…Պատմական և նույնիսկ ռազմապատմական գրականության մեջ հանդիպում են դեպքեր, երբ 852 թվականի գարնանը Բուղա ալ-Քաբիրի գլխավորությամբ հայերի դեմ արշաված բանակի թվաքանակը, որպես 200.000 ռազմիկ հստակորեն ամրագրված Թովմա Արծրունու մոտ, ԴՐՎՈՒՄ Է ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ կամ, առավելագույնը, հեղինակները զգուշանում են այս մասին հիշատակել՝ դա ակնհայտորեն համարելով չափազանցում: Այս առումով կարծում եմ, որ որևէ հիմք չկա կասկածի տակ դնելու Թովմա Արծրունու հաղորդումը և նրա տեղեկությունը հայերի դեմ արշավանքի ելած Արաբական խալիֆության բանակի մասին համապատասխանում է այն ռազմական հնարավորություններին, որոնք կարող էին առկա լինել հայերին ամեն գնով ճնշել ձգտող ու նախորդ անհաջողություններից հետո խիստ կատաղած ալ-Մութավաքիլի (847-861) ձեռքում:
…Այսպիսով՝ 852 թվականի սկզբի վիճակով պաշտոնական Սամառան Արմինիայի պարագայում կանգնեց ՆՈՒՅՆ ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԱՋ, ինչ եղել էր նախորդ տարի: Հայաստանում կրած երկրորդ անհաջողությունն, սակայն, այս անգամ արդեն ծայրահեղ կատաղեցրեց ալ-Մութավաքիլին, որը ապստամբության դեմ պայքարի գլխավոր նշանակեց Արաբական խալիֆության, ըստ էության, գլխավոր անձանցից մեկին, ի դեմս ԲՈՒՂԱ ԱԼ-ՔԱԲԻՐԻ, որը տարաբնույթ ապստամբությունների դեմ պայքարելու մեծ փորձ ուներ: Ավելին, տարված այս անգամ գործն, ըստ էության, վերջնական և հաջող ավարտին հասցնելու հաստատ մտայնությամբ, ալ-Մութավաքիլը վերջինիս տրամադրության տակ դրեց, ըստ էության, բոլոր այն ուժերը, որոնք պաշտոնական Սամառան այդ պահին տիրապետում էր:

852 թվականի վիճակով խալիֆներն, ըստ էության, ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆ փաստացի իշխանությունը Եգիպտոսից արևմուտք ձգվող տարածքների նկատմամբ, ինչը նախկինում ապահովում էր մոտ 100.000 ռազմիկ: Լավ ժամանակներում Իրանական լեռնաշխարհը համախալիֆյան բանակին ապահովում էր ևս 100.000 ռազմիկ, սակայն այստեղ այժմ Աբբասյանների գործի նկատմամբ զգալի հիասթափություն էր տիրում, դե իսկ տեղում լայն ինքնավարության հասած Թահիրյաններն էլ, չնայած պաշտոնական Սամառային տրվող հավատարմության ջերմ երաշխիքներին, ամենատարբեր պատճառաբանությամբ մի կողմ էին քաշվել վերջինիս աջակցելու գործից: Արդյունքում, եթե Արաբական խալիֆության միասնականության լավ օրերին վերջինիս ռազմական հզորությունը կազմում էին Սինդից ու Մավերնահրից մինչև Պիրենյան թերակղզի ձգվող տարածքներից հավաքված մոտ 400.000 ռազմիկներ, ԱՊԱ ԱՅԺՄ ԱՅԴ ԹԻՎՆ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՉԱՓՈՎ ՆՎԱԶԵԼ ԷՐ և Սամառայի տիրակալները կարող էին լավագույն դեպքում հույս դնել միայն երբեմնի միասնական խալիֆության կենտրոնական հատվածում գործող ուժերի վրա, որոնք ավանդականորեն կազմում էին մոտ 200.000 ռազմիկ:
Իրավիճակը վերջնականապես հստակեցնելու համար նաև ամրագրենք, որ հիշատակված թիվն ամենից առաջ կազմվում էր խալիֆի գանձարանի հաշվին պահվող ԹՅՈՒՐՔ ԳՈՒԼՅԱՄՆԵՐԻ երկու, ինչպես նաև պարսկացած թյուրքերից կամ թյուրքացած պարսիկների ևս մեկ գնդերի հաշվին, որոնցում, բոլորը միասին դիտարկելիս, այժմ ընդգրկված էին 70.000 ռազմիկներ: Իր թվով ու կազմակերպվածությամբ հաջորդը, ինչպես արդեն ասվեց, գուլյամական կորպուսի չորրորդ գունդն էր, որ համալրված էր Հյուսիսային Աֆրիկայի ժամանած բերբերներով և, ավելի քիչ չափով, նաև՝ Աֆրիկայի սևամորթներով ու կազմում էր մոտ 10.000 ռազմիկ: Մնացած ուժերը ներկայացված էին արաբական աշխարհազորի, ինչպես նաև տարաբնույթ կամավոր կամ կիսակամավոր վարձկանների հաշվին, որոնք արշավանքի էին ելնում իրենց նյութական և կրոնական պահանջմունքներին հագուրդ տալու մտայնությամբ: Այս առումով հատկանշական է ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԿՈՂՄԻՑ Բուղա ալ-Քաբիրի տրամադրության տակ դրված բանակի կազմի նկարագրությունն ամենից առաջ հենց վերջինիս կազմի առումով. «Այնժամ թագավորը հրովարտակներ արձակեց և արագագնաց սուրհանդակներ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը` Ասորեստանի ու Բաբելոնի, Թուրքեստանի և Խուժաստանի, մարերի, ելիմացիների ու եգիպտացիների հեռաբնակ վայրերը, Արաբիայի ներքին կողմերը, մինչև Սակաստանի սահմանները՝ այդ երկրների զորքերին և զորագլուխներին, նահանգապետներին, քաղաքագլուխներին, հազարապետներին, կուսակալներին ու մեծամեծներին ժամանակ տալով՝ փութով ներկայանալ իրենց թագավորաբնակ քաղաքը: Եվ ահա ամենքը թագավորի հրամանով բոլոր կողմերից գումարեցին այրուձի, սպառազեն այլ հորինվածով հանդերձ, որից հետո անհապաղ ու արագությամբ եկան ժամադրված տեղը»: Այսպիսով՝ ակնհայտ է, որ զորահավաքային տարածքն ընդգրկել է ամենից առաջ Ասորիքն և Միջագետքը, իսկ հետո, ավելի փոքրացող չափերով, Եգիպտոսը, ինչպես նաև Իրանական լեռնաշխարհի հարավ-արևմտյան և հյուսիսի-արևմտյան մասերը, իսկ, ի դեմս «Թուրքեստանի և Խուժաստանի» էլ, ըստ էության, առկա են հաղորդումներ խալիֆի գուլյամական կորպուսի չորս գնդերի մասին:
