Re: Восстание Спартака и армяне: Тайна загадочной кавалерии...
Добавлено: 28 ноя 2024, 01:57
«/119/ Երբ Սպարտակը ստիպված եղավ իր համար ուժով ճանապարհ բացել դեպի Սամնիում, Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության ապագա եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) լուսաբացին ոչնչացրեց մոտ 6.000 հոգու, իսկ երեկոյան էլ՝ ևս մոտավորապես այդքան, այն դեպքում, երբ հռոմեական զորքից սպանվեցին միայն 3 հոգի, իսկ 7-ն էլ վիրավորվեցին: Ահա այսպիսին էր բանակի փոփոխությունը, որը տեղի ունեցավ Կրասոսի մտցրած կարգապահության շնորհիվ: Այս ամենը բանակին վստահություն ներշնչեց: Ինչ վերաբերվում է Սպարտակին, ապա նա, սպասելով հեծյալներին, որոնք ինչ-որ տեղից ի վերջո եկան նրա մոտ, այլևս մարտի չէր գնում իր ողջ զորքով, այլ հաճախակի անհանգստացնում էր թշնամիներին մանր մարտերով: Նա մշտապես անակնկալ հարձակվում էր նրանց վրա, ցախ լցնում խանդակը, այրում այն և դրա շնորհիվ պաշարումը դարձնում էր անչափ դժվար: Նա նաև հրամայեց մի գերված հռոմեացու կախել զորքերի միջատարածքում` դրանով իսկ ցույց տալով, թե ինչ է սպասում իր զորքին պարտության պարագայում: Հռոմում, իմանալով այդ պաշարման մասին և խայտառակություն համարելով, որ գլադիատորների դեմ պատերազմը ձգձգվում է, որպես երկրորդ գլխավոր հրամանատար ընտրեցին այդ ժամանակ հենց նոր միայն Իտալիայից վերադարձան Գնեոս Պոմպեոսին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության ապագա եռապետ Գնեոս Պոմպեոսին – Մ.Հ.): Ահա, ուրեմն, միայն հիմա հռոմեացիները համոզվեցին, որ Սպարտակի ապստամբությունը լուրջ և ծանր մի բան է: /120/ Իմանալով այդ ընտրության մասին` Կրասոսը, վախենալով, որ հաղթանակի փառքը կհասնի Գնեոս Պոմպեոսին, ամեն կերպ ձգտում էր արագացնել գործը և դրա համար էլ հարձակումներ էր սկսում Սպարտակի վրա: Վերջինս իր հերթին, ցանկանալով կանխել Գնեոս Պոմպեոսի գալը, Կրասոսին առաջարկեց բանակցությունների մեջ մտնել: Երբ Կրասոսը արհամարհանքով մերժեց այդ առաջարկը, Սպարտակը որոշեց վտանգին ընդառաջ գնալ և, քանի որ արդեն բավարար քանակի հեծյալներ ուներ, ողջ զորքով նետվեց խրամատները ու փախուստի դիմեց Բրունդուզիումի ուղղությամբ, Կրասոսը ընկավ նրա հետևից» (Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ», գիրք 1, գլուխ 119, 120):