Пленник вечности: Сага о вечном путнике...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Այդ ժամանակ ես արդեն հեռանում էի Յոթ գետերի երկրից, սակայն մեր բանակի կրած պարտության լուրը ստիպեց ինձ դանդաղեցնել ընթացքս, թեև ես չէի կասկածում, որ արիները շուտով պատասխան հարված կհասցնեն: Այդպես էլ եղավ: Կրած պարտությունից հետո Հայոմարտը իրեն հաջորդ հռչակեց թոռանը` Սիյամեկի որդի Հաո-սինին [1], որից հետո իր տրամադրության տակ եղած հիմնական բանակային ուժերով հենց հաջորդ իսկ տարի անձամբ շարժվեց արյունարբու դևերի դեմ: Երկու մեծ գետերի միջև ընկած լայնարձակ հարթավայրում նոր ճակատամարտ տեղի ունեցավ և այս անգամ դևերը գլխովին ջախջախվեցին [2]: Դևերից եկող սպառնալիքը վերացավ, իսկ ես, որ կրկին ուղղություն էի բռնել դեպի արևելք, Յոթ գետերի երկրի միայն արդեն ամենաարևելյան սահմաններում լսեցի, որ Հայոմարտը մահացել է, իսկ Արիական տերության արևելյան տարածքների վրա էլ իշխանությունն անցել է Հաո-սինին: Պատմում էին, որ սա դեռ իր պապի կենդանության օրոք վրեժխնդիր է եղել հոր համար` մինչ այդ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ մենամարտում սպանելով դևերի առաջնորդի միակ որդուն…

…Անշեղորեն շարժվում էի դեպի արևմուտք և մոտենում էի Արևելքի մեծ ծովին: Իհարկե, ծովն այդ պահին գտնվում էր ինձնից ավելի արևմուտք, բայց դե մենք ծովն այդպես անվանեցինք դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ արիական արշավանքների արդյունքում աշխարհը մեզ համար դեռևս այնքան լայն չէր, ինչքան հիմա…

…Հաո-սինի կառավարումը բարերար եղավ նրա տիրապետության տակ հայտնված տարածքների համար: Այս տիրակալը հիմնականում աչքի ընկավ խաղաղ պետականաշինության ու մշակութային բնագավառում: Հենց նա էր, որ լայն շրջանառության մեջ մտցրեց կրակի կիրառումը արտադրության մեջ, զարկ տվեց անասնապահությանը, դարբնությանը, դերձակությանը, ինչպես նաև մեծ ուշադրություն հատկացրեց ոռոգման համակարգերի ներդրմանը: Միաժամանակ, սակայն, արդեն հենց այս արքայի օրոք նրա հպատակները` արիների ու տեղաբնիկների սերունդները, սկսեցին դանդաղ կերպով օտարանալ Հայաստանից` աստիճանաբար ձեռք բերելով ազգային նոր դիմագիծ: Աննկատ, սակայն հեռուն գնացող և Արիական տերության արևելքում սկզբում փոքր, բայց հետագայում արդեն լուրջ ճաքեր առաջացրած այս գործընթացից զատ Հաո-սինի, իսկ արդյունքում նաև Արիական տերության արևելյան տարածքներում տեղի էին ունենում արդեն նաև ավելի կոնկրետ քաղաքական բնույթ ու հետևանքներ ունեցող գործընթացներ: Մասնավորապես, լսել էի, որ Հնդկաստանի հյուսիսում իշխող և այդպես էլ իր իշխանությունը ժառանգական դարձնել չկարողացած Սուդասին հաջորդած Բխարատա ցեղը ներկայացուցնող Բխարտան, ինչպես Հաո-սինը Հայկազունիների պարագայում, նույն Հաո-սինի օրոք սկսել էր Հայոմարտների նկատմամբ իրեն բավականին ազատ զգալ մի շարք պարտավորություններից, ինչը հետագայում բերեց այս տոհմի ու նրա տիրապետության տակ հայտնված տարածքների արդեն փաստացի անկախության: Արիական տերության միաձույլ համակարգում առաջանում էին առաջին ճաքերը, որոնք հետո շատ էին խորանալու ու փշրելու էին պետության ողջ կառուցվածքը:

Ես մանրամասները չգիտեի, բայց շրջիկ վաճառականներից լսել էի, որ Անուշավանի մահվանից հետո երկու տասնամյակ անց ապստամբության ուղին է բռնել նաև Խաթթին, որի արդյունքում Հայկազունիները կորցրել են Հայաստանից արևմուտք տարածվող այդ լայնարձակ երկրամասը [3]: Մանրամասները ես երևի թե արդեն Հայաստանում կիմանայի, բայց արդյունքը պարզ էր ու միանշանակ` Արիական տերության կազմից դուրս էր եկել մի լայնարձակ երկրամաս ու տերությունում սկիզբ էր առել քայքայման գործընթացը: “Էխ Անուշավան, Անուշավա՜ն”,- հառաչեցի ես ու հիշեցի Արմավիրում տեղի ունեցած արժանահիշատակ Ավագների այն ժողովը,- “դու այն ժամանակ հզոր էիր, ուժը եռք էր տալիս քո պետության մեջ և դու առանց աջ ու ձախ նայելու հարված հասցրեցիր ինձ: Կարո՞ղ էիր դու արդյոք իմանալ, որ արդեն քո որդի Պարետը [4] անհաջողության կմատնվի Խաթթիի նվաճված ժողովրդի կողմից, իսկ քո թոռը` Պարետի որդի Արբակը [5], արդեն այնքան թուլացած կլինի, որ նույնիսկ քո հարազատ եղբոր թոռը կհրաժարվի իրեն ենթարկվել, իսկ քո երբեմնի ծառաները` Կարդունիասի տիրակալները ու Ագում Մեծի հետնորդները, անկախ դիրք կգրավեն հենց նրա իսկ թագավորության քթի տակ”:

__________________
[1] Հաո-սին (մ.թ.ա. մոտ 1670-1620): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ:
[2] Այս պարտությունը կոտրեց ժուների և դիերի հզորությաունը և վերացրեց նրանց հարձակման վտանգը Արիական տերության վրա:
[3] Խոսքը վերաբերվում է Հայ-Խեթական I պատերազմին (մ.թ.ա. մոտ 1649-1571), որի հենց սկզբում էլ Հայոց թագավորություն փաստացի կորցրեց հսկողությունը Փոքր Ասիայի նկատմամբ:
[4] Պարետ (մ.թ.ա. 1662-1612): Հայոց արքա, որի օրոք սկիզբ առավ Արիական տերության փլուզման գործընթացը:
[5] Արբակ (մ.թ.ա. 1612-1568): Հայոց արքա, որի օրոք Արիական տերության փլուզման գործընթացը ընդունեց անդառնալի չափեր:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Արևմուտքում զարգացող իրադարձություններին ես այնքան էլ լավ ծանոթ չէի, բայց փոխարենը բավականին լավ տեղյակ էի այն ամենին, ինչ կատարվել էր Հայոմարտների իշխանության տակ հայտնված տարածքներում: Հաո-սինին հաջորդեց Թահմաուրպան [1], որը, թեև ավելի սահմանափակ չափով, շարունակեց իր հոր պետականաշինական գործունեությունը: Այս տիրակալի օրոք շարունակվեց և աստիճանաբար արդեն սկսեց հստակ տեսք ստանալ դեռևս Հաո-սինի օրոք սկսված գործընթացը և իր իշխանության վերջում այս տիրակալի հպատակները արդեն կապ ունեին հայերի հետ միայն շա՜տ հեռավոր կերպով: Այս գործում հատկապես մեծ դեր ունեցավ կրոնական բարեփոխումը, երբ Թահմաուրպան հիմնեց մովպտների դասը և դրանով ավելի ընդգծեց իր հպատակների տարբերությունը հայերից:

Ի տարբերություն իր հոր` Թահմաուրպան վարում էր ավելի ակտիվ արտաքին-նվաճողական քաղաքականություն, որը, թեև նրան անմիջական հաջողություններ էր բերելու, բայց հեռանկարային առումով ավելի էր թուլացնելու նրա իշխանության, իսկ հետևապես նաև` Արիական տերության ամրությունը: Արդեն մոտենում էի Հյուրկանին [2], երբ հիշեցի Թահմաուրպայի հզոր ռազմական պատրաստությունները: Այդ ժամանակ ես հաստատվել էի Յոթ գետերի երկրի արևելյան դարպասների մոտ, երբ լուրեր տարածվեցին, որ Թահմաուրպան ակտիվ գործողությունների է անցել դևերի դեմ և ջախջախիչ պարտության է մատնել վերջիններիս [3]: Սրանց ռազմիկների մեկ երրորդը ընկել էր մարտում, իսկ զգալի մասն էլ հայտնվել գերության մեջ: Դրանից հետո հերթական այս Հայոմարտի գերիշխանության տակ հայտնվեց Յոթ գետերի ողջ լայնարձակ երկիրը ու նա արևելքում հարևան դարձավ Սյա գահատոհմի հետ անհաշտ ատելություն անող Շան գահատոհմի թագավորությանը: Այս հանգամանքը ստիպեց ինձ ողջ մնացած և ազատությունը գերադասող կարմրահեր դևերի մի մասի հետ ի վերջո անցնել արևելյան դարպասներով ու հաստատվել Շանի թագավորության արևմտյան սահմաններում: Հենց այդ ժամանակ էր, որ ես ծանոթացա Ու-Վանի հետ…

Հյուրկանում, Արևելքի մեծ ծովին արդեն բավականին մոտիկ, սկսեց զգացվել ծովի ազդեցությունը: Այդ քաղաքում խոնավությունը բավականին շատ էր, իսկ տափաստանի շոգն էլ մեծապես արդեն չէր զգացվում: “Թահմաուրպան մի վերջին անգամ արծվի թռիչք հաղորդեց արիների իշխանությանը, բայց, դրա վրա ծախսելով առկա վերջին ուժերը, արդյունքում ավելի թուլացրեց իր իշխանությունը”,- տխուր ժպտացի ես, երբ պառկած էի հյուրընկալ պանդոկներից մեկում և պատրաստվում էի քնել: Թահմաուրպան զոհ գնաց իր մտերիմների հղացած դավադրությանը, իսկ Յոթ գետերի երկրում գտնվող նրա ողջ բանակային ուժերը ապստամբեցին ու հրաժարվեցին ենթարկվել Յամային [4]` Թահմաուրպայի որդուն և Հայոմարտների հերթական տիրակալին:

Այդ ժամանակ ես արդեն Շանի թագավորությունում էի: Կարմրահեր դևերի հետ միացած Շանի թագավորության վրա հերթական հարձակման ժամանակ էր, երբ ես առաջին անգամ մարտադաշտում հանդիպեցի Ու-Վանին: Կարմրահեր դևերը կատաղի էին և ոչնչից չէին վախենում, սակայն նրանցից և ոչ մեկը այդպես էլ չկարողացավ չափվել Ու-Վանի հետ: Ի վերջո մարտերից մեկում կույր պատահականությունը հենց ինձ հանեց Ու-Վանի դեմ, որի անհաղթ հզորության մասին արդեն լեգենդներ էին պտտվում: Ու թեև ես նրա դեմքը սաղավարտի տակ չտեսա, բայց մենք ճանաչեցինք միմյանց: Եռում էր արյունահեղ մարտը, բայց զարմանալիորեն արագաշարժ Ու-Վանը խուսափեց ինձ հետ ընդհարվելուց: Չէ, չփախավ, ուղղակի կորավ մարտիկների իրար խռնված խմբերի մեջ, իսկ արդեն երեկոյան ինձ ներկայացավ Շանի մի մարտիկ և առաջարկեց անցնել իրենց կողմը: Հետագայում ես պետք է իմանայի, որ խոհեմ Ու-Վանը իմ ու արիների հաշվով իր ծրագրերն ուներ…

__________________
[1] Թահմաուրպա (մոտ 1620-1590): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը իր իշխանության վերջին շրջանում արդեն փաստացի անկախություն էր վայելում: Իրականացրեց լայնարձակ նվաճումներ Յոթնագետքում և սահմանակից դարձավ Շանի թագավորությանը, բայց զոհ գնաց դավադրությանը և նրա մահից հետո իր նվաճած տարածքները այնտեղ գտնվող բանակային ուժերի հետ հրաժարվեցին ենթարկվել Արիական տերության արևելյան տարածքների նոր տիրակալ հռչակված իր որդի Յամային:
[2] Երկրամաս Կասպից ծովից հարավ-արևելք:
[3] Այս պարտությունը ծնկի բերեց ժուներին և դիերին:
[4] Յամա (մոտ 1590-1500): Արիական տերության արևելյան տարածքների տիրակալ, որը իր գահակալման արդեն միջնամասում վերջնականապես դուրս եկավ արդեն իսկ փլուզված Արիական տերության կազմից և սկսեց կառավարել որպես անկախ մի պետության տիրակալ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Կարմրահեր դևերի արյունարբությունն ու կատաղիությունն ինձ վաղուց էին հոգնեցրել ու բացի այդ ես արդեն զգում էի, որ այդպես շարունակվելու դեպքում ինքս էլ վերջնականապես կվայրենանամ: Ես ընդունեցի Ու-Վանի հրավերը ու միացա Շանի թագավորության բանակին: “Ամեն մարդ կյանքում ինքն է ընտրում իր ուղին”,- այն ժամանակ ասաց ինձ Ու-Վանը,- “և ամեն մարդ ինքը պետք է պատասխան գտնի իր հարցերին: Դու ընդունեցիր իմ հրավերը, ով քաջարի օտարական, և մեր ճանապարհները այժմ միավորվեցին”: Ու-Վանի մոտ ես սկսեցի զբաղեցնել նրա առաջին խորհրդականի պաշտոնը և, կիրառելով իմ փորձը, մենք արիական ձևով վերակազմակվորեցինք Շանի բանակը` ավելացնելով վերջինիս մարտական հզորությանը մարտակառքերի հաջող կիրառությունը, ինչպես նաև հեծյալ մարտի նոր ձևերը: Մեզ հաջողվեց նաև գերադասելի պայմաններով հրապուրել ու մեր դրոշի տակ հավաքել նաև Յոթ գետերի երկրում հաստատված Թահմաուրպայի երբեմնի ռազմիկների խոշոր ստորաբաժանումներ: Այս ամենը Ու-Վանի պետությանը անվիճելի առավելություններ հաղորդեց ոչ միայն Կարմրահեր դևերի, այլ նաև իր ազգակից մյուս թագավորությունների դեմ պայքարում: Արդյունքում զարմանալի չեղավ, երբ տարիներ անց մենք մահացու հարվածով տապալեցինք Սյայի թագավորությունն ու միավորեցինք երկու թագավորությունների տարածքը Շանի թագավորության գլխավորությամբ [1]:

Զարմանալի մարդ էր այդ Ու-Վանը, հանգիստ, հաշվենկատ, շատ խոհեմ, բայց միաժամանակ նաև քաջարի ու զգույշ: Շանի հաղթարշավը գլխավորող այդ մարդու վրա մարդկային կրքերը կարծես իշխանություն ընդհանրապես չունեին ու նա կառավարում էր այնպես, ինչպես կարելի էր երևի թե միայն երազել: Ինքս մեծ ներդում էի ունեցել Ու-Վանի հաջողության գործում և արդյունքում, վայելելով Ու-Վանի բարեհաճությունը, Շանի թագավորությունում ինձ զգում էի որպես իսկական մի տիրակալ: Ապրում էի սեփական պալատում, ունեի իմ հարեմը, տիրապետում էի ոչ փոքր հարստության և ոչ մի բանի կարիք ըստ էության ես այն ժամանակ չունեի:

Ժպտացի, հիշելով Շանում անցկացրած իմ այդ տարիները և հրաժեշտը Ու-Վանին: Այո, ինչքան էլ այդ պատվարժան մարդը խնդրեց ինձ մնալ, տարիների հետ ես աստիճանաբար զգացի որ, ոչ, չեմ կարող, այդպես այլևս չեմ կարող: Սկսեցի աստիճանաբար շարժվել դեպի արևմուտք և ի վերջո երկար տարիներ շարունակ հաստատվեցի իմ հարազատ Հայաստանը հիշեցնող Երկնահաս լեռների ծայրին թառած գեղեցիկ Բադրինատխայում:

Արդեն մոտենում էի Ռագային [2], երբ նկատեցի քաղաքի պարիսպներից դուրս, մի լայնարձակ տափարակի վրա կառուցված մեծ ու գեղեցիկ կրակարանը: Դա Յաման էր կառուցել, Թահմաուրպայի որդին: Յամայի օրոք իրականացվեցին լայն շինարարական աշխատանքներ և դրա պտուղներից մեկն էլ հենց այս գեղեցիկ կրակարանն էր, որին մոտեցել էի ես: Իր թագավորության սկզբնական տարիներին Յաման ճնշեց գերված ու իր տիրապետության տակ գտնվող տարածքներում բնակեցված դևերի բարձրացրած ապստամբությունը և այլ նշանակալից ռազմական ընդհարումներ նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում այլևս չեղան: Փոխարեն հենց այս տիրակալի օրոք էր, որ Հայոմարտների հպատակները վերջնականապես առանձնացան հայերից ու սկսեցին հանդես գալ որպես առանձին մի ազգ: Յամայի օգտին եղան նաև արևմուտքում զարգացող իրադարձությունները:

Զավանի [3] օրոք Հայկազունիների ու Խաթթիի հերթակա տիրակալների միջև հարաբերությունները կրկին սրվեցին: Փոփոխական հաջողությամբ ընթացած պատերազմը թուլացրեց և Խաթթիին, և մեզ ու արդյունքում Արիական տերությունում տիրող ճգնաժամն ավելի խորացավ: Լսել էի նաև, որ Կարդունիասի իշխանները գրավել էին Բաբելոնը և միավորել այն իրենց պետությանը [4], թեև իրականում հենց Բաբելոն էր կլել Կարդունիասի իշխանությանը և Ագումի հետնորդները հիմա արդեն գործնականում այլևս երբեք չէին հիշում իրենց հայկական ծագման մասին: Զավանի օրոք Արիական տերությունից անջատվեց նաև Եգիպտոսը: Ու թեև մանրամասներն ինձ հայտնի չէին, բայց փոխարենը հիանալի հայտնի էր արդյունքը` անցյալ դարձավ ոչ միայն Արիական տերությունը, այլև հենց ինքը` Հայոց միացյալ թագավորությունը [5]:

Սկսեցի պտտվել կրակարանի շուրջն ու մտքերս կրկին տարան ինձ իրենց հետևից: Արիական տերության փլատակների վրա առաջացավ Հայոմարտների թագավորությունը, ինչպես նաև ստեղծվեցին սրանից անջատված Արեգակնային ու Լուսնային թագավորությունները Հնդկաստանում [6]: Ստեղծվեց նաև Խաթթի թագավորությունը, որն իրեն արդեն գերադասում էր Խեթթի [7] կոչել: Իրենց հայականությունը մոռացած Կարդունիասի երբեմնի տիրակալների ջանքերով ոտքի կանգնեց նաև Մեծ Անապատի որդիների ծովում հայտնված Բաբելոնի թագավորությունը [8], որը Յամայից խլեց Էլամի թագավորության տարածքը [9]: Անկախացել էր նաև Եգիպտոսը ու ես չէի կասկածում, որ այդ գործում փոքր չէր եղել նաև իմ լավ բարեկամ Մենեսի դերը:

Տխուր ժպտացի և, արեգակի վերջին շողերի հետ դիտարկելով Ռագայի կրակարանի գեղեցիկ նախշերը, ստիպված եղա փաստել, որ Արիական տերության փլուզումից հետո խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում ավելի լավ չդասավորվեց նաև հենց իր, մեր հարազատ Հայոց թագավորության ճակատագիրը: Զավանի օրոք սկիզբ առած քաոսում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին ձևականորեն Հայկազունիներին ենթարկվող, սակայն իրականում անկախ հինգ հայկական թագավորություններ ի դեմս Հայկազունիների Արմենիի, Անիի քրմերի տոհմի կողմից կառավարվող Հայայի, Հայկազունիների երբեմնի զորավար Արծրունիների ստեղծած Արարատի, Եգիպտոսից նահանջած Հայկազուտների հիմնադրած Միտանիի և ծովային առևտրով զբաղված Կիցուադանավանիների Կիլիկիայի [10]:

Ահա, նման տխուր մի վախճան ունեցավ հիանալի արդյունքներ խոստացող այն մեծ ձեռնարկը, որի դեմը ես չկարողացա առնել դեռևս Արմավիրում հրավիրված հեռավոր այն Ավագների արժանահիշատակ ժողովում…

__________________
[1] Արիական հզոր ազդեցությունը կրող Շանի թագավորության գերիշխանության ներքո Չինաստանի այս միավորումը տեղի ունեցավ մ.թ.ա. մոտ 1600 թվականին:
[2] Քաղաք Կասպից ծովից մոտ 100 կմ հարավ:
[3] Զավան (մ.թ.ա. 1568-1531): Հայոց արքա, որի օրոք Արիական տերությանը վերջնականապես փլուզվեց:
[4] Իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1570 թ-ին:
[5] Իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1561 թ-ին:
[6] Հետարիական ժամանակաշրջանում Հնդկաստանի առաջին թագավորությունները:
[7] Խոսքը Խեթական թագավորության մասին է:
[8] Խոսքը այսպես կոչված "Կասսիտական Բաբելոն"-ի մասին է:
[9] Բաբելոնին հաջողվեց գրավել Էլամի թագավորության տարածքը:
[10] Խոսքը Հինգի թագավորության դարաշրջանի մասին է: Հայկական Երրորդ գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ նաև գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Հայոց թագավորության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Առջևում Իզիրտուն [1] էր: Ռագայից հետո ես ուղղություն էի վերցրել դեպի Հանգմատանա [2]: Ու թեև դեպի Հայաստան տանող ավելի կարճ ճանաարհ էլ կար, բայց ես ընտրել էի սա: Ինչքան մոտենում էի Հայաստանին, այնքան ինձ կաշկանդված էի զգում: Ի՞նչ վիճակում կտեսնեմ ես Հայաստանը հիմա և ո՞րն է իմ դերը հիմա այնտեղ: Առաջ էլ էր եղել, որ երկար ժամանակով բացակայել էի Հայաստանից, բայց ոչ մի անգամ դեռ նման կերպ չէի դժվարացել վերադառնալ: Եվ ահա ես Իզիրտու քաղաքի մատույցներում էի, Արմիա [3] լճից հարավ ընկած այդ քաղաքում, որտեղից արդեն ուղիղ կարող էի մտնել Հայաստան, սակայն անվճռականությունը կաշկանդում էի ինձ և ես չէի կողմնորոշվում անելիքիս հարցով:

Նժույգիս ոտքերի տակ մի քար ընկավ և ճանապարհի հավատարիմ ընկերս անհանգիստ խրխնջաց ու խրտնեց: Ես թփթփացրեցի նրա բաշին և հանգստացրեցի, բայց գրեթե միանգամից էլ իրադարձությունները սկսեցին սրընթաց արագությամբ զարգանալ: Կողքի սարալանջից, ընկնելով ու գլորվելով, մի մարդ էր իջնում, որին հետապնդում էին թրերը մերկացրած մի քանի այլ մարդիկ: Ի վերջո փախստականը, մեկ անգամ ևս գլորվելով, հասավ ճանապարհին և, արդեն լրիվ փոշեթաթախ ու ցնցոտիների վերածված իր հանդերձների մեջ ուղղվելով, ոտքի կանգնեց նժույգիս քթից մի քանի քայլ հեռավորության վրա ու անհանգիստ շուրջը նայեց: Սրան հետապնդողները, երևի թե չուզենալով գլորվել ու քերծվել, մի պահ հետ էի մնացել: Հենց այդ պահին էլ ճանապարհին հայտնված փախստականը նկատեց ինձ և մի պահ կանգ առավ, երևի թե չկողմնորոշվելով, թե ով եմ ես:

Այս հապաղումը ճակատագրական եղավ փախստականի համար, քանի որ նրան հետապնդողներից մեկը երկար մի ցատկ կատարեց և, վայրեջք կատարելով հենց փախչող այդ մարդու վրա, իր հետ նրան ևս գետին տապալեց: Փախստականին հաջողվեց առաջինը ոտքի կանգնել, սակայն անհրաժեշտ ժամանակն արդեն բաց էր թողնված և մյուս հետապնդողներն արդեն ճանապարհի վրա էին: Ըստ երևույթին սրանք խնդիր ունեին ընդամենը բռնել փախուստի դիմած այդ անձնավորությանը, բայց ոչ թե սպանել, դրա համար էլ թրերը դրեցին պատյանները և շրջապատեցին փախստականին: Վերջինս անակնկալ բռնցքահարեց իրեն ամենամոտ գտնվող հակառակորդին ու տապալեց նրան, ոտքով հարվածեց երկրորդին և հզոր վազքով փորձեց ճեղքել շրջապատումը: Բայց գրեթե անմիջապես էլ մեկ տասյակ ձեռքեր պրկեցին նրան ու իմ նժույգի առջև զարգացող այս իրադարձությունների արդյունքում փախստականը վերջնականապես զրկվեց շարժունակությունից.

- Բռնվեցի՜ր, շուն,- ասորերեն ասաց փախստականին բռնած մարդկանցից մեկը ու շռնդալից մի ապտակ իջեցրեց դրա դեմքին,- դու կարծում էիր որ կարող ես մեզնից հեռանա՞լ:
- Ե՜ս ձ՜եր…,- հայերեն մի լավ հայհոյանք ուղղեց իրեն բռնողներին փախստականը և, լարելով բոլոր ուժերը, փորձեց դուրս պրծնել,- Ե՜ս ձ՜եր…, շուն-շան որդիներ,- հևաց փախստականը ու մի պահ դադարեցրեց դուրս պրծնելու փորձը, քանի որ չորս հոգի շատ ամուր էին բռնել նրան:
- Օգնության կարիք կա՞,- առաջ մղելով ձիս ասորերեն հարցրեցի ես` ձեռքս տանելով գլխարկիս:
- Չէ, չկա,- կարծես թե նոր միայն ինձ նկատելով` առաջ եկավ ու կոպիտ տոնով պատասխանեց երևի թե փախստականին բռնած այդ խմբի առաջնորդը,- շարունակիր ճանապարհդ, օտարական, սա քեզ չի վերաբերվում:

Ես սիրալիր ժպտացի, իսկ նժույգս էլ ինձ արդեն ընդհուպ մոտեցրել էր տարօրինակ այս խմբին: Կայծակնային արագությամբ մերկացրեցի մեջքիս կապած թուրը և հզոր հարված իջեցրեցի ինձ այդքան կոպիտ պատասխան տվողի գլխին: Սա անձայն գետին տապալվեց: Տեսնելով դա, փախստականին բռնողներից երկուսը թողեցին նրան ու փորձեցին մոտենալ ինձ, սակայն, մինչև կմերկացնեին թրերը, ես ուժեղ խթանեցի ձիս և, մոտենալով դրանց, երկու հատու հարվածներով սրանց ևս պառկեցրեցի: Փախստականին բռնած մյուս երկուսի ուշադրությունը լրիվ իմ կողմը դարձավ և, օգվելով առիթից, փախստականը կտրուկ մի շարժումով ազատվեց կապանքներից և բռունցքի երկու ճարպիկ հարվածներով գետնեց իրեն բռնողներին: Դրանից հետո նա ոտքի հզոր հարված իջեցրեց ոտքի կանգնել փորձողներից մեկի դեմքին ու երևի սպանեց նրան, իսկ մյուսին էլ ես առա ձիերիս սմբակտների տակ ու տրորեցի: Վերջ, ոտքի վրա մնացինք միայն մենք երկուսովս:

- Հայ ե՞ս,- հայերեն հարցրեց մի արագ հայացքով շրջապատը ուսումնասիրելուց հետո ինձ մոտեցած փախստականը:
- Հայ եմ, հայ,- ժպտացի ես,- շրջիկ վաճառական եմ, արևելքից եմ գալիս:
- Ինչ-որ շատ ճարպիկ ես ծանր թրին տիրապետում շրջիկ վաճառականի համար,- ծիծաղեց զրուցակիցս,- բայց դե այս դեպքում ես բողոքելու հիմքեր իրոք որ չունեմ:
- Դե,- ժպտացի ես,- չեմ ճանաչում որևէ հայի, որը արժանի լինի նրան, որ ասորիներն իր հետ այդպես վարվեն:
- Հաա, սրանք,- թեթև ծիծաղեց զրուցակիցս,- դե մենք հին հաշիվներ ունեինք: Իսկ ու՞ր ես ուղղություն վերցրել,- հարցրեց նա:
- Առայժմ դեպի Իզիրտու, հետո` կերևա,- պատասխանեցի ես:
- Անունս Սասուն է,- ներկայացավ զրուցակիցս ու շարունակեց,- ինքս էլ Սասունից եմ: Կուզենայի իմանալ իմ փրկարարի անունը:
- Հայկ,- գլուխ տվեցի ես,- արդեն երկար ժամանակ է, որ ինձ այդպես են կոչում:
- Ուրախ եմ ծանոթանալու, Հայկ,- խոնհարվեց զրուցակիցս ու սկսեց հետ-հետ գնալ,- կլինես մեր կողմերում, Աղձնիքում ու Կորճայքում, իմաց տուր, չես փոշմանի:
- Անպայման,- գլխով արեցի ես, իսկ այդ ընթացքում զրուցակիցս շուռ եկավ և անսովոր արագությամբ կորավ թփերի մեջ:

“Այ քեզ արկա՜ծ”,- մտածեցի ես ու խթանեցի ձիուս,- “կարծես թե ուզում էի Իզիրտուում հանգստանալ, բայց հիմա դա չի ստացվի, պետք է առաջ ընթանալ…”:

_________________________
[1] Քաղաք Ուրմիա լճից հարավ:
[2] Քաղաք Ատրպատականում, հետագայում լայնորեն հայտնի դարձած Էկբատանն է:
[3] Լճի կամայական անվանումն է, որը բխեցվում է արիական ավանդույթներից:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Հիշարժան այդ ընդհարումից անցել էր արդեն տասն օր ու ես աննահանջ երթով դեպի արևմուտք էի ընթանում: Ճիշտն ասած արդեն վաղուց էի որոշել անելիքս ու եկել հետևության, որ Հայաստան մտնելուց առաջ չի խանգարի ամենից առաջ տեսնել Մենեսին: Թե որտեղ պետք է գտնեի բարեկամիս, պատկերացնում էի միայն ամենաընդհանուր գծերով, սակայն այնուհանդերձ հույսս չէի կտրում...

Մի քանի օր էր արդեն, որ ես մուտքի էի գործել Արտակ արքայի [1] կողմից կառավարվող Միտանիի թագավորության տարածք և այժմ, գետանցելով Եփրատը, պատրաստվում էի իջնել դեպի Ասորիք: Ընթացքում փորձում էի տեղեկություններ հավաքել ընդհանուր իրավիճակի մասին ու պատկերացնել իմ հետագա անելիքները:

Հյուընկալվելով ինձ սիրալիր կերպով դիմավորած պանդոկներում և շաղակրտելով ճանապարհին հանդիպած շուկաներում, ինձ շուտով արդեն ընդհանուր գծերով պարզ դարձավ, թե ինչն է անհանգստացնում Հայոց երբեմնի միասնական թագավորությունից անջատված այս արդեն անկախ թագավորության բնակիչներին: Պարզվեց, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ սրված են հարաբերությունները հարավից Ասորիքին մոտեցած Եգիպտոսի ոտքի կանգնած թագավորության հետ, իսկ վերջին տարիներին էլ բանը հասել է արդեն բացահայտ պատերազմի [2]: Բանն այն է, բացատրում էին ինձ տեղացիները, որ ներկայիս արքա Արտակի հոր պապի պապը, Հայկազուտների ցեղից սերող Կիռնակը [3], Եգիպտոսին տիրող վերջին Հայկազուտ տիրակալն էր, որը, պարտություն կրելով ապստամբած եգիպտացիների բանակների դեմ պատերազմում, իր հպատակների մեծ մասով նահանջել է Ասորիքի ուղղությամբ և, հաստատվելով այս տարածքներում, հիմք դրել Միտանիի թագավորությանը: Եգիպտացիները, որոնք այդ ժամանակ դեռևս իրենց այնքան էլ ամուր չէին զգացել նոր ոտքի հանած իրենց երկրում, չէին կարողացել անմիջապես հետապնդել Կիռտային ու իր ժողովրդին, բայց թշնամանքը մնացել էր:

Պատմում էին, որ սրանից մոտ յոթանասուն տարի առաջ Եփրատ գետի ափին տեղի ունեցած մեծ ճակատամարտում միտանցիներին հաջողվել է հետ մղել եգիպտացիների հարձակումը, սակայն շուտով պարզվել էր, որ դա միայն սկիզբն է [4]: Մոտ երեսուն տարի առաջ կրկին սկիզբ էր առել պատերազմը արդեն զգալի ռազմա-քաղաքական հզորության հասած Եգիպտոսի հետ և այն շարունակվում էր մինչև այսօր: Տեղացիները հիշում էին, որ Միտանիի այդ ժամանակվա արքա Սանասարը [5] սկզբում փորձել էր իր գլխավորությամբ լայն համադաշնություն ստեղծել Եգիպտոսի դեմ Ասորիքի մանր իշխանություններից, սակայն Մեգիդո քաղաքի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում այդ համադաշնության բանակը պարտվել էր և այն ցրվել էր [6]: Դրանից հետո սկսվել են հարձակումները արդեն ուղիղ Միտանիի տարածքի վրա: Վերջին հարձակումը եղել էր երկու տարի առաջ [7]: Ու թեև Միտանիի արքաներին հաջողվել էր այնպես անել, որ առաջխաղացած թշնամին ի վերջո նահանջի, սակայն թագավորությունը զգալի կորուստներ էր կրել, իսկ պատերազմն էլ դեռ շարունակվում էր:

Բարեբախտաբար այն ժամանակ, երբ ես շարժվում էի դեպի հարավ, պատերազմական որևէ գործողության մասին խոսք դեռևս չկար և խոչընդոտների ես չհանդիպեցի: Իրար էին հաջորդում էին միմյանց նման Ասորիքի քաղաքները, իսկ վերջում էլ, անցնելով քանանեացիների երկրով, ես մտա արդեն բուն Եգիպտոսի տարածք: Առայժմ չէի պատկերացնում, թե Մենեսին որտեղ կարելի է գտնել, բայց համենայն դեպս որոշել էի երևալ Թեբեում, հարավային Եգիպտոսում գտնվող այդ քաղաքում, որն այժմ հանդիսանում էր Եգիպտոսի մայրաքաղաքը: Ես գրեթե վստահ էի, որ Մենեսին պետք է որ այդ քաղաքում գտնեմ…

_________________________
[1] Արտակ I (Արտադամա) (մ.թ.ա. մոտ 1450-1410): Միտանիի թագավորության արքա, որի օրոք Միտանին մեծ ուժ և հսկայական միջազգային հեղինակություն ուներ:
[2] Խոսքը Հայ-Եգիպտական պատերազմի (մ.թ.ա. մոտ 1512-1412) մասին է:
[3] Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555): Հայկազուտների վերջին տիրակալը Եգիպտոսում, որը, իր հպատակների հետ ստիպված լինելով հեռանալ այնտեղից, հիմնադրեց Միտանիի թագավորությունը:
[4] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա մոտ 1512 թվականով:
[5] Սանասար (Սաուսադատար) (մ.թ.ա. մոտ 1490-1450): Միտանիի արքա, որի օրոք Միտանիի թագավորությունը ռազմա-քաղաքական վերելք ապրեց:
[6] Լայնորեն հայտնի Մեգիդոյի ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 1467 թ-ի մայիսի 15-ին: Այն ավարտվեց Ասորիքի հակաեգիպտական դաշնակից ուժերի խոշոր պարտությամբ
[7] Իրադարձությունը թվագրվում է մ.թ.ա 1441 թվականով:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Թեբեն ես չճանաչեցի: Առաջ առիթ ունեցել էի լինելու այդ քաղաքում և հարավային Եգիպտոսի մայրաքաղաքը հանդիսացող գավառական այդ բնակավայրն այն ժամանակ վրաս առանձնակի ոչ մի տպավորություն էլ չէր թողել: Փոխարենը հիմա ամեն ինչ փոխվել էր: Հայերի գերիշխանությունից ազատվելուց հետո, կամ գուցե հենց հայերի օրոք էլ, Թեբեն շրջափակվել էր պարիսպների հզոր շղթայով: Ընդ որում ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ պարսպաշինական գործում ես հանդիպեցի մեր հարազատ հայկական ոճն ու ձևերը: Քաղաքն ուներ մեկ գլխավոր և մի քանի երկրորդական դարպասներ: Ես իհարկե չէի կարող ինձ հաճույք չպատճառել և քաղաք չմտնել հենց գլխավոր դարպասով:

Դարպասն անցնելուն պես ես ոտք դրեցին մի երկար ու լայն պողոտա, որի երկու կողմերում շարված էին միջին մեծության սֆինքսներ: Դրանց մեծ մասն արդեն պատրաստի վիճակում էր, բայց մեկի վրա շինարարները դեռևս աշխատում էին: Ես հետաքրքրությամբ սկսեցի դիտարկել, թե ինչպես են նրանք փայտե կառույց հավաքել սֆինքսներից մեկի դեմքի դիմաց ու եռանդուն կերպով փայլեցնում սրա դեմքը: Ես հետո պիտի իմանայի, որ սֆինքսի այդ դեմքը պատկանում է ներկայիս փարավոն Ամենհոտեպ երկորդին [1]` Մեծն Թութմոս երրորդի [2] որդուն:

Պողատայի ամենավերջում շուկան էր, որտեղ ակտիվ առևտուր էր գնում: Շուկայի մեջ էին գործում նաև արհեստավորները, իսկ ավելի վերևում, բարձրունքի վրա, վառվում էր եգիպտական փարավոնին երկար կյանք խոստացող մեծ կրակը: Շուկայում պտտվելիս ընթացիկ խոսակցություններից կարողացա հասկանալ, որ բախտս բերել է ու ես Թեբե եմ ժամանել շատ հարմար մի օր: Բանն այն էր, որ հենց այդ օրը պետք է տեղի ունենար փարավոնի դեմքով այն մեծ սֆինքսի պաշտոնական ներկայացումը, որին օրվա երկրորդ կեսին պատրաստվում էր ներկա լինել նաև հենց ինքը մեծն փարավոնը, բնականաբար սեփական շքախմբի ուղեկցությամբ: Ես բավարարված ժպտացի: Մենեսին գտնելու գործն ավելի, քան հեշտանում էր, քանի որ կարող էի չկասկածել` բարեկամս կլինի փարավոնի շքախմբում: Նստեցի տեղական պանդոկներից մեկում և ճաշեցի, իսկ հետո էլ քնով ընկա: Արթնացա մի քանի ժամ անց, ուժեղ աղաղակներից: Պարզվեց, որ արթնացել եմ ճիշտ ժամանակին, քանի որ շինարարները հավաքել էին արհեստական կառուցները արդեն շլացուցչության աստիճան փայլեցված Ամենհոտեպի սֆինքսի դեմքից և հիմա բոլորը ամեն պահի սպասում էին փարավոնի ժամանմանը:

- Ամոնհատե՜պ, Ամոնհատե՜պ,- եգիպտական առոգանությամբ վանկարկում էր ճանապարհի շուրջը հավաքված ամբոխը և դրանով ոչ միայն մեծարում էր իր փարավոնին, այլև գլխավոր աստված Ամոնին, քանի որ փարավոնի անունը եգիպտերենից թարգմանած բառացիորեն նշանակում էր. “Ամոնը գոհ է”:

Հանկարծ մեծ արագությամբ պողոտայի վրա երևաց մի թեթև մարտակառք, որի վրա կանգնած պալատականը սկսեց հատու հրամաններ ուղղել ամբոխի դիմաց կանգնած զինվորներին: Սրանք շուռ եկան և, առաջ մղելով վահանները, հետ հրեցին ամբոխին: Դրանից հետո նրանք կրկին դեմքով շուռ եկան դեպի պողոտան և հանդիսավոր տեսք ընդունեցին, որից անմիջապես հետո էլ բարձր հնչեցին շեփորները: Դրան հաջորդեցին թեթև մարտակառքի վրա սրընթաց պողոտա ներխուժած ևս մեկ պալատականի հատու հրամանները, որից հետո ամբոխի աղաղակնեը դադարեցին և համեմատական լռություն տիրեց:

Թեբեի գլխավոր պողոտան հիանալի էր սալարկված և շուտով ես լսեցին ծանր մարտակառքը քաշող խոշոր եռաձիերի համաչափ դոփյունը: Դոփյունը գնալով ուժեղանում էր և կարճ ժամանակ անց դրան միացավ նաև ծանր մարտակառքի գվվոցն ու ձիերին շաչող մտրակների շառաչյունը: Ձայները գնալով ուժեղանում էին և շուտով ես տեսա հենց իրեն` հզոր Եգիպտոսի ամենազոր տիրակալ Ամենհոտեպին, մեր հարազատ Միտանիի թագավորությանը այդքան նեղած այդ տիրակալին: Փարավոնը կարծես թե նպատակ էր դրել զարմացնել սեփական հպատակներին եռաձի մարտակառք վարելու իր ունակություններով, դրա համար էլ, չբավարարվելով պողոտայում սուրացող իր մարտակառքի հոյակապ տեսքով, վերջինս շուռ տվեց այն, մտավ շուկայի դիմացի հրապարակ և սկսեց մարտակառքային ամենազարմանալի հնարքներ իրականացնել: Փարավոնը մեկ կանգնեցնում էր ձիերին և կտրուկ մտրակելով ընթացք հաղորդում դրանց, մեկ ստիպում էր սրանց կտրուկ շրջադարձներ կատարել ու ցույց էր տալիս սայլակի վրա մնալու իր վարպետությունը, իսկ մի քանի անգամ էլ հիացած ամբոխի գոչյունների ու վահաններին զինվորների նիզակներով հասցված հարվածներից առաջացած զրնգոցի ուղեկցությամբ վերջինս նույնիսկ կարողացավ ընթացքի ժամանակ ցած թռչել մարտակառքի սայլակից և կրկին ցատկել դրա վրա: “Դե ինչ, հարգելին իմ Ամենհոտեպ, նման բաներ արիները վաղուց էին անում և դու ընդամենը ապացուցում ես, որ վատ չես յուրացնել այդ ամենը”,- քմծիծաղեցի ես,- “բայց արդեն ժամանակն է, որ դու ներկայացնես նաև քո ամենածեր պալատականներից մեկին”:

Այդ ընթացքում Ամենհոտեպն ի վերջո դադարեցրեց մարտակառքային վարժությունները և ուղղեց եռաձիերին դեպի սեփական սֆինքսը: Իրենց մարտակառքերի վրա հավաքված փարավոնի շքախմբի անդամները, որոնք հասցրել էին արդեն հավաքվել պողոտայի վրա և ծափահարում էին Ամենհոտեպին, պատշաճ հեռավորության վրա հետևեցին փարավոնին: Հենց այդ պահին էլ ես սուր զգացումն ունեցա և սևեռուն հայացքս ուղղեցի փարավոնի շքախմբի ուղղությամբ: Գրեթե անմիջապես էլ սպիտակ տոգաներ հագած և հեռվից ինձ համար միադեմք հանդիսացող շքախմբի անդամներից մեկն առանձնացավ ու սկսեց սևեռուն կերպով ամբոխին նայել:

- Առաջ, առա՜ջ,- հրամայական բարձրացրեց սա ձեռքն ու իր շարժումներին հնազանդ ռազմիկների մի խումբ ուղղեց իմ կանգնած տեղի ուղղությամբ: Դա Մենեսն էր, որ կարծես թե ինձ նկատել էր, բայց ի՞նչ կարիք կար ռազմիկների…
- Թողնել, թողնե՜լ,- օդում պտտեց ձեռքը բարեկամս և ռազմիկները, որ արդեն պատրաստվում էին մարդկանց այս ու այն կողմ հրելով իմ ուղղությամբ խորանալ ամբոխի մեջ, հետ վերադարձան: Մենեսը աննկատ ծալեց ոտքը, նայեց իմ ուղղությամբ և թեթևակի խոնհարվեց: Հեռվից հասցրեցի նկատել բարեկամիս այնքան կարոտած ժպիտը և ինքս էլ թեթևակի խոնհարվեցի…

_________________________
[1] Ամենհոտեպ II (մ.թ.ա. 1450-1425): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:
[2] Թութմոս III (մ.թ.ա. 1503-1450): Եգիպտոսի XVIII գահատոհմի հզոր փարավոն:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

- Ինչքան էի ես քեզ կարոտե՜լ, անպե՜տք,- գոչեց բարեկամս և նետվեց դեպի ինձ, այն բանից հետո, երբ սֆինքսի արձանի պաշտոնական բացման արարողությունից հետո Մենեսի ուղարկած ծառան գտավ ինձ ամբոխի մեջ և ուղեկցեց դեպի բարեկամիս պալատ,- գրողի տարած դու լեռնեցի, չես կարծում արդյո՞ք, որ քո կողմից բարեկամներիդ հետ այդպես վարվելը ինչ-որ մի քիչ շատ է դաժան…
- Գրողի տարած դու Մե՜նես, կարծում ես դու ինձ հերիքե՞լ ես,- ծիծաղեցի ես ու գիրկս առա վաղուց կարոտած բարեկամիս,- գրողը քեզ տանի՜ ու անվերջ մնաս դու տարտարոսում, այ եգիպտական անպետք քուրմ, այս է, կլինի արդեն երեք հարյուր տարի է, որ ես կարոտում էի քո թթված կերպարանքին…

Մենք գրկախառնվեցինք ու փոխադարձաբար գրկում ջերմորեն սեղմեցինք միմյանց:
- Փոխվե՜լ է, ո՜նց է թխացե՜լ,- ի վերջո գրկից ինձ բաց թողնեց Մենեսը և սկսեց կատակով քաշքշել մազերս,- թխացե՜լ է, անապատի վայրենի՜ է դարձել…
- Քնքշացե՜լ է,- հռհռացի ես,- Թեբեի պալատի քնքուշ պալատակա՜ն է դարձել: Հան հլը, սա, Մենես, հան,- չէի կարողանում հանգստանալ ու քաշքշում էի բարեկամիս տոգան,- չէ, չէ, լուրջ եմ ասում, հան, հա՜ն, հան հլը տեսնենք, զրահները վրայովդ գոնե դեռ լինո՞ւմ են…
- Բաղնիք, առաջ դեպի բաղնիք, վայրենի դու լեռնեցի,- ի վերջո կարծես թե խիստ տեսք ընդունեց Մենեսը,- քեզ մի լավ լողացնել է պետք, միայն դրանից հետո Ամենհոտեպի պալատի առաջին մարդկանցից մեկը կընդունի քեզ…

Մի քանի ժամ անց ես ու Մենեսը մեկնվել էինք արդեն նրա փառահեղ թախտերի վրա` անուժ նայելով դիմացներս տարածվող սեղանին փռված շքեղ հյուրասիրությանը, սեղան, որը, չնայած իմ ու Մենեսի համառ ջանքերին, պահպանել էր իր շքեղությունը: Մենք զրուցում էինք…
- Սկզբում ես վճռական էի տրամադրված, Հայկ, ու պատրաստ էի ամենածայրահեղ քայլերի,- վերսկսեց իր խոսքը Մենեսը,- հատկապես Մեմֆիսի ու Թեբեի անկումից հետո, բայց հետո, ավելի՜ հետո՜…,- բարեկամս ժպտաց, կում արեց դիմացը դրված գավաթից և, կարծես թե ինքն էլ զարմանալով իր վրա, թափ տվեց գլուխը,- հետո ամեն ինչ զարմանալի կերպով փոխվեց: Եգիպտոսի գրավումից հետո, երբ ձերոնք երկրում հաստատեցին իրենց իշխանությունը, ես հանկարծ պարզորոշ կերպով զգացի, որ, ինչքան էլ տարօրինակ է, բայց այսպես Եգիպտոսի համար նույնիսկ ավելի լավ է: Մեր փարավոնները մինչ այդ թույլ էին և ձեր գալը ըստ էության միավորեց, մեկ բռունցքի մեջ հավաքեց Եգիպտոսը, իսկ դա ինքնին արդեն լավ էր: Ու բացի դրանից, ձերոնք լրջագույն կազմակերպչական և մշակութային բարեփոխումներ իրականացրեցին, մի խոսքով, ահագին առաջ մղեցին Եգիպտոսը: Իրոք, Հայկ, ձեր արքաները ամենևին էլ վատը չէին, եթե իհարկե հաշվի չառնենք վերջին տիրակալներին: Բայց դե դա ավելի շուտ անձնական բնույթ ունեցող պահ էր, դրա համար էլ չեմ ուզում դրա վրա մանրամասն կանգ առնել,- Մենեսը մի պահ մռայլվեց, բայց հետո կրկին կայտառ տեսք ընդունեց և շարունակեց,- անցած բաներ են, Հայկ, չեմ ուզում անցյալը փորփրել և այդ ամենը վերհիշել…
- Փաստորեն դու վարվել ես ոչ միայն ճկուն, այլ նաև բավականին խելոք կերպ,- ձգեցի ես,- օգտվել ես քեզ բաժին հասած չարիքից և դրանից բարիք ես քամել…
- Այո, Հայկ,- ժպտաց Մենեսը,- հին ճշմարտություն է, օգտագործիր հակառակորդիդ ուժը նրա դեմ, բարիք քամիր չարիքից: Ես կարողացա ոչ միայն օգտագործել արիների ուժը իրենց դեմ, այլև ծառայեցնել այն իմ շահերին: Թեբեում կարողացանք պահել ձերոնց իշխանությունն ընդունող, բայց այնուհանդերձ եգիպտական գահատոհմը, որին հետո հաջորդեց ևս մեկը [1]: Մյուս գահատոհմը սա է, որին արդեն վիճակված էր կառավարել անկախ Եգիպտոսը [2]: Ու չնայած այդ ճանապարհին մենք պարտություններ ևս տեսանք, իսկ մի անգամ էլ նույնիսկ մարտի դաշտում կորցրեցինք մեր փարավոններից մեկին [3], բայց դե մեծ հաշվով հաջողությունը մեր կողմում էր:
- Փաստորեն արյունահեղություն առանձնապես չի՞ եղել,- մի տեսակ վարանոտ հարցրեցի ես:
- Չէ, Հայկ, եթե հաշվի չառնենք իհարկե վերջին իրադարձությունները: Անկախության համար մղվող պատերազմում մի քանի լուրջ մարտեր եղան [4] և մեզ հատկապես հեշտ չտրվեց Ավարիսի գրավումը, բայց դե մնացած ժամանակ ամեն ինչ ավելի, քան խաղաղ էր: Եվ ես նույնիսկ ուրախ եմ, որ կարիք չեղավ առանձնապես տանջվել քեզ տված խոսքը պահելու գործում:

_________________________
[1] Խոսքը Եգիպտոսի XIV և XVII գահատոհմերի մասին է, որի տիրակալները նստում էին Թեբեում և ենթարկվում Հայկազուտներին:
[2] Խոսքը Եգիպտոսի XVIII գահատոհմերի մասին է:
[3] Խոսքը շատ կարճ կառավարած Եգիպտոսի XVII գահատոհմի նախավերջին փարավոն Սեկեներա II-ի մասին է, որը պայքար սկսեց Հայկազուտների դեմ, բայց մ.թ.ա. 1570 թ-ին պարտություն կրեց և ընկավ մարտում:
[4] Սեկեներա II-ի պարտությունից հետո մ.թ.ա. մոտ 1568 թ-ին վերջինիս եղբայրը, Եգիպտոսի XVII գահատոհմի վերջին փարավոն Կամեսը (մ.թ.ա. 1570-1567) մ.թ.ա. 1568 թ-ին պարտության մատնեց Հայկազուտներին, իսկ մ.թ.ա. 1567 թ-ին էլ համառ մարտերից հետո գրավեց Ավարիսը: Դրանից հետո Կիռնակի գլխավորությամբ Ասորիքի ուղղությամբ նահանջող և Հայաստանում ապաստանել փորձող Հայկազուտների դեմ Եգիպտոսը մ.թ.ա. մինչև 1561 թ-ը փոփոխակի հաջողությամբ մարտեր մղեց, որոնք հիմնականում ընթացան Շարուքեն քաղաքի շրջակայքում, և ի վերջո ստիպված եղավ հրաժարվել Հայկազուտներին հետապնդելու մտքից:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Ժպտացի, հիշելով ժամանակին Մեմֆիսում իմ ու Մենեսի ունեցած զրույցը, ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Իսկ Մենեսը ուրախ թափ տվեց գլուխը և փոխեց խոսակցության թեման.
- Հետո՞, Հայկ, ասում ես ծայր արևելքի երկրներո՞ւմ ես եղել,- հարցրեց բարեկամս,- հավատս չի գալիս, Հայկ, ինձ միշտ թվում էր, թե աշխարհն այն է, ինչ մենք գիտենք` Լիբիան, Քուշը, Եգիպտոսը, Ասորիքի ու ձեր կողմերը, մի խոսքով, էլի, այս կողմի երկրները: Ես չէի էլ կասկածում նույնիսկ, որ արևելքում տարածվող անծարյածիր տափաստաններից հետո կրկին երկրներ կան,- մտախոհ ձգեց բարեկամս:
- Իսկ իրականում, Մենես, աշխարհն ավելի լայն է, քան դու ես պատկերացնում: Հիշո՞ւմ ես, դեռ սրանից հարյուրամյակներ առաջ էր, որ դեպի արևելք կատարած իմ այն առաջին ուղևորությունից հետո ես քեզ ասացի Երկնահաս լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի մասին: Ահա ուրեմն, Սյայի ու Շանի թագավորությունները, այսինքն հիմա արդեն միայն Շանի թագավորությունը, դրանց հաջորդներն են:
- Ես մինչև հիմա կարծում էին, թե դրանք լեգենդներ էին, դեհ, մոտավորապես Կոտոշավոր մարդկանց թագավորության [1] կամ էլ դրա նման մի բանի պես:
- Չէ՜է՜, Մենես, իզո՜ւր ես այդպես կարծել: Այնտեղ ևս մարդիկ են ապրում ու այնտեղ ևս հզոր թագավորություններ կան: Ճիշտ է, մարդիկ այնքան էլ մեզ նման չեն` ընդգծված նեղաչք են, դեղնամաշկ ու ցածրահասակ, բայց դե մնացած հարցերում նրանք մեզնից ոչնչով էլ չէին տարբերվում: Համենայն դեպս կոտոշներ, որ ես հաստատ չտեսա,- ծիծաղեցի ես ու շարունակեցի,- բայց հետաքրքիրը մի ուրիշ բան էր, Մենես: Պատկերացնո՞ւմ ես, դրանք էլ իրենց հերթին էին վստահ, որ Երկնահաս լեռներից դեպի արևմուտք, այսինքն արդեն մեր կողմերում, միայն լեգենդներ են, դեհ, մոտավորապես, Կոտոշավոր մարդկանց թագավորության նման,- սիրալիր ժպտացի բարեկամիս:
- Ահա թե ի՜նչ,- ձգեց Մենեսը,- հետաքրքի՜ր է, շա՜տ հետաքրքիր: Ուրեմն դրանք Եգիպտոսի ու մեր բուրգերի մասի՞ն էլ չեն լսել:
- Չէ՜, բարեկամս, չեն լսել,- գլուխս թափ տվեցի ես,- ընդհանրապես չեն լսել: Ճիշտ է, քո համեստ լեռնականը փորձեց նրանց որոշ բաներ բացատրել և նույնիսկ նկարագրել ձեր բուրգերը, բայց դե ես վստահ չեմ, որ նրանք ինձ խելագարի տեղ չդրեցին: Նույնիսկ Արիական հզոր մեր տերությունը, որ մոտեցել էր իրենց սահմաններին, դրանց գլխի մեջ չէր տեղավորվում: Կարմրահեր դևեր, այսքան բան, սրանից այն կողմ դրանք անցնել համառորեն չէին ուզում…
- Դե իհարկե, Հայկ, մանավանդ ձեր տերության կործանումից հետո, երբ արևելքում ամեն ինչ հիմնովին իրար խառնվեց, դրանց մեջ պետք է, որ նման պատկերացումներն ավելի ամրապնդված լինեն:
- Երևի ճիշտ ես, բարեկամս, չգիտեմ: Ես վաղուց է արդեն, ինչ չեմ շփվել դրանց հետ:
- Իսկ ես շփվել եմ,- անակնկալ վրաս նայեց ու լուրջ տոնով ասաց բարեկամս,- նեղաչք ու ճարպիկ մեկն էր, որը աստված գիտի, թե որտեղից էր հայտնվել: Բայց հիմա, երբ դու պատմեցիր արևելքի նեղաչքների դրանց այդ երկրի մասին, կարծես թե ամեն ինչ պարզ է դառնում:
- Իրո՞ք, Մենես, ուրեմն դու տեսե՞լ ես դրանցից մեկին: Իսկ ո՞նց է դա պատահել, այս կողմեր նման հեռուներից առևտրական քարավա՞ն է եկել, թե ինչ…
- Չէ, Հայկ, ամեն ինչ ավելի լուրջ է: Սրանից մեկ շաբաթ առաջ էր, գիշերային Թեբեում, երբ ես միայնակ ուղղություն էի վերցրել չքնաղ Խիտասապի տան ուղղությամբ: Չգիտեմ էլ ինչ հրաշքով ու արագությամբ, բայց փողոցի անկյունից պոկվեց դիմակավոր մեկը ու թուրը մերկացրած հարձակվեց վրաս: Մութ էր ու վրաս էլ ընդամենը տոգա էր, բայց դեռ լավ էր, որ թուրս հետս էր ու ես կարողացա պաշտպանվել: Իսկ հետո էլ մեր հանած աղմուկի վրա մարդիկ վազեցին եկան ու նա չքացավ խավարում…
- Մարդասպա՞ն էր, Մենես, դիմակո՞վ,- հարցրեցի ես,- բայց ինչո՞ւ ես դու վստահ, որ հարձակվողը հենց նեղաչքն է եղել:
- Է՜է՜հ, Հայկ, շտապո՜ւմ ես,- ձեռքերը թափ տվեց բարեկամս,- շտապում ես և ինձ չես լսում: Հարձակումից անմիջապես առաջ ես այն բնորոշ սուր զգացումն ունեցա, որ մենք միշտ ունենում ենք մեզ նմաններին հանդիպելուց, իսկ հաջորդ օրը փարավոնին դիմավորող ամբոխի մեջ ես կրկին այդ զգացումն ունեցա ու միանգամից էլ առանձնացրի այդ նեղաչքին: Կագնել էր իր համար մեր Ամոնհատեպի կաուցվող սֆինքսի դիմաց և այնպիսի կյանքից կտրված տեսքով էր այն ուսումնասիրում, որ կարծես նախորդ գիշեր հենց ինքը չէր, որ ուզեցել էր ինձ սպանել…
- Ուրեմն դրան էիր ուզում բռնել, հա՞, երբ ամբոխի մեջ նկատեցիր ինձ,- ծիծաղեցի ես,- փաստորեն քեզ ահագին հիասթափեցրի, էլի...
- Է՜է՜հ, Հայկ, վերջացրու, կարծես թե չգիտես, թե քեզ ինչքան եմ սիրում: Չէ, հարցը դու չէիր, ուղղակի իմ վրա հարձակվածը մեր նման մեկն էր, այսքան բան:
- Ես ճանաչում եմ միայն մեկ մարդ, որ կարող է քո նկարագրածը լինել, Մենես, Ու-Վանը,- ուղղվեցի տեղումս ու նայեցի բարեկամիս,- Ու-Վանը, Շանի հզոր թագավորության հիմնադիրը, որի մասին քեզ հենց նոր մի քիչ պատմեցի: Բայց Ու-Վանը հաստատ այն մարդը չէ, բարեկամս, որ մարդասպան դառնա: Ես ապրել եմ այդ պատվարժան մարդու կողքին մի քանի տասնամյակ և կարող եմ որոշակիորեն վստահ լինել այդ հանգամանքի վրա:
- Չգիտե՜մ,- ձգվեց իր թախտի թիկնակին Մենեսն ու նայեց վրաս,- դա դու չէիր, Շամին ևս չէր կարող լինել, Աբրամն այստեղ է, խիստ հսկողության տակ ու նա ևս հնարավորություն չուներ այդ հարձակումն իրականացնելու, մնում է միայն այդ շեղաչքը, ուրիշ մարդ չկա: Ինքդ մտածիր, Հայկ, բացառում ենք բոլորին և միակ թեկնածուն մնում է հենց նա:

_________________________
[1] Հորինված թագավորություն, որն իբր գոյություն է ունեցել Հնդկաստանի տարածքում:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Ես իմ հերթին ուղղվեցի տեղումս, սառը գավից ինձ ու Մենեսի համար զովացուցիչ ըմպելիք լցրեցի, որից հետո մատուցեցի գավաթը բարեկամիս և ասացի.
- Մեզ նման էլի մեկը կա, Մենես, ու դու դրան կարծես թե հաշվի չես առել:
- Ահա թե ի՜նչ,- հոնքերը վեր քաշեց Մենեսը, ուղղվեց տեղում և վերցրեց սառը ըմպելիքով իր գավաթը,- սա արդեն նորությո՜ւն էր: Ո՞վ է:
- Ծայրահեղ վտանգավոր մի մարդ, Մենես: Չգիտեմ, թե Ու-Վանը ինչպես է հայտնվել այս պատմության մեջ ու ես դա դեռ կպարզեմ, բայց եթե մի պահ վստահեմ ինքս ինձ ու նրան ևս հանեմ քեզ վրա հարձակվածների ցուցակից, ապա մնում է միայն դա, իմ ասածը: Իսկ եթե դա Թեբեում է, ուրեմն դժբախտություն սպասիր:
- Ո՞վ է դա, է, ո՞վ է,- զայրացավ Մենեսը,- ես ու դու նույնիսկ առանձին վերցրած էլ քիչ չարժենք, իսկ իմ ձեռքի տակ էլ խոշոր ռազմական ուժեր կան ու ես փոքր իշխանություն չունեմ: Չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան ողբերգական է…
- Նրան կոչում են Աժդահակ, բարեկամս, Աժդահակ,- նայեցի Մենեսին և շարունակեցի,- բայց հնարավոր է, որ դու դրա մասին ուրիշ անուններով էլ լսած լինես:
- Դահա՜կ, Բյուրա՜սպ,- ձգեց բարեկամս,- Զահակ կամ Զոհակ,- Մենեսը նայեց վրաս և ժպտաց,- այո, Հայկ լսել եմ, բայց դա ընդամենը մի վիշապ է, որի ուսերից աճել են երկու կոտոշավոր և խիստ թունավոր օձեր,- Մենեսը քմիծիծաղ տվեց ու շարունակեց,- այդ վիշապն ապրում է մեծ լճերում կամ երկնքում, երբեմն իջնում է գետին, մեծ աղմուկ է բարձրացնում, ջնջում է մարդկանց երկրի երեսից…
- … իսկ երբեմն էլ անզգույշ հայերին է քաշում ներքև, երբ սրանք փորձում են նայել ջրհորի խորքը,- ընդհատեցի բարեկամիս ես,- գիտեմ, Մենես, բոլոր այդ հեքիաթների մասին ես վաղուց, շա՜տ վաղուց եմ լսել, իսկ մի քանիսի կապակցությամբ էլ կարող եմ այստեղ նստել ու քեզ բացատրել, թե ինչպես են առաջացել: Բայց խնդիրը հիմա դրանում չէ, բարեկամս, Աժդահակը լրիվ իրական, մեզ նման մի մարդ է, մեզ նման, ուղղակի շա՜տ չար մտադրություններ ունի:
- Դու դրանում վստա՞հ ես,- հարցրեց Մենեսը:
- Այնքան վստահ եմ, բարեկամս, ինչքան նրանում, որ հիմա փռված եմ այս թախտին և զրուցում եմ երբևէ իմ ճանաչած ամենապատվարժան եգիպտացու հետ:
- Գրո՜ղը տանի,- Մենեսը քորեց գլուխն ու վրաս նայեց,- դե լավ, ասա, ասա մի լսենք և իմանանք, թե այն անպետք Շամիից բացի մեր շարքերում է՜լ ինչ նոր անպետք է հայտնվել:
- Արիական տերությունը, Մենես, որ ստեղծվեց Հայոց թագավորության հիմքի վրա, հետագա տասնամյակներում այդպես էլ մեկ, միասնական ու միաձույլ կառույց չդարձավ: Արևմուտքում աստիճանաբար սկսեցին իրենց ազատ զգալ խեթերը, այստեղի Հայկազուտները, Կարդունիասի տիրակալները և ուրիշները, իսկ արևելքում էլ սկսեց տարածվել Հայոմարտների լայնարձակ իշխանությունը: Հայոմարտը ու նրա հաջորդները լավ տիրակալներ էին, Մենես, ու նրանք շատ մեծ բարձրունքների հասցրեցին սեփական հպատակներին…
- …բայց հետո չկարողացան պահպանել իրենց իշխանությունը և ընկան մեծ դժբախտությունների մեջ: Դեռ լավ է, որ նրանց ներկայիս տիրակալ Տրիտոնն [1] է, որ կարողացավ գոնե մի քիչ խելքը գլուխը հավաքել և կարգի գցել իր երկրի գործերը,- ժպտաց բարեկամս,- գիտեմ, Հայկ, շատ լավ գիտեմ, քանի որ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ մենք այստեղ, Թեբեում, այդ Տրիտոնից մի շքեղ դեսպանախումբ ընդունեցինք: Այն ժամանակ ես գործով գնացել էի Մեմֆիս և ծովով ժամանած այդ դեսպանախմբին չտեսա, բայց դրանց մասին ինձ շատ հետաքրքիր բաներ արդեն հասցրել են պատմել: Այդ ամենը լավ է, բարեկամս, բայց ի՞նչ կապ ունի դա Աժդահակի հետ:
- Է՜է՜հ, Մենես, շտապո՜ւմ ես,- ձեռքերս թափ տվեց բարեկամիս ոճով ես,- շտապում ես և ինձ չես լսում:
- Այ դու ավազակ, էլի բռնեցիր, հա՞,- հռհռաց Մենեսը,- որ պարտքդ չվերադարձնեիր, այս գիշեր հանգիստ չէիր քնի, չէ՞:
- Չէ, Մենես ջան, այս գիշեր ես կքնեմ ավելի հանգիստ, քան երբևէ քնել եմ վերջին հարյուրամյակներում: Կքնեմ հանգիստ, քանի որ կքնեմ քո սեփական հարկի տակ: Բայց դու իրոք որ շտապեցիր, բարեկամս, քանի որ պատմածս ուղղակի կապ ուներ Աժդահակի հետ:
- Դե ասա մի տեսնենք, լավ,- սիրալիր ժպտաց Մենեսը և հարմար տեղավորվեց իր թախտին:

________________________
[1] Տրիտոն (մ.թ.ա. մոտ 1460-1410): Հայոմարտների թագավորության արքա:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

- Հայոմարտների տերության վերջին և համեմատաբար հաջող արքան Յաման էր, Մենես,- լրջացա ես,- այս տիրակալը թագավորեց բավականին երկար և իր թագավորության մի մասում նա ժամանակակիցը եղավ Արիական տերության վերջին գերագույն տիրակալ, Հայոց արքա Զավանին, հենց որի օրոք էլ Արիական տերությունը վերջնականապես փլուզվեց: Բայց Յաման ուղղակի հետնորդ չթողեց, իսկ նրան ինքնակոչ կերպով փոխարինած հաջորդ տիրակալի իշխանության տարիները Հայոմարտների թագավորության համար անլուր դաժանության և քաոսի տարիներ եղան:
- Գիտեմ, Հայկ, այդ մասին շշուկները նույնիսկ այստեղ, Եգիպտոս էին հասնում,- իր հերթին լրջացավ բարեկամս:
- Դու շշուկներ ես լսել, բարեկամս, իսկ ես շատ բաներ իմ աչքով եմ տեսել,- սարսափելի հուշերը պատեցին ինձ և ես ավելի ու ավելի շատ սկսեցի մռայլվել,- ու տեսել եմ նույնիսկ այնպիսի բաներ, որոնք կգերադասեի չտեսնել: Յամային նենգաբար սպանած ու նրան փոխարինած այդ տիրակալը սերում էր Նիզակակիր հեծյալների ազնվազարմ երկրից, Մենես, քեզ հայտնի Հյուրկանիայից, բայց նա ոչ մի կերպ արժանի չեղավ իր ազնվազարմ հայրենիքին: Մասսայական ու անլուր դաժանությամբ աչքի ընկնող մահապատիժները խորը կասկածներով լցված այդ տիրակալի հրամանով ուղղակի հաջորդում էին մեկ-մեկու, իսկ ահաբեկված մարդիկ էլ պատմում էին, թե իբր դա ամեն օր երկու երիտասարդ պատանիների է ուտում իր ընթրիքին, իսկ երկու պատանիների ուղեղներով էլ հագեցնում է ուսերին աճած թևավոր օձերի անհագ սովը: Պատմում էին նաև, որ, տառապելով անմահություն ձեռք բերելու մարմաջով, այս տիրակալը հրամայում էր ամեն երեկո սպանել իր երկրի ամենաքաջ տղամարդուն և ամենագեղեցիկ կնոջը, որից հետո լոգանք էր ընդունում նրանց արյան մեջ: Սարսափելի բաներ էին պատմում, Մենես, ու ես ինքս էլ երևի թե չէի հավատա այդ ամենին, եթե ինքս շատ ու շատ բաների ականատեսը եղած չլինեի:
- Դե՜ե, օձերի ու մեկ էլ մարդակերության պահով երևի թե ամեն դեպքում մի քիչ չափազանցեցնում էին, Հայկ,- խոսեց Մենեսը,- բայց այն, որ դաժան տարիներ են եղել, իսկ այդ տիրակալն էր խելագարի մեկն էր, փաստ է: Գիտեմ, լսել ենք այդ մասին:
- Այդ ժամանակ ես ապրում էի Հյուրկանիայում, բարեկամս, և իմ հացն էի վաստակում դարբնություն անելով Հյուրկանիայի ամենալավ դարբին Կավեի [1] մոտ: Սա ուներ սիրած կին և որդի: Բայց մի անգամ սրա որդին դժբախտություն ունեցավ որսագողություն անել արքայական որսատեղիում: Ես ու Կավեն այդ ժամանակ գնացել էինք երկաթ առնելու և տանը չէինք եղել, երբ արքայական պահակները եկել, ծեծելով սպանել էին Կավեի կնոջն ու տարել նրա տղային: Հետագայում Կավեի որդուն մահվան դատապարտեցին, մահվան` կաշին քերթելու միջոցով, Հյուրկանիա ժամանած այդ դաժան տիրակալի ներկայությամբ…
- Նիզակակիր հեծյալների երկրում ապստամբություն պայթեց, Հայկ, ապստամբություն պայթեց և գազազած մարդիկ հասարակ դարբին Կավեի գլխավորությամբ շարժվեցին այդ դաժան տիրակալի դեմ,- շարունակեց պատմությունս Մենեսը ու ժպտաց,- դեռ այն ժամանակ ես գլխի էի ընկնում, որ այդ Կավեն այնքան էլ հասարակ դարբին չէ, քանի որ նա գործում էր զորականի հմտությամբ: Եվ պատմածիդ ֆոնի վրա ես կարծես թե արդեն սկսում եմ գլխի ընկնել, թե ով է եղել Կավեի ապստամբների ռազմական կազմակերպիչը և թե ով է Թեբեում հայտնված մեր այս նոր բարեկամը:

_______________________
[1] Լեգենդների քողով պատված դարբին Հյուրկանիայում մ.թ.ա. XV դարում:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

- Դա հատկապես ինձ է ատում, Մենես, և ես այնպես եմ ափսոսում, որ հենց այն ժամանակ չկարողացա դրա հարցերը լուծել: Բայց իզուր չէր, որ դրան Բյուրասպ, այսինքն մեկ բյուր հեծյալ ունեցող Աժդահակ էին ասում, բարեկամս, և իզուր չէր նաև երևի, որ դա այնուհանդերձ Նիզակակիր հեծյալների երկրից էր: Կավեի ուժերը թեև մեծաքանակ էին, բայց որևէ ռազմական փորձ ու կազմակեպվածություն դրանք ոչ մի կերպ չունեին, իսկ դեպքերի սրընթաց զարգացումն էլ հնարավորություն չէր տալիս կազմակերպչական խնդիրներին պատշաճ լուծում տալ: Արդյունքը եղավ այն, որ Աժդահակը իր մեկ բյուրանոց հեծյալների ընտիր գնդով կարողացավ դուրս պրծնել մեր շղթայից և շարժվել Դեմավանդի ուղղությամբ: Ծանր մարտեր էին, Մենես, և չեմ թաքցնի, որ, հանուն արյունարբու այդ տիրակալին բռնելու, ես ստիպված եղա նրա ճանապարհն ուղղակի ողողել գրեթե մարտական փորձ չունեցող տղամարդկանցով: Ի՞նչ կարող ես անել, եթե սա բարեհաջող դուրս պրծներ Հյուրկանիայից, ավելի մեծ արյուն էր թափվելու: Աժդահակը անշեղորեն շարժվում էր դեպի Դեմավանդ, ես նրա վրա էի նետում կատաղությունից և անհուն վրեժի ծարավից խենթացած մարդկանց նորանոր խմբեր ու աստիճանաբար հասնում էի նրան, որ սրա գունդը նոսրանում էր: Դեմավանդի լանջերին հասնելու ժամանակ Աժդահակի հետ էին մնացել ընդամենը տաս հոգուց մի քիչ ավել մարդիկ, բոլորն էլ տանջված, արյունոտված ու ծեծված: Հենց այստեղ էր, որ Կավեի ու մի քանի համեմատաբար լավ պատրաստված ռազմիկների հետ ես վերջնականապես հանդիպեցի Աժդահակին: Մարտը, կամ որ ավելի ճիշտ է ասել, խմբակային մենամարտը սկսվեց անկազմակերպ և գրեթե միանգամից էլ քաոսային բնույթ ընդունեց: Աժդահակն էր միայն, որին չէի ուզում ձեռքիցս բաց թողնել: Մենք վաղուց արդեն կորցրել էինք մեր նժույգները և թրամարտում էինք Դեմավանդի խառնարանի մոտ, իսկ հետո՜…,- ես գլուխս կախեցի, առա այն ձեռքերիս մեջ ու լռեցի:
- Հաղթանակ կա, որ պարտության է հավասար, Հայկ, գիտեմ,- Մենեսը ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս և շարունակեց,- հաղթանակ կա, որ պարտություն է նշանակում, եղբայր, բայց ի՞նչ կարող ես անել, մեզ վիճակված չէ բացել ապագայի փակ դռները:
- Ես սպանեցի դրան, Մենես, հասկանո՞մ ես, սպանեցի և ինձ թվում էր, թե դրա բյուրի տակ լցված այդքան անփորձ ռազմիկների արյունն ու իմ այդ վերջին չարչարանքն էլ իզուր չեն, որ դրանք իրենց տեղն ունեն, որ դրանք պետք են մարդկանց, որ դրանք բարիք կբերեն մարդկությանը, բայց այն բարիքի փոխարեն, որին ես ձգտում էի, չարիք ստացվեց,- բարձրացրեցի գլուխս ու նայեցի բարեկամիս,- այդ տիրակալը, Մենես, մեզ նման անմահ մեկն էր, բայց նրան սպանելիս ես դեռ չգիտեի այդ մասին և երբ, ուժասպառ եղած մենամարտից ու դիմացս տեսնելով դրա փայլող թուրը, թուրս խրեցի դրա կուրծքն և հրեցի իրեն Դեմավանդի խառնարանը, համարեցի գործս հաջողությամբ ավարտած: Աժդահակը կորել էր այդ հսկայական, թեև մեծապես արդեն հանգած հրաբխի խառնարանում և ես այն ժամանակ կարծում էի, թե այդ տարտարոսից նա արդեն երբեք այլևս դուրս չի գա: Այդ միայն հետագայում, շա՜ա՜տ տարիներ անց, երբ ես արդեն Երկնահաս լեռների կատարին հիմնված այն վանքում էի հաստատվել, լսեցի տեղացիների պատմածների մասին և իմացա, որ Դեմավանդում հաստատվել է անմահ մի աժդահա: Աժդահա, Մենես, աժդահա կամ… Աժդահակ,- տխուր ծիծաղեցի ու շարունակեցի,- ես իմացա, որ սա անմատչելի մի ամրոց է կառուցել իր համար, դրոշի վրա է բարձրացրել իր կողմից եղծված արիական գաղափարները և ուժեր է հավաքում: Տրիտոնը խաղաղասեր տիրակալ էր և գերադասեց սրա հետ չկապվել, դե ես էլ… ի՞նչ անեի ես, եղբայր, ես ինձ ոչ մի կերպ պատրաստ չգտա գնալ Դեմավանդ ու դրա դեմն առնել: Ես մենակ էի, իսկ նա անմատչելի դղյակում էր, անվերապահորեն իրեն նվիրված հավատավորներով շրջապատված…
- Լսել եմ ես այդ մասին ճիշտն ասած, Հայկ,- մի տեսակ չուզենալով խոսեց տեղը նստած Մենեսը,- գիտեմ, լսել եմ ու չէի ուզում վշտացնել քեզ, խոսելով հետդ այդ մասին: Բայց հիմա տեսնում եմ, որ դու ավելին գիտես: Մեզ մոտ ևս խոսում էին, որ Դեմավանդի գագաթին հիմնված անմատչելի ամրոցում հաստատվել է մի տիրակալ, որը եղծել ու շուռ է տվել արիական գաղափարները: Պատյանը անփոփոխ է թողել ու վերցրել է արիական խորհրդի արտաքին կեղևը միայն, բայց ներսից լրիվ փոխել է ամեն ինչ ու եղծել հորդ պատգամները: Սա համարում է, որ արիները բարձր են բոլոր ազգերից, բացառիկ են, կանչված են աստվածների կողմից և կոչում ունեն իշխելու բոլոր-բոլորի վրա: Ընդունում է միայն իրենց` արիներին, Հայկ, լսել եմ, ու հատկապես չի խնայում սևամորթներին և Մեծ Անապատի որդիներին: Մեզ հետ առայժմ զգույշ է և կտրուկ հայտարարություններից զերծ է մնում, բայց անկասկած է, որ մեր ժողովրդին ևս չի համարում արիական ու մեզ ևս չի ընդունում:
- Տրիտոնն է առայժմ, որ դեռևս դիմադրում է,- խոսեցի ես,- ու դեռ լավ է, որ դրա ձեռքի տակ խոշոր ռազմական ուժեր չեն հավաքվում: Բայց դե ահա, տեսնո՞ւմ ես, նա հայտնվել է Թեբեում, ձեր փարավոնի մոտ, ու նա հաստատ մի որևէ հեռահար ծրագիր հղացած կլինի:
- Մենք պետք է պարզենք դրա ծրագրերն ու մի կերպ դրա դեմն առնենք, Հայկ,- վճռականորեն ոտքի կանգնեց Մենեսը,- դրանով մենք համ մեր անվտանգությունը կմեծացնենք, համ էլ, հնարավոր է, ապագա որևէ մի մեծ դժբախտություն կկանխենք, քանի որ ազգերի վրա գերիշխելու այդ գաղափարը ինձ դուր չի գալիս, ու՜ու՜ու՜, ո՜նց դուր չի գալիս,- գլուխը տխրությամբ օրորեց Մենեսը,- գնանք քնենք, Հայկ, գնանք քնենք, բարեկամս, վաղը ես կփորձեմ Ամոնհատեպի մոտ որևէ բան ձեռք գցել այս ամենի մասին, իսկ հիմա արդեն ուշ է, մեզ հանգստանալ է պետք…

_______________________
[1] Խոշոր լեռ Կասպից ծովից հարավ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Lion писал(а):
Իրոք, Հայկ, ձեր արքաները ամենևին էլ վատը չէին, եթե իհարկե հաշվի չառնենք վերջին տիրակալներին: Բայց դե դա ավելի շուտ անձնական բնույթ ունեցող պահ էր, դրա համար էլ չեմ ուզում դրա վրա մանրամասն կանգ առնել,- Մենեսը մի պահ մռայլվեց, բայց հետո կրկին կայտառ տեսք ընդունեց և շարունակեց,- անցած բաներ են, Հայկ, չեմ ուզում անցյալը փորփրել և այդ ամենը վերհիշել…


Դիտորդների տեղեկատվական քարտադարանից



Անունը - Հիան
Ներկայումս հայտնի է որպես - [???]
Ծնվել է - մ.թ.ա. մոտ 1600 թ-ին
Անմահ է - մ.թ.ա. 1578 թ-ից
Ծագումով - Եգիպտոսից
Ուսուցիչը - Մետես
Ընթացիկ կարգավիճակը - մահացած
Մահվան թվականը - 1999 թ-ի մայիսի 17
Մահվան տեղը - Նյու-Յորք, ԱՄՆ
Գլխատողը - Մետես
Էներգիան անցել է - Մետեսին

Դիտորդներին հայտնի դարձած կյանքի իրադարձությունները

- մ.թ.ա. 1578 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Թեբեում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1573 թ-ին գտնվել է Թեբեում, Եգիպտոս
- մ.թ.ա. 1570 թ-ին գտնվել է Ավարիսում, Եգիպտոս
- 1999 թ-ի ապրիլ-մայիս ամիսների գտնվել է Նյու-Յորքում, ԱՄՆ

Հանդիպումներ

- մ.թ.ա. 1573 թ-ին` Մետես
- մ.թ.ա. 1570 թ-ին` Մետես
- 1999 թ-ի մայիսի 17` Դունկան Մակ-Լաուդ
- 1999 թ-ի մայիսի 17` Մետես

Կլանած էներգիաները

[Անհայտ]

Դիտորդները

[Անհայտ]

Լրացուցիչ տեղեկատվություն

Հիանը հաքսոսների ժողովրդից էր, որը տիրել է Եգիպտոսին մ.թ.ա. մոտ 1670-1570 թվականներին: Նա հաքսոսների արքա Ապոպիի որդեգիր զավակն էր, բայց միայն նրա եղբայրը, որին նույնպես Ապոպի էին կոչում, իմացավ այդ մասին, այն էլ միայն շատ ուշ: Մ.թ.ա. 1578 թ-ին Հիանն ու իր եղբայր Ապոպին առյուծ էին որսում հաքսոսների մայրաքաղաք Ավարիսի մոտակայքում: Հիանը առյուծ սպանեց, բայց հետդարձի ճանապարհին իր մարտակառքով ընկավ ավազե փոթորիկի մեջ: Հիանը խեղդվեց ավազե հորձանուտում և արթնացավ արդեն որպես անմահ:

Այդ ժամանակ Հիանը դեռ երիտասարդական ոգևորություն ապրող մի մարդ է, մուգ մաշկով և սև աչքերով, ավելի շեղաչք, քան հաքսոսների հիմնական մասը: Հիանը հոգեպես որոշակիորեն անկայուն էր, միշտ տեսնում էր մղձավանջային երազներ և կարող էր նույնիսկ իր ծառաներին սպանել, կասկածելով սրանց նրանում, որ նրանք դևերին են ծառայում: Հիանը փորձ էր կատարում խոսել Սեթի աստծո հետ, բայց մինչև մ.թ.ա. 1573 թ-ը, երբ նա հանդիպեց Մետեսին, որևէ այլ անմահի չէր հանդիպել և չէր կարողանում հասկանալ իր վիճակը: Մետեսն ինքն էլ էր զգուշանում և անմահության մասին Հիանին շատ բան չասաց:

Մ.թ.ա. 1573 թ-ին Հիանը, որպես իր եղբոր դեսպան, եկավ Թեբե, որտեղ էլ ծանոթացավ և ընկերացավ Մետեսի հետ, որն ուզում էր այդ ճանապարհով մուտք ունենալ Ավարիս: Իրոք, Մետեսին հաջողվեց բավականին երկար ժամանակով հյուրընկալվել Ավարիսում, իսկ հետո էլ գաղտնի փախչել ու ապաստանել Թեբեում: Մետեսն ու Հիանը կրկին հանդիպեցին արդեն մ.թ.ա. 1570 թ-ին, երբ եգիպտական բանակը պաշարել էր Ավարիսը: Այդ ժամանակ Մետեսը փարավոնի խորհրդականն էր: Արդյունքում Հիանը գերի ընկավ և ստիպված եղավ ականատես լինել նրան, թե ինչպես իր սիրելի եղբայր Ապոպին ոչ միայն սպանվեց, այլև կորցրեց իր հոգին, որին եգիպտական քրմերին հաջողվեց գերել ու փակել Ապոպիի թրի մեջ: Հիանին հաջողվեց մի պահ ազատվել ու հարյուրավոր եգիպտացիների աչքի առաջ սովորական մարդու համար մահացու հարվածներ հասցնել Մետեսին, բայց նրան կրկին բռնեցին: Մետեսը, որը բոլորի համար արդեն մեռած էր, ստիպված եղավ թաքնվել:

Հետագա հազարամյակներում Հիանի հոգեկան խնդիրները կարծես թե հետին պլան մղվեցին և նա սկսեց ապրել ինքն իր համար որպես սովորապան մի մարդ: Երկար դարեր նա ապրում էր սովորական կյանքով, ընդհուպ մինչև 1999 թ-ը: Հենց այդ տարում նրա մոտ հոգեկան խնդիրները կրկին սրվեցին, ուղեղը մթագնեց և նա կորցրեց իրականության զգացումը: Հնարավոր է, որ դա պայմանավորված էր նրանով, որ նա իմացավ ցուցահանդեսի մասին, որում պետք է ցուցադրվեր իր եղբոր թուրը: Հիանը սկսեց սպանել մարդկանց Նյու-Յորքի Մերձափնյա այգում և նվիրել նրանց Սեթի աստծուն: Ապրիլի 22-ին և 29-ին, ինչպես նաև ինչպես նաև մայիսին 5-ին, 10-ին,14-ին և 16-ին Հիանը իրականացրեց կրոնական երանգներ ունեցող մի շարք սպանություններ, բայց զոհերից և ոչ մեկը ցույց չտվեց նրան ճանապարհը դեպի Թուրը:

ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները այս ամենի մասին գրավեցին անմահներ Դունկան Մակ-Լաուդի ու Մետեսի ուշադրությունը և նրանք անհանգստացան: Ի վերջո վերջիններիս հաջողվեց գտնել Հիանին Մերձափնյա այգում: Հիանը մենամարտեց Մետեսի հետ և կորցրեց գլուխը այն բանից հետո, երբ ընկավ շենքի կտուրից:

Ծանոթագրություններ

Մի քանի արքաներ են եղել հաքսոսների մեջ Ապոպի անունով և նույնիսկ շատ հայտնի մեկը Հիան անունով: Կարելի է կարծել, որ այս անմահը իր անունը ստացել է ի պատիվ այդ արքայի:


...1999 թ-ին Մետեսը գտնվում էր Նյու-Յորքում, նպատակ ունենալով սպանել արքայազն Հիանին, որի հետ առաջին անգամ հանդիպելէր մ.թ.ա. 1573 թ-ին, երբ աջակցում էր Կամոս փարավոնին և նրա եղբայր Յախմոսին անկախության համար մղվող պատերազմում: Այդ ժամանակ Մետեսը ընդհարվել էր Հիանի հետ, բայց չէր կարողացել գլխատել սրան: Հիմա Հիանը կրկին հայտնվել էր և կրոնական երանգներ ունեցող սպանություններ էր իրականացնում, նպատակ ունենալով գտնել Հաքսոսների Թուրը, որը կօգներ իրեն ոգեկոչել իր վաղուց մահացած եղբայր Ապոպիին: Թուրը հաքսոսներին նվիրված ցուցահանդեսին ցուցադրվելու համար բերվել էր Բրենսոնի հավաքածուի կազմում: Ի վերջո Մենեսին հաջողվում է հաղթել ու սպանել Հիանին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

*

Հաջորդ օրը ես ու Մենեսը նախաճաշեցինք, որից հետո բարեկամս գնաց Ամենհոտեպի պալատ, ինձ էլ խորհուրդ տվեց պառկել ու հանգստանալ: Բայց պառկել ես ոչ մի կերպ չէի կարողանում, դրա համար էլ ի վերջո հագնվեցի, թուրս կապեցի կողքիս ու դուրս եկա գեղեցիկ Թեբեն տեսնելու: Քաղաքն իրոք որ լավն էր, մանավանդ հաշվի առնելով այն, որ նախորդ օրը ես տեսել է դրա ընդամենը մի մասը միայն: Կրկին եղա սֆինքսների մոտ, իսկ հետո էլ ուղևորվեցի քաղաքի մոտ գտնվող Ամոն աստծու տաճարը և ճանապարհին հասցրեցի դիտարկել տեղական աստծուն նվիրված մյուս տաճարը ևս: Օրվա կեսին, երբ շրջագայությունն ինձ ձանձրացրեց, ես հանկարծ զգացի, որ սոված եմ: Արդեն վերադարձել էի Թեբե և, օգտվելով առիթից, տեղավորվեցի դիմացս դուրս եկած հենց առաջին պանդոկներից մեկում, համեղ ուտսետներ պատվիրեցի ու սկսեցի աստիճանաբար դրանց հախիցը գալ:

Հանկարծ բնորոշ սուր զգացումն ունեցա: Ձեռքս տարա թրիս և անմիջապես էլ սկսեցի զննել պանդոկի մեծ դահլիճում հավաքված մարդկային խառնամբոխը: Սուր զգացումն ավելի ուժեղացավ և անմիջապես էլ անցավ: Գրեթե միանգամից էլ դահլիճի հեռավոր դռներից մեկը բացվեց և երկար, կարմիր ու միայն կնգուղի գագաթի մասում շագանակագույն սքեմի մեջ գլուխը ծածկած մեկը, հենվելով բարակ ու երկար իր գավազանի վրա, մտավ դահլիճ: Ես հայացքս չէի կտրում կնգուղավոր եկվորից, քանի որ գիտեի, որ ինքն էլ ինձ է փնտրում: Անծանոթը մոտեցավ սեղանիս, բարձրացրեց գլուխը, հետ գցեց կնգուղը ու ես լսեցի:
- Կարելի՞ է կիսել հացդ, ով լեռնեցի դու օտարական:
- Կարելի է,- ոտքի կանգնեցի ու հետ հրեցի դիմացս դրված աթոռը,- նստիր, Աբրահամ:
- Մովսես, Հայկ, հիմա ինձ արդեն Մովսես են կոչում,- պատասխանեց զրուցակիցս, շարունակելով ոտքի վրա մնալ,- անունս եմ փոխել, Հայկ, իսկ մնացած ամեն ինչ անփոփոխ է:
- Զենքերից էլ մոտդ միայն էլի այն գավազան է, չէ՞,- կեղծ-զգուշավոր տոն տալով խոսքիս, հարցրեցի ես,- հուսով եմ այդ հարցո՞վ էլ չես փոխվել, չէ՞:
- Չէ, չեմ փոխվել, Հայկ, չէ, թեև երևի թե արդեն իրոք արժեր, որ փոխվեի:
- Ըհը՜, հարգելին իմ Աբ… ը՜ը՜ը՜… Մովսես, դու կարծես թե նեղացա՞ծ ես, հա՞, ինձնից,- ժպտացի ես, ոտքի կանգնեցի ու բարեկամաբար թփթփացրի զրուցակցիս ուսիս,- ասա, ասա՜, ասա մի տեսնե՜նք, ասա մի իմանա՜նք, թե ինչո՞ւ ես դու հանկարծ նեղացել ինձ նման բարեհոգի մի անձնավորությունից:
- Մեր վերջին հանդիպումից անցել է արդեն գրեթե երեք հարյուրամյակ, Հայկ, բայց այն ժամանակվա քո եփած ճաշը ես ու իմ եբրայները դեռևս մինչև հիմա էլ չենք կարողացել մարսել,- պատասխանեց Աբրամը,- դու ազնվորեն չվարվեցիր մեզ հետ այն ժամանակ, Հայկ:
- Չէ մի հա՜,- ժպտացի ես,- ազնվորեն չվարվեցի՜, մեղադրողի՜ս տեսեք: Այն ժամանակ դուք ուզում էիք մարտի ժամանակ վնասել հայերին, իսկ դու էլ նախատեսել էիր պղտոր ջրում ձուկ որսալ: Ու հիմա ես, որ խանգարեցի այդ ամենին, քո նեղացածությո՞ւնը պիտի տանեմ: Վերջացրո՜ւ, բարեկա՜մս, դա մի խա՜ղ էր, ընդամենը մի խաղ, որում մեզնից ամեն մեկը խաղում էր իր համար: Ավելի լավ է նստիր դիմացս, անուշ արա այս ամենը և պատմիր, թե հետո՜, մեր բաժանվելուց հետո ինչը ոնց եղավ…,- կրկին նստեցի, նայեցի Աբրամին ու նստել հրավիրողի ոճով մոտ քաշեցի մյուս աթռռը:

Աբրամը ոչինչ չպատասխանեց և շարունակեց կանգնած մնալ:
- Դե նստիր ասում եմ ի վերջո,- ծիծաղեցի ես ու նայեցի Աբրամին,- նստիր, եղբայր, դրանք բոլորն արդեն հի՜ն պատմություններ են: Ամեն ինչ արդար էր ու երևի թե չարժի, որ դրա պատճառով հիմա մենք այստեղ, երեք հարյուր տարի անց, իրար կոկորդ կրծենք: Ահա իմ ձեռքը, Աբրամ, ես անկեղծորեն մեկնում եմ այն քեզ ու խնդրում եմ, որ հետս կիսես հաճելի այս ուտեստները, այսքան մի բան,- ձեռքս մեկնեցի Աբրամին ու ժպտալով նայեցի նրա աչքերին:

Սա մի պահ վարանեց, բայց ի վերջո խորը հոգոց հանեց և, սեղմելով ձեռքս, տեղավորվեց մոտ քաշածս աթոռին:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

- Դե, Աբրամ, պատմիր մի տեսնե՜նք, պատմիր մի լսե՜նք, թե դրանից հետո որը ոնց եղավ: Սկիզբը ես իհարկե մի քիչ գիտեմ, բայց վերջն է հետաքրքիր: Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ եղավ հետո և, որ ամենակարևորն է, ինչո՞ւ հանկարծ եբրայները այդքան անզգույշ գործեցին ու խափանեցին քո բոլոր ծրագրերը:
- Եբրայնե՜րը,- խեթ մի հայացք գցեց վրաս Աբրամն ու շարունակեց,- նրանք ամենևին էլ անզգույշ չգործեցին, ուղղակի մեկը, ու ես գիտեմ, թե ով է դա եղել, որևէ մի ձևով մեր ծրագրերի մասին իմացել ու տեղեկացրել էր արիների բանակի ղեկավարությանը, որն էլ հենց խափանեց դրանք:
- Իրո՞ք,- ժպտացի ես,- ա՜խ այդ արինե՜րը: Անիծվածներն ինչքան կատաղի են կռվում մարտի դաշտում, նույնքան էլ լավն են անուղղակի գործողություններում…
- Իսկ Լուլի՞ն, Հայկ, Լուլին քո մեղքը չեկա՞վ,- հանկարծ հարցրեց Աբրամը,- այս է արդեն քանի տարի է անցել, ինչ նրան ձգել են անապատի այն միայնակ արմավենուց, բայց մինչև հիմա էլ ես դեռ չեմ կարողանում մոռանալ դրա հուսահատ գոռոցներն ու վախից աղճատված դեմքը:
Ոչինչ չպատասխանեցի և լրջացա: Թեթև-կատակախառն խոսքեր ասելու տեղը չէր…
- Լուլիին կախեցին, Հայկ, իսկ եբրայներին էլ անմիջապես ոտքի հանեցին և հարձակման նետեցին եգիպտական ճամբարի ուղղությամբ: Ու չնայած հարձակումը մի բան չէր և մենք լուրջ արդյունքի ոչ հասանք և ոչ էլ կկարողանայինք հասնել, բայց այդ հարձակման հետևանքո՜…վ՜…,- Աբրամը կմկմաց և, այն մարդու նման, որը պատմելով մի տեղ է հասել, որից այն կողմ չի կարողանում իր խոսքը շարունակել առանց իր չուզած բանը ասելու, ձգեց խոսքը,- դրա հետևանք՜…ո՜…վ…, ը՜ը՜…
- Ջուր խմիր, Աբրամ, օգնում է,- զրուցակցիս գավը սառը ջուր լցրեցի և մատուցեցի իրեն,- ահաբեկված փարավոնը հրաժարվեց Շամիից, վախեցավ իր կյանքի և գահի համար ու ամեն ինչ հօդս ցնդեց: Ոչինչ բարեկամս, պատահում է: Դու սրտիդ այդ ամենը ուղղակի մոտ մի ընդունիր, պատահու՜մ է, այդքան բան…
- Այ քո ինչ եմ հասել, հա՜, Հա՜յկ, ո՞նց դու այդ ժամանակ իմ նկատմամբ հաղթանակ տարար: “Ո՞վ ես դու, տե՜ր”,- ինձ նմանակեց Աբրամը,- ու էլի նման հիմար բաներ, ո՞նց այն ժամանակ ես չկարողացա զգալ ու ճանաչել քեզ:
- Դե լա՜վ, Արբա՜մ, վերջացրո՜ւ,- ծիծաղեցի ես,- անկեղծ ասած այդ ամենն ինձ նույնիսկ այն ժամանակ դուր չէր գալիս, ինչ մնաց հիմա: Ուղղակի այդպես էր պետք, ի՞նչ կարող եմ անել, ես իմ ազգի զավակն եմ: Իսկ այ այդ Լուլիի պահով ասածդ ինձ իրոք որ վշտացրեց, ազնիվ խոսք: Բայց ի՞նչ կարող ես անել, այդ Լուլին ծավալվող մեծ խաղի ընդամենը փոքրիկ մի զոհը դարձավ:
- Միայն Լուլի՞ն, Հայկ, բա մե՞նք, բա եբրայնե՞րը: Եգիպտական ճամբարի վրա այդ ցուցադրական հարձակումից հետո, երբ ահաբեկված փարավոնը արտաքսեց Շամիին և իմ ծրագրերը վերջնականապես փուլ եկան, արիներն էլ արդեն իրենց հերթին անմիջապեդ սեղմեցին եբրայներին երկաթյա օղակում ու զինաթափեցին: Չէ, չկար, իրոք որ ոչ մի ելք չկար և մենք ստիպված էինք զենքը վայր դնել:
- Կարող էր նաև ավելի վատ լիներ, բարեկամս,- ժպտացի ես,- դուք դավաճանություն էիք նյութում մարտի դաշտում ու դեռ լավ է, որ զինաթափումով եք վերջացրել…
- Ու մեկ էլ գերությամբ, Հայկ, եգիպտական գերությամբ: Եգիպտոսը նվաճած արիները եբրայներին տեղաբաշխեցին եգիպտական քարհանքերի, երկաթի և ոսկու հանքերի հարևանությամբ ու, թեև մեր մեջ ասած մեզ հետ այնքան էլ դաժան չէին վարվում, բայց ստիպում էին աշխատել իրենց համար: Եգիպտական գերությունը, Հայկ, սրա մասին եբրայներն արդեն ասքերի մի ամբողջական շղթա են հյուսել, որը փոխանցում են սերնդից սերունդ:

Ես մի պահ լռեցի, տրորեցի աչքերս, որից հետո մի գավաթ ջուր լցրեցի գավաթս ու խմեցի: Դրանից հետո հայացքս կրկին հառեցի Աբրամին ու ասացի.
- Ես հասցրել եմ մի քիչ ծանոթանալ քո եբրայների հետ, Աբրամ, նոր եբրայներիդ հետ, նրանց հետ, որ հիմա այստեղ են` Եգիպտոսում: Իրենց ես տեսա հյուսիսում, երբ անցնում էի Քարհանքների հովտով: Ու կարող եմ ես հիմա մեծ վստահությամբ ասել, որ ներկայիս եբրայները արդեն հաստատ հինը չեն, նրանք փոխվել են, աշխատանքը նրանց վերջնականապես փոխեց…
- Իրո՞ք, Հայկ, դա դու է՞լ ես նկատել,- մեր երկար խոսակցության ընթացքում առաջին անգամ անկեղծորեն ժպտաց ու դրան խիստ կարևոր նշանակություն տվողի տոնով որոշակիորեն ոգևորված հարցրեց Աբրամը,- ինձ թվում էր, թե դա միայն ես եմ նկատում, բայց ինչ լավ է, որ դու էլ ես դա նկատել: Ուրեմն եբրայներն իրոք, որ փոխվել են…
- Այո, Աբրամ, փոխվել են, նկատել եմ,- գլխով արեցի ես,- նկատել եմ, թե երբեմնի այդ որբերն ու Մեծ Անապատի ավազակները հիմա ինչ են դարձել: Եբրայները հիմա վերափոխվել են և վերածվել են խելոք, խաղաղ ու ստեղծագործ մի ժողովրդի, որի նմանը լինելը պատիվ կարող է հանդիսանալ ցանկացած ազգի համար: Աշխատասիրություն, կենդանի խելք, արագ և հիմնավորված գործելու ունակություն, համեստություն, փոխօգնության բարձր մակարդակ` հավատա, Աբրամ, Քարհանքների հովտում անցկացրած կարճ այդ ժամանակամիջոցում ես հասցրեցի ճանաչել ու հասկանալ եբրայներին և հիմա կարող եմ մեծ վստահությամբ պնդել, որ մենք գործ ունենք իրոք հիանալի մի ժողովրդի հետ:

Աբրամը կրկին ժպտաց, հետո գլուխը թափ տվեց ու պատասխանեց.
- Ես, Հայկ, ուզում ես հավատա, ուզում ես` ոչ, բայց պետք է ասեմ, որ եբրայների այդպիսինը դառնալու հարցում մեծ, անչափ մեծ է նաև իմ դերը: Ես հասկացա, Հայկ, հասկանո՞ւմ ես, ձեր ցուցաբերած հատկապես այդ վերջին բարությունից հետո ես հասկացա, որ բարին կփրկի աշխարհը և որ ավազակ ու քանդող ժողովուրդը աշխարհում տեղ չունի:
- Ուրախ եմ, Աբրամ, անչափ ուրախ եմ,- ժպտացի ես,- և ուրախ եմ նաև նրա համար, որ տեսնում եմ մեջդ այնքան խելք և իմաստնություն, որ կարողանում ես քեզ բարձր դասել վիրավորված փառասիրության ու կեղծ ինքնասիրության նման ըստ էության դատարկ արժեքներից: Ու թեև չգիտեմ, կլինենք մենք ընկերներ հետագայում, թե ոչ, բայց այն, որ վերափոխված եբրայների ազնիվ առաջնորդն իմ նկատմամբ քեն չի պահում, արդեն իսկ ուրախացնում է…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37043
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Пленник вечности: Сага о вечном путнике...

Сообщение Lion »

Աբրամն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց այդ պահին հանկարծ պանդոկի դուռը բացվեց և մի ժիր երեխա խելապատառ արագությամբ նետվեց դեպի զրուցակիցս:

- Հիսո՜ւս [1],- ծիծաղեց բարեկամս ու գիրկ առավ այդ երեխային,- քանի անգամ եմ քեզ ասել, չի՜ կարելի այդպես վազել: Ի՞նչ է եղել, որդիս, նստիր, նստիր այստեղ, ծնկիս և հանգիստ ասա…
- Նեղոսը, հայրիկ, Նեղոսը փոխել է գույնը,- շնչասպառ հայտնեց երեխան,- լրիվ, պատկերացնո՞մ ես, լրիվ կարմրել է:
- Այ դու չարաճճի՜,- ծիծաղեց Աբրամը,- ո՞նց կարող է գետն իր գույնը փոխել…
- Ինքս եմ տեսել, ազնիվ խո՜սք, հայրի՜կ,- հոնքերն իրար մոտեցրեց Աբրամի ծնկին նստած երեխան և, համառ տեսք ընդունելով, սկսեց թնկթնկալ,- ինքս եմ տեսե՜լ…

Այդ պահին պանդոկում հավաքված մարդիկ իրար խառնվեցին և սկսեցին դուրս վազել: Զգացի, որ այստեղ ինչ-որ բան իրոք այն չէ: Հիսուսին գրկած Աբրամի հետ դուրս եկանք փողոց, որտեղ իսկական մի խառնաշփոթ էր սկսվել, իսկ երկինքն էլ մթնել էր և գնալով ավելի էր մթնում: Ես ու Աբրամը, որը գրկից բաց չէր թողնում փոքրիկ Հիսուսին, մարդկանց խմբերին խառնված հասանք Նեղոսի ափ. գետն ամբողջովին կարմիր էր…

- Սատանա՜,- փնթփնթաց Աբրամը և ավելի պինդ գրկեց Հիսուսին,- ես պետք է գնամ, Հայկ, ինձ կարող ես գտնել այդ պանդոկի հենց կողքի տանը: Այս ամենն ինձ դուր չի գալիս, օխ ինչպե՜ս դուր չի՜ գալիս…

Դե ինձ էլ այդ ամենը մեր մեջ ասած առանձնապես չէր հիացրել, քանի որ տեսարանը, երբ լազուր կապույտ ու գեղեցիկ Նեղոսը ամբողջովին կարմրել էր, այն էլ կեսօրին և ամեն պահին թանձացող խավարում, կարող էր փչացնել ցանկացած մեկի տրամադրությունը: Հրաժեշտ տվեցի Աբրամին ու վերադարձա Մենեսի պալատ, որտեղ իրոք որ պետք է նորություններ լինեին…

_______________________
[1] Խոսքը Մովսեսի աշակերտ ու հետնորդ Հիսուս Նավինի (մոտ 1410-1400) մասին է:
Приходите в мой дом...
Ответить