Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ուժերը, մ.թ.ա. 2232 թվականին Նարամ-Սուենն իր ավելի քան 100.000 հոգանոց բանակով հարձակման անցավ արդեն Կորճայքի արևմտյան գավառների ուղղությամբ։ Ազուխինումի մոտ տեղի ունեցած ճակատամարտը հայերի համար անհաջող ելք ունեցավ1, բայց դրան կարճ ժամանակ հետո հաջորդած Տավրի ճակատամարտում, որը տեղի ունեցավ ինչ-որ տեղ հետագա Մոկք նահանգի տարածքում, հայերը կարողացան ծանր կորուստներ պատճառել հակառակորդին և ստիպել վերջինիս հեռանալ իրենց լեռներից2։ Փաստորեն մի քանի տարվա ընթացքում ձեռնարկած ուղղակի հարձակումները աքքադցիներին ոչ մի էական ռազմաքաղաքական առավելություն չապահովեցին, դրա համար էլ Նարամ-Սուենը որոշեց մի վերջին և վճռական հարված հասցնել։
Արդյունքում՝ կենտրոնացնելով բավականին ազդու մի բանակ, մ.թ.ա. 2231 թվականին Նարամ-Սուենը հարվածը կրկին ուղղեց ըստ իրեն Հայաստանի առավել անպաշտպան հատվածի ուղղությամբ՝ դեպի Աղձնիք և Ծոփք նահանգների տարածքներ։ Որպես հետևանք այս ամենի՝ Հաշտեանք գավառի տարածքում գտնվող Շենամինդայի դաշտում խոշոր մի ճակատամարտ տեղի ունեցավ, որը վճռական առավելություն չտվեց կողմերից և ոչ մեկին, սակայն որի արդյունքում Հայկական բանակը, մշտական հարվածի տակ պահելով հակառակորդին, աստիճանաբար սկսեց նահանջել դեպի արևելք3։ Միաժամանակ, սակայն, այս ընթացքում հայերը հակառակորդի համար մի մեծ անակնկալ էին պատրաստել, որի մասին արժե, թերևս, մի քիչ մանրամասն խոսել։
Միջագետքին արևելքից սահմանակից Զագրոսյան լեռներում, ինչպես նաև հետագա Ատրպատականի տարածքում մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ապրում էին մեծաքանակ լեռնական վայրենի տարաբնույթ ցեղեր, որոնք աչքի էին ընկնում իրենց խիստ ռազմունակությամբ, բայց միաժամանակ նաև՝ անկազմակերպ և ցեղային բնույթով։ Այս ցեղերին ընդունված էր մի ընդհանրական անունով կոչել լուլլուբեներ, որը, թարգմանած իր ժամանակի աքքադերենից, ընդհանուր իմաստով հավասար է հետագա հունահռոմեական աղբյուրների «բարբարոս» տերմինին։ Այլ անուն այս տարացեղ զանգվածին կոչելու համար չկա և մենք ևս կկիրառենք այս տերմինը։ Եվ այսպես լուլլուբեները, չունենալով մի որևէ հստակ քաղաքական գիծ և այս առումով մեծապես կրկնելով հետագա քրդերին, իսկ ինչ-որ տեղ էլ նույնիսկ հանդիսանալով նրանց ֆիզիկական նախնիները, մեծ քանակություններով վարձկան ծառայություն էին իրականացնում Հյուսիսային Միջագետքի ու Ասորիքի, ինչպես նաև Փոքր Ասիայի արևելքի ամենատարբեր մեծ և փոքր պետական միավորներում։ Ստացվել էր այնպես, սակայն, որ մեր նկարագրած դեպքերից մի քանի տարի առաջ Նարամ-Սուենը որոշակի պատժիչ գործողություններ էր իրականացրել լուլլուբեների հարազատ լեռներում և այնտեղ ոչ քիչ արյուն էր թափել՝ դրանով իսկ իր դեմ հանելով այս կատաղի վայրենիներին։ Հենց վերջին հանգամանքից էլ ճարպկորեն օգտվեցին հայերը, որոնց հաջողվեց աքքադական ընդհանուր թշնամու դեմ Նարամ-Սուենի համար ոչ միայն լիովին աննկատ մի լայնարձակ համադաշնություն ստեղծել, այլև վերջինիս ուժերը շարժման մեջ դնել օպերատիվ լիակատար անակնկալի պայմաններում։
Եվ այսպես Աքքադի թագավորության բանակը, փորձելով զարգացնել Շենամինդայի դաշտում ձեռք բերած հաջողությունը, սկսեց հետապնդել Հայկական բանակին, սակայն հենց այդ ժամանակ էլ Նարամ-Սուենը տեղեկացավ հայերի ու նրանց միացած լուլլուբեների խոշոր ուժերի մոտենալու մասին, ուժեր, որոնց ընդհանուր ղեկավարումն իրականացնումն էր վարձկանների առաջնորդ Անուբանին։ Ավելին, շուտով պարզվեց, որ հայերն և այլ տեղացիներ, ուժերի ծայրահեղ լարումի պայմաններում զենքի տակ դնելով ում հնարավոր է, Նարամ-Սուենի դեմ էին շարժել 360.000 հոգանոց իրոք հսկայական մի բանակ, ինչը Աքքադի տիրակալի համար միանգամից աղետալի մի դրություն էր ստեղծել։ Արդյունքում՝ հայերի, այլ տեղացիների և լուլլուբեների միացյալ բանակը, անկազմակերպ ձևով ասպատակելով արշավելով Փոքր Հայք-Մինչեփրատյան Ծոփք-Արածանիի հովտով-Տուրուբերան-Վասպուրական-Կորճայք-Էլամ երթուղով, անմիջական սպառնալիք առաջացրեց բուն Միջագետքի համար4։ Այդ ընթացքում սրընթաց կերպով հետ քաշված Նարամ-Սուենն իր հերթին, չհասցնելով կենտրոնացնել բոլոր ուժերը, հազիվ հավաքեց
_________________________
1 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրություններից:
2 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
3 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
4 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:

46
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

120.000 հոգանոց մի բանակ և այն ուղարկեց թշնամիների դեմ։ Արդյունքում՝ ինչ-որ տեղ Միջագետքում մի խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ Աքքադի թագավորության բանակը ծանր պարտություն կրեց1։
Հաջորդ տարիները էականորեն չփոխեցին իրավիճակը, քանզի մ.թ.ա. 2230 թվականին Անուբանիի դաշնակցային բանակը ջախջախեց Աքքադի 90.000 հոգանոց2, իսկ մյուս տարի էլ՝ 60.700 հոգանոց3 ևս երկու բանակներ։ Սեմիտների պարտությունը կատարյալ էր, ընդ որում նրանք մարդկային այնպիսի ծանր կորուստներ էին կրել, որ Աքքադի թագավորության ռազմական ակտիվությունը լրջորեն սահմանափակվեց։ Առկա տվյալները մեզ հնարավորություն չեն տալիս հետևել Անուբանիի և նրա բանակի հետագա ճակատագրին, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ այդ մեծ հաղթանակներից հետո Անուբանին այս կամ այն պատճառով հեռացել է քաղաքական թատերաբեմից, իսկ նրա դաշնակցային բանակն էլ ցրվել է։ Այսպիսով, թեև հայերին չհաջողվեց ոչնչացնել Աքքադի թագավորությունն և նրանից բխող ռազմական սպառնալիքը, սակայն Արատտայի քրմապետությունը այնուհանդերձ ազատագրեց Աքքադի կողմից մինչ այդ գրավված իր բոլոր տարածքները ու ամբողջացրեց սեփական սահմանները, իսկ Աքքադի թագավորությունն էլ թուլացավ և զրկվեց մի շարք տիրույթներից։

Գլուխ 16
Հայկական Առաջին գերիշխանությունը

Տեղի ունեցած ահեղ մարտերը, ինչպես ասվեց, թեև հայկական կողմին վերջնական հաղթանակ չբերեցին, բայց այնուհանդերձ մեծապես սահմանափակեցին Աքքադի պետության և Նարամ-Սուենի ինչպես նվաճողական ձգտումները, այնպես էլ ցանկությունը՝ հետագայում ևս ոտնձգություն իրականացնել հայերի նկատմամբ։ Հետագա տասնամյակներն անցան որոշակիորեն խաղաղ և առավելագույնը, որին ռազմաքաղաքական ոլորտում Աքքադի թագավորության տիրակալը հասավ, դա Էլամի արքա Կուտիկ-Ինշուշինակի (մ.թ.ա. մոտ 2260-2175) հետ դաշինքն էր, որն ուղղված էր լինելու երկու երկրների արտաքին թշնամիների ու հատկապես հայերի դեմ։ Այս ընթացքում Արատտայի քրմապետությունում իշխանության ղեկին էր գտնվում Մեծ քուրմ Թախիշաթալը (մ.թ.ա. մոտ 2233-2232), որին հաջորդեց Մադակ-Անին (մ.թ.ա. մոտ 2232-2205)։ Մ.թ.ա. 2205 թվականին, իր դիրքերը այնուհանդերձ համարելով արդեն բավականին ամրապնդված, Նարամ-Սուենը, դաշնակցած էլամցիների հետ, կրկին վերսկսեց ռազմական գործողությունները հայերի դեմ, ընդ որում պատերազմի ձևական առիթը այս անգամ, կարծես թե, այլ էր։
Բանն այն էր, որ Հյուսիսային Միջագետքում գտնվող Սիմմուրում երկրի կառավարիչ Բաբան ապստամբել էր Աքքադի թագավորության դեմ և այս ընթացքում ստացել էր Արատտայի քրմապետության աջակցությունը։ Արդյունքում՝ ինչ-որ տեղ Մեծ ու Փոքր Զաբ գետերի հովտում՝ Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի հարավային լեռնաշղթաների մոտակայքում գտնվող Կիրաշենիվեի դաշտում, տեղի ունեցավ բավականին խոշոր մի ճակատամարտ, որտեղ Արատտայի քրմապետության և Սիմմուրումի իշխանության միացյալ բանակը պարտություն կրեց, իսկ Բաբան, ինչպես նաև Արատտայի կառավարիչ ու բանակի հրամանատար Դավուլն էլ գերվեցին4։ Գրեթե միաժամանակ հարձակման անցան նաև էլամցիները, որոնք Կուտիկ-Ինշուշինակի գլխավորությամբ ներխուժեցին Կորճայք, սակայն տեղական մարտերից հետո նահանջեցին5։ Զարգացող իրադարձություններում հաջողությունները հայերի կողմում չէին, սակայն ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։
Մեր նկարագրած իրադարձություններից հենց հետո Հայաստանում քաղաքական ասպարեզից հեռացավ Մադակ-Անին և նրան հաջորդեց Էրիդապիզիրը (մ.թ.ա. մոտ 2205 - ուղ. 2199), որին էլ հենց վիճակված էր լինելու վերջակետ դնել Աքքադի թագավորության հետ արդեն մեկ դարից ավել շարունակվող հակամարտությանը և սանձել սեմիտական այդ առաջին
_________________________
1 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
2 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
3 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրությունից:
4 Նարամ-Սուենին վերագրվող արձանագրություններից:
5 Կուտիկ-Ինշուշինակին վերագրվող արձանագրությունից:

47
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Հարկ է նշել, սակայն, որ Էրիդապիզիրի օգտին եղան նաև որոշ ներքին զարգացումներ, որոնք տեղի ունեցան Միջագետքում։
Բանն այն էր, որ Նարամ-Սուենը, ձգտելով ամեն կերպ վերջնականապես խեղդել շումերական դիմադրության մնացորդները, իրականացնում էր տեղացի շումերներին ամեն կերպ ճնշելու դաժան մի քաղաքականություն՝ ոչ մի կերպ հաշվի չնստելով մի քանի հարյուրամյակ գոյություն ունեցող այդ քաղաքակրթության ներկայացուցիչների շահերի ու հետաքրքրությունների հետ և ամեն կերպ առաջ մղելով Արաբական թերակղզու սեմիտների շահերը։ Իր հերթին Նարամ-Սուենի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը լուրջ սպառնալիք էր հանդիսանում նրա բոլոր հարևանների համար, իսկ ներքին բռնատիրական վարչարարությունն էլ իր իսկ երկրում խորը դժգոհություն էր առաջացրել, որն ամեն պահի պատրաստ էր պայթել։ Հուժկու այդ ներքին պայթյունի համար միայն առիթն էր պակասում և այն շատ չուշացավ։ Եվ այսպես, այն բանից հետո, երբ Նիպպուրը գրաված Աքքադի թագավորության արքան, կատարելով չլսված մի սրբապղծություն, իրեն աստված հռչակեց, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայի քրմապետությունից, որին ևս պետք էր իր վաղեմի թշնամու տապալումը։
Հարկ է նշել, որ Արատտայի քրմապետության հնարավոր ռազմական հաջողությանը մեծապես կարող էր նպաստել նաև այն հանգամանքը, որ նույն այդ ժամանակաշրջանում այստեղ արդեն որոշ ժամանակից ի վեր սկսել էին վարժեցնել վայրի ձիերին և օգտագործել դրանց ռազմական նպատակներով։ Փաստորեն աշխարհում առաջին անգամ ստեղծվեց հեծելազոր զորատեսակը, ինչը հսկայական օպերատիվ, մարտավարական և նույնիսկ հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

2200 – Նիպպուրի ճ-մ (Եփրատի ձախ ափին, Պարսից ծոցից մոտ 400 կմ հյուսիս-արևմուտք)

Արձագանքելով Միջագետքի ապստամբների խնդրանքին՝ Էրիդապիզիրի գլխավորած Արատտայի քրմապետության բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ), չհանդիպելով էական դիմադրության, սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը Աքքադի թագավորության բանակը (մոտ 120.000) կենտրոնացրեց քաղաքի շրջակայքում և Հայկական բանակի մոտենալուն պես վերջինս մարտակարգ ընդունեց:
I փուլ – Հայոց այրուձին անցավ վճռական հարձակման և պարտության մատնեց թշնամու բանակին, ընդ որում թշնամու բանակի ռազմիկները, առաջին անգամ ընդհարվելով այրուձիու հետ, խուճապի մատնվեցին և, ենթարկվելով վերջինիս հուժկու հարվածներին, առանց լուրջ դիմադրության դիմեցին փախուստի:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց: Մարտում ընկավ նաև Նարամ-Սուենը:
Հայերը կորցին մոտ 4.000, թշնամին` մոտ 30.000 զինվոր:

Հենց նոր ավարտված ճակատամարտը հսկայական քաղաքական հետևանքներ ունեցավ։ Արդյունքում՝ Աքքադի թագավորությունը, ըստ էության, դադարելով իրենից տարածաշրջանային որևէ ուժ ներկայացնել, առժամանակ պարփակվեց Հարավային Միջագետքում, իսկ Միջագետքի հիմնական մասը, ինչպես նաև Սիմուրումի իշխանության և Լուլլուբիի տարածքներն ընկան Արատտայի քրմապետության գերիշխանության տակ։ Ստեղծվեց Հայկական Առաջին գերիշխանությունը, որը տևեց 91 տարի և 40 օր։
Այսպիսով` մ.թ.ա. 2200 թվականին, առաջին անգամն իրենց պատմության մեջ, հայերը ստեղծեցին մի իրավիճակ, երբ նրանց պետությունը բարձրացավ, ըստ էության, տերության
_________________________
1 Այս ճակատամարտի աղբյուր է հանդիսացել «Աքքադի նզովքը» շումերական բնագիրը, որի այլաբանական և գեղարվեստական-չափածո բնույթի պատճառով այն այստեղ բերելը ես հարմար չեմ համարում: Համառոտ միայն նշենք, որ բնագրում պատմվում է Միջագետքում և ողջ Նիպպուրում Նարամ-Սուենի իրականացրած բռնությունների ու «կուտիներ»-ի կողմից վերջինիս գլխովին ջախջախման մասին:
48
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

մակարդակի՝ իր գերիշխանությունը հաստատելով հարևան երկրների նկատմամբ։ Հարկ է, սակայն, հատկապես ընդգծել, որ, ըստ միջագետքյան իսկ աղբյուրների վստահեցումների, Հայկական Առաջին գերիշխանությունը, ազատագրելով Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից, փոխարենը չհաստատեց սեփական բռնապետությունը, այլ վերականգնեց հին կարգերը։
Իրոք, որպես ազատարար հայտնված Արատտայի քրմապետությունը չդարձավ բռնությամբ տիրող ու, թեև Միջագետքը ենթարկվում էր Արատտայի քրմապետությանը և հարկ էր վճարում, սակայն միաժամանակ այն նաև ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ներքին ինքնավարություն՝ կառավարիչներ, որոնք կառավարում էին հստակ որոշված ժամկետներում, այն դեպքում, երբ Միջագետքում մնացած Հայկական զինված ուժերը կատարում էին բնակչության անվտանգության պահպանման և խաղաղապահ գործառույթներ։ Քննարկվող ժամանակաշրջանում Միջագետքում, ինչպես հավանական է նաև Արատտայում իշխած քրմերի ցանկը հետևյալն է՝ Իտա (մ.թ.ա. 2199-2196), Ինկեշուշ (մ.թ.ա. 2196-2190), Սարլագաբ (մ.թ.ա. 2190-2184), Շուլմե (մ.թ.ա. 2184-2178), Էլուլումեշ (մ.թ.ա. 2178-2172), Ինիմագաբեշ (մ.թ.ա. 2172-2167), Իգեշաուշ (մ.թ.ա. 2167-2161), Իարլագաբ (մ.թ.ա. 2161-2146), Իբատ (մ.թ.ա. 2146-2143), Իարլանգաբ (մ.թ.ա. 2143-2140), Կուրում (մ.թ.ա. 2140-2139), Խաբիլկին (մ.թ.ա. 2139-2136), Լաերաբում (մ.թ.ա. 2136-2134), Արարում (մ.թ.ա. 2134-2132), Խաբլում (մ.թ.ա. 2132-2129), Պուզուր-որդի (մ.թ.ա. 2129-2122), Իարլագանդա (մ.թ.ա. 2122-2115) և Սիում (մ.թ.ա. 2115-2109)։

Գլուխ 17
Շումերական վերածնունդը և վերջնական անկումը


Այսպիսով` փաստորեն սկիզբ առավ շումերական վերածննդի մի դարաշրջան, երբ շումերական քաղաքակրթությունը, մինչև վերջնականապես վերանալը, մի վերջին անգամ ուղղեց մեջքը։ Միաժամանակ պետք է հատուկ նշել, սակայն, որ արդեն այստեղ սկսվեց այն բացասական գործընթացը, որը հետագայում իր զարգացումը ստացավ և բարձրակետին հասավ արիական արշավանքների ժամանակ։ Խոսքն այն մասին է, որ, թեկուզ և դրական առաքելություն կատարելու պատճառով, Հայաստանը զրկվում էր իր առողջ, ստեղծարար ու երիտասարդ ուժից, քանի որ այլ տարածքներում տեղակայված կայազորների զինվորները հիմնականում մերվում էին տեղական բնակչության հետ և հետագայում, թեև շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, կորցնում էին իրենց ազգային դիմագիծը։ Արդյունքում՝ հիշատակված տարածքի բնակչությունը գենետիկորեն և մշակութային տեսանկյունից ուժեղանում ու զարգանում էր, իսկ Հայաստանը մարդկային ստեղծագործական առողջ ռեսուրսի կորստի պատճառով թուլանում էր։
Այսպես թե այնպես, սակայն մ.թ.ա. գրեթե ողջ XXII դարն անցավ հայկական գերիշխանության ներքո։ Աքքադի երբեմնի հզոր թագավորության մնացորդները, այժմ կծկված Հարավային Միջագետքում, մ.թ.ա. 2190 1 և 2184 2 թվականների Աքքադի թագավորության հերթական արքա Շարկալաշիրի (մ.թ.ա. 2200-2176) գլխավորությամբ երկու անգամ փորձեցին փոխել իրերի առկա դրությունը, սակայն սկզբնական որոշ հաջողություններից հետո վերջնական հաջողության այդպես էլ չհասան, իսկ մ.թ.ա. 2176 թվականին էլ, կարծես թե, ձանձրացած այդ ամենից, շարժի մեջ մտան Հայկական բանակի խոշոր ուժեր և վերջնականապես վերջ տվեցին Աքքադի թագավորությանը, ընդ որում Շարկալաշիրը սպանվեց3։ Վերջ, այդուհետ Աքքադ պետություն այլևս չկար։ Այդ ժամանակ էր նաև, որ հայերը իրենց ենթարկեցրին նաև Էլամի թագավորությունը։ Արդյունքում՝ վերջնականապես ձևավորվեց Հայկական Առաջին գերիշխանությունը, որն ընդգրկում էր ողջ Միջագետքը և Ասորիքը՝ Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց։ Միջագետքում և հարակից երկրներում հաստատված խաղաղությունն ու անդորրը իր հերթին թույլ տվեց շումերական քաղաքակրթությանը, ազատված սեմիտական
_________________________
1 Լագաշից գտնված արձանագրությունից:
2 Լագաշից գտնված արձանագրությունից:
3 Այս իրադարձության ամրագրման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Էլամի թագավորության արքա Կուտիկ-Ինշուշինակից հետո Էլամի թագավորության արքայացանկը ընդհատվում է, այսինքն` Էլամի անկախ պետությունն իր վերջն է գտնում: Այսպիսով՝ հավանական է կարծել, որ այն նվաճվել է Միջագետքին տիրած հայերի կողմից:

49
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

բռնակալությունից, վերածնվել։ Իրոք, դատելով մեզ հասած տեղեկություններից, Հայկական Առաջին գերիշխանությունը խիստ օգտակար և արգասաբեր է եղել Միջագետքի համար՝ արտաքին վտանգը բացակայում էր, դրսի իշխանությունն այնքան էլ զգալի չէր և բոլոր հիմքերը կային կայուն զարգացման համար։
Պատմական օրինաչափություններից մեկն այն է, սակայն, որ տեղական ուժերի զարգացումը ի վերջո բերում է նրան, որ ցանկություն է առաջանում տեղից դուրս մղել արտաքին ուժերին ու այս անգամը ևս բացառություն չեղավ, այնպես որ ինչ-որ տեղ մ.թ.ա. XXII դարի վերջերին տեղացիներին սկսեց թվալ, թե հայերի իշխանությունն իրենց տարածքում արդեն ավելորդ է։ Արդյունքում՝ Միջագետքում սկիզբ առավ հակահայկական մի շարժում, որին կոչված էր վերջ դնելու Հայկական Առաջին գերիշխանությանը։
Մ.թ.ա. 2109 թվականին, իրար բերելով առկա ուժերը, ապստամբած և տեղական ուժերը հավաքած Ուրուկի լուգալ Ութուխենգալի (մ.թ.ա. 2116-2104) գլխավորած շումերների բանակը հենց Ուրուկի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում էլ հաղթեց Արատտայի Մեծ քուրմ Տիգրանի (մ.թ.ա. 2109-2108) գլխավորած Արատտայի քրմապետության բանակին1։ Տիգրանը փորձեց պատսպարվել Դուբրում քաղաքում, բայց կարճ ժամանակ անց, հավանաբար արդեն մ.թ.ա. 2108 թվականի սկզբներին, վերջինիս ուխտադրժորեն գերեցին և հանձնեցին Ութուխենգալին, որը մահապատժի ենթարկեց Մեծ քրմին ու նրա ընտանիքի անդամներին։ Այսպիսով` Հայկական Առաջին գերիշխանությունը իր ավարտը գտավ և Հայաստանը կրկին պարփակվեց լեռներում։ Ութուխենգալի իշխանությունը, սակայն, կարճ տևեց։
Մ.թ.ա. 2104 թվականին Ուրի երրորդ գահատոհմի տիրակալ Ուր-Նամուն (մ.թ.ա. 2112-2093) կարողացավ կազմակերպել Ութուխենգալի սպանությունը և արդեն Ուրի գերիշխանության տակ միավորել ողջ Միջագետքը։ Դրանից հետո, սակայն, հաջողությունից արբեցած Ուրի տիրակալները սկսեցին առաջնորդվել աքքադական արքաների բացասական ավանդույթներով՝ ոչ միայն հաստատելով նախկինի նման մի բռնապետություն, այլև բազմիցս պատերազմելով հարևան երկրների, այդ թվում նաև Հայաստանի դեմ։
Ուր-Նամուի օրոք Ուրի տերությունը վերջնականապես կազմավորվեց, իսկ նրա որդի Շուլգիի (մ.թ.ա. 2093-2048) երկարատև կառավարման տարիներին էլ այն բռնեց նվաճումների ուղին և հասավ իր զարգացման գագաթնակետին։ Հենց այս արքայի օրոք էր, որ շումերները մ.թ.ա. 2067 2 և 2045 3 թվականներին երկու անգամ հարձակվեցին Հայաստանի հարավային սահմանների վրա, սակայն հետագա Կորճայքի տարածքում տեղի ունեցած մարտերում Ուրի տերության բանակը ոչ մի հաջողության չհասավ ու հետ շպրտվեց։ Քննարկվող իրադարձությունների մասին մենք անչափ սուղ տեղեկություններ ունենք, սակայն հայտնի է, որ Շուլգիի կառավարման շրջանում Արատտայի տիրակալն է եղել Ապիլաշան (մ.թ.ա. 2108-2026)։
Մ.թ.ա. XXI դարը Ուրի տերությանն էր պատկանում, սակայն հենց այդ դարին էլ վիճակված էր տեսնել միջագետքյան ոչ միայն այս, այլև շումերական ողջ քաղաքակրթության վախճանը։ Շուլգիին հաջորդեց որդին՝ Ամար-Սինը (մ.թ.ա. 2048-2039), որին էլ փոխարինեց եղբայրը՝ Շու-Սուենը (մ.թ.ա. 2039-2030)։ Շու-Սուենը վերջինն էր շումերական տիրակալներից, որ հարձակվեց Հայաստանի վրա, սակայն, ինչպես և իր անմիջական նախնիները, մ.թ.ա. 2031 թվականին Հայաստանի ուղղությամբ ձեռնարկած նրա հարձակումը հայերի ակտիվ դիմադրության հետևանքով հետ շպրտվեց4, իսկ հաջորդ տարի էլ այս տիրակալը մահացավ։ Ուրի գահին բազմեց հանգուցյալի որդի Իբբի-Սուենը (մ.թ.ա. 2030-2003) և հենց այս արքայի ժամանակ էր, որ Հայաստանում տեղի ունեցավ ներքաղաքական մի մեծ փոփոխություն՝ ընտրվող կամ ժառանգաբար իշխող քրմերի փոխարեն երկրի ղեկին վերջնականապես կանգնեց Հայկազունիների տոհմն, ի դեմս Արամանյակի (մ.թ.ա. 2026-1980)։ Իր հերթին Իբբի-Սուենը շումերական վերջին տիրակալն էր, որը եզրափակեց ինչպես իր պետությունն, այնպես էլ շումերական ողջ քաղաքակրթությունը։
Բանն այն է, որ մ.թ.ա. XXI դարի վերջին քառորդում, կապված երկրագնդի միջին ջերմաստիճանի հերթական բարձրացման հետ, սկիզբ առավ Մեծ անապատի որդիների
_________________________
1 Ասխապալա գրագրի արձանագրությունից:
2 Շուլգիին վերագրվող արձանագրությունից:
3 Շուլգիին վերագրվող արձանագրությունից:
4 Շու-Սուենին վերագրվող արձանագրություններից:

50
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հերթական հոսքը դեպի Միջագետք, ընդ որում սեմիտական շարժն այս անգամ ավելի ուժեղ էր, քան նույնիսկ Սարգոն Աքքադացու ժամանակ։ Անապատի եռանդուն զավակները, որոնց բուռն բազմացումը իրենց կրկին հանգիստ չէր տալիս, իսկ կլիմայական հերթական փոփոխությունն էլ համառորեն դուրս էր մղում Արաբական թերակղզուց, նույն այս ժամանակ մանր և մեծ խմբերով լքում էին իրենց բնակության սովորական վայրերը ու անկազմակերպ ձևով հեղեղում Ուրի գերակայության տակ գտնվող Միջագետքը։ Սեմիտները, որոնք այս անգամ հայտնի դարձան թարգմանաբար «արևմուտքցի» նշանակող «ամորիացի» անունով, անխնա կերպով քշում էին իրենց անասունները դեպի շումերների ցորենի դաշտերը, շրջապատում էին քաղաքները, կոտորում և ահաբեկում էին տեղի բնակչությանը։ Դա Ուրի, իսկ արդյունքում նաև շումերների վերջն էր, քանզի կյանքը ցույց տվեց, որ Իբբի-Սուենը, պայքարե՞ր մարդկային այս հեղեղի դեմ ակտիվ, ինչպես իր իշխանության սկզբում էր վարվում, թե՞ դիմադրության անցներ պասիվ միջոցներով, ինչպես հետագայում եղավ, ցանկացած դեպքում չէր կարողանալու ամորիացիների դեմն առնել։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ, ձգտելով կասեցնել ամորիացիների հեղեղը դեպի իր պետության կենտրոնական շրջաններ, Իբբի-Սուենը, գործի մեջ դնելով նյութական հսկայական միջոցներ, Միջագետքի այն հատվածում, որտեղ Եփրատն ու Տիգրիսը առավելագույնս են մոտենում միմյանց, մի ամուր պարիսպ կառուցեց, ընդ որում հաշվարկի հիմքն այն էր, որ Եփրատի ստորին և միջին հոսանքներում հակառակորդը կկասեցվի գետի օգնությամբ, իսկ Եփրատի վերին հոսանքներում էլ գետն այնուհանդերձ անցած ամորիացիները կկասեցվեն հիշատակված հենց պարսպի միջոցով:
Կյանքը ցույց տվեց, սակայն, որ ամորիացիների հեղեղը, չնայած Իբբի-Սուենի թափած եռանդուն ջանքերին, դանդաղ, բայց անկասելի կերպով կուլ էր տալիս Ուրի տերությունը, որի սահմաններում սկիզբ առան սովն և հիվանդությունները, իսկ պետական կառավարման համակարգն էլ, ըստ էության, դադարեց գործել։ Արդյունքում՝ տեղական մանր և մեծ տիրակալները, իրենց պաշտպանելու գործում տեսնելով պաշտոնական Ուրի անկարողությունը, կամ անկախություն հռչակեցին և սկսեցին դիմադրություն կազմակերպել սեփական միջոցներով, կամ էլ այս կամ այն կերպ լեզու գտան նորեկների հետ՝ փորձելով հենց այդ կերպ պահպանել սեփական գոյությունը, իսկ այդ պայմաններում էլ Ուր քաղաքն իր հերթին վերածվեց առանց մարմնի մի գլխի:
Արդյունքում՝ մ.թ.ա. 2003 թվականին ամորիացիների լայն աջակցությունն ապահովված Էլամի թագավորության Խուտրան-Տեմպտի արքայի (մ.թ.ա. 2010-1990) գլխավորությամբ գործող Էլամի և Հայոց թագավորության միացյալ բանակը Իբբի-Սուեն արքայի գլխավորած Ուրի թագավորության բանակից գրավեց Ուրը1։ Գրավված քաղաքը հիմնահատակ ավերվեց, ընդ որում այդ իրադարձությունների ժամանակ էլ հենց նաև զոհվեց Իբբի-Սուենը։ Այսպիսով` Ուրի թագավորությունը կործանվեց, իսկ նրա տարածքը որոշ ժամանակ անցավ Էլամի թագավորությանը, սակայն էլամցիները հարթավայրում չամրացան և հետագայում Միջագետքը արդեն անվերադարձ կերպով հայտնվեց սեմիտական ամորիացիների լայնածավալ, սակայն ամորֆ իշխանությունների համադաշնության տիրապետության տակ։
Սկիզբ էին առնում արդեն անդառնալի փոփոխություններ։ 
_________________________
1 Այս ճակատամարտի աղբյուր է հանդիսացել «Ողբ Ուրի և Աքքադի մասին» շումերական բնագիրը, որի գեղարվեստական, իսկ երբեմն էլ նույնիսկ չափածո բնույթի պատճառով այն այստեղ բերելը ես հարմար չեմ համարում: Համառոտ միայն նշենք, որ բնագրում պատմվում է Ուր գրավման հետևանքների մասին` նկարագրվում են ավերված և լքված տները, խոսվում է թափթփված դիակների ու գերեվարության մասին և այլն:
51
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մաս II
Ասորա-բաբելական աշխարհը և Հայաստանը


Գլուխ 1
Դարաշրջանի ընդհանուր բնութագիրը

Մ.թ.ա. II հազարամյակը մարդկությունը մտավ առանց շումերական քաղաքակրթության: Պատմությունը, երբեմն, կարծես թե, խաղեր է անում տարեթվերի հետ և ահա այդպես եղավ նաև այժմ՝ հզոր ու անկրկնելի շումերական քաղաքակրթությունը, ծաղկելով և անկում ապրելով մ.թ.ա. ողջ III հազարամյակում, հաջորդ հազարամյակում արդեն չկար: Արդյունքում՝ Միջագետքն և հարակից երկրները մ.թ.ա. II հազարամյակ մուտք գործեցին Արաբական թերակղզուց հերթական անգամ դուրս ժայթքած սեմիտական հորդայի կողմից ստեղծված սեմիտական գերիշխանության լույսի ներքո, որը դրանից հետո դեռ երկար էր պահպանվելու:
Ասորա-բաբելական քաղաք-պետությունները, ըստ էության, շումերական ավանդույթների օրգանական շարունակողներն էին, թեև դրանք նաև որոշակի յուրօրինակություն հաղորդեցին երևույթին, իսկ որոշ իմաստով էլ` զարգացրին։ Արդյունքում՝ Ասորա-բաբելական դարաշրջանում այս քաղաքակրթության ներկայացուցիչների ձեռքում գտնվող ռազմական մեքենան իրենից, ըստ էության, ներկայացնում էր նախկինում գոյություն ունեցած քաղաքային միլիցիայի և սեմիտական ցեղական աշխարհազորի այն յուրօրինակ ամբողջության զարգացած տեսակը, որը առկա էր դեռևս Աքքադի թագավորության բանակում: Այսպես, ի տարբերություն շումերական միլիցիայի, սեմիտական քաղաքների միլիցիաները սկսեցին հիմնվել ավելի ճկուն մարտավարության վրա, այստեղ լայնորեն կիրառության մեջ դրվեցին վարձկան ուժերը, իսկ հեռամարտի էլ այս ռազմական մեքենան համեմատականորեն ավելի էր պատրաստված: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ Ասորա-բաբելական քաղաքակրթության ներկայացուցիչները, դատելով առկա տեղեկատվության ամբողջությունից, այնուհանդերձ իրենց ռազմական դոկտրինաներում ավելի շատ շեշտը դնում էին հենց քաղաքային տարրի, այլ ոչ թե ցեղական աշխարհազորների վրա: Իր հերթին կարևոր է նշել, որ, սկսած դեռևս սեմիտական առաջին ալիքից, ի դեմս աքքադցիների, Արաբական թերակղզին հանդիսանում էր սեմիտական պետություններին ռազմական մարդկային ուժ ապահովող, ըստ էության, անսպառ մի շուկա: Ավելին, եթե մ.թ.ա. III հազարամյակի վերջում և II հազարամյակի սկզբում այս գործընթացը այնուհանդերձ որոշակիորեն հախուռն տեսք ուներ, ապա, սկսած սեմիտական քաղաք-պետությունների հիման վրա ստեղծված սեմիտական երկու հզոր պետական միավորների ի հայտ գալուց, ի դեմս Բաբելոնի և Ասորեստանի թագավորությունների, սեմիտական վարձկանությունը, կարելի է ասել, հասավ արդյունաբերական մակարդակի:
Իրավիճակը հատկապես տիպիկ էր Ասորեստանի թագավորության պարագայում: Իրոք, իրենից, ըստ էության, ներկայացնելով Հյուսիսային Միջագետքում գտնվող մի փոքրիկ երկրամասի կենտրոն հանդիսացող քաղաք, վերջինս մարդկության պատմության ընթացքում իր ամբողջական տեսքով առաջին անգամ կարողացավ հասնել այն բանին, որ պատերազմը վերջնականապես վերածվի իսկական մի բիզնես գործունեության, որում ներդրվում են որոշակի քանակությամբ նյութական միջոցներ և ձեռք են բերվում որոշակի քանակի մարդկային միջոցներ, որոնք, լուծելով որոշակի խնդիրներ, պետք է ապահովեին որոշակի քանակի նյութական միջոցների հայթայթումը։ Արդյունքում՝ հենց Ասորեստանի թագավորությունն էր, որը կարողացավ Արաբական թերակղզու ողջ առողջ, ռազմունակ, սակայն անհամեմատ վատ զինված և անկազմակերպ մարդկային մասսային ապահովել երկաթյա կարգապահությամբ ու, զինելով իր ժամանակի ռազմական հանդերձանքի և տեխնիկայի լավագույն նմուշներով, ստեղծել ունիվերսալ ռազմական մի մեքենա:
Քննարկվող դարաշրջանում ինքնուրույն, բայց տարածաշրջանի հետ սերտորեն կապված մյուս սուբյեկտը շարունակում էր մնալ Պարսից ծոցի հյուսիսային ափերին` հետագա Պարսքի տարածքում, իր գոյությունը շարունակող Էլամի թագավորությունը: Վերջինս, թեև դրավիդյան համալրումը ստանալով աստիճանաբար ավելի ու ավելի թուլացող չափով, իրենից դեռևս այնուհանդերձ զգալի ուժ էր ներկայացնում: Եվ վերջապես Հայաստանը:
52
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 2
Հայաստանը և հայերը
մ.թ.ա. II հազարամյակի սկզբին

Հայաստանը մ.թ.ա. II հազարամյակ մտավ, ըստ էության, արդեն իսկ «հրաժեշտ տված Արատտային», քանզի Հայկական առաջին գերիշխանության անկումն իր հետ բերեց նաև Արատտայի քրմապետության քրմեր Սլկունիների իշխանության անկմանը Հայկական լեռնաշխարհում, ընդ որում փոխվեց նաև երկրի պետաիրավական ձևը։ Արդյունքում՝ Ապիլաշայի մահից հետո մ.թ.ա. 2026 թվականին Հայաստանում Արատտայի քրմապետությունը փոխարինվեց Հայկազունիների կողմից գլխավորվող Հայոց թագավորությամբ, որի առաջին արքան դարձավ Արամանյակը:
Համաձայն Միքայել Չամչյանի, որը գահակալական իր ցանկը կազմելիս հիմք է ընդունել հիմնականում Մովսես Խորենացու, իսկ մասամբ էլ այլ պատմիչների տվյալները, Հայկազունիների գահացանկը սկսվում է մ.թ.ա. 2107 թվականին: Այլ կարծիքի է Ղևոնդ Ալիշանը1, որը, հիմք ընդունելով Հայկյան օրացույցի հետ կապված տոմարագիտական հաշվարկները2, Հայկ Նահապետի իշխանության սկիզբ է համարում մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ը։ Արդյունքում՝ կարելի է ենթադրել, որ Արամանյակը իրականում չի եղել Հայկ Նահապետի որդին, այլ այդպիսի կարգավիճակ է ստացել հետագա պատմիչների պատկերացումներում այն բանի հետևանքով, որ Հայկ Նահապետից հետո մոտ 300 տարով Արատտայի քրմերին վերադարձած քաղաքական իշխանությունը կրկին, և այս անգամ արդեն ավելի քան մեկ ու կես հազարամյակով, վերադարձրել է Հայկազունիների տոհմին:
Հարկ է նշել, որ կարող է տարակարծությունների տեղիք տալ նաև Հայկ Նահապետի իշխելու տարիների և մ.թ.ա. 2107 թվականի անհամապատասխանությունը, երբ ըստ Չամչյանի, սկսվում է Հայկի գահակալությունը: Դա էլ, սակայն, իմ կարծիքով, ունի իր բավարար բացատրությունը:
Իրոք, մ.թ.ա. 2107 թվականը այս անգամ զարմանալիորեն համընկնում է Հայկական Առաջին գերիշխանության ավարտի թվականի (մ.թ.ա. 2109/2108)3 հետ, երբ որևէ կերպ նշված այդ հայտնի իրադարձությունը և Միջագետքից Հայկական բանակի վերադարձը Չամչյանը ընկալել է որպես Հայկ Նահապետի վերադարձ Բաբելոնից, ինչից մեկ տարի անց էլ, այսինքն` մ.թ.ա. 2107 թվականին, սկիզբ է առնում վերջինիս գահակալությունը։ Արդյունքում՝ կարելի է ենթադրել, և դա հաստատում են նաև Միջագետքյան աղբյուրները, որ Հայկից հետո այս կամ այն պատճառով Արատտայի քրմապետությունը շարունակել են կառավարել քրմերը, Հայկազունիները պահպանել են բանակի ռազմական ղեկավարությունը, իսկ Արամանյակն էլ իրականում ոչ թե անմիջապես Հայկի, այլ մ.թ.ա. 2108 թվականին Ուրուկի ճակատամարտում Հայկական բանակը ղեկավարած և, ենթադրաբար, Հայկից սերած Տիգրանի սերնդից էր։ Արամանյակը, սակայն, Հայկի որդին է համարվել, քանի որ, հաջորդելով Ապիլաշային, լինելով Հայկի տոհմից և միավորելով արքայի ու գերագույն քրմի պաշտոնները, Արատտայի քրմապետության իրավահաջորդը հանդիսացած Հայոց թագավորությունում վերջնականապես հաստատել է Հայկազունիների իշխանությունը՝ այս ամենով արժանի դառնալով պատմիչների մոտ կոչվելու «Հայկի որդի»4: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է ընդգծել, որ, ի դեմս համահայկական
_________________________
1 Խնդիրը մանրամասն քննարկված է այստեղ` Ալիշան Ղ., «Հին հավատք կամ հեթանոսական կրոն հայոց», Վենետիկ 1895:
2 Հայկյան օրացույցում տարին կազմված էր 365 օրվանից, այն դեպքում, երբ իրական տիեզերական տարին դրան գումարում է նաև 6 ժամ։ Արդյունքում՝ ստացվում էր այնպես, որ յուրաքանչյուր 4 տարին մեկ Հայկյան օրացույցը «տիեզերական տարուց» առաջ էր ընկնում 1 օրով: Այն բանից հետո, երբ սա կրկնվում էր 365 անգամ, Հայկյան օրացույցը, կատարում է այսպես կոչված «Հայկյան շրջան»-ը` 1460 տարին մեկ «տիեզերական ժամանակից» առաջ ընկնելով արդեն մեկ ամբողջ տարի: 428 թվականին, վերջացել է Հայկյան հերթական շրջանը, որից առաջ եղել է ևս մեկը: Այսպիսով, 428 թվականի օգոստոսի 11-ին վերջացած Հայկյան շրջանը սկսված է եղել մ.թ.ա. 1032 թվականի օգոստոսի 11-ին, իսկ դրա նախորդ` մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին: Հատկանշական է, որ սա գործնականում (8 տարվա ճշտությամբ) համապատասխանում է միջնադարյան աստվածաբան-տոմարագետների կողմից հաշվարկված «Բաբելոնյան աղետ»-ի տարեթվին` մ.թ.ա. 2500 թվականին:
3 Տես՝ Коростовцев М. А. “История древнего востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Ч. I. Месопотамия”, Москва 1983, стр. 265-266, Մովսիսյան Ա. Ե. «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», Երևան 2005, էջ 80-81:
4 Այստեղ առիթն օգտագործելով կուզենայի նշել, որ Մովսես Խորենացու աշխատությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ունի բարդ ներքին կառուցվածք և այն, նրանում նկարագրված իրադարձությունները, պատմական դեպքերն ու փաստերը հասկանալու և դրանց ժամանակագրությունը հստակեցնելու համար պետք է վերջիններս դիտարկել սթափ ու կանխակալ կարծիքներից զերծ հայացքով` համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, բոլոր աղբյուրների հայտնած տեղեկությունները համակարգված ու

53
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

նշանակություն ունեցող Հայկազունիների Հայոց թագավորության, մենք գործ ունենք միապետական բնույթ ունեցող Հայկազունիների տիրակալության հետ, որոնց պարագայում գահը արդեն ժառանգաբար փոխանցվում էր հորից որդուն:
Ընդհանրապես ասած, Հայկազունիների թագավորությունն իր բնույթով ավելի կենտրոնացված և կայացված մի պետություն էր, որը, զարգացնելով նախորդ փուլի ձեռքբերումները, դրանք հասցրեց որակական մի նոր աստիճանի: Քննարկվող դարաշրջանում կրկին դժվար է սպառիչ խոսել Հայոց պետականության սահմանների մասին, երբ Միջագետքի ուղղությունից զատ այլ ուղղություններում ձևավորված պետություններ դեռևս մեծ հաշվով չկային և դժվար է գծանշել հայ էթնոսի տարածման հստակ սահմանները: Քիչ թե շատ հստակ էր, ինչպես ասվեց, թերևս միայն հարավային սահմանը, որը, ինչպես և նախկինում, համապատասխանելով Հայկական լեռնաշխարհը հարավից եզերող լեռներին, սահմանակից էր Հյուսիսային Միջագետքի ու Հյուսիսային Ասորիքի հարթավայրերին: Արևմուտքում, ենթադրաբար, հայ էթնոսի տարածման սահմանը քչացող քանակությամբ կրկին ավարտվում էր ինչ-որ տեղ Արևելյան Կապադովկիայում, հյուսիսում, նույն սկզբունքով՝ վրացական հարթավայրերում, ինչպես նաև Սև ծովի ափերին, իսկ արևելքում, ինչպես և հետագայում էր, ամենայն հավանականությամբ հայ էթնոսի տարածման առավելագույն սահմանը Կուր գետն էր, թեև բացառված չէ հայերի որոշակի քանակության առկայություն նաև Կուր գետի ձախ ափին՝ միաժամանակ հաշվի առնելով նաև Կասպից ծովի հարավ-արևմտյան ափաշերտի փոփոխությունները։

Գլուխ 3
Ամորիացիները

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում իշխանափոխության գործընթացը, երբ Արատտայի քրմապետությունը վերջնականապես փոխարինվեց Հայոց թագավորությամբ, Իսինայի կառավարիչ Իշբի-Էրայի (մ.թ.ա. 2003-1985) գլխավորած նույն ամորիացիները շարունակում էին նվաճողական-թալանչիական արշավանքները: Միաժամանակ հարկ է նշե, որ մեր կողմից դիտարկվող դարաշրջանի սկզբում գոյություն ուներ ամորիացիների ամորֆ, քոչվոր կամ կիսաքոչվոր մի համադաշնություն, որը, դեպքերի մեծագույն մասում գործելով անկազմակերպ, այնուհանդերձ քանակական զգալի առավելություն էր ապահովում հարևան երկրների, այդ թվում նաև հայերի ռազմական մեքենաների նկատմամբ: Ուժերի լիակատար կենտրոնացման պարագայում ամորիացիների ռազմուժի թվաքանակը, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել մոտ 250.000 ռազմիկի սահմաններում, թեև, ինչպես ասվեց, միասնական և կենտրոնացված տեսքով այս ուժը գործնականում երբեք հանդես չէր գալիս: Իր հերթին Հայկազունիների կողմից գլխավորվող Հայոց թագավորությունը, միավորված ուժերով հանդես գալու պարագայում ի վիճակի լինելով մարտադաշտ դուրս բերել առավելագույնը մոտ 100.000 ռազմիկ, հակառակորդի դեմ պայքարում թշնամու կողմից ոչ միասնական ուժով հանդես գալու պարագայում այնուհանդերձ կարող էր հաջողության հասնելու լուրջ հույսեր ունենալ: Այս առումով հայերի օգտին էր ամենից առաջ զինվածության ընդհանուր ավելի բարձր մակարդակը, ինչպես նաև մարտական նժույգների կիրառությունը՝ սկզբում թեթև հեծելազորի, հետո արդեն` մարտակառքերի տեսքով:
Մ.թ.ա. մոտ 2000 թվականից մինչև մ.թ.ա. 1940 թվականը ամորիացիները, ոտնատակ տալով հարակից երկրները, բազմիցս ասպատակեցին նաև Հայոց Միջագետքը, Աղձնիքը, Կորճայքը, Վասպուրականը, Մոկքը և Պարսկահայքը` ի վերջո կործանելով Արշայի թագավորությունը1, որը դուրս էր մնացել համահայկական պետականության սահմաններից: Արամանյակի մահից հետո մ.թ.ա. 1980 թվականին Հայոց թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Արամայիսը (մ.թ.ա. 1980-1940), որը հիմնեց Արմավիրը: Սկզբնաղբյուրներում չի ճշտվում, թե ի՞նչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից
_________________________
քննադատաբար դիտարկելու, դրանք հաճախ սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով:
1 Նուր-ահումին վերագրվող արձանագրությունից:

54
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը կրկին ամորիացիներն էին: Իրոք, ամորիացիների արշավանքները տեղի էին ունենում Հայոց թագավորության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ և լրջորեն սպառնում էին երկրի նախկին մայրաքաղաքին:
Մ.թ.ա. 1940 թվականին Արամանյակը մահացավ և նրան փոխարինեց արդեն իր որդի Ամասիան (մ.թ.ա. 1940-1908): Հայոց այս գահակալի ժամանակ էլ հենց Մերձավոր Արևելքում լուրջ փոփոխություններ եղան, որոնք ի վերջո սասանելու էին ամորիացիների ռազմաքաղաքական գերակայությունը: Իրոք, Ամասիայի գահակալման տարիներին արդեն իսկ հստակ էր գործընթացը, երբ Միջագետքում հաստատված և տեղական պայմաններին մեծապես արդեն հարմարված, իսկ որոշակիորեն էլ նաև տեղացիների հետ մերված ամորիացիների առաջին սերունդը հակասության մեջ էր մտնում Միջագետք ժամանող ամորիացիների նոր սերնդի հետ: Այս առումով հատկանշական է, որ Իսինայի քաղաք-պետությունը, որը մեծապես հիմնված էր ամորիացիների հենց առաջին սերնդին պատկանող ներգաղթյալների վրա, ռազմական ընդհարումերի մի ամբողջ շարքի մեջ մտավ նույն այն ամորիացիների հետ, որոնք նոր էին միայն ժամանում Միջագետք: Վերջին հանգամանքը, սակայն, սասանում էր Իսինայի ռազմաքաղաքական դրությունը այլ առումով ևս, քանզի, ինչպես արդեն ասվեց, Իսինայի տիպի քաղաք-պետությունների ռազմական հիմքը հենց քոչվոր ամորիացիներն էին, իսկ այժմ, փաստորեն մերժելով սրանց, օրինաչափորեն անկում էր ապրում նաև նույն այդ քաղաք-պետությունը։ Արդյունքում՝ Իսինայի քաղաք-պետությունը, որը մոտ 70 տարի գերիշխանություն ուներ ամորիացիների այլ քաղաք-պետությունների նկատմամբ, մ.թ.ա. XX-րդ դարի երկրորդ կեսին սկսեց դիրքերն աստիճանաբար զիջել:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Իսինիայի քաղաք-պետության գլխավոր հակառակորդը Լարսայի քաղաք-պետությունն էր, որին հաջողվել էր ավելի հաջող համագործակցություն հաստատել եկվոր, եկվոր, բայց տեղացիների հետ արդեն մերված, ինչպես նաև տեղացի տարրերի միջև: Լարսան հատկապես ծաղկում ապրեց քաղաք-պետության հերթական արքա Գունգունումի (մ.թ.ա. 1933-1906) օրոք, երբ ուժեղ այս տիրակալը, իրար բերելով սեփական ուժերը և հաջողությամբ կազմակերպելով դրանք, ի վերջո գրեթե բացահայտ պայքարի մեջ մտավ Իսինայի դեմ, ընդ որում այդ պայքարը Գունգունումը որոշեց սկսել ամենից առաջ հենց ներսից՝ քայքայելով Իսինայի հերթական տիրակալ Լիպիտ-Իշտարի (մ.թ.ա. 1935-1924) առանց այդ էլ թուլացած դիրքերը վերջինիս երկրի ներսում:
Արդյունքում՝ Իսինայում ներքին պայթյուն եղավ և, վայելելով Լարսայի տիրակալի աջակցությունը, այստեղ իշխանության եկավ Գունգունումի աջակցությունը վայելող Ուր-Նինուրտան (մ.թ.ա. 1924-1895): Դրանից հետո, արդեն մ.թ.ա. 1920 թվականին տեղի ունեցած Ալիոնի ճ-մ-ում Ամասիայի գլխավորած Հայոց թագավորության (մոտ 70.000) և Գունգունումի գլխավորած 10 դաշնակից երկրների (մոտ 70.000) միացյալ բանակը հաղթեց Իսինայի արքա Ուր-Նիպուրտայի գլխավորած ամորիացներին (մոտ 100.000)1, ինչի հետևանքով Միջագետքում գերիշխանությունը մի քանի տասնամյակ անցավ Լարսային, իսկ ամորիացիների ավերիչ արշավանքներն էլ դեպի հարակից երկրներ դադարեցին:
Այս առումով խիստ ուշագրավ են նաև մատենագիտական տեղեկությունները տարածաշրջանում զարգացող իրադարձությունների մասին: Մխիթար Այրիվանցին հայտնում է. «Ամասիան մեծ սարն անվանեց Մասիս: Այդ ժամանակ հայտնվեցին ամազոնուհիները, այսինքն` կանացի զորքը, որոնք Թորգոմի սերնդից էին: Թորգոմը նկատելով անհնազանդություն իր բանակում, սպանեց բոլոր տղամարդկանց և իր բանակը միայն կանանցից կազմեց: Նրանք իրենց գահը տեղափոխեցին Ալիոն և ասպատակելով ամայացրեցին երկիրը: 11 թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց»: Հաստատելով Այրիվանցուն, նմանատիպ հաղորդումներ տալիս են նաև Իսահակ Երեցը և Վարդան Արևելցին, որոնցից առաջինը ասում է. «Այս ժամանակ եղան ամազոնուհիները` կանանց զորքը, որոնք պատերազմեցին, քանզի կնոջը մնաց թագակալ թագավորությունը Թորգոմի, հատվեցին արու զավակները, և ոչ-ոք չկամեցավ
_________________________
Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 2; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 6; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3:
55
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

գլխավորել նրանց, քանզի քաջասիրտ ու քաջազն չէին: Եվ ահա նրանք ծանր զորքով ելան, մեծ հաղթությամբ և հաջողությամբ ավերեցին ու գերեցին բազում աշխարհներ ու ոչ-ոք կարողացավ դիմադրել նրանց: Այդ ժամանակ ինչ-որ դավ և նենգության խորհուրդ եղավ զորքում, քանզի թագավորությունը ցանկացան խլել նրանցից, սակայն նրանք, նախապես իմացան այդ, քիչ-քիչ կոտորեցին զորքի բոլոր տղամարդկանց, ինչից հետո կանանցից զորք կազմեցին: Դրանից հետո նրանք հաջողությամբ շարունակեցին իրենց հաղթություն գործը և ձեռք գցեցին բազում աշխարհներ: Նրանք տղամարդ էին ճանաչում միայն մեկ անգամ, իսկ, երբ տղա էին ունենում, նրան սպանում էին: Այսպես` նրանք մի հզոր իշխանություն կազմեցին և հյուսիսային կողմում մի ամուր քաղաք կառուցեցին, որ կոչվեց Ալիոն անունով: Ի վերջո` երկրի բոլոր թագավորները նեղվեցին և ձանձրացան այդ ամենից, մոտ 10 թագավորություններ ժողովեցին միասին և գնացին նրանց վրա: Նրանք գրավեցին նրանց թագավորության ամրոցը և վերացրին անարգությունն աշխարհից, քանզի տղամարդիկ գրավեցին բուն ազգի թագավորությունը՝ ինչպես ամենայն երկրի օրենք է»: Այս առումով հետաքրքիր է նաև Վարդան Արևելցու հաղորդումը, թե. «Թարան յոթանասուն տարեկանում ծնեց Աբրահամին: Եվ ասում են, որ այն ժամանակ էին ապրում ամազոնները, որոնք զինված կանայք էին: Պատմում են, որ Թորգոմի ցեղի արու զավակներին կոտորեցին և, որպես թագավորության ժառանգ, մնաց միայն մի կին, որը, լինելով քաջասիրտ ու արի, կոտորեց բազմաթիվ ազգերի: Այդ ժամանակ գժտություն առաջացավ իր զորքի մեջ և նա կոտորեց նրանց, որից հետո կանանցից զորք կազմեց ու կրկին գրավեց Ալիոն քաղաքում գտնվող իր թագավորական աթոռը»: Եվ այսպես, հիմք ընդունելով Ամասիայի գահակալության տարիները և համադրմամբ դրանք դիտարկելով համընդհանուր պատմության ֆոնի վրա, ակնհայտ է դառնում, որ այս հաղորդման մեջ խոսքը կրկին վերաբերում է ամորիացիներին, իսկ ավելի կոնկրետ՝ այստեղ արտահայտված են սեպագիր աղբյուրներից հայտնի այն իրադարձությունները, որոնք դիտարկվեցին հենց՝ նոր Իսինայում տեղի ունեցած ներքին պայթյունը, որը գահից տապալեց Լիպիտ-Իշտարին և իշխանության բերեց Ուր-Նինուրտային, ինչպես նաև նույն Ուր-Նինուրտայի պարտությունը:
Ամորիացիների սանձումից հետո Միջագետքը մեծ հաշվով փակվեց ինքն իր մեջ և վերադարձավ տեղական պայքարին ու հակամարտություններին, սակայն մ.թ.ա. XIX դարի կեսերից սկսած սկսվեց աստիճանաբար սասանվել նաև Լարսայի գերիշխանությունը: Իրոք, արդեն Լարսայի տիրակալ Նուր-ադի (մ.թ.ա. 1866-1850) գահակալման տարիների հետ կապված առկա են մի շարք բնական աղետների մասին հիշատակումներ, ի դեմս ամենից առաջ հերթական հզոր մի ջրհեղեղի, ինչպես նաև խոսվում է անհայտ թշնամու կողմից հասցված ծանր մի հարվածի մասին, որը հսկայական ազդեցություն ունեցավ Լարսայի հզորության անկման հարցում: Սկզբնաղբյուրները չեն հստակեցնում, թե կոնկրետ այդ ո՞ր թշնամին է ծանր հարված հասցրել Լարսային, սակայն, դատելով ըստ ամենայնի, խոսքը հենց այս ժամանակ Միջագետքում ի հայտ եկած ուժային նոր մի կենտրոնի մասին է, ի դեմս աստիճանաբար ոտքի կանգնող Ասորեստանի թագավորության:
Իրոք, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Հարավային և Կենտրոնական Միջագետքներում, ըստ էության, մերժված ամորիացիները իրենց, ինչպես նրանց սկզբնաղբյուրներում են կոչում, «վրանաբնակ արքաների» գլխավորությամբ աստիճանաբար կենտրոնանում էին Հյուսիսային Միջագետքում, ինչով էլ պայմանավորեցին իրենց իսկ ձեռքում հայտնված Ասուրի վերելքը ու Ասորեստանի թագավորության ստեղծումը։ Արդյունքում՝ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում պաշտոնական Ասուրը վերջինիս հերթական, սակայն նոր սերնդի տիրակալ Սարգոն I-ի (մ.թ.ա. մոտ 1880-1850) օրոք, ըստ էության, արդեն իսկ բարձրացել էր ուժեղ մի թագավորության մակարդակի: Այս առումով հարկ է նշել, որ Լարսայի և Միջագետքի այլ քաղաք-պետությունների դեմ պայքարում Ասուրը առժամանակ դաշնակցում էր նույն այս ժամանակ իր հերթին աստիճանաբար վերելքի ուղին բռնած Բաբելոն քաղաքի հիմքի վրա ստեղծված համանուն թագավորության հետ, ընդ որում հատկանշականն այն էր, որ, ի վերջո հարավային հոգսերը թողնելով նույն Բաբելոնի թագավորության վրա, Ասորեստանի թագավորությունը աստիճանաբար անդրադարձ կատարեց հյուսիսային հոգսերին:
56
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 4
Արամ I Մեծի հիմնախնդիրը

Մ.թ.ա. 1908 թվականին Ամասիայի մահից հետո Հայոց թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Գեղամը (մ.թ.ա. 1908-1858), որի մահից հետո էլ նրան փոխարինեց իր որդի Հարման (մ.թ.ա. 1858-1827): Այս առումով հետաքրքիր է, որ Գեղամի ողջ գործունեությունն ուղղված էր ամեն կերպ սեփական երկիրը, և հատկապես Հայոց Միջնաշխարհը շենացնելուն, քանզի ակնհայտ էր, որ պետք էր շենացնել ավերված երկիրն ու, նախ և առաջ վերաշինել ամորիացիների նոր ասպատակություններից առավել զերծ տարածքները՝ Հայոց թագավորության համեմատաբար հյուսիս ընկած շրջանները:
Նույնը կարելի է ասել նաև Հարմայի մասին, որին հայրը, ի դեպ, պատվիրեց ապրել Արմավիրում` շենացնելով հենց այն տարածքը, որը կրկին առավել ապահով էր հարավից սպառնացող թշնամու հարձակումներից: Միաժամանակ հետաքրքիր է նշել նաև, որ նույն այս ժամանակ Հայոց թագավորությունը ընդգծված կերպով զերծ էր մնում հարավի գործերին խառնվելուց ու միայն, թերևս, Սարգոն I-ի գործունեություն էր, որ խախտեց փխրուն այդ հավասարակշռությունը:
Իրոք, մ.թ.ա. մոտ 1860 թվականին Սարգոն I-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 30.000) ասպատակեց Հայոց Միջագետքը, Աղձնիքն ու Կիլիկիայի հարավ-արևելքը և նահանջեց1: Վերջին հանգամանքն, ինքնին ոչ այնքան էական ռազմական առումով, ամենից առաջ հենց քաղաքական իմաստ ուներ և նշանակում էր հարավային հարևանների հետ քիչ թե շատ խաղաղ գոյակցության ժամանակաշրջանի վերջ, ընդ որում Հայոց թագավորության հակառակորդն այս անգամ ամենից առաջ հենց Ասորեստանի թագավորությունն էր, որն արդեն լիովին իրենով էր արել Արաբական թերակղզու մարդկային հնարավորությունները և սկսել էր դրանք ամենայն եռանդով օգտագործել իր, առանց բացառության, բոլոր հարևանների դեմ:
Մ.թ.ա. 1827 թվականին իր մահկանացուն կնքեց Հայոց թագավորության արքա Հարման և նրան հաջորդեց որդին՝ Արամ I Մեծը (մ.թ.ա. 1827-1769), որին վիճակված էր լինելու հսկայական դեր խաղալ ինչպես Հայոց թագավորության, այնպես էլ հարևան երկրների ճակատագրերում: Հայոց նոր արքան հայրենասեր, եռանդուն, մինչև հոգու խորքը իր ազգին և իրեն բաժին հասած պետությանը նվիրված, զորավարական, դիվանագիտական ու անձնական հսկայական ունակությունների տեր մի անձնավորություն էր, որը անմիջապես էլ եռանդուն գործունեություն ծավալեց: Կարծում եմ, սակայն, որ, մինչև առաջ անցնելը, կարիք կա մի քանի խոսք ավել ասել Հայոց ակնառու այս տիրակալի պատմականության վերաբերյալ:
Այսպես, Մովսես Խորենացին հայտնում է, որ գահ բարձրանալուց անմիջապես հետո Հայոց այս արքան ընդհարվել է «մարեր»-ի արքա «Նյուքար-Մադես»-ի հետ, հաղթել է նրան, մահապատժի է ենթարկել և ազատել է Հայոց թագավորության հարավ-արևելյան նահանգները վերջինիս ավերիչ ասպատակություններից2: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հիշատակված ճակատամարտը և դրա հարակից իրադարձությունները ավանդականորեն համարվել են վիպական: Արդյունքում, թեև ես առայժմ չունեմ այն հաստատող կողմնակի աղբյուրներ, ինչպես օրինակ Արամ I Մեծի տված հաջորդ երկու ճակատամարտերի պարագայում, սակայն վերևում արդեն տրված Հայկազունիների գահացանկի և Չամչյանի մատնանշած նրանց գահակալության տարիների, ինչպես նաև հաջորդ երկու ճակատամարտերի հիմնավորումը ինձ բերում են հետևության, որ Մովսես Խորենացին այս անգամ ևս չափազանց մոտ է ճշմարտությանը, ուղղակի աղբյուրների ուսումնասիրման ներկայիս վիճակը հնարավորություն չի տալիս վերջնականապես հաստատել Պատմահոր ճշմարտացիությունը: Կարելի է միայն ենթադրել, չունենալով որևէ ուղղակի ապացույց, սակայն հաշվի առնելով աշխարհագրական գործոնը և Հայաստանի հարավ-արևելյան տարածաշրջանում այդ ժամանակ այս կամ այն չափող գերիշխող պետության հանգամանքը, որ խոսքը կարող է գնալ Էլամի թագավորության և (կամ) լուլլուբեների բանակի մասին: Հատկանշական է, որ Խորենացու երկի առաջին գլուխների ուսումնասիրությունը ցույց է
_________________________
1 Սարգոն I-ին վերագրվող արձանագրությունից:
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 13:

57
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

տալիս, որ հետագայում առաջացած «Մարաստան» տերմինը Պատմահայրը կիրառում է իր առաջացման ժամանակից շուտ` նկատի ունենալով պատմական Ատրպատականի տարածքը: Տեղեկատվությունը անչափ հետաքրքիր հետևություններով է լի, սակայն, հետագա իրադարձությունների պարագայում:
Այսպես, շարունակելով պատումը, Պատմահայրը հայտնում է, որ հայրենանվեր Արամը բարդ դիվանագիտաքաղաքական հարաբերությունների մեջ է մտնում Ասորեստանի արքայի հետ, որը կոչվում է «Նինոս»1: Հարավային հարևանի հետ բարդացած հարաբերությունները, սակայն, ի վերջո հանգեցնում են պատերազմի, որում Արամ I Մեծը հաղթանակ է տանում, ոչնչացնում է Հայոց թագավորության վրա հարձակված «Բարշամ»-ին և դրանից հետո Ասորեստանի տարածքը երկար տարիներ գցում է Հայոց թագավորության գերիշխանության տակ2: Կրկին կիրառության մեջ դնենք Համադրման մեթոդը և պարզենք, թե իրականում ո՞ր իրադարձություններն են իրենց արտացոլումը գտել Պատմահոր մոտ:
Նախ` ակնհայտ է, որ տվյալ ժամանակահատվածում գործող Ասորեստանի թագավորության արքան իրականում ամենևին էլ «Նինոս» անունը չէր կրում, քանզի մի կողմից, ըստ սեպագիր աղբյուրների, նման անունով արքա այդ ժամանակաշրջանում Ասորեստանում չի եղել, իսկ մյուս կողմից էլ պարզորեն երևում է այս անվան ծագումը Նինվե քաղաքի անունից: Այսինքն, «Նինոս»-ը իրականում ոչ թե հատուկ անուն է, այլ դա, պատկերավոր ասած, Ասորեստանի թագավորության մայրաքաղաք Նինվեում իշխող հերթական արքան է և դա նրա պատվանունն է3: Իրականում տվյալ ժամանակահատվածում Ասորեստանի թագավորությունում իշխում էր Էրիշում II-ը (մ.թ.ա. 1818-1813)4, որը, հաշվի առնելով այս անվան սկզբի «է»-ի «ա» ձևափոխվելու հակումը, օրինակ` էմիր-ամիր բառերի դեպքում, ինչպես նաև հետագայի ասորեստանյան արձանագրություններում գրեթե ամենուր հանդիպող «ա»-ի արտասանումը որպես «ու», օրինակ` Արարատ-Ուրարատ, Արմե-Ուրմեն այլ բառերի դեպքում, ակնհայտորեն Խորենացու հիշատակած «Բարշամ»-ն (Արշամ) է: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ անվան սկզբի «Բ»-ն ավելացել է որպես մնացորդ «Բել» տիտղոսից:
Արդյունքում՝ կարելի է կարծել, որ անունը ի սկզբանե ունեցել է «Բել-Էրիշում» ձևը, սակայն արձանագրություններում արտացոլվել է միայն «Էրիշում»-ը: Հատկանշական է, որ Մարական թագավորության արքա Կիաքսարեսը (մ.թ.ա. 625-585), որը հունական պատմական ավանդույթում անվանվում է «Արբակես», Մովսես Խորենացու մոտ անվանված է առայժմ անհայտ պատճառներով ավելացված, «ավելորդ» «Բ/Վ» տառով, որպես. «Վարբակես», ինչը, հաշվի առնելով այն հանգամանքը ուր հունարենում «Բ»-ն արտասանվում է որպես «Վ» և, ընդհանրապես, այս տառերի` միմյանց փոխարինելու փոխվելու հակումը, լիովին կարող է ունենալ նաև «Բարբակես» ձևը: Այսինքն` ամենևին էլ չի կարելի բացառել, որ. «Բարշամ» անունը ի սկզբանե ունեցել է «Արշամ», այսինքն «Էրիշում» տեսքը և վերջինս հենց այդ ձևով է իր ամրագրումն է ստացել արձանագրություններում` մատենագիր կամ բանավոր խոսքում մնալով որպես. «Վ(Բ)արշամ»: Այսպիսով՝ կարելի է թույլ տալ մեզ գալ հետևության, որ Հայաստանի հարավում Ասորեստանի հիմնական բանակի ջախջախվելու և Էրիշում II-ի, ըստ Մովսես Խորենացու` Բարշամի, սպանվելուց հետո անխուսափելի էր Ասորեստանի թագավորության ենթարկվելը Արամ I Մեծին և այստեղ ևս Պատմահայրը չի նահանջել ճշմարտությունից:
Անչափ հետաքրքիր են նաև տեղեկությունները Արամի և «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ի միջև մղված պատերազմի պարագայում: Պատմահայրը հայտնում է, որ նախորդ հակառակորդներին հաղթելուց հետո Արամ I Մեծը իր հիմնական ռազմական ուժերը տեղափոխում է թագավորության արևմուտք և երկարատև պայքարից հետո հաղթում ու քաղաքական ասպարեզից դուրս է մղում տարածաշրջանի իր հակառակորդներից ամենաուժեղին և վտանգավորին` «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ին5: Ո՞վ է այս խորհրդավոր
_________________________
1 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 13:
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 14:
3 Իրավիճակը նման է պարթևական արքաների պարագային և նրանց կրած «Արշակ» տիտղոս-պատվանվանը:
4 Գահակալման տևողությունը 6 տարի` իսկ գահակալման կոնկրետ տարիները ըստ –
http://web.archive.org/web/200805112037 ... lers/0.htm:
5 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 14:

58
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

անձնավորությունը` Մովսես Խորենացու հիշատակած և Արամ I Մեծի ժամանակակից «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ն:
Պահպանված «Անիտայի գրվածքներ» խեթական արձանագրության մեջ պատմվում է, թե ինչպես Խեթական թագավորության առաջին արքաներից մեկը` Անիտան (մ.թ.ա. մոտ 1810-1790), իր գահակալության սկզբում հաջող արշավանքներով նվաճում է Փոքր Ասիան` Սև և Միջերկրական ծովերի միջև ընկած տարածքները1: Այս հանգամանքն իր հերթին լիովին համապատասխանում է Պատմահոր այն հաղորդմանը, թե «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ն. «…բռնացել գրավել էր տարածությունը երկու մեծ ծովերի միջև` այսինքն Պոնտոսի (Սև ծով – Մ.Հ.) և Օվկիանոսի (Միջերկրական ծով – Մ.Հ.)»2: Հետաքրքիր է, որ վերոհիշյալ արձանագրությունը լռության է մատնում Խեթական թագավորության արքայի գահակալության հետագա տարիների իրադարձությունները, որոնք հայտնի են կողմնակի աղբյուրներից, իսկ դրանցից, մասնավորապես պարզ է դառնում, որ Անիտայի թագավորության վերջից Խեթական թագավորությունը մոտ 160 տարով անկում է ապրում: Ինչպես տեսնում ենք, սա ևս լիովին համապատասխանում է Մովսես Խորենացու հիշատակած «Տիտանյան Պայապսիս Քաղյա»-ի գործունեությանը, նրա պետությանը, դրա տարածքին և, հատկապես, վերջին: Այսպիսով՝ այս ճակատամարտերը մեկ անգամ ևս հաստատում են Չամչյանի բերած թվերի մեծ ստույգությունը: Արդյունքում՝ Հայոց պատմության Պատմահոր հայտնած տեղեկությունները Համադրման մեթոդի օգնությամբ ուսումնասիրելիս հանկարծ պարզ է դառնում, որ, ի դեմս «Խորենացու» կամ Հայկազունիների Արամի, մենք գործ ունենք աշխարհակալ իսկական մի արքայի հետ՝ Հայոց պատմության ընթացքում աշխարհակալություն հիմնած մի տիրակալի հետ, որի գործունեության լիակատար պատկերը բացահայտվում է սեպագիր և գրավոր-մատենագիր աղբյուրների հայտնած տեղեկատվության համալիր վերլուծության արդյունքում:
Այս կապակցությամբ, թերևս, միայն հարկ է ավելացնել, որ «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1»-ում իմ կողմից փորձ է արվել վերականգնել Արամ I Մեծի գահակալության ժամանակագրությունը3: Մասնավորապես, հաշվի առնելով Պատմահոր հաղորդումներն այն մասին, որ Արամ I Մեծը «Նյուքար-Մադես»-ի դեմ գործել է. «… Նինոսի` ասորեստանցիներին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ»4 և իր գահ բարձրանալուց ոչ շատ հետո, այսինքն՝ մ.թ.ա. 1818 թվականից առաջ և մ.թ.ա. 1827 թվականից ոչ շուտ, կարծում եմ, որ «Նյուքար-Մադես»-ի պարտությունը և մահապատիժը տեղի են ունեցել մ.թ.ա. մոտ 1826 թ-ին: Իր հերթին, Էրիշում II-ի գահակալության վերջը մեզ օգնում է Ասորեստանի բանակի պարտությունը թվագրել մ.թ.ա. 1813 թ-ով: Դժվարություն է հարուցում, թերևս, միայն Անիտայի պարագան, սակայն, հաշվի առնելով, որ Խեթական թագավորության հետ ընդհարումը տեղի է ունեցել նախորդ իրադարձություններից բավականին անց, այն կարելի է մոտավորապես տեղադրել մ.թ.ա. 1790 թ-ին:

Գլուխ 5
Հայկական Երկրորդ գերիշխանությունը

Եվ այսպես, Հայոց թագավորության ղեկին հայտնվեց Արամ I Մեծը, որը սկիզբ դրեց սեփական պետության ռազմաքաղաքական հզորացմանը: Նույն այս ժամանակ, սակայն, տարածաշրջանում դասավորված ռազմաքաղաքական իրադրությունն իր հերթին ավելի բարդացավ՝ ամենից առաջ հարստանալով նոր մասնակիցներով:
Խոսքն ամենից առաջ վերաբերում էր լուլլուբեներին, որոնք, շարունակելով գործել տարացեղ և ոչ կենտրոնացված դրության մեջ, հիմնականում զբաղված էին մանր ավազակային, սակայն, երբեմն, նաև բավականին մեծ ծավալների հասնող ավարառուական գործունեությամբ, ընդ որում վերջին պարագայում հաճախ համագործակցություն էր իրականացվում Էլամի թագավորության հետ: Նույն այս ժամանակ, սակայն, ռազմաքաղաքական ուժեղ մի խաղացող էլ ի հայտ եկավ Հայոց թագավորության արևմտյան սահմաններում, ի դեմս Խեթական թագավորության հիմնադիր արքա Անիտայի, որը, աստիճանաբար իրար բերելով Փոքր Ասիայում
_________________________
1 Տես` Вестник древней истории, 1965 г., № 4, стр. 87-111 - http://annales.info/hetts/small/anitta.htm:
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 14:
3 Տես՝ Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1», Երևան 2007, էջեր 26-27:
4 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 13:

59
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

նույն այս ժամանակ գործող մանր իշխանությունները, ուժեղ մի պետություն էր հիմնել: Եվ վերջապես, ինչպես հարևան իշխանությունների, այնպես էլ Հայոց թագավորության նկատմամբ սեփական նվաճողական ծրագրերն ուներ նաև Ասորեստանի թագավորության հերթական արքա Էրիշում II-ը, որի օրոք պաշտոնական Ասուրը հասել էր սեփական հզորության գագաթնակետից առաջինին, իսկ գործող տիրակալն ինքն էլ աչքի էր ընկնում եռանդով և ռազմաշունչ տրամադրվածությամբ:
Մ.թ.ա. մոտ 1826 թվականին Էլամի թագավորության բանակը (մոտ 30.000) և լուլլուբեները (մոտ 30.000) Հայոց թագավորության բանակից (մոտ 7.000) գրավեցին Փայտակարանը, Վասպուրականի արևելքը, Պարսկահայքը ու Տրպատունիքը1: Սա լուրջ մի ոտնձգություն էր Հայոց թագավորության նկատմամբ, սակայն նույն այս ոտնձգության ձեռնարկողները ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, թե այս ժամանակ ով էր զբաղեցնում Հայոց թագավորության գահը: Արդյունքում, արագորեն իրար բերելով սեփական ռազմական մեքենան, մ.թ.ա. մոտ 1826 թվականին ինչ-որ տեղ Փայտակարանում տեղի ունեցած ճակատամարտում Արամ I Մեծի գլխավորած Հայոց թագավորության բանակը (50.000) գիշերային անակնկալ հարվածով ջախջախեց Նյուքար-Մադեսի գլխավորությամբ առաջխաղացած էլամալուլլուբեյական բանակին (մոտ 100.000)2: Գերված Նյուքար-Մադեսը տեղափոխվեց Արմավիր և ճակատից մեխվեց Արմավիրի միջնաբերդի պարսպի աշտարակին` ի տես, ի ազդարարումն ու ի դաս Հայոց բոլոր թշնամիներին։ Արդյունքում՝ Հայոց թագավորությունը հետ բերեց կորսված տարածքները, իսկ Զագրոսյան լեռնաշղթան էլ ընկավ վերջինս գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Երկրորդ գերիշխանությունը:
Վերջնականապես ամրապնդելով սեփական դիրքերը արևելքում՝ Հայոց արքան անդրադարձ կատարեց հարավին, որտեղ հասունանում էր ընդհարումը պաշտոնական Ասուրի հետ։ Արդյունքում՝ մ.թ.ա. 1813 թվականին Կորճայքի ճ-մ-ում Արամ I Մեծի գլխավորած Հայոց թագավորության բանակը (մոտ 50.000) ջախջախեց Էրիշում II-ի գլխավորությամբ առաջխաղացած և շրջակայքն ասպատակած Ասորեստանի թագավորության բանակին (45.000, որից 5.000 հեծյալ)՝ հետապնդելով վերջինիս մինչև Նինվե: Մարտում ընկավ նաև Էրիշում II-ը, իսկ Ասորեստանի թագավորությունն էլ ընկավ Հայոց թագավորության գերիշխանության տակ3:
Հաջողությամբ իր օգտին ավարտելով հակամարտությունը նաև Ասորեստանի թագավորության հետ՝ պաշտոնական Արմավիրը անդրադարձ կատարեց իր արևմտյան հարևանին, ընդ որում Անիտան, մի կողմից զբաղված ներքին խնդիրներով, իսկ մյուս կողմից էլ զգուշանալով հայերից, իրեն այնուհանդերձ բավականին զուսպ էր պահում: Խեթական թագավորության հետ սկիզբ առավ դիվանագիտական երկարատև մի հակամարտություն, որը բացահայտ ընդհարման տեսքով պայթեց միայն երկու տասնամյակ անց:
Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 1790 թվականին Արգեյոս լեռան ճ-մ-ում (Կեսարիայի մոտ) Արամ I Մեծի գլխավորած Հայոց թագավորության բանակը (92.000, որից 2.000 հեծյալ) ջախջախեց Անիտա արքայի գլխավորությամբ հարձակման պատրաստվող Խեթական թագավորության բանակին (մոտ 130.000)4: Այսպիսով` Արամ I Մեծի հաջողությունը լիարժեք էր նաև Արևմուտքում, ընդ որում Անիտան գերվեց և աքսորվեց Կիպրոս կղզի, իսկ Խեթական թագավորության տարածքն ընկավ Հայոց թագավորության գերիշխանության տակ: Հայկական Երկրորդ գերիշխանության սահմանները ընդլայնվեցին և գրեթե բոլոր հարևան պետությունները հայտնվեցին դրա ոլորտում:
_________________________
1 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 13; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 17; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»:
2 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 13; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 17; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 2; Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորների պատմություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»:
3 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 14; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 17; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:
4 Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 14; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 17; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 2; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 7; Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորների պատմություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»:

60
Приходите в мой дом...
Закрыто