...Խոսրով I-ը (531-579) սեփական քաղաքական խորաթափանցությամբ իրոք բացառիկ մի մարդ էր, որը, ի տարբերություն իր տոհմակից շատ արքաների, կարողանում էր տեսնել խորքային զարգացումների ընթացքը և կանխատեսել դրանց հետևանքները, իսկ դրանք, կարծես թե, այնքան էլ պարսից քաղաքակրթության օգտին չէր...
...Շարունակեմ պատմել ձեզ Սասանյանների ճշտի ու սխալի մասին...
Բանը կայանում էր նրանում, որ արյաց այս արքան, կարծես թե, աստիճանաբար սկսում էր գիտակցել այն հանգամանքը, որ զրադաշտականության արժեհամակարգի վրա հիմված պարսկական քաղաքակրթությունը, ինչքան էլ յուրօրինակ և իր տեսակի մեջ գեղեցիկ, համենայն դեպս գոնե արդեն VI դարի վիճակում
ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՀԵՏ ԷՐ ՄՆՈՒՄ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՑ՝ փակվելով ինքն իր մեջ ու չկարողանալով որևէ նոր և հրապուրիչ բան առաջարկել ոչ միայն իր, այլև նույնիսկ հարևան քաղաքակրթությունների ներկայացուցիչներին։ Արդյունքում՝ ստեղծվել և աստիճանաբար խորանում էր իրավիճակը, երբ հարևան, իսկ ինչ-որ տեղ արդեն նաև հպատակ ոչ զրադաշտական բնակչության համար զրադաշտականության արժեհամակարգով տոգորված քաղաքակրթությունը դառնում էր դժվար ընկալելի, եթե ոչ՝ անընկալելի, իսկ արդյունքում նաև՝ ոչ ընդունելի: Դրան հակառակ, իր թերություններով հանդերձ, բայց հարևան գերտերությունը այնուհանդերձ կարողացել էր ավելի ժամանակակից տեսք ունեցող և արմատներով դեպի քրիստոնեությունը գնացող արժեքների հիման վրա
ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ, որին էլ ձգտում էին մարդիկ: Տեսափիլիսոփայական այս հանգամանքը, սակայն, նաև կոնկրետ ռազմաքաղաքական բովանդակություն ուներ:
V-VII դարերում Պարսից թագավորությունն ու Բյուզանդական կայսրությունը ուժասպառ անող ընդհարում ունեին Բյուզանդա-Պարսկական պատերազմների երկար շարքում և այս առումով կյանքը ցույց տվեց, որ քաղաքակրթական մակարդակում
ԱՎԵԼԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ քրիստոնեական Բյուզանդական կայսրությունն անվիճելի առավելություն ուներ ինքն իր ներսում փակված զրադաշտական քաղաքակրթության նկատմամբ: Իրոք, եթե զրադաշտական արժեքները ոչ մի կերպ ընկալելի չէին պարսիկների հարևան ազգերի և ժողովուրդների համար, ապա, անհրաժեշտ միջոցների առկայության պարագայում, քրիստոնեական համընդհանուր ու ճանաչված կենտրոն հանդիսացող նույն Բյուզանդական կայսրությունը կարող էր անվերջ մարդկային ռեսուրսներ քամել առնվազն ողջ Եվրոպայից: Վերջին պարագան իր հերթին ոչ միայն քանակական, իսկ ինչ-որ տեղ նաև՝ որակական, առավելություն էր ապահովում կայսրությանը, այլև թույլ էր տալիս, ի համեմատ նույն Պարսից թագավորության, առավել արագ ամոքել ռազմական ծանր հարվածների հետևանքները, քանզի խնդիրն, ըստ էության, հանգում էր ընդամենը միայն վարձկանների նոր խմբեր գտնելու և, դրամական շահագրգռվածությունը կիրառելով, դրանք հավաքագրելու ու մարտական գործողությունների ապագա թատերաբեմ հասցնելու մեջ...
...Բարև ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետություն, լա՞վ եք: Ախր Թեհրանում այժմ ևս չեն հասկանում, որ արժեբանական մակարդակում անվիճելիորեն զիջում են Արևմուտքին, երբ մարդիկ ձգտում են դեպի հենց նրա առաջարկած արժքները...
...Պարսից թագավորությունն, այո, հանդիսանում էր տարածաշրջանի առաջատար ուժերից մեկը, այո, այն մի իսկական տերություն էր և ի վիճակի էր ոտք մեկնել հինավուրց հռոմեական փառքի հետ, սակայն, վերջինս այնուհանդերձ
ՀԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ պարսիկ ազգի հոգևոր ու մշակութային արժեքների, ինչպես նաև զրադաշտական հավատքի միահյուսման արդյունքում ստեղծված և պետականության մակարդակի բարձրացված յուրօրինակ մի սիմբիոզ: Սրան հակառակ՝ Բյուզանդական կայսրությունը համաքրիստոնեական և
ՎԵՐԱԶԳԱՅԻՆ պետական միավոր էր: Որպես հետևանք, պարսկական պետական մեքենայի և ամենից առաջ բանակի շարքերը մեծ հաշվով կարող էին համալրվել, ըստ էության, միայն պարսիկների կողմից, որոնք էլ, ինչպես արդեն նշվեց, լինելով փակ հոգևոր-մշակութային մի ամբողջություն ու քանակապես աճելով, ըստ էության, բացառապես միայն ծնելիության հաշվին, դանդաղ էին շատանում, իսկ լայնածավալ և երկարատև պատերազմներում կրած կորուստներն էլ դժվար էին ամոքվում...
Խոսրով I-ը լավ էր հասկանում այս ամենը և սկզբում շատ բան արեց, բայց հետագայում՝ իր կառավարման երկրորդ շրջանում, ըստ երևույթին կուրացած 560-ական թվականներին հասած սեփական հզորության փայլից, սկզբնական այդ դրական դրությունից նահանջ կատարեց՝ սեփական իշխանության վերջին շրջանում միայն ավելի խորացրնելով իրերի ճգնաժամային դրությունը: Սա լրջագույն մի սխալ էր:

- 1.jpg (88.71 КБ) 37 просмотров
...651 թ-ին, իսլամադավան արաբների ճնշման դիմաց հետ քաշված արդեն մինչև Մերվ, որտեղից անդին վերջանում էին արյաց արքայի տիրույթները, Հազկերտ III-ը (632-651) մի վերջին կռվում ընդհարվեց Մերվի իշխանի հետ և արդյունքում մնաց լրիվ մեն-մենակ: Արդյունքում՝ արյաց արքան դիմեց փախուստի և, եռօրյա դեգերումներից հետո հոգնած ու սոված, պատսպարվեց մի ջրաղացում, որտեղ էլ Սասանյանների երբեմնի հզոր տոհմի վերջին այդ բեկորին քնած վիճակում սպանեց վերադարձած ջրաղացպանը, որը նույնիսկ չիմացավ էլ, թե ում է սպանում: Հազարամյա զարգացման օղակը փակվեց, քանզի, լիովին նույն կերպ լքված ու հալածված, մ.թ.ա. 330 թ-ին նույն այդ տարածքներում սպանվել էր Աքեմենյանների տերության վերջին տիրակալ Դարեհ III-ը (մ.թ.ա. 336-330), որը հետ էր քաշվել հույներից: Վերջ, երկուհազարամյա ընթացք ունեցող զրադաշտական քաղաքակրթությունը վերջնականապես
ԱՄՐԱԳՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և այն հանգամանքը, որ ինչպես ինքը, այնպես էլ իր քաղաքական դեմքը հանդիսացող Պարսից թագավորությունը զիջում են ավելի ունիվերսալ ու ժամանակակից քրիստոնեությանը և վերջինիս քաղաքական դեմքը հանդիսացող Բյուզանդական կայսրությանը:
Իրոք, VII դարի կեսերի վիճակով իրեն վաղուց ի վեր լինելով սպառած և փոխված հասարակությանն ու մարդկանց, ըստ էության,
ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ ԱՅԼԵՎՍ ՈՐԵՎԷ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ, նույն այս ժամանակ զրադաշտականությունն իր գոյությունը շարունակում էր արդեն, թերևս, բացառապես միայն ավանդույթի, ինչպես նաև արյաց արքաների ռազմավարչական աջակցության շնորհիվ: Խորթացած նույնիսկ պարսիկներին, սակայն՝ զրադաշտականությունն ու նրա վրա հիմնված արժեքային համակարգը ռազմավարչական բռունցքի վերացումից հետո այլևս որևէ կերպ
Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՂԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ և դա ամենից առաջ այն պատճառով, որ մարդկանց համար, ինչպես արդեն ասվեց, այս կրոնի առաջարկած արժեքային համակարգն ու դրա վրա հիմնված կենսաձևն արդեն անընդունելի էին: Դեռևս նախորդ հարյուրամյակներում քրիստոնեությունը, չնայած արյաց արքաների հակազդեցությանը, դանդաղ, սակայն հաստատուն կերպով իր դիրքերն էր հաստատում Պարսից թագավորությունում՝ դրանով իսկ հասարակական հարաբերություններում լրջորեն քայքայելով զրադաշտականության հիմքերը: Արդյունքում, ահա այժմ արդեն նորաստեղծ իսլամը, ունենալով նաև ռազմաքաղաքական աջակցություն և սկզբունքորեն, ըստ էության, նման լինելով աբրահամական քրիստոնեությանը, դարձավ վերևում նկարագրված ողջ գործընթացի հաջորդը՝ ըստ էության ՏԵՐ ԴԱՌՆԱԼՈՎ քրիստոնեության առաջխաղացման արդյունքում հիմնովին խարխլված զրադաշտական քաղաքակրթության ժառանգությանը: Քիչ պակաս, քան հարյուր տարի անց մենք կտեսնենք արաբների կողմից ստեղծված իսլամը սեփականացրած և նրան ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ ՀԱՂՈՐԴԱԾ շիա պարսիկների հզոր ելույթը, սակայն դա, ինչպես ասում են, արդեն ուրիշ պատմություն է...