Ռուբեն Ռուբինյան: Իշխել է 1175-ից 1187 թվականներին: Ստեփանեի որդին: Հաջորդել է իր հորեղբայր Մլեհին:
Ծնվել է 1145 թ-ին: Մասնակցել է հոր ձեռնարկումներին:
1178 թ-ի դեկտեմբերից մինչև 1179 թ-ի մարտի վերջ խաչակիրների հետ միասին մասնակցել է Խարիմի անհաջող պաշարմանը:
1180 թ-ի օգոստոսին Ռուբենի եղբայր Լևոնը հաղթել է քոչվոր թուրքմեններին։ 1180 թ-ի սեպտեմբերի վերջին Սալահ-էդ-Դինը հայերից գրավեց Մենաքիր ամրոցը, որից հետո, սակայն, մինչև հոկտեմբեր, ենթարկվելով Ռուբինյանների անկանոն հարվածներին, արշավեց Մենաքիր-Մամեստիա երթուղով: Հոկտեմբերի սկզբին, սակայն, կնքվեց հաշտություն և Սալահ-էդ-Դինը հետ քաշվեց:
1182 թ-ի ապրիլին Ռուբենն ու Լևոնը Բյուզանդական կայսրության բանակից գրավեցին Կոռիկոսը և Սելևկիան՝ վերջնականապես ազատագրելով Կիլիկիան կայսրության ուժերից:
1185 թ-ի երկրորդ կեսին Ռուբենը, նպատակ ունենալով աջակցել խաչակիրներին, բանակային զգալի ուժերով ժամանեց Անտիոք: 1186 թ-ի ապրիլին, սակայն, խաչակիրները գերեցին Ռուբենին, ինչից հետո ասպատակեցին Սարվանդիքար, Գաստոն, Սատարա ու Դարպսակ ամրոցների շրջակայքը, բայց, խուսափելով Լևոնի գլխավորած բանակից, նահանջեցին: Արդյունքում Ռուբինյանները Ռուբենի ազատության փոխարեն Անտիոքի դքսությանը զիջեցին Մամեստիան և Ադանան, ինչպես նաև Սարվանդիքար, Ճկեր ու Թիլ-Համտուն ամրոցները: Այն բանից հետո, սակայն, երբ Ռուբենը ազատություն ձեռք բերեց, հայերն անմիջապես էլ հետ խլեցին դրանք:
1186 թ-ի մայիսին Անտիոքի դքսության բանակը ասպատակեց Ալեքսանդրեկ գավառը և նահանջեց, ինչից հետո կնքվեց հաշտություն:
1187 թ-ի սկզբին Ռուբենը վանք հեռացավ և մի քանի տարի անց մահացավ, իսկ Ռուբինյանների իշխանության իշխան էլ հռչակվեց Լևոնը:

- 1.jpg (88.19 КБ) 4 просмотра