Ереван: Новая история старого города...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ճամբարել Եղվարդի մերձակայքում։ Այդպիսի գործողությունները ոչ միայն սոսկ աննպատակահարմար կլինեին, այլև՝ ինքնասպանական։ Հետևաբար, լիովին ինքնահնար են նաև Ա. Եղիազարյանի այն դրույթները, ըստ որոնց՝ իբր 1724 թ. «մարտի սկզբներից» եղել է «Եղվարդի և Կարբիի ուղղությամբ գործող օսմանյան բանակի» մի ինչ-որ «հրամանատար», որին Ա. Եղիազարյանը կամայականորեն նույնացնում է Կարբիի պաշարման 40-րդ օրը այնտեղ հասած «մեծ փաշայի» հետ62։ Բայց, ինչպես վերը տեսանք, 1724 թ. գարնան ամբողջ ընթացքում Արարատյան երկրում ո՛չ օսմանյան «բանակ» է եղել, ո՛չ էլ, բնականաբար, այն գլխավորող «հրամանատար»։ Իսկ Յալղուզ Հասանի և Ղոչ Ալիի 1800-հոգանոց առաջապահ զորագունդն իրականում Եղվարդին է մոտենում միայն 1724 թ. ապրիլի կեսերին։
Ըստ Աբրահամ Երևանցու հստակ ու տրամաբանական հաղորդումների, Եղվարդի ճակատամարտից հետո օսմանյան զորագունդը բավարարվել էր ընդամենը Կարբին պաշարելով, ընդ որում՝ 40 օրվա ընթացքում այն չէր կարողացել գրավել։ Դատելով Աբրահամ Երևանցու տեղեկություններից՝ Կարբիի վրա վճռական գրոհներ չեն էլ ձեռնարկվել։ Դա նշանակում է, որ Յալղուզ Հասանն ու Ղոչ Ալին իրենց ենթակայության տակ եղած ուժերը բավարար չեն համարել հարձակողական գործողություններ իրականացնելու համար։ Եվ դա միանգամայն բացատրելի է. համընդհանուր ինքնապաշտպանության դիմելու դեպքում՝ 6000 բնակիչ ունեցող Կարբին ի վիճակի էր զինվորագրելու ընդհուպ 1200 ռազմիկ63, այսինքն՝ մոտավորապես այնքան (եթե ոչ՝ ավելի շատ), որքան այդ օսմանյան զորագունդը կազմել է Եղվարդի ճակատամարտում կորուստներ կրելուց հետո։ Իսկ հաջող հարձակողական գործողությունների համար, ինչպես հայտնի է, պահանջվում է քանակական լուրջ (առնվազն կրկնակի կամ նույնիսկ եռապատիկ) գերակշռություն։
Իրականում օսմանյան բանակի հիմնական ուժերը, Աբրահամ Երևանցու նշած «մեծ փաշայի» (իմա՝ սերասքեր Արիֆի-Ահմեդ փաշայի) գլխավորությամբ, հասել էին ԵղվարդԿարբի բնագծին Կարբիի պաշարման 40-րդ օրը՝ ինչպես և պարզել ենք՝ 1724 թ. մայիսի 25-ին64։ Կան ռազմական բնույթի ևս մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք չեն տեղավորվում Ա. Եղիազարյանի հորինած պատմության սահմաններում։ Այսպես, իրենց գյուղաքաղաքի պաշարման ընթացքում կարբեցիները երկու անգամ բանագնացներ են ուղարկել Երևանի խանի մոտ՝ նրանից (ապարդյուն) զենք, զինամթերք և օժանդակ զորք խնդրելով65։ Հարց է առաջանում. եթե օսմանյան զորքերը պաշարել էին ոչ միայն Կարբին, այլև Երևանը, այդ դեպքում ինչպե՞ս կարող էին կարբեցիները երկու անգամ հանգիստ գնալ Երևան ու հետ դառնալ։ Բացատրությունը շատ պարզ է. Երևանն այդ ժամանակ պաշարված չի եղել, իսկ Յալղուզ Հասանի ու Ղոչ Ալիի զորագունդը՝ իր փոքրաթվության պատճառով, չի կարողացել Կարբին վերցնել լիակատար և անթափանցելի օղակի մեջ, ինչն էլ հնարավորություն է ընձեռել կարբեցիներին գաղտնի սողոսկելու թշնամու պահակախմբերի միջով, հասնելու Երևան և վերադառնալու։ Կարբեցիները կարող էին Երևանից ռազմական օգնություն ստանալու հույսեր փայփայել միայն այն ժամանակ, երբ Երևանն ինքը դեռևս պաշարված չէր, և այդ երկու բնակավայրերի միջև կապն ամբողջությամբ կտրված չէր։
______________________
62 Նույն տեղում, էջ 72։
63 Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 220-221։ Կարբին ՉուխուրՍա’դի վիլայեթի ամենահարուստ մահալն էր (տե՛ս Փափազյան Հ. Դ. Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԷ դ.). – «ԼՀԳ», 1977, № 1, էջ 38. Папазян А. Д. Аграрные отношения в Восточной Армении в XVI-XVII вв., Ереван, 1972, с. 114-151:
64 Այվազյան Ա. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 100։
65 Աբրահամ Երեւանցի, էջ 24: Իսկ այն մասին, թե ինչո՞ւ խանը երկու անգամ էլ նրանց օգնություն չի տրամադրել, տե՛ս Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 62-75։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Ավելին, Երևանը պաշարելու պատրաստվող օսմանյան բանակը չէր կարող իր անմիջական թիկունքում թողնել զինված դիմադրություն ցույց տվող մի ամբողջ ամրացված գյուղաքաղաք՝ հայկական զորաջոկատով հանդերձ։ Ռազմական տեսակետից դա կլիներ անգրագետ որոշում, որը կվտանգեր Երևանի մերձավայրերում գտնվող օսմանյան զորքի մատակարարման կարևոր հաղորդուղիները66։
Վերն ասվածը գալիս է վերահաստատելու Աբրահամ Երևանցու հստակ հաղորդումն առ այն, որ Կարբիի 40-օրյա պաշարման ընթացքում օսմանյան բանակը Երևան չէր հասել։ Իսկ Եղվարդի ճակատամարտի մոտավոր օրը որոշել ենք դեռևս 2006 թ. հոդվածում. «Այն պետք է տեղի ունեցած լինի ոչ թե 1724 թ. մարտի 6-ին, այլ ապրիլի 25-ից՝ Կարբիի պաշարման սկսվելու պահից, ընդամենը մի քանի օր ավելի շուտ: Սա հետևում է և՛ Երևանի պաշարումը միայն հունիսի վերջին սկսելու հանգամանքից, և՛ հարձակման թափը չկորցնելու օսմանցիների ռազմական տրամաբանությունից, որով պարտադիր էր համարվելու անմիջապես պաշարել դիմադրության անսպասելի ցանկություն դրսևորած մոտակայքի հայաբնակ խոշոր գյուղաքաղաքը՝ Կարբին»67։ Եղվարդի ճակատամարտի օրը կարելի է ժամանակագրորեն զետեղել ապրիլի 20-ից մինչև 24-ն ընկած օրերից մեկին։
Նույն հոդվածում այս տեսակետը հիմնավորել ենք նաև լրացուցիչ խոսուն փաստարկներով.
«Այն, որ այս (Եղվարդի) ճակատամարտը տեղի է ունեցել 1724 թ. մարտի 6-ից շատ ավելի ուշ, հուշում է նաև մարտի 13-ին Ս. Էջմիածնից Ղարաբաղի հայոց Սղնախների հրամանատարությանը (Ավան, Թարխան և Միրզա յուզբաշիներին) կաթողիկոսի «աթոռակալ Յովասափ վարդապետի» գրած նամակը, որում այդ դեպքերի մասին որևէ տեղեկություն չկա68: Եթե Եղվարդի ճակատամարտում Երևանի խանի զորքի խայտառակ պարտությունը, փախուստն ու Երևանի բերդում փակվելն իսկապես մարտի 6-ին եղած լինեին, ապա Ս. Էջմիածնի անմիջական շրջակայքի ռազմաքաղաքական վիճակը կտրուկ փոփոխած այդ իրադարձությունը նամակում որևէ կերպ կարտացոլվեր և այդ նամակն էլ այլևս հազիվ թե առաքվեր: Այնինչ նամակում ասվում է, թե «քանի որ [=քանի դեռ] թշնամեաց ձեռն չեմք մատնվել, գերի և աւար չեն հարկաներ» ու «որքան որ թշնամեաց ձեռն տեղս չէ հասել»՝ ռուսական զորքերը պետք է շուտ մտնեն Արարատյան երկիր՝ «շուտով գայցեն»69: Այսպիսի տողերը չէին գրվի, եթե օսմանյան զորքն արդեն Եղվարդում լիներ՝ Ս. Էջմիածնից մի քանի ժամվա հեռավորության վրա»70:
Հիշեցնենք, որ 1724 թ. ապրիլին ռուսական զորքերը գտնվում էին Կասպից ծովի ափամերձ հատվածում, այսինքն՝ Արարատյան երկիր հասնելու համար նրանցից պահանջվելու էր, լավատեսական հաշվարկով, 15-20 օրից ոչ պակաս ժամանակ (առկա պատմական իրավիճակում այդպիսի ռազմարշավի իրական արագությունն է՛լ ավելի երկար էր լինելու)։ Ս. Էջմիածնում, բնականաբար, հասկանում էին այդ ամենը, ուստի, կրկնենք, Եղվարդում օսմանյան «բանակի» տարած հաղթանակից հետո, երբ ամեն պահի Մայր Աթոռի դռան առջև կարող էր օսմանյան զորք հայտնվել, ռուսներին նման նամակով դիմելն արդեն անիմաստ էր լինելու։
______________________
66 Թ. Հակոբյանը միանգամայն ճիշտ էր, երբ նկատում էր, որ հետագայում Կարբիին մոտեցած օսմանյան բանակի գլխավոր հրամանատարը՝ «թուրքական փաշան երկյուղ էր կրում կարբեցիների հետագա ընդվզումներից և թուրքական բանակին թիկունքից հարվածելուց» (Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500 1800 թթ.), էջ 77)։
67 Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 62։
68 Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сборник документов, т. II, часть II, под ред. Аш. Иоаннисяна. Ереван: изд-во АН Арм. ССР, док. 228, с. 85-86.
69 Տե՛ս նույն տեղում, էջ 86:
70 Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 63։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

2006 թ. բացահայտել և լուսաբանել ենք նաև 1724 թ. Երևանի պաշտպանությանը վերաբերող մի շարք այլ կարևոր փաստեր ու հանգամանքներ, ներառյալ կարբեցիների, երևանցիների և առհասարակ Արարատյան երկրի հայերի նկատմամբ Երևանի Ալի-կուլի խանի վարած երկդիմի ու նենգ քաղաքականության մասին71։ Սակայն, ինչպես արդեն նշվել է, մեր այդ ուսումնասիրությունը, անհարգելի պատճառներով, մնացել է Ա. Եղիազարյանին անճանաչ՝ իր հոդվածի համար անուրախ ակներև հետևանքներով հանդերձ։
Տեղին է անդրադառնալ Ա. Եղիազարյանի ևս մեկ շինծու պնդմանը՝ իբր «Ա. Այվազյանը ժամանակագրական առումով լիովին անտեսում է Աբրահամ Երևանցու տվյալները»72։ Ժամանակակից հայոց լեզվում «անտեսել» բայը նշանակում է «ուշադրության չառնել, նկատի չառնել, հաշվի չառնել»73։ Վերը շարադրված ամբողջ նյութն ավելի քան բավարար է համոզվելու համար, որ մենք այդ տվյալները ոչ թե անտեսել ենք (այն էլ՝ իբր «լիովին»), այլ ճիշտ հակառակը՝ ենթարկել ենք մանրազնին քննական վերլուծության, իսկ սխալ եղած դեպքում՝ հերքել։ Հերքելն ու անտեսելը տարբեր բաներ են։ Հետևաբար, Ա. Եղիազարյանի պնդումը տրամագծորեն հակասում է իրականությանը։

Ձորագյուղցի մարտիկների առեղծվածային անհայտացումը

Հոդվածում կան նաև ուրիշ կոպիտ սխալներ, որոնցից մի քանիսին ևս արժե անդրադառնալ։
Ա. Եղիազարյանը գրում է. «Ձորագյուղում ապաստանած փախստականներից հավաքվել էր երեք հազար զինվոր։ Այս զինվորները, ըստ Մ. Կարապետյանի, ձորագյուղցիներ էին74, սակայն հազիվ թե նման կարծիքի կարելի է հանգել Աբրահամ Երևանցու «Ձորայգեղայ հզօրքն (իմա՝ զորք – Ա. Ե.), որ է ԳՌ [3.000] պատվայկան գեղից մարդիք» տեղեկությունից75: Վերջինս իրականում վկայում է այն մասին, որ զինվորները հավաքագրվել էին Երևանի շրջակա գյուղերից քաղաքում ապաստանածներից («պատվայկան գեղից մարդիք»)»76:

Բայց եթե Ձորագյուղի 3000 աշխարհազորայինները հավաքագրվել էին «շրջակա գյուղերից քաղաքում ապաստանածներից» (մեկ այլ ձևակերպմամբ էլ՝ «Երևանում ապաստանած՝ շրջակա գյուղերի ժողովրդի շրջանում»)77, ապա այդ դեպքում ո՞ւր էին անհայտացել իրենք՝ ձորագյուղցիները (որոնց թիվն, ի դեպ, մեր հաշվարկներով, հասնում էր շուրջ 15 հազարի)78։ Այս տարրական ստուգողական հարցն ինքն իրեն չտալով՝ Ա. Եղիազարյանը չի նկատել, որ իր հապճեպ եզրակացության տրամաբանությամբ, ձորագյուղցիները Երևանի պաշտպանությանը չեն մասնակցել, ինչը կատարյալ անհեթեթություն է։ Այնինչ Աբրահամ Երևանցու «պատվայկան
______________________
71 Նույն տեղում, էջ 62-76։
72 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թ. ինքնապաշտպանությունը, էջ 63-64։
73 «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան». Հ. Ա։ Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1969, էջ 140։
74 Տե՛ս Կարապետյան Մ. Բնակչության էթնիկ կազմը և էթնիկ պրոցեսները Երևանում 1724-1800 թվականներին. – «ՊԲՀ», 1987, № 3, էջ 95։
75 Աբրահամ Երեւանցի, էջ 28։
76 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 56-57 (ծնթ. 4)։
77 Նույն տեղում, էջ 56։
78 Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 198-212։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

գեղից մարդիք» արտահայտության «գեղից» բառը վերաբերում է հենց ձորաԳԵՂցիներին. չէ՞ որ նրա ինքնագրում Ձորագյուղը միշտ ՁորաԳԵՂ ձևով է հիշվում79։ XVII-XIX դդ. Երևանի այդ արվարձանը Ձորագեղ էին անվանում նաև Զաքարիա Ագուլեցին, Զաքարիա Քանաքեռցին («...ի Խնկելոյ Ձոր գեղ, որ այժմ ասի Ձորագեղ» և «ի Խնկելոյձոր, որ այժմ ասի Ձորագեղ»), Խաչատուր Աբովյանը և ուրիշներ80։ Ձորագյուղը սկզբնապես առանձին գյուղ է եղել՝ հետագայում միայն ներառվելով Երևանի մեջ և ընկալվելով որպես նրա արվարձան կամ թաղամաս։ Այն տակավին գյուղ էր անվանում կաթողիկոս Սիմեոն Երևանցին (1763-1780)՝ նշելով նաև նրա հին անունը՝ «Ի գեօղս յայս Ձորագեղ, որ կոչի Խնկաձոր»81։ Ահա այսպես է Ձորագեղի «պատվայկան գեղից մարդիք» արտահայտությունն առաջացել նաև Աբրահամ Երևանցու երկում։ Իսկ մեր պատմիչն իսկությամբ թվարկել է Երևանի տարբեր թաղամասերի բնակիչներից կազմված աշխարհազորային կազմավորումները՝ «Հին Երեւանայ թաղի հզօրքն»՝ 4000 մարտիկ, «Ձորայգեղայ հզօրքն»՝ 3000 մարտիկ, «Ջուհայրենց թաղի հզօրքն»՝ 955 մարտիկ, «Կունդի թաղի հզօրքն» (ենթադրաբար՝ շուրջ 300 մարտիկ), Կոնդի հայ բոշաների «հզորքը»՝ 234 մարտիկ82։
Հարկ է ավելացնել, որ, ըստ Աբրահամ Երևանցու, Երևանում կենտրոնացած հայոց աշխարհազորը կազմվել է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ շրջակա ութ գյուղերի՝ Փարաքարի, Գոգումբեթի, Կավակերտի (այժմ՝ Արգավանդ), Առինջի, Ավանի, Գավանի, Ձագի, Նորագեղի ռազմունակ տղամարդկանցից83։ Մեր վերջին մենագրության մեջ մանրամասն վերլուծությամբ ճշտել ենք, որ «օգոստոսի 15-ի դրությամբ Ձորագյուղում կենտրոնացած, ընդհանուր առմամբ, 9500-հոգանոց հայ միասնական աշխարհազորում գյուղացի մարտիկները կազմել են մոտավորապես 10 տոկոսը՝ շուրջ 1000 հոգի»84, որոնք վերը թվարկված երևանյան թաղամասերի աշխարհազորայինների թվի մեջ, իհարկե, չէին մտնում։ Իսկ այդ 8 հայկական գյուղերի բնակիչների թիվը, համապատասխանաբար, կազմել է մոտավորապես 10000 շունչ85, որոնցից կարելի էր հավաքագրել 1000 զինվոր («10 բնակչից մեկ զինվոր» հարաբերակցությամբ) կամ, ամենաշատը, ինչպես և իրականում եղել է86, մոտ 2000 զինվոր («5 բնակչից մեկ զինվոր» առավելագույն հնարավոր հարաբերակցությամբ), բայց ոչ երբեք՝ 3000 զինվոր87։
______________________
79 Աբրահամ Երեւանցի, էջ 26, 28, 29, 31։
80 Զաքարիա Ագուլեցի. Օրագրութիւն։ Պատ. խմբ.՝ Ս. Վ. Տեր-Ավետիսյան։ Երևան, 1938, էջ 143։ Զաքարեայ Սարկաւագ. Պատմագրութիւն։ Հ. Բ, Վաղարշապատ, 1870, էջ 33, 51. Աբովյան Խաչատուր. Վերք Հայաստանի. – Երկերի լիակատար ժողովածու ութ հատորով։ Հ. III, Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1948, էջ 190-191։
81 Սիմէօն Երեւանցի. Ջամբռ։ Վաղարշապատ, 1873, էջ 204։ Ձորագեղի մասին ավելի մանրամասն տե՛ս Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), էջ 337-340. հմմտ. Շահազիզ Երվանդ. Հին Երևանը (1931 թ. անդրանիկ հրատարակության լրամշակված վերահրատարակություն)։ Լրամշ. և ծնթ.՝ Ա. Սարգսյան և Լ. Ամիրջանյան։ Երևան. «Մուղնի», 2003, էջ 179։
82 Նույն տեղում, էջ 28։
83 Նույն տեղում, էջ 28։ Այս ցուցակում Քանաքեռի և Նորքի (Չոլմաքչի) բացակայությունը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ Երևանի պաշարման երրորդ օրը՝ 1724 թ. հունիսի 26-ին, այդ գյուղերն օսմանյան բանակի անսպասելի գրոհով գրավվել են՝ որոշ այլ արվարձանների հետ միասին (Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 95. հմմտ. «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի…», հ. Ա, էջ 143)։
84 Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 201 (առավել մանրամասն՝ էջ 198-206)։
85 Նույն տեղում, էջ 205-206։
86 Մեր վերլուծության համաձայն, Երևանի պաշարման ամենասկզբում երևանցիներից հավաքագրվել է շուրջ 9500, իսկ նշված ութ գյուղերի բնակիչներից՝ 2000 զինվոր, ընդհանուր առմամբ՝ 11500 զինվոր, որոնցից երկու հազարը զոհվել է 1724 թ. օգոստոսի 14-ի ճակատամարտում, ենթադրաբար ու կլորացված թվերով՝ 1000 քաղաքացի և 1000 գյուղացի (նույն տեղում)։
87 «10 բնակչից 1 զինվոր» և «5 բնակչից 1 զինվոր» հարաբերակցությամբ զորահավաքային սկզբունքների մասին
տե՛ս նույն տեղում՝ (առաջին սկզբունքի մասին) էջ 35, 38, 45, 85, 127, 231, 233, 282, 298, 405, 432, 435, 510,
511, 514, 517, 519, 521, 526, 534, (երկրորդ սկզբունքի մասին) 212, 217, 231, 298։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Գործածվել է հի՞ն, թե՞ նոր տոմարը

Ըստ Ա. Եղիազարյանի, օսմանյան մի սկզբնաղբյուրում՝ «Ռեվանի (Երևանի – Ա. Ե.) գրավման մասին գրքում», որ գրվել է դեպքերի ժամանակակցի կողմից, ներկայացված է Երևանի բերդի պաշարման այլ թվագրում՝ 1724 թ. հուլիսի 6-ից հոկտեմբերի 7-ը»88:
1970 թ. Ստամբուլում հրատարակված այդ աղբյուրը ձեռքի տակ չունենք, բայց կարող ենք վստահորեն եզրակացնել, որ թուրք հրատարակիչները Երևանի պաշարման առաջին ու վերջին օրվա ամսաթվերը Հիջրայից վերծանել են ոչ թե հին, այլ նոր տոմարի։ 1700 թվականից ի վեր հուլյան և գրիգորյան օրացույցների տարբերությունը՝ Գրիգորիս Գ պապի 1582 թ. բարեփոխումից հետո, արդեն ավելացել էր մեկ օրով և կազմում էր 11 օր89: Հետևաբար, հին տոմարով Երևանի բերդի պաշարման նշված ամսաթվերը՝ 1724 թ. հուլիսի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ը, այսպիսին են՝ 1724 թ. հունիսի 25-ից մինչև սեպտեմբերի 26-ը։ Այսինքն՝ այդ տվյալները գրեթե ճշգրտորեն համընկնում են Չելեբի-զադեի տրամադրած առավել վստահելի տեղեկությունների հիման վրա հին տոմարով կատարված մեր հաշվարկներին, ըստ որոնց՝ Երևանի պաշարումը սկսվել է հունիսի 24-ին և ավարտվել սեպտեմբերի 23-ին (պաշարման սկիզբը տարբերվում է ընդամենը մեկ, իսկ ավարտը՝ երեք օրով)։
Այնինչ Ա. Եղիազարյանն ընդհանրապես չի անդրադառնում պարտադիր այն հարցին, թե իր հոդվածում հղված պատմիչներն ու պատմաբանները (ներառյալ տողերիս հեղինակը) ո՞ր տոմարով են նշել Երևանի պաշարմանը վերաբերող ամսաթվերը՝ հի՞ն, թե՞ նոր։ Ոչ էլ ծանուցում է, թե իր առաջարկած (սխալ) ամսաթվերն այդ երկու տոմարներից ո՞ր մեկով են։ Այսպիսի սիրողականություն կարելի էր ակնկալել, թերևս, պատմության ֆակուլտետում մեծ դժվարությամբ սովորող ուսանողից, բայց ոչ՝ պատմագիտության ոլորտում բարձրագույն կոչում ու պաշտոններ ունեցող անձից (հիշեցնենք, որ Ա. Եղիազարյանը պատմ. գիտ. դոկտոր է, պրոֆեսոր և ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ)։
Տոմարի կարևորությունն ակնբախ է բոլոր այն պատմագիտական հետազոտությունների համար, որոնք ձգտում են, բազմալեզու աղբյուրների օգտագործմամբ, ճշտել 1582 թ. մինչև 1920-ական թթ. հայոց պատմության այս կամ այն դրվագի ամսաթիվը։ Չէ՞ որ եվրոպական պետություններում գրիգորյան օրացույցին անցել էին հիմնականում XVI-XVIII դարերում, Ռուսաստանում՝ 1918 թ., Հայաստանում՝ 1920 թ., իսկ Թուրքիայում՝ միայն 1926 թ.։ Արդարև, անգամ 1720-ական թթ. գործող Եղիա Մուշեղյանն էր իրավացիորեն հարկ համարում հատուկ նշել նոր տոմարի գործածումը՝ հուլյան օրացույցը պահպանած հայկական կամ ռուսական շրջապատի հետ գրագրություն վարելիս90։
Ժամանակին այս հարցին քանիցս անդրադարձել ենք՝ քննվող հարցի կապակցությամբ, մասնավորապես, գրելով.
«Եթե նկատենք, որ եվրոպացի հեղինակները գործածել են նոր՝ գրիգորյան տոմարը, որի տարբերությունը հուլյան տոմարից 1720-ականներին կազմում էր 11 օր, ապա պարզ կդառնա,
______________________
88 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 59։
89 Տե՛ս Աբրահամյան Ա. Գ. Հայոց գիր և գրչություն։ Երևան. ԵՊՀ հրատ., 1973, էջ 138. հմմտ. Աղայան Է. Բ.
Ակնարկներ հայոց տոմարների պատմության։ Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1986, էջ 214։
90 «Եղիա Կարնեցու դիվանը»։ Առաջաբանը և ծանոթագրությունները՝ Ա. Գ. Աբրահամյանի։ Երևան. «Միտք» հրատ., 1968, էջ 116, 137, 187, 198, 200, 201, 213, 257. հմմտ. Այվազյան Արմեն. «Դավիթ-բեկի Հայաստան գալու ժամանակն ու հանգամանքները». – «ՊԲՀ», 1990, № 3, էջ 81 (ծնթ. 22)։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

որ Չելեբի-զադեի, Ի. Նեպլյուևի (ռուսները պահպանել էին հին տոմարը) և Ջ. Հանվեյի հաղորդումները Երևանի բերդի գրավման ժամանակի մասին ճշգրիտ կերպով համընկնում են 1724 թ. սեպտեմբերի 22-23-ի հետ»91:

Եզրույթների թյուրըմբռնում և շփոթ («Մեծ արվարձանը»... «փոքրիկ արվարձանն» է)

Միջնադարյան և ուշմիջնադարյան քաղաքները բաղկացած էին երկու մասից՝ բերդից և նրա պարիսպներից դուրս գտնվող բնակելի տարածքից, որը, սովորաբար, անվանվում էր «քաղաք» կամ «արվարձան» («արվարձաններ») և բնակչության թվով բազմապատիկ գերազանցում բերդում ապրողներին։ Սկզբնաղբյուրներում «քաղաք» բառը գործածվում էր բազմիմաստորեն՝ նշանակելով, կախված տվյալ պատմական հաղորդումից, ամբողջ քաղաքը (ներառյալ բերդը), բերդն առանձին կամ բերդն ու նրան կից որոշ «արվարձանները» միասին։ Միաժամանակ այդ արվարձանները հաճախ նշվում էին հատուկ եզրույթներով, ինչպիսիք են, օրինակ՝ օսմաներեն «վարոշը» (բառը հունգարերենից է ծագում), ֆրանսերեն «fauxbourg»-ը, գերմաներեն «Vor-Stadt»-ը, անգլերեն «suburb»-ը, ռուսերեն «посад(а)»-ն, «предградье»ն, «предместье»-ն և «слобода» (слободы)-ն։ «Բերդ» բառը ևս երբեմն, բացի բուն «բերդ» իր իմաստից, կարող էր վերաբերել բերդին ու նրան կից արվարձաններից ոմանց միասին վերցված։ Եզրաբանական նման իրավիճակում հնարավոր թյուրըմբռնումներից ու շփոթություններից խուսափելու անհրաժեշտության մասին պատմաբանները ժամանակին մանրամասն խոսել ու նախազգուշացրել են, այդ թվում՝ հե՛նց Երևանի XVII-XVIII դարերի պատմության կապակցությամբ92։ Ընդ որում, «քաղաք»-«բերդ»-«արվարձան» եզրույթները տվյալ համատեքստում ճիշտ վերծանելու համար աղբյուրները, որպես կանոն, բավարար չափով հնարավորություններ տալիս են։ Պարզապես այդ եզրույթների յուրաքանչյուր կիրառումը հարկ է զննել ամենայն ուշադրությամբ և զուգահեռ պատմական տեղեկությունների համեմատությամբ։ Ցավոք, Ա. Եղիազարյանն այս աղբյուրագիտական հարցերի վերաբերյալ արդեն իսկ մշակված մեթոդաբանությունն ու եզրաբանությունը չի յուրացրել և այդ պատճառով մեծ սխալներ ու շփոթություններ է թույլ տվել։
Եվ այսպես, Ա. Եղիազարյանը գրում է, թե «այն իրողությունը, որ վարոշը գտնվում էր [Երևանի] բերդի պարսպի հարևանությամբ, ևս հաստատում է, որ այն քաղաքի հետ առնչություն չուներ և չպետք է շփոթել քաղաքի հետ, ինչպես արել է Ա. Այվազյանը»93։ Ուշագրավ է, որ Ա. Եղիազարյանը տեղնուտեղը մեզանից մեջբերում չի կատարում, որպեսզի պարզ դառնա թե այս հարցի կապակցությամբ որ էջում հատկապես ինչ ենք գրել։ Առհասարակ, Ա. Եղիազարյանի ներկա հոդվածում արված հարցադրումների, հերքումների և փաստարկների ցրվածությունը վրդովեցնող է։ Այս դեպքում, օրինակ, պետք է երեք էջ հետ գնանք, որպեսզի փոքր-ինչ
______________________
91 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 96։ 1722 թ. հուլյան և գրիգորյան օրացույցների տարբերությունը՝ Գրիգորիս Գ պապի 1582 թ. բարեփոխումից հետո, արդեն ավելացել էր մեկ օրով և կազմում էր 11 օր (տե՛ս Աբրահամյան Ա. Գ. Հայոց գիր և գրչություն։ Երևան, 1973, էջ
138. հմմտ. Աղայան Է. Բ. Ակնարկներ հայոց տոմարների պատմության։ Երևան, 1986, էջ 214):
92 Տե՛ս, օրինակ, Կարապետյան Մ. Մ. Երևանի բնակչության էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխությունները 1600-1724 թթ. «ՊԲՀ», 1986, № 2, էջ 95-100 (ներառյալ հատկապես ծնթ. 2-4). հմմտ. Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 208-212, 277-278, 418։
93 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 66։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ավելի առարկայական պատկերացում կազմենք այն մասին, թե ինչ նկատի ունի Ա. Եղիազա րյանը։ Ահա. «Ա. Այվազյանը կարծում է, որ Չելեբի-զադեի տեղեկությունը վարոշը գրավելու մասին վերաբերում է ոչ թե ամբողջ քաղաքի, այլ նրա որոշ թաղամասերի գրավմանը»94։
Նախ, սկսենք նրանից, որ Երևանի բերդից դուրս գտնվող բոլոր թաղամասերն էլ «արվարձան» («վարոշ») էին և բոլորն էլ Երևանի մաս էին։ Այդ արվարձաններն օսմանյան աղբյուրներում նշվում են թե՛ «քաղաք», թե՛ «վարոշ» (արվարձան) եզրույթներով։ Այսպես, 1647 թ. Արարատյան երկիր այցելած Էվլիյա Չելեբին կիսում է Երևանը երկու մասի՝ «քաղաքի», որտեղ նա հաշվում է 2060 հողածածկ տուն, և «Հին քաղաքի» (Էսքի շեհիր), որը նա կոչում է նաև «մեծ արվարձան» («մեծ վարոշ») ու զարմանքով շեշտում, թե սա ևս «մի իսկական քաղաք է»95՝ փաստորեն, ծանուցելով, որ «Հին քաղաքն» իր բնակչության թվով չէր զիջում «քաղաքին»։ Իսկ «քաղաքի» տակ, նրա նկարագրությունից դատելով, Էվլիյա Չելեբին հստակ հատկանշում էր ինչպես բերդը (քանզի նա «քաղաքում» է նշում Երևանի խանի դղյակը, որ գտնվում էր բերդում)96, այնպես էլ նրան կից որոշ արվարձանները, ներառյալ, ըստ ամենայնի՝ Ձորագյուղն ու Կոնդը97։
1724 թ. հունիսի 26-ին օսմանյան զորքի կողմից Երևանի «վարոշը» գրավելու մասին Չելեբի-զադեի հաղորդումն իրոք վերաբերում է բերդից դուրս գտնվող որոշ (ոչ բոլոր) արվարձանների կամ թաղամասերի գրավմանը։ Այս առումով 1991 թ. գրել ենք. «Աբրահամ Երևանցին նկարագրում է բացառապես Ձորագեղի և Կոնդի «ճակատում» ընթացող մարտերը, քանիցս նշելով, որ հենց այդ թաղամասերում (հատկապես Ձորագեղում) էր կենտրոնացել Երևանի մյուս՝ Հին Երևանի և Ջուհարենց թաղերի, ինչպես նաև շրջակա 8 գյուղերի հայ ազգաբնակչությունը»98:
Այսինքն՝ Աբրահամ Երևանցու նկարագրած կռիվների ընթացքում գրավված էին Երևանի թաղամաս «Հին Երևանը» (Էվլիյա Չելեբիի «Հին քաղաքը»՝ Էսքի շեհիրը), ինչպես նաև «Ջուհարենց թաղը», որոնց բնակչությունը 1724 թ. բաղկացած էր, համապատասխանաբար,
______________________
94 Նույն տեղում, էջ 63։
95 Ըստ Էվլիյա Չելեբիի, այդ «Հին քաղաքը»՝ Էսքի շեհիրը, գտնվել է Երևանի բերդի «Յայլայի դռնից դուրս» (տե՛ս Эвлия Челеби. Книга путешествия (извлечения из сочинения турецкого путешественника XVII века). Перевод и комментарии. Вып. 3: Земли Закавказья и сопредельных областей Малой Азии и Ирана. Сост. и отв. ред. А. Д. Желтяков. Прим. и комм. А. Желтякова, М. Зулаляна и Г. Путуридзе. Москва: «Наука», 1983, с. 155. հմմտ. Էվլիյա Չելեբի. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ. 4: «Թուրքական աղբյուրներ», Հ. Գ։ Թարգմ. բնագրից, առաջ. և ծան.՝ Ա. Խ. Սաֆրաստյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967, էջ 85)։
96 Նույն տեղում։ Ֆրանսիացի հռչակավոր ճանապարհորդ Ժան Շարդենը (1643-1713) հատուկ նշում էր, որ Երևանի խանի՝ «կուսակալի դղյակը գտնվում է բերդում» (տե՛ս [Шарден Жан]. Путешествие Шардена по Закавказью в 1672-1673 гг., Тифлис: Скоропечатня М. Мартиросянца, 1902, с. 242. Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), էջ 334. հմմտ. [Chardin, John]. The Travels of Sir John Chardin through Mingrelia and Georgia into Persia. Dublin, 1815, p. 385)։
97 1640-ական թվականներին Երևանում Չելեբիի նշած «2060 հողածածկ տներում», այսինքն՝ Ձորագյուղ, Կոնդ և Ջուհարենց թաղերում ապրել է 20-25 հազար մարդ։ Մոտավորապես նույնքան էլ հայություն բնակվել է
«Հին Երևանում»։ Հետևաբար, Երևանի բնակչությունը 1640-ական թվականներին պետք է հաշվել 40-50 հազար մարդ, բացարձակ մեծամասնությամբ՝ հայեր (մանրամասն տե՛ս Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 209-211)։
98 Այվազյան Ա. Մ. Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 96-97. հմմտ. Աբրահամ Երեւանցի, էջ 26, 28-31:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

մոտ 20000 և 5000 հայերից99։ Հետևաբար, այս հարցում Ա. Եղիազարյանի մեզ ուղղված իմաստազուրկ քննադատությունը՝ «վարոշը» «քաղաքի» կամ նրա որոշ թաղամասերի հետ իբր շփոթելու վերաբերյալ, իր իսկ սխալների խոսուն վկայություն է։
Կարևոր է հստակեցնել, որ և՛ Էվլիյա Չելեբու նշած «Հին քաղաքը» (Էսքի շեհիր, որը նա կոչում է նաև «մեծ վարոշ»), և՛ Աբրահամ Երևանցու «Հին Երևանը» ուշմիջնադարյան Երևանի «Շահար» (=քաղաք) հայտնի թաղամասի հոմանիշային անվանումներն են։ Սա Երևանի ամենամեծ ու ամենահին թաղամասն էր, որը բնակեցված էր բացառապես կամ գրեթե բացառապես հայերով100։ Այն զբաղեցրել է Երևանի հյուսիս-արևելյան մասը՝ «այժմյան Մոսկվա կինոթատրոնի և նրան հարող տարածքը»՝ սկսվելով «Երևանի պետական համալսարանի շենքից մի փոքր ներքև, հասել մինչև Երևանի բերդի պարիսպները՝ ընդգրկելով Աբովյան, Նալբանդյան և Հանրապետություն փողոցների միջև ընկած տարածքները»101։ Այսպիսով, մեր աղբյուրներում այս թաղամասին տրվել են հետևյալ անունները՝ «Հին քաղաք» (Էսքի շեհիր) = «Շահար» (այն է՝ «քաղաք») = «Հին Երևան» = «մեծ վարոշ» (այն է՝ «մեծ արվարձան»)։ Պարզ է նաև, որ Էվլիյա Չելեբին այդ թաղամասը «մեծ վարոշ» է կոչել, որովհետև մյուս արվարձանների (թաղամասերի) համեմատ այն ամենամարդաշատն էր։
Էվլիյա Չելեբիի և Չելեբի-զադեի վերոբերյալ տեղեկություններում Երևանի տարբեր մասերին վերաբերող եզրույթները ճիշտ չհասկանալով՝ Ա. Եղիազարյանը կատարել է մի շարք հակասական հետևություններ՝ դրանք ցրելով իր հոդվածի տարբեր էջերում։ Այսպես, ըստ նրա՝ 1724 թ. օսմանյան բանակը Ձորագյուղ և Կոնդ թաղամասերը գրավելուց հետո է միայն հարձակվել ու գրավել Երևանի այն վարոշը, որն Էվլիյա Չելեբին անվանում էր «մեծ վարոշ» (=«մեծ արվարձան») կամ «Հին քաղաք» (Էսքի շեհիրը)102։ Ա. Եղիազարյանը չի նկատել, որ Էվլիյա Չելեբիի նշած «մեծ վարոշը» կամ «Հին քաղաքը» (Էսքի շեհիրը) Աբրահամ Երևանցու
«Հին Երևան» թաղամասն է, որի բնակչությունն ամբողջությամբ կենտրոնացել էր Ձորագյուղ և Կոնդ թաղամասերում ու տվել երևանյան հայկական աշխարհազորի տեսակարար առումով (մյուս թաղամասերի համեմատ) ամենամեծ զորաբաժինը՝ 4000 մարտիկ103։ Իսկ դա նշանակում է, որ «Հին Երևան» թաղամասը գրավվել էր ավելի վաղ, քան Ձորագյուղն ու Կոնդը, այլ ոչ հակառակը, ինչպես կարծում է Ա. Եղիազարյանը։ Այլապես հին երևանցիները կմնային իրենց թաղամասում։
Ավելին, Ա. Եղիազարյանը չի նկատել նաև, որ այդ «մեծ վարոշն» իր եզրակացություններում կախարդական կերպով դարձել է «Երևանի բերդի փոքրիկ արվարձան՝ վարոշ»104։
Այսքանով Ա. Եղիազարյանի արտառոց մտահանգումները չեն ավարտվում։ Նա գրում է, թե խնդրո առարկա «վարոշը»՝ «դատելով այն իրողությունից, որ Երևանի քաղաքային հատվածի ինքնապաշտպանության ժամանակ պարսիկների կողմից լքված հայությունը խմբվել էր Ձորագյուղի և Կոնդի հատվածում, բնակեցված էր մուսուլմաններով»105։ Այդպես չէ, իհարկե։ Կրկնենք, որ այդ վարոշն իրականում «Հին Երևան» կամ «Հին քաղաք» թաղամասն էր, որն
______________________
99 Մանրամասն տե՛ս Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 204-205։
100 Հակոբյան Թ. Խ. Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), էջ 338։ Շահարը գործածվում էր նաև Շհար ձևով (տե՛ս Աբովյան Խ. Վերք Հայաստանի, էջ 191)։
101 Շահազիզ Ե. Հին Երևանը, էջ 265 (ծնթ. 55)։
102 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 66։
103 Աբրահամ Երեւանցի, էջ 28։
104 Նույն տեղում, էջ 74։
105 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 66։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ամբողջությամբ բնակեցված էր հայերով։ Այս առումով պետք է հիշեցնել նաև, որ, ինչպես ընդգծում են XVII դարի երկրորդ կեսի – XVIII դարի սկզբի սկզբնաղբյուրները (Տավերնիեն, Յան Սթրեյսը, Իսրայել Օրին, Գասպար Շիլինգերը), Երևանի բոլոր արվարձանները (ներառյալ «Հին քաղաքը») բնակեցված էին գրեթե բացառապես հայերով106։ Օրինակ, այդ մասին պարզ ու վստահ հայտարարում էր Ժան Բատիստ Տավերնիեն (1605-1689)՝ ամփոփելով իր երեք այցելությունները Երևան 1632, 1655 և 1668 թվականներին և նկատի ունենալով քաղաքի սակավամարդ բերդից դուրս ընկած մեծագույն մասը. «Երևանը բնակեցված է բացառապես հայերով» [«Comme Erivan n'est habité que par des Arméniens»]107։ 1670-ական թթ. սկզբներին Երևան այցելած հոլանդացի ճանապարհորդ Յան Սթրեյսը (1630-1694) իր հերթին արձանագրում էր, որ «Երևանի բնակչության մեծամասնությունը կազմում են չունևոր հայերը»108։ 1699-1701 թթ. Երևանի (բերդից դուրս գտնվող) արվարձաններում ապրում էր, ըստ Իսրայել Օրու արժանահավատ հաղորդման, ընդամենը 200 մահմեդական «տուն» (ընտանիք)109, այն է՝ շուրջ 1000 հոգի110։
Այսինքն, Աբրահամ Երևանցու նշած Երևանի թաղամասերը՝ «Հին Երևանը», Ձորագյուղը (Ձորագեղ), Ջուհարենց թաղը և Կոնդը բոլորն էլ հայաբնակ էին, իսկ Կոնդի բոշաների փոքրաթիվ՝ շուրջ 1000-հոգանոց111, համայնքն արդեն հայացած էր թե՛ լեզվական, թե՛ կրոնական առումներով։
Առհասարակ, ըստ 1640-ական թթ. գրող կարմելյան միաբան պատեր Ֆիլիպի՝ ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում «հայ քրիստոնյաներն ապրում են հիմնականում արվարձաններում, քանզի բերդերում բնակվում են տարբեր ուղղությունների մահմեդականները, որոնցից և բաղկացած են կայազորներն ու իշխանությունը»112։ Հետևաբար, առ ոչինչ պետք է համարել նաև «մեծ վարոշի» (այն է՝ «Հին քաղաքի» կամ «Հին Երևանի»)՝ իբր մուսուլմաններով բնակեցված լինելու Ա. Եղիազարյանի «հայտնագործությունը»։ Մեր հաշվարկներով, 1700 թ. Երևան քաղաքում բնակվող մուսուլմանների թիվը կազմել է շուրջ 4000 հոգի (3 հազարը՝ բերդի տարածքում, հազարը՝ քաղաքի պարիսպներից դուրս բնակելի հատվածում՝ «արվարձաններում»)։ Իսկ Երևանն այդ ժամանակ ունեցել է մոտավորապես 45-50 հազար բնակիչ, բացարձակ մեծամասնությամբ՝ հայեր113։
______________________
106 Տե՛ս Կարապետյան Մ. Մ. Երևանի բնակչության էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխությունները 1600-1724 թթ., էջ 100-101, 104-106. հմմտ. Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII– XVIII դարերում, էջ 197-220։
107 Տե՛ս Կարապետյան Մ. Մ. Երևանի բնակչության էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխությունները 1600-1724 թթ., էջ 101 (հղված է Տավերնիեի գրքի մեր ձեռքի տակ չեղած 1679 թ. հրատ., էջ 623)։ Այն, որ Տավերնիեն խոսում է Երևանի բերդից դուրս գտնվող հատվածի մասին, պարզ երևում է նրա գրքի այլ հրատարակություններում տրված մեկ ուրիշ նկարագրությունից (տե՛ս Tavernier, Jean-Baptiste. Les six voyages de Jean-Baptiste Tavernier... (Paris, 1676), էջ 46. Tavernier. The Six Voyages of John Baptista Tavernier, I, p. 14)։
108 Стрейс Ян. Три путешествия. Перевод Э. Бородиной. Москва: ОГИЗ-Соцэкгиз, 1935, с. 224.
109 Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сборник документов, т. II, часть I, под ред. Аш. Иоаннисяна. Ереван: Изд. АН Арм. ССР, 1964, док. 85, с. 213.
110 Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 206-208։
111 Նույն տեղում, էջ 204։
112 Карагезян Гоар. Нахичеван в записках европейских путешественников (XIII–XVII вв.). Ереван: изд-во
«Гитутюн» НАН РА, 2019, с. 74-75.
113 Այվազյան Ա. Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 208։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Ա. Եղիազարյանի մտացրությունը բերել է նրան, որ նույն հոդվածում նա մի տեղ՝ «հայերի ինքնապաշտպանության անկումից հետո» Երևանի բերդում ամրացած կայազորի դիմադրության տևողությունը հաշվում է երկու ամիս, մեկ ուրիշ տեղ (հոդվածի ամփոփման մեջ)՝ երեք ամիս114.
«Հայերի ինքնապաշտպանության անկումից հետո՝ հունիսի երկրորդ կեսին, գրավվել է բերդի վարոշը կամ շրջակայքն այդ ուղղությամբ ձեռնարկած գրեթե առաջին իսկ գրոհով, որից հետո բերդը պաշտպանվել է շուրջ երկու ամիս»115.
«Քաղաքը թալանելուց և բնակչությանը կոտորելուց կամ գերեվարելուց հետո օսմանյան բանակը հարձակվել է Երևանի բերդի փոքրիկ արվարձանի՝ վարոշի վրա, գրավել ու ոչնչացրել այն, որից հետո երեք ամիսների ընթացքում բերդը պաշարված է եղել»116։
Ընդ որում, սխալ է թե՛ առաջին, թե՛ երկրորդ պնդումը։ Իրականում, բերդից դուրս գտնվող հայկական վերջին թաղամասերը՝ Ձորագյուղն ու Կոնդը, գրավվել են 1724 թ. սեպտեմբերի 8-ին, որից հետո բերդում նստած կայազորը շարունակել է զինված դիմադրությունն ընդամենը ութ օր՝ մինչև սեպտեմբերի 16-ը, ապա մի քանի օր տևած բանակցություններից հետո՝ սեպտեմբերի 23-ին, բերդն ամբողջությամբ հանձնել է օսմանյան բանակին։
Այսպիսով, Ա. Եղիազարյանը, չկարողանալով ճիշտ վերծանել աղբյուրներում գործածվող
«վարոշ», «արվարձան», «քաղաք», «բերդ» եզրույթները, խճճվել է մեթոդաբանական ու փաստական սխալներում, այդ թվում՝
ա) իր հոդվածում չի բացատրել տվյալ դարաշրջանի սկզբնաղբյուրներում «քաղաք» եզրույթի բազմանշանակությունը, մասնավորաբար՝ սխալմամբ միանշանակ տարանջատել է
«քաղաք» և «վարոշ» եզրույթները, այնինչ դրանց իմաստներն աղբյուրներում հաճախ համընկնում են,
բ) նշված եզրույթները խառնիխուռն օգտագործելուն զուգահեռ տեղ է թողել, որպեսզի ընթերցողը «քաղաքը» որոշ դեպքերում ընկալի մերօրյա նշանակությամբ117,
գ) Երևանի ամենամեծ թաղամասը՝ «մեծ վարոշը», այսինքն՝ «մեծ արվարձանը» (=«Հին Երևան»=«Հին քաղաք» (էսքի Շեհիր)=«Շահար») ներկայացրել է որպես «Երևանի բերդի փոքրիկ արվարձան»,
դ) խախտել ու գլխիվայր է շրջել դեպքերի հաջորդականությունը՝ օսմանյան բանակի կողմից «վարոշի» (այն է՝ «մեծ վարոշի») գրավումը դնելով Ձորագյուղի և Կոնդի անկումից հետո, այնինչ ճիշտը հակառակ հերթականությունն է։
Կարդալով Ա. Եղիազարյանի հոդվածը՝ ընթերցողը հայտնվելու է եզրաբանական, աղբյուրագիտական և պատմափաստական սխալների անանցանելի մի լաբիրինթոսում, որից ճիշտ ելք գտնել կարելի է միայն նեղ մասնագիտական օգնությամբ՝ ի դեմս տվյալ քննական գրախոսության։
______________________
114 Նմանատիպ մի անփութություն էլ Ա. Եղիազարյանը թույլ էր տվել, ինչպես արդեն նշել ենք (տե՛ս վերը, ծնթ. 43), Երևանի պաշարման սկիզբը ճշտելու նպատակով արած իր սխալ հաշվարկներում՝ մի տեղ այն թվագրելով 1724 թ. ապրիլի 9-ին, մեկ ուրիշ տեղ՝ ապրիլի 7-ին։
115 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 69։
116 Նույն տեղում, էջ 74։
117 Եղիազարյան Ա. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը, էջ 65-67, 74։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ԱՄՓՈՓՈՒՄ

XVIII դարի 20-ական թվականների պատմահետազոտական դաշտ առաջին անգամ ոտք դնելու Ա. Եղիազարյանի ինքնավստահ փորձը չի ուղեկցվել աղբյուրագիտական, պատմագիտական և մեթոդաբանական պատշաճ պատրաստվածությամբ, այդ իսկ պատճառով լիովին ձախողվել է։ Երևանի 1724 թ. հերոսամարտի պատմության վերաբերյալ գրախոսվող հոդվածում առաջարկած բոլոր փոփոխություններն ու «նորամուծություններն» անհիմն են և սխալ։ Հիասթափեցուցիչ է հատկապես այն, որ խիստ պատասխանատու գործ ստանձնելով՝ Ա. Եղիազարյանը պահանջված ծավալով ու մակարդակով չի ուսումնասիրել քննվող խնդրին վերաբերող սկզբնաղբյուրներն ու պատմագիտական գրականությունը՝ չյուրացնելով անգամ այն նյութերը, որոնք օգտագործել է։ Նրա կիրառած մեթոդաբանությունը ապապատմագիտական է, «հիմնավորումները»՝ կամայական, եզրակացությունները՝ բռնազբոսիկ և անտրամաբանական։
Տարակուսելի է, թե ինչպես է Ա. Եղիազարյանի թերի և բազմասխալ հոդվածը ոչ միայն տպագրության է հասել, այլև մինչ այդ ստացել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությունը118 (մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ հայցորդը չի կարող համարվել քննվող ժամանակաշրջանի մասնագետ՝ որևէ չափանիշով)։ Այս դեպքում, մեղմ ասած, իրենց բարձրության վրա չեն գտնվել ՀՀ գիտության կոմիտեն և «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագրությունը՝ իրենց ընտրած փորձագետներով ու գրախոսներով հանդերձ։
Այսպիսով, վերը կատարված քննությունը թույլ է տալիս վերահաստատել 1724 թ. Երևանի պաշտպանության և հարակից իրադարձությունների ժամանակագրությունն այնպես, ինչպես արվել է մեր նախկին ուսումնասիրություններում։ Ահավասիկ.
1724 թ. ապրիլի կեսերին օսմանյան բանակը ներխուժում է Արարատյան երկիր:
Ապրիլի 20-ից մինչև 24-ը ընկած օրերից մեկին տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը՝ Երևանի Ալի-կուլի խանի 12000-անոց անկազմակերպ զորքի և օսմանյան 1800հոգանոց առաջապահ զորագնդի միջև, որն ավարտվում է օսմանցիների հաղթանակով։ Ալի-կուլի խանը նահանջում է և ամրանում Երևանի բերդում:
Ապրիլի 25-ից հունիսի 4-ին տեղի է ունենում Կարբի գյուղաքաղաքի 40-օրյա ինքնապաշտպանությունը:
Հունիսի 14-ին՝ 10-օրյա բանակցություններից հետո Կարբին հանձնվում է օսմանցիներին:
Հունիսի 24-ին օսմանյան բանակն սկսում է Երևանի պաշարումը:
Հունիսի 26-ին օսմանցիները գրավում են Երևանի բերդին կից գտնվող որոշ թաղամասեր, ներառյալ Հին Երևան թաղամասը: Քաղաքի և շրջակա ութ գյուղերի հայության մեծ մասը, կենտրոնանալով Ձորագյուղ (Ձորագեղ) և Կոնդ թաղամասերում, մոտ 11500 զինյալ մարտիկներ տրամադրելով, կազմակերպում է ուժեղ ինքնապաշտպանություն: Երևանի բերդը և «քաղաքը» ենթարկվում են ընդհանուր միասնական պաշարման: Բերդում ամրացած Երևանի խանի հրամանով «քաղաքի» (այն է՝ այդ պահին չգրավված մնացած Ձորագյուղ և Կոնդ թաղամասերի) պաշտպանությանը մասնակցում են նաև Երևանի մուսուլմանական ուժերը (անհայտ է մնում՝ դրանք կայազորի ստորաբաժանումնե՞րն էին, թե՞ քաղաքի մահմեդականներից կազմված աշխարհազորայինները):
______________________
118 Նույն տեղում, էջ 55։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

Ապրիլ-հունիսին կտրուկ սրվում են նախիջևանահայության և պարսկական իշխանությունների փոխհարաբերությունները:
Հուլիսի երկրորդ կեսին նախիջևանահայության պարագլուխները որոշում են ապստամբել պարսկական իշխանությունների դեմ և անցնել օսմանցիների կողմը:
Հուլիսի 30-ին օսմանյան զորաբանակը գրավում է Նախիջևանը:
Հուլիսի երկրորդ կես-օգոստոսի 27-ին պարսկական ստվարաթիվ զորաբանակով՝ պաշարված Երևանին օգնության շտապող սիփահսալար Մանսուր-խանը հանգրվանում է Օրդուբադում և, կայուն թիկունք ապահովելու նպատակով, միջոցներ ձեռնարկում տեղական մուսուլմանական ուժերին՝ Դավիթ-բեկի (Սյունյաց) իշխանապետության մեջ գտնվող մեղրեցիների հետ հաշտեցնելու ուղղությամբ:
Օգոստոսի 14-ին օսմանյան զորքերը ձեռնարկում են ընդհանուր գրոհ Երևանի վրա: Ըստ ամենայնի, այդ գրոհը բերդի վրա չէր տարածվում և ուղղված էր միայն պաշտպանության մեջ համեմատաբար թույլ օղակ համարվող «քաղաքի» դեմ: «Քաղաքում» գտնվող մահմեդականները, լքելով պաշտպանական դիրքերը, փախչում են և ապաստանում Երևանի բերդում: Այդ օրվանից ի վեր հայերը միայնակ են իրականացնում «քաղաքի», այն է՝ Ձորագյուղ-Կոնդի պաշտպանությունը:
Օգոստոսի 18-ին չորս օր առաջ Ձորագյուղի համար սկսված կատաղի մարտերը ավարտվում են Երևանի հայ պաշտպանների հաղթանակով և օսմանցիների ծանր պարտությամբ: Մասնավորապես, միայն այդ օրը սպանվում է 6000 օսմանցի զինվոր։ Հայկական աշխարհազորից զոհվում է 1300 հոգի:
Օգոստոսի 19-24-ի միջև օսմանցիները նոր կատաղի գրոհ են ձեռնարկում Կոնդի վրա: Հայերը հաջողությամբ հետ են մղում նաև այդ հարձակումը:
Օգոստոսի 27-ին Նախիջևանի հայկական զորաջոկատների օժանդակությամբ օսմանցիները ջախջախում են Երևանի խանի եղբայր Մանսուր-խանի պարսկական զորաբանակը և գրավում են Օրդուբադը:
Սեպտեմբերի 7-ին Սարը-Մուստաֆա փաշայի՝ Թիֆլիսից դուրս եկած բանակը միանում է Երևանը պաշարած օսմանյան զորախմբին:
Սեպտեմբերի 8-ին օսմանցիները գրավում են Երևանի «քաղաքի» վերջին զանգվածը՝ Ձորագյուղը: Շուրջ 30000 հայ կոտորվում է, հազարներ քշվում են գերության:
Սեպտեմբերի 16-ին Երևանի բերդում պատսպարված պարսկական կայազորը, Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի միջնորդությամբ, սկսում է օսմանցիների հետ բանակցություններ վարել՝ հանձնվելու պայմանների մասին:
Սեպտեմբերի 23-ին Երևանի բերդը հանձնվում է օսմանցիներին119:
______________________
119 Այվազյան Ա. 1724 թ. Երևանի պաշտպանությունը հայ ազատագրական շարժման և պարսից իշխանությունների հարաբերությունների թնջուկում, էջ 52-53. հմմտ. Նույնի՝ Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրության մասին, էջ 95-100. Նույնի՝ Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում, էջ 198-228։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

ПРОТИВ ИСКАЖЕНИЯ ИСТОРИИ ГЕРОИЧЕСКОЙ ОБОРОНЫ ЕРЕВАНА В 1724 ГОДУ
А. М. АЙВАЗЯН, канд. ист. наук, док. пол. наук
Резюме

В критической рецензии подвергается анализу статья доктора исторических наук А. С. Егиазаряна «Самооборона Еревана в 1724 году» («Вопросы арменоведения», 2022, № 2, с. 5575). Делается вывод о том, что попытка автора впервые вступить в область исторических исследований 20-х годов XVIII века не сопровождалась должной источниковедческой, историографической и методологической подготовкой и именно по этой причине полностью провалилась. Все предложенные им изменения и «нововведения» по истории обороны Еревана в 1724 г. безосновательны и неверны. Особенно огорчает то, что, взяв на себя весьма ответственную задачу (в 2024 г. исполняется 300-летие этого знаменательного события), А. Егиазарян не овладел в необходимом объеме и на надлежащем уровне релевантными историографическими источниками и научной литературой: не усвоенными остались даже использованные им материалы. Применяемая в рецензируемой статье методология неисторична, выдвигаемые «обоснования» — произвольны, выводы — ошибочны и нелогичны.
Озадачивает, как полная ошибок статья А. Егиазаряна не только была опубликована, но и заранее получила финансовую поддержку Комитета по науке Министерства образования, науки, культуры и спорта РА (особенно если принять во внимание тот факт, что истец ни по каким меркам не может считаться специалистом рассматриваемого периода). В данном случае Комитет науки РА и редакция журнала «Вопросы арменоведения» вместе с назначенными ими экспертами и рецензентами оказались, мягко говоря, не на высоте.
Настоящая рецензия позволяет нам вновь подтвердить хронологию обороны Еревана и связанных с ней событий 1724 года в соответствии с нашими предыдущими исследованиями. Османская армия начала осаду Еревана 24 июня 1724 г. 26 июня турки захватили некоторые прилегающие к крепости предместья Еревана. Большая часть армян сконцентрировалась в имеющих выгодное оборонительное расположение предместьях Еревана Дзорагюх и Конд. Осада «города» (т.е. этих кварталов) и крепости велась одновременно. В защите «города» по приказу Ереванского хана участвовали также немногочисленные мусульмане Еревана, однако 14 августа — в день, когда турецкие, войска начали очередной штурм — они покинули свои позиции и укрылись в крепости. С этого дня оборону Дзорагюха и Конда осуществляли только армяне, успешно отразившие как этот пятидневный приступ (18 августа), так и последующую яростную атаку янычар на Конд (между 19 и 24 августа). 8 сентября 1724 г. с подходом новых крупных подкреплений город был полностью захвачен турками. Бои с находящимся в крепости персидским гарнизоном продолжались до 16 сентября. Начавшиеся в этот день переговоры завершились капитуляцией крепости 23 сентября 1724 г. (все даты приводятся по юлианскому календарю).
Ключевые слова: оборона Еревана, 1724 год, позднесредневековый город, предместье, крепость, Дзорагюх, Конд, Карби, Абраам Ереванци, армянское ополчение, дилетантизм, искажение истории.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история

Сообщение Lion »

AGAINST HISTORICAL DISTORTION OF THE EPIC DEFENSE OF YEREVAN IN 1724
A. M. AYVAZYAN, PhD (History) and D.Sc. (Political Science)
Abstract

The critical review analyzes the article by A. S. Yeghiazaryan, titled “The Self-Defense of Yerevan in 1724” (Issues of Armenian Studies, 2022, No. 2, pp. 55-75). It is concluded that A. Yeghiazaryan's attempt to enter, for the first time, the field of historical research of the 1720s has utterly failed, because it is not accompanied by a proper source study and historiographical preparation, as well as lacks an adequate methodological preparation. All the changes and “innovations” proposed in the reviewed article on the history of the defense of Yerevan are baseless and incorrect. It is particularly disappointing that, having taken on a very responsible task (in 2024, the 300th anniversary of this significant event will be celebrated), Yeghiazaryan has failed to master the relevant historiographic sources and literature sufficiently, including the materials that he has used and cited. The methodology utilized in his article is unhistorical, the “validations” he puts forward are arbitrary, the conclusions are erroneous and illogical.
It is baffling how A. Yeghiazaryan's deeply flawed piece was not only published, but also received in advance a financial support from the Science Committee of the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia (especially if we take into account the fact that the applicant cannot by any means or standards be considered a specialist of the period under consideration). In this case, the Committee of Science of the Republic of Armenia and the editors of the journal “Armenian Studies Issues”, together with the experts and reviewers appointed by them, were, to put it mildly, not up to par.
This review allows us to re-confirm the chronology of the defense of Yerevan and related events in 1724 in accordance with and as established in our previous studies.
The Ottoman army began the siege of Yerevan on June 24, 1724. On June 26, the Turks captured some of the suburbs of Yerevan adjacent to the fortress. The majority of the Armenian population of the city and the eight surrounding villages concentrated in Dzoragyugh and Kond, the then suburbs of Yerevan, which had an advantageous defensive position. The siege of the “city” (i.e. these suburbs) and the fortress was conducted simultaneously. On the orders of the Yerevan Khan, a few Muslims of Yerevan also participated in the defense of the “city”, but on August 14 — the day the Turkish troops launched another assault — they left their positions and took refuge in the fortress. From that day on, the defense of Dzoragyugh and Kond was carried out by the Armenians only, who successfully repelled both this five-day attack (August 18) and the subsequent furious attack of the Janissaries on Kond (between August 19 and 24). On September 8, 1724, with the approach of large new reinforcements, the city was completely captured by the Turks. The fighting with the Persian garrison in the fortress continued until September 16. The negotiations that began on that day ended with the surrender of the fortress on September 23, 1724 (all dates are mentioned according to Julian calendar).
Keywords: defense of Yerevan, 1724, late medieval city, suburb, fortress, Dzoragyugh, Kond, Karbi, Abraham Yerevantsi, Armenian militia, dilettantism, distortion of history.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36823
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ереван: Новая история старого города...

Сообщение Lion »

Врешь, Ризван, вот здесь ты врешь как последный подонок:

16:25 - До XVI века понятие Ереван и города не было - Смотрим у Ованнес Драсханакертци: "В то время, говорят, шла битва около /53/ кахакагюха Ереван; об обстоятельствах той войны тебе достаточно сообщают те, что описали ее прежде нас 267."

267. Битва у Еревана датируется январем 703 г. Ереван был захвачен арабским остиканом Мухаммадом иби Марваном. (См.: Дарбинян-Меликян М. Замечания к «Истории» Иованнеса Драсханакертци. ИФЖ. Ер„ 1981. 3, с. 155—158. на арм. яз.».

Смотрим так же и у Себоса: "При наступлении следующего года прибыло войско Исмаильтян в Атрпатакан и разделилось на три части. Один отряд (направился) в Айрарат; другой — в страну собственного полка 209, третий в Агванию. Те, которые были в стране собственного полка, рассеялись для набегов, и, предав все те страны лезвию меча, взяли пленных и добычу. Пришли, собрались у Эривани, бились с крепостью, но не могли взять ее".

И наконец добавим, что про Ереван под 660 годом так же говорит и Самвел Анеци. Относительно средневекового Еревана до XVI века знают и многие другие армянские историки.


Ризван, ты или неучь, или фальсификатор и манипулятор. Скорее второй и третий.
Приходите в мой дом...
Ответить