Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Փետրվարի երկրորդ կեսի արյունոտ այդ օրերում Կավատ II-ը ամրապնդվեց Պարսից թագավորության գահին, սակայն դրա հետ միաժամանակ նա նաև ծանր և նույնիսկ անդառնալի կորուստներ պատճառեց սեփական Սասանյան տոհմին: Ինչ վերաբերում է քաղաքական դասավորությանը, ապա այս տիրակալի օրոք իր կողմնակիցների հետ միասին հատկապես ազդեցիկ դիրք գրավեց Փիրուզ-Խոսրովը, որն էլ ի վերջո նշանակվեց վեզիր և, ըստ էության, դարձավ Պարսից թագավորության երկրորդ մարդը: Հենց նա էր, ի դեպ, որ, գոնե ձևականորեն փրկելու համար իբր բանից անտեղյակ արյաց արքայի վարկը, մահապատժի ենթարկեց Միհր-Որմիզդին:
Ներքին խնդիրներից զատ, սակայն, դեռևս մնում էր ընթացող պատերազմը ու, թեև Կավատ II-ը դեռևս գահի հավակնորդի վիճակում գործել էր կայսեր իմացությամբ, սակայն այժմ ժամանակն էր ամեն ինչին վերջնական տեսք տալու: Ստեղծված պայմաններում պատերազմող կողմերի միջև բանակցություններ սկսվեցին, որոնց արդյունքում 628 թվականի մայիսի 15-ին կնքվեց հաշտություն և Բյուզանդա-Պարսկական VI պատերազմը, ինչպես նաև Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը գոնե իրավաբանորեն վերջացան1: Հաշտության կնքումից հետո Մարզպանական Հայաստանում մարզպան նշանակվեց Վարազ-Տիրոց Բագրատունին (628-634): Նույն այս ժամանակ սպարապետ նշանակվեց Մուշեղ Խիզախ Մամիկոնյանի որդի Համազասպի տղա Դավթի որդի Մուշեղը, այն դեպքում, երբ Սատրապական Հայաստանում հայկական բանակի ղեկավարությունն իրականացնում էր վերջինիս պապի պապի եղբոր թոռան թոռ, կայսրության Արևելքի հրամանատար Վահան Մամիկոնյանը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ հաշտությանը հաջորդած առաջին ամիսներին կարելի էր խոսել պատերազմական գործողությունների դեռևս իրոք, թերևս, միայն իրավաբանական վերջի մասին, քանի որ, ի տարբերություն նախորդ պատերազմների, այժմ հակամարտող կողմերի բանակներն, ըստ էության, գտնվում էին մեկը մյուսի տարածքում և առնվազն գոնե մի քանի ամիս էր պետք, որ Պարսից թագավորության ուժերը հետ քաշվեն Եգիպտոսից մինչև Քաղկեդոն ձգվող հսկայական տարածքներից: Սրանից բացի, սակայն ոչ պակաս կարևոր դեր ունեցավ նաև այն հանգամանքը, որ իր համար մինչ այդ խիստ հաջող ընթացք ստացած պատերազմական գործողություններից այդքան հեշտ չէր պատրաստվում հրաժարվել նաև Տուն-Յագբուն:
Արդյունքում՝ 628 թվականի դեկտեմբերին, մինչ Հերակլես I-ի հիմնական հարվածային ուժերը գտնվում էին Հայաստանի հարավ-արևելքում, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն ավարտում էր իր ցրված ուժերի հետ քաշումը մինչև 591 թվականի սահման, 628 թվականի սեպտեմբերի 6-ին ժանտախտից մահացած հայրասպան Կավատ II-ին Պարսից թագավորության գահին փոխարինել էր նրա յոթնամյա որդի Արտաշիր III-ը (628-629), իսկ Պարսից թագավորությունն էլ տառապում էր սովից, Միջագետքի ջրային համակարգի խաթարման արդյունքում առաջացած ջրերից ու ցեխից, ինչպես նաև համաճարակից, Տուն-Յագբուի գլխավորած Արևմտյան Թյուրքական խաքանության բանակը (մոտ 150.000, այդ թվում մեծաթիվ խազարներ), առաջանալով Դերբենդի լեռնանցքից, կրկին մոտեցավ ուղիղ Տփղիսին: Խաքանը չէր մոռացել քաղաքի պարիսպների տակ նախորդ տարի իրեն հասցրած վիրավորանքը և այս անգամ նա վրեժխնդիր եղավ լիուլի:
Իրոք, ի տարբերություն նախկինի, այս անգամ Տփղիսը նվաճվեց ընդամենը միայն կարճատև պաշարումից հետո և անխնա ավերի ենթարկվեց, իսկ քաղաքի, ինչպես նաև շրջակա բնակչությունն էլ գերեվարվեց: Խաքանը հատկապես դաժան հաշվեհարդար տեսավ Շահր
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 39; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 12, 13; Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», գիրք 3; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 3; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 17; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Քարթլիի դարձը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Սմբատ Դավթորդի «Բագրատունյաց պատմություն»; Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 1, գլուխ 2; Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն», գիրք 5; Աբդ ալ-Հաքամ «Եգիպտոսի նվաճումը»; Աբու Հանիֆա ալ-Դինավարի «Մատյան երկարապատում ավանդությունների»:
851
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Պղականի, ինչպես նաև քաղաքի կառավարիչի հետ, որոնք սկզբում կուրացվեցին, հետո էլ մաշկազերծ արվեցին և կախվեցին1:
Ավարտելով գործերը Վրաստանում՝ Արևմտյան Թյուրքական խաքանության բանակն իջավ դեպի հարավ և, ասպատակելով Ուտիքը, Արցախն ու Աղվանքը, հիշատակված տարածքներն, ըստ էության, գցեց իր գերիշխանության տակ2: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ թյուրքերին սանձելու համար բավարար ուժեր չունեցող Հերակլես I-ը, որը նույն այս ժամանակ լիովին զբաղված էր Պարսից թագավորության դեմ ձեռք բերած հաջողությունը ամրապնդելու գործով, ոչ մի կերպ չխոչընդոտեց այդ պահին Պարսից թագավորության մաս համարվող տարածքների ավերմանը՝ մի կողմից բնականաբար խուսափելով իր համար ավելորդ և վտանգավոր մի նոր ընդհարման մեջ ներքաշվելուց, մյուս կողմից էլ ձգտելով այդ կերպ հագուրդ տալ թյուրքերին ու սանձել նրանց հետագա հավակնությունները: Ինչ վերաբերում է յոթնամյա արյաց արքային, ապա իրական իշխանություն չունեցող այս տիրակալի խորհրդականները ևս իրական ռազմական ոչ մի հնարավորություն չունեին դեմ ելնելու ահեղ Տուն-Յագբուին:
629 թվականի առաջին կեսին, չնայած այն բանին, որ նախորդ տարվա առաջին կեսին իրավաբանորեն, իսկ տարվա վերջին էլ, ըստ էության, արդեն նաև փաստացի պատերազմն իր վերջն էր գտել, տարածաշրջանը դեռևս փոթորկվում էր: Իրոք, Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի զորքերի հեռանալուց հետո կայսրության արևելքում նախկին դիրքերը վերականգնելու համար Հերակլես I-ին դեռևս զգալի ժամանակ էր պետք, քանզի, ամենից առաջ կրոնական, բայց նաև տնտեսական ու ազգային հանգամանքներով պայմանավորված մինչ այդ էլ Կոստանդնուպոլսից առանձնակի գոհ լինելու հիմքեր չունեցած տարածաշրջանում դժգոհությունները համատարած էին, իսկ որոշ տեղերում էլ բանը հասնում էր զինված դիմադրության:
Դիմադրության օջախներից ամենաակտիվը Եդեսիան էր ու, թեև սկզբնաղբյուրները անհնազանդության մեջ մեղադրում են ամենից առաջ հրեաներին, սակայն, թերևս, կարող ենք պնդել, որ դեռևս Ներսեհ Կամսարականի և Փոկասի ժամանակներից այս քաղաքում չէին սիրում Կոստանդնուպոլսի տիրակալներին: Իրավիճակը բարդանում էր նաև նրանում, որ անչափ թույլ և հեղինակազրկված կենտրոնական իշխանության առկայության պայմաններում քաղաքում տեղակայված Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի ռազմիկներն իրենք ևս առանձնակի հիմքեր չէին տեսնում զիջել դիրքերը: Խնդիրը, սակայն, 629 թվականի գարնանը հաջողվեց հարթել կայսրեղբայր, Արևելքի հրամանատար Թեոդորոսին, որը, զգալի ուժերով մոտենալով քաղաքին և սկզբի համար գործի դնելով պաշարողական տեխնիկան, ի վերջո կարողացավ Պարսից թագավորության կայազորի հետ հաշտության եզրեր գտնել ու հեռացնել վերջինիս քաղաքից, իսկ հետո էլ արդեն՝ հրեաներին ստիպել դադարեցնել դիմադրությունը: Հրեաները անձնական վիրավորանքներ էին հասցրել Թեոդորոսին և նա հասցրեց մի շարք մահապատիժներ իրականացնել վերջիններիս շարքերում, սակայն հետո տեղ հասավ կայսեր սուրհանդակը ու տեղեկացրեց, որ Հերակլես I-ը, տեղիք տալով քաղաքի համայնքի ներկայացուցիչ Հովսեփի խնդրանքներին, որոշել է ներել հրեաներին: Արդյունքում, թեև մահապատիժները դադարեցին, սակայն 12.000 հրեաներ, որոնք համարվեցին ամեն ինչի մեղավոր, ամեն դեպքում այսպես թե այնպես աքսորվեցին Եդեսիայից և նրա շրջակայքից3: Նույն այս ժամանակ վիճակը հանդարտ չէր, սակայն, նաև Պարսից թագավորությունում, որտեղ մանուկ Արտաշիր III-ը ոչ մի կերպ չէր կարող համարվել երկրի տիրակալ:
Իրոք, արյաց նոր արքան ընդամենը մի երեխա էր և այս պայմաններում, մի կողմ մղելով Փիրուզ-Խոսրովին, երկրի կառավարումն, ըստ էության, իրականացնում էր նոր վեզիր Մահ-Ադհուր Գուշնասպը, որի մայրը Խոսրով II-ի մորաքույրն էր: Վերջինս, սակայն, չնայած մի քանի կտրուկ միջոցառումների, այդպես էլ ի վիճակի չեղավ ամրացնել սեփական իշխանությունը: Իրոք,
_________________________
1 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 14; «Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Քարթլիի դարձը»; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; «Քարթլիս-Ցխովրեբա», Սմբատ Դավթորդի «Բագրատունյաց պատմություն»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 79:
2 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 14; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 10:
3 Սեբեոս «Պատմություն», գլուխ 42; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 4; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 4; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 33; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 101; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3:

852
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

629 թվականի սկզբի վիճակով Պարսից թագավորությունում չափից շատ էին արյաց արքայի գահին ձգտող մարդիկ։
Դեռևս 628 թվականի վերջից սկսած Պարսից թագավորությունում, ըստ էության, ստեղծվել էին մի քանի խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրն ուզում էր արյաց գահի վրա տեսնել իր թեկնածուին: Ամենաազդեցիկ դերերում էր ամենից առաջ Ասպահապետների խմբավորումը, որը ներկայացնում էր վերջին տասնամյակներում կրկին ուժեղացած խոշոր հողատեր ազնվականության շահերը և որին աջակցում էին թագավորության հիմնականում հյուսիսային շրջանները: Այս խմբավորմանն ամենից առաջ հակադրվում էին Փիրուզ-Խոսրովն և նրա կողմնակիցները, որոնք հիմնականում ներկայացնում էին սոցիալական ավելի ցածր խավերը ու աջակցություն էին վայելում հատկապես երկրի հարավում: Ազդեցիկ էր նաև Խանարանգեսի խմբավորումը, որի ավանդական հենարանը երկրի արևելյան շրջաններն էին, որտեղ ուժեղ էին քոչվոր տարրերի դիրքերը: Արյաց գահի նկատմամբ սեփական պատկերացումներն ունեցող անձանց շարքերում, սակայն, քիչ չէին նաև վերջին տասնամյակները իրենց կյանքը պատերազմներում անցկացրած զինվորականները, իսկ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ բանակը ըմբոստության հարուստ փորձ ուներ դեռևս Վահրամ VI Չուբինի ժամանակներից, վիճակն առավել ծանր տեսք էր ստանում: Զինվորականներին ներկայացնող վերջին խմբավորման ղեկավարներն էին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն և նրա մարտական զինակից Խարդարիգանը: Եվ վերջապես իրենց յուրօրինակ դիրքորոշումն ունեին նաև Վարազ-Տիրոց Բագրատունու գլխավորած հայերը, որոնք, ակտիվորեն չմասնակցելով գահակալական պայքարին, անկախության իրենց մշտական ձգտումներով ևս այնուհանդերձ որևէ կերպ չէին նպաստում իրավիճակի կայունացմանը:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ գործող տիրակալի ենթարկվելու ոչ մի հիմք չէր տեսնում հատկապես Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը, որը, խոցված և վիրավորված դեռևս Խոսրով II-ի կողմից, այժմ, ձեռքի տակ ունենալով երկիր վերադարձած բանակային ուժերը, որոնց շարքերում իր հեղինակությունը հսկայական էր, իրեն լիովին պատրաստ էր համարում արյաց գահը զբաղեցնելու համար: Ավելին, հենց Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազն ու իր խմբավորումն էր, որ ամենից պատրաստն էին կտրուկ գործողությունների, ընդ որում պատերազմների բովով անցած և մահ տեսած այս զորականները որևէ կերպ վճռականության պակաս չունեին։ Արդյունքում՝ 629 թվականի ապրիլի երկրորդ կեսին Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի բանակային ուժերը մոտեցան Տիզբոնին և, վայելելով ամենից առաջ Փիրուզ-Խոսրովի, ինչպես նաև Խանարանգեսի խմբավորումների աջակցությունը, ապրիլի 27-ին առանց լուրջ դիմադրության հանդիպելու տիրեցին քաղաքին: Արտաշիր III-ը գահընկեց արվեց և Մահ-Ադհուր Գուշնասպի հետ միասին շուտով սպանվեց, իսկ Պարսից թագավորության արքա էլ հռչակվեց Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը (629)՝ Վահրամ VI Չուբինից հետո լինելով երկրորդ անձը, որը, չլինելով Սասանյանների տոհմից, բազմեց Սասանյանների տերության գահին:
Արյաց նոր արքան այս ժամանակ դեռևս Արևելքում գտնվող Հերակլես I-ի հետ լավ հարաբերություններ ուներ, ընդ որում մարտաշունչ տրամադրություններով ամենևին պատված չէր նաև կայսրը, որի տերությունն ինքն էլ անվերջ ռազմական գործողություններից ուժասպառ էր եղել, երբ մարդիկ իրոք մահու չափ հոգնել էին չվերջացող պատերազմից: Այսպիսով, հանգիստ լինելով կայսրության կողմից, Պարսից թագավորության գործող արքան, ըստ էության, միայն երկու խնդիր ուներ՝ ամրացնել դիրքերը երկրի ներսում և հետ մղել թյուրքերին:
Երկրի ներսում գահին բազմելուց հետո Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի հիմնական հակառակորդն ամենից առաջ սեփական զինակից նույն Խարդարիգանն էր՝ ևս մեկ մարտական զորական, որի հետ Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին կապում էին համատեղ անցած մարտական ուղին, ինչպես նաև ընդհանուր վտանգին դեմ հանդիման մեկը մյուսի նկատմամբ դրսևորած ազնիվ վարքագիծը: Այժմ, սակայն, երբ Խոսրով II-ն արդեն չկար, մարտական այս զորավարները մահացու մարտում իրար եկան։ Արդյունքում, ժամանակին հավաքելով ուժերը և օգնություն ստանալով այդ թվում նաև Հերակլես I-ից, 629 թվականի մայիսի 19-ին Տիզբոնի պարիսպների տակ տեղի ունեցած ճակատամարտում Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի կողմնակիցները վճռական հաղթանակի հասան,
853
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Խարդարիգանը սպանվեց, իսկ գործող արքայի դիրքերն էլ առժամանակ ամրապնդվեցին1: Այս դեպքերից կարճ ժամանակ անց Խանարանգեսի խմբավորումը որպես արյաց գահի սեփական թեկնածու Պարսից թագավորության արևելյան շրջաններում առաջ քաշեց ոմն Խոսրովի՝ Խոսրով III-ին (629), սակայն սա շուտով զոհ գնաց դավադրությանը և Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազը ազատվեց նաև այս հոգսից:
Արյաց արքայի համար առավել բարդ էր թյուրքական խնդրի լուծումը, քանի որ Տուն-Յագբուի մարտիկները, իրենց լիովին տեր ու տնօրեն զգալով Պարսից թագավորության հյուսիս-արևմտյան տիրույթներում, ոչ մի կերպ չէին պատրաստվում հետ քաշվել: Թյուրքերին գոնե մի որևէ կերպ սանձելու նպատակով արյաց արքան դիմեց ռազմական գործողությունների, սակայն 629 թվականի մայիսի վերջին Սևանա լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում Արևմտյան Թյուրքական խաքանության բանակի (մոտ 100.000, այդ թվում մեծաթիվ խազարներ) առաջապահը (3.000), կեղծ նահանջով առաջ քաշելով Պարսից թագավորության բանակին (10.000, այդ թվում մեծաթիվ արաբներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000), գցեց հիմնական բանակի նախապատրաստած դարանը և գլխովին ջախջախեց2։ Այսպիսով՝ թյուրքական վտանգը շարունակում էր իրական մնալ, սակայն մի անակնկալ հանգամանք ինքնին լուծեց խնդիրը, քանի որ հենց նույն այն ժամանակ, երբ թյուրքերը Պարսից թագավորության բանակի նկատմամբ հաղթանակ տարան, լուր եկավ, թե Տուն-Յագբուն զոհ է գնացել Նուշիբի ցեղախմբի երդվյալ հակառակորդը հանդիսացող Դուլու ցեղախմբի անդամների կողմից հղացած հաջող դավադրությանը և Արևմտյան Թյուրքական խաքանությունում հերթական գահակալական մի ծանր պայքար է սկիզբ առել, որին, ի դեպ ասած, այս անգամ վիճակված էր արդեն վերջնականապես թաղել այս պետությանը։ Արդյունքում՝ թյուրքերը, այլևս ի վիճակի չլինելով մնալ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում, հետ քաշեցին ուժերը Նախակովկասյան տափաստաններ: Սրանով էլ, ըստ էության, ռազմական գործողություններն արդեն իրոք իրենց վերջը գտան, սակայն տարածաշրջանին քիչ թե շատ հարատև հանդարտություն վայելել դեռևս ամենևին էլ վիճակված չէր:
Թյուրքերի հետ քաշվելը, որը տեղի ունեցավ 629 թվականի ամռան ամենասկզբին, ինքնին անակնկալ ու թանկարժեք մի նվեր Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի համար, վերջին հաշվով այնուհանդերձ օգուտ չտվեց նաև այս տիրակալին, քանի որ 629 թվականի հունիսի 9-ին, երբ արյաց գահը զբաղեցրած նախկին զորավարը զորատես էր իրականացնում, մինչ այդ դավադրություն կազմած վերջինիս պահակազորի երեք եղբայրներ թիկունքի կողմից նետված նիզակներով հարվածեցի նրան և սպանեցին: Դավադրության հետևում, դատելով ըստ ամենայնի, կանգնած էր Ֆառուխ-Որմիզդի խմբակցությունը, որին իշխանության վերջին բաժանումից ամենաքիչն էր բաժինն էր հասել: Եվ ահա այժմ, վերացնելով Խոռյան Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազին և կործանիչ հարված հասցնելով զինվորականների խմբակցությանը, հարված, որից վերջինս հետագայում այդպես էլ ուշքի չեկավ, Ասպահապետների առաջնորդը, բացառիկ մի դեպք Պարսից թագավորության պատմության մեջ, արյաց գահին բազմեցրեց Խոսրով II-ի դուստր Բորանդուխտին (629-630, 631-632): Նորընծա թագուհին, վայելելով խոշոր հողատեր ազնվականների աջակցությունը, որոնք հենց թեկուզ սեփական շահերից ելնելով գոնե այդ պահին ձգտում էին նրա իշխանության ամրապնդմանը, փորձ կատարեց արագորեն կարգուկանոն հաստատել երկրում՝ միաժամանակ արդեն պաշտոնապես բացասական վերաբերմունք արտահայտելով հայրասպան Կավատ II-ի ու նրա ողջ գործունեության նկատմամբ:
Մինչ Բորանդուխտը փորձում էր ամրանալ կնոջ համար այնքան անսովոր արյաց գահին՝ 629 թվականի ամռանն և աշնան սկզբին, անշտապ ճանապարհորդելով կայսերական արևելյան տիրույթներով, ցուցադրելով հենց նոր գերությունից ազատված Փրկչական խաչն և դժվարությամբ խաղաղեցված տարածքներում այդ կերպ հնարավորինս մեծ հեղինակություն ձեռք բերելով, Հերակլես I-ն իր շքախմբի հետ միասին նույն տարվա սեպտեմբերի վերջին ի վերջո ժամանեց Կոստանդնուպոլիս: Կայսրը մայրաքաղաք մտավ Ոսկե դարպասներով, ընդ որում
_________________________
1 Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 101; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»:
2 Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 16:

854
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

սեփական մուտքը մայրաքաղաք ոչ միայն նա ինքը վերածեց մի իսկական հաղթահանդեսի, այլև մայրաքաղաքն ինքը Հերակլես I-ին դիմավորեց ամենայն հանդիսավորությամբ ու սիրով:
Իրոք, բոլորին թվում էր, թե վերջ, սա վերջին պատերազմն է և հսկայական զոհողությունների ու ուժերի գերլարման ծանր գնով ձեռք բերված անհավատալի և թանկարժեք այդ հաղթանակը վերջ է տալու բոլոր ընդհարումներին: Մարդկանց հատկապես մեծ հույսեր էր ներշնչում ավանդական հակառակորդի՝ Պարսից թագավորության, թուլացումն և ամեն տեսակի հավակնություններից հրաժարումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ արյաց գահին հայտնվել է մի կին, որ դիրքերն էլ, դրան գումարած, ամուր չէին:
Մարդիկ չէին էլ կասկածում, սակայն, որ արդեն սկիզբ են առել նոր ժամանակներ։
_________________________
855
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մհեր Հակոբյան
Մեծ խաղը


(Եվրասիական Մեծ խաղը և Հայաստանը)

Հատոր I













Խմբագիր` Թ. Հակոբյան
Ձևավորում` Ա. Գրիգորյան
Սրբագրիչ` Մ. Սմբատյան
Հեղինակային Հրատարակություն
Երևան 2025
Չափսը՝ 70x100 1/16։
Թուղթը՝ օֆսեթ։ Տպագրությունը՝ օֆսեթ
23 տպ. մամուլ
Տպաքանակը` 100:
Հեռ.՝ (093) 45-80-04
e-mail [email protected]
856
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մեր հասարակության խնդիրների խնդիրը ԳԻՏԵԼԻՔԻ ՊԱԿԱՍՆ Է: Գիտելիքը լույս է, այն ուժեղացնում է և՜ անհատին, և՜ հասարակությանը:

Լույսը ավելացնելու հարցով ես իմ ներդրումն անում եմ՝ նոր գիրքս…

Մեծ խաղը հասավ Մոսկվա, պատիվ արեցիր, Garik Manasyan!

Изображение
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մեր հասարակության խնդիրների խնդիրը ԳԻՏԵԼԻՔԻ ՊԱԿԱՍՆ Է: Գիտելիքը լույս է, այն ուժեղացնում է և՜ անհատին, և՜ հասարակությանը:

Լույսը ավելացնելու հարցով ես իմ ներդրումն անում եմ՝ նոր գիրքս…

Մեծ խաղը հասավ Մոսկվա, պատիվ արեցիր, Garik Manasyan!

Изображение
Ответить