Մարդավեհի սկիզբ դրած ակտիվությունը այնուհանդերձ հեռուն գնացող մեծ հետևանքներ ունեցավ, քանի որ նույն այդ էմիրության ռազմական համակարգի ԽՈՇՈՐ ԲԵԿՈՐՆԵՐ, թողնելով Զիյարյանների գործը, ծառայության անցան այլոց կամ ինքնուրույն գոյություն սկսեցին։ Այս պայմաններում Ատրպատականին տիրելու համար ոտքի կանգնեց Մարդվեհի գլխավոր զորավարներից մեկը համարվող Լաշքարի իբն Մարդը: Նույն այս ժամանակ, սակայն, Ատրպատականին իր հերթին տեր էր դարձել ՔՐԴԱԿԱՆ ՏԱՐՐԻ զգալի աջակցությունը վայելող Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդին, որը ձգտում էր բյուրեղացնել տարածաշրջանի արդեն քրդական հնարավորությունները: Լաշքարի իբն Մարդը, սակայն, հաղթեց Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդին, որը փախուստի դիմեց և ապաստանեց Անիի թագավորությունում:
Հարկ է նշել, որ Անիի թագավորության հարավ-արևելյան սահմաններին հայտնված Լաշքարի իբն Մարդը հայերի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու համար իրեն ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԷՐ ՀԱՄԱՐՈՒՄ: Իր հերթին, այն հանգամանքը, որ հայերի որոշակի աջակցություն վայելող Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդին ապաստանել էր Անիի թագավորության տարածքում, մինչև Զիյարյանների էմիրությունն էլ սպառնում էր թիկունքից, միայն մեծացնում էր հարձակման հավանականությունը։
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, երբ Ատրպատականից հարձակում էր լինում Անիի թագավորության վրա, թշնամիները սովորաբար գործում էին փորձված ռազմավարությամբ, երբ Թավրիզից ելած բանակային մի խմբավորումը շարժվելով հյուսիս, իսկ հետո էլ՝ դեպի արևմուտք, ՄՏՆՈՒՄ ԷՐ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, իսկ մյուսն էլ ԱՐԱՔՍԻ ՀՈՒՆՈՎ շարունակում էր երթը դեպի հյուսիս: Այս անգամ ևս այդ կերպ եղավ: Արաքսի հունով դեպի հյուսիս շարժվող թշնամու բանակային շարժի մասին հայտնում է ԱՐԾՐՈՒՆՅԱՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԱՆՈՒՆ ՊԱՏՄԻՉԸ. «Այս ժամանակ արաբացի ցեղից մի մարդ, որը հմուտ էր պատերազմներում և զինվորական գործերում, բարձրավիզ ամբարտավանությամբ կամեցավ ինքնագլուխ լինել: Ուստիև»,- շարունակում է խոսքը մեր պատմիչը,- «նա զորք գումարեց, հանկարծակիորեն մտավ և անցավ Գողթնաստանով ու Նախճավան ավանով: Նա վերցրեց նաև Շարուր կոչված գավառի զորքը և եկավ հասավ մինչև մեծ մայրաքաղաք Դվինը: Ապա փութապես հարկապահանջներ ու ոստիկաններ ուղարկեց Այրարատյան երկիրը և մինչև Արագածոտն կոչված գավառը, որը Սմբատի որդի Աբասի կալվածքների մի մասն էր, ու այն գցեց իր իշխանության տակ» (գլուխ 10):
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
938 սեպտեմբերի սկիզբ – Խոր-Վիրապ ամրոցի ճ-մ (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արտաշատի մոտ)
Լաշքարի իբն Մարդի, ինչպես նաև Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակի մի մասը (13.000), արշավանք սկսելով դեպի հյուսիս, առանց լուրջ դիմադրության հանդիպելու մտավ Դվին: Տեղեկանալով թշնամու արշավանքի մասին` արքայից-արքա Աբաս Քաջը (929-953), չսպասելով Մարզպանական և Ոստանիկ բանակի հիմնական ուժերի հավաքվելուն, միայն Ոստանիկ բանակի մի մասով (մոտ 10.000) ելավ վերջինիս ընդառաջ: Ստացվեց այնպես, սակայն, որ սրընթաց երթի արդյունքում Ոստանիկ բանակը մասնատվեց և հետևակը հետ մնաց հեծելազորից։ Արդյունքում՝ Խոր-Վիրապ ամրոցի դիմացի ընդարձակ հարթավայրում մարտակարգ ընդունած հակառակորդի բանակին Հայոց արքայի անձնական ղեկավարությամբ մոտեցավ միայն Ոստանիկ բանակի հեծելազորը:
I փուլ – Հայկական հեծելազորը ողջ ճակատով անցավ հարձակման և, ջախջախելով հակառակորդին, փախուստի մատնեց վերջինիս, որից հետո առանց մարտերի մտավ Դվին:
II փուլ – Հաջորդ օրը հակառակորդի բանակը Խոր-Վիրապ ամրոցի դիմացի հարթավայրում կրկին մարտակարգ ընդունեց: Ի պատասխան դրա՝ Հայկական հեծելազորը կրկնեց հարձակումը թշնամու բանակի վրա, ինչի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
III փուլ – Մարտադաշտ հասավ Գագիկ արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (մոտ 20.000) և, ընթացքից գետանցելով Արաքսը, ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդի բանակի ձախ թևին ու փախուստի մատնեց վերջինիս: «Օրն սկսեց դառնալ ահավոր: Այնժամ արքան բարձրյալի օգնությամբ զորացավ իր զորքի հետ, մանավանդ որ Հայոց սուրբ հայրապետը` մեծ Եղիսեն, քահանայական դասով հանդերձ բարձրացել էր Գինո բլրի կատարը և սուրբ Ներսեսի պես ձեռքերը վեր էր պարզել, մինչև որ պարտվեց երկրորդ Ամաղեկը: Անցնելով Հայոց զորագնդերի միջով` արքան եկավ ու կանգնեց այլազգիների զորքի կենտրոնի առջև, որտեղ կային մոտ 4.000 հետևակ տղամարդիկ` ըմբշամարտ զինակիրներից: Նրանց հետ ընդհարվելով` արքան, ինչպես կայծակն է հարվածում եղեգին, այդպես խորտակեց այլազգիների զորաբանակը: Եվ այնուհետև գետին ընկածների բազում դիակներ թանձրացել էին դաշտի երեսին, ինչպես հնձի օրերին ցորենի խուրձերի դեզերը: Այնտեղ սրախողխող և գետավեժ արվելով սպանվեցին 8.000 մարդ, իսկ նրանցից շատերին էլ ձերբակալեցին: Արքան ոմանց շղթայակապ ուղարկեց անառիկ Դարույնք, իսկ 200-ից ավելի կամ պակաս մարդկանց, որպես պարգևներ, շնորհեց կյանք` հրամայելով արձակել, որպեսզի գնան քաղաք և պատմեն, ինչ-որ տեսան»,- շարունակում է պատումը Անանունը՝ ի դեմս հիշատակվող «արքայի» նկատի ունենալով Վասպուրականի թագավորության արքա Գագիկին (903-908, 908-944՝ արքա):
IV փուլ – Հայկական բանակը ճակատային ու թևային համակցված հարված հասցրեց հակառակորդի բանակի կենտրոնին և, ջախջախելով նաև այն, վերջնականապես փախուստի մատնեց հակառակորդի ողջ բանակին:
V փուլ – Հայկական բանակը հետապնդեց հակառակորդի բանակին մինչև Նախիջևան և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` 8.000 զինվոր:
Ահա այսպես, իսկ… թե ի”նչ եղավ դեպի Վասպուրական շարժվող թշնամու մյուս բանակի հետ, կպատմեմ վաղը…