Այսպիսով` հյուսիսային հարվածը ավարտվեց անհաջողությամբ, սակայն այն մի ինչ-որ ժամանակ այնուհանդերձ զբաղեցրեց հակառակորդի ուժերին, ինչը հնարավորություն տվեց կայսերական հիմնական բանակին առաջանալ: Առջևում վճռական իրադարձությունն էին: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1176 սեպտեմբերի 17 - 18 – Մյուրիկեաֆոլնի ճ-մ (Իկոնիայից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք, Բեյշեհիր լճից մոտ 15 կմ հյուսիս-արևելք)1
Մանուիլ I-ի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 80.000, այդ թվում մեծաթիվ սերբեր, հունգարներ, բուլղարացիներ, իտալացիներ, գերմանացիներ, սելջուկներ և ղփչախներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50, այդ թվում Հովհաննես և Անդրոնիկոս Անգեղները) մտան Իկոնիայի սուլթանության տարածք և, ենթարկվելով թշնամու բանակի մանր հարձակումներին ու պարենամթերքի և ջրի զգալի պակաս զգալով, շարունակեցին առաջխաղացումը: Տեղեկանալով այդ մասին` Խլիճ-Արսլան իբն Մասուդի գլխավորած Իկոնիայի սուլթանության և Զանգյանների աթաբեկության, ինչպես նաև Արտուխյանների էմիրության միացյալ բանակը (50.000, այդ թվում սուլթանի խորհրդական Հասան իբն Գավրասը) դարանեց հակառակորդին վերջինիս առաջխաղացման ուղու վրա գտնվող մի լայնարձակ լեռնահովտում` սեփական ուժերը տեղավորելով թևերում գտնվող բարձունքներում: I փուլ – Առանց հետախուզության առաջ շարժվող կայսերական բանակի առաջապահը մտավ լեռնահովիտ, որտեղ ենթարկվեց հզոր հարձակման: Առաջապահում գտնվող հետևակին հաջողվեց ճեղքել թշնամու բանակի շարքերը և, դուրս գալով կիրճի մյուս կողմից, ամուր դիրքեր գրավել, սակայն հեծելազորը ենթարկվեց լիակատար շրջապատման ու գլխովին ջախջախվեց: Միայն Մանուիլ I-ին հաջողվեց թիկնապահների փոքրիկ խմբով ճեղքել հակառակորդի պաշարման օղակը և պատսպարվել հետևակի զբաղեցրած դիրքերում: II փուլ – Հակառակորդի բանակը շրջապատեց քրիստոնյաների հետևակի զբաղեցրած դիրքերը և սկսեց նետերի տարափ տեղալ: III փուլ – Հակառակորդի բանակը անցավ հարձակման, սակայն նրա բոլոր գրոհները հետ մղվեցին: IV փուլ – Քրիստոնյաները մի քանի արտագրոհներ իրականացրին, այդ թվում Հովհաննես Անգեղի գլխավորությամբ, սակայն հակառակորդը հետ մղեց դրանք: Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի ողջ գիշերվա ընթացքում հակառակորդի բանակը խոշոր ուժերով անընդհատ մոտեցավ քրիստոնյաների ճամբարին և սկսեց իրականացնել հախուռն նետաձգություն: Միաժամանակ Խլիճ-Արսլան իբն Մասուդը բանակցություններ սկսեց քրիստոնյաների շարքերում գտնվող սելջուկների հետ` համոզելով նրանց անցնել իր կողմը: V փուլ – Հաջորդ օրը սկսվեցին բանակցություններ և կնքվեց զինադադար, ըստ որի Խլիճ-Արսլան իբն Մասուդը պետք է թույլ տար կայսերական բանակին նահանջել եկած երթուղով: Կայսերական բանակը նահանջեց եկած ճանապարհով և հեռացավ` բավականին երկար տարածություն ենթարկվելով մանր հարձակումներին: Հայերը կորցրին մոտ 30, դաշնակիցը` մոտ 60.000, թշնամին` 20.000 զինվոր:
Պատմությունը, երբեմն, սիրում է խաղալ տարեթվերի հետ և, ահա նաև այս անգամ, վրիպելով ընդամենը 5 տարի, սակայն փոխարենը ավելի դիպուկ լինելով ամսաթվի հարցում, մարդկությունը հարյուր տարվա տարբերությամբ հերթական անգամ ականատես եղավ նման մի խաղի: 1071 թվականի օգոստոսի 15-ից 19-ը ընթացած Մանազկերտի ճակատամարտում _________________________ 1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Մանուիլ Կոմնենոս», գիրք 6, մաս 1-6; Հովհաննես Կինամոս «Համառոտ պատմություն», գիրք 7, մաս 3; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 20, գլուխ 5; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 468; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 21, գլուխ 9; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»:
Բյուզանդական կայսրությունը կրեց իր բոլոր պարտություններից ամենածանրն և ամենավճռականը, որը վերջինիս Արևելք, այդ թվում նաև Հայաստան ու հայեր, ինչպես նաև ծանրագույն մի ճգնաժամ արժեցավ, մի ճգնաժամ, որը մեծ դժվարությամբ հաղթահարել հաջողվեց դրանից միայն երեք տասնամյակ անց, սակայն, որի հետևանքները վերջնականապես վերացնել այդպես էլ չստացվեց: Եվ ահա այժմ՝ այդ վճռորոշ ջախջախումից ընդամենը 105 տարի ու մեկ ամիս անց կայսերական ռազմական մեքենան նոր և իր բնույթով նախորդին սկզբունքորեն նման ևս մեկ ջախջախում կրեց, որի հետևանքները հաղթահարելն արդեն լինելու էր անհնար: Ծանր խոհերով տարված ժամանակակիցները և հենց նույնիսկ Մանուիլ I-ն ինքն էլ արդեն նմանություններ էին տեսնում Ռոմանոս IV-ին ու իրենց բաժին հասած այդ պարտությունների միջև, երբ, օրինակ, մայրաքաղաք ուղարկված հատուկ ուղերձում կայսրը գրում էր, թե. «… եղավ այնպես, ինչպես Ռոմանոս Դիոգենեսի հետ, քանզի այդ արքան ևս, պատերազմի մեջ մտնելով թուրքերի դեմ, շատ զորք կորցրեց և ինքն էլ գերի տարվեց»: Այս առումով հազիվ թե մխիթարական էր այն հանգամանքը, որ կայսրն ինքը, ի տարբերություն դժբախտ Ռոմանոս IV-ի, այս անգամ խուսափեց գերությունից: Մանազկերտի ջախջախումից հետո Ալեքսեյ I-ին իր ժամանակին քիչ ջանքեր չէր արժեցել կայսրության մեջքը գոնե մասնակիորեն ուղղելը, թեև այս կայսրը, ինչպես մի քանի անգամ արդեն ասվեց, բաց էր թողել նաև պատմական անակնկալ նվերը հօգուտ կայսրության օգտագործելու աննախադեպ հնարավորությունն, ի դեմս Խաչակրաց I արշավանքի: Խաչակրաց II արշավանքի հետ կապված ավելի սահմանափակ, տեսական ու արդեն դժվար օգտագործելի մի հնարավորություն էլ 1147 թվականին իր հերթին բաց էր թողել Ալեքսեյ I-ի թոռ Մանուիլ I-ը, սակայն, ըստ էության, նույնիսկ արդեն դա չէր էականը, քանզի, եթե պապը բաց թողեց կայսրության նախկին հզորությունը վերականգնելու առաջնակարգ այդ հնարավորությունը, ապա թոռը իր երկարատև կառավարման ընթացքում բաց թողեց արդեն հնարավորությունը հետագա կենսունակություն ապահովել իրեն բաժին հասած տերությանը: Կոմնենոսների տոհմի գլխին կարծես դառը անխուսափելիության պես կախված էր գործը կիսատ թողնելու և այն ավարտին չհասցնելու անհասկանալի ճակատագիրը, երբ, ինչքան էլ առաջին հայացքից եռանդուն, զուսպ ու խելացի, իսկ այդ հատկանիշների պակասի հարցով այս տոհմի և ոչ մի կայսերական ներկայացուցչի մեղադրել հնարավոր չէ, վերջնական հաջողության համար նրանցից յուրաքանչյուրին մի վերջին պահի մի ինչ-որ բան այնուհանդերձ չէր հերիքում: Իրոք, Իսահակ I-ը՝ փայլուն այդ զինվորականը, որն իր առաջին իսկ քայլերով ժամանակակիցներին մոտ մեծ հույսեր առաջացրեց, մինչ այժմ էլ վերջնականապես անհասկանալի հանգամանքներում լքեց գահն ու կիսատ թողեց սկսած գործը, ակնառու Ալեքսեյ I-ը անդուլ պայքար մղեց կայսրության հզորության համար, սակայն արդյունքներն այդպես էլ վերջնական չէին, հորը մեծ հաշվով արժանի Հովհաննես II-ը, ոչ մի տարի բաց չթողնելով առանց պատերազմական գործողությունների և առանց պետությունը ուժեղացնելու հոգսերի, ամեն ինչ կիսատ թողած դժբախտ պատահարի զոհ գնաց և ահա այժմ արդեն Մանուիլ I-ը, թվում էր, թե անվերջ հաջողության մեջ գտնվելով մահմեդականների դեմ պայքարում, իր կյանքի ամենավերջում ծանր մի անհաջողություն կրեց, որը հիմնովին արժեզրկեց մինչ այդ հասած նրա բոլոր ձեռքբերումները: Մյուրիկեաֆոլնի ջարդից հետո Խլիճ-Արսլան իբն Մասուդը Մանուիլ I-ին զինադադար նվիրեց, սակայն արդեն ամեն ինչ կորցրած և ըստ երևույթին նոր միայն ամեն ինչ խորապես հասկացած կայսրը շարունակեց ռազմական գործողությունները: 1177 թվականի գարնանը Մենանդրոս գետի ճ-մ-ում Հովհաննես Բատացեսի, Կոնստանդին Դուկասի և Միքայել Ասպետ Հայի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 10.000) դարանը գցեց ու ջախջախեց շրջակայքն ասպատակած և ձեռք բերած ավարով նահանջող Իկոնիայի սուլթանության բանակին, թեև հաղթողների կողմից զոհվեց նաև Միքայել Ասպետը` ընկնելով գետը ու խեղդվելով1: 1178 թվականի գարնանը, սակայն, գրեթե նույն վայրում Իկոնիայի սուլթանության բանակը (մոտ 5.000) գիշերային անակնկալ հարձակումով ինքը փախուստի _________________________ 1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Մանուիլ Կոմնենոս», գիրք 6, մաս 7:
մատնեց Անդրոնիկոս Անգեղի և Մանուիլ Կանտակուզենոսի գլխավորած Բյուզանդական կայսրության ճամբարած բանակին (մոտ 10.000) ու խլեց ձեռք բերած ավարը1: Վերջ, արդեն իսկ պարզ էր, որ շատ արյուն կորցրած կայսրությունն ուղղակի ի վիճակի չէ պատերազմի հետագա ընթացքը որևէ կերպ փոխել իր օգտին, իսկ այս պայմաններում հետագա ակտիվությունից զերծ մնաց նույնիսկ Մանուիլ I-ի նման եռանդուն և խորապես խոցված տիրակալը: Ամեն ինչ, ըստ էության, արդեն պարզ էր: Այս առումով հատկանշական էր, սակայն, ևս մեկ այլ հանգամանք, քանզի, մինչ Մանուիլ I-ը թուլացող ուժով գործում էր Արևմուտքում, կարծես ուշադրություն էլ չդարձնելով դրա վրա, Խլիճ-Արսլան իբն Մասուդը իր հարվածային բանակը տեղափոխեց դեպի սեփական սուլթանության արևելք և այստեղ հերթական հաղթահանդեսը կազմակերպեց: Արդյունքում՝ 1177 թվականի հունիսի 19-ին Խլիճ-Արսլան իբն Մասուդի գլխավորած Իկոնիայի սուլթանության բանակը (մոտ 30.000) Աֆրիդունին սպանած ու նրան փոխարինած վերջինիս եղբայր Մուհամմեդ իբն Զուլ-Կարնայնի (1175-1178) գլխավորած Դանիշմանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Մելիտեն ու 1178 թվականի հոկտեմբերի 25-ին գրավեց այն2: Վերջ, հզոր սուլթանը վերջակետ դրեց նաև Դանիշմանյանների էմիրության հետ մոտ մեկ դար շարունակվող վեճին՝ Դանիշմանյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ մահմեդականների փոքրասիական տիրույթներում միակ տիրակալն այդուհետ հենց Իկոնիայի սուլթանությունն էր:
Գլուխ 82 Օրբելյանների և Քարթլիի թագավորության կենտրոնական իշխանության նոր հակամարտությունը
Մինչ Մանուիլ I-ը տանուլ էր տալիս կայսրության համար ճակատագրական դարձած իր կյանքի վերջին պատերազմը, իսկ Խլիճ-Արսլան իբն Մասուդն էլ ամրապնդում էր սեփական սուլթանության դիրքերը արևելյան սահմաններում, քրիստոնեական աշխարհի արևելքում իրենց հերթին սեփական խնդիրներն առաջացան, թվում է, թե հենց նոր մահմեդական աշխարհի նկատմամբ լրջագույն հաջողություն արձանագրած Քարթլիի թագավորությունում: Եվ խնդիրը կրկին դուալիստական այն դերի մեջ էր, որն այստեղ կատարում էին հայերը: Իր ժամանակին, երբ Քարադուռի իշխանությունը Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորությամբ ապստամբեց Բագրատ II-ի դեմ, խնդիրն ամենից առաջ կայանում էր նրանում, որ վրացիների, աբխազների և ծանարների ժողովրդագրական միաձուլման արդյունքում նախկինում առաջնային տեղ ու դեր ունեցող հայ ազնվականները իրենց խաղացած սոցիալական դերակատարությամբ աստիճանաբար հետին պլան մղվեցին և դա այն պայմաններում, երբ ժամանակակիցների հոգեբանության մեջ Բագրատ II-ի թագավորությունը դեռևս ընկալվում էր որպես մի թագավորություն, որտեղ առաջնային դերը պետք է պատկաներ հենց հայերին: Ապստամբությունը, չնայած երկար ժամանակ փաստացի հաջողություն ապահովեց այն իրականացնողներին, ի վերջո, սակայն, վերջնարդյունքում ամրագրեց հայերի անհաջողությունը: Միաժամանակ ապստամբությանը հաջորդած իրադարձություններն իրենց հերթին միայն թուլացրին հայերի դերն և նշանակությունը Քարթլիի թագավորությունում, երբ Գեորգի II-ը Սելջուկյան սուլթանությանը զիջեց Քարադուռի իշխանության տարածքը, ինչի արդյունքում կտրուկ թուլացած Օրբելյանները լքեցին հայրենի կալվածքները ու տեղափոխվեցին Քարթլիի թագավորության ավելի խորքային շրջաններ: Սկսած 1110 թվականների սկզբից, սակայն, երբ Քարթլիի թագավորությունը մի կողմից սկսեց աստիճանաբար ազատագրել Հյուսիսային Հայաստանը, իսկ մյուս կողմի էլ Դավիթ I Շինարարի սիրալիր վերաբերմունքի պայմաններում հայերը Հայաստանի այլ շրջաններից աստիճանաբար սկսեցին կուտակվել Քարթլիի թագավորությունում և հատկապես վերջինիս տիրապետության տակ հայտնված Հյուսիսային Հայաստանում, հայերի դերը ուշագրավ այս պետական միավորում կրկին սկսեց աճ ապրել: _________________________ 1 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Մանուիլ Կոմնենոս», գիրք 6, մաս 8: 2 Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 470; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 20, գլուխ 6; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27:
Անիի և Հյուսիսային Հայաստանի փաստացի ազատագրումից հետո հայերի դերը Քարթլիի թագավորությունում ավելի մեծացավ և, համեմատության համար, օրինակ, նշենք, որ, եթե 1121 թվականին Քարթլիի թագավորության 100.000 հոգանոց բանակից հայ էր ամեն 10-րդ ռազմիկը, ապա այժմ հայ էր նույնաքանակ բանակի արդեն ամեն 3-րդ ռազմիկը: Քարթլիի թագավորությունը, ստեղծվելով հայկական հիմքի վրա և հետագայում վրացականալով, այժմ աստիճանաբար կրկին ձեռք էր բերում հայկական դիմագծին բնորոշ որոշ տարրեր մոտավորապես այնքան, ինչքան Բյուզանդական կայսրությունը IX-X դարերում: Այս առումով հետաքրքիր է, որ գործընթացը իր օրինաչափ զարգացումը ապրեց, չնայած նույնիսկ Լոռու թագավորության թուլացմանը և ինչ-որ տեղ նույնիսկ ավելին՝ հենց այս գործընթացն էր, որ թուլացրեց Լոռու թագավորությունը։ Արդյունքում՝ Քարթլիի թագավորության հարավային տարածքներին համապատասխանող Հյուսիսային Հայաստանում սկսեցին ուժեղանալ վերստեղծված Քարադուռի իշխանությունն ու այնտեղ վերահաստատված Օրբելյանները, ինչպես նաև նրանցից վասալական կախվածության մեջ գտնվող, մինչ այդ մանր ազնվականներ, իսկ այժմ իրենց հերթին աճ ապրած Զաքարյանները: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Օրբելյաններին գլխավորում էր Սմբատի որդի Իվանեն (1161-1177): Ինչ վերաբերում է Զաքարյաններին, ապա մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում նրանց գլխավորում էր Սարգիս Ավագ Զաքարյանի որդի Զաքարեի (մոտ 1130-1160) տղա Սարգիս Մեծը (մոտ 1160 - ուղ. 1187): Այսպիսով` հայկական բնույթ ունեցող տեղական իշխանությունները, ինչպես նաև հայերն ընդհանրապես Քարթլիի թագավորությունում իրենց վերելքն էին ապրում և ուժեղացնում էին նաև նույն այդ թագավորությունը, սակայն մեկդարյա առաջվա իրադրության հետ համեմատած այնուհանդերձ առկա էին նաև էական տարբերություններ, որոնցից գլխավորը այն էր, որ, ի տարբերություն նախկինի, այժմ տեղական հայկական իշխանությունները այնքան էլ ուժեղ չէին, իսկ հայերն էլ հիմնականում ներկայացված էին մանր ազնվականների, առևտրա-արհեստավորական, ինչպես նաև գյուղացիական դասակարգերով: Արդյունքում, եթե նախորդ անգամ առաջնայինը հենց Քարադուռի ուժեղ հայկական իշխանության կողմից Քարթլիի թագավորությունում քաղաքական գերիշխանության վիճարկումն էր վրացիներին աջակցող Հյուսիսային Բագրատունիների արքայատոհմի հետ, ապա այժմ ազգային նույն գործոնին հակադրվում էին հայերի հիմնական մասի դասակարգային ձգտումները, որոնք արդեն առավել շահագրգռված էին հենց ուժեղ արքայական իշխանության առկայությամբ: Վերջին հանգամանքն իր հերթին նույն Օրբելյաններին զգալիորեն զրկում էր իրենց ազգակիցների աջակցությունից: Օրբելյանները ըմբոստ դիրքորոշում ունեին արքայական իշխանության նկատմամբ վաղուց, սակայն սեփական հորեղբորն ու հորեղբորորդուն բաժին հասած դառը ճակատագիրը Սմբատ Օրբելյանին այնուհանդերձ չխանգարեց ամրապնդել իր դիրքերը Քարթլիի թագավորությունում, ընդ որում 1155-1156 թվականին վերջինս իր որդի Իվանեի հետ միասին իր ակտիվ մասնակցությունը բերեց Քարթլիի թագավորությունում բռնկված գահակալական ճգնաժամին: Ժամանակին հայր ու որդի Օրբելյանները ակտիվորեն աջակցել էին Գեորգի III-ին զբաղեցնել եղբոր գահը, սակայն այժմ Սմբատն արդեն չկար, իսկ Իվանե Օրբելյանի հարաբերություններն էլ նույն Գեորգի III-ի հետ ծայրահեղ սրվել էին: Իրավիճակին լրացուցիչ սրություն էր հաղորդում նաև այն հանգամանքը, որ Իվանե Օրբելյանի աղջիկն ամուսնացած էր Դավիթ II-ի արդեն քսանամյակը բոլորած որդի Դեմնայի հետ և այս առումով Օրբելյան հզոր իշխանը իր աղջկա ու փեսայի համար փաստորեն նաև գահակալական խնդիր էր լուծում: Առաջիկա իրադարձություններում հայերի հիմնական մասի դիրքորոշումն այժմ, սակայն, ինչպես արդեն ասվեց, այնուհանդերձ այնքան էլ որոշակի չէր և այս անգամ Օրբելյանները չէին կարող միանշանակորեն հույս դնել նրանց աջակցության վրա, քանի որ, այս մասին ևս արդեն ասվեց, սեփական դասակարգային շահերը հայերին անխուսափելիորեն մղում էին ամենից առաջ հենց Գեորգի III-ի կողմը, որն ինքն էլ հայերին սկզբունքորեն վատ չէր վերաբերվում: Եվ այսպես նույն այն ժամանակ, երբ Խլիճ-Արսլան իբն Մասուդը վերջնականապես հաստատեց իր իրավունքները Փոքր Ասիայի նկատմամբ, անհաջողության մատնված Մանուիլ I-ը նոր միայն հասու եղավ աղետի ողջ ծավալին, իսկ հենց նոր առաջացած Էյուբյանների սուլթանությունն էլ տարածաշրջանային երեկվա առաջատար Զանգյանների աթաբեկության հետ հաջողությամբ վիճարկում էր
գերիշխանությունը Ասորիքի նկատմամբ, Քարթլիի թագավորություն սկիզբ առավ բացահայտ մի ապստամբություն, ընդ որում ապստամբները, սխալ հաշվարկելով ուժերի հարաբերակցությունը, հենց սկզբից էլ հույսները դրել էին Ջահան-Փահլևանի աջակցության վրա: 1176 թվականի մայիսին Իվանե Օրբելյանի, նրա եղբայրներ Լիպարիտի ու Քավթառի, ինչպես նաև վերջինիս որդի Ինայի գլխավորությամբ Գուգարքից արշաված ապստամբների բանակը (մոտ 35.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (30.000, այդ թվում Սարգիս Մեծ և Վահրամ Զաքարյանները, Վահրամի որդիներ Զաքարե Փոքրն ու Սարգիսը, ինչպես նաև Հասան Կայենցին, Գրիգոր Պահլավունին և Անանիա Դվինցին) ասպատակեցին Տփղիսի շրջակայքը: Գեորգի III-ը, սակայն, ապաստանեց Տփղիսում և սկսեց արագորեն ուժեր հավաքել: Դրան հակառակ, ապստամբների շարքերում առաջ եկան տատանումներ և տարաձայնություններ, իսկ շատերը, այդ թվում նաև Գրիգոր Պահլավունին, ուղղակիորեն լքեցին ապստամբներին ու միացան Քարթլիի արքային: Այս պայմաններում ապստամբները նահանջեցին և ամրացան Լոռիում ու Շամշուլդեում1: Այսպիսով՝ ապստամբները կորցրին նախաձեռնությունը, ինչը հնարավորություն տվեց արքայական ուժերին պատասխան հարված հասցնել: 1176 թվականի հունիսին Գեորգի III-ի գլխավորած կառավարական բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000, այդ թվում Վասակ Արծրունին) Տփղիսի քաղաքապետ Կուրտ Արծրունու գլխավորությամբ Մահկանաբերդի մոտ գտնվող մի նեղ կիրճում շրջապատեցին Լիպարիտ Օրբելյանի գլխավորությամբ դեպի Կայեն ամրոց շարժվող ապստամբներին (մոտ 15.000) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 12.000) և հաղթեցին: Լիպարիտ Օրբելյանը պատսպարվեց Լոռիում, իսկ Սարգիս Մեծ, Վահրամ, Զաքարե Փոքր և Սարգիս Փոքր Զաքարյանները, ինչպես նաև Հասան Կայենացու գլխավորած Կայեն ամրոցի կայազորը լքեցին ապստամբներին ու միացան Գեորգի III-ին2: Դրանից հետո 1176 թվականի հունիսի վերջին կառավարական ուժերը պաշարեցին Ագարակ ամրոցը և այստեղ ապաստանած ապստամբներին ստիպեցին հանձնվել3: Նույն այս ժամանակ Իվանե Օրբելյանին հաջողվել էր ոտքի հանել նաև Կախեթիի բնակչությանը, ինչպես նաև լեռնականներին, սակայն 1176 թվականի հուլիսի սկզբին Կախեթիի ճ-մ-ում Տփղիսի քաղաքապետ Կուրտ Արծրունու գլխավորած կառավարական բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Սարգիս Մեծ, Վահրամ, Զաքարե Փոքր և Սարգիս Փոքր Զաքարյանները, Վասակ Արծրունին, ինչպես նաև Հասան Կայենցին), ինչպես նաև Շիրվանշահերի էմիրության (մոտ 10.000) բանակը հաղթեցին ապստամբած կախեթցիներին, լեզգիներին ու լեռնականներին (մոտ 20.000), ինչպես նաև Հայ ռազմիկներին (մոտ 2.000, այդ թվում Ազատի որդի Գրիգորը, Վարդանի որդի Իվանեն և Արտավաչոսի որդի Աշոտը), ընդ որում պարտվողներից Գրիգորը զոհվեց, իսկ Իվանեն ու Աշոտը գերվեցին4: Դրանից հետո 1176 թվականի հուլիսի սկզբին կառավարական ուժերը պաշարեցին Շամշուլդե ամրոցը և հուլիսի վերջին գրավեցին այն5։ Արդյունքում՝ Իվանե Օրբելյանը, կորցրած գրեթե բոլոր ամրությունները և համոզիչ անհաջողության մատնված դաշտային մարտերում, հետ քաշեց ուժերը ու ամրացավ իր նստավայր Լոռիում: Միաժամանակ, հույսն, ըստ էության, կտրելով սեփական ուժերով որևէ հաջողության հասնելու հարցում, Իվանեն իր եղբայր Լիպարիտին օգնություն բերելու համար ուղարկեց Ջահան-Փահլևանի մոտ: 1176 թվականի հուլիսի 19-ին Տփղիսի քաղաքապետ Կուրտ Արծրունու գլխավորած կառավարական բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000, այդ թվում Սարգիս Մեծ, Վահրամ, Զաքարե Փոքր և Սարգիս Փոքր Զաքարյանները, Վասակ Արծրունին, ինչպես նաև Հասան Կայենցին) Իվանե, Քավթառ ու Ինա Օրբելյանների գլխավորած _________________________ 1 Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Դավիթ Քոբայրեցի «Հիշատակարան 1178 թվականի»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 76; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 9; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Դեմետրեի, Գեորգիի, Թամարայի և Գեորգի Լաշայի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»: 2 Դավիթ Քոբայրեցի «Հիշատակարան 1178 թվականի»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 9; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 97: 3 Դավիթ Քոբայրեցի «Հիշատակարան 1178 թվականի»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 9: 4 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 9; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»: 5 Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66:
ապստամբներից (մոտ 1.000) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 800) պաշարեցին Լոռի ամրոցը և 1177 թվականի փետրվարի 11-ին ստիպեցին հանձնվել1: Այս առումով հետաքրքիր է, որ Դեմնան մինչ այդ աննկատ լքել էր Լոռի ամրոցը և հանձնվել էր հորեղբորը, սակայն վերջինս ամենևին էլ ներողամիտ չեղավ նրա նկատմամբ ու ապստամբության վերջնական ճնշումից հետո կուրացրեց և ներքինացրեց Դեմնային, որը դրանից հետո մի քանի տարի անց մահացավ: Ավելի մեղմ ճակատագիր բաժին չհասավ, սակայն, նաև ապստամբության մնացած ղեկավարներին, երբ Իվանե, Քավթառ և Ինա Օրբելյանները գերվեցին ու մահապատժի ենթարկվեցին, Քարադուռի իշխանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն էլ կցվեց արքունի տիրույթներին: Այս պայմաններում Օրբելյաններից փրկվեց միայն Լիպարիտը, որն իր հերթին, այդպես էլ չկարողանալով օժանդակություն ապահովել սեփական խնդիրների մեջ խրված Էլտկուզյանների աթաբեկությունից, այլևս չվերադարձավ հայրենի եզերքներ՝ փոխարենը Ջահան-Փահլևանի կողմից նշանակվելով Սյունիքի կառավարիչ: Լիպարիտ Օրբելյանը (1177 - մոտ 1180), սակայն, շուտով մահացավ և նրան փոխարինեց իր որդի Էլիկումը (մոտ 1180 - ուղ. 1184): Այսպիսով՝ Գեորգի III-ը վերջնական հաղթանակ տարավ և կրկին ամրապնդեց սեփական դիրքերը գահի վրա, ընդ որում հատկանշական է, որ, չնայած հենց նոր ավարտված իրադարձություններում հայերի հիմնական մասի որոշակիորեն տատանողական դիրքորոշմանը, Քարթլիի թագավորության արքան մասսայական մակարդակում նրանց դեմ այդպես էլ ոչ մի միջոցառում չձեռնարկեց: Ավելին, Քարադուռի իշխանության վերացման պայմաններում Օրբելյանների տիրույթները աստիճանաբար անցան հենց Զաքարյաններին, որոնք էլ շուտով դառնալու էին խոշոր հողատերեր և տեղի հայերի իրական առաջնորդներ:
Գլուխ 83 Էյուբյանների սուլթանության հյուսիսային հաղթարշավը
1175 թվականի մայիսի 15-ին Մլեհը դարձավ յուրայինների կողմից Սիսում կազմակերպած դավադրության զոհը և նրան հաջորդեց իր եղբայր Ստեփանեի որդի Ռուբենը (1175-1187): Նոր իշխանը, որն ի տարբերություն իր ժամանակի և տարածաշրջանի մի իսկական պտուղ հանդիսացող սեփական հորեղբայր Մլեհի, ավելի մեղմ մի անձնավորություն էր, դրա հետ միաժամանակ նաև աչքի չէր ընկնում առանձնակի եռանդով ու զորավարական գործունեության հակումով: Իրոք, ուրախ ու կենսասեր Ռուբենը, ի տարբերություն կյանքի դաժան հարվածները տեսած Ռուբինյանների ավագ սերնդի, ավելի շատ հակված էր արդեն իսկ ունեցածը վայելելուն և այս առումով լավ էր, որ վերջինիս հետ միասին պետական կառավարման գործերը տնօրինում էր գոնե նրա եղբայր Լևոնը, որն, իրոք որ արդեն, ավագ սերնդի իսկական շարունակությունն էր՝ դրա ամենադրական տարբերակով: 1170-ական թվականների վերջին Ասորիքում ու Հյուսիսային Միջագետքում մահմեդականները զբաղված էին սեփական հարաբերությունների պարզաբանմամբ և դա քրիստոնյաներին համեմատականորեն խաղաղ մի քանի տարիներ պարգևեց: Ավելին, նրանք, երբեմն, նույնիսկ ի վիճակի էին լինում ակտիվություն դրսևորել և հենց դրա մասնավոր արդյունքների մեկն էր նաև այն, որ 1178 թվականի դեկտեմբերի սկզբին Ֆիլիպ Էլզասցու գլխավորած Երուսաղեմի թագավորության, Բոհեմունդ Պուատիեցու գլխավորած Անտիոքի դքսության, Ռայմոնդ Տուլուզցու գլխավորած Տրիպոլսի կոմսության ու Ռուբեն Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության միացյալ բանակը (30.000, որից մոտ 10.000 հայ) Զանգյանների աթաբեկության բանակից (մոտ 1.000) կրկին պաշարեց չարաբաստիկ Խարիմը, սակայն, չկարողանալով գրավել այն, 1179 թվականի մարտի վերջին հետ քաշվեց ելման դիրքեր2: Նույն այս ժամանակ իրենց հերթին մահմեդականներին, իրոք, ոչ միայն որևէ կերպ չէր հաջողվում _________________________ 1 Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66; Դավիթ Քոբայրեցի «Հիշատակարան 1178 թվականի»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Թագակիրների պատմությունն ու գովասանքը», գլուխ 9; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Դեմետրեի, Գեորգիի, Թամարայի և Գեորգի Լաշայի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 97; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 76: 2 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 20, գլուխ 7; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 473 Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»:
կարգավորել հարաբերությունները, այլև անընդհատ նորանոր խնդիրներ ու երկպառակտությունների առիթներ էին ի հայտ գալիս: 1179 թվականի սկզբին իր մահկանացուն կնքեց Մարդինի Արտուխյանների էմիրության էմիր Նաջմ-էդ-Դինը և արդյունքում Զանգյանների աթաբեկությունում առկա երկպառակտությանը գումարվեց նաև վեճը Արտուխյանների մոտ, երբ, Մարդինի Արտուխյանների էմիրության նոր էմիր, Նաջմ-էդ-Դինի որդի Էլղազիի (1179-1185) գլխավորած բանակը 1179 թվականի աշնանը յուրայիններին հնազանդեցնելու մտայնությամբ ասպատակեց Դարա ամրոցի շրջակայքը` վերացնելով տեղում տիրող ապստամբական տրամադրությունները1: Իր հերթին, 1180 թվականի ամռանը Էլղազիի գլխավորած Մարդինի Արտուխյանների էմիրության բանակը (մոտ 10.000) Մարդինի ճ-մ-ում հաղթեց շրջակայքն ասպատակող Արաբական խալիֆության բանակին (մոտ 15.000)2: Նույն այս ժամանակներում էր, սակայն նաև, որ Զանգյանների աթաբեկությունից վերջնականապես ընդգծեց իր անկախությունը Բեգթեգինյանների էմիրությունը: Վերջինիս կենտրոնը Արբելլան էր և իր հիմնադիր էմիր Զեյն-էդ-Դինի (1146-1167) գլխավորությամբ այն առանձնացել էր նույն Զանգյանների աթաբեկությունից դեռևս 1146 թվականին, իսկ այժմ էլ Զեյն-էդ-Դինին հաջորդած նրա որդի Յուսուֆին (1167-1168) փոխարինած վերջինիս եղբայր Մուսաֆար-էդ-Դինի (1168-1233) օրոք այդ անկախությունն, ինչպես արդեն ասվեց, վերջնականապես ընդգծվեց: Այս առումով հետաքրքիր էր նաև այն, որ Սալահ-էդ-Դինի վերջին հաջողություններին աստիճանաբար սկսել էին կասկածով նայել նաև տարածաշրջանի երկու այլ հզոր մահմեդական տիրակալներ ևս, ի դեմս Էլտկուզյանների աթաբեկության աթաբեկ Ջահան-Փահլևանի և Իկոնիայի սուլթանության սուլթան Խլիճ-Արսլան իբն Մասուդի: Իրոք, նախորդ մի քանի տարիներին Սալահ-էդ-Դինը, չնայած սկզբնական դժվարություններին, ըստ էության, կարողացել էր զգալի առավելության հասնել Երուսաղեմի թագավորության նկատմամբ և արդյունքում 1180 թվականի գարնանը Ամորի արքային հաջորդած վերջինիս որդի Բալդուին IV-ի (1174-1185) հետ իրեն ձեռնտու պայմաններով հաշտություն էր կնքել: Արդյունքում այժմ, մի կողմ թողնելով Երուսաղեմի թագավորությունը ու շրջանցելով այն արևելքից, վերջինս սեփական հարվածային բանակը կրկին տեղափոխել էր հյուսիս և այստեղ ամենայն եռանդով պատրաստվում էր ցույց տալ բոլորին, թե ով է իրականում դրության տերը տարածաշրջանում: Առաջին հարվածը որոշվեց հասցնել համեմատականորեն խաղաղ տրամադրված Խլիճ-Արսլան իբն Մասուդին, որից հետո պետք է հնազանդեցվեին արդեն տեղի այլ մահմեդական տիրակալներ, իսկ հեռանկարում էլ չէր բացառվում նաև ընդհարումը արևելքում գերիշխող Ջահան-Փահլևանի հետ: Իկոնիայի սուլթանի հետ պատերազմի առիթն անմիջապես էլ գտնվեց, քանզի Ղարա-Արսլանի մահից հետո 1167 թվականին Հիսն-Քեֆում նրան փոխարինած վերջինիս որդի Մուհամմեդը (1167-1185), չնայած փեսայացել էր Խլիճ-Արսլան իբն Մասուդին, սակայն շուտով բաժանվել էր սուլթանի աղջկանից և այժմ ահաբեկված էր հզոր աներոջ վրեժի հեռանկարից։ Արդյունքում՝ 1180 թվականի գարնանը Տաքի-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության բանակը (1.000 հեծյալ) Բեհեսնի ամրոցի ճ-մ-ում հաղթեց Իկոնիայի սուլթանության բանակին (20.000) և հետ շպրտեց3, իսկ 1180 թվականի հուլիսին էլ արդեն Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության (մոտ 70.000) ու Մուհամմեդի գլխավորած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության (մոտ 5.000) միացյալ բանակը ասպատակեց Ռաբան և Բեհեսնի ամրոցների շրջակայքը ու նահանջեց , ինչից կարճ ժամանակ անց դաշնակիցները Իկոնիայի սուլթանության բանակից գրավեցին նաև Քեսունը4: Խլիճ-Արսլան իբն Մասուդից Սալահ-էդ-Դինի ուզածը շատ բան չէր և, այն բանից հետո, երբ ուժի այդ ազդեցիկ ցուցադրումից հետո նույն այդ ժամանակ Արևելքում իր հերթին լուրջ ռազմական գործողություններ մղելու չհակված Խլիճ-Արսլան իբն Մասուդը խոստացավ հետագայում որևէ կերպ չխառնվել Սալահ-էդ-Դինի գործերին _________________________ 1 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 20, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 2 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 20, գլուխ 4; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 3 իբն Թաղրի Բիրդի «Պատմություն»: 4 իբն Վասիլ «Սալիհյան պատմություն»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 1; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 5 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 2; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10:
ու հանգիստ թողնել իր նախկին փեսային, կողմերը փոխհամաձայնությանը եկան, ինչից հետո, ավերելով քաղաքի ամրությունները, Սալահ-էդ-Դինը հեռացավ Քեսունից: Կարգավորելով հարաբերությունները Խլիճ-Արսլան իբն Մասուդի հետ՝ Սալահ-էդ-Դինն անդրադարձավ Ռուբինյանների իշխանությանը՝ այս անգամ արդեն որպես պատրվակ ունենալով այն հանգամանքը, որ 1180 թվականի օգոստոսին Լևոն Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը (մոտ 5.000) հաղթել է Իկոնիայի սուլթանության կողմում հանդես եկող քոչվոր թուրքմեններին (մոտ 7.000), որոնց ի սկզբանե թույլատրված էր եղել օգտվել հայերի տիրապետության տակ գտնվող Կիլիկիայի արևելյան որոշ արոտավայրերից1։ Արդյունքում՝ 1180 թվականի սեպտեմբերի վերջին Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության (մոտ 40.000) և Մուհամմեդի գլխավորած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության (մոտ 5.000) միացյալ բանակը Ռուբինյանների իշխանության կայազորից (մոտ 700) գրավեց Մենաքիր ամրոցը2, որից հետո 1180 թվականի սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբեր, ենթարկվելով Ռուբեն ու Լևոն Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակի (մոտ 20.000) անկանոն հարվածներին, արշավեց Մենաքիր-Մամեստիա երթուղով: Շուտով պարզվեց, սակայն, որ հայերը, վճռական էին տրամադրված, իսկ վերահաս ձմռանը Կիլիկիայում խրված մնալու ու այստեղ մարտեր մղելու հեռանկարն էլ որևէ կերպ չէր հրապուրում Էյուբյանների ռազմատենչ սուլթանին, ինչի արդյունքում 1180 թվականի հոկտեմբերի 2-ին հաշտություն կնքվեց և Էյուբյանների ռազմական մեքենան հետ քաշվեց ելման դիրքեր3: Այսպիսով, համարելով, որ հյուսիսային քրիստոնյաների հետ ևս հարաբերությունները կարգավորված են, Սալահ-էդ-Դինը առաջիկա տարում պատրաստվեց վերջակետ դնել արդեն նաև Զանգյանների հետ բավականին երկար ձգձգված իր վեճում: Այս առումով մինչև առաջ անցնելը նշենք, սակայն, որ վերջին իրադարձությունը արժանահիշատակ էր նաև Կիլիկիայի հայերի համար, քանզի այս առաջին անգամ էր, որ նրանք հարված էին ստանում Ասորիքի տիրակալից, այն դեպքում, երբ նախկինում մահմեդական հակառակորդներից նրանք գործ ունեին հիմնականում միայն Իկոնիայի սուլթանության և Դանիշմանյանների էմիրության հետ: Իրոք, ժամանակներն արդեն փոխվում էին և, եթե նախկինում Ասորիքի թույլ իշխանություններն ուղղակի ի վիճակի չէին սպառնալ կիլիկիահայությանը, ապա այժմ դա լիուլի արդեն ողջ Եգիպտոսն ու Ասորիքն իր տիրապետության տակ ունեցող Էյուբյանների սուլթանության ուժի բանն էր, ընդ որում վերջինս դրանից հետո դեռ ավելի էր ուժեղանալու: Եվ այսպես Սալահ-էդ-Դինը, ավարտելով գործերը հյուսիսում, վերադարձավ Կահիրե և, նախապատրաստելով սեփական ուժերը Զանգյանների դեմ նոր պատերազմին, սկսեց հարմար առիթի սպասել, որը շուտով ներկայացավ: 1181 թվականի հունիսին իր մահկանացուն կնքեց Մոսուլի Զանգյանների աթաբեկության աթաբեկ Սեյֆ-էդ-Դինը, որին հաջորդեց նրա եղբայր Իզ-էդ-Դինը (1181-1193): 1181 թվականի դեկտեմբերի 4-ին Հալեպում իր հերթին սեփական մահկանացուն կնքեց Իսմայիլը, որը իր տիրույթները մինչ այդ ժառանգել էր հորեղբոր որդուն, ի դեմս նույն Իզ-էդ-Դինի: Արդեն տարվա վերջին օրերին Իզ-էդ-Դինը ժամանեց Հալեպ և, Զանգյանների աթաբեկության Հալեպի ճյուղն, ըստ էության, հայտարարելով ոչնչացված, իրենով արեց քաղաքը, որտեղ որպես կառավարիչ նշանակեց իր ավագ եղբայր Իմադ-էդ-Դինին՝ դրանով տեղում դնելով և ունակ մի կառավարչի, և չեզոքացնելով վերջինիս հնարավոր նկրտումները բուն Մոսուլի նկատմամբ: Այս առումով իր հերթին հետաքրքիր է նաև ավելացնել, որ Իսմայիլի մահով Սալահ-էդ-Դինը փաստորեն ազատվեց նաև իր «տիրոջից», որին մինչ այդ գոնե ձևականորեն ծառայում էր: Վերջ, Իսմայիլի մահից հետո իրեն արդեն բավականին ամուր զգացող Էյուբյանների տիրակալը ամենայն հաջողությամբ մտավ սուլթանի անկախ արդեն նոր դերի մեջ և, բացառությամբ, թերևս, միայն հեռվում գտնվող ու մեծապես երևութական խալիֆի, այլևս ոչ մի հեղինակություն այդպես էլ երբեք չընդունեց: Եվ այսպես, սկիզբ էր առնում Էյուբյանների սուլթանության պայքարի նոր փուլը _________________________ 1 Աբու Շամմա «Երկու գահատոհմերի պատմությունը»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 2 Աբու Շամմա «Երկու գահատոհմերի պատմությունը»; իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; իբն Խալիքան: 3 իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»; Անանուն Պավղոսականցի «Հիշատակարան 1193 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
Զանգյանների աթաբեկության դեմ, որը նախատեսվում էր դեռ վաղուց, սակայն այժմ այն կոնկրետ տեսք ունեցավ։ Մինչև առաջ անցնելը հարկ է նշել, սակայն, որ նույն այդ ժամանակ տարածաշրջանի մահմեդական մնացած ու ավելի թույլ տիրակալները, իրենց հերթին անչափ անհանգստացած լինելով Հյուսիսային Ասորիքում Սալահ-էդ-Դինի հայտնվելու հեռանկարից և բնականաբար չցանկանալով իրենց վրա որպես իշխող ունենալ նրա նման հզոր մի ուժ, համախմբվեցին Զանգյանների շուրջ ու սկսեցին ամեն կերպ աջակցել վերջիններիս՝ միաժամանակ չմոռանալով նաև աջակցության համար դիմել ինչպես պաշտոնական Բաղդադին, այնպես էլ Էլտկուզյանների աթաբեկությանը: Արդյունքում, սակայն, գործող խալիֆ, ալ-Մուսթադիին հենց այս ժամանակ հաջորդած նրա որդի, եռանդուն, փառասեր և մեծ նպատակների ձգտող ան-Նասիրը (1180-1225), որն ինքը ևս չէր ցանկանում Սալահ-էդ-Դինի հզորացումը, առայժմ այնուհանդերձ սահմանափակվեց միայն բարոյական աջակցությամբ, այն դեպքում, երբ Ջահան-Փահլևանը չբացառելով ընդհարումը արևմտյան հզոր հակառակորդի հետ, ինչպես 1170 թվականին էր, սկսեց կարգի բերել իր բանակային ուժերը: 1182 թվականի մայիսի 11-ին Սալահ-էդ-Դինը, վերջնականապես կարգավորած իր ռազմական հզոր մեքենան, վերջինիս գլուխն անցած լքեց Կահիրեն և, կրկին մի կողմ թողնելով Երուսաղեմի թագավորությունը, շարժվեց դեպի Ասորիք: Եռանդուն այս տիրակալը սկսում էր պատերազմական գործողությունների մի նոր շարան, որի արդյունքում անձամբ ինքն արդեն այլևս երբեք Եգիպտոս չէր վերադառնալու: Եվ այսպես, հունիսին ժամանելով Դամասկոս, 1182 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Էյուբյանների հզոր սուլթանը համենայն դեպս մի քանի հարվածներ հասցրեց խաչակիրներին և, հերթական անգամ ցույց տալով, թե ով է իրական գերիշխողը շրջակայքում, աստիճանաբար սկսեց շարժվել դեպի Հյուսիսային Ասորիք: Արդեն 1182 թվականի սեպտեմբերին Սալահ-էդ-Դինն իր բանակի գլուխն անցած ժամանեց Հալեպ, որի կարճատև և ինչ-որ տեղ ձևական պաշարումը նշանավորվեց ամենից առաջ նրանով, որ քաղաքի պարիսպների տակ նրան միացան Զանգյաններից դժգոհ և անձնական նպատակներ հետապնդող մահմեդական միանգամից երկու տիրակալներ՝ Բեգթեգինյանների էմիրության էմիր Մուսաֆար-էդ-Դինը և Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության էմիր, դեռևս երկու տարի առաջ Էյուբյանների սուլթանին դաշնակցած ու նրանից աջակցություն ստացած Մուհամմեդը: 1182 թվականի սեպտեմբերի վերջին Իմադ-էդ-Դինի հնազանդությունն ապահոված Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության (մոտ 60.000), Մուսաֆար-էդ-Դինի գլխավորած Բեգթեգինյանների էմիրության (մոտ 5.000) և Մուհամմեդի գլխավորած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության (մոտ 5.000) միացյալ բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու մտնելով Ռաքքա, Կիրկեսիոն, Եդեսիա ու Սրուճ1, Զանգյանների աթաբեկության կայազորից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 300) պաշարեց Մծբինը, սակայն, մինչև նոյեմբերի վերջ մնալով այդ քաղաքի պարիսպների տակ, այդպես էլ չկարողացավ գրավել այն: Այս ընթացքում, թողնելով քաղաքը պաշարված, Սալահ-էդ-Դինի բանակի հիմնական մասը փորձեց առաջխաղացում իրականացնել Մոսուլի ուղղությամբ, սակայն, տեղեկանալով, որ իր դեմ կուտակվել են հակառակորդի զգալի ուժեր, նահանջեց, հետագայում գրավեց Շնջարը, որից հետո հետ քաշվեց Դարա ամրոց, իսկ այնտեղից էլ՝ Խառան՝ մոտալուտ ձմեռը հաշվի առնելով ցրելով իր բանակի հիմնական ուժերը: Տեղեկանալով այդ մասին` Զանգյանների աթաբեկության, ինչպես նաև Շահարմենների և Մարդինի Արտուխյանների էմիրությունների միացյալ բանակը շարժվեց դեպի Խառան, իսկ 1182 թվականի աշնանն էլ Զանգյանների աթաբեկության բանակը (մոտ 10.000 հեծյալ) ասպատակեց Սրուճի շրջակայքը, Հայոց Միջագետքի արևմուտքը ու Հյուսիսային Ասորիքը2: Ի պատասխան դրա՝ Սալահ-էդ-Դինն իր հերթին արագորեն հավաքեց ցրված ուժերը, ինչը ստիպեց այս անգամ արդեն նրա հակառակորդներին այնուհանդերձ նահանջել: Տեղեկանալով այդ մասին` Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության բանակը _________________________ 1 Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 478; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»: 2 Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»:
առաջխաղացում իրականացրեց և հասավ Մարդինի շրջակայքին, բայց ի վերջո վերադարձավ ելման դիրքեր և վերջնականապես ճամբար զարկեց Խառանի մոտակայքում1: Հարկ է նշել, որ մարդկային և հատկապես յուրայինների հոգեբանության հիանալի գիտակ Սալահ-էդ-Դինը իր տիրապետության տակ հայտնված տարածքներում նույն այս ժամանակ տեղացիներին սիրաշահելու ամենալայն միջոցառումներ էր ձեռնարկում, ինչը, գումարվելով ղազիի դերի մեջ մտած այս տիրակալի դերասանական հիանալի ունակություններին, զգալի արդյունք ապահովեց: Սալահ-էդ-Դինը, մասնավորապես, հաջողությամբ խաղալով հավատի համար պայքարող հասարակ ռազմիկի դերը, տեղերում վերացրեց մինչ այդ գանձվող մի շարք հարկեր և բազում արտոնություններ շնորհեց նույն տեղացիներին, ինչով էլ հենց մեծապես սիրելի դարձավ նրանց համար: Եվ վերջապես հարկ է նշել, որ նույն 1182 թվականի ամենավերջին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի թագավորությունը ասպատակել է Դամասկոսի շրջակայքը, սակայն այդ հանգամանքը այդպես էլ չստիպեց Սալահ-էդ-Դինին կիսատ թողնել պատերազմը հյուսիսում, քանզի վերջինս լիովին հիմնավորված կերպով եկավ եզրակացության, որ խաչակիրների ուժերը ցանկացած դեպքում անչափ թույլ են Դամասկոսի նկատմամբ իրական սպառնալիք առաջացնելու համար: 1183 թվականի ապրիլի 18-ին Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության (մոտ 10.000), Մուսաֆար-էդ-Դինի գլխավորած Բեգթեգինյանների էմիրության (մոտ 5.000) և Մուհամմեդի գլխավորած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության (մոտ 2.000) միացյալ բանակը Զանգյանների աթաբեկության ու Ինալյանների էմիրության միացյալ բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200) պաշարեց Ամիդը ու համառ գրոհներից հետո ապրիլի 26-ին ստիպեց հակառակորդին դադարեցնել դիմադրությունը: Ինալյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ քաղաքն անցավ Էյուբյանների սուլթանության գերիշխանությունը ընդունած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրությանը2: Նույն այս ժամանակ, սակայն, հսկողությունից դուրս եկած Հալեպի կառավարիչ Իմադ-էդ-Դինը հարված էր հասցրել Հյուսիսային Ասորիքում Սալահ-էդ-Դինի իշխանությանն ընդունած մի շարք քաղաքների և ահա արդեն սա իր հերթին հիանալի առիթ դարձավ վերջնականապես իրենով անելու Հյուսիսային Ասորիքի ամենագլխավոր այդ քաղաքը: 1183 թվականի մայիսի կեսերին, հայտարարելով, թե արշավանք է սկսում դեպի Կիլիկիա և առաջանալով Այնթապի ու Թլպաշար ամրոցի ուղղությամբ, Սալահ-էդ-Դինի ռազմական մեքենան առանց լուրջ դիմադրության հանդիպելու մտավ Այնթապը ու Թլպաշար ամրոց, սակայն հետագայում անակնկալ կերպով փոխեց շարժման ուղղությունը և, իջնելով դեպի հարավ, նույն թվականի մայիսի 22-ին պաշարեց Հալեպը3: Իմադ-էդ-Դինին քաղաքում չէին սիրում, ընդ որում նա ինքն էլ հակված չէր լուրջ դիմադրության և արդյունքում, Սալահ-էդ-Դինից ստանալով Շնջարի ու Ռաքքայի կառավարիչների պաշտոնը, ինչպես նաև հասնելով խոստման հանգիստ թողնել Մծբինը, Իմադ-էդ-Դինը 1183 թվականի հուլիսի 12-ին Հալեպը վերջնականապես հանձնեց Էյուբյանների սուլթանին: Դրանից հետո ոչ մի պահ չհապաղելով՝ Սալահ-էդ-Դինը կրկին լարեց իր ռազմական մեքենան և առաջացավ արդեն Խարիմի ուղղությամբ, որին հերթական անգամ սկսել էր սպառնալ Անտիոքի դուքս Բոհեմունդ Պուատիեցին: Շուտով պարզվեց, սակայն, որ, եթե այդ պահին արդեն մեծապես թուլացած Զանգյաններից Խարիմը խլելու ցանկություն Անտիոքում այնուհանդերձ կար, ապա երկաթյա Էյուբյանների հետ գործ ունենալ այստեղ արդեն որևէ կերպ չէին ցանկանում, ինչի արդյունքում Բոհեմունդ Պուատիեցին և Սալահ-էդ-Դինը հաշտություն կնքեցին: Այսպիսով, վերջնականապես ապահովելով թիկունքը արևմուտքից, Սալահ-էդ-Դինը պատրաստվեց կրկին հարված հասցնել Մոսուլի ուղղությամբ: Այս ուղղությամբ, սակայն, կրկին խնդիրներ առաջացան: _________________________ 1 իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»; իբն Վասիլ «Սալիհյան պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 2; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 478; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Անանուն «Պատմություն Սրբոց»; Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»: 2 Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 482; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 2; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 27; Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»; Անանուն «Պատմություն Սրբոց»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»: 3 Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 465; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»:
Իրոք, Մոսուլի գրավումը իրենից այնուհանդերձ բավականին բարդ մի ռազմական խնդիր էր ներկայացնում, որին, ինչպես ցույց էր տվել նախորդ տարվա փորձը, կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ Էյուբյանների ռազմական մեքենան այնքան էլ պատրաստ չէր: Սրան գումարվեց նաև այն, որ դեռևս նախորդ տարվա վերջին էր Սալահ-էդ-Դինին ներկայացել խալիֆ ան-Նասիրի դեսպանը և համառորեն խորհուրդ տվել զերծ մնալ Զանգյանների մայրաքաղաքին հարվածելուց, իսկ այժմ էլ, երբ ամեն ինչ, կարծես թե, պատրաստ էր նույն այդ հարվածի համար, նրան դեսպաններ ներկայացան արդեն նաև Շահարմենների էմիրության էմիր Իբրահիմ իբն Սուքմանից և Էլտկուզյանների աթաբեկության աթաբեկ Ջահան-Փահլևանից՝ երկուսն էլ նույն հորդորով՝ զերծ մնալ Մոսուլին հարվածելուց: Իբրահիմ իբն Սուքմանը բնականաբար այնքան ուժ չուներ, որ Սալահ-էդ-Դինին կասեցներ, և այս պարագայում Շահարմենների էմիրը հույսը դրել էր, թերևս, միայն իր առաջացած տարիքից բխող հեղինակության վրա, սակայն հզոր Ջահան-Փահլևանի ու, դրան գումարած նաև, գործող խալիֆի հորդորը հաշվի չառնելը կարող էր անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, իսկ արդեն այդ հանգամանքը Սալահ-էդ-Դինը որևէ կերպ աչքաթող անել չէր կարող։ Արդյունքում՝ Սալահ-էդ-Դինը, կոպտելով Իբրահիմ իբն Սուքմանի դեսպաններին և, ի դեմս Շահարմենների էմիրի սպառնալով տեղական մահմեդական մնացած բոլոր տիրակալներին, բացահայտորեն նետեց. «Ես ձեզ բոլորիդ ձեր տեղը ցույց կտամ, իսկ հետո կանդրադառնամ արդեն այդ Ջահան-Փահլևանին», սակայն, ինչն է հատկանշական, սպառնալից այդ խոսքերին գործ այդպես էլ չհետևեց: Իրոք, ինչպես արժանահիշատակ Նուր-էդ-Դինի դեպքում եղավ, այս անգամ փաստորեն արդեն Սալահ-էդ-Դինն էր զգուշանում Էլտկուզյանների աթաբեկությունից, մանավանդ որ շուտով ի հայտ եկած էլի նոր զարգացումներն ավելի բարդացրին Էյուբյանների սուլթանի դրությունը: Անտիոքի երբեմնի դուքս, արժանահիշատակ Ռեյնալդ Շատիոնցին, որը գերվել էր դեռևս 1160 թվականին և դրանից հետո 16 երկար ու ձիգ տարիներ էր անցկացրել գերության մեջ, 1176 թվականին այլ խաչակիրների հետ միասին Մանուիլ I-ի կողմից փրկագնվել էր, որից հետո հաստատվել էր Երուսաղեմի թագավորությունում՝ շարունակելով իր արկածախնդրական գործունեությունը։ Արդյունքում՝ հենց ուժերի ծայրահեղ լարման այս վիճակում էլ, որում մեր կողմից նկարագրվող ժամանակաշրջանում Հյուսիսային Ասորիքում ու Հյուսիսային Միջագետքում հայտնվել էր մահմեդական աշխարհը, վերջինս որոշեց հերթական արկածախնդրությունը ձեռնարկել և, վերջնական նպատակ ունենալով թալանել Մեքքան ու Մեդինան, սկզբի համար հարված հասցնել Կարմիր ծովի ափերին գտնվող մահմեդականների ամրություններին: Հարկ է նշել, որ այդ ուղղությամբ նախկինում խաչակիրները երբեք հարված չէին հասցրել և անսպասելիության գործոնը սկզբում իրոք իրենն արեց: 1183 թվականի ամռանը, սակայն, Ալայի ծովամարտում (Կարմիր ծովի հյուսիս-արևելյան ափի մոտ) Լուլու ալ-Հաջիբ Հայի գլխավորած Էյուբյանների սուլթանության նավատորմը (9 նավ) ոչնչացրեց Ռեյնալդ Շատիոնացու գլխավորությամբ դեպի Մեքքա ուղղություն վերցրած խաչակիրների նավատորմը (5 նավ), որից հետո, հետապնդելով ցամաքում ցրված խաչակիրներին, Էյուբյանների սուլթանության բանակը ոչնչացրեց բարձունքում ամրացած հակառակորդի վերջին մնացորդներին: Ռեյնալդ Շատիոնցին այս անգամ փրկվեց, սակայն գերի ընկած խաչակիրները խաչվեցին1: Այսպիսով՝ հարվածը հետ մղվեց, սակայն նույն այս ժամանակ Սալահ-էդ-Դինն արդեն և ոչ մի կերպ չէր կարող վստահ լինել, որ սա խաչակիրների կողմից հարավում սկսվող մեծածավալ պատերազմի սկիզբը չէ։ Ահա այս հանգամանքն էլ հենց լրացուցիչ մի խթան հանդիսացավ վերջինիս համար գոնե առժամանակ, մինչև իրավիճակը վերջնականապես չպարզվի, այնուհանդերձ զերծ մնալ Մոսուլին հարված հասցնելու գաղափարից: 1183 թվականի ողջ երկրորդ մասը կողմերն անցկացրին դիվանագիտական շփումների մեջ, սակայն այդ ամենից զատ Սալահ-էդ-Դինը նաև գործուն միջոցներ ձեռնարկեց իր դեմ ձևավորված համադաշնությունը այս կամ այն չափով քայքայելու ուղղությամբ: Անդուլ աշխատելով այս ուղղությամբ՝ Էյուբյանների սուլթանն ամենից առաջ դիմեց ան-Նասիրին և, կոչ հղելով իդեալական քաղաքականությանը, սկսեց ապացուցել, որ Զանգյաններն իրականում խալիֆի թշնամիներն են, նրանք ամեն կերպ աջակցում են խալիֆին ճնշող Սելջուկյաններին և ոչ միայն չեն մարտնչում անհավատների դեմ, այլև այժմ էլ խանգարում են այդ անել դրան _________________________ 1 Մուջիր-էդ-Դին «Երուսաղեմի և Հեվրոնի պատմությունը»:
պատրաստ եղողներին, այսինքն` բնականաբար՝ իրեն: Փոխարենը Սալահ-էդ-Դինը պնդում էր, որ, եթե խալիֆն աջակցի իրեն, ապա ինքը, որպես հավատի համար պայքարող մի իսկական մարտիկ, կվերականգնի խալիֆների հեղինակությունը Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կոստանդնուպոլիս, Վրաստան ու Եմեն ձգվող բոլոր տարածքներում: Գաղափարն, իհարկե, լավն էր, սակայն ան-Նասիրն իր հերթին չափից շատ լավ էր տիրապետում իրական քաղաքականության նրբություններին և ուժերի ռազմաքաղաքական իրական հարաբերակցության պատկերին, որ հավատար այդ ամենին ու աջակցեր Սալահ-էդ-Դինին: Արդյունքում, այսպես թե այնպես, սակայն ամենատարբեր հնարքների կիրառմամբ Էյուբյանների սուլթանը ի վերջո այնուհանդերձ հասավ նրան, որ արդեն տարվա վերջին Իզ-էդ-Դինը պաշտոնազրկեց սեփական ազդեցիկ վեզիրին, ինչը խիստ բացասաբար անդրադարձավ Զանգյանների աթաբեկության տնտեսական կայունության վրա։ Ավելին, նույն այս ժամանակ նաև, իր հերթին դժգոհ Իզ-էդ-Դինից, իր ուժերը դեպի հյուսիսի շարժեց նաև ան-Նասիրը՝ լիովին Սալահ-էդ-Դինով զբաղված Մոսուլի աթաբեկից գրավելով մի շարք կարևոր ամրություններ: Սալահ-էդ-Դինի դիվանագիտական ջանքերը նոր արդյունք ապահովեցին արդեն 1184 թվականի գարնանը, երբ Իզ-էդ-Դինի դեմ այս անգամ արդեն բացահայտ ապստամբեց Բեգթեգինյանների էմիրության էմիր Մուսաֆար-էդ-Դինը, որն արդեն երկու տարի էր, ինչ համագործակցում է Սալահ-էդ-Դինի հետ: Ստեղծված ծանր պայմաններում Իզ-էդ-Դինն իր հերթին ստիպված եղավ ընդունել Ջահան-Փահլևանի առաջարկած գերիշխանությունը, ինչի փոխարեն վերջինիս ռազմական օժանդակություն խոստացվեց ամենից առաջ հենց Բեգթեգինյանների ըմբոստության դեմ պայքարում: Այն բանից հետո, սակայն, երբ Ջահան-Փահլևանի եղբայր Ղզիլ-Արսլանի կողմից ղեկավարվող Էլտկուզյանների աթաբեկության 3.000 հոգանոց ընտիր հեծելազորը շարժվեց Մուսաֆար-էդ-Դինի ուղղությամբ, վերջինս հենց Արբելայի մոտակայքում էլ ծանր պարտության մատնեց հակառակորդին ու հետ շպրտեց Ղզիլ-Արսլանի ուժերին: Այսպիսով՝ Ջահան-Փահլևանը մի անակնկալ անհաջողություն կրեց, որին գումարվեց ևս մեկը հյուսիսում, երբ 1184 թվականի գարնանը Գանձակի ճ-մ-ում Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000), ինչպես նաև Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեցին Էլտկուզյանների աթաբեկության բանակին (մոտ 40.000, այդ թվում Էլիկում Օրբելյանը), ընդ որում Էլիկում Օրբելյանը զոհվեց, ինչից հետո վերջինիս փոխարինեց իր որդի Լիպարիտը (1184-1226)1: Այսպիսով, թեև Սալահ-էդ-Դինի վիճակը բարդ էր և նա գործում էր ուժերի ծայրահեղ լարման հաշվին, սակայն նույն այս ժամանակ ամեն ինչ միանշանակ չէր նաև Ջահան-Փահլևանի մոտ ու հզոր Էյուբյանի հետ ընդհարման նա ևս առանձնակի չէր ձգտում: 1185 թվականի վիճակով արդեն երրորդ տարին Հյուսիսային Ասորիքում անցկացնող Սալահ-էդ-Դինը այդպես էլ չէր համարձակվում վերջնական հարված հասցնել Մոսուլին, սակայն հենց այդ տարում էր, որ դեպի արևելք հարված հասցնելու հնարավորություն այնուհանդերձ ստեղծվեց: Իրոք, 1185 թվականի հունիսի 12-ին Խլաթում իր մահկանացուն կնքեց 57 տարի կառավարած և մեծ հեղինակության հասած, սակայն կյանքից անժառանգ հեռացած Շահարմենների էմիրության էմիր Սուքման իբն Իբրահիմը, որին հաջորդեց նրա գուլյամ Բեկ-Թեմուրը (1185-1193): Շահարմենների էմիրության հզորության գագաթնակետը, սակայն, արդեն անցյալում էր և դա իրեն անմիջապես էլ զգացնել տվեց, երբ, հազիվ տեղեկացած այս ամենի մասին ու ստանալով քաղաքի ավագանու խնդրանքը ազատել քաղաքը Բեկ-Թեմուրից, 1185 թվականի հունիսի 19-ին արևելյան ուղղությամբ վաղուց արդեն ակտիվության ձգտող Սալահ-էդ-Դինի ռազմական մեքենան արշավանք սկսեց Խլաթի ուղղությամբ։ Արդյունքում՝ 1185 թվականի հունիսի վերջին Սալահ-էդ-Դինի գլխավորած Էյուբյանների սուլթանության (մոտ 60.000), Մուսաֆար-էդ-Դինի գլխավորած Բեգթեգինյանների էմիրության (մոտ 5.000) և Մուհամմեդի գլխավորած Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության (մոտ 5.000) Հալեպ-Եդեսիա-Ամիդ-Բաղեշ երթուղով արշաված միացյալ բանակը կարճատև պաշարեց Խլաթը Բեկ-Թեմուրի գլխավորած Շահարմենների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200), որից հետո, սակայն, խուսափելով Ջահան-Փահլևանի գլխավորությամբ արևելքից իր հերթին _________________________ 1 Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66:
առաջխաղացող Էլտկուզյանների և Զանգյանների աթաբեկությունների, ինչպես նաև Ահմեդալիների էմիրության միացյալ բանակից (մոտ 70.000), հետ քաշվեց1: Իրոք, ինչպես պարզվեց, մինչ այս Բեկ-Թեմուրն իր հերթին կապ էր հաստատել Ջահան-Փահլևանի հետ և Խլաթն իր ձեռքից խլելու փորձ կատարելու պարագայում սպառնացել էր քաղաքը Սալահ-էդ-Դինին հանձնել, բայց միաժամանակ խոստացել էր նաև մնացած այլ պարագաներում ընդունել նույն Էլտկուզյանների գերիշխանությունը: Ստեղծված պայմաններում, մանավանդ երբ Ջահան-Փահլևանն ինքը ևս իր հերթին ցանկություն ուներ տիրել Խլաթին և այդ նպատակով իր աղջկան մինչ այդ նույնիսկ ամուսնացրել էր Սուքման իբն Իբրահիմի հետ, ամեն ինչի պատրաստ Էլտկուզյանների աթաբեկության և նրա դաշնակիցների բանակը համենայն դեպս առաջացավ Խլաթի ուղղությամբ, որի շրջակայքում, սակայն, ինչպես արդեն ասվեց, իր հերթին արդեն գործում էր Էյուբյանների սուլթանության ռազմական մեքենան։ Արդյունքում՝ Ջահան-Փահլևանը, չմոտենալով բուն քաղաքին և որևէ կերպ չահաբեկելով Բեկ-Թեմուրին, որ նա քաղաքը հանկարծ Սալահ-էդ-Դինին չհանձնի, ի վերջո այնուհանդերձ հասավ նրան, որ, ինչպես արդեն ասվեց Էյուբյանների սուլթանության բանակը հետ քաշվեց Խլաթի պարիսպների տակից, ինչից հետո, ստանալով Բեկ-Թեմուրի հնազանդության հավաստիացումը, Էլտկուզյանների աթաբեկության աթաբեկն ինքն էլ իր բանակով իր հերթին հետ քաշվեց ելման դիրքեր: Այսպիսով` Սալահ-էդ-Դինը փաստորեն հերթական անգամ խուսափեց ռազմական ընդհարման մեջ մտնել Ջահան-Փահլևանի հետ: Իր հերթին Ջահան-Փահլևանն ու իր դաշնակիցները, օգտվելով այդ վտանգավոր հակառակորդի հեռանալուց և ցանկանալով հագուրդ տալ սեփական ռազմիկների ավարի ձգտմանը, հարված հասցրին Տարոնի իշխանությանը՝ համարելով վերջինիս Շահարմենների նախկին էմիրի դաշնակից: Արդյունքում 1185 թ-ի օգոստոսին Ջահան-Փահլևանի գլխավորությամբ շրջակայքն ասպատակելով առաջխաղացած Էլտկուզյանների ու Զանգյանների աթաբեկությունների, ինչպես նաև Ահմեդալիների էմիրության միացյալ բանակը (մոտ 70.000) Տարոնի իշխանության բանակից (ընդհանուր՝ մոտ 500) գրավեց Աստղոնք ամրոցը և Հանդերձաբերդը (Տարոն) ու նահանջեց2՝ ևս մեկ հարված հասցնելով և կրկին հետ քաշվելով արդեն նույն թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ու համարելով դիրքերը տեղում ամրացրած3: Վերոգրյալի կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ, որպեսզի հիմնավորի իր առաջանալը Խլաթի ուղղությամբ, հավատի համար պայքարող հասարակ ղազիի կերպարը հաջողությամբ շահագործել շարունակող Էյուբյանների սուլթանը պաշտոնապես դիմեց Էլտկուզյանների աթաբեկին՝ խնդրելով իրեն ուղղակի ճանապարհ տալ առաջանալու դեպի Տաբարիստանի լեռներում գտնվող Հաշիշյանների էմիրության գլխավոր կենտրոններ՝ ամեն ինչով ցույց տալով, թե իր նպատակը իբր հենց ու միայն և միայն դա է: Ջահան-Փահլևանը, սակայն, որն ինքն էլ իր հերթին զգուշանում էր ընդհարումից, այնուհանդերձ մերժեց քաղաքական և ռազմական ամեն մի հիմնավորումից զուրկ այդ առաջարկը, իսկ դա էլ արդեն Սալահ-էդ-Դինին իր հերթին բավարար հիմքեր տվեց հերթական անգամ շահարկելու միայն սեփական շահի մասին մտածող ու հավատի գործերը մի կողմ թողած շրջակա մահմեդական տիրակալների կողմից այդպես էլ չհասկացված և բացառապես միայն հավատի համար պայքարող հասարակ ռազմիկի իր կերպարը՝ փրկելով սեփական հեղինակությունը ու վերջնականապես հետ քաշվելով Խլաթի պարիսպների մոտից: Երկու արդյունք, սակայն, Էյուբյանների խորամանկ տիրակալն այս ընթացքում իր համար այնուհանդերձ ապահովեց, որոնցից մեկն իրեն զգացնել տվեց անմիջապես, իսկ մյուսն էլ երևալու էր հետագայում: Առաջին արդյունքն այն էր, որ, հետ քաշվելով Խլաթի մոտակայքից, 1185 թվականի հուլիսի սկզբին Սալահ-էդ-Դինը մոտեցավ Տիգրանակերտին, որը դեռևս 1122 թվականին Մահմուդ իբն Մուհամմեդը որպես իքթա շնորհել էր Մարդինի Արտուխյանների էմիրությանը: Այս քաղաքի պարագայում Սալահ-էդ-Դինին հաջողության հույս էր ներշնչում ամենից առաջ այն հանգամանքը, որ դեռևս 1184 թվականի վերջին իր մահկանացուն է կնքել Մարդինի Արտուխյանների էմիրության էմիր Էլղազին և այժմ Մարդինում իշխում էր նրա փոքրահասակ որդի Բուլակ- _________________________ 1 իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10: 2 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 78: 3 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»:
Արսլանը (1185-1201): Արդյունքում, այնուհանդերձ անելով լուրջ զիջումներ, Հայոց այս ուշագրավ քաղաքին տիրեց արդեն Սալահ-էդ-Դինը, որից հետո, տեղում թողնելով ուժեղ կայազոր, վերջինս վերադարձավ Հալեպ1: Երկրորդ արդյունքը, որը սկզբում այնքան էլ նկատելի չեղավ, դա այն էր, որ, իր հերթին օգտվելով 1185 թվականի գարնանը Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության էմիր Մուհամմեդի մահից և այն հանգամանքից, որ վերջինիս հաջորդել է արդեն նրա մանկահասակ որդի Սուքման իբն Մուհամմեդը (1185-1201), Սալահ-էդ-Դինը տեղական քրդերի շարքերից առաջ քաշեց և վերջինիս որպես խնամակալ նշանակեց զգալի հեղինակություն ունեցող ոմն Ալկուվամ իբն Սամակայի, որը Հիսն-Քեֆի երիտասարդ տիրոջը հետևելուց զատ պետք է կյանքի կոչեր նաև Էյուբյանների հեռատես սուլթանի կողմից իր վրա դրված ևս մեկ խնդիր: Իրոք, դեռևս 1165 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Հիսն-Թալիբ ամրոցի ճ-մ-ում (Հիսն-Քեֆի մոտ) Հիսն-Քեֆի Արտուխյանների էմիրության բանակը (մոտ 5.000) հաղթել էր քրդական Շամսադդինյան ցեղի քրդերին (մոտ 3.000)2 և ահա այժմ իրավիճակն ուղղելու հնարավորություն էր առաջանում: Խնդիրը կայանում էր նրանում, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Սալահ-էդ-Դինի համար մի կողմից ակնհայտ էր դառնում, որ Մոսուլին հարվածելը, թերևս, արդեն իրատեսական չէ, սակայն մյուս կողմից Իզ-էդ-Դինն ինքն էլ իր հերթին արդեն լիովին հասկացել էր Էյուբյանների ուժն ու այլևս որևէ ցանկություն չուներ ոտնձգություն իրականացնել Ասորիքի նկատմամբ: Այսպիսով՝ մոտենում էր հաշտության պահը և իր վերջն էր գտնում նաև Հյուսիսային Ասորիքում Սալահ-էդ-Դինի ու նրա երկաթյա բանակի ներկայությունը, երբ նախատեսվում էր ի վերջո կյանքի կոչել մինչ այդ երկար ժամանակ նախապատրաստվող հարվածը արդեն Երուսաղեմի թագավորության ուղղությամբ, իսկ այդ պարագայում հյուսիսում Էյուբյանների ու քրդերի դիրքերը կարող էին հայտնվել վտանգի տակ։ Արդյունքում՝ Ալկուվամ իբն Սամակայի վրա ոչ պաշտոնապես կարևորագույն մի առաքելություն դրվեց, ի դեմս այն բանի, որ, հսկողության տակ պահելով Արտուխյանների երիտասարդ էմիրներին և հետևելով Իզ-էդ-Դինին, նա միաժամանակ պետք է նաև հավաքեր, կենտրոնացներ ու պետական և ռազմական հստակ համակարգի մեջ դներ տեղական քրդերին՝ Հյուսիսային Միջագետքում ու նույնիսկ Հյուսիսային Ասորիքում հետագայում Էյուբյանների հարվածային ուժերի բացակայության պայմաններում այստեղ թյուրքերին հակակշռելու համար: Այս կապակցությամբ ոչ պակաս կարևոր էր այն, որ, վերցնելով Ինալյաններից, Ալկուվամ իբն Սամակայի տիրապետությանը հանձնվեց ռազմավարական առաջնային նշանակություն ունեցող Բաղեշը, որը, ինքնին առաջնային ամրություն լինելուց զատ, տեղական քրդերի համար նաև պետք է ռազմավարչական կարևորագույն մի բազա հանդիսանար, ինչպես նաև առիթի դեպքում Էյուբյանների ռազմական մեքենայի հեշտ մուտքն ապահովեր դեպի Տավրոսյան լեռնաշղթայից հյուսիս ձգվող տարածքներ, որտեղ Սալահ-էդ-Դինը դեռևս չէր մոռացել Խլաթի մասին ու այն կարծես արդեն նախանշել էր իր տոհմի համար: Այսպիսով՝ 1185 թվականին ստեղծվեց դեռևս որոշակիորեն ամորֆ տեսք ունեցող Շամսադդինյանների էմիրությունը, որի առաջին և հիմնադիր էմիր էլ հենց դարձավ քրդական Ռոժակի ցեղախմբին պատկանող Ալկուվամ իբն Սամական (1185-1190): Երևույթը, սակայն, ինքնին խորհրդանշական էր նաև մեկ այլ հանգամանք հաշվի առնելով, քանզի նույն այս ժամանակ արդեն գրեթե վերացել էր քրդերի վերջին էմիրություններից մեկը հանդիսացող Շադդադյանների էմիրությունը և փաստորեն Հարավային Հայաստանում հենց նույն այս տարիներին ստեղծվեց նույն քրդերի մի նոր և անհամեմատ ավելի հզոր պետական մի միավոր, որը, դրան գումարած նաև, վայելում էր քրդական Էյուբյանների հզոր տոհմի աջակցությունը: Այսպես թե այնպես, սակայն 1185 թվականի վերջին կողմերը վերսկսեցին խաղաղության բանակցությունները և իրերի իրական դրությունն, ըստ էության, արդեն պարզ էր բոլորի համար: Արդյունքում, կարծես թե, հիվանդացած և իր հետագա վարքագիծն, ըստ էության, միայն դրանով արդարացրած, Մոսուլից հրաժարված Սալահ-էդ-Դինը ի վերջո տվեց իր համաձայնությունը և _________________________ 1 իբն ալ-Ասիր «Լիակատար պատմություն»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Բահա-էդ-Դին իբն Շադդադ «Սալահ-էդ-Դինի պատմությունը»; Քեմալ-էդ-Դին «Հալեպի պատմության հատընտիր»; Ռաշիդ-էդ-Դին «Ժամանակագրությունների հավաքածու», հատոր 1, գիրք 2, մաս 2, հատված 2; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 21, գլուխ 3; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», գլուխ 482; Անանուն «Պատմություն Սրբոց»; Անանուններ «Ալեքսանդրիայի պատրիարքների պատմությունը»: 2 Յակուտ ալ-Համավի «Աշխարհագրական բառագիրք»:
1186 թվականի մարտի սկզբին կողմերն հաշտություն կնքեցին: Հաշտությունը, սակայն, այնուհանդերձ ձեռնտու էր հենց խորամանկ Սալահ-էդ-Դինին, քանի որ այն վերջնականապես ամրապնդեց նրա նվաճումները Ասորիքում և այլ ձեռքբերումները այս երկրամասի հարակից շրջաններում, ընդ որում Իզ-էդ-Դինն ինքն էլ պարտավորվեց, գոնե ձևականորեն, հնազանդ լինել Էյուբյանների տիրակալին ու այլևս չհավակնել Ասորիքին: Հարկ է ավելացնել նաև, որ ստեղծված պայմաններում այլ ելք չէր մնացել նաև Իզ-էդ-Դինին, քանզի նրա շուրջը հավաքված դաշնակիցների անկայուն զանգվածը պաշտոնական Մոսուլին պատրաստ էր պաշտպանել բացառապես միայն սեփական շահերի համատեքստում, իսկ հակահարձակման էլ անցնելու հանուն նույն Զանգյանների շահերի մանավանդ այն դեպքում, երբ Սալահ-էդ-Դինը հեռանում էր, վերջինս բնականաբար ոչ մի կերպ պատրաստ չէր: Այս հաշվարկն իր հիմնավորումը ստացավ գրեթե հենց անմիջապես, քանզի հաշտության վերջնական կնքումից տառացիորեն մի քանի օր անց՝ 1186 թվականի մարտի վերջին, իր մահկանացուն կնքեց Ջահան-Փահլևանը և նրան հաջորդեց եղբայրը՝ պետական ու ռազմական գործչի հատկություններից մեծապես զուրկ Ղզիլ-Արսլանը (1186-1191)՝ մի տիրակալ, որի օրոք Էլտկուզյանների աթաբեկությունը ավելի շատ էր հրաժեշտ տալու արժանահիշատակ Էլտկուզի ժամանակվա իր հզորությանը: Մինչ մահմեդական աշխարհում, ինչպես նաև մահմեդականների և քրիստոնյաների շփման գծում տեղի էին ունենում մեր կողմից նկարագրված ուշագրավ զարգացումները, սակայն, ոչ պակաս ուշագրավ գործընթացներ էին զարգանում, նաև իր ռազմաքաղաքական արդեն մայրամուտին մոտեցող Բյուզանդական կայսրությունում ընդհանրապես և Կոմնենոսների տոհմում մասնավորապես:
Գլուխ 84 Կոմնենոսների դարաշրջանի ավարտը
1180 թվականի սեպտեմբերի 24-ին իր մահկանացուն կնքեց ասպետ-կայսր Մանուիլ I-ը, որից հետո կայսր հռչակվեց նրա տասնմեկամյա որդի Ալեքսեյ II-ը (1180-1183): Հենց դա էլ, սակայն, վերջնականապես պայթեցրեց տեղում վաղուց ի վեր հասունացող համակարգային ճգնաժամը՝ կայսրությունը մուտք գործեց ահագնացող անկման մի ժամանակաշրջան, որն ի վերջո բերելու էր լիակատար կործանման: Մանուիլ I-ը ամուսնացած էր Անտիոքի երբեմնի դուքս Ռայմոնդ Պուատիեցու ու Կոնստանցիայի աղջիկ Մարիայի հետ և այժմ ամենից առաջ ահա հենց վերջինս, որպես դեռևս երեխա կայսեր խնամակալ, հայտնվեց կայսրության կառավարման ղեկին: Մարիայի կողքին էր գտնվում նաև Հովհաննես II-ի երկրորդ որդի, դեռևս 1142 թվականին մահացած Անդրոնիկոսի տղա Ալեքսեյ Կոմնենոսը, որը, ըստ տարածված կարծիքի, նրա սիրեկանն էր: Խնամակալ թագուհուն և նրա սիրեկանին, սակայն, տեղում անչափ ատում էին և նրանց հենց ի սկզբանե ուժեղ ընդդիմություն էր նախապատրաստված: Իրոք, շուտով պարզվեց, որ իր ժամանակին կայսրության արևմուտքում գերիշխող հունական քաղաքացիական և կայսրության արևելքում գերիշխող հայկական զինվորական դասակարգերի միջև գոյություն ունեցած երբեմնի հակամարտությանն այժմ փոխարինել է նոր հակամարտություն, որի մի կողմում կրկին հունական քաղաքացիական դասակարգն էր, իսկ մյուս կողմն էլ արդեն ներկայացված էր «Արևմուտքի մարդկանցով», ի դեմս ամենից առաջ եվրոպացիների, ինչպես նաև խաչակիրների: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ վերջին խմբում գործող անձանց գտնվելու աշխարհագրական կամ ֆիզիկական վայրն ամենևին էլ կարևոր չէր և էական չէր, թե խոսքը գնում է Ապենինյան թերակղզում գտնվող Վենետիկի ու Ջենովայի, կամ Սիցիլիայի թագավորության բնակչությա՞ն, թե՞ Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության տարածքում գտնվող անձանց մասին: Էականն այս անձանց կրոնական, իսկ երբեմն նաև ազգային պատկանելիությունը և դրանից բխող ընդհանուր աշխարհայացքն էր, երբ այս մարդիկ հույների հետ հարաբերություններում իրենցից ներկայացնում էին էթնոկրոնական մի ամբողջություն՝ ընկալվելով որպես լատինացիներ: Այսպիսով՝ հույների և լատինացիների մեջ արդեն իսկ առկա էր ազգային ու կրոնական մրցակցություն, սակայն վիճակն ավելի էր սրվում տնտեսական մրցակցությամբ առկայությամբ, քանզի վերջին կայսրերը, սկսած արդեն Ալեքսեյ I-ից, լատինացիներից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության փոխարեն նրանց մի շարք, այդ թվում նաև հարկային արտոնություններ էին տվել, ինչը ծանր հարված էր հասցրել ներքին