...Բուվեհյանների անկումից հետո պարսկական քաղաքակրթությունը ԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏԻՉԸ: Իրոք, թեև, ինչպես ասվեց, Սելջուկյան սուլթանությունում պարսկական քաղաքակրթությունը լուրջ ներկայացվածություն ուներ, սակայն ոչ այն, ոչ նույն սուլթանության քայքայման արդյունքում Իրանական լեռնաշխարհում հետագայում ստեղծված պետական մյուս միավորները, ոչ էլ առավել ևս մոնղոլական ու դրան հաջորդած տեղական, այդ թվում նաև թուրքմենական իշխանությունները որևէ կերպ չեն կարող հանդիսանալ պարսկական պետականության կրողներ: Այլ էր իրավիճակը, սակայն, հենց նոր համապարսկական նշանակություն ունեցող Սեֆյանների շահության պարագայում, որում շիիզմը բնականաբար ոչ միայն առաջնային տեղ զբաղեցրեց, այլև, որպես պետականության դեմքը որոշող գաղափարախոսություն, դրվեց պետական ռազմավարչական ողջ մեքենայի հիմքում: Արդյունքում՝ ամենևին էլ չէր կեղծում քրդական արմատներ ունեցող, սակայն արդեն պարսկացած Սեֆյանների ներկայացուցիչ Իսմայլի I-ը, երբ, իր հայր Հեյդարի (1460-1488) որդի լինելուց զատ, իրեն հռչակում էր ՀԵՆՑ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴ՝ որպես օրինակելի և իրական պարսկական արքաներ ընկալվող Ֆերիդուն, Խոսրով ու Ջումշուդ, ինչպես նաև՝ Ռուստամ Զալ: Սա մի ամբողջ գաղափարախոսություն էր, որը Իսմայիլ I-ը դրեց Սեֆյանների շահության հիմքում, ինչն էլ կանխորոշելու էր այս պետության ողջ բնութագիրը: Այս առումով հատկանշական է, որ, այո, թեև թյուրքական տարրը շատ մեծ, իսկ սկզբնական տասնամյակներում էլ նույնիսկ առաջնային դերակատարություն ուներ Սեֆյանների շահությունում, սակայն նույն թյուրքերն իրենք ընդունեցին շիիզմն ու պարսիկների առաջարկած գաղափարախոսությունը՝ հպարտորեն կրելով իրենց բաժին հասած մյուրիդների կարմիր գլխանոցները և կոչվելով ղզլբաշներ՝ կարմիրգլխանոցավորներ...
...XVI դարը բացվեց պարսկական քաղաքակրթական հաղթահանդեսով, սակայն նույն XVI դարի վերջը ականատես եղավ ՔԱՅՔԱՅՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԿՄԱՆԸ, երբ մի ժամանակ իրենց մեջ շիիզմի ջերմ գաղափարնեը կրող թյուրքերը, այդպես էլ այնուհանդերձ որևէ կերպ չդառնալով պարսկական քաղաքակրթության իրական կրողներ, վերջնարդյունքում անկման էին հասցրել Սեֆյանների շահությունը: Աղետի դեմն առավ խելացի և գործունյա Աբբաս I Մեծը (1588-1629), սակայն նա ևս չկարողացավ հարևաններին հմայել պարսկական քաղաքակրթությամբ: Ավելին, այն ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ, որը վերջինս հասցրեց հայերին և վրացիներին, ինչպես նաև օսմաններին ու ուզբեկներին, վերջնականապես վերացրին պարսկական արժեհամակարգը որևէ կերպ ընկալելու, իսկ, արդյունքում էլ, պարսկական քաղաքակրությունը որևէ կերպ նաև իրենցը համարելու բոլոր ձգտումները: Այս հանգամանքը Սեֆյաններին վերջնարդյունքում քայքայում և անկում էր արժենալու, ինչն էլ տեղի ունեցավ արդեն XVIII դարի առաջին քառորդում...