թագավորության օժանդակությունը: Ինչ վերաբերում է բուն Ասորեստանի թագավորության մնացած տարածքներին, ապա դրանց հարավային և կենտրոնական մասն անցավ Բաբելոնի, իսկ հյուսիսայինը` Մարական թագավորությանը: Միաժամանակ հարկ է նշել, որ հենց Նինվեի ավերակների վրա էլ Մարաստանի և Բաբելոնի թագավորությունների արքաները Արմենիի թագավորության արքա Պարույր Հսկայորդուն ճանաչեցին որպես ողջ Հայաստանի արքա` ըստ էության, արդեն նաև միջազգայնորեն ամրագրելով մինչ այդ էլ մոտ քառորդ դար փաստացի արդեն գոյություն ունեցող գերագահության իրավունքի անցումը Արարատյան թագավորությունից Արմենիի թագավորությանը: Այսպիսով՝ տարածաշրջանում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունների համատեքստում հայերը մեծ ճկունություն ցուցաբերեցին, ինչը Հայաստանը զերծ պահեց կորուստներից: Եվ այսպես, Ասորեստանի թագավորությունն, ըստ էության, արդեն չկար, սակայն իր գոյությունը դեռևս շարունակում էր վերջինիս բանակային մեքենայի մի մասը, որը, գործելով Ասուրուբալիտ II-ի հրամանի ներքո և հույսը դրած Եգիպտական թագավորության աջակցության վրա, դեռևս շարունակում էր դիմադրությունը: Այս առումով լրացուցիչ հույսեր էր ներշնչում այն հանգամանքը, որ դաշնակից ուժերը Ասուրուբալիտ II-ի բանակի ուղղությամբ անմիջական հարվածը որոշ ժամանակ հետաձգեցին: Մ.թ.ա. 612 թվականին Նինվեի անկումից և իր ու իր պետության միջազգային ճանաչումից կարճ ժամանակ անց սեփական մահկանացուն կնքեց Հայոց պետականաշինության գործում հսկայական գործ արած Պարույր Հսկայորդին և նրան ժառանգեց իր որդի Հրաչյան (մ.թ.ա. 612-590), որը արժանիորեն շարունակեց հոր գործը՝ իր հիմնական գծերով զարգացնելով վերջինիս քաղաքականությունը: Իր հերթին, մ.թ.ա. 610 թվականին կյանքից հեռացավ նաև Պսամատեխ I-ը և նրան հաջորդեց արդեն իր որդին, ի դեմս Նեխո II-ի (մ.թ.ա. 612-594), որը ևս արժանի եղավ հորը՝ թեև արդյունքում աչքի ընկնելով ավելի շատ ռազմատենչությամբ, քան հորը բնորոշ խոհեմ զգուշավորությամբ: Այսպիսով՝ Բաբելոնի թագավորությունն և Արիական Եռադաշինքը դեմ դուրս եկան Եգիպտական ու Ասորեստանի թագավորություններին, ինչը նոր և թեժ ընդհարումների դուռ բացեց: Մ.թ.ա. 611 թվականի գարնանից մինչև աշուն Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի (մոտ 100.000) և Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Հայոց Միջագետքը ու Խառանի շրջակայք և նահանջեց1: Նմանատիպ ևս մեկ հարված, բայց ավելի ուժեղ ձևով, դաշնակիցները կրկնեցին մ.թ.ա. արդեն 610 թվականի գարնանից մինչև աշուն՝ ի վերջո ստիպելով Ասուրուբալիտ II-ին իր հիմնական ուժերով նահանջել արդեն Եփրատի աջ ափ, որտեղ վերջինս սկսեց սպասել օգնության շտապող Եգիպտական թագավորության բանակին2: Եգիպտոսից սպասվող օգնությունը, սակայն, առժամանակ ուշացավ և արդյունքում Նաբոպալասար մ.թ.ա. 609 թվականի գարնանը Հայոց Միջագետքի և Խառանի շրջակայքից հետ քաշեց իր ուժերը դեպի Միջագետք՝ հընթացս ոտնատակ տալով դրանք3: Ի վերջո, ստանալով սպասված օգնությունը, մ.թ.ա. 609 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր Ասուրուբալիտ II-ի գլխավորած Ասորեստանի (մոտ 20.000) և Եգիպտական (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակը անցավ Եփրատի ձախ ափ ու ասպատակեց Հայոց Միջագետքը և Խառանի շրջակայքը4, ինչը ստիպեց գործել արդեն վերջինիս հակառակորդներին: Արդյունքում, սակայն, մ.թ.ա. 609 թվականի սեպտեմբերին Իզալա ամրոցի ճ-մ-ում (Հայոց Միջագետք, Խաբուր գետի ակունքի մոտ) Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի, Կիաքսարես արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 120.000) և Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Նեխո II-ի ու Ասուրուբալիտ II-ի գլխավորած Եգիպտական (մոտ 100.000) և Ասորեստանի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակին, որի մնացորդները _________________________ 1 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից; «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 2 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 3 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից: 4 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից:
նահանջեցին Եփրատի աջ ափ1: Այս պարտությունը ծանր հարված հասցրեց Նեխո II-ի և Ասուրուբալիտ II-ի դավանած գործին, սակայն պատերազմը դեռևս ավարտված չէր: Մ.թ.ա. 608 թվականի ամռանը Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության միացյալ բանակը ասպատակեց Հայոց Միջագետքը ու Խառանի շրջակայք և նահանջեց2, որից հետո նմանատիպ մի հարված էլ վերջինս հասցրեց մ.թ.ա. 608 թվականի դեկտեմբերի վերջից մինչև մ.թ.ա. 607 թվականի փետրվարի սկիզբ3: Հաջողությամբ ավարտին հասցնելով նաև այս ձեռնարկումը՝ Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության ուժերը իրենց առջև խնդիր դրեցին անցնել Եփրատի աջ ափ ու վճռական մարտում պարտության մատնել հակառակորդին արդեն Ասորիքի տարածքում՝ վերջ տալով այս կողմից Եփրատի ձախափնյակի վրա մշտապես կախված սպառնալիքներին: Այս առումով հատկանշական էր այն, որ Նեխո II-ն և Ասուրուբալիտ II-ն իրենց հերթին, հատկապես 609 թվականի աղետի ֆոնին, այլևս և ոչ մի քայլ չէին ձեռնարկում Եփրատի ձախ ափ անցնելու ուղղությամբ՝ ակնհայտորեն նախատեսելով, որպես ամուր պաշտպանական բնագիծ ունենալով նույն Եփրատ գետը, հարատև պաշտպանական մարտերում արյունաքամ անել հակառակորդին ու վճռական մարտ տալ արդեն սեփական տարածքում՝ գետի աջ ափին: Արդյունքում, թեև ընդունելով մարտահրավերը, Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության ղեկավարությունը, սակայն, այնուհանդերձ որոշեց մինչև վերջ չխաղալ հակառակորդի թելադրած պայմաններով, իսկ, քանի որ հակառակորդի բանակը գործում էր Հայոց Միջագետքում, որոշվեց Եփրատը գետանցել վերջինիցս կամ ավելի հյուսիս, կամ ավելի հարավ ուղղություններով: Առաջինը որոշվեց փորձարկել հյուսիսային տարբերակը, ինչն էլ սկիզբ դրեց մարտական թեժ գործողությունների նոր մի շարքի: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
607 հոկտեմբեր - 606 ամառ – Կումուխի ճ-մ4
Նաբոպալասար արքայի և Նաբուգոդոնոսոր արքայազնի գլխավորած Բաբելոնի, Կիաքսարես արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 60.000) ու Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը պաշարեց քաղաքը Եգիպտական թագավորության բանակից (մոտ 3.000): I փուլ – Մ.թ.ա. 607 թ-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի կես դաշնակից ուժերը մի շարք հարձակումներ ձեռնարկեցին քաղաքի ուղղությամբ և ի վերջո գրավեցին այն: Դրանից հետո, սակայն, խուսափելով Նեխո II-ի և Ասուրուբալիտ II-ի գլխավորությամբ հարավից քաղաքին մոտեցող Եգիպտական (մոտ 100.000) ու Ասորեստանի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակից (մոտ 120.000), դաշնակից ուժերը, տեղում թողնելով ուժեղ կայազոր, հետ քաշվեցին ելան դիրքեր: II փուլ – Մ.թ.ա. 607 թ-ի դեկտեմբերի վերջից մինչև 606 թ-ի ամառ Եգիպտական ու Ասորեստանի թագավորությունների միացյալ բանակը պաշարեց քաղաքը և ի վերջո, հաղթահարելով վերջինիս կայազորի համառ դիմադրությունը, գրավեց այն: Հայերը կորցրին մոտ 5.000, դաշնակիցները` մոտ 10.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:
Այսպիսով` հյուսիսային ուղղությամբ Եփրատը գետանցելու փորձն ըստ էության ավարտվեց անհաջողությամբ և այս պայմաններում որոշում ընդունվեց գետանցումն իրականացնել արդեն հարավից՝ հերթական օպերատիվ անակնկալն ապահովելով կրկին Հայոց Միջագետքի տարածք վերադարձած ու Եփրատ գետի աջ ափին ճամբարած հակառակորդի բանակին։ Արդյունքում՝ մ.թ.ա. արդեն 606 թվականի սեպտեմբերին Նաբոպալասար արքայի և Նաբուգոդոնոսոր արքայազնի գլխավորած Բաբելոնի, Կիաքսարես արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 120.000) ու Հրաչյա արքայի գլխավորած _________________________ 1 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 2 Նաբուգոդոնոսոր արքայազնին վերագրվող արձանագրությունից: 3 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից; Նաբուգոդոնոսոր արքայազնին վերագրվող արձանագրությունից: 4 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից:
Արմենիի (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը, մինչ հակառակորդը նոր հարված էր սպասում հյուսիսում, հարավում Եգիպտական թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 10.000) գրավեց Շուանդիրին, Էլամուն և Դախարուն (Հյուսիսային Ասորիք, Եփրատի աջ ափին)1: Այսպիսով, հաջողությամբ ավարտին հասցնելով Եփրատի աջ ափին ցատկահարթակ ստեղծելու խնդիրը, Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության ղեկավար կազմն իր առջև վճռական խնդիր դրեց արդեն հիմնական ուժերով անցնել Եփրատի աջ ափ ու վերջնական պարտության մատնել հակառակորդին: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
605 մայիսի վերջ – Կարքեմիշի ճ-մ2
Նաբոպալասար արքայի և Նաբուգոդոնոսոր արքայազնի գլխավորած Բաբելոնի, Կիաքսարես արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 120.000) ու Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը մոտեցավ քաղաքին, սակայն, տեղեկանալով Նեխո II-ի գլխավորած Եգիպտական և Ասուրուբալիտ II-ի գլխավորած Ասորեստանի թագավորությունների միացյալ բանակի (մոտ 150.000, այդ թվում լիբիացիներ, նուբիացիներ և հույներ) առաջխաղացման մասին, կեղծ նահանջ իրականացրեց դեպի արևելք: Իր հերթին, տեղեկություն չունենալով այս մասին, Եգիպտական ու Ասորեստանի թագավորությունների միացյալ բանակը մոտեցավ քաղաքին և, տեղավորվելով երկու առանձնացված ճամբարներում, դադար առավ քաղաքի անմիջական հարևանությամբ: I փուլ – Օգտվելով հակառակորդի անհոգությունից` Բաբելոնի, Մարական, Պարսքի և Արմենիի թագավորությունների միացյալ բանակը աննկատ մոտեցավ Եգիպտական թագավորության ճամբարած բանակին ու հզոր հարձակման անցավ: Չնայած անակնկալին, սակայն, թշնամու բանակը համառ դիմադրություն ցույց տվեց: II փուլ – Ասուրուբալիտ II-ը հարձակման տարավ սեփական բանակը, որի հետևանքով մարտը խիստ համառ և արյունահեղ բնույթ ընդունեց: III փուլ – Մարտի մեջ մտան Բաբելոնի, Մարական, Պարսքի և Արմենիի թագավորությունների միացյալ բանակի նոր ուժեր, որի հետևանքով թշնամու միացյալ բանակը ի վերջո ծանր պարտություն կրեց ու դիմեց փախուստի: IV փուլ – Բաբելոնի, Մարական, Պարսքի և Արմենիի թագավորությունների միացյալ բանակի մի մասը սկսեց հետապնդել ու ոչնչացնել թշնամու փախչող բանակին, իսկ մյուս մասը զարգացրեց հաջողությունը, ներխուժեց քաղաք և համառ մարտերից հետո գրավեց այն` գլխովին ոչնչացնելով բոլոր դիմադրողներին: Հայերը կորցրին մոտ 10.000, դաշնակիցները` մոտ 20.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:
Հենց նոր ավարտված ճակատամարտը իր հետ վճռական փոփոխություններ բերեց, երբ Կարքեմիշի պարիսպների տակ էլ հենց փաստորեն իր ավարտը գտավ այն գործը, որը սկիզբ էր առել դրանից դեռևս յոթ տարի առաջ Նինվեի պարիսպների տակ։ Արդյունքում՝ ավելի քան մեկ հազարամյակ Առաջավոր Ասիան ահաբեկող, նրա զարգացմանը խոչընդոտող և իր արտաքին գիշատչային քաղաքականությամբ սեփական բոլոր հարևանների համար իսկական մի պատուհաս դարձած Ասորեստանի թագավորությունը վերջնականապես կործանվեց: Իր հերթին, ծանր հարված ստացած Եգիպտական թագավորությունը սրանից հետո երկար ժամանակով թողեց Ասորիքը և պարփակվեց Աֆրիկայում, Բաբելոնի թագավորությունը իր տիրապետությունը հաստատեց ողջ Ասորիքի վրա, իսկ Արիական Եռադաշինքի անդամներին էլ բաժին հասավ խոշոր ավար։ Այսպիսով, Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծվեց լիովին նոր մի դրություն, որը, սակայն, ևս վերջնական չէր: _________________________ 1 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 2 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից; Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 10, գլուխ 6:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ մի ինչ-որ ժամանակ բոլորին դեռևս թվում էր, թե ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունում մեծ հաշվով էական ոչինչ այդպես էլ չի փոխվել, ուղղակի սեմիտական բնույթ ունեցող Ասորեստանի թագավորությունը փոխարինվել է կրկին սեմիտական բնույթի կրող հանդիսացող Բաբելոնի թագավորությամբ, ընդ որում վերջինս ինքն էլ ուներ Ասորեստանի նույն թագավորության սահմանները՝ արժանահիշատակ Ասուրբանապալի թագավորության վերջին շրջանի վիճակով: Իրական և խորքային փոփոխությունները, սակայն, արդեն վաղուց տեղի էին ունեցել ու դրանք այժմ շատ շուտով դեմ էին դուրս գալու արդեն հենց Բաբելոնի թագավորությանը։ Իրոք, իր ներքին բնույթով Ասորեստանի թագավորությունը կրկնող սեմիտական հերթական պետական այս միավորը նոր պայմաններում փաստորեն ժառանգեց աշխարհաքաղաքական նույն այն դժվարությունները, որոնք իր ժամանակին հառնել էին Ասորեստանի թագավորության առաջ և կործանման էին հասցրել նրան: Սկիզբը, սակայն, այնուհանդերձ հուսադրող էր, քանի որ վերջին խոշոր հաջողությունից հետո նոր պայմաններին ընտելանալու և դրանք իրապես գնահատելու համար Արիական Եռադաշինքին դեռ ժամանակ էր պետք, դե իսկ Բաբելոնի թագավորությունն ինքն էլ գտնվում էր կարող ձեռքերում: Մ.թ.ա. 605 թվականի օգոստոսի 15-ին վաղուց արդեն ծանր հիվանդ Նաբոպալասարը կնքեց իր մահկանացուն և գահին վերջինիս հաջորդեց իր որդի Նաբուգոդոնոսոր II-ը (մ.թ.ա. 605-562), որը զգալի ունակություններով ու եռանդով օժտված մի անձնավորություն էր, թեև դրա հետ միաժամանակ ուներ նաև թերություններ, ի դեմս խորաթափանցության որոշակի պակասի և ծայրահեղության հասնող սնոտիապաշտության: Այսպես թե այնպես, սակայն, ստանձնելով Բաբելոնի թագավորության կառավարման սանձերը և փորձ կատարելով լուծել աշխարհաքաղաքական նույն այն խնդիրները, որոնք իրեն բաժին էին հասել ասորեստանյան ժառանգության հետ միասին, Նաբուգոդոնոսոր II-ը իր առջև ամենից առաջ խնդիր դրեց ամրանալ Ասորիքում՝ վերջնականապես հետ շպրտելով Եգիպտական թագավորությանը: Արդյունքում՝ արդեն, սակայն, առանց Արիական Եռադաշինքի աջակցության, Բաբելոնի ռազմատենչ արքան մի քանի տարի շարունակ լարված ռազմական գործողություններ իրականացրեց Ասորիքում և, ինչպես մի ժամանակ այդ հաջողվել էր անել Նինվեի տիրակալներին, ի վերջո ամրապնդվեց այստեղ՝ հընթացս ծանր հարված հասցնելով, այդ թվում նաև Հուդայի թագավորությանը: Այսպիսով՝ Նաբուգոդոնոսոր II-ը, հետ մղելով Եգիպտական թագավորությանը, ընդհուպ մոտեցավ արդեն Նեխո II-ի բուն թագավորության սահմաններին, սակայն մ.թ.ա. 601 թվականի դեկտեմբերին ինչ-որ տեղ Սինայի թերակղզում տեղի ունեցած ծանր և արյունահեղ ճակատամարտում Եգիպտական թագավորության բանակին այնուհանդերձ հաջողվեց պահել դիրքերը, թեև պարտություն չկրեց նաև Բաբելոնի թագավորության բանակը: Այսպիսով՝ Նեխո II-ին հաջողվեց փրկել սեփական թագավորությունն այն ճակատագրից, որը վերջինիս բաժին էր հասել Ասուրբանապալի թագավորության ամենասկզբում, սակայն՝ ընդամենը այսքանը և ոչ ավելին: Այս առումով գործող փարավոնի համար լավը, թերևս, միայն այն էր, որ հենց նոր ավարտված ծանր ճակատամարտից հետո հետագա որևէ առաջխաղացման մասին մտածել չէր կարող նաև Նաբուգոդոնոսոր II-ը: Ավելին, Բաբելոնի թագավորության ռազմական մեքենայի կրած ծանր կորուստները, ինչպես նաև Նեխո II-ի ակտիվ դրդումները ի վերջո բերեցին նրան, որ որևէ կենտրոնական իշխանության առկայության հետ այդպես էլ համակերպվել չցանկացող Ասորիքում նույն այս ժամանակ ելույթներ սկսվեցին այս անգամ արդեն ընդդեմ Նաբուգոդոնոսոր II-ի, որի թագավորությունն իր հերթին աննկատ կերպով արդեն հետևում էր թողել սեփական հզորության գագաթնակետը: Արդյունքում, սկսած մ.թ.ա. արդեն 600 թվականից, Նաբուգոդոնոսոր II-ը ավելի քան մեկ տասնամյակ ստիպված եղավ հարատև և բավականին ծանր, սակայն վերջին հաշվով հաջող ռազմական գործողություններ իրականացնել Ասորիքում՝ հընթացս հերթական ծանր հարվածները հասցնելով նաև Հուդայի թագավորությանը:
Մ.թ.ա. 586 թվականին Նաբուգոդոնոսոր II-ը վերջին հաղթական վերջակետները դրեց սեփական գերիշխանության համար Ասորիքում մղվող համառ պայքարում, որին իրենց ոչ այնքան հաջող մասնակցությունն էին բերել նաև Նեխո II-ը, ինչպես նաև վերջինիս մահից հետո նրան փոխարինած իր որդի Պսամատեխ II-ը (մ.թ.ա. 594-588) և սրա որդի Ապրիոսը (մ.թ.ա. 588-567): Այսպես թե այնպես, սակայն փարավոնների երկրի հետ չկարգավորված հարաբերությունները և նույնիսկ փոփոխական հաջողությամբ ընթացած ռազմական բախումները չխանգարեցին Նաբուգոդոնոսոր II-ին ի վերջո ամրանալ Ասորիքում, իսկ մ.թ.ա. 582 թվականին էլ վերջնական հաշտություն կնքել արդեն հենց նույն Եգիպտական թագավորության հետ, ինչի արդյունքում Ապրիոսը, ըստ էության, վերջնականապես հրաժարվում էր Ասորիքի նկատմամբ հավակնություններից, իսկ Նաբուգոդոնոսոր II-ն էլ հրաժարվում էր Եգիպտոսը նվաճելու մտադրությունից: Այս առումով հարկ է նշել, որ վերջին հաշտությունը, ինչքան էլ դա չերևար առաջին հայացքից, մեծապես պետք էր նաև հենց Բաբելոնի տիրակալին, քանի որ նույն այս ժամանակ աստիճանաբար սրվում էին սեմիտական և արիական աշխարհների հարաբերությունները, իսկ սեմիտական աշխարհի գլխավոր ներկայացուցիչն էլ այժմ հենց Բաբելոնի թագավորությունն էր:
Գլուխ 4 Մարական թագավորության վերելքն ու անկումը
Սկյութական գերիշխանության անակնկալ փլուզումը, որը տեղի ունեցավ Կիաքսարեսի հմուտ դրդումներով, իր ժամանակին մեծապես օգտակար էր եղել Մարական թագավորությանը, սակայն այն պակաս օգտակար չեղավ նաև Լյուդիական թագավորության համար, որն, ըստ էության, ազատվել էր մահացու մի սպառնալիքից: Եվ այսպես, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մարական թագավորության հետ միասին Փոքր Ասիայում իր հերթին աստիճանաբար ոտքի էր կանգնում նաև իր մեջ հունական զգալի տարր ընդունած և դրա հետևանքով ուժեղացած Լյուդիական թագավորությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ մարերի նույն այդ հաջողությունները նաև կիմմերներին էին փրկել վերջնական ոչնչացումից, համենայն դեպս՝ գոնե առժամանակ, և ահա այժմ երբեմնի իրենց դիրքերը վերականգնելու ուղղությամբ Փոքր Ասիայում լուրջ քայլեր էին ձեռնարկում նաև նույն կիմմերները, որոնց գլխին կանգնել էր ռազմունակ Սանդակշատրուն (մ.թ.ա. 640-586): Այս ամենը անխուսափելի էր դարձնում տարածաշրջանի առաջատար երեք խաղացողների բախումը, ինչն իր հերթին իր հետ նոր զարգացումներ էր բերելու: Մ.թ.ա. 599 թվականին Լյուդիական թագավորության արքա Սադդիատեսը (մ.թ.ա. 605-593) պատերազմ սկսեց Միլեթ քաղաք-պետության դեմ և այս պատերազմը տևեց 11 տարի, որի վերջին 5 տարին, սակայն, բաժին ընկան արդեն նրա որդի և հաջորդ Ալիաթես II-ի (մ.թ.ա. 593-560) գահակալության շրջանին: Արդյունքում, քիչ թե շատ հաջողությամբ ավարտելով պատերազմը Միլեթի դեմ և մ.թ.ա. 587 թվականը ծախսելով ուժերը կարգի գցելու վրա, Լյուդիական թագավորության արքան արդեն հաջորդ տարի սկիզբ դրեց կիմմերների դեմ պատերազմին: Որպես հետևանք այս ամենի՝ մ.թ.ա. 586 թվականին Գամիրքի ճ-մ-ում (Անդրեփրատյան Ծոփք) Արմենիի (մոտ 50.000) և Ալիաթես II-ի գլխավորած Լյուդիական (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Սանդակշատրուի գլխավորած Կիմմերական թագավորության բանակին (մոտ 50.000), ընդ որում զոհվածների թվում էր նաև իր ընկած զինակիցներին մինչև վերջ հավատարիմ մնացած Սանդակշատրուն։ Արդյունքում՝ Կիմմերական թագավորությունը ոչնչացավ, նրա տարածքն անցավ Լյուդիական թագավորությանը, իսկ կիմմերներն էլ հետագայում ձուլվեցին տեղի բնակչությանը՝ առավել ուժեղացնելով ամենից առաջ հենց Լյուդիական թագավորության հարվածային հնարավորությունները1: Այպիսով մ.թ.ա. արդեն 580-ական թվականների երկրորդ կեսին, գումարվելով Մարական թագավորության հետ արդեն իսկ առկա մրցակցությանը, Բաբելոնի թագավորության և վերջինիս հատկապես ասորիքյան տիրույթների վրա հյուսիսից կախվեց նաև լյուդիական հարվածի վտանգը, ինչն էլ հենց ստիպեց _________________________ 1 Հերոդոտոս «Պատմություն», գիրք 1, գլուխ 16:
Նաբուգոդոնոսոր II-ին վերջնական հաշտություն կնքել Եգիպտական թագավորության հետ: Արդյունքում, վերջնականապես կարգավորելով գործերը Ասորիքում և հաշտություն կնքելով Ապրիոսի հետ, Նաբուգոդոնոսոր II-ը անմիջապես էլ եռանդուն գործունեություն սկսեց արիական վտանգի դեմն առնելու ուղղությամբ՝ այս առումով ևս, համենայն դեպս գոնե իր ու իր տերության համար, ստիպված լինելով կրկնել Ասորեստանի թագավորության գահակալների նույն այն քայլերը, որոնք սրանք իրականացրել էին վերջին մի քանի հարյուրամյակում: Այս անգամ, սակայն, հօգուտ Բաբելոնի տիրակալի որոշ զարգացումներ այնուհանդերձ եղան: Մ.թ.ա. 590 թվականին կյանքից հեռացավ Հրաչյան, որից հետո Արմենիի թագավորության տարածքում 21 տարով խառն և անկայուն մի դրություն հաստատվեց, երբ երկրի տարբեր մասերում միաժամանակ իշխանության եկան մի քանի արքաներ, ի դեմս Երվանդ I Սակավակյացի (մ.թ.ա. 590 - մոտ 552), Փառնվազ II-ի (մ.թ.ա. 590-569), Պաճույճի (մ.թ.ա. 590-577), Կոռնակի (մ.թ.ա. 590-535), Փավոսի (մ.թ.ա. 590-582) և Հայկակ II-ի (մ.թ.ա. 590-554)։ Արդյունքում՝ Արմենիի թուլացած թագավորությունն ընկավ Մարական թագավորության գերիշխանության տակ, ինչի հետևանքով էլ հենց Արիական Եռադաշինքը սահմանակից դարձավ կիմմերներին հենց նոր ջախջախած և արևմուտքից իր հերթին Հայկական լեռնաշխարհին մոտեցող Լյուդիական թագավորությանը: Որպես հետևանք այս ամենի, մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին Հալիս գետի ճ-մ-ում (Կապադովկիայի արևմուտք) Կիաքսարես արքայի գլխավորած Մարական (մոտ 70.000), Կյուրոս I-ի գլխավորած Աքեմենյան (մոտ 30.000) և Արմենիի (24.000, որից 4.000 հեծյալ) թագավորությունների միացյալ բանակը ընդհարվեց Ալիաթես II-ի գլխավորած Լյուդիական թագավորության բանակի (մոտ 130.000) հետ, սակայն հենց մարտի սկզբում տեղի ունեցած արեգակի անակնկալ խավարումը ընդհատեց ճակատամարտը: Արեգակի խավարումն իր հերթին հակամարտող կողմերի կողմից ընկալվեց որպես աստվածային նախանշան և կնքվեց հաշտություն, ինչի արդյունքում Արիական Եռադաշինքի ու Լյուդիական թագավորության սահմանը համարվեց Հալիս գետի ակունքը1: Հարկ է նշել, սակայն, որ հենց նոր կնքված հաշտությունը, որը այնուհանդերձ ուժի մեջ թողեց Բաբելոնի թագավորության և վերջինիս հատկապես ասորիքյան տիրույթների վրա հյուսիսից կախված վտանգը, սրանից բացի իր մեջ պարունակում էր նաև Արիական Եռադաշինքի կողմից առաջացվող սպառնալիքներ: Աչքի առաջ ունենալով այս ամենը՝ հետագա տարիներին, ընդհուպ մինչև իր թագավորության վերջ, Նաբուգոդոնոսոր II-ը պաշտպանական մի շարք եռանդուն միջոցառումներ իրականացրեց: Այս առումով հերթական անգամ Բաբելոնի տիրակալի օգտին եղավ այն հանգամանքը, որ մ.թ.ա. 585 թվականի վերջին իր մահկանացուն կնքեց եռանդուն Կիաքսարեսը և Մարական թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Աստիգեսը (մ.թ.ա. 585-550), որն, ի տարբերություն սեփական ռազմաշունչ նախնիների, եռանդից զուրկ ու թույլ, բայց նաև դաժան մի անձնավորություն էր՝ հակված տրվելու հաճույքներին: Վերջին հանգամանքը, ինչպես նաև այն, որ Նաբուգոդոնոսոր II-ն ամուսնացած էր Աստիգեսի քրոջ հետ, Բաբելոնի թագավորության համար առժամանակ թուլացրեց արիական սպառնալիքը, թեև այն բնականաբար որևէ կերպ չվերացավ: Արդյունքում, կարգավորելով հարաբերությունները նաև Արիական Եռադաշինքի հետ, Նաբուգոդոնոսոր II-ը հերթական անգամ անդրադարձ կատարեց Եգիպտոսի խնդրին: Իրոք, սեփական գահակալման արդեն վերջին տարիներին Եգիպտոսի փարավոն Ապրիոսը երկրում իր դեմ լուրջ դժգոհություններ էր հարուցել, իսկ մ.թ.ա. 570 թվականին էլ գործը հասավ նույնիսկ գահակալական պայքարի, որը գործող փարավոնի դեմ սկսեց վերջինիս զորավար և մորական կողմի ազգական Ամասիսը: Կողմերը փոփոխական հաջողություններով մի քանի ընդհարումներ ունեցան, սակայն հաջողությունն ի վերջո մնաց Ամասիսի կողմում: Հենց այս պայմաններում էլ Ապրիոսը դիմեց Նաբուգոդոնոսոր II-ին, որի ռազմական մեքենան էլ իր հերթին, արձագանքելով այս դիմումին, մ.թ.ա. 567 թվականի սկզբին ներխուժեց Եգիպտական թագավորության տարածք։ Արդյունքում՝ ի պաշտպանություն Ապրիոսի խորը մարտարշավ իրականացնելով Նեղոսի հովտում, Բաբելոնի թագավորության բանակն ի վերջո, այնուհանդերձ չկարողանալով ամրանալ տեղում, հետ քաշվեց ելման դիրքեր: Դրանից հետո մ.թ.ա. նույն 567 թվականի կեսերին Ապրիոսը սպանվեց և Եգիպտոսի փարավոն հռչակվեց ապստամբների _________________________ 512 Հերոդոտոս «Պատմություն», գիրք 1, գլուխ 74, 103:
առաջնորդ Ամասիսը՝ Ամասիս II-ը (մ.թ.ա. 567-527), որին էլ հաջողվեց արագորեն կարգավորել հարաբերությունները Բաբելոնի թագավորության հետ: Մ.թ.ա. 562 թվականի հոկտեմբերի 7-ին Նաբուգոդոնոսոր II-ը կնքեց իր մահկանացուն և գահի վրա նրան հաջորդեց իր ավագ որդի Ամել-Մարդուկը (մ.թ.ա. 562-560), որը թույլ մի տիրակալ էր: Այս առումով հարկ է նշել, որ այս արքայի օրոք Բաբելոնի թագավորության դեմ կանգնած նույն այն մարտահրավերները, որոնք առկա էին իր նախորդի օրոք, ոչ միայն շարունակեցին իրենց գոյությունը, այլև ավելի ահագնացան: Արդյունքում, այդպես էլ ոչինչ չարած սեփական տերության համար, մ.թ.ա. 560 թվականի օգոստոսի առաջին կեսին Ամել-Մարդուկը զոհ գնաց իր իսկ փեսա Ներիգլիսարի կողմից հղացած դավադրությանը, որից հետո Բաբելոնի թագավորության արքա հռչակվեց նույն Ներիգլիսարը (մ.թ.ա. 560-556): Նոր արքան, ի տարբերություն իր անմիջական նախորդի, ավելի եռանդուն և ուժեղ մի անձնավորություն էր: Ավելին, Ներիգլիսարի հայտնվելը Բաբելոնի թագավորության գահին, քանի որ վերջինս ամուսնացած էր Աստիգեսի քրոջ աղջկա հետ, լավ ընդունվեց նաև Մարական թագավորությունում, ինչի հետևանքով արիական սպառնալիքը որոշակիորեն թուլացավ, մանավանդ որ նույն այս ժամանակ խնդիրներ էին առաջացել Մարական, Պարսքի և Արմենիի թագավորությունների ներքին հարաբերություններում: Ինչպես արդեն ասվեց, սկսած մ.թ.ա. արդեն 590 թվականից Արմենիի թագավորությունում հաստատվել էր ներքին խառը մի դրություն և մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում խնդիրները դեռևս չէին հաղթահարվել: Նույն այս ժամանակ, սակայն, Արմենիի գահակալների շարքում աստիճանաբար առաջին դերերի վրա էր հայտնվում թագավորության հարավում իշխանության հասած Երվանդ I Սակավակյացը, որի հետ էլ հենց Աստիգեսի հարաբերությունները հանգեցին ընդհարման: Այս առումով հարկ է նշել, որ հարթ չէին նաև Աստիգեսի և Պարսքի թագավորության արքա, Կյուրոս I-ին մ.թ.ա. 580 թվականին նրա մահից հետո հաջորդած վերջինիս որդի Կամբիս I-ի (մ.թ.ա. 580-559) հարաբերությունները, թեև վերջին երկուսի պարագայում գործը բացահայտ ընդհարման դեռևս չէր հասել։ Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 560 թվականին Աստիգես արքայի գլխավորած Մարական (մոտ 50.000) և Կյուրոս արքայազնի գլխավորած Պարսքի (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակը Վասպուրականի ճ-մ-ում հաղթեց Երվանդ I Սակավակյացի գլխավորած Արմենիի թագավորության բանակին (մոտ 40.000), որից հետո կնքվեց հաշտություն, ըստ որի մինչ այդ Մարական թագավորության հետ իրավահավասար կողմ հանդիսացող Արմենիի թագավորությունը սկսեց ենթարկվել ու հարկ վճարել վերջինիս1: Այսպիսով՝ տեղական տիրակալները առժամանակ զբաղված էին սեփական հարաբերությունները կարգավորելով և ի վիճակի չէին լուրջ սպառնալիք առաջացնել մեկը մյուսի նկատմամբ, սակայն, սրան հակառակ, նույն այս ժամանակ բարդացավ Բաբելոնի թագավորության դրությունն արևմուտքում: Մ.թ.ա. 560 թվականին իր մահկանացուն կնքեց Լյուդիական թագավորության արքա Ալիաթես II-ը և նրան, կարճատև գահակալական պայքարից հետո, հաջորդեց իր որդի Կրեսոսը (մ.թ.ա. 560-547), որը, լինելով ուժեղ, խելացի ու եռանդուն մի անձնավորություն, կտրուկ մեծացրեց սեփական հոր օրոք առանց այդ էլ վերելքի ուղին բռնած Լյուդիական թագավորության հզորությունը: Այս առումով հարկ է նշել, որ Սարդեսի տիրակալների օգտին էր դասավորվել նաև այն հանգամանքը, որ նրանք, արևելքում լինելով հունական տարրի հիմնական ներկայացուցիչը, մի կողմից, ըստ էության, լիուլի օգտվում էին վերելքի ուղին բռնած հունական էթնոսի ակտիվ եռանդից, իսկ մյուս կողմից էլ, իր ժամանակին ոչնչացրած լինելով Կիմմերական թագավորությունը, այժմ սեփական ռազմավարչական ապարատի մեջ էին ընդգրկել կիմմերների զգալի քանակություն: Վերջին երկու հանգամանքներն իրենց հերթին կտրուկ մեծացրել էին մարդկային այն ռեսուրսի քանակությունը, որը հայտնվել էր Լյուդիական թագավորության գահակալների տրամադրության տակ, իսկ կիմմերների պարագան էլ, սրան գումարած, Լյուդիական թագավորության ռազմական մեքենային նաև հեծելազորային առաջնակարգ հատկանիշներ էր ապահովել: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նաև ավելացնել, որ նույն այս ժամանակ իր հերթին Կիլիկիայում գործող իշխանությունների շարքում տեղի էր ունեցել խոշորացում և արդյունքում մնացել էին միայն Ադանայի, Պաթթինայի ու Անամուռի _________________________ 1 Քսենոֆոն «Կյուրոպեդիա», գիրք 2, գլուխ 4, մաս 12, գիրք 3, գլուխ 1, մաս 10:
իշխանությունները, որոնք էլ հենց, ընկած լինելով Լյուդիական թագավորության ազդեցության տակ, պաշտոնական Սարդեսի համար վերածվեցին Բաբելոնի թագավորությանը հարված հասցնելու առաջնային, սակայն միջնորդավորված մի գործիքի: Այս հարցում պաշտոնական Սարդեսը մեծապես հենվում էր Սիենիսին (մ.թ.ա. մոտ 612-580) հաջորդած Սիենիսի (մ.թ.ա. մոտ 580-540) աջակցության վրա, ընդ որում վերջին երկու տիրակալները, ներկայացնելով Տավալների գահատոհմը, իշխում էին Կիլիկիայի երեք իշխանություններից որևէ մեկում՝ առայժմ հնարավոր չէ ասել, թե կոնկրետ որում: Մ.թ.ա. 557 թվականի ամռանը Ադանայի, Պաթթինայի ու Անամուռի իշխանությունների միացյալ բանակը (մոտ 10.000)2 ասպատակեց Հյուսիսային Ասորիքը և նահանջեց1, ինչն ամենից առաջ նշանակում էր մարտական գործողությունների սկիզբ պաշտոնական Բաբելոնի դեմ, ընդ որում մարտահրավերն այստեղ ընդունվեց։ Արդյունքում՝ մ.թ.ա. 557 թվականի աշնանը Մալիս կիրճի ճ-մ-ում (Կիլիկիա, Թիլ-Համտուն գավառի արևելք, Ամանոսյան լեռների հյուսիս) Ներիգլիսար արքայի գլխավորած Բաբելոնի թագավորության բանակը (մոտ 20.000) անակնկալ հարձակումով հաղթեց դարանակալ հարձակում գործել պատրաստվող Ադանայի, Պաթթինայի և Անամուռի իշխանությունների միացյալ բանակին (մոտ 10.000) : Պատերազմի շարունակությունը, սակայն, Ներիգլիսարին տեսնել այդպես էլ վիճակված չէր, քանի որ մ.թ.ա. 556 թվականի ապրիլի վերջին նա կնքեց իր մահկանացուն, որից հետո Բաբելոնի թագավորության գահին նրան հաջորդեց իր փոքրահասակ որդի Լաբաշի-Մարդուկը (մ.թ.ա. 556): Նոր արքայի դիրքերը, սակայն, ի սկզբանե էլ հենց բավականին թույլ էին և նույն թվականի հունիսի կեսին այս արքան զոհ գնաց դավադրությանը, որից հետո Բաբելոնի թագավորության արքա հռչակվեց դավադիրների ղեկավար Նաբոնիդը (մ.թ.ա. 556-539): Բաբելոնի թագավորության գահին հայտնված նոր տիրակալը ուժեղ և գործունյա մի անձնավորություն էր, որը, կարծես հենց ինքը իսկական շարունակությունը հանդիսանալով արժանահիշատակ Նաբուգոդոնոսոր II-ին, ամենաեռանդուն կերպով շարունակեց վերջինիս գործունեությունը, ընդ որում պետության առջև կանգնած խնդիրներից առաջնայինը պատերազմի շարունակումն էր Արևմուտքում: Արդյունքում, վճռականորեն ձեռք զարկելով հայերի դեմ պատերազմին, մ.թ.ա. 555 թվականի փետրվարին Նաբոնիդ արքայի գլխավորած Բաբելոնի թագավորության բանակը (մոտ 50.000) Ադանայի, Պաթթինայի և Անամուռի իշխանությունների միացյալ բանակից (ընդհանուր` մոտ 2.000) գրավեց Ուռան ու Կիռշուն (Հարավ-արևմտյան Կիլիկիա)3, իսկ մ.թ.ա. 555 թվականի մարտին էլ տիրեց Պաթթինային (Հարավ-արևմտյան Կիլիկիա, Սարպեդոն հրվանդանում գտնվող կղզու վրա)4: Եվ վերջապես մ.թ.ա. 555 թվականի մարտին Սոլեի ճ-մ-ում (Դաշտային Կիլիկիայի արևմուտքում, ծովի ափին, Տարսոնից մոտ 40 կմ հարավ-արևմուտք) Նաբոնիդ արքայի գլխավորած Բաբելոնի թագավորության բանակը (մոտ 70.000) վճռական հաղթանակ տարավ Ադանայի, Պաթթինայի և Անամուռի իշխանությունների միացյալ բանակի (մոտ 20.000) նկատմամբ5, ինչն էլ հենց ավարտական կետ դրեց Արևմուտքում մղվող պատերազմում՝ ամրագրելով Կրեսոսի արևելյան քաղաքականության լիակատար անհաջողությունը: Այս առումով հարկ է նշել, սակայն, որ հեշտ չէր նաև Նաբոնիդի դրությունը և հենց այդ էր պատճառը, որ նա ոչ միայն պահանջկոտ չեղավ Կիլիկիայի իշխանությունների, այլև հենց իր՝ Կրեսոսի, նկատմամբ: Իրոք, նույն այս ժամանակ վերջնականապես անկում էին ապրել Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության հարաբերությունները, քանի որ, ամեն ինչից զատ, Էկբատանում նաև Լաբաշի-Մարդուկի սպանվել էին որպես սեփական շահերի ոտնահարում ընկալել: Արդյունքում, այլևս չհետաձգելով հարվածը, Աստիգեսը մարտական գործողություններ սկսեց Բաբելոնի թագավորության դեմ և, փորձ կատարելով ոտքի հանել Եռադաշինքն իր ողջ կազմով, հարված հասցրեց Խառանին: Նույն այս ժամանակ, սակայն, իրենց հերթին հերթական ճգնաժամ ապրեցին նաև Մարական թագավորության արքայի և Երվանդ I Սակավյակացի հարաբերությունները, ընդ որում աննկատ, սակայն լուրջ խնդիր կար նաև Աստիգեսի հարաբերություններում մ.թ.ա. 559 _________________________ 1 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 2 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 3 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 4 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից: 5 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից:
թվականին Կամբիս I-ի մահից հետո վերջինիս հաջորդած Կամբիս I-ի որդի և Աստիգեսի աղջկա տղա, Պարսքի թագավորության արքա Կյուրոս II Մեծի (մ.թ.ա. 559-530) հարաբերություններում: Կյուրոս II Մեծը բացառիկ մի անձնավորություն էր ոչ միայն Արիական Եռադաշինքի սահմաններում կամ նույնիսկ իր ժամանակի ռազմաքաղաքական գործիչների աստղաբույլում, այլև, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ ողջ Հին Աշխարհի ռազմաքաղաքական գործիչների համաստեղության մեջ: Իրոք, անչափ խելացի, խորաթափանց, եռանդուն, գործնական, ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակություններով օժտված այս անձնավորությունը սրա հետ միաժամանակ աչքի էր ընկնում նաև իր ողջ դարաշրջանի համար բացառիկ մի մարդասիրությամբ ու հատկապես մարդկանց սրտերն իր կողմը գրավելու աննախադեպ ունակությամբ՝ այս առումով կարծես իր մեջ մարմնավորելով արիական ողջ այն հումանիզմը, որն առկա էր այս քաղաքակրթությունում: Կյուրոս II Մեծը մորական կողմից Աստիգեսի թոռն էր, սակայն սա չխանգարեց այն բանին, որ վաղուց ի վեր խուլ մրցակցության բնույթ ունեցող մարա-պարսկական հարաբերությունները հենց նույն այս ժամանակ ավելի խորը ճգնաժամ ապրեին, ընդ որում սեփական պալատական անհասանելիության մեջ փակված ծերունի Աստիգեսի քարացած հեղինակությանը հաջողությամբ հակադրվում էր համեմատականորեն ավելի երիտասարդ Կյուրոս II Մեծի պարզ շփումը մարդկանց հետ, ինչն էլ հենց աննախադեպ ուժով գրավում էր բոլորի սրտերը, այդ թվում նաև մարերի շարքերից: Անձնական բնույթ ունեցող այս գործոնին, սակայն, շուտով գումարվեցին նաև ժողովրդագրական և էթնոմշակութային զարգացումները: Խնդիրը կայանում է նրանում, որ քոչվոր ժողովուրդները, իրենց ներկայացուցիչների միջին մակարդակում, որպես կանոն, լինելով ավելի մարտունակ, քան նստակյաց ժողովուրդներն են, տիրելով նույն այս նստակյաց ժողովուրդներին և դրանից հետո որևէ պատճառով դադարեցնելով ակտիվ նվաճողական գործունեությունը, շատ արագ կորցնում են իրենց էթնոմշակութային դիմագիծը և աստիճանաբար տարալուծվում են նվաճված ժողովուրդների մեջ: Այս օրինաչափությունը գործում էր ինչպես քոչվոր և առավել մարտունակ սկյութների և կիսաքոչվոր մարերի, այնպես էլ կիսաքոչվոր մարերի ու նստակյաց պարսիկների փոխհարաբերություններում: Այսպիսով՝ ինչպես Սկյութական, այնպես էլ Մարական թագավորությունների թուլացման հիմքում ընկած էր հենց իրենց իսկ բնույթը, ընդ որում այն, ինչ ժամանակին նրանց ուժ էր ապահովում, այժմ սկսեց դառնալ թուլություն, իսկ գործընթացն էլ, հավասար համեմատական հասարակության քոչվորության մակարդակի անկման, առավել կամ պակաս բուռն զարգացում էր ունենում: Եվ այսպես, սկյութական ու մարական ցեղերը, ի համեմատ Իրանական լեռնաշխարհի սահմաններում գտնվող բնակչության և, մասնավորապես, դրավիդյանների մնացորդների ու հատկապես պարսիկների, նվաճողական պոռթկման մեջ ի վիճակի էին զենքի տակ դնել սեփական համայնքից հավաքված անհամեմատ ավելի մեծ քանակի և անհամեմատ ավելի մարտունակ ռազմիկների, իսկ այդ հանգամանքն էլ ժամանակին իր վճռական դերը խաղաց ինչպես Սկյութական թագավորության հաջողության գործում Մարական թագավորության հետ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանում նույն Սկյութական թագավորությանն ի վերջո տապալած Մարական թագավորության հաջողության գործում Պարսքի թագավորության հետ հարաբերություններում: Նույն գործընթացի սահմաններում, սակայն, օրինաչափ էր նաև այն, որ խոշոր նվաճումներին հաջորդող ժամանակաշրջանում, երբ դրանց ժամանակն արդեն անցել էր, սահմանները, չնայած սահմանային պատերազմների մշտական վիճակին, քիչ թե շատ կայուն էին և ժամանակն էր սեփական թագավորությունների արդեն ներսում խաղաղ կյանք կառուցելու, սկյութական ու մարական տարրերը այս խնդիրը հաջողությամբ լուծել այդպես էլ չկարողացան, երբ սկյութները զիջեցին մարերին, իսկ մարերն էլ՝ պարսիկներին և սրանց մեջ ձուլված դրավիդյաններին: Արդյունքում, Իրանական լեռնաշխարհի բնակչության հետ միջին համեմատական մակարդակում գտնվելով զարգացման ավելի ցածր մակարդակի վրա, նույն այդ տարածքին տիրելուց և պատերազմական լայնածավալ գործողությունների ավարտից հետո սկյութական ու մարական հզորության հիմքը կազմող հասարակության առանձին անդամների բարձր անձնական և մոբիլիզացիոն մարտունակությունը դրանից հետո իր վերջը գտավ, ընդ որում սոցիալական
հարաբերությունների նոր ոլորտ մուտք գործած սկյութական ու մարական հասարակություններն իրենք էլ դասակարգային առումով միանգամից շերտավորվեցին: Արդյունքում՝ սկյութամարական համայնքի հասարակ անդամները, ամենաընդհանուր իմաստով, զբաղեցրին այն տեղը, ինչն ունեին Մերձավոր և Միջին Արևելքի շահագործվող դասակարգի անդամները, իսկ իշխող վերնախավն ինքն էլ իր հերթին, փորձելով կրկնօրինակել նոր բարքերը, զբաղեցրեց շահագործողների դիրքը: Սրան գումարվեց նաև այն հանգամանքը, որ երբեմնի քոչվոր կամ կիսաքոչվոր սկյութամարական տարրը նոր պայմաններում լավ չէր տիրապետում նստակյաց կյանքի սոցիալական և նույնիսկ առօրեական կանոններին հատկապես նոր ու ավելի քաղաքակրթված մակարդակում, ինչի արդյունքում, մարտադաշտում իր միջին մակարդակում գերիշխելով տեղի բնակչությանը, խաղաղ կյանքում այն տեղի տվեց վերջինիս: Եվ վերջապես իր դերը խաղաց նաև մշակութային զարգացվածության և ազգային ինքնագիտակցության համեմատականորեն ցածր մակարդակը, երբ նոր պայմաններում սկյութամարական տարրը ուղղակի լուծվեց պարսկական քաղաքակրթական կաթսայում: Եվ այսպես, այն բանի արդյունքում, որ նոր սահմաններում հաստատված սկյութներն ու մարերը անցան նստակեցության, քայքայվեց վերջիններիս արդեն նաև ռազմական բարձր մոբիլությունը, իսկ առանձին ռազմիկների մարտունակության բարձր մակարդակն էլ կամ վերացավ, կամ էլ արդեն խաղաղ կյանքի անցած նույն այդ նախկին ռազմիկների մոտ այնուհանդերձ էական անկում ապրեց: Իրոք, սերունդները փոխվում էին, իսկ նոր և արդեն խաղաղ պայմաններում հայտնված սկյութամարական նոր սերնդի արական անդամներն էլ աստիճանաբար արդեն ավելի ու ավելի շատ էին հեռանում ռազմական գործից, որի կարիքը վրա հասած խաղաղության պայմաններում կարծես առանց այդ էլ այնքան էլ չկար՝ փոխարենն իրենց նվիրելով այլ գործունեության: Այսպիսով, ինչպես իր ժամանակի մարերն օգտվեցին սկյութների նկատմամբ սեփական էթնո-սոցիալական գերակշռությունից և, առավելության հասնելով նրանց նկատմամբ, ուժեղացան, այժմ էլ եկավ արդեն իրենց հերթը, երբ մարերի նկատմամբ առկա ու վերևում նկարագրված գերակշռությունից պատրաստվում էին օգտվել արդեն պարսիկները: Այս առումով պետք է ավելացնել, որ անձնական գործոնը ևս, ի դեմս, ինչպես արդեն ասվեց, մարդկանց համար ավելի ընկալունակ Կյուրոս II Մեծի և անհամեմատ ավելի անընկալունակ Աստիգեսի, միայն խորացրեց ընդհանուր օրինաչափ զարգացումները՝ առավել արագացնելով դրանք: Եվ այսպես, ամեն ինչ պատրաստ էր վերջնական խզման համար, անհրաժեշտ էր միայն առիթ և այն շուտով ներկայացավ: Արդեն ասվեց, որ պաշտոնական Էկբատանում չափազանց ծանր էին տարել Լաբաշի-Մարդուկի սպանությունը և այս կնճիռն էլ, շարունակելով խորանալ, ի վերջո պատերազմի հանգեցրեց մի կողմից Արիական Եռադաշինքի, իսկ մյուս կողմից էլ Բաբելոնի թագավորության միջև: Հասունանում էր պատերազմը և այս առումով պաշտոնական Բաբելոնի համար լավը, թերևս, միայն այն եղավ, որ Կրեսոսը, զգուշանալով Արիական Եռադաշինքի չափից դուրս ուժեղացումից, փոխեց իր թշնամական վերաբերմունքը Նաբոնինդի նկատմամբ և զգալի աջակցություն ցուցաբերեց վերջինիս: Այսպիսով՝ Առաջավոր Ասիայում ձևավորվեցին ռազմաքաղաքական հերթական խմբավորումներն, ի դեմս մի կողմից Արիական Եռադաշինքի, իսկ մյուս կողմից էլ Բաբելոնի և Լյուդիական թագավորությունների։ Հենց վերջիններս էլ ձեռնամուխ եղան ազդեցության գոտիների հերթական վերաբաժանմանը։ Մ.թ.ա. 554 թվականին Մարական թագավորության բանակը հարված հասցրեց Խառանի ուղղությամբ և պաշարեց այս քաղաքը Բաբելոնի թագավորության կայազորից: Պատերազմական գործողությունների հետագա ծավալմանը, սակայն, խանգարեց այն հանգամանքը, որ Արմենիի թագավորությունը հրաժարվեց միանալ Աստիգեսի կողմից սկիզբ դրած պատերազմին, իսկ Լյուդիական թագավորությունն էլ իր հերթին սկսեց ակտիվորեն աջակցել Բաբելոնի թագավորությանը: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
554 հունիս – Խաղկտիքի ճ-մ (Փոքր Հայքի հարավ-արևելք)1
Խառանի պաշարման ժամանակ Արմենիի թագավորության արքա Երվանդ I Սակավակյացը հրաժարվեց կատարել Արիական Եռադաշինքի մասնակցի պարտականությունները և իր մասնակցությունը բերել մղվող պատերազմին: Ի պատասխան դրա՝ Կյուրոս II Մեծի գլխավորած Պարսքի թագավորության բանակը (30.000 հեծյալ) մտավ Արմենիի թագավորության տարածք, որից հետո Պարսքի արքային հաջողվեց խորամանկությամբ գերել Հայոց արքային և նրա ընտանիքի անդամներին: Սկսված բանակցություններից հետո, սակայն, կողմերը, Երվանդ I Սակավակյացի գահակից որդի և Կյուրոս II Մեծի վաղեմի որսընկեր Տիգրանի միջնորդությամբ, համաձայնեցին նախկին պայմաններով վերականգնել Արիական Եռադաշինքում հայերի մասնակցությունը: Մինչ Խառան շարժվելը, սակայն, Տիգրանի գլխավորած Արմենիի (48.000, որից 8.000 հեծյալ, 20.000 ծանր և 20.000 թեթև հետևակ) և Կյուրոս II Մեծի գլխավորած Պարսքի թագավորությունների միացյալ բանակը շարժվեց դեպի հյուսիս` նպատակ ունենալով պարտության մատնել Խաղկտիքի լեռներում ամրացած հայ-հալդայների2 բանակին (8.000 3` երկար նիզակներով և կաշեպատ վահաններով զինված հետևակային), որը իր մշտական ավարառուկան արշավանքներով խաթարում էր Հայաստանի ողջ հյուսիսի բնականոն կյանքը: Արդյունքում, մոտենալով բարձունքներում տեղակայված հայ-հալդայների ամրացված դիրքերին, դաշնակից բանակը մարտակարգ ընդունեց: Արմենիի թագավորության բանակը տեղավորվեց աջ թևում և կենտրոնում, իսկ ձախ թևը զբաղեցրեց Պարսքի թագավորության բանակը: Դաշնակից բանակի առաջին շարքում գտնվում էր հետևակը, երկրորդում` հեծելազորը: I փուլ – Դաշնակից բանակի հետևակը անցավ հարձակման, սակայն կարճատև մարտից հետո կանխամտածված նահանջ սկսեց դեպի հարթավայր: II փուլ – Ոգևորված իրենց կեղծ հաջողությունից` հայ-հալդայները դուրս եկան ամրացված դիրքերից և սկսեցին հետապնդել նահանջողներին: III փուլ – Դաշնակից հեծելազորի մի մասը շրջանցիկ ռազմերթով գրավեց բարձունքի վրա գտնվող հայ-հալդայների ամրացված դիրքերը, իսկ հիմնական մասը շրջապատեց բաց տեղանքում հայտնված հակառակորդի հիմնական ուժերին։ Արդյունքում՝ հայ-հալդայները դադարեցրին դիմադրությունը և գերի հանձնվեցին: Հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը մոտ 80, հայ-հալդայները` մոտ 200 զինվոր: Կնքվեց հաշտություն, ըստ որի մի կողմից Խաղկտիքում վերականգնվեց Արմենիի թագավորության գերիշխանությունը և հայ-հալդայներն էլ պարտավորվեցին Արմենիի թագավորության բանակին 4.000 ռազմիկից բաղկացած ջոկատ տրամադրել, իսկ մյուս կողմից էլ նրանք իրավունք ստացան օգտվել հարթավայրային արոտավայրերից:
Այպիսով Արիական Եռադաշինքի միասնությունը վերահաստատվեց, թեև իր այս հաջողության համար Աստիգեսն ավելի թանկ էր վճարել, քան ենթադրում էր: Իրոք, հենց Հայաստանում գտնվելու ընթացքում էր, որ Կյուրոս II Մեծը Աստիգեսի դեմ միասնական ուժերով գործելու հարցով վերջնական համաձայնության եկավ Տիգրանի հետ, մի հանգամանք, որը շատ շուտով երևան էր գալու: Առժամանակ, սակայն, Արմենիի և Պարսքի տիրակալները դեռևս հանդես էին գալիս որպես Աստիգեսի գերիշխանության տակ գտնվող տիրակալներ, որոնց առաջնային խնդիրը դարձավ, օժանդակելով իրենց ղեկավարին, հաջող ավարտին հասցնել _________________________ 1 Քսենոֆոն «Կյուրոպեդիա», գիրք 3, գլուխ 2: 2 Խաղկտիքում այս ժամանակաշրջանում բնակվող խալդայների (անվանման սկզբի «հ»-ն «խ» է դարձել ռուսալեզու գրականության մեջ` «հ» տառի բացակայության պատճառով) ինքնության մասին հայտնվել են տարբեր կարծիքներ: Ըստ իս հավանական է թվում այն տեսակետը, որ վերջիններս էթնիկ տեսանկյունից հայ ժողովրդի մի մասն էին, ուղղակի հանդիսանում էին Հայկ (Հալդ) աստծո պաշտանմունքին հետևող կրոնական մի ուղղության ներկայացուցիչներ, որոնց կրոնական աշխարհայացքը տարբերվում էր այդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի հիմնական մասի մոտ գերիշխածից: Կարելի է կարծել, որ դրա հետևանքով էլ նրանց համայնքը սկսել էր լեռներում առանձնացված կյանք վարել, իսկ հետագայում էլ անցել էր ավարառուական արշավանքների, մոտավորապես այնպես, ինչպես հետագայում՝ պավլիկյանները: Հետագա դարերում, սակայն, հայ-հալդայների կրոնական առանձնացվածությունը աստիճանաբար դադարեց և նրանք միաձուլվեցին հայ ժողովրդի հիմնական մասին: 3 Այս թիվը տրվել է` հաշվի առնելով հետագայում հայ-հալդայների տրամադրած 4.000 հոգանոց ջոկատի փաստը: Կարելի է ենթադրել, որ վերջին դեպքում նրանք, ինչպես սովորաբար արվում էր այդ ժամանակ, որպես օժանդակ ջոկատ տրամադրել են իրենց բանակի կեսը:
պայքարը Բաբելոնի և Լյուդիական թագավորությունների դեմ: Հենց այս ժամանակ էր նաև, որ, հաջորդելով հորը, Արմենիի թագավորության արքա հռչակվեց Տիգրան I-ը (մ.թ.ա. 554-522): Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
554 ամռան սկիզբ - ամռան վերջ – Խառանի ճ-մ1
Ամռան սկզբին Բաբելոնի թագավորության տիրապետության տակ գտնվող քաղաքին մոտեցավ Աստիգես արքայի գլխավորած Մարական (70.000, որից 10.000 հեծյալ) և Կյուրոս II Մեծի գլխավորած Պարսքի (31.000, որից 30.000 հեծյալ) թագավորությունների միացյալ բանակը, իսկ ամռան վերջին էլ նրանց միացավ նաև Տիգրան I-ի գլխավորած Արմենիի (28.000 2, որից 4.000 հեծյալ) թագավորության, ինչպես նաև Ադանայի, Պաթթինայի ու Անամուռի իշխանությունների (մոտ 6.000, որից մոտ 1.000 հեծյալ) միացյալ բանակը, որից հետո դաշնակից բանակը սկսեց քաղաքի պաշարումը: Տեղեկանալով այդ մասին` Նաբոնիդ արքայի գլխավորած Բաբելոնի թագավորության բանակը (մոտ 120.000, այդ թվում 1.000 հյուրկան հեծյալներ, արաբներ և կապադովկիացիներ), իր կազմում ունենալով նաև Լյուդիական թագավորության օժանդակ մի զորամաս (մոտ 10.000), սկսեց դանդաղ շարժվել դեպի հյուսիս, ինչից հետո, հասնելով Արիական Եռադաշինքի բանակին, ճամբարեց` ստեղծելով դաշտային ամրությունների հզոր մի համակարգ: I փուլ – Առաջին օրը Արիական Եռադաշինքի բանակը մարտակարգ ընդունած մոտեցավ թշնամու ճամբարին, սակայն թշնամու բանակը դուրս չեկավ ամրացված դիրքերից, իսկ Արիական Եռադաշինքի ուժերն էլ իրենց հերթին չցանկացան հարձակվել և նահանջեցին ելման դիրքեր: II փուլ – Հաջորդ օրը Արիական Եռադաշինքի բանակը մարտակարգ ընդունած կրկին մոտեցավ թշնամու բանակին և վերջինս այս անգամ դուրս եկավ ճամբարից՝ ինքն էլ մարտակարգ ընդունելով: Օգտվելով դրանից` Արիական Եռադաշինքի բանակը անցավ հարձակման և ծանր պարտության մատնեց թշնամու բանակին, որի մնացորդները սկսեցին անկանոն փախչել սեփական ամրացված ճամբարի ուղղությամբ: III փուլ – Թշնամու բանակին հետապնդող Արիական Եռադաշինքի բանակը ներխուժեց վերջինիս ճամբար և գրավեց այն, սակայն, զգուշանալով անակնկալ հարձակումից, լքեց ճամբարը: IV փուլ – Թշնամու բանակը գիշերը լքեց ճամբարը և սկսեց նահանջել դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Արիական Եռադաշինքի բանակը հաջորդ օրը սկսեց հետապնդել վերջինիս, ինչի ընթացքում Բաբելոնի թագավորության բանակի վերջապահը կազմող հյուրկանները անցան Արիական Եռադաշինքի բանակի կողմը: V փուլ – Բաբելոնի թագավորության բանակը դադարեցրեց նահանջը և փորձեց դիմադրություն կազմակերպել, սակայն բռնկված մարտում կրկին պարտություն կրեց ու վերջնականապես ցրվեց: Մարտում ընկան նաև կապադովկիացիների առաջնորդը և արաբների արքան: Հայերը կորցրին մոտ 6.000, դաշնակիցները` մոտ 20.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:
Այպիսով Արիական Եռադաշինքը վճռական հաջողության հասավ, ինչը մեծապես սահմանափակեց Նաբոնիդի ռազմական հնարավորությունները, ինչպես նաև իսկական մի սառը ցնցուղ հանդիսացավ Կրեսոսի համար: Այնուհանդերձ Բաբելոնի տիրակալի օգտին եղավ, սակայն, այն հանգամանքը, որ այս դեպքերից կարճ ժամանակ անց ի վերջո սկիզբ առավ վաղուց ծրագրվող պայթյունը Արիական Եռադաշինքի հենց ներսում, երբ Պարսքի և Արմենիի թագավորությունները դուրս եկան Մարական թագավորության դեմ: _________________________ 1 Քսենոֆոն «Կյուրոպեդիա», գիրք 3, գլուխ 3, գիրք 4, գլուխ 1-4: 2 Այս ժամանակաշրջանում Արմենիի բանակը Արիական Եռադաշինքի դաշնակցային պարտավորությունը սովորաբար կատարում էր 20.000 հետևակով և 4.000 հեծյալով, սակայն այստեղ հետևակի թվին պետք է գումարել նաև հայ-հալդայների 4.000 հոգանոց հետևակ զորամասը:
Իրոք, մ.թ.ա. արդեն 553 թվականին Կյուրոս II Մեծը և Տիգրան I-ը սկիզբ դրեցին բացահայտ մի պատերազմի, որը, ստանալով մանր ընդհարումների բնույթ և հիմնականում ընթանալով Պարսքի ու Մարական թագավորությունների միջև, ձգձգվեց մինչև մ.թ.ա. 550 թվականը: Վերջին տարուն, սակայն, ընթացող պատերազմում վիճակված էր վճռականը լինել, քանի որ հենց այս ժամանակ էր, որ կողմերը, իրար բերած բոլոր հնարավոր ուժերը, վճռական ընդհարման համար միմյանց դեմ դուրս եկան: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
550 – Պասարգատայի ճ-մ (Կենտրոնական Պարսկաստան, ներկայիս Շիրազից 130 կմ հյուսիս-արևելք)1
Աստիգես արքայի գլխավորությամբ առաջխաղացում իրականացրած Մարական թագավորության բանակը (120.000, որից 20.000 հեծյալ, ինչպես նաև 300 մարտակառք2) մոտեցավ Կյուրոս II Մեծի գլխավորությամբ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Պարսքի թագավորության բանակին (մոտ 70.000, որից 30.000 հեծյալ): Դրանից հետո, տեղյակ չլինելով Տիգրան I-ի գլխավորությամբ մարտադաշտին մոտեցող Արմենիի թագավորության բանակի (մոտ 50.000, որից մոտ 10.000 հեծյալ) առկայության մասին, Աստիգեսը հրամայեց սկսել հարձակումը և ոչնչացնել թշնամու բանակը: I փուլ – Առաջին օրը Մարական թագավորության բանակը ողջ ճակատով հարձակման անցավ և, կրելով ծանր կորուստներ, համառ մարտից հետո այնուհանդերձ կարողացավ հետ շպրտել Պարսքի թագավորության բանակին դեպի քաղաք: II փուլ – Երկրորդ օրը Պարսքի թագավորության բանակը արտագրոհ իրականացրեց, սակայն համառ մարտից հետո ոչ միայն որևէ հաջողության չհասավ, այլև թշնամու հատուկ մի ջոկատ (1.000), անցնելով հենց իր թիկունք, անակնկալ հարվածով գրավեց քաղաքի արտաքին պարիսպը: Ստեղծված պայմաններում Պարսքի թագավորության բանակը թողեց քաղաքը և ամրացավ վերջինիս հարող լեռներում, որտեղ մինչ այդ տեղափոխվել էր նաև խաղաղ բնակչությանը: III փուլ – Երրորդ օրվա առաջին կեսին Աստիգեսը, փախուստը խոչընդոտելու համար նախատեսված հատուկ ուժեր տեղադրելով հարձակման պատրաստվող իր իսկ բանակի թիկունքում, սեփական բանակը հարձակման ուղարկեց լեռներում ամրացած թշնամու բանակի դեմ: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Պարսքի թագավորության բանակը սկզբում պարտություն կրեց և դիմեց փախուստի, բայց հետագայում, վերախմբավորելով ուժերը, անցավ հակահարձակման: IV փուլ – Օրվա երկրորդ կեսին մարտադաշտ հասավ Արմենիի թագավորության բանակը և, թևային ու թիկունքային հարված հասցնելով Մարական թագավորության բանակին, Պարսքի թագավորության բանակի հետ միասին ծանր պարտության մատնեց վերջինիս: V փուլ – Մարական թագավորության բանակը դիմեց փախուստի, իսկ Պարսքի և Արմենիի թագավորությունների միացյալ բանակը սկսեց հետապնդել վերջինիս: VI փուլ – Մի քանի օր անց թշնամու բանակը վերջնական պարտություն կրեց և ցրվեց, ընդ որում Տիգրան I-ը, այս ընթացքում մարտադաշտում հանդիպելով Աստիգեսին, հեծյալ նիզակամարտում միջանցիկ նիզակահարելով սպանեց նրան: _________________________ 1 Հուստինոս «Ֆիլիպի պատմությունը», գիրք 1, գլուխ 6; Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 6, մաս 9, գլուխ 45 մաս 2; Հերոդոտոս «Պատմություն», գիրք 1, գլուխ 127-128; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 9, գլուխ 23; Ֆրոնտին «Ստրատեգամներ», գիրք 1, գլուխ 11, մաս 19; Ստրաբոն «Աշխարհագրություն», գիրք 13, գլուխ 3, մաս 8; Օրոսիոս «Ընդդեմ հեթանոսների», գիրք 1, գլուխ 19; Նիկողայոս Դամասկացի «Պատմություն» գիրք 7, գլուխ 75; Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 51; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 24, 26; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 4; Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 25; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 3; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 7, 11; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորների պատմություն»; Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի «Հայոց պատմության համառոտագրություն»; «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից; Նաբոնիդ արքայի Սիփփարյան ցիլինդրից: 2 Այստեղ և հետագայում բանակների քանական տվյալները տրվել են` հիմք ընդունելով Նիկողայոս Դամասկցու տվյալները և առաջնորդվելով «մեկ 0 պակասեցնելու» սկզբունքով:
Հայերը կորցրին մոտ 5.000, դաշնակիցը` մոտ 20.000 զինվոր, թշնամին` 60.000 սպանված և վիրավոր, 40.000 գերի:
Այսպիսով՝ Պարսքի և Արմենիի թագավորությունները ոչ միայն վճռական հաղթանակ տարան, այլև հասան նույնիսկ նրան, որ Աստիգեսը սպանվեց։ Արդյունքում՝ Արիական Եռադաշինքում գերագահությունը Մարական թագավորությունից անցավ Պարսքի թագավորությունը, ընդ որում, ի տարբերություն նախկինի, նոր պայմաններում Կյուրոս II Մեծը որևէ այլ անձնավորության թույլ չտվեց զբաղեցնել Մարական թագավորության գահը՝ արդյունքում անձնական ունիայի միջոցով Մարական թագավորությունը փաստորեն կցելով Պարսքի թագավորությանը: Այսուհանդերձ հարկ է ընդգծել նաև, որ Մարական թագավորության տարածքը պահպանեց ներքին լայն ինքնավարությունը, իսկ մարերն էլ, հայերի հետ միասին, շարունակեցին հանդես գալ որպես Արիական Եռադաշինքի գլխավոր մասնակիցների դերում, ուղղակի, ի տարբերություն նախկինի, ինչպես արդեն նշվեց, Արիական Եռադաշինքը սկսեցին գլխավորել երկու գահակալներ, որոնցից մեկը Կյուրոս II Մեծն էր, իսկ մյուսը՝ վերջինիս մոտիկ ընկեր և զինակից Տիգրան I-ը: Հենց նոր ավարտված ճակատամարտը իր հետ ևս մեկ հետևանք բերեց, քանզի հենց դրանից հետո էր, որ, ըստ էության, ստեղծվեց Աքեմենյանների տերությունը, որն իր հիմքում ուներ Արիական արդեն իսկ հիշատակված Եռադաշինքը և որում գերագահությունն այդուհետ պատկանելու էր Աքեմենյանների տոհմին ու պարսիկներին: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է հատուկ ընդգծել, որ Աքեմենյանների տերության կազմում գտնվող պետական միավորները, ինչպես նաև վերջինիս հետ սերտորեն համագործակցող Արմենիի թագավորությունը գործում էին յուրօրինակ մի համադաշնության սկզբունքով, որը բնորոշվում էր ներքին լայն ինքնավարությամբ, երբ Աքեմենյանների տերությունն ինքն, ըստ էության, փաստորեն յուրօրինակ մի համադաշնություն էր:
Գլուխ 5 Աքեմենյանների տերության վերելքը
Աքեմենյանների տերության ստեղծումը կրկին ուժեղացրեց Բաբելոնի թագավորության համար մինչ այդ առկա սպառնալիքները, որոնք, մի պահ, թվում էր թե, մնացել էին անցյալում: Ավելին, այժմ պարզվեց, որ Նաբոնիդի նոր հակառակորդն անհամեմատ ավելի ուժեղ է, իսկ վերջինիս ղեկավարներն էլ ավելի ունակ մարդիկ են, քան արդեն, ըստ էության, վերացված Մարական թագավորությունն ու մեռածների թվում գտնվող Աստիգեսն էր: Իր հերթին Աքեմենյանների տերության տիրակալ Կյուրոս II Մեծը, ըստ էության, ժառանգելով Մարական թագավորության աշխարհաքաղաքական բոլոր առաջնահերթությունները, ինքը ևս իր առջև խնդիր դրեց ամենից առաջ լուծել Բաբելոնի թագավորության և Միջագետքի խնդիրը: Այս առումով մինչև առաջ անցնելը պետք է նշել, որ, եթե նույնիսկ մի կողմ թողնենք մ.թ.ա. 554 թվականին Բաբելոնի թագավորության ռազմական մեքենայի կրած ծանր կորուստները, Արիական Եռադաշինքի ռազմական մեքենան այսպես թե այնպես մի գլուխ գերազանցում էր վերջինիս և քանակապես, և որակապես: Իրոք, եթե Բաբելոնի թագավորության ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր Ասորեստանի թագավորության ռազմական մեքենայի, ըստ էության, ընդամենը միայն մի քիչ փոփոխված տարբերակը, ապա Արիական Եռադաշինքի ռազմական մեքենան իր հիմքում ուներ հեծելազորի մասսայական կիրառման վրա հիմնվող ճկուն մի համակարգ, ընդ որում այստեղ զգալի նշանակություն ուներ նաև հետևազորը1: Եվ վերջապես ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ, եթե առաջիկա պատերազմում Նաբոնիդի բանակը հազիվ միայն կարող էր անցնել 100.000 հոգին, ապա Արիական Եռադաշինքի բանակային ուժերը վստահորեն գերազանցնում էին 200.000 հոգին։ Արդյունքում՝ ռազմավարական նախաձեռնությունը պատերազմի հենց սկզբում էլ միանգամից և անվերադարձ կերպով անցավ Արիական Եռադաշինքին, ինչը միայն խորացրեց Բաբելոնի թագավորության _________________________ 1 Տես՝ Разин Е. А. “История военного искусства”, том 1, Москва 1999, стр. 82.
համար ստեղծված ընդհանուր ծանր դրությունը: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել նաև, սակայն, որ իրեն այնուհանդերձ լավ դրսևորեց նաև Նաբոնիդը։ Իրոք, ստեղծված ծանր պայմաններում Արիական Եռադաշինքին նկատմամբ դրսևորելով ընդգծված պասիվություն և փորձելով ոչ մի կերպ ընդհարում չհրահրել կամ, գոնե, հնարավորինս հետաձգել այն, դրա հետ միաժամանակ Բաբելոնի թագավորության արքան նաև ամենաեռանդուն մի գործունեություն ծավալեց սեփական դիրքերն ինչպես երկրի ներսում ամրապնդելու և պաշտպանական կառույցներն ուժեղացնելու ուղղությամբ, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզում՝ վերջնական դաշինք կնքելով Եգիպտական ու Լյուդիական թագավորությունների, ինչպես նաև հունական պետական միավորների, այդ թվում նաև Սպարտայի թագավորության հետ: Ավելի, չբավարարվելով սրանով և օգտվելով իրեն այնուհանդերձ բաժին հասած խաղաղության մի քանի տարիներից, Նաբոնիդը լայն նվաճողական գործողություններ ծավալեց Արաբական թերակղզում՝ մի կողմից ցանկանալով, ինչպես թելադրում էին աշխարհաքաղաքական խաղի կանոնները, տեղի արաբների հաշվին հնարավորինս մեծացնել սեփական բանակի քանակությունը, իսկ մյուս կողմից էլ նպատակ ունենալով ձեռքի տակ ունենալ առևտրական ուղիների պահեստային տարբերակներ այն պարագայի համար, եթե առևտրական հյուսիսմիջագետքյան և հյուսիսասորիքյան ուղղությունները հայտնվեն հարվածի տակ կամ կորսվեն: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ, մինչ Նաբոնիդը ամենաեռանդուն միջոցառումներով պատրաստվում էր ապագա փոթորիկներին, թեթև չէր նաև Արիական Եռադաշինքի մյուս հակառակորդի դրությունն, ի դեմս Կրեսոսի, որի բանակը ևս քանակական ու որակական առումով զիջում էր հակառակորդին։ Ավելին, պաշտոնական Սարդեսի դրությունը հատկապես ծանրացրեց այն հանգամանքը, որ, հաշվի առնելով Նաբոնիդի ընդգծված պասիվությունը, Արիական Եռադաշինքի ղեկավար կազմում որոշում ընդունվեց առաջին հարվածը հասցնել հենց Լյուդիական թագավորությանը: Այս առումով հարկ է նշել, որ, հետ չմնալով Նաբոնիդից, նույն այս ժամանակ Կրեսոսն իր հերթին ևս մի շարք ակտիվ միջոցառումներ ձեռք առավ, երբ, մասնավորապես, ունենալով նյութական հսկայական միջոցներ, վերջինս վարձկանների աննախադեպ մեծության մի հավաք իրականացրեց: Բացի այդ Լյուդիական թագավորության տիրակալը դաշնակցային հարաբերություններ հաստատեց նաև Աքեմենյանների տերության հաջողություններից ահաբեկված Եգիպտական և Սպարտայի թագավորությունների, ինչպես նաև Ադանայի, Պաթթինայի ու Անամուռի իշխանությունների հետ: Այս ամենով հանդերձ հարկ է նշել, սակայն, որ Լյուդիական թագավորության հետ հարաբերություններում ռազմավարական նախաձեռնությունը ևս լիովին գտնվում էր Արիական Եռադաշինքի ձեռքում, որը, մի քանի տարի ծախսելով ուժերը վերջնականապես կարգի գցելու վրա, իրեն հարմար մի պահի պատերազմական գործողություններ սկսեց Լյուդիական թագավորության դեմ: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.
547 սեպտեմբեր – Պտեյրայի ճ-մ (Կապադովկիա, Սեբաստիայից մոտ 210 կմ արևմուտք, Հալիս գետից մոտ)1
Կյուրոս II Մեծի գլխավորած Աքեմենյան տերության (մոտ 30.000) և նրա կազմում Տիգրան I-ի, ինչպես նաև հեծելազորի հրամանատարներ Քսերեքս ու Արշեզ Արծրունիների գլխավորությամբ գործող Արմենիի թագավորության (8.000) միացյալ հեծելազորը սկսեց մոտենալ Լյուդիական թագավորության դարանակալ բանակին (մոտ 10.000, այդ թվում մոտ 1.000 կիլիկիոհայեր): I փուլ – Լյուդիական թագավորության բանակը անակնկալ հարված հասցրեց հակառակորդի առաջապահին և փախուստի մատնեց վերջինիս: _________________________ 1 Հերոդոտոս «Պատմություն», գիրք 1, գլուխ 75-77; Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 6, մաս 7; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 9, գլուխ 31; Ֆրոնտին «Ստրատեգամներ», գիրք 1, գլուխ 5, մաս 4; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների», գիրք 2, գլուխ 6; Հուստինոս «Ֆիլիպի պատմությունը», գիրք 1, գլուխ 7; Հովհաննես Նիկյուացի «Ժամանակագրություն», գլուխ 51: