գզվռտոց չառաջացնի: Մեր այս վիճակում մեզ միայն դա է պակասում…: Դե իսկ մենք էլ պետք է ամեն դեպքում այժմ ավելի շատ, քան առաջ, պատրաստ լինենք Նարամ-Սուենին դիմադրելու: Գլխավոր Հետախույզն արդեն հայտնում է, որ Ափիշալ քաղաքի մոտ տեղակայված Նարամ-Սուենի բանակը անընդհատ համալրումներ է ստանում: Ես արդեն հրամայել եմ Արշաներին` իրենց ողջ բնակչության հետ վերցնելով այն ամենը, ինչ կարող են, իսկ մնացած ամեն ինչ էլ ոչնչացնելով, նահանջել դեպի Աղձնիք կամ Ծոփք: Տեսնե՜նք…: Քեզնից պատմիր,- կարծես նոր հիշելով, թե ինչ նպատակով եմ ես եկել` հարցրեց սպարապետը,- դու կարծես թե ասացիր, որ լավ լուրեր ունես:
- Ես մեր նախատեսածից էլ էժան գնով պայմանավորվել եմ Անուբանիի հետ: Սակայն նրա օգնությունը կգա երևի հազիվ մոտ տարի ու կեսից, չնայած որ եկավ, ասեմ, Նարամ-Սուենին հաստատ քիչ չի թվա: Անուբանին իր հետ կբերի մոտ քսանչորս բյուր ռազմիկ:
- Այդքան շա՞տ,- զարմացավ սպարապետը,- դու վստա՞հ ես:
- Տեր սպարապետ, սա միայն նրա խոսքերը չեն: Ողջ տարվա ընթացքում իմ գործակալները ևս զբաղվում էին այս հարցով ու գրեթե նույն թիվն էին հայտնում: Դե մեկ բյուր այս կողմ, այն կողմ…
- Ասում ես տարի ու կես հետո՞…, ափսո՜ս…, լավ կլիներ մի քիչ շո՜ւտ…
Ես սպարապետին պատմեցի Անուբանիի հետ իմ պայմանավորվածությունների ու Խաթթիում տիրող վիճակի մասին:
- Այնպես որ, դժվար թե ավելի շուտ լինի, տեր սպարապետ: Դեռ այդ տարի ու կեսն էլ կարող է ձգձգվել…
- Գիտե՞ս, Հայկ, ինձ մտահոգում է մեկ այլ պարագա: Եթե մենք մեր երկիր թողնենք նման քանակությամբ վայրենի ռազմիկներ, անխուսափելիորեն սրանք այս կամ այն չափով կտրորեն Արարտան: Դե դու ինձ հասկանում ես…: Ինչքան էլ Անուբանին ազնիվ լինի, նա դժվար թե կկարողանա պատշաճ կերպով կառավարել իր այդքան մեծաթիվ ռազմիկներին:
- Դա ես էլ եմ մտածել, տեր սպարապետ: Սակայն նախ նրա հորդային մեր երկիր թողնելուն դեռևս բավարար ժամանակ կա: Հետո Արարտա մտնելու դեպքում մենք կաշխատենք այն միանգամից ուղղել Նարամ-Սուենի վրա: Եվ վերջապես մենք ինքներս նրա բանակին կմատակարարենք անհրաժեշտ պարենամթերք, որոշակի քանակությամբ վարձու կանայք և այլն, միաժամանակ էլ մեր ուժերով ուժեղ հսկողություն կազմակերպելով շրջակայքում: Մենք Անուբանիի համաձայնությամբ, ես վստահ եմ, որ նա կհամաձայնի, նրա հորդայի մի քանի առանձնապես տաքգլուխների մահապատժի կենթարկենք, որից հետո մնացածները, ունենալով ռազմիկին անհրաժեշտ պարենամթերքներ, կանայք ու ստանալով էլ իրենց ոսկին, կխելոքանան: Ինձ թվում է ստեղծված վիճակում ուրիշ ելք ուղղակի չկա: Այսպես թե այնպես, այս կամ հաջորդ տարի Նարամ-Սուենը թվական տեսակետից էականորեն կգերազանցի մեզ ու կփորձի ներխուժել: Անուբանիի հորդան իմ կարծիքով դեռ չարյաց փոքրագույնն է լինելու…
- Դու ճիշտ ես,- գլխով արեց զրուցակիցս, իսկ հետո մի պահ կրկին բռնկվեց,- ախր մեր ինչի՞ն էր պետք այս ամենը, ինչի՞ն, հը՞, այն էլ հիմա: Է՜է՜է…,- զայրացած ձեռքը թափ տվեց սպարապետն ու լռեց:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Կումուխայի մոտ հավաքվող Արարտայի բանակը օրեցօր համալրվում էր մանր ջոկատներով ժամանող մշտական բանակի ռազմիկների հաշվին: Աշխարհազորն առայժմ չէր երևում: Դե ինքը սպարապետն էլ չէր ուզում առաջինը մարտի տանել այն ու, չնայած խստորեն հրամայել էր ամենաշատը կես ամսից աշխարհազորին տեսնել արդեն Կոմագենեում, սակայն միաժամանակ նաև նախատեսել էր վերջինս առայժմ օգտագործել որպես միայն պահեստազորային ուժ:

Կումուխայի մոտ գտնվող Արարտայի մշտական բանակում արդեն կար մոտ երկու բյուր ռազմիկ և այն օր-օրի մեծանում էր: Մի քանի օրից ժամանեց նաև Կուտիների իմ գունդը: Ես գրկեցի վաղուց կարոտած Վահագնիս, որից հետո նրան, Հազարապետ Հայկին ու Սևակին հավաքվեցի վրանումս ու կրճատ կերպով հայտնեցի սպարապետից ստացված լուրերը:
- Հայր,- ի վերջո դարձա ես Վահագնին,- ասեմ նաև, որ իմ ճամփորդությունը դեպի Խաթթի արդյունավետ եղավ, թեև այդ կողմից մենք օգնություն կստանանք ոչ շուտ:
- Սևակ,- Վահագնը դարձավ հետախույզիս,- դու էլ կարծես կարևոր լուրեր ունեիր…
- Այո, տեր իշխան,- ոտքի կանգնեց Սևակը,- իմ գործակալները հայտնում են, որ Ափիշալի մոտ կենտրոնացած Նարամ-Սուենի բանակը այժմ արագորեն համալրվում է: Դրանից հետո այն հարձակման կանցնի:
- Ի՞նչ քանակությամբ թշնամու հետ մենք ստիպված կլինենք գործ ունենալ,- հարցրեց Վահագնը:
- Սպասվում է ևս մոտ չորս բյուրի հասնող համալրում: Ընդհանուր` մոտ տաս բյուր: Արդեն դեպի Ափիշալ ուղղություն են վերցրել նաև էլամցիք` Կուտիկ-Ինշուշինակի գլխավորությամբ:
- Ծեր շնագայլը կրկին լեշի հո՜տ է առել,- մռայլ ժպտացի ես,- սպասի՜ր, մի օր քե՜զ էլ կհասնենք…: Մենք մոտակա ժամանակներս այստեղ հազիվ վեց բյուր ունենանք: Քի՜չ է…
- Իսկ թշնամին ի՞նչ է պատրաստվում անել: Մենք պետք է գոնե մոտավորապես պատկերացնենք դա,- հարցրեց Վահագնը:
- Տեր իշխան, ես մինչև այստեղ գալն արդեն խոսել եմ Հայկազունի Վիրաբի հետ: Մեր ունեցած տեղեկությունների համադրումից կարծես թե պարզ է դառնում, որ թշնամին Արարտայի խորքերը շարժվելու լուրջ մտադրություններ չունի: Նրանք ցանկանում են առայժմ տիրել միայն Հայոց Միջագետքին ու ամրանալ այնտեղ: Էբլայում դեռևս անհանգիստ է և այս տարի Նարամ-Սուենը ամեն դեպքում պետք է զբաղվի դրանով:
- Ափսո՜ո՜ս, - չդիմացավ Հազարապետ Հայկը,- մեր քրմի սխալի պատճառով մտանք այսպիսի պատմության մեջ ու հիմա էլ կարծես թե մի ամբողջ նահանգ պիտի կորցնենք: Նարամ-Սուենը այսպես թե այնպես պետք է, որ Էբլայով զբաղվեր: Է, թող զբաղվե՜ր…, ինչի՞ բզբզեցինք…
- Դե լավ, Հայկ, ինչ եղել է եղել է,- խոսք վերցրի ես,- սխալ անելը մեկ սխալ է, դրա համար ափսոսալը` երկրորդ: Այժմ մենք պետք է պատրաստ լինենք ամենատարբեր պայմաններում մարտի մեջ մտնելուն:
- Իհակե, կուտիներս միշտ էլ պատրաստ են: Դեռ թող մի այդ անապատի շնագայլերն երևան…
- Մոտ ժամանակներս պիտի որ երևան…

Այդ պահին ինձ հայտնեցին, որ սպարապետը ինձ ու Վահագնին կանչում է իր մոտ: Կարճ ժամանակ անց ես ու Վահագնը նրա վրանում էինք: Հավաքված էին նաև սպարապետի զորականները:
- Տեր իշխան,- Վահագնին դարձավ սպարապետ Արամը,- վերջին տեղեկությունները հայտնում են, որ թշնամին շարժման մեջ է մտել: Սակայն այս անգամ Նարամ-Սուենը կարծես թե չի ուզում վճռական մարտ: Նա գերել է մեր Մեծ քրմին, գոհ է դրանից ու բացի այդ գիտի էլ, որ այժմ մենք արդեն գրեթե չորս բյուր բանակ ունենք:

Տեղավորվեցինք երթային գահվորակի առջևի աթոռակների վրա, իսկ սպարապետը շարունակեց.
- Ըստ մեր տվյալների Նարամ-Սուենի տասը բյուրանոց բանակն արդեն մտել է շարժման մեջ և առանց լուրջ մարտերի գրավել է գրեթե ողջ Հայոց Միջագետքը: Արշանները իրենց ժողովրդով նահանջել են Աղձնիք, իսկ նրանց զորամասերն արդեն մեր բանակում են: Այժմ Նարամ-Սուենն իր բանակը բաժանել է մոտ քսան մասի և տարբեր ուղղություններով պատրաստվում է ցրել այն Հայոց Միջագետքում, Կոմագենեյում ու Կիլիկիայի հարավում` զուտ ասպատակության և ավարառության նպատակով: Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին:
- Կարծում եմ, տեր իշխան,- առաջինը ոտքի կանգնեց գլխավոր Աղեղնավոր Հայկազունի Արմենը,- որ մենք պետք է մի կողմից բնակչությանը հեռացնենք, որն արդեն մասսամբ կատարված է, մյուս կողմից էլ ինքներս ստեղծենք մանր ջոկատներ ու անակնկալ հարձակումներով կամ էլ դարանակալումներով վնասենք դրանց:
- Ես էլ եմ այդ կարծիքին, տեր սպարապետ,- իր հերթին ոտքի կանգնեց գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արան,- եթե դրանց նպատակը ասպատակություններն են, ապա դրանք հաստատ այնքան էլ պատրաստված չեն լինի մարտի: Դե մենք էլ…,- Հայկազունի Արանը բռունցքը խփեց մյուս ձեռքի ափին ու լռեց:
- Վատ միտք չի՜, ես էլ էի այդպես մտածում, դո՞ւք ինչ կասեք,- մեզ դառնալով` հարցրեց սպարապետ Արամը:
- Ես համաձայն եմ: Իմ կուտիները պատրաստ են ցանկացած կազմով ու ցանկացած վայրում մարտի մեջ մտնել,- իմ ու իր փոխարեն պատասխանեց Վահագնս:
- Լավ, այդ դեպքում հենց այդպես էլ կանենք: Վիրաբ,- դարձավ նա գլխավոր Հետախույզին,- քո գործը այս պարագայում շատ է կարևորվում: Քո մարդիկ պետք է մեր ջոկատներին մշտական տեղեկություններով ապահովեն:
- Կարվի, տեր սպարապետ,- գլուխ տվեց ոտքի կանգնած Հայկազունի Վիրաբը,- ես նաև կշարունակեմ համագործակցությունը կորճայքցի Սևակի հետ:
- Լավ: Այդ դեպքում բաժանեք մեր չորս բյուրերը յոթ մասի, յուրաքանչյուրում վեց հազար ռազմիկ` հավասար քանակությամբ նիզակակիրներ և աղեղնավորներ, ու գործենք: Վեց մասերը վերցրեք ձեզ հետ, իսկ վերջին թերլրացված մասը կմնա ինձ մոտ: Ձեր գունդը,- սպարապետը կրկին դարձավ ինձ ու Վահագնին,- ես լիովին թողնում եմ ձեր տրամադրության տակ` միաժամանակ էլ հրամայելով վարվել նույն կերպ: Այն բաժանեք ըստ ձեր հայեցողության ու գործեք մյուսների պես: Տղերք,- ձայնը բարձրացնելով հավաքվածներին դարձավ սպարապետը,- եղեք զգույշ, բայց նախաձեռնող, հաշվենկատ, բայց քաջարի: Չեմ ասում ի՜նչ…, բայց եթե մեկ ամսից Նարամ-Սուենի ոհմակը գոնե մասսամբ հանգստանա ու ձեռք քաշի Հայոց Միջագետքի շրջակա նահանգներից, կարելի է ասել, որ արդեն լավ է…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Ես ու Վահագնս Կուտիների գունդը բաժանեցինք երեք մասի: Չորս հազարյակ վերցրեց Վահագնը ու մեկնեց դեպի հարավ-արևմուտք` Կիլիկիայի ուղղությամբ, չորս հազարյակ էլ վերցրեց Հազարապետ Հայկն ու շարժվեց հարավ: Նրանց հետ էին նաև “Աղվես”-ի մի քանի տասնյակներ: Իմ տրամադրության տակ մնացին “Դաշույն”-ը, “Աստղիկ”-ը ու “Ալեհեր”-ը` չհաշված իհարկե “Աղվես”-ի տասնյակները, ինչպես նաև վիրաբուժական ու խոհարարական հարյուրյակների մեկական մասերը:

Մի քանի օրից Կումուխայի մոտի մեր բանակատեղիում քիչ ռազմիկներ էին մնացել: Իմ բանակից բացի այստեղ էր նաև Սպարապետական գնդի մեկ հազարյակ, նիզակակիրների կես հազարյակ, մի այդքան էլ աղեղնավոր: Այս ուժերը մենք պահում էինք համենայն դեպս, չնայած արդեն մի քանի օրից լուրեր եկան, որ աշխարհազորային բանակը, հինգ բյուրի կազմով, հյուսիսից մոտեցել է Կումախային ու բանակել մեզնից մոտ կես օրվա հեռավորության վրա: Նրանց հետ էին նաև իմ Կորճայքցիք:

Ես հենց նոր էի խոսակցությունս վերջացրել Կորճայքի աշխարհազորայիններիս առաջնորդող Մթերապետ Վրույրի ուղարկած սուրհանդակի հետ, որը այս ամենը հայտնեց ինձ, երբ վրանս մտավ մի ռազմիկ ու հայտնեց, որ սպարապետ Արամը կանչում է ինձ:

Շտապեցի սպարապետի մոտ և գտա նրան ու գլխավոր Հետախույզին շատ մտահոգված և ցածր ձայնով ինչ-որ բան քննարկելիս:
- Տեր սպարապետ,- ձեռքս կողքիցս կախած թրի կոթին արձանացա նրա առջև ես:
- Արի, Հայկ, արի, ողջույն քեզ,- ձեռքի նշանով ինձ հրավիրեց իրենց միանալ սպարապետ Արամը,- կարևոր խոսակցություն ունենք:

Ես տեղավորվեցի նրանց մոտ, որից հետո սպարապետ Արամը շարունակեց.
- Հենց նոր գլխավոր Հետախույզը հայտնեց մի խիստ մտահոգիչ լուր: Նարամ-Սուենի Հատուկ գունդը, հինգ հազար ռազմիկի կազմով, ճարպկորեն խուսափելով մեր ջոկատներից ու շրջանցելով նրանց, այժմ արագորեն շարժվում է դեպի հյուսիս: Մեր գործակալները նրանց հանդիպել են Կումախայից դեպի հյուսիս երկու օրվա հեռավորության վրա: Սրանք նաև չեն դիմացել ու մի քանի գյուղ են ավերել: Բայց նրանց նպատակը հաստատ դա չէ:
- Մենք մի պահ մտածեցինք, որ սրանք անցել են մեր թիկունքը մեզ հետևից հարվածելու համար ու դրա համար էլ այժմ Աշխարհազորային բանակը մարտական բարձր պատրաստության մեջ է, բայց կարծես չէ: Սրանց նպատակն ուրիշ է: Նարամ-Սուենի Հատուկ գունդը մեծ արագությամբ դեպի հյուսիս է շարժվում,- շարունակեց Հայկազունի Վիրաբը:
- Դրանք հաստատ ուզում են Անի հասնել, տեր սպարապետ,- չկարողանալով նստած մնալ, ոտքի կանգնեցի ես,- հաստատ աչք են դրել Անիում պահվող մեր քրմական գանձարանի վրա: Երևի այդ մասին Մեծ քուրմն է պատահաբար ասել…
- Հնարավոր է…: Դե կարևոր էլ չէ, թե թշնամին այդ մասին որտեղից է իմացել: Հիմա, իշխան Հայկ, մենք պետք է ամեն գնով կանգնեցնենք նրա Հատուկ գնդին: Ես այժմ ձեռքիս տակ նման մեծության գործ ղեկավարելու համար հարմար զորականներ չունեմ, դրա համար էլ քեզ եմ ասում: Մեր ուժերն էլ են քիչ: Աշխարհազորային բանակը պետք է ինձ այստեղ, քանի որ հարավից ստացվող լուրերը չափազանց սպառնալից են ու մեկ էլ տեսար Նարամ-Սուենն իրոք որ մեզ վրա եկավ: Դու պիտի յոլա գնաս միայն քո ձեռքի տակ եղած ուժերով:
- Տեր սպարապետ,- պատասխանեցի ես,- այժմ ձեռքիս տակ ունեմ մոտ երկու հազար ռազմիկ: Ինձ ավել բան պետք չի էլ լինի:
- Համաձայն եմ, Հայկ: Այժմ մեկնիր, սակայն մշտական կապի մեջ եղիր մեզ հետ: Նարամ-Սուենի Հատուկ գունդը չպետք է Անի հասնի…

Անմիջապես ոտքի հանեցի կուտիների նոսրացած կազմով գունդս ու հարյուրապետերիս բացատրեցի մեր խնդիրը: Դրանից հետո մենք իսկույն դուրս եկանք Կումախայի մոտի մեր բանակատեղիից և սկսեցինք մարտարշավ դեպի հյուսիս: Ինչպես միշտ, այս անգամ էլ իրենց արագավազ էշերով “Աղվես”-ի ռազմիկները առաջ սլացան …
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Մենք արդեն յոթերերորդ օրն էր, որ Եփրատի ափով ընթանում էինք դեպի հյուսիս: Ճիշտն ասած ես վախենում էի, որ “Ալեհեր”-ն ու հատկապես “Աստղիկ”-ը հնարավոր է չդիմանան այս երթին, սակայն իմ կասկածները չարդարացան: “Աստղիկ”-ի կանայք զվարթ կերպով առաջ էին ընթանում, իսկ “Ալեհեր”-ի ռազմիկները, որոնք ինչ-որ տեղ խոցվել էին, որ իրենց ժամանակին չէին ուղարկել ակտիվ կռվի ու թողել էին բանակատեղիում, այժմ նորից ոգևորվել էին ու իրենց չխնայելով քայլում էին առաջ: Բանակիցս անմիջապես առաջ էլ ընթանում էր “Դաշույն”-ը` անակնկալներից խուսափելու համար:

Ի վերջո արդեն Դարանաղի գավառի [1] սահմանների մոտ հետախույզներս ինձ հայտնեցին, որ մենք հասնում ենք թշնամուն: Ես արդեն հասցրել էի տեղեկացնել Անիի կայազորին, ինչպես նաև պայմանավորվել էի նրանց հետ փոխգործակցության մասին: Բանն այն էր, որ սկզբում ես նախատեսել էին թշնամու թիկունքից հարվածել հենց այն պահին, երբ նա կսկսի ամրոցի գրոհը, սակայն հետո հրաժարվեցի այդ մտքից: Առանց այդ էլ ես թվապես զիջում էի հակառակորդին: Բացի այդ իմ “Աստղիկ”-ը բաց մարտի մեջ մտնելու դեպքում, թեկուզ և նետահարելով, բավականին կզիջեր թշնամուն, քանի որ վերջինս անխուսափելիորեն բանը կհասցներ ձեռնամարտի: Վճռական էին տրամադրված “Ալեհեր”-ի ռազմիկներս, բայց դե նրանք էլ քիչ էին…: Ես այլ բան էի մտածել:

Բանն այն էր, որ չմոլորվելու համար թշնամին շարժվում էր միայն և միայն Եփրատ գետի ափով: Այս պարագան երկարացնում էր նրա ուղին: Ես որոշեցի օգտվել այդ հանգամանքից, ու, մտնելով Դարանաղի գավառի սահմանները, կարճ ուղով առաջ անցա Նարամ-Սուենի Հատուկ գնդից և Անիի մոտ գտնվող մի հարմար կիրճում դարան դրեցի: Ընդ որում “Ալեհեր”-ին ես հավասարապես բաշխեցի բլրի երկու կողմերում` պատվիրելով իմ նշանը ստանալուն պես վայրենի աղմուկ-աղաղակ բարձրացնել:

Շուտով հայտնվեց թշնամու Հատուկ գունդը, որը լիակատար մարտական վիճակում ու հետախուզությամբ էլ շոշափելով իր ուղին, զգաստ ու ամեն ինչի պատրաստ մոտենում էր: Սակայն արդեն երեկոյան կողմ սուրհանդակներս հայտնեցին, որ նրանք մի ապահով վայրում, արդեն մեզ շատ մոտ, բարձրունքների վրա տեղավորելով իրենց ժամապահներին, տեղավորվում են հանգստի: Ինձ հենց դա էլ պետք էր: Մոտս կանչեցի “Աստղիկ”-ի ղեկավար Վարդուհուն` տարիքով ու փորձառու, սակայն նաև արագաշարժ մի կնոջ:

- Վարդուհի,- դարձա ես նրան,- ինձ անհրաժեշտ են մի քանի արագաշարժ, ճարպիկ ու լավ վազող աղջիկներ:
- Իմ մոտ համարյա բոլորն էլ այդպիսին են, տեր իշխան,- խոնհարվեց Վարդուհին:
- Այդ դեպքում հատկապես լավերից մի հիսուն հոգի ընտրիր ու հենց հիմա այստեղ բեր,- հրամայեցի ես:

Որոշ ժամանակ անց թվով մոտ հիսուն երիտասարդ աղջիկներ շարված էին առջևս: Ես դարձա նրանց.
- Աղջիկներ, ձեզ համար գաղտնիք չէ, թե վերջին օրերին մենք ինչ նպատակով և ում ենք հետապնդում: Դրա համար ես միանգամից գործի կանցնեմ: Ձեր առջև խնդիր է դրվում, չունենալով ձեզ մոտ ոչ մի բացահայտ կրելիք զենք ու ամեն ինչում նմանվելով սովորական հայ աղջիկների, կարծես թե պատահաբար զբոսնելով երևաք թշնամու բանակատեղիի առաջ: Սա վտանգավոր գործ է, սակայն դրա ճշգրիտ կատարումից շատ բան է կախված լինելու: Ինձ պետք է, որ թշնամու զինվորները նկատեն ու հրապուրվեն ձեզնով, իսկ դուք էլ, կարծես թե վախից ճչալով ու այդ միջոցով ավելի գրգռելով նրանց, պետք է փախուստի դիմեք ուղիղ դեպի այս կիրճի խորքը` դա արդեն մթնով: Ձեր խնդիրը սա: Կտրականապես արգելում եմ ընդհարման մեջ մտնել նրանց հետ կամ էլ որևէ այլ մի ձևով նրանց հասկացնել տալ, որ իրենց առջևում բանակ կա և կամ էլ, որ դուք սովորական աղջիկներ չեք:
- Մենք այսպես թե այնպես սովորական աղջիկներ չենք,- լսեցի մի համարձակ ձայն շարքի միջից ու թեև աչքի պոչով հասցրեցի նկատել, որ այդ համարձակ խոսքերի հեղինակը աղեղնավորների մրցույթում ինձ հաղթողն էր, սակայն չտեսնելու տվեցի դա:
- Ես գիտեմ որ սովորական չեք,- ծիծաղեցի ես,- նույնիսկ կասեի ավելին: Դուք այնքան անսովոր եք, որ թշնամու ռազմիկները ձեզ տեսնելիս հաճախ գլուխները կորցրած կամ էլ կրծքները բռնած ցած են թափվում,- ծիծաղեցի ես,- բայց դե ամեն դեպքում,- կրկին լրջացա ես,- իմ հրամանը պետք է ճշտորեն կատարվի…

________________
[1] Խոշոր գավառ Բարձ Հայք նահանգի արևմուտքում:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

Ես դասավորեցի բանակս ու ամեն մի ջոկատին բացատրեցի իր անելիքները, որից հետո աղջիկներին առաջ ուղարկեցի, իսկ ինքս էլ “Դաշույն”-ս վերցրած հետևեցի նրանց: Դե իսկ աղջիկները, պարզվեց, իսկական դերասաններ էին: Իրար ձեռք բռնած, երգ ասելով ու խաղ անելով սրանք այնքան անմեղ տեսքով հայտնվեցին թշնամու բանակատեղիի առջևի դաշտում, որ նույնիսկ ես զարմացա: Ես վախենում էի, որ թշնամին այս խայծը կուլ չի տա, սակայն բարեբախտաբար այդպես չեղավ: Արդեն արևամուտի առաջին շողերի հետ ես նկատեցի, թե ինչպես մի աննկատ տեղ տեղավորված թշնամու բանակատեղիում ռազմիկները սկսեցին հավաքվել բարձրունքների վրա ու հետաքրքրված դիտել աղջիկներին: Սրանք էլ կարծես դրանով չբավարարվեցին: Մի քանիսը հանվեցին և, մերկացնելով իրենց չքնաղ մարմինները, սկսեցին լողանալ Եփրատում: Դա արդեն անհաղթահարելի ուժով գործեց Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկների վրա: Հանկարծ ես նկատեցի, որ մի հարյուրյակ, այնուհանդերձ լրիվ կարգապահությամբ ու լիակատար հանդերձավորված, պատրաստվում է դուրս գալ վրանների միջից: Շուտով նկատեցի, որ սրան սկսեցին հետևել նաև մյուս հարյուրյակները: Ընդ որում թշնամու ռազմիկները ակնհայտորեն շտապում էին, քանի որ իրենք շատ էին, իսկ աղջիկները` քիչ:

Ես հենց կիրճի մոտ քողարկեցի “Դաշույն”-ը: Իսկ աղջիկները կարծես դեռ չէին նկատել թշնամուն ու շարունակում էին իրենց անմեղ գործը: Ի վերջո նրանք կարծես թե նկատեցին թշնամու ռազմիկներին և, մի կերպ վրան գցելով շորերը ու վայրենի ճիչեր արձակելով, սկսեցին փախչել մեր ուղղությամբ: Հատուկ գնդի առաջին հարյուրյակը, չենթարկվելով արդեն որևէ կարգապահության, խախտեց շարքերն ու սկսեց վազել աղջիկների հետևից, որոնք սրան բերեցին ուղիղ “Դաշույն”-իս հարյուրյակի մոտ:

Երբ թշնամին մի պահ խորացավ ծառերի տակ ու կտրվեց իր հիմնական ուժերի տեսադաշտից, “Դաշույն”-ը գործեց կայծակնային արագությամբ: Անակնկալը որոշեց ամեն ինչ: Մի քանիսի վրա տղաները նետվեցին ծառերի վրայից, մյուսների վրա թաքստոցներից նետեցին դաշույնները կամ էլ նետահարեցին: Շատերին էլ իմ տղերքը գցեցին քողարկված փոսերը կամ էլ, քաշելով նրանց ոտքերի տակ քողարկված պարանները, տապալեցին, որից հետո գլխատեցին կամ խոցեցին: Ռազմիկներիս մի մասն էլ ծառերի վրայից ճարպկորեն նետահարեց փախչել փորձող մի քանիսին: Անակնկալ ու կարճատև մարտից հետո թշնամու հարյուրյակը ոչնչացված էր: Իմոնցից սպանվել էր երկու, վնասվել հինգ ռազմիկ: Ես հրամայեցի արագորեն հավաքել դիակները և վերացնել ընդհարման բոլոր հետքերը, որից հետո աղաղակող աղջիկները կրկին երևացին անտառափեշին:

“Դաշույն”-ս նման կերպ ոչնչացրեց թշնամու ևս մեկ հարյուրյակ: Սակայն այս անգամ Հատուկ գնդի ղեկավարությունը կարծես թե ինչ-որ բան հասկացավ և, արագորեն մարտակարգ ընդունելով բաց դաշտում ու հզոր վահանափակ կազմելով, եկավ ուղիղ մեզ վրա: Անտառափեշին թշնամու մոտենալուն պես անտեսանելիության աստիճան քողարկված ռազմիկներս գործի դրեցին իրենց աղեղները: Չնայած թշնամու վարժ վահանափակը որոշ չափով մեղմում էր նրա կորուստները, սակայն այնուհանդերձ դրանք աստիճանաբար զգալի դարձան: Ընդ որում, ես առաջին անգամ դա այստեղ նկատեցի, մեր մեծ աղեղներից արձակված հաստ ու պողպատե ծայրակալերով նետերը հաճախ ծակում էին թշնամու վահանները, էլ չասած զրահների կամ էլ սաղավարտների մասին: Արդյունքում թշնամին կամ անմիջապես էր խոցվում, կամ էլ շփոթվում էր, որից էլ իմոնք ճարպկորեն օգտվում էին: Իմ օգտին էր նաև այն, որ քաղաքում կամ անապատում մարտնչելու սովոր թշնամու ռազմիկները ուղղակի շվարել էին ծառերի մոտ ու ոչ կարողանում էին մագլցել դրանց վրա, այն էլ իրենց ծանր հանդերձանքով, ոչ էլ ի վիճակի էին անտեսել դրանք:

Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկները ստիպված իրենք էլ գործի դրեցին աղեղները, սակայն դրանցից օգուտ քիչ եղավ: Նախ նրանք գրեթե չէին տեսնում քողարկված ռազմիկներիս, հետո` նետահարում էին դեպի վերև, և ի վերջո նետահարելիս իրենք էլ էին բացվում, որոնցից ծառերի վրա հարմար տեղավորված “Դաշույն”-իս ռազմիկները ճարպկորեն օգտվում էին:

Այսպես շարունակվեց որոշ ժամանակ և թշնամու արդեն մոտ հինգ հարյուր ռազմիկ սպանված տապալվել էր գետնին, կամ էլ դեռ մահացու ջղաձգության մեջ ոտքերով հողն էր քերում: Ի վերջո Անապատի որդիները կարծես թե հնարը գտան: Իրենց հետ բերած նավթը սրանք լցրեցին ծառերի վրա ու կրակ տվեցին դրանք: Սա կարծես թե սկսեց օգնել: Ես զգացի, որ “Դաշույն”-ի արդյունավետությունն ընկնում է, դրա համար էլ հրամայեցի անաղմուկ նահանջել:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

Արդեն աղջամուղջ էր: Վերջին ռազմիկների հետ հեռանալիս ես նկատեցի, որ թշնամու ռազմիկները թրերը մերկացրած ու վահանների հետևում թաքնված դեռևս անհագստացած հայացքով դիտում են արդեն բներից վերև այրվող ծառերի սաղարթները: Երբ մեր նահանջի ճամփան արդեն ապահովված էր, ես ռազմիկներիս հետ միասին հետ մնացի, կրկին աղեղների հարվածի տակ առա թշնամուն և սկսեցի հիանալ Կորճայքի ընտիր աղեղներով ու նետերով: Ահա մի նետ թռցրեց աժդահա հարյուրապետի սաղավարտը, իսկ հենց նույն պահին էլ մյուսը խրվեց նրա գլխի մեջ: Ընդ որում սա միակ օրինակը չէր: Մի քանի նետ էլ շամփրեցին վահանափակից անզգույշ կերպով դուրս ցցված ոտքեր ու ձեռքեր: Թշնամու վահանափակից մի վայրենի ոռնոց բարձրացավ: Անմիջապես էլ այն փորձեց մեզ վրա գալ, բայց գրեթե միանգամից էլ խախտվեց, քանի որ անտառում անհնար էր շարքը պահպանել: Արդեն ուշադրություն չդարձնելով դրա վրա, թշնամու ռազմիկները, թաքնվելով իրենց ուղղանկյուն վահանների հետևում, սկսեցին ջահերի պես վառվող ծառերի արանքով կատաղած կերպով դեպի մեզ գալ: Ես հետս գտնվող ռազմիկների հետ սկսեցի փախչողներին հրապուրել իմ հետևից: Ի վերջո արդեն լուսնյակի լույսի տակ թշնամին հայտնվեց իմ նախատեսած կիրճում: “Դաշույն”-իս տղաները կրկին արագորեն բարձրացան ծառերը կամ էլ տեղավորվեցին թաքստոցներում: Հենց նույն պահին էլ այրվող նետերի մի հսկայական խուրձ ծածկեց կիրճ մտած թշնամու ռազմիկներին: Դրան անմիջապես հետևեցին նետերի նոր խրձեր: Դա “Աստղիկ”-ն էր հրավառում…

Ներքևում բացվել էր մի կախարդական տեսարան: Թշնամու ռազմիկներից շատերը գետնին ընկած ու կրակով պատված այրվում էին: Շատերը դադարել էին շարժվելուց, իսկ մի քանիսն էլ նետելով վահաններն ու զենքերը, ամբողջովին կրակով պատված ու վայրենաբար ոռնալով, վազում էին կիրճում: Թշնամու նախկինում էլ կորուստներ կրած հազարյակը, արդեն քշվելով հետևից եկող թարմ ուժերի կողմից, փորձեց այնուհանդերձ առաջ գալ: Նույն պահին էլ լեռների լանջերին տեղավորված “Ալեհեր”-իս ռազմիկները մի վայրենի աղաղակ բարձրացրեցին ու սկսցին թրերով հարվածել վահաններին, իսկ նրանցից մի քանիսն էլ նախապես յուղով պատված գերանները այրեցին ու գլորեցին թշնամու վահանափակի վրա:

Կիրճում գտնվող թշնամին շփոթվեց: Այդ պահին “Դաշույն”-ս մի պահ դադարեցրեց նետահարելը և նրա ռազմիկները սկսեցին Անապատի որդիների լեզվով գոռալ.
- Փրկե՜ք…, կուտ ուտողնե՜րը…, ա՜ա՜ա՜…, կրակի ժողովո՜ւրդը…

Կրակից, իրենց անակնկալ կորուստներից ու ժխորից առանց այդ էլ շփոթված ու ամեն մի գերբնականի հեշտությամբ հավատացող թշնամու ռազմիկների համար սա արդեն ուժերից վեր էր: Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկները խուճապի մատվեցին: Դժվարությամբ վերականգնված նրանց վահանափակը կրկին խախտվեց ու թշնամու ռազմիկները սկսեցին փախչել: Հենց այդ պահին էլ ես բոլոր ուժերով հարվածեցի նրանց:

Ընդ որում իմ հրամանով հարձակման գնացող մարտիկներս թրերը թողել էին պատյաններում, հրաժարվել էին նաև վահաններից և լանջերից, չդադարեցնելով հզոր աղմուկը, թշնամու վրա էին իջնում վառվող մարխերը ձեռքներին: Ինքս էլ երկու վառվող մարխ ձեռքիս նրանց հետ իջա թշնամու վրա: Ձախ ձեռքիս մարխով ես կրակեցի առանց սաղավարտ ու երակարամզ մի ռազմիկի գլուխը, իսկ աջիս մարխն էլ խոթեցի մյուսի զրահների մեջ, որոնց տակի մորթին միանգամից կպավ: Ես մերկացրի թուրս ու սկսեցի եռանդով կերպով կոտորել շփոթված ու արդեն մի կարգին չդիմադրող էլ թշնամուն…

Սրանք արդեն լիովին կորցրել էին իրենց: Շատերը նետել էին զենքերն ու վահանները և փորձում էին մի կերպ ճողոպրել: Սակայն հենց դրանք էլ առավել հեշտ էին կրակի բաժին դառնում` քանի որ ռազմիկներս առաջին հարվածը հասցնում էին մարխերով, որի հետևանքով զրահների տակից կամ վրայից մորթեղեն հագած շատ Անապատի որդիներ վերածվեցին կրակե ջահերի: Արդեն բաց դաշտում ցրված ու փախչող թշնամուն մերոնք հետապնդեցին գրեթե ողջ գիշեր:

Ես ինքս առանձնապես չտարվեցի հետապնդման գործով, այլ, բանակս չկորցնելու համար, վերադարձա մի հսկայական խարույկի վերածված կիրճի մոտ: Սակայն միայն խորը գիշերով ես հրամայեցի զլել զուռնան: Բայց այս անգամ դա կարծես թե ավելորդ էր, քանի որ վերադարձող ռազմիկներս անսխալ կերպով գտան ճանապարհը. կիրճն այրվում էր մեծ ուժով ու դա երևում էր շատ հեռվից…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Իմ բանակը տեղավորվեց կարճատև հանգստի, սակայն արդեն արևածագի հետ ես հրամայեցի շարժվել թշնամու հետևից: Միաժամանակ հրդեհի ու աղմուկի վրա հավաքված գավառի տոհմապետերին ես պատվիրեցի անմիջապես հանգցնել կրակն ու հաշվել, իսկ հետո էլ այրել թշնամու դիակները:

Թշնամուն հետապնդելուս ընթացքում, սակայն, ես չկարողացա գտնել վերջինիս քիչ թե շատ խոշոր որևէ մի ջոկատ: Եփրատի ափերի երկայնքով իրականացված իմ արագ երթի ընթացքում բանակս ոչնչացրեց թշնամու հազիվ մոտ հիսուն ռազմիկ: Պարզվեց, որ մնացածը այնքան խելագար արագություն էին վերցրել, որ մենք նրանց չհասանք: Ես միայն հետո իմացա, որ Նարամ-Սուենի Հատուկ գունդը լրիվ ցրվել էր, իսկ շատ ռազմիկներ էլ փախել էին դեպի արևմուտք` ապաստանելով Խաթթիում և միայն ահագին ժամանակ հետո վերադառնալով իրենց տիրոջ մոտ:

Ամեն դեպքում ես Նարամ-Սուենի Հատուկ գնդին վատ չէի հյուրասիրել: Արդեն ավելի ուշ, երբ Դարանաղի գավառի բնակիչները սկսեցին հավաքել ու այրել թշնամու դիակները, պարզվեց, որ այդ գիշեր Նարամ-Սուենի Հատուկ գունդը կորցրել է մոտ երկու հազար ռազմիկ: Իմ կորուստները անհամեմատ քիչ էին: Հայերից սպանվել էր հարյուր քսան հոգի, վիրավորվել մոտ երկուհարյուրը…

Ես վերադարձա Կումուխայի մոտ գտնվող մեր բանակատեղին ու սպարապետին հայտնեցի ամեն ինչի մասին: Պարզվեց, որ այստեղ ևս թարմ լուրեր կային: Մեր ջոկատների մեծ մասը հաջողությամբ կատարել էր իր առջև դրած խնդիրը և ջարդել էր թշնամու թռուցիկ ջոկատներին:

- Տղերքը հատկապես լավ են կռվել Կիլիկիայի կիրճերում, չնայած մյուս տեղերում էլ ոչինչ: Դե իհարկե, այնտեղի մեր ամրոցաշինական համակարգն էլ քիչ չէր ու թշնամու խոշոր ուժեր նրանց առջև կանգ էին առել, բայց տղերքն էլ ապրեն: Քանի՜-քանի դարաններ են կազմակերպել…,- ուրախ տեսքով ինձ պատմեց սպարապետ Արամը, որին իմ հաջողության լուրն առավել ևս էր ոգևորել,- այժմ թշնամին արագորեն հավաքում է որոշ չափով ծեծված իր ուժերը: Ճիշտ է, այս անգամ նրան հաջողվել է նաև որոշ քանակությամբ ավար ձեռք գցել, բայց դե առանց դրա՞…,- սպարապետը տարածեց ձեռքերը,- կարևորն այն է, որ թշնամին այնուհանդերձ նահանջում է: Մեր ուժերը մասսամբ վերադարձել են, մասսամբ էլ կվերադառնան մոտ օրերս: Նարամ-Սուենն արդեն ինքն էլ է վերադարձել Աքքադ` մյուս տարուն հետաձգելով պատերազմի շարունակությունը: Այս ընթացքում թշնամին կորցրել է մոտ մեկ բյուր ռազմիկ, մենք` մոտ հազար հոգի: Այնպես որ առավելությունն առայժմ մեր կողմում է, չնայած պետք է ասել նաև, որ թշնամուն էլ բաժին հասավ Հայոց Միջագետքը: Առա՜յժմ…,- ձգեց սպարապետը,- բայց դե մենք քեզ դեռ էլի ասելիք ունենք, անապատի իժ…,- հեռակա կարգով Նարամ-Սուենին ուղղելով վերջին խոսքերը` ժպտաց սպարապետը:
- Իսկ Մեծ քուրմը՞,- հարցրեցի ես:

Սպարապետը մռայլվեց և օրորեց գլուխը:
- Ինքնասպան է եղել, չի կարողացել տանել իրեն բաժին հասած անպատվությունը: Ցավալի՜ է…
- Իրո՜ք,- պատասխանեցի ես,- իսկ այժմ ի՞նչ պիտի անենք:
- Դե մենք այս տարին կարծես թե շահեցինք: Ես առայժմ բանակը կպահեմ զենքի տակ ու կթողնեմ այստեղ, սակայն ակնհայտ է, որ մոտ ժամանակներս Անապատի որդիները կհեռանան իրենց Անապատը: Դե ես էլ այդ դեպքում, թողնելով մեր մշտական բանակն այստեղ, տուն կցրեմ իմ աշխարհազորայիններին` վաղ գարնանը հավաքելու պայմանով…

Ամեն ինչ եղավ սպարապետի նախատեսած ձևով: Շուտով պարզ դարձավ, որ Արշայում Նարամ-Սուենը թողել է հինգ բյուրանոց մի բանակ, իսկ իր ցեղակիցների մեծ մասին ու էլամցիներին էլ թույլատրել է վերադառնալ տուն` մյուս տարի գարնան սկզբին հավաքվելու պայմանով:
Ես ու Վահագն էլ հավաքեցինք Կուտիների գունդը և սպարապետի թույլտվությամբ, քանի որ ամեն դեպքում Կորճայքի ապահովությունն էլ պետք չէր անտեսել, վերադարձանք հարազատ վայրեր: Կուտիներիս գունդը կորցրել էր հինգհարյուր վաթսունյոթ ռազմիկ: Իմ ռազմիկներից շատերը պարգևատրվել էին սպարապետի հատուկ նվերներով: Վահագնս ու Հազարապետ Հայկը պարգևատրվել էին գայլի մորթիներով…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

Հետաքրքիր իրադարձություններ էին :think Տեսեք Հայկը ինչ է արել -

Սա

Изображение

Մինչեփրատյան Ծոփքն է, հստակ երևում է նրա արևմուտքով հոսող Եփրատը: Ուրեմն Նարամ-Սուենի Հատուկ գունդը, քանի որ լավ ծանոթ չէր Հայաստանին, բայց գիտեր, որ Անին Եփրատի վերին հոսանքներում է, առաջ էր շարժվում բացառապես միայն Եփրատի հունով:

Սա

Изображение

արդեն Բարձր Հայքն է, տեսնում եք նրանով կտրուկ դեպի արևելք թեքվող Եփրատը? Ըհը, ուրեմն Հայկը, թողնելով, որ թշնամին առաջանա Եփրատով, այսինքն ծուռումուռ ու բնականաբար ավելի երկար ճամփով, ինքը փոխարենը լեռնային կածաններով, բայց ուղիղ գծով արագորեն առաջ է անցել նրանից ու դարան դրել Դարանաղի գավառում` արդեն նույն Բարձր Հայքում փակելով աքքադցիների ճանապարհը: Քարտեզի վրա հստակ երևում է Անին, որն այստեղ կոչվում է իր երկրորդ` Կամախ անունով: Դարանը եղել է դրանից ավելի արևմուտք :)

Կարծում եմ վատ չի, հը? ;)
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Ամառն արդեն մտել էր իր իրավունքների մեջ: Ես ու Վահագնը կարգի բերեցինք մեր զինական ուժերը` միաժամանակ մշտական կապի մեջ լինելով սպարապետի հետ: Այդ ընթացքում, շնորհիվ սպարապետի աջակցության, Թախիշաթալը առանց դժվարության հռչակվեց Արարտայի Մեծ քուրմ: Սակայն պատերազմական վիճակը ամեն դեպքում շարունակվում էր ու որոշակի լարվածություն առկա էր, թեև Հայոց Միջագետքում թողնված Նարամ-Սուենի բանակը որդեգրել էր զուտ պաշտպանական մարտավարություն:

Ինչպես և առաջ, ես իմ օրերի մեծ մասը անցկացնում էի Կուտիների գնդում: Այս անգամ ռազմիկի հետաքրքրություններից բացի ինձ այդ կողմն էր ձգում նաև “Աստղիկ”-ի համարձակ ռազմիկը: Ես արդեն գիտեի, որ կուտիների լավագույն նետաձիգի անունը Աստղիկ էր: Չնայած ինձ համար հաճելի էր մտածել նրա մասին, սակայն ես կարծես կաշկանդվում էին Նունեի պայծառ կերպարով ու մի տեսակ ինձ թույլ չէի տալիս լրջորեն մտածել ուրիշ կնոջ մասին…

… Օրերից մի օր ես որոշեցի Ջլմայրից ուղևորվել դեպի Ալկիքար: Սակայն ողջ օրը տևած գործերս ինձ այնքան ուշացրին, որ երբ պատրաստվեցին այնուամենայնիվ սկսել ուղևորությունս, արդեն օրը վերջանում էր: Հազարապետը սկսեց ինձ համոզել, որ հետաձգեմ ուղևորությունս, բայց ես չհամաձայնեցի…

Արդեն մի քանի ժամ էր, որ ես ուղղություն էի բռնել դեպի Ալկիքար: Մութն ընկել էր, սակայն լիալուսինը բավականին լուսավորություն ամեն դեպքում ապահովում էր: Ես մտա ճանապարհին գտնվող հերթական կիրճը, սակայն հենց այստեղ էլ զգացի, որ շրջակայքում ինձնից բացի ևս մեկը կա, քանի որ ես պարզորեն սկսեցի լսել գիշերային լռության մեջ ինչ-որ մեկի ոտքերի տակ կոտրվող չորացած ճյուղերի խշրտոցը: Անմիջապես շեղվեցի ճանապարհից և դարան մտա: Այդպես էլ կար, ես չէի սխալվել: Կարճ ժամանակ անց ճանապարհին հայտնվեց մի հսկայական ու չորեքթաթ վիճակում առաջ եկող արջ: Ես հայացքով ուղեկցեցի նրան, թողնելով որ հեռանա, որից հետո միայն ես պետք է շարունակեի ուղիս: Սակայն իմ ցանկությանը վիճակված չէր իրականանալ: Գրեթե միաժամանակ ես լսեցի երիտասարդ աղջիկների ձայներ, որոնք գալիս էին մոտակա բացատից: Ես հետաքրքրված գնացի այդ կողմը և միայն բավականին ուշ նկատեցի, որ արջը ևս այդ ուղղությունն է բռնել:

Իսկ բացատում, բավականին սակավ լուսավորության պայմաններում ես կարողացա նկատել միայն մի քանի կանացի կերպարանքներ…
“Ծովինարի գիշե՜րն է, ինչպե՜ս էի մոռացել”,- մտքումս ծիծաղեցի ես: Ծովինարը իմ հորական կողմի տատն էր և այժմ, բավականին ժամանակ անց, նա ևս աստվածացվել էր հայրենակիցներիս կողմից: Իսկ ամառային այս օրը հենց այն գիշերն էր, երբ ըստ ավանդության երիտասարդ աղջիկները կարող են մի առանձին վայրում գուշակությամբ զբաղվել և փորձել տեսնել իրենց ապագա ընտրյալին: Այդ ամենը ինձ շատ հետաքրքրեց, մանավանդ որ դատելով ամեն ինչից` աղջիկները ոչ միայն երիտասարդ էին, այլև իրոք շատ լավը: Նրանց դեմքերը չէր երևում, սակայն մարմինների ուրվագծերից կարելի էր դատել, որ ես ճիշտ էի…

Սակայն իրադարձություններն այս անգամ զարգացան շատ սրընթաց: Ինձ պես պոետիկ հովեր ակնհայտորեն չունեցող արջը, որն ըստ երևությին վերադառնում էր բացատին բավականին մոտ գտնվող իր որջը, այս ամենից վտանգի հոտ առավ, կատաղեց, կանգնեց հետևի թաթերի վրա և մռթմռթալով սկսեց մոտենալ աղջիկներին: Ինձ մոտ թրիցս բացի այլ զենք չկար: Դե կտրել-ջարդելու տեսակետից այն ամենածանր տապարին էլ իհարկե չէր զիջի: Ես մերկացրի թուրս ու վազեցի դեպի բացատ` փորձելով իմ գոռոցներով աղջիկների ուշադրությունը հրավիրել վտանգի վրա:

Լսելով իմ բարձրացրած աղմուկը` աղջիկները շուռ եկան իմ կողմը և տեսնելով արջին, վախեցած ճիչերով ցրվեցին տարբեր ուղղություններով: Ուշացավ միայն աղջիկներից մեկը, որը մթնում ինչ-որ իրեր որոնելով և գտնելով դրանք միայն վերջին պահին` ծլկեց ուղղակի արջի քթի տակից: Սակայն մռթմռթանը չէր ուզում այդքան հեշտ հրաժարվել իր որսից ու սկսեց վազել աղջկա հետևից: Իսկ հայտնի է, որ արջերը երբեմն շատ արագաշարժ են լինում` հատկապես երբ ուզում են հասնել իրենց որսին:

Աղջիկը, սակայն, ևս վատ չէր վազում, սակայն մի հանգամանք կտրուկ վատթարացրեց նրա վիճակը. մթնում վազելիս նրա ոտքը կպավ ծառի արմատի կամ ճյուղի և նա ճչալով ընկավ: Ու մինչ ոտքի կկանգներ` արջն արդեն բավականին մոտ էր: Եվս մի պահ և նա արդեն մահացու գրկախառնության մեջ կառներ մի կերպ ոտքի կանգնած աղջկան…

Բարեբախտաբար ես արդեն բավականին մոտ էի: Հենց վազելիս էլ ես մի երկար թռիչք գործեցի ու ոտքով հարվածեցի արջի ուղիղ թիկունքին: Սա թափով առաջ ընկավ, սակայն ես էլ ինձ չկարողացա ոտքի վրա պահել, մանավանդ որ գետնին իջնելիս մի հերթական ծառի արմատ հատնվեց ուղիղ ոտքիս տակ: Շրմփացի երեսս ի վար, սակայն անմիջապես էլ ոտքի կանգնեցի: Թուրս, որ դուրս էր թռել ձեռքիցս, ինչ-որ տեղ մոտակայքում էր, սակայն այդ մթնում այն գտնելը բարդ գործ էր: Ու մինչ ես ճգնում էի վերականգնել հավասարակշռությունս` արջն ուղիղ վրաս եկավ…

Ես արդեն չէի կարող խուսափել նրա գրկախառնությունից: Արջն առավ ինձ իր թաթերի մեջ ու փորձեց կրծել երեսս: Ես տակից դեմ արի ձեռքերս նրա դնչի տակին ու փորձեցի այն հեռու պահել դեմքիցս, միաժամանակ զգալով, թե նրա հզոր թաթերը ինչպես են փորձում ճկել մեջքս ու փշրել ողնաշարս: Դեռ լավ էր, որ զրահը հագիս էր…

Մի քանի պահ երկուսս էլ փնչացնելով շարունակեցինք պայքարել: Վրաս կարծես թե մի զարմանալի կատաղություն էր եկել: Արդեն հասել էի նրան, որ ինքս չէի ուզում արջին բաց թողնել: Ես չռել էի ոտքերս, որ արջն ինձ չտապալի, միաժամանակ փորձելով բարձր պահել վերևից վրաս իջնող նրա գարշահոտ երախը: Սակայն այս անգամ էլ պատահականությունն իմ դեմ եղավ: Հետ քայլ անելիս ոտքս կպավ կոճղին ու ես կրկին կորցրի հավասարակշռությունս: Այն է պիտի ընկնեի, որից հետո բանս բուրդ էր լինելու, երբ հենց արջի ականջի տակ լսեցի մի բարձր գոռոց.
- Թո՜ւրդ…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

Նույն պահին էլ մթից ինձ մեկնվեց թուրս, իսկ ինչ-որ մեկն էլ հետևից թռավ արջի վրա: Սա անակնկալից ու բարձր գոռոցից մի պահ ինձ բաց թողեց ու, թեև ես այնուամենայնիվ ընկա, սակայն թուրն արդեն ձեռքիս էր: Նույն պահին էլ արջն ազատվեց իր վրա թռածից և ողջ մարմնով առաջ եկավ` վրաս ընկնելու նպատակով, սակայն հենց ինքն էլ իրեն շամփրեց առաջ ցցված թրիս: Այն մինչև կոթը խրվեց մռմռթանի կուրծքը: Մի սարսափելիորեն հզոր ոռնոց ցնցեց անտառը և ես կարծես թե խլացա: Արջն ուղղվեց, սակայն անմիջապես էլ կրկին փրձեց վրաս կռանալ: Սակայն ես արդեն պահը որսացել էի: Ոտքի թռա, ոտքս փորին դեմ տալով դուրս քաշեցի թուրս ու կտրող հարված իջեցրի վզին: Գլխատված արջը տապալված կաղնու նման ընկավ մի կողի վրա…

Այս անակնկալ մենամարտից ես այնքան էի ուժասպառ եղել, որ ինքս էլ նստեցի գետնին` բավականին ուշ անդրադառնալով այն հարցին, թե ով էր ինձ այդպես անակնկալ օգնության եկողը: Իսկ անծանոթը, որին էլ էր բավականին բաժին հասել, կարծես թե մի տեսակ չկամությամբ մոտեցավ ինձ և նստեց ինձնից մի քիչ հեռու:
- Ո՞վ ես,- դարձա ես նրան,- օգնությունդ շատ ժամանակին էր…
- Քոնն էլ չուշացավ,- լսեցի կանացի մի շատ ծանոթ ձայն,- այս անտառում մի քայլ անելն իսկ անհնար է…
- Սպասիր,- ես փորձեցի հրահանս գտնել…
- Պետք չէ, ինձ մոտ կա,- պատասխանեց զրուցակիցս, որից հետո արագորեն մի փոքրիկ կույտ հավաքելով չորացած տերևներից ու ճյուղերից` հրահանի միջոցով կպցրեց այն…
- Դու վնասված չե՞ս,- հարցրի ես զրուցակցիս:
- Մի փոքրիկ քերծվել եմ, դա եմ ուզում նայել…

Ի վերջո կրակը փայլեց ու ես հայացք գցեցի զրուցակցիս վրա, որի շորը մեջքի կողմից պատռվել էր և ամբողջովին արյունոտված էր
- Աստղի՞կ,- աչքերիս չհավատացի ես,- այս ժամի՞ն… անտառո՞ւմ… բանակատեղից այսքան հեռո՞ւ…
- Տեր իշխա՞ն,- շփոթվեց Աստղիկը, ոտքի կանգնեց ու արձանացավ առաջս,- մեզ Վարդուհին, Հազարապետի համաձայնությամբ թույլատրել է… անտառում… մի խոսքով…

Ես ինքս էլ ոտքի կանգնեցի.
- Նստիր, Աստղիկ ջան, ի՞նչ կարիք կա շփոթվելու: Եթե դու անտառում չլինեիր, գուցե և ես հիմա…
- Բայց դա իմ պատճառով եղավ…
- Ոչինչ, այսօր Ծովինարի գիշերն է և այն երիտասարդներին է պատկանում…
- Չէ, ի՞նչ ես ասում, տեր իշխան, մեզ դա չի կարելի… այսինքն չէ, կարելի է, բայց… մի խոսքով…,- սկսեց խառնել բառերը աղջիկը:

Ես ծիծաղելով ոտքի կանգնեցի.
- Սպասիր գոնե վերքդ մի թեթև վիրակապեմ…
- Տեր իշխան…
- Ոչ մի իշխան… ես ուղղակի կպատրաստեմ վիրակապ, իսկ հետո շուռ կգամ ու դու քեզ կվիրակապես…

Ես կտրեցի շորիցս մի երկար հատված ու տվեցի նրան: Աստղիկը վերցրեց այն ձեռքիցս, որից հետո ես որոշ ժամանակ սկսեցի աստղերին նայել …
- Գիտես՞, այ նայում եմ աստղերին ու միշտ էլ մտքովս անցնում է…: Քանի-քանի մարդիկ են այսպես նայել ու դեռ կնայե՜ն…,- ես կրկին հայացք գցեցի Աստղիկի վրա, որը վերջացրել էր վիրակապը,- իմ կարծիքով պետք է, որ լուրջ վնասվածք չլինի, ամեն դեպքում լույս աչքով կարելի կլինի ավելի մանրամասն նայել,- վերջնականապես մեջքի կողմից կապելով վիրակապը` ծիծաղեցի ես,- Չէ, չէ, ես չէ… ով, որ պիտի նայի…

Իրեն կրկին գտած Աստղիկը թեթևորեն ծիծաղեց.
- Իհարկե, ով որ պիտի նայի` նա կնայի: Դեռ ինչքան կծիծաղենք աղջիկներով այս ամենի վրա…
- Գնանք… էշս պետք է, որ մոտակայքում լինի…: Քեզ պետք է հասցնել բանակատեղի…
- Տեր իշխան, ես ինքս…
- Այդ էր պակաս: Ի՞նչ է, կարծում ես քո տեր իշխանը ի վիճակի կլինի քեզ միայնակ թողնել այս մութ անտառո՞ւմ: Շրջակա գյուղերի տղամարդիկ…
- Թող մի փորձեն…,- մի պահ բռնկվեց Աստղիկը, սակայն հետո զգալով, որ ես կատակ եմ անում` լռեց:
- Դե հնարավոր է շատ որսորդներ այնուհանդերձ կուզենան որսալ նման չքնաղ մի եղնիկի…: Լավ, լա՜վ…: Վերջ: Ես իհարկե կատակեցի, բայց մի բան ճիշտ է, որ ես պետք է քեզ ուղեկցեմ մինչև բանակատեղի, դե իսկ նրա մոտակայքում նոր միայն ես քեզ բաց կթողնեմ…: Իսկ այս ամենի մասին պատմիր ոնց որ քեզ հարմար կլինի…

Ես նստեցրի Աստղիկին իր համար հանգիստ ծառերի տակ արածող էշիս, որից հետո մենք ուղղություն վերցրինք դեպի բանակատեղի: Նրա մոտակայքում ես հրաժեշտ տվեցի Աստղիկին ու կրկին ուղղություն վերցրի դեպի Ալկիքար: Ես ճանապարին էին ողջ գիշերը, որը արդեն լցվել էր աննման Աստղիկի մասին երազանքներով…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37047
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Շուտով սկսվեցին Նավասարդան խաղերը, սակայն ես դրանց չկարողացա մասնակցել, քանի որ մշտապես մեկնում էի Կումուխա և սպարապետի հետ կիսվում մեր ձեռք բերած տեղեկություններով, որոնցով հարավում ցրված իմ գործակալները ինձ ապահովում էին մշտապես: Դրանցից մասնավորապես հայտնի դարձավ, որ մյուս տարի դեպի հյուսիս խոշոր արշավանք է նախապատրաստվում…

Բացի այդ ես որոշ ժամանակ անցկացրեցի նաև Պուրուշխանդայում, որտեղ կրկին տեսնվեցի Անուբանիի հետ: Պարզվեց, որ նա արդեն մասնակիորեն սկսել է իր ռազմիկների կենտրոնացումը, սակայն Պամբան, որը կարծես ինչ-որ բաներ է սկսել կասկածել, այժմ ամեն կերպ խոչնդոտում է նրան:

Անցնում էին ամիսները և, եթե հաշվի չառնեինք Հայոց Միջագետքի գրավումը ու մշտապես ստացվող սպառնալից լուրերը, կարելի կլիներ ասել, որ խաղաղ կյանքը ոչնչով չէր փոխվել:

Վաղ գարնանը սպարապետը, արդեն լիովին պատրաստ վիճակում կրկին ձեռքի տակ էր հավաքել Աշխարհազորային բանակը` հինգ բյուրի կազմով, ինչպես նաև Արարտայի մշտական բանակը: Տեղից չէր շաժվել միայն Կորճայքի իմ բանակն ու աշխարհազորը, քանի որ ըստ մեզ հասած տվյալների, Նարամ-Սուենն այս անգամ նախատեսել էր հարված հասցնել Տիգրիսի հունով` ուղղություն բռնելով դեպի Կորճայքի արևմուտքը:

Շուտով արդեն ավելի կոնկրետ տվյալներ հասան: Պարզվեց, որ թշնամին բանակի կենտրոնատեղի է հռչակել Արբելա քաղաքը ու արդեն այնտեղ է տեղափոխում խոշոր ուժեր:

Մարտի կեսերին արդեն Արբելայում կուտակվել էր Անապատի որդիների ութ բյուրանոց մի բանակ, որն արագորեն համալրվում էր պարենամթերքի քարավաններով: Կես ամսից էլ արդեն հայտնի դարձավ, որ երկու բյուր լրացուցիչ ուժերի, Կուտիկ-Ինշուշինակի գլխավորած բյուր ու կես էլամցիների, ինչպես նաև իր բավականին տրորված, սակայն արդեն կրկին հին թվին հասցված Հատուկ գնդի հետ շուտով այնտեղ կլինի նաև Նարամ-Սուենը:

Այս ամենի մասին իմանալով մենք էլ ձեռքներս ծալած չէինք նստում: Մանր ջոկատներով և աննկատ Կորդուքում սկսեց կուտակվել նաև մեր բանակը: Թշնամին Հայոց Միջագետքում, ինչպես և առաջ, պահում էր մոտ հինգ բյուրանոց մի զորախումբ, դրա համար էլ մենք ի վիճակի չէինք մեր բոլոր ուժերը շարժել դեպի Կորդուք: Արդյունքում ստացվեց այնպես, որ Արարտայի մշտական բանակի մեկ բյուր և երեք բյուր աշխարհազորային սպարապետը ստիպված եղավ այնուհանդերձ թողնել Կումուխայում, իսկ Կորդուքում, որտեղից սպասվում էր հիմնական հարվածը, կենտրոնացնել միայն հինգ բյուր մշտական բանակից և երեք բյուր էլ աշխարհազորային: Այս ուժերի կազմում հաշվվում էր նաև Կորճայքի մեր բանակը` Կուտիների գունդը և մեկ բյուր էլ աշխարհազորային:

Թշնամին մեր ուղղությամբ գրեթե չորս ու կես բյուրանոց գերակշռություն ուներ և ակնհայտ էր, որ մեզ սպասում էին ծանր մարտեր: Դեռ լավ էր, որ այդ ուղղությամբ գործում էր ժամանակին ստեղծված մեր ամրոցաշինական հզոր համակարգը, որը պետք է որ թշնամուն բավականին ուժասպառ աներ: Վճռականորեն տրամադրված ռազմիկներով համալրված կայազորերի և նրանց անզիջում ու փորձառու հրամանատարների գլխավորությամբ ամեն ինչի պատրաստ լինելով թշնամուն էին սպասում մեր հզոր և գլխավոր ամրությունները` հարավից հյուսիս ձգվող Սապփա, Բզաբդե ու Փյունիկ գլխավոր ամրոցների գլխավորությամբ բերդերի մեծաթիվ շարանները:
Приходите в мой дом...
Ответить