9 апрель 2026г.
Իրանական «հաղթանակի» հակառակ կողմը. խորհուրդ է տրվում կարդալ հատկապես հարգելի իրանասերներին...
Ենթադրենք, թեկուզ մեկ պահ ենթադրենք՝ թեև դա քիչ հավանական է, բայց
ԵՆԹԱԴՐԵՆՔ, որ կայուն պայմանավորվածությունները կպահպանվեն, Հորմուզի նեղուցը կմնա Իրանի վերահսկողության ներքո և աշխարհում բոլորը կգան այն եզրակացության, որ Թրամփը պարտվել է իր պատերազմում։ Հե՞տո։ ԱՄՆ դեպքում պարզ է, կշարունակեն տիրել աշխարհին, իսկ Իրանի դեպքո՞ւմ ինչ կլինի...
Այս կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ Իրանը ցանկացած դեպքում մտնելու է
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ և
ՍՈՒՐ ՓՈՒԼ։ Վառելիքի հետ կապված իրավիճակը, որն արդեն դարձել էր զանգվածային բողոքների խթան, ավելի կվատթարանա։ Բյուջետային վճարումները կդժվարանան։ Ազգային արժույթը կշարունակի արժեզրկվել, իսկ գները՝ աճել։ Նույնիսկ եթե Թեհրանին հաջողվի ստանալ բաղձալի 2 միլիոն դոլարը Հորմուզի նեղուցով անցնող նավերի մի մասից (!), դա չի փրկի տնտեսությունը, որը նույնիսկ պատերազմից առաջ գտնվում էր ծանր վիճակում։ Ավելին՝ ազատվող ռեսուրսները հիմնականում կուղղվեն ռազմական ներուժի վերականգնմանը։
Իրենց հերթին, Պարսից ծոցի միապետությունները այսուհետ Իսլամական Հանրապետությանը կդիտարկեն որպես
ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀՍՏԱԿ ՍՊԱՌՆԱԼԻՔ։ «Բարդ գործընկերության» ձևաչափին վերադարձը այլևս հնարավոր չէ։ Սա ենթադրում է ոչ միայն Արաբական թերակղզու արագացված ռազմականացում, ինչի վրա ԱՄՆ-ը լավ փող կաշխատի, և Իսրայելի հետ ռազմավարական կապերի ամրապնդում, այլև՝ ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում սեփական միջուկային զենք ստեղծելու նպատակահարմարության շուրջ քննարկումների վերակենդանացում։ Որպես հավելյալ հետևանք՝ Թեհրանը կկորցնի «շեյխերի» միջոցով պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը։
Այլ խնդիր է այն, որ Իրանը կանգնելու է նաև
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ։ Պատերազմի պայմաններում կառավարելը հաճախ ավելի հեշտ է, քան փխրուն խաղաղության պայմաններում։ Իրանի պարագայում սա հատկապես արդիական է, քանի որ վերջին շաբաթներին մի շարք բարձր կարգավիճակ ունեցող և շահավետ պաշտոններ ընկալվում էին գրեթե որպես «մահվան դատապարտվածների» համար նախատեսված դիրքեր ու մարդիկ դրանց այնքան էլ չէին ձգտում։ Այժմ, սակայն, երբ այս ընկալումը մարի, ներհամակարգային հակասությունները կսկսեն ավելի և անհամեմատ արագ սրվել, քանի որ կա իշխանության վերին պաշտոնների լուրջ դատարկություն: Այս պայմաններում «իսրայելական լրտեսների որսը», կամ այլ կերպ ասած՝ դրա անվան տակ հակառակորդների ոչնչացման գործընթացը, գրեթե անխուսափելի է, իսկ դա ներքին լրջագույն բախումների կբերի հենց իշխող իսկ ուժի շարքերում։
Լուրջ խնդիր կարող է դառնալ նաև
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ ԴԵՐԻ ԿՏՐՈՒԿ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ, որը ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ցույց տվեց բարձր արդյունավետություն։ Եթե մինչ պատերազմը Կորպուսը կարելի էր բնութագրել որպես «պետություն պետության մեջ», ապա այժմ նրա ազդեցությունն ու հավակնությունները զգալիորեն աճել են։ Տարբեր գնահատականներով՝ այն նախկինում վերահսկում էր Իրանի ՀՆԱ-ի քառորդից մինչև կեսը, և առաջիկայում այդ ցուցանիշը անխուսափելիորեն կաճի՝ խորացնելով արդեն առկա տնտեսական խնդիրները։ Սա նշանակում է ռազմականացման հետագա խորացում, իսկ ընդհանուր կանոնն այն է, որ եթե զենքը անմիջական տնտեսական օգուտ չի բերում (օրինակ՝ հաջող պատերազմի և, լայն իմաստով, թալանի հաշվին), ապա այն ծանր բեռի պես նստում է տնտեսության վրա՝ այն ավելի ու ավելի ներքև քաշելով։
Եվ վերջապես նշենք, որ
ՆՈՐ ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎՍ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ։ Իրանում կան տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք անկեղծորեն մերժում են Իսլամական Հանրապետությունը և համոզված են, որ այն երկիրը
ՏԱՐԵԼ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ։ Այս մասին բազմիցս խոսել եմ հենց ինքս։ Սա ոչ ամերիկյան և ոչ էլ իսրայելական քարոզչություն է, այլ՝ օբյեկտիվ իրականություն։ Թեև Թրամփի «քարե դարի» և «իրանական քաղաքակրթության ոչնչացման» մասին անխոհեմ հայտարարությունները նպաստեցին, որ իրանցիների մեծ մասը համախմբվի իշխանության շուրջ, այդ համախմբումը կարճաժամկետ բնույթ ունի։ Նույնիսկ 12-օրյա պատերազմի ընթացքում ընդդիմադիր տրամադրված շատ իրանցիներ միավորվեցին ազգային դրոշի շուրջ, սակայն դա չխանգարեց, որ արդեն 2026 թվականի հունվարին նրանք ժամանակավորապես լուրջ սպառնալիք ստեղծեն այաթոլլաների իշխանության համար։ Նման իրավիճակ կարող է կրկնվել։
Եվ այսպես,
ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՆԱՍԵՐՆԵՐԻ համարենք, որ Իսլամական Հանրապետությունը հաղթեց, հաղթեց պարզապես այն պատճառով, որ... կարողացավ դիմակայել։ Մարտն ավարտված է՝ ի՞նչ հետո։ Իսկ հետո այն, որ երկրի առջև կրկին ամբողջ ծանրությամբ կանգնելու են նախկին խնդիրները, որոնց մի մասը ավելի կխորանա։ Դրանց կողքին կհայտնվեն նաև նորերը։ Եթե ընդունենք, որ Իրանը հաղթեց, ապա դա ընդամենը բերեց նրան, որը Իրանն ավելի մեծ եռանդով կգնա իր ընտրած
ՍԽԱԼ ուղով, երբ քաղաքակրթական ճգնաժամը ավելի կխորանա, իսկ դա հետագայում միայն ավելի կծանրացնի իրավիճակը:
Կրկնում եմ և
ՏԱԼԻՍ ԲԱՆԱԼԻՆ՝ գոնե իմ պատկերացմամբ - Իրանը գտնվում է քաղաքակրթական ճգնաժամի մեջ և իրական հաղթանակը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ճգնաժամից ելք գտնվի...

- 1.jpg (30.52 КБ) 17 просмотров