IV փուլ – Ապրիլի 28-ին Բյուզանդական կայսրության նավատորմը փորձեց գիշերային գրոհ իրականացնել Ոսկե Եղջյուր հրվանդանի կենտրոնում տեղակայված կամրջահարթակի վրա, սակայն անհաջողության մատնվեց և, կորցնելով 1 նավ ու որոշ քանակի ռազմիկներ, նահանջեց։ Թշնամին ևս կորցրեց 1 նավ։ Հաջորդ առավոտյան Մեհմեդ II-ի հրամանով քաղաքի պաշտպանների աչքի առաջ բոլոր գերի ընկած քրիստոնյաները մահապատժի ենթարկվեցին, որին ի պատասխան Կոնստանդին IX-ի հրամանով սպանվեցին նաև մինչ այդ գերի ընկած թշնամու 260 ռազմիկներ։ Դրանից հետո, 130 հրանոթներ ու քարանետներ տեղադրելով Գալաթայի մոտակայքում, Մեհմեդ II-ը հարվածի տակ առավ Ոսկե Եղջյուր հրվանդանի մուտքը փակող շղթայից անդին շարված հակառակորդի նավերին, որոնցից մեկը խորտակվեց, սակայն մյուսները կարողացան հեռանալ անվտանգ տարածություն։ Միաժամանակ ուժեղացվեց նաև քաղաքի պարիսպների հրետակոծումը։ V փուլ – Մայիսի 7-ին Օսմանյան սուլթանության բանակը գրոհեց քաղաքի վրա, սակայն մի քանի ժամ տևած մարտերից հետո վերջինիս գրոհը հետ մղվեց։ VI փուլ – Մայիսի 12-ին թշնամու բանակը կրկին գրոհեց քաղաքի վրա, սակայն այս անգամ էլ մատնվեց անհաջողության։ VII փուլ – Մայիսի 18-ին Օսմանյան սուլթանության բանակը պարիսպների ողջ երկայնքով հզոր հարձակում ձեռնարկեց, սակայն համառ մարտերից հետո քաղաքի պաշտպաններին այս անգամ ևս հաջողվեց հետ մղել թշնամուն։ Ողջ օրը տևած համառ մարտերի արդյունքում քաղաքի պաշտպանները կորցրին 1.740 ռազմիկ, որոնցից 700-ը բաժին ընկավ քաղաքի պաշտպանությանը մասնակցող հայերին և եվրոպացի վարձկաններին։ VIII փուլ – Մայիսի 19-ից 23-ը Մեհմեդ II-ի հրամանով քաղաքը պաշարողները փորձեցին թունելներ փորել պարսպի տակ` նպատակ ունենալով վառոդի կիրառմամբ պայթեցնել դրանք և փլել պարիսպները։ Քաղաքի պաշտպանները, սակայն, ժամանակին իմացան այդ մասին և, զուգահեռ փորվածքով հատելով թունելները, ոչնչացրեցին այնտեղ գտնվող թշնամու ռազմիկներին ու հողով լցրեցին թունելները։ IX փուլ – Մայիսի լույս 29-ի գիշերը Օսմանյան սուլթանության բանակը անցավ վճռական գրոհի, ընդ որում` սկզբում հարձակման անցավ Օսմանյան սուլթանության բանակի թեթև հետևակը։ Ու, թեև մի քանի ժամվա մարտերից հետո վերջինս ծանր կորուստներով հետ շպրտվեց, սակայն տևական մարտը բավականին հոգնեցրեց քաղաքի պաշտպաններին։ X փուլ – Լուսաբացին Մեհմեդ II-ը մարտի նետեց ծանր հետևակը և հեծելազորը։ Ու, թեև վերջիններս մի քանի ժամ տևած մարտերից հետո կրկին շպրտվեցին ելման դիրքեր, սակայն զգալի կորուստներ կրեցին և լրջորեն հոգնեցին նաև քաղաքի պաշտպանները։ XI փուլ – Կեսօրին հարձակումը վերսկսած ծանր հետևակին և հեծելազորին միացան նաև ենիչերիները։ Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ, որի ընթացքում, թեև քաղաքի պաշտպաններին հաջողվեց հերթական անգամ հետ մղել թշնամուն, սակայն ենիչերիների ջոկատներից մեկին հաջողվեց պատահականորեն բաց մնացած մի դռնով թափանցել պարիսպների առաջին շարքից ներս և անցնել պաշտպանվողների թիկունք։ XII փուլ – Քաղաքի պաշտպանների թիկունք անցած թշնամու հարյուրյակը անակնկալ թիկունքային հարված հասցրեց պարիսպների վրա մարտնչող քրիստոնյա ռազմիկներին` խուճապի մատնելով վերջիններիս։ Օգտվելով քաղաքի պաշտպանների դիմադրության թուլացումից` Օսմանյան սուլթանության բանակը, ծովից և ցամաքից ուժեղացնելով պարիսպների ուղղությամբ վերսկսած գրոհը, ի վերջո գրավեց դրանք ու ներխուժեց քաղաք։ Հենց պարիսպների մոտ էլ թշնամու հետ բռնկված ձեռնամարտում զոհվեց քաջաբար մարտնչող Կոնստանդին XI-ը։ XIII փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մտավ քաղաք և մի քանի ժամ տևած համառ փողոցային մարտերի արդյունքում արդեն մայիսի 29-ի օրվա վերջում գրավեց այն։
Հայերը կորցրին մոտ 680 զինվոր, որոնց թվում գերվեցին Աստվածատուր Սաթլմիշը, Սիմոն Բարիփաշան, Բաբայի որդի Այվադը և Գևորգ Հեշիմ Հաջին, դաշնակիցը` մոտ 6.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր։
Այսպիսով՝ Բյուզանդական կայսրությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Օսմանյան սուլթանությանը։ «Սուրբ Սոֆիայի գմբեթի բարձրաբերձ խաչը, որ մի ամբողջ հազարամյակ շարունակ թևերը կարկառել էր այս աշխարհի բովանդակ տառապանքն ընդգրկելու համար, խլաձայն գետին տապալվեց։ Եվ այդ ձայնն ուժգին արձագանք տվեց ոչ միայն տաճարում, այլև նրա պատերից շատ ու շատ հեռու, քանի որ խաչի անկումից ողջ Արևմուտքը ցնցվեց։ Դառնագին բոթը, երկյուղ հարուցելով, հնչեց Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, իբրև նախազգուշացնող որոտ` թավագլոր հասավ Ֆրանսիա և Գերմանիա...։ Եվ ահա Եվրոպան միայն հիմա սարսուռով գիտակցեց, որ իր բութ անտարբերության հետևանքով մոռացության մատնված դռնով ներխուժեց, ասես ճակատագիր, մի ավերիչ զորություն, որը դարեր շարունակ պետք է կապի ու կաշկանդի իր ուժերը»,- արդեն մեր ժամանակներում այսպես կբնորոշի տեղի ունեցածը Ստեֆան Ցվայգը1, մի բնորոշում, որի հետ և կարելի է համաձայնել, և այն կարելի է վիճարկել, ընդ որում հենց այդ հակասության մեջ է նույն այս բնորոշման յուրօրինակ հմայքը: Մի կողմից, իրոք, այո, Բյուզանդական կայսրությունը, ըստ էության, հենց այն պատվարն էր, որն իրենով փակում էր Եվրոպայի բալկանյան ճակատի հարավայի նեղ անցումը և փաստորեն զերծ էր պահում նույն այդ Եվրոպային մահմեդական առաջխաղացումից: Մյուս կողմից, սակայն, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Բյուզանդական կայսրությունն իր դասական տեսքով վաղուց արդեն չկար և այն մնացել էր ներկայացված միայն նույնիսկ իր հինավուրց չափերն ու հզորությունը կորցրած ընդամենը միայն մի քաղաքով, իսկ մահմեդական առաջխաղացումն էլ վաղուց արդեն ողողել էր նույնիսկ Բալկանյան թերակղզու կենտրոնական մասը՝ մոտենալով նույն թերակղզու հյուսիսին: Եվ այսպես, վերջին տեսանկյունից երևույթը դիտարկելիս պարզ է դառնում, որ Կոստանդնուպոլսի անկումն ամենևին էլ չունեցավ և չէր էլ կարող ունենալ այն ռազմաքաղաքական նշանակությունը, որը փորձ է կատարվում վերագրել վերջինիս, սա իր բնույթով ընդամենը միայն, ըստ էության, խոշոր մի քաղաքի անկում էր, ոչ ավելին: Այս առումով ամենևին էլ պատահական չէ, օրինակ, իր ժամանակի հայ մտավորականների արձագանքը տեղի ունեցածին, երբ, քանի որ Բյուզանդական կայսրությունը հայերի համար վաղուց արդեն դարձել էր հեռավոր և օտար մի երևույթ, նրանք ընդամենը միայն ամրագրում են տեղի ունեցածը՝ մեծ հաշվով առանց ավելորդ զգացմունքայնության ու ողբի: Իրոք, երբեմնի հզոր Բյուզանդական կայսրությունը արևելքի նույն հայերի համար ռազմաքաղաքական իմաստով, ըստ էության, նույն այս ժամանակ վաղուց արդեն չկար: Ընդհանրացնելով ողջ վերոգրյալը կարծում եմ, որ Կոստանդնուպոլսի անկման նշանակությունն ավելի շատ վերջինիս հենց խորհրդանշական, ինչպես նաև քաղաքակրթական բովանդակության մեջ էր, երբ սրանով ամենից առաջ, կարծես թե, իր ավարտուն տեսքը ստացավ մահմեդական աշխարհի բուռն առաջխաղացումը դեպի Արևելյան Եվրոպա, իսկ եվրոպական հզոր քաղաքակրթության սիրտն էլ Արևելյան Եվրոպայից վերջնականապես տեղափոխվեց Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա՝ ըստ էության ավարտին հասցնելով նույն այդ քաղաքակրթության կենտրոնի արևելքից արևմուտք տեղափոխման այն գործընթացը, որը սկիզբ էր առել սրանից դեռևս կես հազարամյակ առաջ: Վերջ, այսուհետ իր արմատներով դեպի հունա-հռոմեական աշխարհը գնացող եվրոպական հինավուրց քաղաքակրթության կենտրոնը Եվրոպայի կենտրոնական և արևմտյան հատվածներն էին, իսկ Եվրոպայի արևելյան հատվածին էլ ասիականության ու մահմեդական մոլեռանդության դեմ համառ պայքարում այդուհետ, ըստ էության, վիճակված էր լինելու ընդամենը միայն մաքառել սեփական գոյության տարրական պահպանման համար: _________________________ 1 Տես՝ Ցվայգ Ս. «Մարդկության աստեղային ժամերը», Երևան 1974, էջ 37:
Գլուխ 40 Օսմանյան սուլթանության ռազմական մեքենայի բնութագիրն և առանձնահատկությունները
Վերջին տասնամյակներում Օսմանյան սուլթանությունն արդեն առանց այդ էլ, ըստ էության, իրականացնում էր աշխարհաքաղաքական այն դերակատարությունը, որը մինչ այդ բնորոշ էր Իկոնիայի սուլթանությանը, իսկ դրանից առաջ էլ՝ նույն Բյուզանդական կայսրությանը կամ Հռոմեական կայսրությանն ու հանրապետությանը, սակայն այժմ դերերն ավելի հստակեցվեցին: Ավելին, այն հանգամանքը, որը Կոստանդնուպոլսի անկումից հետո օսմանյան սուլթանները իրենց մայրաքաղաքը հենց այս քաղաք տեղափոխեցին, կարծես ավելի ընդգծեց իրավիճակը: Այսուհետ մարտաշունչ այս սուլթանությունն արդեն երկար հարյուրամյակներ ձգտելու էր հնարավորինս տարածվել դեպի արևելք, սակայն արդյունքում միայն դժվարությամբ հաստատվելու էր հազիվ միայն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում: Իր հերթին, հնարավորինս իրենով անել Բալկանյան թերակղզին, վերջինիս դիրքերը փաստացի ամուր էին լինելու միայն նույն այդ թերակղզու հարավային և կենտրոնական մասերում: Եվ վերջապես Օսմանյան սուլթանությունը տիրելու էր նաև Հյուսիսային Աֆրիկային՝ արդյունքում, փաստորեն, աշխարհաքաղաքական մակարդակում լիակատար կերպով կրկնելով Բյուզանդական կայսրությանը: Այսպիսով՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ, թերևս, արդեն լիարժեք կերպով կարելի է խոսել նոր և գլխավոր դերերի ձգտող այնպիսի մի խաղացողի ի հայտ գալու մասին, ինչպիսին Օսմանյան սուլթանությունն է, ինչն էլ հաշվի առնելով, չի կարելի առաջ անցնել, առանց վերջինիս ռազմական մեքենայի մասին մի քանի խոսք չասելու: Օսմանյան սուլթանությունը իրենից ներկայացնում էր սուննի իսլամը դավանող գերկենտրոնացած մի միապետություն, որը իր փայլի և ռազմաքաղաքական հզորության գագաթնակետից կես հազարամյակում աստիճանաբար ընկավ մինչև թուլացած, քայքայված ու մեռնող ռազմաքաղաքական մի մարմնի կարգավիճակի։ Սուլթանության գլխին կանգնած էր սուլթանը, որը ուներ բացարձակ և անսահմանափակ իշխանություն` իր լավ ժամանակներում հաշվի չնստելով որևէ ուժի կամ կարծիքի հետ։ Օսմանյան սուլթանության բանակը, որը մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում իրենից ներկայացնում էր իր ժամանակի ամենափայլուն ռազմական մեքենաներից մեկը, հետագա հարյուրամյակներում աստիճանաբար վերածվեց հետամնաց և քայքայվող մի կառույցի, որի մարտունակությունը բավականին ցածր էր։ Այն կազմված էր հեծելազորից, հետևակից և հրետանուց, որոնք իրենց հերթին, որոշակիորեն պայմանականորեն, բաժանվում էին ծանր ու թեթև տարրերի։ Ի սկզբանե, ինչպես մի քանի անգամ արդեն նշվեց, Օսման I-ի հիմնադրած էմիրությունն ընդամենը միայն մեկն էր մոտ երկու տասնյակ այն էմիրություններից, որոնք Փոքր Ասիայում ոտքի կանգնեցին Իկոնիայի սուլթանության և Էլխանության անկումից հետո: Շուտով պարզվեց, սակայն, որ, պայմանավորված սեփական աշխարհագրական դիրքով, հենց Օսմաններին էր վիճակված լինելու պայքար մղել սկզբում Բյուզանդական կայսրության, իսկ հետո արդեն Բալկանյան թերակղզում գործող քրիստոնեական պետական միավորների դեմ: Արդյունքում, այս մասին ևս նշվեց, որպես քրիստոնեության և իսլամի սահմանին գործող մահմեդական պետական մի միավոր, կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ հենց Օսմանյանների էմիրությունում առավել զարգացան մահմեդական «սրբազան պատերազմի» հինավուրց ավանդույթները, որի հիմքերը դրվել էին դեռևս Արաբական խալիֆության առաջին տիրակալների օրոք: Որպես հետևանք այս ամենի, ինչպես Օսմանյան իշխող գահատոհմում, այնպես էլ էմիրության, իսկ հետո արդեն սուլթանության մահմեդականների մոտ աստիճանաբար ձևավորվեց սեփական բացառիկության գիտակցման յուրօրինակ մի աշխարհահայացք, երբ, կարծես բարձրից նայելով մահմեդական այլ պետական միավորներին և հատկապես իրենց հարևաններին, այստեղ ընդգծում էին «հավատի համար պայքար մղողների» սեփական կարգավիճակը՝ հակադրելով այն, որպես կանոն, միմյանց դեմ պայքարող մահմեդական այլ պետական միավորների վարքագծին: Աշխարհայացքային կարևոր այս գիտակցումն էր հենց, որ դարձավ Օսմանյան պետության, իսկ արդյունքում նաև վերջինիս ռազմական համակարգի գաղափարական հիմնասյուներից մեկը:
Մյուս կարևոր տարրը, որն առանձնացնում էր Օսմանյան ռազմական մեքենան իր բոլոր և նույնիսկ զարգացած հարևաններից, դա արժանահիշատակ Մուրադ I-ի կողմից ստեղծված գուլյամական յուրօրինակ կորպուսն էր, որը հենց միանգամից էլ կոչվեց «ենիչար», ինչը թարգմանաբար նշանակում է «նոր զորք»: Ենիչերիների ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ նույն Մուրադ I-ի օրոք, կապված այն բանի հետ, որ, սկսած արդեն XIV դարի կեսերից, օսմանյան ռազմական մեքենայի հիմնական հակառակորդների դերում հանդես էր գալիս եվրոպական ռազմական համակարգը, որը ծանր զրահավոր հեծելազորի կիրառման մարտավարությունը հենց այս ժամանակաշրջանում հասցրել էր իր գործնական կատարելությանը, պարզվեց, որ, ինչպես խաչակրաց առաջին արշավանքների ժամանակ, այնպես էլ այժմ եվրոպական ռազմական համակարգին դիմակայելու համար անհրաժեշտ են սկզբունքային նոր լուծումներ։ Արդյունքում՝ ենիչերիական կորպուսը, որը դավանում էր հետևակ պաշտպանողական մարտավարություն և գործում էր համալրման ու կազմակերպչական լրիվ նոր և իր նախադեպը չունեցող համակարգի շրջանակում, հենց իրենով էլ հանդիսացավ այդ լուծումը։ Ենիչերիների գուլյամական կորպուսը համալրվում էր փոքր, գրեթե անգիտակից տարիքում, որպես կանոն, քրիստոնյա ծնողներից խլված արական սեռի երեխաներով, որոնց, տարիքն առնելուն զուգընթաց, կույր հավատարմություն էին ներշնչում Օսմանյան սուլթանների և Օսմանների գործի նկատմամբ, ինչպես նաև ներարկում էին մահմեդական մոլեռանդության ամենաուժեղ հատկանիշներ։ Արդյունքում՝ անտոհմ և անսկիզբ, մոռացած իր ծագումն ու կտրված նույնիսկ օսմանյան սոցիալական միջավայրից, ի դեմս ենիչերիների ձևավորվեց փակ սոցիալական մի խումբ, որից ներս մուտքը հնարավոր էր միայն վաղ մանկական տարիքում և արդեն իսկ նշված որոշակի ձևով: Որպես հետևանք այս ամենի՝ ենիչերիների կորպուսի ստեղծումից մի քանի տասնամյակ անց ի հայտ եկավ սեփական սուլթանին և մահմեդականության գաղափարներին անհուն կերպով նվիրված ռազմիկների մի խումբ, որն էլ հենց կազմեց ինչպես օսմանյան ռազմական մեքենայի կարևորագույն տարրերից մեկը, այլև իրենով, ըստ էության, սկսեց ներկայացնել նույն այդ սուլթանների սոցիալական կայունության հիմքը: Ի սկզբանե ենիչերիական կորպուսն ընդգրկում էր 12.000 ռազմիկ, սակայն հետագայում, հավասար-համեմատական որակական կորստի, այս թիվն աստիճանաբար մեծացավ: Հարկ է նշել, որ ենիչերիներին կվիճակվեր այդպես էլ մնալ գուլյամների ընդամենը միայն որոշակիորեն ձևափոխված տարբերակներից, թերևս, միայն մեկը, եթե հենց այդ ժամանակ ի հայտ չգար մի գերհաջող հայտնագործություն, ի դեմս հրազենի։ Ստեղծվելուց հետո գրեթե մեկ հարյուրամյակ ենիչերիները զինված էին սառը զենքերով և պաշտպանության ժամանակ կիրառվող աղեղնամարտում առանձնապես ուժեղ էին հատկապես այն բանակային համակարգերի դեմ պայքարում, որտեղ թույլ էր հետևազորը և շեշտադրվում էր հեծելազորային շեշտակի հարվածը: Արդյունքում, հաշվի առնելով ժամանակատարածային գործոնը, երբ Օսմանյան սուլթանության գրեթե բոլոր հակառակորդները, և հատկապես Արևելքում, ներկայացված էին հենց նման ուժերով, այս մարտավարությունը մարտի դաշտում օսմանյան ռազմական մեքենային մի զգալի առավելություն ապահովեց: Իր հերթին, զուգընթաց ձեռքի հրազենի ի հայտ գալուն և դրա տարածմանը, ենիչերիները սկսեցին մասսայականորեն կիրառել սկզբում արկեբուզներ, իսկ հետո արդեն՝ մուշկետներ ու ատրճանակներ: Վերջին հանգամանքը ավելի մեծացրեց ենիչերիների հարվածային ուժը և ավելի ուժեղացրեց նրանց հնարավորությունները հենց պաշտպանությունում, ընդ որում հրետանու զարգացումն ավելի մեծացրեց դրանք: Հենց այս հայտնագործությունն էր նաև, որ կտրուկ բարձրացրեց ենիչերիական հետևակի մարտական հատկանիշները և արդյունքում, արդեն մահմեդական միջնադարի վերջում, օսմանյան սուլթանների ձեռքը տվեց մի ուժ, որը մեծապես կանխորոշեց նրանց հաջողությունները։ Որպես ամուր պաշտպանական մարտավարության սկզբունքներ դավանող հուսալի մի ուժ՝ ենիչերիները իրենց մինչ այս արդեն իսկ փայլուն կերպով դրսևորել էին մի շարք ճակատամարտերում, ինչպիսիք էին օրինակ 1389 թվականի հունիսի 15-ի Կոսովոյի ճակատամարտը, 1396 թվականի սեպտեմբերի 25-ի Նիկոպոլսի ճակատամարտը, 1402 թվականի հուլիսի 20-ի Անկարայի ճակատամարտը, 1444 թվականի նոյեմբերի 10-ի Վառնայի ճակատամարտը և այլն, երբ աստիճանաբար ձևավորվեց ու իր զարգացումը ստացավ դաշտային
և (կամ) արհեստական ամրությունների հետևում պաշտպանական մարտ վարելու «գումակապաշտպանական» մարտավարությունը, որը, այն բանից հետո, երբ, ինչպես ասվեց, XV դարի երկրորդ կեսից սկսած ենիչերիները աստիճանաբար անցան հրազենին, բարձրացավ որակական մի նոր մակարդակի։ Արդյունքում՝ օսմանական ռազմական համակարգում ստեղծվեց իր ժամանակի մարտավարակական լավագույն լուծումներից մեկը, քանզի, եթե հեծելազորի չափանիշով օսմանյան ռազմական մեքենան, լավ թե վատ, սակայն սկզբունքորեն կրկնում էր իր հիմնական հակառակորդներին, ապա հրազենով զինված գծային կանոնավոր հետևակի առկայության պարագայում վերջինս ստանում էր անչափ լուրջ մի առավելություն։ Հետագա հարյուրամյակը ցույց տվեց, որ իր հիմքում ենիչերիական կորպուսն ունեցող «գումակապաշտպանական» այս մարտավարությունը ապահովում է օսմանյան ռազմական մեքենայի անվիճելի առավելությունը ամենատարբեր ռազմական համակարգերի նկատմամբ` սկսած իր հիմքում ֆեոդալական ծանր հեծելազորն ունեցող եվրոպական բանակներից և իրենց կաստայական բացարձակության մեջ ներփակված մամլուքյան ծանր հեծելազորի հիմքով գործող ռազմական մեքենայից, վերջացրած տափաստանային քոչվորների մասսայական ծանր ու թեթև հեծելազորների ուժով գործող բանակներով։ Վերևում հիշատակված «գումակապաշտպանական» մարտավարությունը իրենից փաստորեն ներկայացնում էր միջոցների մի ամբողջություն, որը դրան անպատրաստ հակառակորդին և հատկապես այն հակառակորդին, որը թույլ հետևակ ու հրազենային միջոցներ ուներ, դնում էր մարտավարական փակուղու առաջ` գրոհե՞լ, թե՞ ներքաշվել հեռամարտի բնույթ ստացող տևական մարտի մեջ։ Առաջին և բնական տարբերակը, որը բնորոշ էր բոլոր այն բանակներին, որոնք որպես հիմք ունեին հեծելազորը, բնականաբար գրոհելն էր, սակայն փորձը անառարկելիորեն ցույց տվեց, որ ենիչերիների պաշտպանական բնագիծը հաղթահարել կամ հնարավոր չէր ընդհանրապես, կամ էլ, եթե նույնիսկ հնարավոր էլ էր, ապա գրոհող կողմի համար դա բերում էր չարդարացված մեծ կորուստների, որի սպասելի արդյունքը հանդիսանում էր օսմանյան հիանալի հեծելազորային թարմ ուժերի հետագա հուժկու հակահարվածը, ինչը գործն իր հերթին, որպես կանոն, ավարտում էր հակառակորդի պարտությամբ։ Մյուս տարբերակը, սակայն, իրենով ևս բավարար ելք չէր ներկայացնում, քանի որ օսմանյան դաշտային բանակի դեմ հեռամարտի բնույթ ունեցող տևական մարտի մեջ մտնելը հրազենային միջոցների հարցում զգալի առավելություն ունեցող և ամուր պաշտպանական դիրքեր գրաված նույն այդ օսմանյան բանակի ձեռքում էր հերթական անգամ թողնում բոլոր հաղթական խաղաթղթերը։ Օսմանյան հետևազորի մնացած մասը ներկայացված էր թեթևազենների կամ բաշիբոզուկների անկանոն, տարազեն, բայց, որպես կանոն, թեթև զինված խմբերով, որոնք, ինչպես և թեթև հեծելազորի պարագայում, հստակ տարանջատումներ կամ մարտավարական կիրառում այդպես էլ չստացան։ Այս ուժերը կիրառվում էին ամենից առաջ հակառակորդի տարածքը ասպատակելու համար, իսկ ուղիղ մարտի պարագայում էլ օսմանյան ռազմական տեսաբանները ձգտում էին առաջինը հենց այն նետել հակառակորդի շարքերի վրա` հնարավորինս հյուծելով վերջինիս, իսկ թարմ և լավագույն ուժերն էլ պահելով վճռական հարվածի համար։ Օսմանյան ռազմական մեքենայի հաջորդ կարևոր տարրը կազմում էր տեղական ռազմաֆեոդալական ավագանու կողմից ներկայացված ծանր և միջին հեծելազորը, որն, ինքնին լինելով լավը, իր մարտական հատկանիշներով հաճախ այնուհանդերձ զիջում էր հատկապես Արևելքի այլ ուժեղ խաղացողների հեծելազորներին: Հենց դրա համար էլ, ինչպես արդեն ասվեց, օսմանյան մարտավարությունը միշտ ենթադրում էր որոշակիորեն հստակ մի ձեռագիր՝ պաշտպանության մեջ ուժասպառ անել հակառակորդի հեծելազորին և միայն վերջում գործի մեջ դնել սեփական հեծելազորային հարվածային ուժերը: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ծանր հեծելազորը իրենից ներկայացնում էր սուլթանական բանակի հիմնական հարվածային ուժը։ Հավաքագրվելով հողատեր ազնվականներ հանդիսացող սիպահներից և զուտ մարտավարական իմաստով իրենցից ներկայացնելով եվրոպական հայտնի ասպետությանը կրկնող մի երևույթ, իրականում սիպահները միաժամանակ նաև աչքի էին ընկնում բարձր կարգապահությամբ և որակյալ ռազմական հատկանիշներով։ Ի սկզբանե կոչված լինելով հակակշռելու եվրոպական ծանր հեծելազորին` սիպահներն ունեին ծանր զենք և
զինվածություն, ինչն էլ պայմանավորում էր նրանց մարտական կիրառության առանձնահատկությունները, երբ սիպահական հեծելազորը կիրառվում էր հակառակորդի շարքերին մարտի վճռական պահին ուղիղ-ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։ Հետագա հարյուրամյակներում, սակայն, սիպահական ծանր հեծելազորը աստիճանական անկում ապրեց` պայմանավորված մի կողմից հեծելազորը համալրող անհատների սոցիալական խմբի քայքայման, մյուս կողմից էլ զենքերի և մարտավարական նոր հնարքների կիրառման հետ` արդյունքում, ըստ էության, վերանալով ու իր հետևից թողնելով մի բաց, որն այդպես էլ չլրացվեց։ Եվ կրկին հետաքրքիր է նշել, սակայն, որ սիպահական հեծելազորն այդպես էլ չկարողացավ ապացուցել իր միանշանակ առավելությունը Օսմանյան սուլթանությունից արևելք տարածվող պետական միավորներից որևէ մեկի հեծելազորի որևէ տեսակի նկատմամբ` դրանց թեթև տեսակին հեռամարտում զիջելով շարժունակությամբ, իսկ ծանրի նկատմամբ էլ չունենալով որևէ շոշափելի առավելություն։ Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանի գրեթե ողջ ընթացքում օսմանյան թեթև հեծելազորը գործնականում անփոփոխ կերպով ներկայացված էր սկզբունքորեն նույն` տափաստանային քոչվոր-անկանոն տեսակով։ Այս հեծելազորի հետ սերտորեն կապված, իսկ հաճախ նաև նույնանում էր բաշիբոզուկական հեծելազորը։ Այս հեծելազորը ոչ մի հստակ սահման կամ տարանջատում այդպես էլ չունեցավ, քանի որ այն կազմող տարրերը խիստ բազմատեսակ և տարացեղ էին ու վերջինիս շարքերը, ըստ էության, համալրում էր յուրաքանչյուր ոք, ով ուներ նժույգ։ Հեծելազորի այս տեսակը կիրառվում էր հակառակորդի վրա անակնկալ հարձակումներ գործելու, հակառակորդի տարածք սրընթաց ներխուժում իրականացնելու, գերեվարության, ասպատակության, հետախուզության և նմանատիպ, անկանոն մարտերի հետ կապված այլ խնդիրներ լուծելու նպատակներով։ Ուղիղ մարտում այս հեծելազորը բավականին թույլ էր և նման պարագաներում այն աշխատում էին չկիրառել, իսկ կիրառելիս էլ վերջինս հիմնականում նախատեսված էին առաջին հարվածի պարագայում հակառակորդին, թեկուզ իր ոչնչացման հաշվին, հյուծելու համար: Միաժամանակ հարկ է նշել, որ, պայմանավորված իրենց ավազակային բնույթով, այս հեծելազորը անփոխարինելի էր հակառակորդի տարածքների ասպատակության, ինչպես նաև թվական ընդհանուր գերակշռություն ստեղծելու համար: Եվ վերջապես Օսմանյան ռազմական համակարգում կային, իսկ հետագայում էլ աստիճանաբար ավելացան նաև այս կամ այն կարգավիճակն ունեցող դաշնակից ուժերը, ի դեմս տարաբնույթ թուրքմենների, քրդերի, թաթարների և նմանատիպ այլ ուժերի: Սրանք մարտավարական առումով հաճախ նույնանում էին օսմանյան անկանոն հետևազորի և բաշիբոզուկային տիպի թեթև հեծելազորի հետ՝ որպես կանոն, կիրառվելով մարտավարական օրինաչափությունների վերևում արդեն իսկ նկարագրված սահմաններում: Օսմանյան ցամաքային հրետանին՝ մի զինատեսակ, որն իր առաջացման հատկապես առաջին երկու հարյուրամյակներում սուլթանությանը վճռական առավելություն էր ապահովում վերջինիս հատկապես արևելյան հարևանների դեմ մղվող պատերազմներում, բաժանվում էր դաշտայինի ու պաշարողականի, թեև, հատկապես սկզբնական շրջանում, այս բաժանումը որոշակիորեն պայմանական էր։ Հրետանային ուժերը, սերտ համագործակցությամբ կիրառվելով ենիչերիների հետ միասին, ինչպես արդեն ասվեց, կոչված էին «գումակապաշտպանական» մարտում արյունաքամ անել հարձակման անցած հակառակորդի հիմնական ուժերին և հատկապես հեծելազորին։ Քննարկվող ժամանակաշրջանում մեծ էր նաև պաշարողական հրետանու արդյունավետությունը, որն ինքն իրենով, փաստորեն անդառնալիորեն անցյալի գիրկն ուղարկեց միջնադարյան տիպի պաշտպանական ամրությունները։ Օսմանյան նավատորմը, որը, ինչպես նաև մնացած զորատեսակները, անցավ փայլուն վիճակից մինչև անկման փուլ ձգվող սովորական մի զարգացում, ի սկզբանե ևս բավականին մարտունակ էր, ընդ որում այստեղ զգալի դեր ունեին նույն այս ժամանակ ակտիվացած միջերկրածովյան մահմեդական ծովահենները, որոնք գործում էին Հյուսիսային Աֆրիկայի ափերից: Հետագա հարյուրամյակներում, սակայն, կապված ռազմատեխնիկական ընդհանուր հետամնացության սկիզբ առած գործընթացի հետ, անկում ապրեց նաև սուլթանության նավատորմը, որն, ի տարբերություն իր ժամանակի շատ տերությունների նավատորմների, այդպես էլ դուրս չեկավ Միջերկրական ծովի սահմաններից:
Օսմանյան ռազմական համակարգի քանակությունն ի սկզբանե, ըստ էության, կրկնում էր փոքրասիական մյուս էմիրություններին և առանձնապես չէր տարբերվում դրանցից, ընդ որում ամենասկզբում թվաքանակով այն ինչ-որ պահ նույնիսկ զիջում էր այնպիսի փոքրասիական խաղացողների բանակներին, ինչպիսիք օրինակ Ղահրամանյանների էմիրությունն էր: Հետագայում, սակայն, կապված հարևան պետական միավորների վերացման և օսմանյան ռազմավարչական համակարգում դրանց ներառման հետ, բանակի քանակական կազմը սկսեց աճ ապրել: 1402 թվականին Բայազետ I-ը, լարելով բոլոր ուժերը, զենքի տակ դրեց մոտ 200.000 ամենատարբեր մակարդակի ռազմիկներ, իսկ արդեն կես դար անց Մեհմեդ II-ը այդքան ուժեր բերեց միայն Կոստանդնուպոլսի պարիսպների տակ՝ արդյունքում իր սուլթանության այլ մասերում բնականաբար ևս ունենալով ռազմիկների որոշակի քանակություն: Հետագա երկու հարյուրամյակում Օսմանյան ռազմական մեքենան կրկին քանակական աճ ապրեց և ի վերջո ուժերի առավելագույն լարման պարագայում, երբ գործի էին դրվում պետության առանց բացառության և նույնիսկ կայազորային բոլոր ուժերը, սկսեց կազմել մոտ 400.000 ռազմիկ, թեև, կրկնենք, որ դա արվում էր անկանոն ուժերի կազմով, ըստ էության, միայն բոլոր ցանկացողներին զենքի տակ դնելու և որակի լուրջ կորստի հաշվին: Ավելի սովորական մակարդակում և լավ ժամանակներում օսմանյան սուլթանները ի վիճակի էին առանց իրենց նեղության տալու մարտադաշտ հանել 100.000 ռազմիկ, ուժերի որոշակի լարման պարագայում կրկնապատկել նախորդ թիվը, իսկ առանձնակի կարևոր դեպքերում էլ հարվածային բանակի ռազմիկների քանակությունը հասցնել մինչև 300.000 հոգու: Դաշտային բանակի սրանից ավել քանակություն, ինչպես արդեն ասվեց, հանդիպում էր խիստ բացառիկ դեպքերում և դա ավելի շատ բացառություն էր, քան օրինաչափություն:
Գլուխ 41 Տարածաշրջանը Մեծ միավորման նախօրեին
Մեհմեդի զգուշավոր կառավարման շրջանը Զուլքադարյանների էմիրության համար մեծ հաշվով խաղաղ տարիներ եղան, սակայն նույն այդ տարիներին էր նաև, որ այս էմիրությունը արդեն վերջնականապես դուրս մնաց տարածաշրջանային զարգացումներից՝ սկսելով լրջորեն զիջել հարևաններին: Այս ժամանակ, թերևս, միայն Ղահրամանյանների էմիրության հետ էին հարաբերությունները լարված, թեև Ղահրամանյանների էմիրության էմիր Իբրահիմի փորձը, 1436 թ-ին գրավել Կեսարիան, ավարտվեց անհաջողությամբ և Մեհմեդը կարողացավ պահել դիրքերը: 1443 թվականին հոր մահից հետո Զուլքադարյանների էմիրության էմիր հռչակվեց Սուլեյմանը (1443-1454), որի օրոք այս էմիրության դիրքերը մի կողմից կարևորվեցին, քանի որ ինչպես Օսմանյան, այնպես Մամլուքյան սուլթանություններում և նույնիսկ Ղոյունլուների մոտ հիմնական այս խաղացողների միջև ապագայում սպասվելիք պայքարում սկսեցին գնահատել վերջինիս առաջնային նշանակությունը, բայց միաժամանակ նաև նույն այդ էմիրության դիրքերը հայտնվեցին վտանգի տակ: 1449 թվականին դեռևս Մուրադ II-ը, Ղահրամանյանների էմիրության դեմ ապագայում սպասվելիք պայքարում ձգտելով հուսալի մի դաշնակից ունենալ, դաշինք կնքեց Սուլեյմանի հետ, սակայն պակաս կարևոր չէր այս էմիրության դերակատարությունը, ինչպես արդեն ասվեց, նաև Ղարա և Աղ-Ղոյունլուների միջև մղվող պայքարում։ Արդյունքում՝ գործելով ուժերի հավասարակշռության յուրօրինակ մի վիճակում, մեծ հաշվով խաղաղասեր և կյանքի վայելքներին տրվելուն հակում ունեցող Սուլեյմանի օրոք Զուլքադարյանների էմիրությունը խաղաղ և կայուն գոյություն էր պահպանում, թեև, ինչպես արդեն ասվեց, վերջինիս քաղաքական հեռանկարները տարին տարու վրա դառնում էին կասկածելի: Վերջին պատերազմի ժամանակ Սուլեյմանը ոչ բացահայտ, բայց այնուհանդերձ աջակցել էր Աղ-Ղոյունլուներին և նույն այդ Աղ-Ղոյունլուների անհաջողությունից հետո սա չէր կարող իր ազդեցությունը չունենալ Սուլեյմանի էմիրության վրա: Արդյունքում, խաղաղեցնելով Աղ-Ղոյունլուներին, Ջահան-Շահը մի ինչ-որ պահի փորձեց հարված հասցնել Զուլքադարյաններին, սակայն այդ ժամանակ գործին միջամտեց արդեն նաև պաշտոնական Կահիրեն, ինչը ստիպեց
վերջինիս հետ ընդհարումից խուսափելուն հակված Ղարա-Ղոյունլուների էմիրին խուսափել հակամարտության հետագա սրացումից: Այս առումով հարկ է նշել նաև, որ Ղարա և Աղ-Ղոյունլուների միջև հաշտության կնքումից հետո ու հատկապես այն բանի ֆոնին, որ դրանից հետո Աղ-Ղոյունլուների էմիրությունը թուլության զգալի, թեև կարճատև մի շրջան ապրեց, իսկ Ջահան-Շահն էլ սկսեց աստիճանաբար հակվել արևելյան նվաճումներին, Զուլքադարյանների էմիրն իր էմիրության արևելյան սահմաններին կրկին ակտիվացավ: Արդյունքում՝ 1453 թվականի գարնանը Սուլեյմանի գլխավորած Զուլքադարյանների էմիրության բանակը (30.000) ասպատակեց Խարբերդի ու Չմշկածագ ամրոցի շրջակայքը և նահանջեց1: Ի պատասխան սրա՝ նույն այս ժամանակ Աղ-Ղոյունլուների մոտ ինքնակամ կերպով իշխող և առայժմ շատերի կողմից դեռևս չճանաչված Ուզուն-Հասանը պատասխան հարված հասցրեց, ինչի արդյունքում 1454 թվականին Զուլքադարյանների էմիրության բանակից գրավեց Պլասթան, որից հետո, ստանալով փրկագին ու հավաստիանալով, որ Սուլեյմանն այլևս չի ոտնձգի արևելյան ուղղությամբ, նահանջեց2: Այսպիսով՝ կյանքը ցույց տվեց, որ սեփական էմիրության արևելյան սահմաններին ակտիվանալը Սուլեյմանին, ըստ էության, որևէ հեռանկար չի խոստանում: Այս դեպքերից կարճ ժամանակ անց նույն 1454 թվականին Սուլեյմանի մահացավ և նրան հաջորդեց որդին՝ Արսլան-բեկը (1454-1465), որի կառավարման օրոք Զուլքադարյանների էմիրության դրությունն անհամեմատ ավելի բարդացավ: Նույն այն գործընթացները, որոնք ընթանում էին Զուլքադարյանների մոտ, նույն այս ժամանակ, սակայն ինչ-որ տեղ նույնիսկ ավելի սուր չափով, գործում էին նաև Ռամադանյանների էմիրությունում: Դեռևս 1425 թվականի գարնանը Ռամադանյանների էմիրության բանակը (մոտ 5.000) ստիպված եղավ ասպատակել Ալեքսանդրեկ գավառը ՝ ճնշելով տեղի քոչվորների մոտ առկա ապստամբական տրամադրությունները3: Հետագայում, սակայն, խնդիրներն ավելի խորացան: 1426 թվականին Համզա-բեկի մահից հետո Ռամադանյանների էմիրությունում նրան փոխարինեց Իբրահիմի որդի Մուհամմեդը (1426-1435), որը առկա նոր իրողություններում բոլորի և հատկապես պաշտոնական Կահիրեի հետ իր հերթին իրեն շատ զգույշ էր պահում: 1435 թվականին էմիրության ղեկին Մուհամմեդին հաջորդեց Յուլուկը (1435-1439), որի օրոք Ռամադանյանները ավելի շատ սկսեցին զիջել դիրքերը, ընդ որում Դաշտային Կիլիկիայում վերջիններիս վտանգավոր մրցակիցների դերերում սկսեցին հանդես գալ ամենից առաջ ծագումով Զուլքադարյանների զգալիորեն մոտ կանգնած քոչվոր թուրքմենները, ի դեմս Վարշակների: Բանը ի վերջո հասավ նրան, որ 1439 թվականին Վարշակների դեմ մղվող պայքարում Յուլուկը, որը իր բանակային մեքենայով ոտնատակ էր տալիս Դաշտային Կիլիկիան4, սպանվեց, իսկ նոր էմիր հռչակված Արսլան-Դաուդն (1439-1470) էլ արդեն ստիպված էր հաշտվել քոչվոր Վարշակների կողմից իրականացված տարածքային ձեռքբերումների հետ, որոնք տեղի էին ունենում նախկինում իր էմիրության ազդեցության ոլորտում գտնվող տարածքներում: Այս կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ նույն այս ժամանակ գործերն անհամեմատ ավելի դրական դրության մեջ էին Ղահրամանյանների էմիրությունում, որտեղ Իբրահիմը, մանավանդ Օսմանյան սուլթանության ավանդական պասիվ արևմտյան քաղաքականության պայմաններում, կարողացել էր բավականաչափ ամրապնդել սեփական դիրքերը: Իբրահիմի օրոք նա և Ղահրամանյանների էմիրությունը մեծ հաշվով նույն այն դրության մեջ էին, ինչ Զուլքադարյանների էմիրությունը Սուլեյմանի օրոք: Հեռանկարային առումով, սակայն, ամենավտանգավոր դրությունն այնուհանդերձ հենց Իբրահիմի մոտ էր, քանի որ արդեն պարզ էր, որ Օսմանյան սուլթանությունը վաղ թե ուշ հարվածելու է արևելյան ուղղությամբ, իսկ հարվածի առաջին թիրախն էլ այդ դեպքում հենց Ղահրամանյանների էմիրությունն էր լինելու: Այս առումով բնականաբար ամենևին էլ պատահական չէր, որ հեռատես Մեհմեդ II-ը, ինչպես արդեն ասացինք, դաշինք կնքեց Զուլքադարյանների էմիրության էմիր Սուլեյմանի հետ: _________________________ 1 Հովհաննես Համշենցի «Հիշատակարան 1464 թվականի»: Այս մասին հայտնում են նաև այլ աղբյուրներ, որոնք առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից: 2 Այս մասին տեղեկացնում է Աղ-Ղոյունլուների պալատական պատմիչներից մեկը, ամենայն հավանականությամբ Աբու-Բաքր Տիխրանին։ Հեղինակային կոնկրետ տեքստը առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից: 3 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից: 4 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
1453 թվականի փետրվարի 13-ին ութսունամյա Չաքմաքը մահացավ և սուլթան հռչակվեց նրա մամլուք Ուսմանը (1453): Նոր սուլթանը, սակայն, մի դաժան, հիմար և ագահ մարդ էր ու շուտով պարզվեց, որ մամլուքները ոչ մի կերպ չեն պատրաստվում հանդուրժել վերջինիս իշխանությունը: Հատկապես անզիջում էր տրամադրված Յանալը` Հռոդոսի դեմ մղված պատերազմում մամլուքյան նավատորմի հրամանատարը: Հարկ է նշել, որ դեռևս Չաքմաքն էր Հռոդոսում կրած անհաջողությունները բարդել այս ծովակալի վրա, իսկ նոր սուլթանն էլ ավելի էր խորացրել հալածանքները: Այս պայմաններում Յանալին հաջողվեց դավադրություն կազմել և գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց գահընկեց անել ու սպանել Ուսմանին: Նոր սուլթան հռչակվեց Յանալը (1453-1461), սակայն շուտով պարզվեց, որ Յանալն իրոք որ որևէ գործնական հատկանիշներ չունի և միայն վտանգն էր, որ կարճ ժամանակով նրան եռանդ էր տվել: Յանալի կառավարման տարիներին Մամլուքյան սուլթանությունում սկիզբ առավ իսկական մի անիշխանություն, որը գնալով ահռելի չափեր ընդունեց:
Գլուխ 42 Ջահան-Շահի գահակալման շարունակությունը և գագաթնակետը
1456 թվականի գարնանը Ուզուն-Հասանի գլխավորությամբ Ամիդից առաջխաղացած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 40.000) ասպատակեց Աղձնիքը արևելքը, Մոկքը ու Հայոց Միջագետքի արևելյան մասը և նահանջեց` հնազանդեցնելով նույն այս ժամանակ արդեն վերջնականապես ձևավորված Բոհթանի եզդիական էմիրությանը1: Նույն այս ժամանակ, սակայն, Ջահան-Շահն ինքը, բավականին հիմնավոր կերպով գալով հետևության, որ Աբու-Սայիդի տիրույթներում առաջացած քաոսը դեռևս չի հաղթահարվել, ձեռնամուխ եղավ իր Արևելյան արշավանքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Թեմուրյանների դեմ որոշակի գործողություններ Ջահան-Շահը ձեռնարկել էր դեռևս մինչ այս, երբ, օգտվելով Թեմուրյանների էմիրությունում շարունակվող գահակալական ճգնաժամից, 1452 թվականին վերջինս հասել էր այն բանին, որ իր իշխանության սահմանները արևելքում հասցրել էր Սպահանին, իսկ իր որդի Փիր-Բուդաղին էլ նշանակել էր ինչպես այս քաղաքի, այնպես էլ հարակից տարածքների կառավարիչ: Այսպես թե այնպես, սակայն 1457 թվականին Ջահան-Շահը, անցած բանակային զգալի ուժերի գլուխ, արշավանք սկսեց դեպի արևելք և 1458 թվականի հունիսի 28-ին գրավեց Հերաթը՝ արձանագրելով արևելքում սեփական ձեռքբերումների առավելագույնը: Իրոք, չնայած այս անհաջողությանը, Աբու-Սայիդը դեռևս համառում էր, ընդ որում, գործուն հակաքայլի համար մի կողմից չունենալով բավարար միջոցներ, բայց մյուս կողմից էլ գտնվելով համեմատականորեն ապահով դրության մեջ, վերջինս ձգձգում էր բանակցությունները՝ միաժամանակ լավ իմանալով նաև, որ Ջահան-Շահը, այսպես թե այնպես, չի կարող երկար մնալ Իրանական լեռնաշխարհի արևելքում: Ջահան-Շահն իրոք որ գործում էր իր էմիրության ուժերի ծայրահեղ լարման, նույն այդ ուժերի հաջող կազմակերպման, ինչպես նաև հակառակորդի թուլության հաշվին, սակայն իրավիճակն այնուհանդերձ իրոք որ գերագնահատվել էր, քանի որ Ջահան-Շահի ու նրա գործնականում ողջ բանակային ուժերի շեղվելը հեռավոր արևելյան ուղղությամբ բառացիորեն պայթեցրին դրությունը Ղարա-Ղոյունլուների էմիրության կենտրոնական հատվածներում, որտեղ, սկիզբ առած անիշխանության պայմաններում, իշխանության համար պայքարի մեջ մտան միանգամից մի քանի ուժեր: Ավելին, նույն այս ժամանակ ի հայտ եկավ ևս մեկ ուժ, որին հետագայում կոչված էր բախտորոշ դերակատարություն ունենալ: 1452 թվականին Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը գրավեց Հյուսիսային Ատրպատականի քոչվոր թուրքմենների միջավայրում հսկայական կրոնական հեղինակության հասած և Սեֆյան շիա շեյխերի կողմից ժառանգականորեն գլխավորվող Սեֆյանների դերվիշական շեյխության բոլոր տիրույթները, ինչի արդյունքում քոչվոր ապրելակերպի անցած շեյխ Ջունեյդ Սեֆյանը (1447-1460) ու նրա մեծաթիվ կողմնակիցները Կապադովկիայի արևելքում և Հյուսիսային Ասորիքում մի քանի տարի թափառելուց հետո հաստատվեցին Աղ- _________________________ 1 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»; Ղազար Լիմեցի «Հիշատակարան 1457 թվականի»:
Ղոյունլուների էմիրության հյուսիսում` նպատակ ունենալով գրավել Տրապիզոնի թուլացած կայսրության տարածքը։ Արդյունքում՝ 1456 թվականի հունիսին Կոպանիոնի ճ-մ-ում (Տրապիզոնի մոտ) Սեֆյանների շեյխության և Օսմանյան սուլթանության միացյալ բանակը (մոտ 10.000), օգտվելով այն բանից, որ ծովի դիմացից փչող քամու պատճառով հակառակորդի ուժերը մաս-մաս են ափ դուրս գալիս, հաղթեց Տրապիզոնի կայսրության բանակին (մոտ 8.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Վարդ Ամատունին), որից հետո ասպատակեց Տրապիզոնի շրջակայքը և նահանջեց1: Տրապիզոնի կայսրության դեմ մղվող պատերազմը, սակայն, Սեֆյաններին մեծ հաշվով հաջողություն չբերեց և, անհաջողության մատնվելով այս ուղղությամբ, ցանկանալով խուսափել սուննիզմը դավանող Օսմանյան սուլթանության հարևանությունից, ինչպես նաև չցանկանալով ընդհարվել վերելքի ուղին բռնած Աղ-Ղոյունլուների էմիրության հետ, Ջունեյդ Սեֆյանը ի վերջո որոշեց վերադառնալ Հյուսիսային Ատրպատական: Այս առումով հետաքրքիր է նշել, որ Ջունեյդ Սեֆյանի սկսած գործը այնուհանդերձ անմիջապես էլ իր շարունակությունը ունեցավ տեղում, երբ նույն 1456 թվականի արդեն աշնանը Օսմանյան սուլթանության ծովով արշաված բանակը (մոտ 5.000, 50 նավ) ասպատակեց Տրապիզոնի շրջակայքը և նահանջեց2: 1456 թվականին իր մահկանացուն կնքեց Աղ-Ղոյունլուների էմիրության ղեկին Ջահան-Շահի դրածո Խլիճ-Արսլանը, որից հետո էմիրության ղեկին կանգնեց մինչ այդ էլ իր եռանդուն գործողություններով, ինչպես նաև բարձր հեղինակությամբ աչքի ընկած Ուզուն-Հասանը (1456-1478): Ջհանգիրը, սակայն, որը չէր մոռացել սեփական գահակալական նկրտումները, նույն այս ժամանակ էլ հենց պայքար սկսեց եղբոր դեմ: 1456 թվականի ամռանը, փորձելով ճնշել Ջհանգիրի սկսած գահակալական պայքարը, Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 40.000) ասպատակեց Մարդինի շրջակայքը և, այն բանից հետո, երբ քաղաքից փախուստի դիմած Ջհանգիրը դիմեց Ղարա-Ղոյունլուների էմիրության օգնությանը, նահանջեց Ամիդ3: Դրանից հետո, օգտվելով Ջահան-Շահի հիմնական ուժերի հեռու լինելուց, 1456 թվականի աշնանը Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 40.000) ասպատակեց Տայքը և նահանջեց4, իսկ արդեն 1457 թվականի գարնանն էլ ոտնատակ տվեց Մուշի շրջակայքը՝ կրկին հետ քաշվելով5։ Արդյունքում՝ 1457 թվականի նույն գարնանը Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) Ամիդի ճ-մ-ում հաղթեց Ղարա-Ղոյունլուների էմիրության և Ջհանգիրի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության միացյալ բանակին (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 500)6, որից հետո Ուզուն-Հասանի դիրքերն ավելի ամրապնդվեցին: Նույն այս ժամանակ խռովահույզ հովերով էին պատված նաև Շամսադդինյանների էմիրությունում և ուժերն ի մի բերած Ջահան-Շահի տարածաշրջանային սակավաթիվ ուժերին հրաման տրվեց գործել գոնե նրանց դեմ։ Արդյունքում՝ 1457 թվականի ամռանը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (12.000) Շամսադդինյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 300) պաշարեց Խլաթը, Մուշը ու Բաղեշը` Շամսադդինյանների էմիրության էմիր Հաջի-Մուհամմեդին ստիպելով կրկին ընդունել Ղարա-Ղոյունլուների էմիրության գերիշխանությունը7: Եվ վերջապես նույն այս ժամանակ առկա քաոսից իր չափով որոշեց օգտվել նաև Մեհմեդ II-ը: Արդյունքում 1457 թվականի ամռանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 30.000) Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200) պաշարեց Անի-Կեմախ ամրոցը և Շապին-Գարահիսարը, _________________________ 1 Աշիկզադե «Պատմություն»; Բուդակ Մունշի Ղազնևի «Պատմություն»; Իսքանդեր Մունշի «Աբբասի պատմությունը»; Գաֆֆարի Ղազվինի «Աշխարհի տիրակալների պատմություն»: Այս մասին հայտնում են Խալկոնդիլեսը իր «Պատմություն» աշխատանքում, ինչպես նաև Եխստեսիոսը իր «Ժամանակագրություն»-ում։ 2 Այս մասին հայտնում են նաև Խալկոնդիլեսը իր «Պատմություն» աշխատանքում։ 3 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»: 4 «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»; Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; «Նոր Քարթլիս-Ցխովրեբա», Բերիա Էգնատաշվիլի «Ժամանակագրություն»: 5 Հովհաննես Մշեցի «Հիշատակարան 1457 թվականի»: 6 Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»: 7 Հովհաննես Ցիպնացի «Հիշատակարան 1457 թվականի»; Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 4:
որոնք մինչ այդ անցել էին Ղարա-Ղոյունլուների էմիրությանը, սակայն, չկարողանալով գրավել դրանք, հետ քաշվեց ելման դիրքեր1: 1458 թվականի գարնանը, մինչ Ջահան-Շահն և նրա հարվածային բանակը դեռևս մոտենում էին Հերաթին, Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) ասպատակեց Թորթոմ ամրոցը ու Տայքը և նահանջեց2: 1458 թվականի ամռանը արդեն Ուզուն-Հասանի 3 մասի բաժանված ռազմական մեքենան Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից պաշարեց Անի-Կեմախ ամրոցը, Շապին-Գարահիսարը, Կոլոբերդը և Կուռնառը ու, ի տարբերություն Օսմանյան ռազմական մեքենայի, ի վերջո ստիպեց հանձնվել3: Այնուհետև, զարգացնելով հաջողությունը, 1458 թվականի օգոստոսի վերջին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը Ջահան-Շահի ուժերից գրավեց Ակնը (Անդրեփրատյան Ծոփք, Եփրատի աջ ափին), Առեստը և Յանկան4: Այսպիսով՝ Ջահան-Շահի էմիրության հարևանները, օգտվելով վերջինիս բացակայությունից, բզկտում էին նրա պետության արևմտյան սահմանները, սակայն նույն այս ժամանակ խնդիրներ առաջացան նաև Ջահան-Շահի ընտանիքում: 1458 թվականին ապստամբեց Սպահանի կառավարիչ Փիր-Բուդաղը, սակայն ապստամբական տրամադրություններով էր պատված նաև նույն այս ժամանակ եղբոր մոտ հայտնված Ալվանդը, իսկ 1459 թվականի գարնանն էլ գահակալական պայքար սկսած Ջահան-Շահի մյուս որդի Հասան-Ալիի գլխավորած Ղարա-Ղոյունլուների և Շամբոյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 10.000) ասպատակեց Մակվի, Արճեշի ու Վանի շրջակայքը5: Նույն այս ժամանակ եզդիները նկրտումներ ունեին նաև Աղթամարի կաթողիկոսության նկատմամբ։ Արդյունքում, սակայն, 1459 թվականի ամռանը Աղթամարի ճ-մ-ում Աղթամարի կաթողիկոս Զաքարիա III-ի (1434-1464) գլխավորությամբ կղզուց նավակներով աննկատ ափին մոտեցած Արծրունիների բանակը (մոտ 500) անակնկալ հարձակումով հաղթեց 12 օր կղզու դիմացի ափին ճամբարած և կղզին գրավելու հարմար առիթի սպասող Շամբոյանների էմիրության բանակին (մոտ 2.000)6: 1459 թվականի ամռան վերջերին, քիչ թե շատ շահավետ հաշտություն կնքած Աբու-Սայիդի հետ, երբ Ջահան-Շահն այնուհանդերձ վերջինիս էր զիջել Իրանական լեռնաշխարհի արևելքը, սակայն իրեն էր պահել նույն այդ լեռնաշխարհի կենտրոնական շրջանները, Ղարա-Ղոյունլուների տիրակալը սկսեց իր հարվածային ուժերը արևելքից ի վերջո արևմուտք տեղափոխել: Այս պայմաններում Փիր-Բուդաղը, որն, ինչպես արագորեն պարզվեց, տեղում որևէ աջակցություն չունի, փախուստի դիմեց, սակայն հետագայում իր իսկ մոր միջնորդությամբ ներում ստացավ: Շուտով պարտվեց և արդյունքում ներման, սակայն նաև Մակվում բանտարկության արժանացավ նաև Ջահան-Շահի մյուս ապստամբ որդի Հասան-Ալին, որից հետո Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիրն իր հարվածային բանակով մտավ Հայաստանի կենտրոնական շրջաններ: Այս առումով հատկանշական է, որ Ջահան-Շահն ամենից առաջ ցանկացավ հանդիպել հենց հայերին ներկայացնող Զաքարիա III-ի հետ, որն ինքն էլ չխուսափեց հանդիպումից և արևելքից վերադարձած Ղարա-Ղոյունլուների էմիրին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց վերջին երկու տարում տեղի ունեցած փոթորկալից իրադարձությունների մասին: Ջահան-Շահի հայտնվելը Արևմուտքում սթափեցրեց նույնիսկ ամենատաքգլուխներին և սրանց շարքում իրեն զսպեց նաև Ուզուն-Հասանը, որը նույն այս ժամանակ, որոշակիորեն անակնկալ ինչպես իր, այնպես էլ թուրքմենների համար, հանդիպել էր մի նոր հակառակորդի, ի դեմս արևմուտքից առաջացող Օսմանյան սուլթանության։ Արդյունքում՝ ի վերջո, հարթելով հարաբերությունները Ջահան-Շահի հետ և որոշակի զիջումների դիմաց ապահով դառնալով այդ կողմից, Ուզուն-Հասանը ձեռնամուխ եղավ Մեհմեդ II-ի ռազմական մեքենայի դեմ պայքարին: Սկիզբ առավ Աղ-Ղոյունլու-Օսմանյան I պատերազմը (1459-1461): _________________________ 1 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների: 2 Ստեփանոս Դարանաղցի «Հիշատակարան 1464 թվականի»: Այս մասին հայտնում է նաև Աբու-Բաքր Տիխրանին։ 3 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 4 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 5 Անանուն Մակվեցի «Տարեգրություն»; Անանուն «Թաթարների դուրս գալը»: 6 Անանուն Մակվեցի «Տարեգրություն»:
Աղ-Ղոյունլուների էմիրության և Օսմանյան սուլթանության հարաբերություններում վիճահարույց գլխավոր կետը Տրապիզոնի կայսրության խնդիրն էր, երբ հենց նոր Բյուզանդական կայսրությունը, իսկ 1459 թվականին էլ Սերբական թագավորությունը ոչնչացրած Մեհմեդ II-ը բնականաբար ձգտում էր ոչնչացնել նաև Բյուզանդական կայսրության վերջին բեկորն, ի դեմս Տրապիզոնում ամրացած վերջին կայսրերի, իսկ Ուզուն-Հասանն էլ, մի կողմից խնամիական կապեր ուներ Տրապիզոնի կայսրության կայսր, Մանուիլ III-ին վերջինիս մահից հետո հաջորդած նրա որդի Ալեքսեյ IV-ի (1417-1429) տղա Հովհաննես III-ի (1429-1459) որդի Դավթի (1459-1461) հետ, իսկ մյուս կողմից էլ, որն ավելի կարևոր էր, անհանգստանում էր տեղում Օսմանյան սուլթանության չափից դուրս ուժեղանալուց: Այսպես թե այնպես, սակայն Օսմանյան սուլթանության և Աղ-Ղոյունլուների էմիրության միջև սկիզբ առան իրենց հետ զգալի հետևանքներ բերած ռազմական գործողություններ: 1459 թվականի հոկտեմբերին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Ղոյունլու-Հիսարը1, որից հետո 1459 թվականի նույն հոկտեմբերին ասպատակեց Օսմանյան սուլթանության պատկանող Մելեթ ամրոցի շրջակայքը և նահանջեց2: Սկզբնական անհաջողություններից հետո Մեհմեդ II-ը, սակայն, կարգի գցեց սեփական ռազմական մեքենան և արդյունքում 1460 թվականի հունվարի վերջին Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) քաղաքը պաշարած Օսմանյան սուլթանության բանակը (20.000) Ղոյունլու-Հիսարի ճ-մ-ում հաղթեց քաղաքին մոտեցած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 20.000), բայց ի վերջո նահանջեց3: Հենց այս դեպքերի ժամանակ էր նաև, որ, մինչ տարածաշրջանի հիմնական խաղացողները զբաղված էին միմյանց դեմ մղվող լարված պայքարով, Սեֆյանների շեյխության բանակը (մոտ 4.000) 1460 թվականի գարնանը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և Վեքե Ամատունու գլխավորած քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200) իր հերթին գրավեց Կարինը, որից հետո, ասպատակելով շրջակայքը, բայց բավարար ուժեր չունենալով ամրապնդվելու գրաված տարածքներում, Կարին-Բասեն-Բագրևանդ-Մասյացոտն-Արագածոտն-Ոստան Հայոց-Արած-Ուրծաձոր-Նախիջևան-Գողթն-Բաքեան-Գաբիթյան-Թավրիզ երթուղով նահանջեց դեպի Ատրպատական՝ առանց լուրջ մարտերի մտնելով Արդեբիլ։ Ավելին, սրանից կարճ ժամանակ անց ողջ Հյուսիս-արևելյան Ատրպատականը ընկավ կիսաանկախ դրության հասած Սեֆյանների շեյխության տիրապետության տակ4: Հետագա տասնամյակներում Սեֆյան շեյխերի հեղինակությունն ավելի աճեց, ընդ որում այս ամենին նպաստեց նաև այն հանգամանքը, որ Ուզուն-Հասանը զբաղված էր լարված ռազմական մրցակցությամբ, իսկ Ջահան-Շահն էլ հազիվ նոր միայն վերականգնում էր դիրքերը իր էմիրության արևմտյան հատվածում: 1460 թվականի ապրիլին, մի պահ դեռևս հանգիստ օսմանյան վտանգից, Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Մուշի շրջակայքը և նահանջեց5: Հետագայում, արդեն 1460 թվականի մայիսին, վերջինս Շամսադդինյանների էմիրության բանակից պաշարեց Ասսարդը (Կորճայք), սակայն, տեղեկանալով Օսմանյան սուլթանության բանակի կողմից կրկին Ղոյունլու-Հիսարին մոտենալու մասին, վերջինս այնուհանդերձ նահանջեց6: 1460 թվականի մայիսին, ինչպես արդեն ասվեց, Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 20.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Ղոյունլու-Հիսարը, սակայն, ինքն էլ ի վերջո խուսափելով _________________________ 1 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 231; Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 2 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 3 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 4 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Հիշատակարան 1460 թվականի»: 5 Անանուն Մշեցի «Հիշատակարան 1460 թվականի»: 6 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»:
Ուզուն-Հասանի գլխավորությամբ քաղաքին մոտեցող Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 60.000), նահանջեց1: Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, 1460 թվականի ամռանը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) արդեն ինքը ասպատակեց Կապադովկիան, սակայն իր հերթին նահանջեց2: 1460 թվականի ամռանը ինչ-որ տեղ Փոքր Հայքում Օսմանյանն սուլթանության բանակը (մոտ 10.000) անակնկալ հարձակվեց Աղ-Ղոյունլուների էմիրության ճամբարած բանակի (մոտ 30.000) վրա, սակայն պարտություն կրեց3, ինչից հետո կողմերը առժամանակ դադար վերցրին: Սեփական Արևելյան արշավանքը ակնհայտորեն ծանր էր նստել Ջահան-Շահի ռազմական մեքենայի վրա և դրա նույնիսկ հաջող ավարտից մոտ մեկ տարի հետո էլ Ղարա-Ղոյունլուների էմիրը որևէ ակտիվություն չդրսևորեց, սակայն արդեն 1461 թվականի ամռանը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (12.000) ասպատակեց Խլաթի, Բաղեշի, Մուշի ու Խութի շրջակայքը, ինչպես նաև Սասունը և նահանջեց4՝ վերացնելով տեղերում Ուզուն-Հասանի օգտին առկա տատանողական տրամադրությունները: Նույն այս տարում, սակայն, նոր թափով կրկին վերսկսվեցին պատերազմական գործողությունները Աղ-Ղոյունլուների էմիրության և Օսմանյան սուլթանության միջև, ընդ որում հենց այս տարում էր, որ Մեհմեդ II-ը մտադրվել էր վերջնական հարված հասցնել Տրապիզոնի կայսրությանը: 1461 թվականի հունիսին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 70.000) Աղ-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից ի վերջո գրավեց Ղոյունլու-Հիսարը (մոտ 100)5, որից հետո 1461 թվականի արդեն հուլիսին վերջինս ասպատակեց Կարինի շրջակայքը ու Բասենը, սակայն, ենթարկվելով Աղ-Ղոյունլուների էմիրության բանակի անկանոն հարվածներին, նահանջեց6: 1461 թվականի նույն հուլիսին Դաշկարդի ճ-մ-ում (Երզնկայից հյուսիս) Ուզուն-Հասանի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության երկու հավասար մասի բաժանված բանակը (4.000 հեծյալ) դարանը գցեց ու ծանր պարտության մատնեց Օսմանյան սուլթանության առաջխաղացած բանակին (մոտ 20.000)7, սակայն փայլուն այս հաջողությունն, ըստ էության, որևէ կերպ արդեն այդպես էլ չօգնեց Տրապիզոնի կործանվող կայսրությանը: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1461 օգոստոսի 18 - հոկտեմբերի 26 – Տրապիզոնի գրավումը8
Մեհմեդ II-ի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (140.000, որից 80.000 հեծյալ) պաշարեց քաղաքը կայսր Դավիթի գլխավորած Տրապիզոնի կայսրության բանակից (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000, այդ թվում Դավիթ Ամատունին): I փուլ – Օգոստոսի 18-ին Օսմանյան սուլթանության բանակը լիակատար շրջափակման ենթարկեց քաղաքը և, ասպատակելով վերջինիս շրջակայքը, սկսեց պարիսպների հրետակոծումը։ _________________________ 1 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 234; Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 2 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 3 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»: 4 Թումաշա Արճիշեցի «Հիշատակարան 1462 թվականի»: 5 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 234: Իդրիս Բաղիշեցի «Դրախտի ութ շրջանները»; Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»: 6 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»; Իդրիս Բաղիշեցի «Դրախտի ութ շրջանները»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»: 7 Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»; Կոնստանդին Օստրովցի «Ենիչերու նոթերը», գլուխ 32; Իդրիս Բաղիշեցի «Դրախտի ութ շրջանները»: 8 Կոնստանդին Օստրովցի «Ենիչերու նոթերը», գլուխ 31; Դուկաս «Բյուզանդիոնի պատմությունը»; Ջիովանի Անջիոլելլո «Ուղեգրություն», գլուխ 1; Հովհաննես Համշենցի «Հիշատակարան 1464 թվականի»; Ստեփանոս Դարանաղցի «Հիշատակարան 1464 թվականի»; Հովհաննես Երեցի Շարունակող «Ժամանակագրություն»; Անդրեաս Եվդոկացի «Ժամանակագրություն»; Գրիգոր Կամախեցի «Ժամանակագրություն»; Ամիրաս Երզնկացի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 51, 56; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Հակոբ Կամենացի «Վենետիկյան ժամանակագրություն»; Անանուն «Մասնավոր ժամանակագրություն»; Գրիգոր Վարագեցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»; Քյաթիբ Չելեբի «Աշխարհի հայելի», գլուխ 41; Իդրիս Բաղիշեցի «Դրախտի ութ շրջանները»; Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 235-236; Աբու-Բաքր Տիխրանի «Գիրք Դիարբեքիրի մասին»:
II փուլ – Օգոստոսի երկրորդ կեսին կայսերական բանակը մի շարք հարձակումներ գործեց քաղաքի շրջակայքում ցրված Օսմանյան սուլթանության բանակի մասերի վրա և զգալի կորուստներ պատճառեց վերջինիս։ III փուլ – Սեպտեմբերի առաջին կեսին կայսերական բանակը ոչնչացրեց Օսմանյան սուլթանության բանակի խոշոր մի ջոկատ (2.000 հեծյալ)։ IV փուլ – Սեպտեմբերի առաջին կեսից Օսմանյան սուլթանության բանակը ուժեղացրեց քաղաքի պաշարումը և հրետակոծումը՝ իրականացնելով մի շարք մանր գրոհներ: Արդյունքում կայսերական բանակն ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց: Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 2.000, որոնց թվում գերվեց նաև Դավիթը, թշնամին` մոտ 4.000 զինվոր։ Աղ-Ղոյունլու-Օսմանյան I պատերազմը ավարտվեց: Տրապիզոնի կայսրությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Օսմանյան սուլթանությանը։
Գլուխ 44 Աղ-Ղոյունլուների էմիրության հզորացումը
Տրապիզոնի անկումը կայացած փաստի առաջ կանգնեցրեց Ուզուն-Հասանին, որը, փաստորեն, չնայած թափած հսկայական ջանքերին և նույնիսկ ձեռք բերած մի քանի հաջողություններին, այնուհանդերձ այս հարցով անհաջողության մատնվեց: Այս պայմաններում Աղ-Ղոյունլուների խելամիտ էմիրը, առժամանակ զգուշանալով շարունակել հակամարտությունը Մեհմեդ II-ի հետ, որոշեց անդրադարձ կատարել համեմատականորեն ավելի թույլ հակառակորդներին: 1462 թվականի ամռանը Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000), օգտվելով այն բանից, որ Շարաֆ-Էդ-Դինին հաջորդած նրա որդի Սալահ-էդ-Դինի (1432-1452) տղա ալ-Քամիլին (1452-1457) հաջորդ, Շարաֆ-Էդ-Դինին որդի ալ-Ադիլը (1457-1462) հենց նոր է մահացել, Էյուբյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Հիսն-Քեֆը1, որից հետո, ստանալով նոր էմիր, հանգուցյալի տղա Սուլեյմանի որդի Խալիլի (1462-1511, 1514-1520) հնազանդությունը, Ուզուն-Հասանը պատերազմական գործողություններ սկսեց արդեն Զուլքադարյանների էմիրության դեմ, որն ավելի լայն տարածքների էր տիրապետում, քան այդ թույլ էր տալիս նրա իրական հզորությունը: Այս առումով հարկ է նշել, որ Աղ-Ղոյունլուների էմիրին հատկապես դրական հույսեր էր ներշնչում այն հանգամանքը, որ նույն այս ժամանակ Զուլքադարյանների իրական հովանավոր Մամլուքյան սուլթանությունում մինչ այդ առանց այդ էլ ոչ պարզ գործերն առավել խառը տեսք էին ստացել: Իրոք, 1461 թվականին փետրվարի 26-ին Յանալը մահացավ և սուլթան հռչակվեց նրա որդի Ահմեդ իբն Յանալը (1461): Նոր սուլթանը, սակայն, մամլուքների մեջ հեղինակություն չէր վայելում, իսկ բարեփոխումների այն ծրագիրն էլ, որը երեսնումեկամյա սուլթանը ներկայացրեց իր հպատակներին, ընդհանրապես խարխլեց նրա դիրքերը, քանի որ մամլուքների հզոր խավը դրանցում սեփական արտոնությունների սահմանափակման վտանգ տեսավ։ Արդյունքում՝ 1461 թվականի հունիսի վերջին Ահմեդ իբն Յանալին գահընկեց արեցին, բանտարկեցին և սպանեցին, որից հետո սուլթան հռչակվեց սկզբնաղբյուրներում որպես «հոռոմ» ճանաչված սուլթանական սենեկապետ Խուշկադամը (1461-1467): Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է մի պահ կանգ առնել և ամրագրել, որ կարծիքներ են արտահայտվել, թե, ի դեմս այս սուլթանի, մենք գործ ունենք ազգությամբ ոչ թե հույնի, այլ՝ հայի հետ: Խնդիրը մեծապես բաց է մնում, սակայն փաստն այն է, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում ընդունված էր բոլոր «ոչ ֆրանկ և ոչ ասորի» քրիստոնյաներին ընդհանուր անունով իրոք որպես «հոռոմ» ճանաչել: Այս առումով հետաքրքիր էր նաև նշել, որ հենց իրենց` մամլուքների, մեջ, շատ էին ծպտյալ քրիստոնյաները և ժամանակակիցները մեկ անգամ չէ, որ զարմանքով փաստում էին, որ, երբ թաղմանը նախապատրաստելու նպատակով մարտում սպանված մամլուքին մերկացնում էին, մինչ այդ, _________________________ 1 Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 2, գլուխ 5:
թվում է, թե ջերմեռանդ այդ մահմեդականի մոտ գտնում էին քրիստոնեական խաչ: Հանգամանքն ինքնին զարմանալի է, սակայն՝ լիովին բացատրելի, քանի որ, ինչպես արդեն ասվել է, մամլուքների մեջ շատ էին այդ թվում նաև հայերը: Այսպես թե այնպես, սակայն Մամլուքյան սուլթանության ղեկին հայտնվեց որպես քրիստոնյա կասկածվող մի անձնավորություն, որը ցանկացած դեպքում որևէ դրական բան չարեց իր երկրի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար, իսկ վերևում նկարագրված կասկածն էլ միայն թուլացրեց նրա դիրքերը:
Գլուխ 45 Քարթլիի թագավորության վերջնական մասնատումը
1451 թվականին Աղբուղա Ջակելիի մահից հետո Սամցխեի աթաբեկությունում վերջինիս փոխարինեց նրա որդի Ղվարղվարեն (1451-1466), որը, հատկապես անգույն Գեորգի IX-ի ֆոնին, Քարթլիի թագավորության քաղաքական համակարգում աստիճանաբար առաջին դերերի վրա հայտնվեց: Սամցխեի նոր աթաբեկը լայն դիվանագիտական կապեր հաստատեց հարևանների հետ և աստիճանաբար դուրս եկավ կենտրոնական իշխանության դեմ։ Արդյունքում՝ 1461 թվականի նոյեմբերին Ախալցխայի ճ-մ-ում Ղվարղվարե Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000), ինչպես նաև Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) հաղթեցին Գեորգի IX-ի գլխավորությամբ առաջխաղացած Քարթլիի թագավորության բանակին (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000)1: Սա, ըստ էության, արդեն բացահայտ մի ելույթ էր Քարթլիի թագավորության կենտրոնական իշխանության դեմ, որը, դրան գումարած նաև, ըստ էության, ավարտվեց հաջողությամբ: Փաստորեն Սամցխեի աթաբեկության մինչ այդ որոշակիորեն ձևական անկախությունն և ինքնավարությունն այդուհետ ավելի ընդգծվեցին, իսկ պաշտոնական Տփղիսի հնարավորություններն էլ այս ուղղությամբ խիստ սահմանափակվեցին: Հարկ է նշել, որ նույն այս ժամանակ Գեորգի IX-ը ենթարկվեց հարձակման նաև Ջահան-Շահի ջոկատներից մեկի կողմից, ինչի արդյունքում 1462 թվականի գարնանը Լավնինի ճ-մ-ում (Տփղիսի մոտ) քաղաքի շրջակայքն ասպատակած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (1.000) դարանը գցեց և հաղթեց իրեն հետապնդել փորձող Տփղիսի կայազորին (200) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 100)2: Դրանից հետո, արդեն 1463 թվականին, Չիխորիի ճ-մ-ում (Կենտրոնական Վրաստան, Քութայիսիից մոտ 60 կմ արևելք) Բագրատ Բագրատունու և Սամցխեի աթաբեկության միացյալ բանակը (մոտ 15.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000), ինչպես նաև Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) սկզբում պարտվեցին, բայց հետո հաղթեցին Գեորգի IX-ի գլխավորությամբ առաջխաղացած Քարթլիի թագավորության բանակին (մոտ 15.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000)3՝ փաստելով պաշտոնական Տփղիսի ռազմաքաղաքական ևս մեկ անհաջողությունը: 1465 թվականի ամռանը Գեորգի IX-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) ասպատակեցին Շամախիի շրջակայք և նահանջեցին4: Քարթլիի թագավորության արքային, սակայն, այսպես թե այնպես խոշոր մի անհաջողություն էր սպասում: Իրոք, 1466 թվականին Փարվանա լճի ճ-մ-ում Ղվարղվարե Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) այս անգամ արդեն վերջնականապես պարտության մատնեցին Գեորգի IX-ի գլխավորությամբ առաջխաղացած Քարթլիի թագավորության բանակին (մոտ 10.000) ու նրա _________________________ 1 Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»: Այս իրադարձությունների մասին հայտնում է նաև Աբու-Բաքր Տիխրանին։ 2 Դավիթ Տփղիսցի «Հիշատակարան 1462 թվականի»: 3 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Բագրատունիների թագավորության պատմություն 1452-1605 թվականների»: Վախուշտի Բագրատունի «Սամցխեի և Կղարջքի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Եգերքի, Աբխազիայի և Իմերեթիայի կյանքը»; Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»; Վախուշտի Բագրատունի «Կախեթիի և Հերքի կյանքը; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»: Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 113: 4 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 113: