Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ո՛վ իշխանություն՝ Մեդուզայի քո հայացքով: Ով մի անգամ նայել է քո երեսին, նա այլևս երբեք չի կարող հայացքը փախցնել, նա մնում է հմայված և գերված քեզնով: Ով գեթ մեկ անգամ զգացել է իշխանության և տիրակալության արբեցնող հաճույքը, նա այլևս երբեք ի վիճակի չէ հրաժարվել դրանից:
1.jpg
1.jpg (53 КБ) 145 просмотров
Նայեք համաշխարհային պատմությանը՝ փնտրելով կամավոր հրաժարման օրինակներ։ Բացառությամբ Սուլլայի և Կառլոս V-ի՝ հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց մեջ հազիվ թե լինի մեկ տասնյակ մարդ, ով, հագեցած իշխանությունից, սթափ միտք ունենալով հրաժարվել է իշխանությունից՝ միլիոնավոր իր նմանների ճակատագրի դերը խաղալու համարյա սրբապիղծ այդ կրքից: Ինչպես խաղամոլը չի կարող հրաժարվել խաղից, հարբեցող՝ խմիչքից, որսագողը՝ որսից, այդպես էլ՝ իշխանություն ունեցողը չի կարող հրաժարվել իշխանությունից:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Ինչն՞ ես դու Էլիտա համարում,այն նախագահներին որոնք 30 տարի թալանել են երկիրը։
Թէ դրանց հետեվում կանգնած գախտնի ուժերին։
Հայաստանը չունի էլիտա,Հայաստանի ճակատագիրը որոշում են հզոր տերությունները։
Իսկ այդ ՔՊ ական կեղտը շուտով սիկտիր կլինի Հայաստանը կառավարելու աթոռից։

Հա,ի դեպ ,զրադաշտականությունը առաջացել է մ թ ա 7 դարում և ոչ թէ մ թ ա 17 րդ դարում։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ըստ իս՝ էլիտա են մեծ ռեսուրսներ ունեցող ուժերը՝ անկախ իրենց բարոյական նկարագրից:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Պարզ է։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երբ ասում են, թե Իրանն ունի 3500-ամյա պետականություն չընդհատվող պատմություն, հիշում եմ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ 651 թ-ը, երբ Մերվի մոտ գտնվող մի հասարակ ջրաղացում իր կյանքի վերջը գտավ դժբախտ Հազկերտ III-ը (632-651), իսկ դրա հետ միասին էլ նաև իր ավարտը գտավ Պարսից Սասանյանների թագավորությունը...

...Մարդիկ հաճախ պարզունականացնում են, մարդկանց հեշտ է հավատալ կլոր թվերին, իսկ իրականությունն այն է, որ նույն այդ որոշիչ 651 թ-ին պարսից պետականության ԹԵԼԸ ԿՏՐՎԵՑ, ընդ որում կտրվեց, որպեսզի հին տեսքով հետո այլևս երբեք չվերականգնվի - պարսից անկրկնելի ազգային քաղաքակրթությունը անցավ անցյալի գիրկը:

Վերջերս խոսեցի պարսից զրադաշտական քաղաքակրթության ընթացքի, դրա փայլի, ինչպես նաև ճգնաժամի մասին, սակայն հզոր քաղաքակրթությունների ուժը կայանում է նրանում, որ նրանք, թեկուզ ճգնաժամի մեջ, ԱՆՀԵՏ ՉԵՆ ՎԵՐԱՆՈՒՄ, այլ ուղղակի վերափոխվում են: Այդպես եղավ նաև պարսիկների պարագայում: 651-751 թվականները կարող են համարվել պարսից ողջ պատմության ամենամութ տարիները: Իրոք, արդեն ոչ միայն չկար Պարսից թագավորությունը, այլև պարսիկ էթնոսն ինքը, կածես հայտնված մի ծանր շշմեցուցիչ դրության մեջ, խիստ պասիվացել էր: Պարսիկները ծանր հատուցում էին նախորդ հարյուրամյակների ակտիվության համար և դրա գինը եղավ զիջումը արաբներին, ընդ որում պարսիկները զիջեցին ոչ միայն ռազմական, այլև նույնիսկ քաղաքական ու մշակութային մակարդակներում: Հետո սակայն...: Դե իսկ հետո եկավ արդեն արաբների հատուցման ժամը, երբ նվաճողական անվերջ գործողությունների մեջ սեփական ուժն ու եռանդը սպառած արաբական էթնոսը VIII դարի կեսերից սկսած սկսեց տեղի տալ, իսկ դա էլ կանխորոշեց պարսիկների հերթական վերելքը:
4.jpg
4.jpg (144.99 КБ) 87 просмотров
...Մեզ մոտ, այդ թվում նաև հայրենական մասնագիտական հանրույթում, ընդունված է Արաբական խալիֆությունը դիտարկել որպես մեկ միասնական էթնո-քաղաքական ամբողջություն, այն դեպքում, սակայն, երբ 632-750 թվականներին ԱՅՆ ՄԵԿ, իսկ 750-861 թվականներին էթնո-քաղաքական առումով ԼԻՈՎԻՆ ԱՅԼ մի պետություն էր: Իրոք, եթե առաջին դեպքում խալիֆությունում տոն էին տալիս արաբներն և Օմայանները, իսկ պետության քաղաքական սիրտն էլ Դամասկոսն ու Ասորիքն էին, ապա երկրորդ դեպքում այդ դերերը զբաղեցրին պարսիկներն և Աբբասյանները, իսկ պետության քաղաքական սիրտն էլ Միջագետքն ընդգրկող Իրաքն ու Բաղդադն էին: Ավելին, փոխվեց նաև մարզերի դրությունը և, եթե 632-750 թվականներին կենտրոնական իշխանության մարզային հիմքը Արաբական թերակղզին ու Հյուսիսային Աֆրիկան էին, ապա 750-861 թվականներին այդ դերն իրենց վրա վերցրին Իրանական լեռնաշխարհն և Միջին Ասիան:

...Մեկ հարյուրամյակը պարսկական հզոր քաղաքակրթության հիմքը հանդիսացող էթնոսի համար ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ՈՐ ՈՒՇՔԻ ԳԱ: Արդյունքում՝ արդեն 740-ական թվականների սկզբին պարսիկները քաղաքականապես խիստ ակտիվացել էին, ընդ որում հատկապես ուժեղ դիրքերի վրա էր գտնվում այսպես կոչված «Մեծ Իրանը»՝ Իրանական լեռնաշխարհից դուրս գտնվող Միջին Ասիան, որտեղ գործում էին տեղական պարսկական տարրն, ինչպես նաև պարսկացած թյուրքերի հոծ խմբեր: Արդյունքը եղավ Աբբասյանների հեղափոխությունը, երբ, սկսած 751 թ-ից, պարսիկ էթնոսն ըստ էության իրենով արեց ողջ Արաբական խալիֆությունը: Աբբասյաններն իրենք արաբներ էին, սակայն նրանք հենվում էին հենց պարսկական տարրի վրա, որի շարքերում, հատկապես ակտիվ էր այդ տարրի միջինասիական մասը: Որպես հետևանք, արդեն հաջորդ հարյուրամյակում, ի հակադրություն նախորդ պասիվ հարյուրամյակի, պարսկական քաղաքակրթությունն, ըստ էության, ՀԵՏ ԲԵՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՐՍՎԱԾ ԴԻՐՔԵՐԸ: Հետ բերեց, այո - գուցե մի քիչ քողարկված, քան Սասանյանների ուղղակի փայլի ժամանակաշրջանում էր, գուցե մի քիչ էլ անուղղակի, քանզի պետությունն ամեն դեպքում ներկայացված էր ի դեմս Արաբական խալիֆության, սակայն մի բան հստակ է՝ սկսած արդեն 751 թ-ից պարսկական քաղաքակրթությունը վերագտավ իրեն՝ վերափոխվեց և վերագտավ, երբ զրադաշտականությունը փոխարինվեց իսլամի պարսկական ճյուղը հանդիսացող շիիզմով, իսկ Սասանյանների Պարսից թագավորությունն էլ սեփական արտահայտությունը գտավ Արաբական խալիֆության պետականաշինական պարսկական ավանդույթներում...

... Պարսից քաղաքակրթությունը կրկին ծիլեր տվեց, երբ, կարծես, առողջ արմատից մի նոր ծառ բուսնեց...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7034
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Lion писал(а): 08 июл 2026, 17:47 Երբ ասում են, թե Իրանն ունի 3500-ամյա պետականություն չընդհատվող պատմություն, հիշում եմ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ 651 թ-ը, երբ Մերվի մոտ գտնվող մի հասարակ ջրաղացում իր կյանքի վերջը գտավ դժբախտ Հազկերտ III-ը (632-651), իսկ դրա հետ միասին էլ իր ավարտը նաև Պարսից Սասանյանների թագավորությունը...
Սպասում էի, թե ո՞վ վերջապես կնկատի, ճիշտն ասած ավելի շուտ էի ակնկալում, որ դու ուշադրություն կդարձնես, բայց դե էլի ուշ չի։ Լիովին համաձայն եմ, և սա միայն մեկ դեպքն է։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եղբայր, վաղուց էի նկատել և միշտ քթիս տակ ծիծաղում էին, երբ մեր իրանասերները նման իդեալիզմ էին ասում, բայց դե առիթ չկար ասելու: Եթե խիստ նայենք, մ.թ.ա. 330-250 թվականների արանքում էլ Իրանը պետականություն չի ունեցել: Ավելին, Արաբական խալիֆության անկումից հետո մինչև 1501 թ-ն էլ դեռ հարց է, թե այս կամ այն պետությունն ի՞նչ աստիճանի է հենց եղել իրանական...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7034
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Այո, այս պահին էլ Իրանի հաջողությունների պատճառները ամենևին այն չեն, ինչ նշում են բոլոր (հայաստանյան և միջազգային) փորձագետները: Հիմա ոգևորված Իրանին գովալ ու, սովորության համաձայն, մեզ էլ տեղի-անտեղի քննադատելը, ինձ համար տհաճ է: Անշուշտ, կան շատ արժանիքներ, բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը:

Հայաստանը միշտ եղել է խիտ ազգային պետություն, Պարսկաստանը իր պատմության ընթացքում և առայսօր չի հաջողել ստեղծել ազգային պետություն…

Ի դեպ, դեռ 2018 թվականին, այստեղ հայտնել էի իմ կարծիքը (նշելով սկզբնաղբյուրը) Իրանի և ապագա զարգացումների մասին:
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հիմա, այո, Իրանը պինդ է դիմանում և այդ առումով իրեն հարգանք, բայց դե մյուս կողմից իր առաջնորդները նահանջելու տեղ էլ չունեն, պնդության մի մասն էլ դրանից է:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...Աբբասյանների հեղափոխության հենց սկզբից ապստամբների գլուխ էր կանգնել արմատներով պարսիկներից սերող, սակայն իսլամն ընդունած տաղանդավոր զորավար, բայց վատ քաղաքական գործիչ, ազատարձակյալ նախկին ստրուկ Աբու-Մուսլիմը: Իրոք, ընդհատակում գործող Աբբասյանները առժամանակ հեռու էին մնում կոնկրետ գործողություններում իրենց ցուցադրելուց և ամեն ինչի փաստացի ղեկավարն ու կազմակերպիչը հենց Աբու-Մուսլիմն էր, ՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեղի շիա բնակչության մեջ հսկայական էր: Վերջնական հաղթանակից հետո, սակայն, Արաբական խալիֆության գործող խալիֆ Աբու-Ջաֆար ալ-Մանսուրի (754-775) և Աբու-Մուսլիմի ջրերը, սպասելիորեն, մեկ առվով չգնացին: Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը, որը Աբբասյանների և հատկապես իր եղբայր, նախորդ խալիֆ Աբուլ-Աբբաս իբն Մուհամմեդի (750-754) հետ միասին անցել էր պայքարի բարդ ու վտանգներով լի մի ուղի, խելացի, եռանդուն, դաժան և միջոցների մեջ խտրականություն չդնող մի անձնավորություն էր, ոչ միայն որևէ կերպ չէր պատրաստվում կիսվել իշխանությամբ Աբու-Մուսլիմի հետ, այլև չէր պատրաստվում նաև սեփական տերությունում հետ մղել արաբներին ու առաջին դերերի բերել պարսիկներին:

Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը և Աբու-Մուսլիմը փոխադարձ հակակրանք ունեին դեռևս վաղուց, ընդ որում գործող խալիֆն, ինչ-որ տեղ հիմնավոր, զգուշանում էր Աբու-Մուսլիմի աճող հեղինակությունից, իսկ վերջինս էլ ուղղակի արհամարհում էր մի մարդու, որի հաջողությունն ինքն էր նախապատրաստել: Արդեն 755 թ-ի սկզբին խալիֆի և Աբու-Մուսլիմի միջև ՍՈՒՐ ՏՈՆԱՅՆՈՒԹՅԱՄԲ նամակագրական մի կապ հաստատվեց, ընդ որում դեպի արևելք հեռացող Աբու-Մուսլիմին խալիֆը սկսեց մեղադրել ֆինանսական չարաշահումների մեջ: Հետո, սակայն, տոնայնությունը փոխվեց և առաջինը տեղի տվեց, կարծես թե, խալիֆը: Իրոք, ժամանակին գիտակցելով, որ խալիֆության արևելյան շրջաններ հասնելուն պես Աբու-Մուսլիմը ի վիճակի կլինի ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՈՏՔԻ ՀԱՆԵԼ ՈՒ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՅՆ ՈՒՂՂԵԼ ԱՐԴԵՆ ԻՐ ՎՐԱ, Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը կտրուկ փոխեց դիրքորոշումը՝ առաջարկելով հաշտություն և ցույց տալով հնազանդություն։ Արդյունքում՝ Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը Աբու-Մուսլիմի որոշ կաշառված խորհրդականների միջոցով ի վերջո կարողացավ հասնել նրան, որ Աբու-Մուսլիմը փոխեց իր շարժի ուղղությունը և 755 թվականի փետրվարի 13-ին ներկայացավ Տիզբոնյան քաղաքային համալիրի հյուսիսային մասը կազմող ալ-Մադայինում գտնվող խալիֆին: Հետևանքը ավելի քան սպասելի էր, քանզի, սեփական պալատում և, ըստ էության, իր պահակազորի տիրապետության տակ հայտնված հակառակորդի հետ կրկին կտրուկ տոնայնության անցած Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը արդյունքում վեճ հրահրեց, զարգացրեց այն, իսկ վերջում էլ աննկատ կերպով սենյակում հայտնված նրա հինգ թիկնապահները ՍՊԱՆԵՑԻՆ Աբու-Մուսլիմին ու նրա դիակը պալատի պատուհանից նետեցին Տիգրիսը:
3.jpg
3.jpg (134.31 КБ) 86 просмотров
Կապված Աբու-Մուսլիմի սպանության հետ՝ 755 թվականի արդեն մարտին Իրանական լեռնաշխարհում սկիզբ առավ ապստամբական մի իսկական փոթորիկ, որը գլխավորում էր Աբու-Մուսլիմի մտերիմ և օգնական, պարսկական արմատներ ունեցող ու իսլամ չընդունած ոմն Սումբատ: Սումբատին հաջողվել էր ոտքի հանել հսկայական, թեև որոշակիորեն վատ պատրաստված մի բանակ և Աբու-Ջաֆար ալ-Մանսուրը ստիպված եղավ ոչ պակաս ուժերով արշավանք սկսել նրա ուղղությամբ։ Արդյունքում՝ 755 թվականի մայիսին ինչ-որ տեղ Համադանի մոտակայքում տեղի ունեցավ խոշոր մի ճակատամարտ, որը տևեց երեք օր և որի արդյունքում ապստամբները ջախջախիչ պարտություն կրեցին: Ապստամբների կորուստները կազմում էին մոտ 60.000 ռազմիկ, ընդ որում այս պարտությունից հետո որևէ կազմակերպված դիմադրության մասին խոսք գնալ արդեն չէր կարող, իսկ Սումբատն ինքն էլ շուտով սպանվեց: Աբու-Մուսլիմի սպանությամբ բացված արյունը փակվեց Համադանի ճակատամարտի խոշոր արյունահեղությամբ, ինչը, թեև ինչ որ տեղ խորհրդանշական, բայց ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՋՐԲԱԺԱՆ ԷՐ, որը ցույց տվեց պարսկական տարրին այն տեղն ու դերը, որն իր համար Արաբական խալիֆությունում նախապատրաստել էին նույն այդ պարսկական տարրի աջակցությամբ իշխանության հասած Աբբասյանները: Իրոք, եթե պարսիկները հույս ունեին, որ արաբ Աբբասյանները առաջին պլան կմղեն շիիզմ ու պարսիկներին, ապա թափած մեծ արյունով արաբներն ու Աբբասյանները հստակեցրին ամեն ինչ՝ Արաբական խալիֆությունը չի պատկանելու պարսիկներին, ինչքան էլ նույն այդ խալիֆությունում առաջնային տեղ ունենա պարսկական տարրը և ինչքան էլ այնտեղ հաստատված լինի պարսկական կրոնաքաղաքական ու մշակութային ավանդույթ:

Եվ այսպես, պարսկական տարրը ոտքի կանգնեց ու 651-751 թվականների անկումից հետո սա պարսկական քաղաքակրթության այնուհանդերձ մեծ հաջողությունն էր, թեև, ինչպես ասվեց, այն կարող էր նաև ավելի մեծ լինել: Իրոք, Աբբասյանները, բացահայտորեն առաջ չթողնելով պարսկական տարրին, խալիֆության վարչաքաղաքական և մշակութային կյանքում այնուհանդերձ ՇԵՇՏԱԴՐԵՑԻՆ ՀԵՆՑ ՆՐԱՆՑ, երբ արաբական տարրը շարունակեց դանդաղ նահանջ ապրել: Որպես հետևանք, շիիզմի դիմակի տակ քողարկված պարսկական քաղաքակրթությունը դուրս եկավ անկումնային վիճակից և սկսեց հետևողական զարգացում ապրել: Ավելին, խալիֆներն իրենք, թեև այդպես էլ երբեք չհանգելով շիիզմի, այդուհետ պարսկական այնուհանդերձ զգալի սոցիալ-հոգեբանական և մշակութային կնիք էին կրում - հիշենք պարսկուհուց ծնված Հարուն ալ-Ռաշիդին (786-809) և պարսկական արմատներ ունեցող նրա «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթաշարը, հիշենք մի քանի տասնամյակ խալիֆության ամենաազդեցիկ տոհմերից մեկը հանդիսացող պարսիկ Բարմակյաններին ու այն ծանրակշիռ դրությունը, որում հաստատվել էր պարսկական տարրը արդեն VIII դարի երկրորդ և IX դարի առաջին կեսերում:

...Ամեն ինչ գեղեցիկ էր և մեծ հաշվով գոհացուցիչ, սակայն ամեն ինչ վերջին հաշվով նաև հանգում էր ԼՃԱՑՄԱՆ, երբ բաղդատներում փակված պարսկական իշխող վերնախավը, ծուլորեն մոռանալով շիիզմը ու հետաքրքրված կերպով նայելով խալիֆների կողմից պաշտվող սուննիզմին, իրեն մեծ հաշվով բավարարված էր զգում՝ խնդիր չդնելով մի որևէ նոր բան առաջարկել պարսկական քաղաքակրթության հիմնական մասը կազմող հսկայական թվով զրկված ու հիասթափված մարդկանց և աստիճանաբար կտրվելով նրանցից...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

...VIII դարի երկրորդ կեսին արդեն վաղուց ԱՆՑԵԼ ԷՐ ԱՅՆ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որը պարսկական տարրին պատել էր Օմայանների տապալման բուռն տարիներին, և արդեն պարզ էր, որ պարսկական տարրի միջոցով իշխանության եկած Աբբասյանները նույն այդ պարսկական տարրի նկատմամբ վարում են այնքան զգուշավոր մի քաղաքականություն, որ ամեն ինչ, ըստ էության, հանգում է ոչինչ չանելուն: Սրա պատասխանը եղավ պարսկական քաղաքակրթության խուլ դիմադրությունը: Այս տրամադրություններն ամենից առաջ արտահայտվեցին Միջին Ասիայում, որտեղ արդեն 776 թ-ին բռնկվեց Մուքաննայի ապստամբությունը, որն իր սոցիալական կազմում գլխավորապես ընդգրկում էր դեռևս իսլամին դիմադրող պարսկական տարրի վերջին ալիքներից մեկը, ինչպես նաև՝ քոչվոր թյուրքական կամ արդեն պարսկացած թյուրքական զգալի զանգվածներ։ 780 թ-ին Մուքաննայի ապստամբությունը ճնշվեց, սակայն այն ծնող սկզբնապատճառները բնականաբար մնացին: Իր հերթին, իբր պարսկասեր ալ-Մամունը (811-833), տապալելով սեփական եղբայր, Բաղդադում իշխող «արաբական» ալ-Ամինին (809-811), իշխանության գալով պարսկական տարրի աջակցությամբ և պարսկական տարրի մոտ կրկին մեծ հույսեր առաջացնելով, ի վերջո ինքը ևս գնաց Աբբասյանների հին ճանապարհով՝ հիասթափության հերթական ալիքը պարգևելով պարսիկներին...

Արդյունքում, խարխափելով քաղաքակրթական ելքերի փնտրտուքների միջև, նույն այդ պարսկական տարրի մի մասը փորձ կատարեց այս կամ այն կերպ վերադառնալ վաղուց արդեն իրեն սպառած և պատմության գիրկն անցած զրադաշտականությանը, ի դեմս ամենից առաջ ԽՈՒՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, իսկ մյուս ու ավելի զգալի մասն էլ սեփական ինքնությունն ու ինքնիշխանությունը սկսեց փնտրել իսլամի շիա դավանանքի սահմաններում: Խուրամյանների առաջարկած ուղին ավելի ակնհայտ էր և հրապուրիչ, սակայն շիիզմի առաջարկն անհամեմատ ավելի հիմնավոր էր: Որպես հետևանք, հենց այս ժամանակներից սկսած էլ շիիզմը դրեց իր հզորության հիմքերը՝ ի վերջո դառնալով պարսկական քաղաքակրթության կարևորագույն բաղադրատարրերից մեկը:
3.jpg
3.jpg (210.52 КБ) 85 просмотров
Եվ այսպես, պարսկական տարրի քաղաքակրթական չբավարվածությունը արդեն IX դարի սկզբին արտահայտվեց ամենից առաջ ԽՈՒՐԱՄՅԱՆՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ, երբ պարսից հասարակության լայն խավերն ինչ-որ մի պահի սկսեցին հավատալ, թե խուրամյաններն ու Բաբեկն ի վիճակի են լինելու վերադարձնել Սասանյանների կորսված տերությունը և նրա ներքին երբեմնի կարգերը՝ սոցիալական արդարության վերաբերյալ մազդակյանների հինավուրց գաղափարախոսության հրապուրիչ նոր լույսի ներքո: Կար, սակայն, նաև խնդրի բարոյահոգեբանական կողմը, քանզի խուրամյանների թափ առնող ապստամբությունը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՑՐԵՑ ԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, որը պարսկական տարրը մինչև վերջ կրում էր ի սրտում և որի էությունը հանգում էր նրան, որ Օմայաններին հեռացրած Աբբասյանները հանդիսանում են պարսիկների հովանավորները ու այնուհանդերձ հենց նրանք են, որ, ոչնչացնելով Օմայաններին և հետ մղելով արաբներին, ի վերջո կվերականգնեն պարսից պետականությունը՝ հինավուրց զրադաշտականության կամ, գոնե, ավելի չափավոր տարբերակում, շիա իսլամի հովանու ներքո:

Խուրամյանների ջախջախումը, որը տեղի ունեցավ 837 թ-ին, Աբբասյաններին այդուհետ և հավետ զրկեց պարսկական տարրի աջակցությունից: Իր հերթին, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պալատներում փակված Աբբասյանների նկատմամբ գորովանքով լցված չէին նաև արաբները, ստացվում էր մի իրավիճակ, երբ Աբբասյաններն իրենք, զրկված սոցիալական էական հենարանից, ուղղակի կախված էին մնում օդում: Իրապես ասած՝ սա արաբների խնդիրն էր, սակայն այն իր ազդեցությունն ունեցավ նաև պարսիկների վրա: Իրոք, հերթական խալիֆ, խուրամյանների դահիճ ալ-Մութասիմը (833-842), հիանալի կերպով գիտակցելով, որ պարսկական տարրն արդեն հրաժարվել է սեփական սոցիալական աջակցությունը տրամադրել Աբբասյաններին, իսկ արաբական տարրի վրա էլ Աբբասյաններն ի սկզբանե որևէ հույս չէին կարող ունենալ, սկսեց շեշտադրել ԳՈՒԼՅԱՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ու մոտակա տարիներին նրա թյուրք ռազմիկների թիվը հասցրեց 10.000 հոգու, ընդ որում հետագայում հիշատակած այս քանակությունը ավելի էր մեծանալու: Բացասական արձագանքը, որը հետևելու էր ֆինանսական այս բեռը տանելուն ոչ ի վիճակի պետական գանձարանի, ինչպես նաև հասարակության ամենալայն շերտերի կողմից, լինելու էր դեռ ապագայում, իսկ այժմ՝ մոտակա մի քանի տարիներին, գուլյամական կորպուսը շատ պետքական ռազմական ծառայություն մատուցեց խալիֆին՝ Բաբեկի խուրամյաններին ջախջախելուց հետո հիանալի կերպով ծառայելով Աբբասյաններին նաև Բյուզանդական կայսրության դեմ պայքարում: Եվ այսպես, Աբբասյանները վերջնականապես մերժեցին պարսիկներին, սակայն նույն այդ պարսիկների հետ միասին էլ հենց նրանք ԿՈՐՑՐԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ, ընդ որում թյուրքերն իրենք ևս որևէ կերպ հուսալի չէին:

861 թ-ին մինչ այդ հայերի մեծ արյուն թափած, վայրագ ալ-Մութավաքիլի (847-861) սպանությամբ Արաբական խալիֆությունում սկիզբ առան քաոսի 10 տարիներ, որոնց հաղթահարումից հետո էլ, սակայն, իր հերթին պարզվելու էր, որ խալիֆների իշխանության տակից, ըստ էության, ԴՈՒՐՍ ԷԻՆ ԵԿԵԼ Մավերնահրը, Սինդը, Իրանական և Հայկական լեռնաշխարհներն իրենց հարակից տարածքներով, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում փաստացի խալիֆների իշխանության վերջին հենարանը հանդիսացող Եգիպտոսը: Խալիֆների իշխանությունն անչափ թույլ էր նաև Միջագետքում և Ասորիքում, ինչպես նաև Սուղուրում: Ավելին, Իրանական լեռնաշխարհի հարավ-արևելքում նույն այս ժամանակ ոտքի էր կանգնում նախկին պղնձագործ, ՊԱՐՍԻԿ Յաղուբ իբն Լայսի (870-879) կողմից հիմնադրված Սաֆֆարյանների էմիրությունը, որը հենց այս ժամանակ էլ լուրջ մարտահրավեր նետեց խալիֆներին մեծ հաշվով հնազանդ, ԿՐԿԻՆ ՊԱՐՍԻԿ Թահիրյաններին ու հետագա տասնամյակում դուրս մղեց նրանց ինչպես Իրանական լեռնաշխարհից, այնպես էլ քաղաքական թատերաբեմից: Իր հերթին, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում քիչ թե շատ անկախ կամ կիսանկախ իշխանատոհմեր էին հաստատվել նաև Ատրպատականում, ի դեմս ամենից առաջ Դուլուֆյանների, ինչպես նաև Տաբարիստանում և Գիլանում՝ Կասպից ծովի հարավային ափերին: Միաժամանակ մեծ հզորությամբ ոտքի էր կանգնում նաև Միջին Ասիայում գործող Սամանյանների էմիրությունը, որի տիրակալները բյուրեղացնում էին թյուրքացած պարսիկների և պարսկացած թյուրքերի եռանդը ու իրենց համարում էին Սասանյանների ուղիղ հետնորդները: Ներկայիս տաջիկներն, ի դեպ, որպես պարսկական տարրի մի մաս, համենայն դեպս գոնե այն ժամանակների համար, այս պետությանը վերաբերում են այնպես, ինչպես հայերը Տիգրան Մեծի պետությունը, և պետք է ասել, որ դրա համար նրանք լուրջ հիմքեր ունեն:

Որպես հետևանք, արդեն X դարի առաջին կեսին սկիզբ առավ արաբներին ու Աբբասյաններին մերժած և ի վերջո սեփական ուղին գտած ՊԱՐՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻ ԻՍԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, որը տևելու էր մինչև XI դարի կեսերը: Այս վերածնունդը Սասանյանների փայլուն դարաշրջանից հետո հանդիսանալու էր պարսկական քաղաքակրթության միջնադարյան լավագույն ձեռքբերումներից մեկը...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (145.96 КБ) 41 просмотр
Եվ այսպես, պարսկական վերածնվող քաղաքակրթությունը սկզբում ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵՑ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ դեռևս Աբբասյաններին խալիֆական կոչում ապահովելով, սակայն հետագա երկու հարյուրամյակները ցույց տվեցին, որ արմատներով արաբներից սերող այս գահատոհմը այնուհանդերձ որևէ կերպ չի ցանկանում ծառայել համապարսկական շահերին: Այս պայմաններում, շարունակելով այնուհանդերձ վերելք ապրել, պարսկական տարրն արդեն IX դարի երկրորդ քառորդից սկսած Աբբասյաններին, ըստ էության, զրկեց իր աջակցությունից, որից հետո սկսեց շեշտը դնել Իրանական լեռնաշխարհում ԱՌԱՆՁԻՆ ԳԱՀԱՏՈՀՄԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՎՐԱ: Այս գործընթացն իր կոնկրետ քաղաքական արտահայտությունն ունեցավ ամենից առաջ Թահիրյանների վերելքում, որին հաջորդեցին Սաֆֆարյանները և Սամանյանները, սակայն վերջինս իր արտահայտությունը ստացավ նաև իրենց ազդեցությամբ համեմատականորեն ավելի թույլ այլ իշխանական գահատոհմերի իշխանության հաստատման պարագայում:

Իրավիճակը հատկապես բուռն զարգացում ստացավ պարսկական տարրի ավանդական կենտրոններից մեկը հանդիսացող և Կասպից ծովի հարավային ափերին տարածվող Տաբարիստանում, որտեղ IX դարի կեսերից ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ շրջակա ավելի մանր գահատոհմերի նկատմամբ իր գերիշխանությունը հաստատած Զայդյանների էմիրությունը: Այս առումով վերջնականապես պարզ լինելու համար նաև նշենք, որ պարսկական տարրի ընդհանուր վերելքի օրինաչափության սահմաններում վերելքի ուղին բռնեց նաև պարսկական տարրի մի ենթատարրը հանդիսացող ՔՐԴԱԿԱՆ ՏԱՐՐԸ, որը, սակայն, շուտով սկսեց ինքնուրույն քայլեր անել՝ մեծապես հակադրվելով պարսիկներին: Եվ այսպես, սկսած արդեն IX դարի կեսերից Իրանական լեռնաշխարհը խմորվում էր սեփական ինքնության իշխանության ապահովման մեր կողմից նկարագրված գործընթացներում, այն դեպքում, երբ ոչ պակաս ուշագրավ զարգացումներ սկսեցին տեղի ունենալ նաև Արաբական խալիֆությունում: Այս ամենն իր հետ մեծ փոփոխություններ բերեց:

Իրոք, շուտով պարզվեց, որ պարսկական տարրի աջակցությունից զրկված և ի սկզբանե իսկ արաբական տարրի աջակցությունը չվայելող Աբբասյանների գահատոհմի ներկայացուցիչներին նույն այս ժամանակ չի մնում այլ ելք, քան, իր իշխանությունը պահպանելու համար, շեշտը դնել ֆինանսական հզորության վրա հիմնվող ԳՈՒԼՅԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎՐԱ: Դա, սակայն, սկզբում բերեց ռազմական գործում մենաշնորհի հասած գուլյամների ամենաթողությանն, ի դեմս Սամառայի քաոսի ծանր տարիների, իսկ հետո էլ բանը հասավ նրան, որ առկա միջոցներն արդեն որևէ կերպ չէին հերիքում ռազմիկների բավարար այնպիսի քանակություն ունենալու համար, որը կհերիքեր պահպանել կենտրոնական իշխանության ազդեցությունը խալիֆության ողջ լայնատարած տիրույթների վրա: Որպես հետևանք, Արաբական խալիֆությունում կենտրոնական իշխանությունն անկում ապրեց, թեև հետագա տասնամյակներում մի քանի եռանդուն խալիֆների այնուհանդերձ հաջողվեց որոշակի հավասարակշռություն հաստատել ստացվող ֆինանսական միջոցների և ռազմական համակարգի միջև։ Արդյունքում՝ Արաբական խալիֆությունը, քաղաքական փաստացի արդեն սահմանափակ, սակայն կրոնական այնուհանդերձ անսահմանափակ ազդեցությամբ, իր գոյությունը շարունակեց ավելի սեղմված սահմաններում: Այսպիսով՝ Արաբական խալիֆությունն, ըստ էության, իջավ իր ժամանակի սովորական մահմեդական մի պետական միավորի մակարդակի, որտեղ իշխանությունը չէր վայելում մի որևէ էթնոսի ընդգծված ազգային կամ կրոնական աջակցությունը՝ իր բնույթով փաստորեն հավասարվելով, օրինակ, Թուլունյանների էմիրությանը, սակայն զիջելով ասենք բերբերների լայն աջակցությունը վայելող Ֆաթիմյանների խալիֆությանը, բայց միաժամանակ նաև՝ պահպանելով կրոնական բարձր հեղինակությունը: Սա արաբների խնդիրն էր, բայց, ինչպես և սպասելի էր, այն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաև պարսիկների վրա:

Սա կրկին արաբների խնդիրն էր, սակայն, ինչպես և սպասելի էր, այն իր ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ նաև պարսիկների վրա...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (165.86 КБ) 40 просмотров
930-ական թվականների սկզբի վիճակով արաբները լուրջ խնդիրների մեջ էին, բայց դա իր ազդեցությունն ունեցավ նաև պարսիկների վրա: Իրոք, թեև Զայդյանների էմիրությունը հենց նոր կործանվել էր, սակայն ինչպես Տաբարիստանում, այնպես էլ Իրանական լեռնաշխարհի այլ հատվածներում ի հայտ էին եկել նոր ուժեր։ Արդյունքում՝ վերջիններս, մինչ այդ Իրանական լեռնաշխարհն, ըստ էության, իր հսկողության տակ պահող Սամանյանների էմիրությունում սկիզբ առած ճգնաժամի պայմաններում, իրենց լիովին պատրաստ էին համարում ոչ միայն ինքնուրույն քայլեր ձեռնարկելու, այլև՝ Արաբական խալիֆությունն իրենց ազդեցության տակ վերցնելու համար: Այս առումով հատկանշական է, որ սեփական էմիրությունները ոտքի հանող և արդեն, ըստ էության, պարսիկներին ներկայացնող տեղական գահատոհմերից շատ շատերն այնուհանդերձ տարված էին վաղուց արդեն անցյալ դարձած ՍԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԵՌՈՒՆ ԳՆԱՑՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ, ինչը հաճախ իր կոնկրետ արտահայտությունն էր գտնում կյանքում: Իրոք, ըստ էության, մերժելով արաբական անցյալը և զարգացման արաբական ուղին, այս ուժերը արդյունքում ամենաբնական կերպով իրենց հայացքը հառեցին մինչարաբական դարաշրջանին, իսկ այդ պարագայում էլ գործն իրոք հանգում էր Սասանյաններին մոտավորապես այն տեսքով, երբ ԱՆԻԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵԻՆ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Մինչև առաջ անցնելը կարևոր է այնուհանդերձ ընդգծել, սակայն, որ, պետական համակարգում հենվելով հանդերձ պարսկական տարրի վրա, սակայն հասարակական հարաբերությունների մակարդակում լինելով մահմեդական արժեհամակարգի կրողներ, բոլոր այս պետական միավորներն էլ ռազմական համակարգում այս կամ այն չափով շարունակում էին օգտագործման մեջ ունենալ գուլյամների սոցիալական ինստիտուտը, ընդ որում գուլյամներն իրենց զգալի մասով ներկայացված էին հենց ի դեմս ԹՅՈՒՐՔԵՐԻ: Իրանական լեռնաշխարհում սկիզբ առած պարսկական վերածննդի այս դարաշրջանն իր բուռն վերելքին հասավ սկսած արդեն X դարի 30-ական թվականներից:

Մինչ այս արդեն իսկ հիշատակված և քաղաքական ասպարեզից, ըստ էության, արդեն հեռացած Զայդյանները ու Սաֆֆարյաններն, ինչպես նաև մի քանի մանր այլ գահատոհմեր հիշատակված գործընթացի, ըստ էության, արդեն իսկ կրողներն էին, սակայն այժմ, Սամանյանների էմիրությունում շարունակվող ճգնաժամի պայմաններում, առաջ եկան նոր գահատոհմեր, որոնք փորձ կատարեցին Իրանական լեռնաշխարհում հենց իրենք ստանձնել առաջատարի դերը՝ ձգտելով Իրանական լեռնաշխարհից ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՍԱՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ և հասնել մի դրության, երբ վերջինս կսահմանափակվեր Մավերնահրով: Այս առումով որոշակի նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ, եթե որպես ռազմաքաղաքական կենտրոն Մավերնահրն և Միջին Ասիայի հարավային շրջաններն ունեցող Սամանյանների էմիրությունը ավանդականորեն հենվում էր հիմնականում պարսկացած թյուրքերի լայն հատվածների վրա, ապա արդեն բուն Իրանական լեռնաշխարհում ոտքի կանգնած ուժերը ձգտում էին հենվել հենց բուն պարսկական տարրի վրա, որը ԷԹՆՈ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԳԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՐ իրենց քոչվոր անցյալի զգալի հետքը դեռևս այնուհանդերձ պահպանած պարսկական տարրի միջինասիական հատվածի հետ: Ամենակոպիտ համեմատության մեջ դիտարկելիս՝ երկու այս խմբերն իրար հարաբերվում էին մոտավորապես այնպես, ինչպես մարերն ու պարսիկները մ.թ.ա. I հազարամյակի առաջին կեսին:

Եվ այսպես, երկրագնդի տաքացումը, որը բերել էր նաև Կասպից ծովի մակարդակի բարձրացմանը, գումարված մեծ հաշվով խաղաղ բնույթ ունեցող վերջին հարյուրամյակներում տեղի ունեցած ժողովրդագրական աճին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հարևան պետական միավորների առկայությունը նույն այս ժամանակ ՏԱԲԱՐԻՍՏԱՆԻ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՏԱՐՐԻ համար Իրանական լեռնաշխարհում քաղաքական իշխանության հասնելու լայն հնարավորություններ ստեղծեցին։ Ավելին, Տաբարիստանի բնակիչները, դեռևս պահպանված տոհմացեղային հարաբերությունների բարձր մակարդակի պայմաններում, առավել կենտրոնացված էին և ռազմունակ։ Արդյունքում՝ Կասպից ծովի բարձրացող ջրերը պարսկական տարրին Տաբարիստանի մերձկասպյան հարթավայրերից քշում էին դեպի դրանցից ավելի հարավ տարածվող լեռները, իսկ այստեղ առաջացած ժողովրդագրական ճգնաժամն էլ, սրված միջոցների պակասով, ի վերջո բերեց նրան, որ պարսկական այս տարրը շարունակեց ձգտել տարածվել դեպի ավելի հարավ ձգվող տարածքներում՝ Իրանական լեռնաշխարհի կենտրոնական և նույնիսկ հարավային հատվածներում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

2.jpg
2.jpg (171.71 КБ) 39 просмотров
Եվ այսպես, Արաբական խալիֆությունը դանդաղ և որոշակիորեն աննկատ քայքայվում էր, իսկ պարսկական տարրն էլ Իրանական լեռնաշխարհում ուժեղանում էր: Հասունանում էր պարսկական քաղաքական հակահարվածի պահը և պետք էր միայն հարմար մի առիթ, որն էլ շուտով ներկայացավ...

...934 թվականի ապրիլի 19-ին սեփական անսանձ բռնություններով հպատակներին վերջնականապես հոգնեցրած խալիֆ ալ-Կահիրը (929, 932-934) գահընկեց արվեց և, քանի որ համառորեն չէր ցանկանում հրաժարվել խալիֆի կոչումից, ի վերջո կուրացվեց ու բանտարկվեց: Դրանից հետո խալիֆ հռչակվեց նրա եղբոր որդի, քսանհինգամյա առ-Ռադին (934-940), սակայն ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԽԱԼԻՖՆԵՐԻՆ ՉԷՐ ՊԱՏԿԱՆՈՒՄ և բնականաբար այն չէր պատկանելու նաև այս նոր խալիֆին: Առ-Ռադիի օրոք հենց անմիջապես էլ ղեկավար դեր ստանձնեց վերջին շրջանի քաղաքական վայրիվերումների մշտական մասնակից, ինչպես նաև հենց վերջին դավադրության իրական կազմակերպիչ, թյուրք գուլյամների առաջնորդ իբն Մուքլան, երբ, ինչպես Սամառայի արժանահիշատակ քաոսի օրերին էր, խալիֆն ընդամենը միայն սկսեց ներկայացուցչական լիազորություններ իրականացնել:

934 թվականին Բաղդադում առաջացած խառնաշփոթը, սակայն, ոտքի հանեց նաև պարսկական տարրին, երբ սկսեց գործել այդ պահին վերջինիս ամենաուժեղ ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Զիյարյանների էմիրության էմիր Մարդավեհը (930-935), որն իրեն համարում էր ՍԵՐՎԱԾ ՈՒՂԻՂ ՎԵՐՋԻՆ ՍԱՍԱՆՅԱՆՆԵՐԻՑ։ Ավելին, վերջինս բացահայտ և պաշտոնական կերպով որպես պետական ծրագիր էր ներկայացնում նաև իր նպատակը՝ արաբներին ու Աբբասյաններին դուրս մղել Միջագետքից և ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Եվ այսպես, Մարդավեհը, որը մինչ այդ իր տիրապետությունն էր հաստատել Իրանական լեռնաշխարհի հյուսիսային ու կենտրոնական հատվածների նկատմամբ, վերջնականապես կարգի բերեց սեփական ուժերը՝ ի վերջո Միջագետքին և Բաղդադին տիրելու համար: Ուշագրավ այս տիրակալի ծրագրերին, սակայն, վիճակված չէր կյանքի կոչվել, քանի որ 935 թվականի հունվարին վերջինիս թյուրք գուլյամները նրան սպանեցին, ինչից հետո Զիյարյանների էմիրությունը կտրուկ անկում ապրեց և իջավ սովորական պարսկական մի էմիրության մակարդակի:

Մարդավեհի սկիզբ դրած ակտիվությունը, սակայն, որը կոնկրետ մակարդակում իրեն և իր էմիրությանը որևէ օգուտ չտվեց, այնուհանդերձ հեռուն գնացող մեծ հետևանքներ ունեցավ, քանի որ նույն այդ էմիրության ռազմական համակարգի խոշոր բեկորներ, թողնելով Զիյարյանների գործը, ծառայության անցան այլոց կամ ինքնուրույն գոյություն սկսեցին։ Արդյունքում՝ Մարդավեհի նախկին բանակի պարսկական տարրի զգալի մասը, որը ներկայացված էր մեծապես ի դեմս Տաբարիստանի ռազմաշունչ դելմիկների, ծառայության անցավ մինչ այդ Պարսքում ու հարակից որոշ այլ շրջաններում իշխանության եկած և նույն 935 թվականին էլ ԲՈՒՎԵՀՅԱՆՆԵՐԻ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆԸ հիմնադրած երեք եղբայրների մոտ: Այսպիսով, չնայած Մարդավեհի գործը, կապված իր անձի հետ, հաջողության չհասավ, սակայն այն չմեռավ, իսկ նրա ժառանգությունն էլ փաստորեն փոխանցվեց ՊԱՐՍՔԻ դեռևս միայն Իրանական լեռնաշխարհի հարավային հատվածը ընդգրկող Բուվեհյանների էմիրությանը, որը սկզբնավորվել էր Իմադ-էդ-Դուլայի (935-949) կողմից: Հետագայում, սակայն, ստեղծվելու էր նաև ՌԵՅԻ Բուվեհյանների էմիրությունը:

Եվ այսպես, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում արդեն իսկ փաստացի սահմանափակ տարածքներ ընդգրկող Արաբական խալիֆության տարածքում անկախության հերթական ու մի վերջին շքերթը տեղի ունեցավ, ինչի արդյունքում թյուրք գուլյամների կողմից կառավարվող պաշտոնական Բաղդադի տիրապետության տակ բուն Բաղդադի հետ միասին մնացին ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՅՆ Կենտրոնական և, երբեմն միայն, Հարավային Միջագետքը, այն դեպքում, երբ հարևան պետական միավորներն, ի դեմս արաբներին ներկայացնող Համդանյանների ու պարսիկներին ներկայացնող Բուվեհյանների էմիրությունների, համառ պայքարի մեջ մտան թյուրք գուլյամների կողմից վերահսկվող նույն այդ Բաղդադին տիրելու և ԽԱԼԻՖՆԵՐԻ ՎՐԱ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: Այս պայմաններում, բնականաբար, խոսք իսկ գնալ չէր կարող պաշտոնական Բաղդադի կողմից ավելի հեռավոր շրջաններում ազդեցություն ունենալու մասին, որտեղ, ըստ իրենց հայեցողության և ուժերի առաջացրած կոնկրետ հարաբերակցության, սկսեցին գործել տեղական գահատոհմերը:

...945 թվականի դեկտեմբերին, երբ թյուրք գուլյամների դիրքերն արդեն բավականին թուլացած էին, օգտվելով տեղում հաստատված փաստացի անիշխանությունից և իրականացնելով հաջող առաջխաղացում, Բուվեհյանների էմիրության մի մասի տիրակալ Մուիզ-էդ-Դուլայի (945-967) գլխավորած Բուվեհյանների էմիրության բանակը իր իշխանությունը հաստատեց Բաղդադում: Սրանով էլ հենց արաբների և պարսիկների հարաբերություններում մի նոր էջ բացվեց, իսկ պարսկական տարրն էլ իր կարծես ՓՈԽՎՐԵԺԸ ԼՈՒԾԵՑ VII դարի նահանջի համար...

...946 թվականի հունվարի 28-ին Բաղդադում արդեն վերջնականապես հաստատված Մուիզ-էդ-Դուլան բարեհաճեց ներկայանալ մինչ այդ փախուստի դիմած, սակայն կրկին քաղաք վերադարձած հերթական խալիֆ ալ-Մուսթաքֆիին (944-946) և այդ նպատակով վերջինիս պալատ ժամանեց, որտեղ, բնականաբար, լավ ընդունելության արժանացավ: Թվում էր, թե ամեն ինչ հարթվել է, սակայն, այն բանից հետո, երբ խալիֆը մեկնեց ձեռքը Մուիզ-էդ-Դուլային, որ սա համբուրի, Մուիզ-էդ-Դուլայի թիկնապահներից երկուսը ցած քաշեցին նրան իր գահավորակից և, դուրս տանելով սենյակից, բանտարկեցին, իսկ հետո էլ՝ կուրացրին: Նոր խալիֆ հռչակվեց ալ-Մութին (946-974), որը բացարձակապես և ոչ մի իրական իշխանություն չուներ: Այսպիսով՝ 946 թ-ին Արաբական խալիֆությունն, ըստ էության, հայտնվեց Բուվեհյանների տոհմի իշխանության տակ, իսկ մինչ այդ էլ արդեն փաստացի իշխանությունից զրկված խալիֆներին դրանից հետո շատ երկար ժամանակ վիճակված էր լինելու Բուվեհյանների էմիրների մոտ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ:

Բուվեհյանների էմիրությունն իր գոյության առաջին տասնամյակներում իրենից, ըստ էության, ներկայացնում էր երեք եղբայրների կամ նրանց սերունդների կողմից կառավարվող, ներքնապես միմյանցից անկախ, բայց արտաքին հարաբերություններում, որպես կանոն, միասնականություն դրսևորող մահմեդական ուշագրավ մի պետական միավոր, որն իրենով ներկայացրեց և ՀԵՆՑ ԻՐԵՆՈՎ ԷԼ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՄՓՈՓԵՑ շիիզմը դավանող պարսկական տարրի ռազմաքաղաքական զարգացման գագաթնակետը՝ կյանքի կոչելով այն, ինչին մինչ այդ ձգտել էին, սակայն այս կամ այն պատճառով չէին հասել Իրանական լեռնաշխարհի այլ իշխանատոհմերն ու նրանց կողմից ստեղծված էմիրությունները: Բուվեհյանների էմիրության գերիշխանության հաստատումը Հարավային ու Կենտրոնական Միջագետքում, ինչպես նաև Իրանական լեռնաշխարհի հիմնական մասում իրենից, ըստ էության, ներկայացնում էր ՊԱՐՍԿԱԿԱՆ ՏԱՐՐԻ ՀԱՋՈՂՎԱԾ ՄԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ, երբ արաբական ազդեցությունն Իրանական լեռնաշխարհից այդուհետ և ընդմիշտ վերացավ՝ տեղում թողնելով միայն հոգևոր խորը ու անջնջելի իր հետքն, ի դեմս իսլամի, չնայած այս ոլորտում ևս պարսկական տարրն այնուհանդերձ իր յուրօրինակությունը դրսևորեց, ի դեմս շիիզմի:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (160.51 КБ) 14 просмотров
1040-ական թվականների վերջի վիճակով Բուվեհյանների էմիրությունը ԼԱՎ ՕՐԵՐ ՉԷՐ ԱՊՐՈՒՄ: Իրոք, բյուրեղացնելով պարսիկների քաղաքակրթական եռանդը և 940-ական թվականների տիրելով Արաբական խալիֆությանը, շիիզմը դավանող պարսիկները այդուհետ ոչ մի կերպ չէին կարողացել քաղաքակրթական ընդունելի առաջարկ անել ոչ միայն օտարներին, ի դեմս օրինակ արաբների կամ արևելքից առաջացող հերթական թյուրքերին՝ սելջուկներին, այլև նույնիսկ իրենց շատ մոտ կանգնած քրդերին: Շիիզմը դավանող Բուվեհյան տիրակալներն ուղղակի չկարողացան քաղաքակրթական գայթակղիչ առաջարկ անել, իսկ արդյունքում էլ սուննիզմը հակահարված հասցրեց...

...Աքեմենյանների դարաշրջանում պարսկական քաղաքակրթությունը ոչ միայն յուրօրինակ էր և գեղեցիկ, այլև՝ ԱՆՉԱՓ ԸՆԴՈՒՆԵԼԻ բոլոր հարևանների համար: Որպես հետևանք, ստեղծվեց «Մեծ Իրանը», երբ պարսկական քաղաքակրթական ծիրի մեջ հայտնվեց ողջ Միջին Ասիան, իսկ Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Ասորիքն ու Միջագետքն էլ մեծ հաշվով դեմ չէին առնվազն համագործակցել պարսիկների հետ: Այժմ, սակայն, այլ կերպ եղավ և, եթե Բուվեհյանները ի վիճակի եղան բյուրեղացնել պարսկական քաղաքակրթությունը և հաջող հակահարված ապահովել արաբների ուղղությամբ, ապա ավելին անել ոչ մի կերպ չկարողացան: Որպես հետևանք, ինքնին փայլուն պարսկական քաղաքակրթությունը ԱՆԸՆԿԱԼԵԼԻ ՄՆԱՑ հարևանների և ամենից առաջ թյուրքերի ու արաբների համար, այն լճացավ, իսկ արդյունքում էլ դարձավ խոցելի: Սելջուկյան ալիքը, որը սրբեց պարսկական X-XI դարերի վերածննդի արդյունքները, դրա ցավալի հետևանքներից մեկն էր...

...1040-ական թվականների վերջերին սելջուկներն արդեն լիովին իրենցով էին արել Իրանական լեռնաշխարհը, իսկ 1055 թ-ին էլ վերջնականապես ոչնչացրին Բուվեհյանների էմիրությունը՝ փաստորեն հենց իրենք դառնալով Արաբական խալիֆության իրական տերեր ու ղեկավարելով խալիֆներին մոտավորապես այնպես, ինչպես դա մինչ այդ անում էին Բուվեհյան էմիրները: Որպես հետևանք, արաբները մնացին զրկված դրության մեջ, իսկ իր պետականությունը փաստացի կորցրած պարսկական տարրն էլ կարող էր մխիթարվել թերևս միայն նրանով, որ Սելջուկյան սուլթանության տիրակալները, ըստ էության չունենալով էլ այլ ելք, սկսեցին ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ, երբ պարսկական քաղաքակրությունը կազմեց Սելջուկյան սուլթանության քաղաքական ու մշակութային կարևոր բաղադրիչներից մեկն էլ, իսկ պարսիկներն իրենք էլ, չնայած շիիզմին և այն բանին, որ սելջուկները սուննի էին, վերջին հաշվով իրենց երկրորդական, բայց այնուհանդերձ ամուր տեղը գտան Սելջուկյան սուլթանության ռազմավարչական համակարգում: Մելիք-Շահի (1072-1092) օրոք պետության երկրորդ մարդը հանդիսացող պարսիկ Նիզամի ալ-Մուլքը ռազմավարչական համակարգում պարսկական տարրի առկայության ամենաակնառու օրինակն է: Մեկ այլ պարսիկ՝ Նիզամի Գյանջևին, հանդիսանում է հիշատակված գործընթացի գագաթնակետը արդեն մշակութային ոլորտում: Եվ վերջապես չի կարելի չհիշել նաև հանրահայտ «Լեռան ծերունուն»՝ ասասինների ուսմունքi հիմնադիր Հասան իբն Սաբբահին (1090-1124), որն իրենց ներկայացնում էր կարծես պարսկական ստորին խավերի պատասխանը:

... Երբ ասում են, թե պարսիկներն ունեն պետականության 3500-ամյա չընդհատվող պատմություն, ՆԱԵՎ ԱՅՍՏԵՂ ԵՆ ԲԱՑԹՈՂՈՒՄ ԱՆՈՒՄ: Արդեն իսկ նշված 651 թ-ին պարսից պետականության թելը երկրորդ անգամ կտրվեց, առաջին անգամը մ.թ.ա. 330 թ-ին էր: 751 թ-ից սկսած, թեև պարսկական քաղաքակրթությունը վերականգնեց դիրքերը ի դեմս Աբբասյանների, սակայն պարսկական քաղաքակրթությունն իր լիարժեք պետականությունը մեծ հաշվով ունեցավ միայն Բուվեհյանների օրոք՝ 935 թ-ից սկսած: Եվ ահա այժմ՝ սկսած 1055 թ-ից, երբ ընկավ Բուվեհյանների վերջին հենակետն, ի դեմս Բաղդադի, պարսկական քաղաքակրթության պետականության թելը կրկին և արդեն ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՏՐՎԵՑ: Իրոք, թեև, ինչպես ասվեց, Սելջուկյան սուլթանությունում պարսկական քաղաքակրթությունը լուրջ ներկայացվածություն ուներ, սակայն ոչ այն, ոչ նույն սուլթանության քայքայման արդյունքում Իրանական լեռնաշխարհում հետագայում ստեղծված պետական մյուս միավորները, ոչ էլ առավել ևս մոնղոլական ու դրան հաջորդած տեղական, այդ թվում նաև թուրքմենական իշխանությունները որևէ կերպ չեն կարող հանդիսանալ պարսկական պետականության կրողներ:

Այս կապակցությամբ միայն ցավալ է կարելի, որ հայերի պետականության թելը կտրված է համարվում 428 թ-ին, երբ կային արքաներին հավասար և նրանցից նույնիսկ ուժեղ իշխաններ ու նույնիսկ մեկ տեղական թագավորություն՝ Արևելից կողմի թագավորությունը, ինչպես նաև 1045 թ-ից սկսված, երբ մեր վերջին արքան հիշատակվում է դեռևս 1471 թ-ին, իսկ ԼԻԱՐԺԵՔ ԿԵՐՊՈՎ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԼԸ ԿՈՐՑՐԱԾ պարսիկների պարագայում էլ արվում է հպարտ մի պնդում առ այն, որ պարսկական պետականությունը 3500 տարվա անընդհատ պատմություն ունի: Չունի, հարգելիներս, մ.թ.ա. 330 թ-ին Աքեմենյանների տերության կործանումից հետո պարսից պետականությունը վերականգնվեց միայն մ.թ.ա. 250 թ-ին, 651 թ-ից հետո՝ 935 թ-ին, իսկ 1055 թ-ից հետո էլ՝ միայն հեռավոր 1501 թ-ին: Հենց վերջին թվի մասին էլ, ի դեպ, կխոսենք հետագայում...
Приходите в мой дом...
Ответить