Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ դժվար է կանխատեսել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, սակայն գուցե այն առաջիկայում վերածվի ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ: Նա կարծում է, որ հնարավոր է՝ ամռան վերջին սկսվեն ոչ ֆորմալ բանակցություններ և լինեն կուլիսային պայմանավորվածություններ։
Այս ամենին զուգահեռ անդրադառնալով առաջիկայում Ուկրաինայի կողմից սպասվելիք հակահարձակումների մասին խոսակցություններին՝ Հակոբյանը ասում է՝ Ուկրաինայի հակահարձակման մասին խոսվում էր դեռ փետրվար ամսից, բայց չեղավ, որովհետև ուկրաինական կողմը նշում էր՝ ՉՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ԶԵՆՔ, հետո կլիմայական պայմանները բավարար չէին դրա համար։
«Ապրիլի վերջից նորից խոսվեց, որ Ուկրաինան սկսում է հակահարձակումը, հիմա սպասվում է դա: Բայց մյուս կողմից խոսակցություններ կան, որ հակահարձակումը եղել է, սակայն ՈՐևԷ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ, այդ պատճառով չեն հանրայնացնում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, այս պահին քիչ հավանական է, որ հակահարձակումը որևէ հաջողություն բերի Ուկրաինային, քանի որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան արդեն անցնում են ԻՐԵՆՑ ՆԵՐՔԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
«ՌԴ-ի դեմ դաժան վերաբերմունքի ծավալն այլևս այնքան ուժեղ չէ, որքան պատերազմի սկզբին։ Հիմա Բայդենը պատրաստվում է նախագահական ընտրություններին, Եվրոպան ՀՈԳՆԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՑ։ Շատ եվրոպական երկրներ մեծ վնասներ են կրում, օրինակ՝ Գերմանիայի տնտեսությունը չափից դուրս է կորուստներ կրել։ Ենթադրում եմ, որ, այս ամենով պայմանավորված, կլինեն կուլիսային բանակցություններ, որով ինչ-որ կերպ պատերազմը կսառի»,- նկատում է նա:
Ըստ նրա՝ ԱՄԵՆԱՇԱՏՆ այս պատերազմից տուժում է Ուկրաինան, երկրորդը՝ ՌԴ-ն, երրորդը՝ Եվրոպան և շահում է ԱՄՆ-ն։ Նրա խոսքով, սակայն, եթե ուկրաինական կողմին ինչ-որ կերպ հաջողվի հասնել Ղրիմի մոտակա տարածքներ, գուցե Արևմուտքը դեմ չլինի Ղրիմի դեմ հարձակմանը, որովհետև այդ պետությունն այլևս ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ:

Խոսելով նաև Զապորոժեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքի բնակչությանը տարհանելու և սպասվող միջուկային վթարի կանխատեսումների մասին՝ Հակոբյանը պարզաբանում է՝ իրականում խոսքը միջուկային որևէ վթարի մասին չէ, այլ՝ պրովոկացիա ՌԴ-ի կողմից:
«Միջուկային պայթյունի վտանգ չկա, արձագանքը սխալ է ընկալվել։ ԱՄՆ-ն Ուկրաինայում տեղադրել է ԱՏՈՄԱՅԻՆ ՀՍԿՈՂ ԴԱՉԻԿՆԵՐ, և ՌԴ-ն դա փորձեց օգտագործել, թե պրովոկացիա է նախատեսվում իրենց դեմ։ Այս պահին ցածր է նաև հավանականությունը ատոմային զենքի կիրառման համար։ Մի կողմից այլ միտք կա այս տարհանման մեջ․ երկու կողմերի տարածքներում էլ կան մարդիկ, որոնք սպասում են մյուս կողմի գալուն, և երբ հակառակորդ կողմը գալիս է, ինֆորմացիաներ են նրանց տրամադրում, այդ պատճառով ՌԴ-ն մաքրեց իր թիկունքը»,- ասում է նա:
Անդրադառնալով ՀՀ-ի վրա այս պատերազմի բացասական հետևանքներին՝ զրուցակիցն ասում է. «Մեր երկիրը կախվածության մեջ է ՌԴ-ից, արցախահայությունը՝ նույնպես։ Օրինակ՝ հետևանքներից են անցակետի տեղադրումը։ ԵԹԵ ՌԴ-ն այս պատերազմում որոշակի հաջողություններ ունենար, ԱՊԱ Ալիևը չէր կարող նման քայլերի գնալ։ Ռուսաստանի պարտության դեպքում ռուս խաղաղապահ ուժերը մեծ ճնշումներ կկրեն Արցախում»:

